Թարգմանությունը` Հասմիկ Հակոբյանի
Սկզբնաղբյուրը` Overcrowded Barracoon, 1984
Մի օր` մոտավորապես տասը տարի առաջ, երբ ես ԲիԲիՍի-ի կարիբյան ծառայության համար խմբագրում էի գրական ամենշաբաթյա մի հաղորդաշար, «Լանղամ» հին հյուրանոցի արտահաստիքային աշխատողների համար նախատեսված սենյակներից մեկում ինձ այցելեց Տրինիդադից մի մարդ:
Նա նստեց սեղանի ծայրին, ձեռագիր մի քանի թուղթ նետեց առջևս ու ասաց. «Իմ անունը Սմիթ է: Ես գրում եմ սեքսի մասին: Ու նաև ազգայնական եմ»: Սեքսը սառնավուն էր` հագեցած Մոեմի և կոկոսի հյութի պատկերներով, իսկ ազգայնականությունը` հարձակողական: Կանայք օրորվում էին կոկոսի ծառերի պես. նրանց մաշկը սապոդիլլայի, իսկ բերանների խոռոչը` աստղաձև կիսված խնձորի գույն ունեին, ատամները կոկոսի միջուկի նման սպիտակ էին, և սիրով զբաղվելիս նրանք տնքում էին ինչպես եղեգն ուժեղ քամուց:
Գրողի ընդվզումն ուղղված էր անգլերենի պարտադրանքին: Լեզուն մեզ տրված էր` ըստ մեր ցանկության իրացնելու, հետևաբար` դրանով ստեղծվող գրականությունը առանձնահատուկ հեղինակություն էր: Այդ գրականությունը նման էր օտար առասպելաբանության. օրինակ, Ուորդսվորդի տխրահռչակ բանաստեղծությունը` բաց դեղնավուն նարցիսի մասին. անկասկած, մի փոքրիկ ու գեղեցիկ ծաղիկ էր դա, որը, սակայն, մենք երբեք չէինք տեսել: Կարո՞ղ էր, արդյոք, այդ բանաստեղծությունն ինչ-որ արժեք ունենալ մեզ համար: Առաջին հայացքից այն փաստարկը, որ ցանկացած գրականություն սահմանափակվում է իր բնօրրան երկրում, քաղաքական էր, ինչը, սակայն, իրականում արտահայտում էր մեր անբավարարվածությունը մեր իսկ անձև, չկայացած հասարակության դատարկությունից: Մեզ համար առանց առասպելաբանության բոլոր գրականությունները խորթ էին: Տրինիդադը փոքր էր, աշխարհից կտրված ու անկարևոր, մենք համոզված էինք, որ մեր աչքերով տեսած կյանքի մասին գրքերում կարդալն անհույս է: Գրքերը գալիս էին շատ հեռվից և կարող էին բերել միայն պատրանքներ:
Գիրք բացել` նշանակում էր կատարել ակնթարթային վերաշարադրում: Ես կարիք ունեի հարմարվելու, ինչպես հյուսիսցի միջնադարյան քանդակագործը, ով Հին Կտակարանի պատմությունները վերափոխում էր իր իմացած կյանքի պայմաններին համապատասխան: Լոնդոնը նկարագրող բոլոր դիքենսյան նկարագրությունները ես մի կողմ նետեցի. ու թեև ինքս պետք է շարունակեի մնալ միսթր Միքոբեր, իսկ մյուսները շարունակեին կրել այն հագուստները, որ պատկերագրողն էր տվել իրենց, այնուամենայնիվ, ես նրանց հաղորդեցի իմ ճանաչած մարդկանց դեմքերն ու ձայները և տեղավորեցի այն շենքերում ու փողոցներում, որոնք ինձ էին ծանոթ: Հ Հարմարվողականության ընթացքն ինքնաբերական էր ու տևական: Դիքենսի անձրևն ու մանրամաղ ցողը ես վերափոխեցի արևադարձային հեղեղի, ձյունն ու մառախուղն ընդունեցի իբրև գրքային պայմանականություններ: Ցանկացած երևույթ, ինչպես, օրինակ, պատկերազարդումը, որը շփոթեցնում էր ինձ` ապացուցելով, թե որքան տարօրինակ է իմ վերաշարադրանքը, իսկ կերպարներն հեռացնում իմ ստեղծած կեղծ աշխարհից, ես մի կողմ էի նետում:
Ես ձգտում էի դեպի գրքերը` պատրանքների համար` զուգահեռաբար պահանջելով իրականություն: «Ջրաղացը Ֆլոսի գետաբերանին» վեպի գնչուները կեղծ ու հիասթափեցնող էին, և անչափ վարկաբեկող էր այն փաստը, որ նրանք իրական են: Ինձ համար գնչուները Հանս Քրիստիան Անդերսենի և «Հերոսների» միստիկական կերպարներ էին` զուտ երևակայության ոլորտից: Հիասթափեցնող էր նաև ծեր զինվորի սրի դրվագը, քանզի իմ պատկերացմամբ` սրերը եղել էին միայն հնագույն ժամանակներում, իսկ իմ կերտած Թոմ Թուլիվերը քայլում էր այն փողոցով, ուր ես էի ապրում: «Ջրաղացը Ֆլոսի գետաբերանինի» սկզբնամասը, «Օլիվեր Թվիստի», «Նիքոլաս Նիքլըբիի», «Դեյվիդ Կոպերֆիլդի» որոշ հատվածներ, Հ. Ջ. Ուելսի մի քանի նովելներ, Քոնրադի «Ծովածոց» անվանումով կարճ պատմվածքը, և ամենը, ինչ ես կարդացել էի սկզբնական շրջանում, տեղավորել էի Տրինիդադում` յուրովի ընդունելով, մերժելով, հարմարեցնելով և մարդկայնացնելով: Ես երբեք չէի կարդում` օտար երկրների մասին ինչ-որ բան իմանալու համար: Ամեն ինչ գրքերում օտար էր, ամեն ինչ պետք է ենթարկվեր հարմարեցման, իսկ, եթե ենթադրենք անգլիական որևէ պատմվածք, որն ինձ համար «աշխատում էր» և արժեք ուներ, միանգամից դադարում էր ինքնատիպ «անգլերեն» լինել: Միսթր Մըրդստոնը «աշխատում էր», միստր Փիքուիքն ու նրա ակումբը` ոչ: «Ջեյն Էյրն» ու «Մոլեգին հողմերի դարավանդն» «աշխատում էին», «Հպարտություն և նախապաշարմունքը»` ոչ: Մոպասանն աշխատում էր, Բալզակը` ոչ:
Ես ձգտում էի դեպի գրքերը` նրանց մեջ իմ ինքնատիպ մասնակցությունն ունենալու համար: Սոցիալական միակ ստորաբաժանումը, որն ընդունում էի, հարուստների ու աղքատների ստորաբաժանումն էր, և առավել մանրակրկիտ դասակարգված հասարակությունն ինձ թվում էր անիրական և խորթ: Գրականության մեջ նման հասարակությունն ավելի քան խորթ էր. այն բացառում, ավելի ու ավելի անհեթեթ էր դարձնում իմ երևակայությունը, և որքան ես հասունանում և մտածում էի իմ սեփական տեքստը գրելու մասին, այնքան այն ստիպում էր ինձ անհուսորեն գիտակցել իմ իսկ հասարակության աղքատությունն ու անկազմակերպվածությունը: Ես կարող էի Դիքենսին հարմարեցնել Տրինիդադին, բայց անհավանական էր թվում, որ Տրինիդադի այն կյանքը, որ ես գիտեի, երբևէ կարող էր գրականություն դառնալ: Ինչպես լեռնալանջերն անիրական են, քանի դեռ չեն վերարտադրվել նկարչի կողմից, այնպես էլ հասարակությունը, որի մասին դեռ չի գրվել, չունի ձև և շփոթեցնող է: Շփոթեցնողն այն էր, որ կարող էի կրկնել դիքենսյան պատկերագրությունների իմ անհեթեթ վերաշարադրումները. հավասարաչափ շփոթեցնող էր` փորձել գրել այն, ինչ ես եմ տեսնում: Իմ կարդացածից շատ քիչ բան էր ունակ ինձ օգնել: Առավել հեշտ էր համարձակվել ընկալել կոնկրետ գրողի միայն նրբազգացությունը, բայց մյուս կողմից` անհնար է գտնել մի գրող` ինչքան էլ անհատական լինի նրա հայացքը, որը տարանջատվում է իր հասարակությունից: Իսկ այդ հայացքը խորթ էր, այն թուլացնում էր ինձ և համարձակությունից զրկում անել անգամ ամենահասարակ բաներից մեկը` գրել Փորթ Օֆ Սփեյն փողոցի անունը:
Գեղարվեստական արձակը կամ երևակայության որևէ այլ աշխատանք` անկախ որակից, սրբագործում է իր նյութը: Լիովին համաձայնելով հեղինակավոր առասպելաբանների հետ` փորձ արեցի բարձրացնել այն առասպելներին որակ, որոնք մինչ այդ համաձայնել են լինել աննշան և ծիծաղելի` Ֆրեդերիկի փողոցը Փորթ Օֆ Սփեյնում, Մարինի հրապարակը, Լավենթիլի և Բարաթարիայի թաղամասերը: Այս անունների օգտագործման փորձն արդեն իսկ քաջություն էր պահանջում: Մի կողմից` դա սովորական, անիմաստ բառի մերժումն էր` այն ավելի չարժևորելու համար (ինչպես անծանոթ բաց դեղնավուն նարցիսի դեպքում), մյուս կողմից` այնքան ամոթխած մի քայլ` տիրելու սապոդիլլայի մաշկով կանանց, որ տնքում էին ինչպես եղեգն ուժեղ քամուց:
Ինձ հասանելի ամբողջ անգլիական գրականության հանդեպ իմ հայեցակարգն այն ժամանակ նման էր «Հինդու Հոլիդեյի» մահարաջայի վերաբերմունքին, ով, երբ քրիստոնյա մի կին ասաց, որ Աստված այստեղ, այնտեղ և ամենուր է, պատասխանեց. «Իսկ ինձ ի՞նչ օգուտ դրանից»: Մի ուրիշ, առավել արժեքավոր բանի կարիք կար, ինչն էլ ինձ տրամադրում էին տեղական ծագում ունեցող որոշ պատմվածքներ: Այդ պատմվածքները, որոնք ընդհանուր առմամբ մեկ դյուժին էին, և որոնք Տրինիդադից դուրս երբեք չէին տպագրվել, փոխակերպում էին այն, ինչ ես տեսնում էի «գրելու» մեջ: Հենց դրանց միջոցով էր, որ ես սկսեցի ընդունել գրողի արվեստի աղավաղող և հստակեցնող ուժը: Այնտեղ, որտեղ ես տեսել էի միօրինակություն և անկազմակերպ վիճակ, դրանք կարգուկանոն էին հաստատում, որտեղ ես պետք է փորձեի ռոմանտիկ լինել` իմ նյութը կարդացածիս համարժեք ներկայացնելու համար, դրանք իրենց համաձայնություն էին հայտնում: Այդ պատմվածքներն սկզբնակետ էին հետագա ուսումնասիրությունների համար և ստեղծված էին առանց երևակայության գործառույթի: Յուրաքանչյուր գրող, վերջիվերջո, ինքնիշխան է իր գործողություններում, ինչն էլ գործնական առումով օգնում է նրան ստեղծել սեփական ավանդույթը: Անգլերեն լեզուն իմն էր, բայց ավանդույթը` ոչ:
Գրականությունն այն ժամանակ երևակայություն էր: Գուցե դա էր պատճառը, որ թեև ես շատ վաղ հասակում էի որոշել գրող դառնալ և տասնութ տարեկանում լքել էի Տրինիդադը` այդ նպատակն իրագործելու համար, այնուամենայնիվ, չսկսեցի լուրջ գրել` մինչև մոտավորապես քսաներեք տարեկան դառնալս: Իմ նյութն ամբողջովին սրբագործված չէր այդ ավանդույթով, ես լիովին համոզված չէի նրա կարևորության մեջ, ինչն էլ որոշակի շփոթություն էր առաջ բերում: Գրականության մեջ իմ ճաշակը վերածվել էր լեզվի, առանձին բառի հանդեպ սիրո: Դպրոցում ես անցնում էի ֆրանսերեն ու իսպաներեն. հաճույքը լեզվից համենայնդեպս ավելի քիչ չէր, քան գրականությունից: Մոպասանն ու Մոլիերը չափազանց արժեքավոր էին, սակայն ավելի հաճելի էր մեկ ժամ ծախսել Հարափի ֆրանսերեն-անգլերեն մեծ բառարանի ընկերակցությամբ` օրինակների միջոցով լեզուն սովորելով, քան` Կոռնեյլի կամ Ռասսինի օգնությամբ: Եվ երբ եկա Անգլիա` համալսարանում սովորելու, կարծելով, թե բավականաչափ գիտեմ այդ երկու լեզուները (որոնք երկուսն էլ հիմա անուշադրության են մատնված), որոշեցի ուսանել անգլերեն:
Եվ դա սխալմունք էր: Անգլերենի դասընթացը շատ քիչ կապ ուներ գրականության հետ: Այն «կարգապահություն» էր` նախատեսված սկսնակ հնահավաքների համար և շրջանցելով մի կողմ էր թողնում «նովելն ու արձակը», որոնց մեջ այնքան շատ գրական հարստություն կար: Ընդհանուր ու զարմանալի համաձայնությամբ` այն կենտրոնացած էր պոեզիայի վրա. և այպիսով` քանի որ այն կանգ էր առել 18-րդ դարում, շեքսպիրյան խոր ուսուցմանը հաջորդում էր աննշան ու մասնավոր տեղական հեղինակների կայծականային ուսումնասիրությունը: Ես անհամբեր սպասում էի` թափառելով ստեղծագործական մեծ տարածքներում, և ներկայացա «տեքստերի» հետ: Մետաֆիզիկները հրաշալի նյութ էին ուսումնասիրության համար, կարգապահության հիանալի նմուշ, բայց իրապես որևէ արժեք չունեին ինձ համար: Դրիդենը` իր արձակի ողջ հուզական արտահայտչամիջոցներով հանդերձ, մակերեսային էր և կեղծ. արդյո՞ք նրա «քննադատությունն» արժանի էր նման հարգալից ուշադրության: «Գուլիվերի ճանապարհորդությունները» հրաշալի էին, բայց կարելի՞ էր արդյոք դիմանալ «Տակառի հեքիաթին» ու «Գրքերի ճակատամարտին»:
Փաստն այն էր, որ ես չունեի ձևավորված ճանաչողական ճաշակ` դպրոցների և ուղղությունների զարգացումը հետազոտելու և շարունակաբար ձգտում էի գրականությունը կապել կյանքին: Դպրոցի ուսուցումն ինձ չէր օգնում: Մենք ունեինք մի քանի գրադարան, մի քանի գրականության պատմություն, որոնց օգնությանը կարող էինք դիմել, և օրինակ` Տարտյուֆի մասին էսսեներ գրելիս հիմնվում էինք ներկայացման անմիջական արձագանքների վրա: Այդ ժամանակ ես բացահայտեցի, որ գրականության ուսումնասիրությունը կառուցված է գիտականորեն և յուրաքանչյուր գրողի պետք է մոտենալ կրթվածության «փոքրիկ ծուղակների» միջոցով: Այնտեղ կարելի էր գտնել Ամերիկայի ժամանակակից լեզվի ասոցիացիայի հրատարակումների միակազմ հատորները, որոնց տարեցները վերաբերվում էին սիրով ու ջերմությամբ, իսկ երիտասարդներն` ընդամենը` իբրև Փի-էմ-Էլ-Էյ (PMLA): Չոսերի աստղագիտության կամ աստղաբանության (այս հարցը ծագում էր ամեն տարի) գիտելիքների մասին վկայող էջերն օգտագործումից սևացած, փքված և մաշված էին, նույնիսկ մատիտով գծված որոշ մեկնաբանություններ (No, Norah!) դարձել էին գունաթափ: Հետզհետե իմ մեջ ֆիզիկական զզվանք առաջացավ այդ հրատարակումների և այն գրադարանների հանդեպ, որտեղ պահվում էին դրանք:
Հաճույքն անհնար է սովորեցնել ու չափել, բայց կրթվածությունը` այո: Իմ հակազդումն անտրամաբա նական էր, բայց կրթվածությունն ինձ ներկայանում էր իբրև պահածոյացված տուփերի կանոնակարգ դասավորություն: Գրականությունը չէր բացահայտվում. այն կոդավորված էր և սեղմված մի քանի «տեքստ»-էջերում, որոշակի ծավալով «ետնապլանում», առավելապես` «քննադատությունում», իսկ համանման խառնուրդի նկատմամբ կարելի էր և մաթեմատիկական բանականություն կիրառել: Եղան նաև հայտնագործություններ` Շեքսպիր, Մարլո, Վերակառուցման շրջանի երգիծանք: Սակայն գրականության ուսումնասիրության հանդեպ նողկանքն ինձ հուշեց, որ ես ավելի քան երբևէ հեռացել եմ գրականությունից:
Լեզուն շարունակում էր մնալ իմը, և ես մեծ հաճույքով վերադարձա նրա զարգացման ուսումնասիրությանը: Այն լի էր անսպասելի արկածներով և բավականաչափ ուսումնասիրության նյութ էր պարունակում` լեզվի հանդեպ իմ սերը հագեցնելու համար: Գուցե հեշտ չէր Չոսերին դիտել իբրև մեծ երևակայության տեր գրողի կամ «Prologue»-ում գտնել ավելին, քան կար դիտանյութի այն սահմանափակ հատվածում, որի ուսումնասիրությունը գերազանցել է հազարերորդ անգամը, բայցևայնպես Չոսերը` իբրև նոր, զարգացող լեզվի մշակող, չափազանց հետաքրքիր էր, իսկ այն հաճույքը, որ ստանում էի Շեքսպիրից, կրկնապատկվել էր: Տրինիդադում անգլերեն գրելն ինձ համար երևակայության սկզբնակետն էր: Այժմ` որոշ ժամանակ Անգլիայում անցկացնելուց հետո, հնարավոր էր դարձել առանձնացնել բառը` գրականությունը տարանջատելով լեզվից:
Լեզուն կարող է լինել չափազանց խաբուսիկ: Ինձնից այնքան երկար ժամանակ է պահանջվել հասկանալու, թե որքան վատ եմ մեկնաբանում անգլերեն խոսքի սովորույթներն ու եղանակները, որը Անգուս Ուիլսոնի վաղ շրջանի պատմվածքներից ի վեր առավել լավ վերլուծության չի ենթարկվել: Սա այսօրվա եզրահանգում է. իմ առաջին արձագանքներն այդ պատմվածքներին այնքան սխալական ու անկատար էին, որքան պրոֆեսոր Փֆորժեյմի խիստ հաճոյախոս արձագանքները` ուղղված «Անգլո-սաքսոնյան հարաբերություններում» իր անգլիացի գործընկերներին: Բայց մինչ Անգլիայի ճանաչողության իմ աստիճանը կնպաստի, որ անգլերեն գրելը դառնա իսկապես մատչելի, զուգահեռաբար այն անհնար կդարձնի նաև իմ մասնակցությունը տեքստին և ընթերցողների երազանքների իրականացումը որևէ լրացուցիչ ճանապարհով: Ես հետազոտում եմ օտար մի հասարակություն և այն հետզհետե ճանաչելով` դիտարկում երևույթների մասնավորապես հասարակական մեկնաբանություն: Եվ այժմ վերընթերցելով գրքերը, որոնք Տրինիդադում ֆանտաստիկ մեկնաբանության էին ենթարկվել, գրեթե տագնապով հայտնաբերում էի, թե ինչքան անգլիական են դրանք, ինչն էլ իր հերթին անհնար էր դարձնում դիքենսյան նկարազարդումների շրջանցումը: Եվ այսպիսով, ճանաչողության հետ գրքերը դադարեցին իմը լինել:
Անգլիական գրականության թերությունը hասարակական մեկնաբանություն փնտրելն է, ինչին դժվար է դիմակայել: Վիպասանների հետաքրքրություններում արտապատկերվում է մի հասարակություն` լիարժեքորեն համաձայնագրերի և սովորույթների միջոցով կառավարվող, ինքնագիտակից ու դասակարգված, որը կարդում է ոչ այնքան արկած որոնելու, որքան համեմատելու, պարզելու, թե ինչ գիտի կամ կարծում է` գիտի: Ցանկացած գրող պետք է գրադատվի համաձայն իր նկարագրածի. աշխատավոր դասակարգի գրողը աշխատավոր դասակարգի գրող է և ուրիշ ոչինչ: Հենց այսպիսով էլ գրելը ձևավորում է մասնավոր հասարակության մասնավոր լեզու: Լինում են նոր նկարագրություններ, նոր հայտնագործություններ, որոնք շատ արագ են ներծծվում: Յուրաքանչյուր բացահայտման հետ հասարակության պատկերը` հենց իր համար, դառնում է առավել հաստատուն, հասարակությունը դիտարկում է իր առավել հեռու ներքինը: Դա ունի մի քանի փաստարկում. այդ հասարակության մասին շատ հաճախ է գրվել, և հենց հասարակությունն ինքը չափազանց շատ է կարդացել: Օրինակ` Անգուս Ուիլսոնի կերպարները մեծ ընթերցողներ են. նրանք խորասուզված են Դիքենսի և Ջեյն Օսթինի ուսումնասիրության մեջ: Շուտով կհայտնվեն կերպարներ` խորասուզված Անգուս Ուիլսոնի ուսումնասիրության մեջ: Այս գործընթացն անվերջ է: Նրբազգացությունը կծածկի նրբազգացությունը. համախառն փորձը կկատարելագործվի ինքնագիտակցմամբ: Գրելը կնմանվի Արթուր Միլլերի հանրահայտ բնորոշմանը` յուրաքանչյուր ազգ զրուցում է ինքն իր հետ: Եվ անգամ նրանք, ովքեր բանալի ունեն, ունակ կլինեն միայն վկայություն տալու, սակայն ոչ մասնակցելու:
Բոլոր գրականությունները տարածքային են. միգուցե Շեքսպիրի սահմանափակ տարածականությունը կամ` ինչպես Դիքենսի մոտ` համախառն փորձի հետ բացահայտ հաղորդակցումն է, որ նվազեցնում են նրանց այդպիսին երևալը: Կամ միգուցե դա ընթերցողի իմացության պակասն է: Նույնիսկ նամակների «միջազգայնացման» այս շրջանում մենք ավելի ու ավելի ներամփոփվող գրականություններ ենք հանդիպում, որոնք ավելի ու ավելի մասնավոր լեզու են զարգաց նում: Հավանաբար` վերջում գրականությունը ինքնաբացարկ կհայտարարի, և ամբողջ հաճույքը կմնա միայն բառից:
Ավելի քան երեք տարի առաջ, երբ ես Բրիտանական Գվինեայում էի, մի օր` ուշ կեսօրին, մի տարեց կնոջ էի հյուրընկալվել, որ հնդկական քրիստոնյա ընտանիքից էր: Մեր քաղաքական դիրքորոշումները չափազանց հակադիր էին, որպեսզի ներկա ճգնաժամի մասին մեր քննարկումը որևէ օգտակար բան ներկայացներ իրենից: Մենք խոսում էինք հին օրերից և նրա պատշգամբի իրերից: Հանկարծ արևադարձային արևի լույսը չքվեց, և այգուց տարածվեց մի ծաղկի թեթև բուրմունք: Ես գիտեի այդ ծաղիկը դեռ մանկությունից, բայց երբեք չէի պարզել նրա անունը: Այդ պահին հարցրեցի:
«Մենք այն հասմիկ ենք անվանում»:
Հասմիկ: Ուրեմն, ես իմացել եմ դա բոլոր այս տարիներին: Ինձ համար այն միայն բառ էր գրքից, որի հետ կարելի էր խաղալ, ինչ-որ բանով օտարված այն ձանձրալի բուսականությունից, որ ես գիտեի:
Ծեր կինն ինձ համար մի ճյուղ կտրեց: Ես ամրացրի այն իմ բաց վերնաշապիկի կոճականցքում: Հյուրանոց վերադառնալու ճանապարհին ես շնչում էի նրա բույրը: Հասմիկ, Հասմիկ: Բայց բառը և ծաղիկը իմ մտքում չափազանց երկար ժամանակ էին ապրել առանձին: Նրանք միմյանց չէին համընկնում:
Գրանիշ հանդես [01-2011]
Ես ձգտում էի դեպի գրքերը` նրանց մեջ իմ ինքնատիպ մասնակցությունն ունենալու համար:
Հասմիկ, Հասմիկ: Բայց բառը և ծաղիկը իմ մտքում չափազանց երկար ժամանակ էին ապրել առանձին: Նրանք միմյանց չէին համընկնում:
Վ. Ս. ՆԱՅՓՈԼ | Հասմիկ