Աննա Դավթյան | Ուրիշ սիրել

Ուրիշ սիրել

ես կուզեի նշենի
լինել
քո ելակի այգում,
որտեղ ելակները քաղաքների
անուններ ունեն,
որտեղ բոլոր օրերը
եղանակ են, ու իմ տան մեջ քո
աշխարհը կա, դու կաս, քանի որ
դու կաս, բայց քանի դեռ սպասում ես
կյանքի պատահելուն, գործիդ անունին, իմ սպասելուն,
իմ ցավին,
իմ բոլոր օրերն ինքդ ապրելուն,
սա է կրկներգը.
յա բուդու պեպլըմ նետլեննիմ
վեչնիմ ի վեռնիմ վոյնըմ բեսսմեռտնիմ
նո…
դու ինձ այլ բան չես թողնում,
քան
ահագնանալ՝
սիրելու փոխարեն։
Իմ նախըտրություններն
իմը չեն։
Ինչ-որ մի մութ ձեռք դասավորում է
արեւի դիրքը։
Ես ծաղկել եմ դեպի առանձնություն։
Իմ թագը մենակ է, նրանից պոկվում են թերթիկները, թափվում են ուրիշների ակամա ոտքերին, բայց ոչ ոք չի ասում՝ այդ ո՞ւր
այդպես
անաշխարհ,
այդպես չիմանալով ի վերջո ով էր նա.
կյանքը՝ ելք,
կյանքը՝ դարձ,
կյանքը՝ ամեն ինչ, գուցեեւ ժամերի կտուց,
բայց դու կրկներգն ասա.
յա բուդու պեպլըմ նետլեննիմ
վեչնիմ ի վեռնիմ վոյնըմ բեսսմեռտնիմ
նո…
Ի՞նչ է մնում ինձ անել,
սիրելիս,
շաչեցնել նշե կափույրներս,
խոդել շարժիչը ձույլ-ձույլ,
թեւերս հանել, կռանել
ու կոփել մարմինս գալիքին,
մետաղը մետաղին բարդել,
դառնալ պողպատե փարոս
ու լինել, լինել ամենուր
ամենքի համար
կիբորգ ու զալատոյ լույս։

 

կարիքներ

մանուշակ
նշանակում է
ընկիր քո մեջ։
նշանակում է
զգա իմ հոգսը
մտերմության։
կարդա իմ բանումը քո մեջ։
մանուշակ
իսկապես որ նշանակում է
մանուշակ,
ոչ նարգես,
հատկապես ոչ նարգես,
հատկապես ոչ դեպի ինձ։
մանուշակ
նշանակում է
tabanca՝
կրեոլերեն,
Լիզան ասաց,
որ նշանակում է
չվերադարձված կարոտ ու սեր։
մանուշակ
նշանակում է
անտակ մենություն
ու հատկապես անտակ մենություն
հատկապես օտար քաղաքում։
այնքան օտար,
ինչքան կարող են լինել ուսանողները
իրենց օտար ջահելության մեջ։
կարծես չեն ապրում նույն անճողոպրելի կյանքը։
նույնանման հագուստների մեջ ցուցադրող իրենց անճար անհատականությունը։
մանուշակ
նշանակում է
տեսնել քեզ նրանց նայելիս։
նշանակում է
չես ջոկում,
որ մատղաշ տարիքի մեջ
միայն մի բան կա՝
մատղաշություն։ ու հատկապես։
իմ միջին տարիքն է անգամ իր անցնելիս հիմա։
մանուշակ
նշանակում է
ամեն ինչս քոնն է,
նշանակում է
կարող ես փողը չտալ,
բայց
իզուր արեցիր այդ բետոնը,
բերեցիր, փռեցիր հողի վրա,
ինձ ու քեզ դրանից ոչ մի բան,
մինչդեռ այդտեղ կարող էր
մանուշակ
աճել։
մանուշակ
նշանակում է
սպասել, որ կգրես ու չես գրի առօրյայից,
մանուշակ
նշանակում է
անունդ դրել եմ
Էսինչ Զավզակեցի։
ինքս իմ դրածի վրա ծիծաղում եմ,
իսկապես որ։
մանուշակ
նշանակում է
քո սատկած շունը՝
ջնջխված անիվների տակ,
ու քո ներքին ողբը։
մանուշակ ի վերջո
նշանակում է
ինքդ որ ողբացող ես,
ինչո՞ւ չես ողբում ինձ հետ՝
առանց որոշակի պատճառի։
դրա համար է՞լ պատճառ է պետք։
մանուշակ
նշանակում է
սիրել ու սգալ,
սուգը՝ լինելով բոլոր բաների պսակը։
սիրել
նշանակում է
կրել նույն թագը,
որից չի վրիպում տխրության ոսկին,
նույն ֆուկսիա թագը, որ նշանակում է
մանուշակ։

սեպտեմբեր, 2024, Այովա

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *