ՍԵՐ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏ ՄԻՏՔ
Կինը անսահման է. տղամարդն այդ անսահմանությունն ընկալում է իր սահմանափակության համեմատ։
ՁԵՌՔԻՑ ԳՆԱՑԱԾ ՄԻՏՔ
Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից:
ԽՈՍՏՈՒՄՆԱԶԱՆՑ ՄԻՏՔ
Եթե կինը խոստանում է, ուրեմն մտքում արդեն կատարել է այդ խոստումը, եթե տղամարդն է խոստանում, ուրեմն մտքում արդեն դրժել է այդ խոստումը:
ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ
Եթե սիրում ես մեկին, ապա սերդ սահման չունի: Եթե սիրում ես շատերին, ապա սահմանդ սեր չունի:
ԲՈՒԹ ՄԻՏՔ
Եթե մարդ ու կնոջ հարաբերությունները սրվում են, նշանակում է նրանց սերը բթացել է:
ՀԱՇՎԵՆԿԱՏ ՄԻՏՔ
Կնոջ սիրո հիմքում հաշիվն է, տղամարդու սիրո հիմքում` հաշվետվությունը:
ՑՆԴԵԼՈՒ ՄԻՏՔ
Սերն ականապատ դաշտ է. մի սխալ քայլ, և ամեն ինչ հօդս կցնդի:
ՈՉ ՈՒ ՓՈՒՉ ՄԻՏՔ
Կնոջը մեկ անգամ «ոչ» ասելը քեզ ազատում է հետագայում նրան հազար անգամ «այո» ասելու անհրաժեշտությունից:
ՓԱՌԱՎՈՐ ՄԻՏՔ
Փառքն ավելի զորեղ է, քան կինը: Սակայն մարդ փառքի է ձգտում կնոջը հասնելու համար:
ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄԻՏՔ
Սերը թեև հզոր է, սակայն նրան պետք է պաշտպանել տղամարդու և կնոջ հարձակումներից:
ԱՆՆԵՐԵԼԻ ՄԻՏՔ
Կինն ամեն ինչ կների քեզ, բացի մի բանից: Նա չի ների քեզ, եթե դու չհավատաս նրա այն ստին, որին ինքը հավատում է:
ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՏՔ
Կինը նման է ջրի ակունքի. խոնարհվում ես, նայում ջրի հայելուն` դո՜ւ ես երևում միայն: Բարձրանում ես` դարձյալ ամբողջ երկինքն է նրա մեջ:
ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ՄԻՏՔ
Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում:
ԲԱ ԻՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
Հիշե՜ք. կանայք սիրում են ՇՓՈՒՄ` Շատ Փող Ունեցող Մարդու:
ԿՈՐՍՏԱԲԵՐ ՄԻՏՔ
Կինը չպետք է զգա, որ դու վախենում ես, վախենում ես… իրեն կորցնել: Հենց զգաց, կկորցնես:
ՈՒԶՎԱԾ ՄԻՏՔ
Կանանց դժբախտությունն այն է, որ միշտ ուզում են իմանալ այն, ինչը չէին ուզենա իմանալ։
ՍՐՏԱԲԱՑ ՄԻՏՔ
Մարդու սիրտը բաց է սիրած մարդու ուղղությամբ` անպաշտպան է և առանց զրահի: Դա է պատճառը, որ նրա արձակած գնդակն ուղիղ մարդու սրտին է դիպչում ու սպանում սերը:
ՄԱՏԱՂԱՑՈՒ ՄԻՏՔ
Կինն իր նպատակին հասնելու համար կզոհի ամեն ինչ, նույնիսկ այդ նպատակը:
ՈՒԶՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՏՔ
Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել:
ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄԻՏՔ
Տղամարդը մի հավերժություն ժամանակ է վատնում, որ կարողանա օգտվել կնոջ ակնթարթային թուլությունից:
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿՆԵՐԸ
Կինը շատ է սիրում, երբ դու նրա առջև բացում ես սիրտդ: Նա ներս է մտնում ու տենդագին փնտրում է այնտեղ ոչ թե սեր, այլ ուրիշ կնոջ հետքեր: Եվ հաճախ գտնում է:
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄԻՏՔ
Յուրաքանչյուր կնոջ մեջ նստած է ուսուցիչը: Մենք աշակերտների նման միշտ վախվորած ենք մոտենում նրան:
ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ես կորցրի քեզ հետ լինելու բախտավորությունը և գտա քեզ հետ չլինելու երջանկությունը:
ԲՈՒԹ ՄԻՏՔ
Սիրային եռանկյան բութ անկյունը միշտ էլ ամուսինն է:
ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ
Եթե սկսում ես մտածել, թե ինչ զոհողություններ ես արել հանուն որևէ մեկի, ուրեմն այլևս չես սիրում նրան:
ՇՆՉԱԿՏՈՒՐ ՄԻՏՔ
Հիշի՜ր. եթե կնոջ հետ խորասուզվել ես սիրո ծովի մեջ, ապա կինն ավելի երկար կարող է շունչը պահել:
ՑՊԱՀԱՆՋ ՄԻՏՔ
Մի՜ պահանջիր կնոջից ավելին, քան կարող ես:
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ
Յուրաքանչյուր կնոջ մեջ մենք փնտրում ենք իրեն, բայց գտնում ենք ուրիշին:
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՄԻՏՔ
Կինը սիրում է քեզ այնքան, որքան քո մեջ սատանա կա: Ո՜չ ավելի, ո՜չ պակաս:
ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՍԵՐ
Շատ հաճախ մենք մեր սիրո կանչի արձագանքն ենք լսում կնոջ մեջ. և մեզ թվում է, թե դա նրա սիրո պատասխանն է: Եվ խաբվում ենք:
Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը:
Եթե կնոջը մատով են ցույց տալիս, ապա արժե գնալ այդ մատի ուղղությամբ:
Կարելի է մատների վրա հաշվել, թե քանի խելացի կին կա, կարելի է նաև չհաշվել:
Եթե կնոջ ձեռքը քո ձեռքի մեջ է, ուրեմն սիրտդ արդեն նրա բռի մեջ է:
Եթե կինը մի պատճառով չի սիրում քեզ, ապա հազար պատճառով կատի:
Կին կա, որի սերը շողարձակում է արևի նման, կին կա` լուսնի նման փայլում է ուրիշի սիրուց:
Մի՜ բողոքիր, թե կյանքը կողքովդ է անցնում: Ուրա՜խ եղիր, որ վրայովդ չի անցնում:
ԿՆԵՐԵՔ ՄԻՏՔ
– Ի՞նչն է հաճելի կնոջ մեջ:
– Կնոջ մեջ հաճելի է:
ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԻ ՄԻՏՔ
Եվան կանչեց. «Ադա՜մ, արի՜, խնձոր տամ»: Բայց խաբեց, ուրիշ բան տվեց:
ԹԱՆԿ ՄԻՏՔ
Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել` թանկ է գինս:
ՄԻ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ
Աստված քեզ տվել է, չի խնայել, իսկ դու խնայում ես Աստծու տվածը:
ՊԱՐՏՎԱԾ ՄԻՏՔ
Հիշի՜ր. եթե կինը քեզ տրվում է հաճույքով, ապա կարող է լինել մեկը, որին նա տրվում է ինքնամոռաց:
ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ ՄԻՏՔ
«Բաժանիր, որ տիրես»
Կնոջ ոտքեր
ՄԱՐԴ
Մարդու անկումն սկսվում է սեփական մեկ քայլից. մինչև հատակ մնացած քայլերի տերը անդունդն է:
Մարդը մենակ է իր նմանների մեջ, ինչպես ավազի հատիկը` անապատում, կաթիլը` անձրևի մեջ, աստղը` երկնքում:
Մարդն ավելի շատ իր չունեցածի վրա է դողում: Քանի որ չունեցածն ունեցածից հազարապատիկ շատ է թվում:
Մարդը միայնակ է ինքն իր հետ և ոչ թե ուրիշների:
Մարդկանց լա՜վ կողմերը տես, վատ կողմերն իրենք ցույց կտան:
Այս տափակ մարդու գլուխն էլ է կլոր:
Մարդն անբաժան է իր հպարտությունից, ինչպես մողեսն իր պոչից:
Ինչքան մեծ է թվում քեզ քո տառապանքը, այնքան փոքր ես դու:
Այնքան մեծամիտ էր, որ ինքն էլ իր աչքին փոքր էր երևում:
Մարդը նման է ծովի հատակից վեր լողացող պղպղջակի, որ բարձրանում է, բարձրանում ու… չկա:
Ինչքա՛ն պիտի չարչարվես, որ խաբեությունը ինքնախաբեություն դարձնես:
ՆԱԽԱՆՁԵԼԻ ԵՎ ԾՈՒՅԼ ՄՏՔԵՐ
Նախանձը եթե ճաղատ էլ լինի, լավ բան տեսնի` մազերը կփետի:
Ծույլը չի սիրում բան անել, բայց սիրում է բան չանել:
Ծույլին ասին` վիզդ ծույլ է, ասաց` ինչս ծույլ չէ՞, որ:
Ծույլ մարդու առաքինություններն էլ ծույլ կլինեն:
Ծույլ մարդու ամենանվիրական ցանկությունը ցանկությունն է:
Ծույլ մարդն իր արտաքին ցանկությունների ներքինին է:
Ծույլին ասին` միտքդ ծուռ է, ասաց` ուր է ինձ էդպիսի բախտ:
Ծույլ մարդու հետ գործ բռնել նշանակում է էշը շալակած սարը ելնել:
ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ Է
Հիմարությունն ամեն մեկի խելքի բանը չէ:
Երբ հիմարությունը հասնում է լեզվի ծայրին, ատամների գործը շատ է դժվարանում:
Պաշտպանվելիս մարդկանց ի ցույց էր դնում իր միակ զենքը` հիմարությունը:
Աշխարհում միայն իրեն էր տեսնում: Եվ դատարկ էր թվում աշխարհը նրան:
Ինչքան մարդու գլուխը լիքն է հիմարություններով, այնքան նա դատարկապորտ է:
Հիմարություն կարելի է ասել միշտ, ասա լսող լինի:
Հիմարին ներում են, տաղանդին քերում են:
Ամեն մեկն էլ, անշուշտ, հիմար լինելու իրավունք ունի. շատերն ուղղակի չարաշահում են այդ իրավունքը:
ՀԱՐԲԱԾ ՄՏՔԵՐ
Հարբեցողն այն եզակի մարդկանցից է, ով կյանքի նպատակ ունի` խմելը:
Հարբեցողի համար միակ սրբությունը խմելուց հետո բերանը սրբելն է:
Հարբեցողն ի վերջո շնանում է. խմելու փոխարեն սկսում է լակել:
Հարբեցողը ուտող-խմող չէ, այլ լափող-լակող:
Հարբեցողը պոռնիկ է. նա շնանում է խմիչքի հետ:
Հարբեցողի համար կյանք չկա առանց խմիչքի, բայց խմիչք կա` առանց կյանքի:
ՄՏՔԵՐ ԻՄ , ՔՈ, ՆՐԱ ՄԱՍԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՏՔ
Սև լինես, թե սպիտակ, դեղին, թե ցորնագույն` արյունդ կարմիր է:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հիշի՜ր. քեզ ոչ ոք պարտական չէ, իսկ դու պարտական ես բոլորին:
ՄՇՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՏՔ
Եթե ժամանակավոր հաջողություն ես փնտրում, ապա կկորցնես և՜ ժամանակ, և՜ հաջողություն:
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՄԻՏՔ
Եթե հաղթել ես, ուրեմն պարտվել ես. քանի որ եթե հաղթել ես, ապա քեզ ես հաղթել:
ԱՆՁՆԱԿԱՆ ՄԻՏՔ
Եթե շատ ես հպարտանում քո անձով, հիշի՜ր. մեկ ուրիշն էլ հպարտանում է իր տանձով:
ԱՎԱ՛Ղ ՄԻՏՔ
Սկզբում մեր ներսում խավար է. ժամանակի ընթացքում մենք դառնում ենք լուսավոր` ավերակի նման:
ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԻՏՔ
Ուզում ես, որ վրադ ստվեր չընկնի, արևի տակ տեղ մի փնտրիր:
ԱՆՁԵՌՆՀԱՍ ՄԻՏՔ
Այնքան էր ինքն իր աչքին բարձրացել, որ ձեռքը քթին չէր հասնում:
ԽՈՆԱՎ ՄԻՏՔ
Պառկած տեղն էլ կթացացնի, բայց թաց տեղ չի պառկի:
ԴԺՎԱՐԱՀԱՃ ՄԻՏՔ
Եթե ինքդ քեզ վերևից նայես, ուրիշներին կզրկես այդ հաճույքից:
ԱԿՆԿԱԼ ՄԻՏՔ
Միայն քե՜զ նայիր ուրիշի աչքերով. մնացած դեպքերում քո աչքերն էլ բավական են:
ԿՇՌՎԱԾ ՄԻՏՔ
Ավել-պակաս խոսողը միշտ էլ իր օգտին է ավել խոսում:
ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ ՄԻՏՔ
Եթե որևէ բան ես ասում որևէ մեկին, հիշի՜ր. դու քեզ էլ ես ասում:
ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինձ համար կյանքում երեք կարևոր բան կա. առաջին, երկրորդ, երրորդ:
ՆԱՅԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՏՔ
Հիշի՜ր. մի դաշտում դու արքա ես, մեկ այլ դաշտում` լոկ խաղաքար:
ԱՆԴԻՄԱԴՐԵԼԻ ՄԻՏՔ
Մենք դիմադրում ենք անհայտին, ինչպես առագաստը քամուն:
ԷԼԻ ՎԱՏ ՉԻ ՄԻՏՔ
Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ` ուզելու համար:
ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾ ՄԻՏՔ
Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագան և չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ:
ԻՄԱՑԱԾ ԼԻՆԵՍ ՄԻՏՔ
Իրավացի լինելդ քո բարեկամներին ավելի դժվար կապացուցես, քան թշնամիներիդ:
Ստրուկ լինելը շատ վատ բան է, բայց առավել վատ է, երբ ինքդ քո՜ ստրուկն ես:
Եթե բարկացած ես, հաշվիր մինչև տասը, եթե բարկացած չես, ինչքան ուզում ես հաշվիր:
Այն գործը, որ դու ես պարտավոր անել այսօր, մի թող, որ ուրիշն անի վաղը:
Քիթդ շատ մի կախիր. մեկ էլ տեսար արմատ տվեց:
Շատ մի քաղցրանա. կախանի տանձ կդառնաս:
Լավատես էր. նույնիսկ խավարում իր շահը լավ էր տեսնում:
Ինձ համար սարսափելի չէ բանսարկուի ստորությունը, ինձ համար սարսափելի է նրան հավատացողի ստորությունը:
Երբեք մի՜ մոռացիր, որ մարդակերի և մարդասերի տարբերությունն ընդամենը մի հնչյուն է:
Երբ ուրիշին ես խաբում, քեզ ես խաբում: Երբ ուրիշն է քեզ խաբում, դու ես խաբվում:
Այնքան բամբասասեր էր, որ երբ սրանից-նրանից բամբասելու նյութը վերջանում էր, սկսում էր ինքն իրենից բամբասել:
«Փորձը փորձանք չէ», – ինքնասպան լինելուց առաջ մտածում էր նա:
Եթե դու ինձանից շատ գիտես, դեռ չի նշանակում, թե գիտես:
Ես, ի՞նչ է, տգե՞տ եմ, որ ամեն ինչ իմանամ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՍՄԻԹՆԵՐ
ԹՈԶ ՈՒ ԴՈՒՄԱՆ ՄԻՏՔ
Քանի որ իշխանավորներն աչքերին թոզ փչող են, ժողովուրդն աչքերը փակ է ապրում:
ՁԵՌՔԻՑ ԱՆՄԱՔՈՒՐ ՄԻՏՔ
Օրենքն անօրեն իշխանավորի ձեռքին է, օրինավոր մարդու` գլխին:
ԴԻՐՔՈՐՈՇՎԱԾ ՄԻՏՔ
Երբ ընդդիմությունը սկսում է իր դեմքը ցույց տալ, իշխանությունը նրան հետևից է մոտենում:
ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԻՏՔ
Եթե մեկն ուրիշին իշխելու իրավունք է ստանում, կորցնում է իրեն իշխելու պարտականությունը:
ՎԱՃԱՌՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ ՄԻՏՔ
Ամեն գնով իշխանության ձգտողը ամեն գնով էլ կվաճառվի:
ՊՂՊՋԱԿ ՄԻՏՔ
Եթե իշխանավորն սկսում է փրփրել, ուրեմն շատ է օճառվել:
ԲԵՐԱՆՆԵՐԻ ՋՐԵՐԸ ՆՈՒՅՆ ԱՌՎՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ
Ընդդիմադիր ուժերը և իշխանամետ ուժերը նույն առվի ջրերն են, որով լվանում են ժողովրդի գլուխը:
ԻՆՉԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ ՄԻՏՔ
Ի տարբերություն գարեջրավաճառների` իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը` առանձին:
ԵՐԿԱՐԱԿԱՆՋ ՄԻՏՔ
Իշխանավորի վրայից խանությունը հանիր, տակն ինչ մնա` էն էլ իր բախտն է:
ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՄԻՏՔ
Ա՛յ քեզ բան. պայքարում ես հանուն արդարության, պարզվում է` պայքարում ես իշխանության դեմ:
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԻՏՔ
Եթե իշխանավորն իրեն ամեն ինչ թույլ է տալիս հանուն արդարության, նշանակում է նա արդեն ամեն ինչ արել է հանուն անարդարության:
ԾՆԿԱՉՈՔ ՄԻՏՔ
Ընդդիմությունն արդեն անվերջ չի խոսում խավարը վերացնելու դեմ. նա վերջապես մի մոմ վառեց… իշխանության սրբապատկերի առաջ:
ՈՒՂՏԱՇԻՆԱԿԱՆ ՄԻՏՔ
Ընդդիմությունը լուն ուղտ է շինում: Իշխանությունն այդ ուղտին շան տեղ չի դնում կամ… լծում է իր կառքին:
ԲԱՆԸ ԲԱՆԻՑ ԱՆՑԱԾ ՄԻՏՔ
Եթե իշխանավորն սկսել է հասկանալ որևէ բան, ուրեմն այդ բանը բանից անցել է:
ՀԵՏՆԱՄՈՒՏՔԻ ՄԻՏՔ
Իշխանության դեմ պայքարողը hաճախ ներս է մտնում հետևից:
ԲԱՐՁՐԱԴԻՐ ՄԻՏՔ
Հիշի՜ր. եթե դու բարձր դիրք ունես, ապա բարձր դիրքն էլ ունի քեզ:
ԳԻՏՈՒՆԻԿ ՄԻՏՔ
Տգետ մարդը տգետ է իր համար, տգետ իշխանավորը` բոլորի:
ՔԱՐԱՎԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՔԱՅԼՈՒՄ ԵՆ ՄԻՏՔ
Իշխանությունը հայրենիքը տալիս է ժողովրդի շալակը ու քշում դեպի «պայծառ ապագա»:
ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ ՄԻՏՔ
Իշխանությունն իր այն անդամներին է պատժում, որոնք վարպետությամբ չեն կատարում իրենց անօրինական գործողությունները:
ՄԻՔԱՅԼԱՆԻ ՄԻՏՔ
Կարճամտությունը իշխանության հասնելու ամենակարճ ճանապարհն է:
ԾԱՆՐԱԿՇԻՌ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը, ի վերջո, փրկագոտի է նետում խեղդվող մտավորականին: Փրկագոտին, իհարկե, քարից է:
ԱՆՑՄԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԻՏՔ
Դեռահաս իշխանության դեմքը պզուկոտ կլինի:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԻՏՔ
Մինչև ընդդիմությունը չլացի, իշխանությունը կուտ չի տա:
ԱՆՏԱՂԱՆԴ ՄԻՏՔ
Իշխանավորն ատում է տաղանդին, քանզի գիտի, որ իր իշխանությունը նրա վրա չի տարածվում:
ՁԵՌՆԱՍՈՒՆ ՄԻՏՔ
Ընդդիմությունն այս անգամ էլ գնալու է մինչև վերջ… իշխանության հետևից:
ՊՈԶԱՀԱՐՎԱԾ ՄԻՏՔ
Առատության եղջյուրը մեկ իշխանավորի ձեռքին է, մեկ էլ տեսար` անհարմար մի տեղ:
ԱՄԲՈԽԱՀԱՃ ՄԻՏՔ
Ով կարողանում է իշխանության հասնելու համար իր երազախաբությունը ներկայացնել որպես ժողովրդի երազանք, նա դառնում է առաջնորդ:
ԿԱՐՈՂԱՑԻՐ ԵՎ ԿՀԱՍՆԵՍ
Իշխանության կերամանից օգտվելու համար պիտի կարողանալ կռանալ և գռմռալ:
ՀԵՌԱԿԱ ՄԻՏՔ
Հեռու մնա աշխարհի ամենաչնչին բաներից` իշխանավորի սիրուց և ատելությունից:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՄԻՏՔ
Ժողովուրդն աշխատում է, իշխանությունը ժողովրդի աշխատածը ուտում է: Իսկ երբ ժողովուրդը չի աշխատում, իշխանությունը ժողովրդի ի՞նչն է ուտում:
ԱՂԸ ՊԱԿԱՍ ՄԻՏՔ
Քաղաքականությունն անմաքուր բան է դառնում, երբ մեջը աղ չկա:
ՇՈՒՆ ՀԱՉԵՑՆՈՂ ՄԻՏՔ
Շունը պոչը պտտի` քաղաքական գործիչ է, չպտտի` էլի շան պոչ է:
ԿՈՒՍԱԿԱՆ ՄԻՏՔ
Քաղաքական պոռնիկը թույլ է հիշողությունից. ամեն անգամ սրան-նրան տրվելիս նրան թվում է, թե կույս է:
ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՏՔ
Փոխլրացնող քաղաքականություն. դրսին քծնել, ներսին` գցել:
ՆԱԽՐԱՊԱՆԻ ՄԻՏՔ
Պարոնայք, քաղաքական դաշտն արոտավայր չէ:
ՈՒՂՏԱՊԱՆԻ ՄԻՏՔ
Քաղաքական դաշտն այնքան արածեցին, անապատ դարձավ:
ԽՈՏԱՎԵՏ ՄԻՏՔ
Քաղաքական դաշտում խոտ մարդիկ միշտ էլ շատ են: Եվ որտեղ խոտը, այնտեղ էլ` խոտակերը:
ՀԵՇՏԱԼԻ ՄԻՏՔ
– Ո՞վ է, որ աշխատում է, գործ չի անում, բայց հաճույք ստանում է:
– Քաղաքական պոռնիկը:
ՀՈՏԱՎԵՏ ՄԻՏՔ
Ուտելու տաշտի բուրմունքը միշտ էլ չեզոքացնում է քաղաքական դաշտի փիս հոտերը:
ՀԵՌԱՏԵՍ ՄԻՏՔ
Քաղաքական գործիչը կոչ է անում հեռուն նայել, որ չտեսնես նրա մոտիկ խաբեությունները:
Խորհրդարանում ջուրը տաք-տաք են ծեծում:
Պատգամավորների բերանների ջրերը մի առվով չեն գնում:
Ցռան Վերգոն հաստատ կընտրվի պատգամավոր, քանի որ նրա եղբայր Ձենով Օհանը ձայն կտա:
Պատգամավորի երկու թեկնածուից պետք է ընտրել փոքրամարմնին:
«Երկու չարիք»-ից հնարավոր է ընտրել կամ երկուսը, կամ չարիքը:
– Մի քիչ էլ ձեր միտքը շարժեք, թե չէ ձեր ուղեղի թաղանթը կուսաթաղանթ է դարձել:
– Իսկ հիմա ասածս կբացատրեմ բառերով:
ՋՐԻԿ ԿԵՐԱԾ, ՋՐԻ ՏԱՐԱԾ ՄԻՏՔ
Ժողովուրդը տքնանքով ծնում է կուսակցություններ և վերջում ջուրը քաշում:
ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԵՍ` ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻՐ
– Ո՞րն է ճիշտ` Եվրոխորհու՞րդ, թե՞ Եվրախորհուրդ:
– Եվրեխորհուրդ:
ՀԱՅՐԵՆԻՔ
ՑՆԴԱԾ ՄԻՏՔ
Արևի տակ ամեն ինչ ցնդում է քո վրայից, բացի հայրենիքի սիրուց:
ՕՁԱԲԱՐՈ ՄԻՏՔ
Հայրենիքի նկատմամբ սերը թանկ է սեփական մաշկի նման, իսկ եթե օձ ես, հեշտությամբ կփոխես կաշիդ:
ՀՍԿԱՅԱՓՈՒՉԻԿ ՄԻՏՔ
Հայրենիքի նկատմամբ սերը չէր տեղավորվում հայրենիքում. գործիչը ստիպված լքեց հայրենիքը, որ իր սիրո համար մի քիչ էլ տեղ ազատի:
ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹԱԾ ՄԻՏՔ
Հայրենիքի հետ սիրախաղի ժամանակ սիրում էր դիրքը փոխել. մեկ ներքևում էր, մեկ` վերևում, մեկ` կողքից:
Հիմա արդեն դրսից է սիրում ու… դարձյալ լեզվով:
ԼՑՐԵՔ, ԸՆԿԵՐՆԵՐ, ԲԱԺԱԿՆԵՐԸ ԼԻ
Մեկն առատության եղջյուրով է հայրենիքի կենացը խմում, մեկը` համբերության բաժակով:
ԲՌԻ ՄԻՏՔ
Մի բուռ հայրենիք է. ով ուզում, բռի մեջ է պահում:
ՂԵԿԸ ԼԾԻ ՎՐԱ
Պետությունը հայրենիքի ձեռքին պետք է ղեկ լինի և ոչ թե լուծ նրա վզին:
ԶԱՄԲՅՈՒՂԴ ԳՈՐԾԵՄ ՄԻՏՔ
Ժողովրդի սպառողական զամբյուղի մեջ ընդամենը մի հատ համբերության բաժակ է դրված:
ԳՈՐՏՆՈՒԿ ՄԻՏՔ
Իր ժողովրդին վերևից նայողը նման է ջրհորի հատակի գորտին, որին թվում է, թե աստղերն իր ներքևում են:
ԾԱԽՈՒ ՄԻՏՔ
Մի քանի տարի առաջ ժողովուրդը ստիպված վաճառքի հանեց իր ունեցած-չունեցածը. ունեցածը վաճառեց և հիմա անցել է չունեցածին:
ԱՆՕՐԵՆԻ ՕՐԵՆՔԸ
Լավ է մեռնել սեփական օրենքով, քան օտարի օրենքով ապրել:
ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԷԼ ՇԱՏ ԵՆ
Վայ-հայրենասերները հղանում և ծնվում են ոչ սովորական եղանակով, այլ հայհոյանքից:
ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄԻՏՔ
Երբ հասարակությունը որդնած է լինում, ճիճուն պաշտոն է ստանում:
ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՏՔ
Այն կրոնը, որ ազգայինին միաձուլված չէ, չի ծառայում ազգային նպատակներին, աղանդ է:
ՄՏԱԾԱԾԴ ԽՈՏ ՉԷ՞
Ժողովրդի մասին մտածելու ժամանակ չունենք. օրնիբուն աշխատում ենք:
ՀՀ կառավարություն
ԲՈՇԱՅԱԿԱՆ ՄԻՏՔ
– Ինչո՞ւ հասարակական կարծիք չկա հիմա:
– Որովհետև հասարակական կարծիքը դարձել է ջրի դեմ դրված մաղ:
ՀԵՏԻՆ ՄԻՏՔ
Եթե մարդու գլխում որևէ հետին միտք է ծագում, նա սկսում է խոսել հասարակության առաջնային շահերից:
Եթե Հայաստանի և Ռուսաստանի շահերը 100 %-ով համընկնում են, ապա այդ դեպքում Ռուսաստանի շահը 1-ն է, իսկ Հայաստանինը` 00-ն:
Որպեսզի չլինեն հաղթողներ և պարտվողներ, մեծ տերությունները որոշել են Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախը միավորել Հայաստանին:
ՀԱՅԸ ԵՎ ՈՉ ՀԱՅԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՏՔ
Արարիչը որոշեց ստեղծել այնպիսի բան, որը լիներ միանգամայն անկանխատեսելի և զարմացներ իրեն:
Երկար մտորեց Արարիչը և ստեղծեց… հային:
ԻՐԱՐ ՀԱԿԱՌԱԿ ԲԱՆԵՐ
Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի:
ՀԵՏՆԱԽՈՐՇԻ ՄԻՏՔ
Հայի հետին խելքն անմիջապես երևում է այն ժամանակ, երբ պարզվում է, որ թշնամին իրեն խաբել է:
ՄԱԶԻՑ ԿԱԽՎԱԾ ՄԻՏՔ
Ուրիշի պարանով հոր ենք մտել ու չենք հասկանում, որ դա մեր կախաղանի պարանն է:
ԿԵՂՏՈՏ ՄԻՏՔ
Հայերս ծովի նման ինքնամաքրվում ենք հազարամյակներով: Սակայն հիմա խեղդվում ենք սեփական կեղտաջրերում:
ԱՂՆ Է ԿԵՐԵԼ ՄԱՏԱՂԸ ՄԻՏՔ
Հայերը աշխարհի աղն են, հրեաները` աշխարհի ճաշի մեջ աղ գցողը:
ԱՇԽԱՐՀԱԿՈՒԼ ՄԻՏՔ
Հայն ու հրեան նման են իրար. երկուսն էլ սփռված են աշխարհով մեկ: Տարբերությունն այն է, որ հրեաներն այդպես աշխարհն են իրենցով անում, իսկ հայերը դառնում են աշխարհինը:
ԿՌՆԱՏ ՄԻՏՔ
Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, բարեբախտաբար, քո ձեռքում չէ:
ՀԵՏԻՆ ՄԻՏՔ
Կորել է հայի հետին խելքը: Համարել անվավեր:
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԻՏՔ
Անվերջանալի բարոյական հաղթանակները, ի վերջո, բարոյալքեցին հային:
Հայի սիրտը Սիս-Մասիս է: Մասիսով ուրիշին է սիրում, Սիսով` իրեն:
Եթե Հայաստանում ապրող 3 միլիոն հայի բերանների ջրերը մի առվով գնան, ապա Կասպից ծովը կծածկի Բաքուն և հարակից շրջանները:
Հայի ամենամեծ թերությունը հարմարվողականությունն է, որը, միաժամանակ, նրա ամենամեծ առավելությունն է:
Հայը նման է գաղտնավանկ «ը»-ին. ոչ միշտ է երևում, բայց ձայնը միշտ լսվում է:
Հայ լինել նշանակում է հաղթել մահին:
Հայը չի կարողանում ատել ոչ մի ազգի, բացի իրենից:
Հայ ժողովրդի մի մասը դուրս է գնում, մի մասը` ներս գցում:
Հայերի խոսքն ու գործը մեկ են. դա է վկայում հայերեն «բան» բառը, որը միաժամանակ նշանակում է թե՜ խոսք, թե՜ գործ։
Իսկական հայը ոգևորությամբ անում է այն, ինչն իրեն բնավ պետք չէ:
ՉԱՐԵՆՑ. Ո՛վ հա՜յ ժողովուրդ…
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. Ո՞ւր, հա՜յ ժողովուրդ…
Հայոց լեզվի նկատմամբ ոտնձգություն անողը ոտները կձգի:
Մայրենի լեզուն չիմանալով` քանի լեզու գիտես, այնքան մարդ չես:
Հեռուստատեսության զանազան հանդեսներ վարողների լեզուներին պետք է պահպանակներ հագցնել` լեզվական վարակից խուսափելու համար:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՏԸ
Երբ պատրաստվում ես գրկաբաց ընդունելու ճշմարտությունը, մտածիր. կարող ես կողերդ ջարդել:
Կատակի կեսը ճիշտ է, բայց ո՞ր կեսը:
Սուտ ասա, գցիր ջուրը. որևէ տեղ ափ դուրս կգա, քո մասին կպատմի։
Սուտը բախտավոր է այնքանով, որ շատ ու շատ նշանավոր ճշմարտություններ զբաղված են նրան հերքելով։
Ստի ոտքերը կարճ են, բայց լեզուն ու ականջները երկար են։
Սուտը կարող է փրկել ամբողջ աշխարհը, բայց մի հոգի չի կարող փրկել
Մարդը ոչ կարող է դիմանալ ճշմարտությանը, ոչ էլ ընդդիմանալ նրան:
Ստի ոտքերը կարճ են, բայց այդ ոտքերն ընկած ինչքա՛ն երկրպագուներ կան:
Ինչքա՛ն պիտի ստես, որ ճիշտ խոսել սովորես:
Ստին դիմանում են բոլորը, ճշմարտությանը` ոչ ոք:
Սուտն ու ճիշտը չեն կարող խառնվել իրար. չէ՞ որ որևէ բան ինքն իրեն չի կարող խառնվել:
Կա մի ճիշտ օրենք. բոլոր օրենքները սուտ են:
Ամեն մի սուտ մի թռիչք է դեպի անդունդ:
Եթե սխալվելու իրավունք ունես, դեռ չի նշանակում, որ անպայման պիտի օգտվես այդ իրավունքից:
Սուտը միակ ճշմարտությունն է մարդու համար:
Ստի և ճշմարտության տարբերությունն այն է, որ նույն բանի մասին հազարավոր ստեր կան, իսկ ճշմարտությունը մեկն է, այն էլ… չկա:
Սուտը ոչ միայն մերկ է ճշմարտության պես, այլև գայթակղիչ է:
Երբ վերջապես կարողանում ես սուտն ու ճիշտը տարբերել իրարից, նրանք տեղերը փոխում են:
Սուտը շատ օգտագործվելուց մաշվում է ու դառնում… ճշմարտություն:
ՄԻԱՅՆԱԿ ՄԻՏՔ
– Ինչո՞ւ մարդիկ ճշմարիտ ճամփով չեն գնում:
– Միայնակ ճամփա գնալը ձանձրալի է:
ՀԱՎԱՏԱՎՈՐ ԵՎ ԱՆՀԱՎԱՏ
Եթե այնքան համարձակություն ունես, որ ասում ես` Աստված կա, ապա այնքան խոհեմություն ունեցիր, որ չհավատաս ասածիդ:
Եթե հույսդ քեզ վրա չես դնում, գոնե Աստծու վրա դիր, և ոչ երբեք` ուրիշի:
Աստծու նկատմամբ սիրո ճանապարհը մարդկանց նկատմամբ սիրո ճանապարհի շարունակությունն է:
Աստված օգնում է մեզ, որ ապրենք, մենք օգնում ենք նրան, որ մեռնի:
Աստված իմ օրինակով ինձ ցույց տվեց, թե ինչպիսին չպիտի լինի հավատացյալը:
Առանց Աստծու ճանապարհ գնալը նույնն է, ինչ առանց ճանապարհի դեպի Աստված գնալը:
Հաճախ պաշտում ենք մեր ներսի սատանային` կարծելով, թե երկրպագում ենք Աստծուն:
Աստծու սերը մեր հանդեպ արտահայտված է նրա գոյությամբ:
Փնտրիր Աստծուն և կգտնես… քեզ:
Ով ատում է մարդուն, նա չի կարող սիրել Աստծուն:
Աստվածամոլությունը ևս, ինչպես ամեն մի մոլություն, հաճելի չէ Աստծուն:
Այնպես պիտի ապրես, որ չմտածես, թե Աստված չլիներ, լավ կլիներ:
Աստծու հետ խոսելիս խոսքը կտուրը մի գցիր. կտուրում էլ է նա:
Ավելի լավ է խորապես հավատաս որևէ կուռքի, քան երեսպաշտորեն` Աստծուն:
Գոհությունն Աստծուց է, ինքնագոհությունը` սատանայից:
Աստված քեզ գիտե, ասա դու իմանաս:
Մարդիկ իզուր էլ ստեղծել են Աստծուն. չէ՞ որ նա միշտ եղել է:
Ո՛վ Արարիչ, ես հավատում եմ, որ դո՜ւ ես ինձ ստեղծել, բայց ինչո՞ւ ինձ չես տվել այն զգայարանը, որով ես հավատամ, որ դու կաս:
– Ինչո՞ւ Աստված չի վերացնում սատանային:
– Որովհետև սպանելը մեղք է:
Այնքան սատանա էր, որ Աստծուն դեմ գնալիս էլ Աստված էր կանչում:
Աստծու և մարդու արանքում սև թևերը բացած կանգնած է նա: Բայց ինչպես խավարն է ժամանակավոր, այնպես էլ` նրա գցած ստվերը:
Նույնիսկ մեղքը մարդ չի կարող գործել առանց Աստծու օգնության:
Աստված ամեն մեկիս առաջ մի երկնահաս դուռ է բացել: Այդ դռնով ներս մտնելիս, այդուհանդերձ, գլուխդ պիտի խոնարհես, որովհետև քո ես-ն էլ է երկնահաս:
Եթե բողոքդ նետի նման սլանում է առ Աստված, ապա կխոցի սիրտդ, որովհետև Աստված այնտեղ է:
Հիշի՜ր. եթե դու տեսար որևէ անօրենություն, ուրեմն Աստված քե՜զ վրա դրեց դա շտկելու պարտականությունը:
Ինքն իրեն ճանաչելու համար Աստված ստեղծեց մարդուն: Ինքն իրեն ճանաչելու համար մարդն ստեղծեց Աստծուն:
ՀԱՎԱՏ
Հավատացյալն ամենից շատ չի հավատում մեկ այլ հավատացյալի:
Եթե պաշտում ես քո ես-ը, կռապաշտ ես: Թե մոռանում ես ես-դ, անհավատ ես:
Հավատացյալ մարդը ինքն էլ չպիտի իմանա, որ հավատացյալ է. այսինքն` իսկական հավատացյալը պիտի անհավատ լինի:
Ոչ մեկին չէր հավատում, նույնիսկ ինքն իրեն: Եթե հաստատ իմանար, որ Աստված կա, նրա՜ն էլ չէր հավատա:
Իսկական հավատը Աստծու նման է. չի երևում ոչ մի տեղ, բայց զգացվում է ամենուր:
Հավատը երջանկություն է բերում միայն անհավատներին:
Աստծուն համենայն դեպս հավատալն ավելի անընդունելի է, քան ամենայն անհավատությունը:
Չկա ավելի սոսկալի բան, քան իր հավատավոր լինելով հպարտացող մարդը:
ՄԵՂՔ
Եթե դու չես մեղանչել քո և մնացած մարդկանց հանդեպ, կնշանակի դու չես մեղանչել Աստծու առաջ:
Հիշի՜ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ:
Դու ապրում ես մեղքի մեջ. այնպե՜ս արա, որ մեղքը չապրի քո մեջ:
Աստված մարդուն վերև է քաշում նրա մի մազից բռնած. թեթևացի՜ր մեղքերի ծանրությունից, որ մազը չկտրվի:
Հիշի՜ր. քո աստվածահաճո գործերից օգտվելու ես դու, քո գործած մեղքից տուժելու են բոլորը:
Մեղքն ինքնին մաքուր է. հենց դիպար նրան` անմաքուր կդառնա:
Մեղքը քո միջոցով է պղծվում:
Մեղքի զգացումն ավելի մեծ է, քան բուն մեղքը:
Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի մի կտոր: Չկպչելու համար դարձիր ոսկի:
Ես չգիտեմ` Աստված ներում է իմ մեղքերը, թե ոչ: Ես չեմ ներում:
Միայն տեր Աստված գիտե, թե ես որքան եմ զղջում իմ այն մեղքերի համար, որ դեռ չեմ գործել:
Աջ ձեռքը մեզ քաշում է մեղքի ճահիճը, իսկ ձախը` դուրս հրում: Հիշի՜ր. ի ծնե մեր աջ ձեռքը ձախից ուժեղ է:
Գործած յուրաքանչյուր մեղք մի քար է մարդու և Աստծու միջև պատի: Մենք բոլորս արդեն շարել ենք մեր չինական պարիսպը:
Նույնիսկ մեղքը մարդ չի կարող գործել առանց Աստծու օգնության:
Աղոթքը սրտից բխող կրակ է, կասկածը` նրան ուղեկցող ծուխ:
«Տեր Աստվա՜ծ, օգնիր ինձ»,– ահա մարդու միակ սրտաբուխ և միակ անկեղծ աղոթքը:
ԱՆԻՄԱՆԱԼԻ ՄՏՔԵՐ
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՄԻՏՔ
Տաղանդավոր սատանա դառնալու համար մարդ պետք է աստվածային հանճար ունենա:
Ցույց տվեք մի սրբազանի, որը գոնե իր ներսում սրբազանց չէ:
Կենդանիներն իրար միս են ուտում բառի բուն իմաստով, մարդիկ` բառի շուն իմաստով:
Ի վերջո, գայլն էլ է ուզում ընկնել դրախտ. չէ՞ որ բոլոր ոչխարներն այնտեղ են:
Երկինքն ինչքա՛ն լայն պիտի բացի իր դռները, որ ես կարողանամ ներս մտնել:
Հիշի՜ր. չարի դեմ պայքարելիս մեծահոգի լինել նշանակում է սպանել նաև քո միջի չարը:
Ավելի լավ է ողորմություն չտալուց տանջվես, քան տալուց հրճվես:
Եթե հոգուդ մեջ չկա աստվածատուր անդորրը, ապա Աֆրիկայում տզզացող մոծակի ձայնը քեզ կխանգարի քնել:
Ոչինչ երբեք չի կարող լինել:
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարության հիմքը արդ-ն է, որ նշանակում է ձև: Դա է պատճառը, որ արդարությունը ձևական է:
Արդարությունը միայն մեկի համար է. երկուսի համար չի կարող արդարություն լինել:
Պետք չէ պայքարել արդարության համար. պետք է ուղղակի արդար ապրել:
Արդարության արձանը մարդը կերտում է անարդարության շաղախից. նա ձեռքի տակ ուրիշ նյութ պարզապես չունի:
Արդարությունը որ լավ երևա բոլորին, դնում են անարդարության բարձր պատվանդանին:
Արդարությունն ու անարդարությունը այնքան նման են իրար, որ նրանց տեղերը փոխելուց ոչինչ չի փոխվի:
Արդարություն փնտրելը անհույս գործ է: Եթե նույնիսկ գտնես էլ, պիտի տիրոջը վերադարձնես:
եՐՋԱՆԻԿ ՄՏՔԵՐ
Մարդու երջանկությունը նման է կայծակի` կարճատև է և անկրկնելի:
Երջանկությունն այն կաթսան է, որի մեջ կյանքը խաշում է մեզ:
Երջանկությունը մի անհագուրդ կուռք է, որ մշտապես զոհ է պահանջում:
Ապուշ լինելու համար երջանկությունը քիչ է, իսկ երջանիկ լինելու համար ապուշությունը բավարար է:
Երջանկության բանաձևը բազմաթիվ անհայտներով մի հավասարում է, որի մեջ միակ հայտնի մեծությունը դու ես:
Անձնատուր մի՜ եղիր երջանկությանը: Նույնիսկ նրան չարժե գերի լինել:
Եթե քեզ թվում է, թե երջանիկ ես, երջանիկ եղիր, քանի որ դա քեզ լոկ թվում է:
Մի՜ նախանձեք երջանիկներին, չէ՞ որ նրանք երջանկությունից բացի ուրիշ ոչ մի բան չունեն:
Հիշի՜ր. երջանկությունը շատ հաճախ այն ժամանակ է գալիս, երբ բոլորովին պետք չէ:
ՓԱՌՈՒՆԱԿ ԵՎ ԱՆՓԱՌՈՒՆԱԿ
Փառքի առջևում լինես` կկծի, հետևից ընկնես` քացի կտա. պիտի ուղղակի նստես ու քշես:
Մարդու ներսում ինքնափառաբանման մի քնար է դրված, որի լարերը մշտապես շիկացած են անդադար նվագից:
Լավություն արա, գցիր ջուրը. կկակղի` կուտես:
Լավություն անելուց առաջ մտածի՜ր, թե ինչպես ես տակից դուրս գալու:
ԼԱՎՈՒԹՅԱՆ ՏԱԿԸ
Մեկին մեկ միլիոնի լավություն անես, նրա մեկ լումայի արած լավության տակից դուրս չես գա:
ԱՆՀԱՇՏ ՄՏՔԵՐ
Գալիք մի օրը հազար անցած օր արժե:
Ճակատագրի ձեռքից փախչողը պատահականության ոտքը կընկնի:
Ով ուժ չունի դատապարտելու իրեն, դատապարտում է աշխարհը:
Ոտնահարված բարձրությունը հարթավայրից էլ ցածր է իջնում:
Գործած սխալների առնվազն կեսը հաստատ սխալ է:
Ամեն մեծահասակ մի քար է դնում փոքրի ճամփին, որպեսզի իրեն չլսող փոքրի ոտքը քարին դիպչի:
«Ես ոտքերիցս բավականին բարձր եմ»,– մտածում էր քիթը: Հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը շրխկաց քարին:
Ավելի լավ է մահվան գիրկն ընկնել, քան անմահության դուռը:
Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է:
Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ վազես:
Հարմար տեղավորվելու համար պետք է ուղղակի անհարմար չզգալ:
Արհամարհիր բարեկեցությունը և կհասնես բարի կեցության:
Անիվի ճաղերն ուզեն-չուզեն հերթով կրում են սայլի ծանրությունը, այդպես էլ մարդիկ` կյանքի ծանրությունը:
Առյուծը հայտարարեց, որ պատժելու է ամենախելացի կենդանուն: «Կորա՜»,– մտածեց էշը:
Մեջք մեջքի են տվել սարն ու քարը. քարին գոնե այդպես է թվում:
Եթե հասկանում ես, որ անտաղանդ ես, դա ինքնաճանաչո՞ւմ է, թե՞ համեստություն:
Փայլուն գլուխներին փոխարինելու են եկել փայլփլուն գլուխները:
Մենք այնքան կատաղությամբ ենք պաշտպանում մեր արատը, որ այն դառնում է Արարատ:
Աստված տվողին է տալիս` վզակոթին…
Կյանքը եռում է ու… խաշում:
Տարիների հետ գալիս են փորձն ու… փորձանքը:
Օրենքը չխախտելն ավելի հեշտ կլինի, եթե չլինեն օրենք խախտողներ:
Հենման կետ որոնողը բազմակետի հանդիպեց ու չիմացավ` ինչ անի:
Ամեն ինչ կարելի է անել, բայց ամեն ինչ կարելի՞ է անել:
Անտանելին ամենից ցածր լինելը չէ. անտանելին ցածր մտքեր ունենալն է:
Աշխարհն արդեն այնպիսին է, ինչպիսին չի կարող լինել:
Երբ մոծակը տզզում է, ուզում է ասել, որ աշխարհն իրենն է:
ԸՆԹԱՑԻԿ ՄԻՏՔ
Տաղանդը գիտի ընթացքը, միջակը գիտի ընթացիկը:
ԱՆՏԵՐ ՄԻՏՔ
Տերն ու ծառան կռվեցին, մեջտեղում ոչխարները տուժեցին:
Տաշած քարը գետնին չի մնա. անտաշ մարդիկ շատ են, կտանեն:
Մահը միակն է, որ ճշտապահ չէ, բայց խոսքի տերն է:
Դեմքը դեմք է` տաղանդավոր, թե անտաղանդ. երես է պետք:
Ջուրը ջուր է` գրականության մեջ, թե ընդհանրապես. փրկարար գոտի է պետք:
Քամին քամի է` փողոցում, թե գլխում. անտեր թուղթ է պետք:
Քայլը քայլ է` արքայի, թե ձիու. պաշտպանվել է պետք:
Ողբերգությունը առ աշխարհ մեր սերն է:
Ամենից դժվար հաջողվում են հեշտ բաները:
Շատ լավն էր…
Շատ լավն էր:
Հարգարժա՛ն պարոն Սարգսյան, ինձ վաղուց են ծանոթ Ձեր ասույթներն ու անկրկնելի աֆորիստիկ մտածողությունը, եւ ոչ միայն: Ընթերցելով այս էջը՝ ես հերթական հիացմունքն ապրեցի: Հպարտ եմ, որ ապրում եմ Ձեզ նման ՄԱՐԴԿԱՆՑ կողքին՝ նույն ժամանակի եւ տարածության մեջ…
Հարգարժան Վաչագան Սարգսյան, ինքս բանասեր եմ, երկար տարիներ էլ աշխատել եմ Հանրային հեռուստատեսությունում:Անցյալ օր թոռնիկս այսպիսի հարց տվեց. ի՞նչ կապ կա ԱՆԴՈՐՐ և ԱՆԴՈՐՐԱԳԻՐ բառերի միջև, ԱՆԴՈՐՐԱԳԻՐ-ը ինչո՞ւ պիտի երկու Ր-ով գրվի:Չկարողացա պատասխանել, գուցե դուք գիտե՞ք պատասխանը: