Ամալյա Կարապետյան | Վանդակված քաղաքի ազատությունը

Արևածագի գույները սառել են մաշկիդ վրա.
կարծես արևը ուսերիդ միջից պիտի դուրս գա,
քո սաստկացող չքնաղության մեջ
թունավոր, վարակիչ հեշտությունն է:
Միջօրեն կիսում է ինձ ու քեզ
և մենք իրար չկապված, իրար չգտած,
իրար չերգած՝
մոռանում ենք անգամ,
որ արևածագին նույն երազն էինք տեսնում:
Մոռանում ենք, որ կիպ-կպած այդ երազի մեջ
մենք նստել էինք գետի հունի մոտ
ու հաշվում էինք նորածին ձկներին:
Հետո գետը ցամաքեց,
ու ձկները քարեր դարձան,
դու հավաքեցիր նրանց ու մեր տուն բերեցիր.
մենք հավատում էինք, որ ջրի մեջ քարերն էլի
պիտի ձկներ դառնան:
…Ինչ քար է դառնում,
անիծվում է ընդմիշտ կարծրության:
Մայրամուտի գույները հալվել են մաշկիդ
ու արևը մայր է մտնում ուսերիդ միջով
մենք իրար հանդեպ քարացել ենք,
և էլ ոչ մի արևածագ մեր ձկներին հետ չի բերելու:

 

***
Աշնան հոտերի մեջ տերևները սիրախաղի են բռնվել,
ես Լեոնարդ Քոհեն եմ դարձել,
որն իր կարմրահերին գրում է՝
Մարիտա
խնդրում եմ գտիր ինձ
ես 30 եմ դառնում:
Ես Մարիտային բոլոր դողացող,
առանց զուգագուլպա ոտքերի մեջ եմ փնտրում՝
բոլոր խանութների թղթե տոպրակներ բռնած,
համաչափ մատների,
Սարյանի բոլոր սեթևեթների մեջ,
բոլոր հատված ծառերի բներին նստած,
կամ էլ հյուրանոցների ժամավճարով համարներում:
…Ես 30 եմ դառնում…
Լեո, մենք բոլորս են 30 դառնում,
ու մեզ համար ընդամենը երկու տարիք կա՝
մինչև 30-ը ու 30-ից հետո:
Լեո, մեր Մարիտան չկա,
որովհետև արդեն աշուն է,
մենք ցրտել ենք
ու մեր 30-ը մեզնից տարել է,
մեր միակ, չմրսկան Մարիտային:
Լեո, մեզ էլ չեն գտնում,
Մի՛ խնդրիր:

 

***
Երամների պոչերին ինքնթիռներ են կախված,
ու ծիծեռնակների սև մկրատները,
բոլոր հեռացող ինքնթիռների թելերը,
վաղուց կտրել են ու դատապարտել
անհետադարձ չվերթների:
Ես ամպերը մարդկանց եմ նմանեցնում
բայց դրանք միշտ վերջում դառնում են կենդանիներ,
դառնում են բնազդներ,
դառնում են զգայություններ,
ծերուկի դեմքը, որ միշտ
վերածվում է հաստ պոչով գետաձիու,
որին ես ընդամենը հեռուստացույցի
վաղ առավոտի հաղորդումներում եմ տեսել:
Գետաձի-ծերուկը, երեխա-կրիան,
Աղջիկ-մողեսը.
երկինքը ռևոլյուցիայի նոր տեսության են վերածում,
միայն մենք,
որ հողին ենք կպած
բոլոր մեր անառողջ արմատներով:
Միայն մենք ենք,
որ երբեք չենք զգում,
թե ինչպես է մեր միջի ամպը
օր օրի վերածվում այլ բանի,
որ ոչ կենդանի է, ոչ բույս,
մազութի պես խիտ ու սև զանգված է,
որ շնչուղիներն է փակում:
…Ու մենք չենք շնչում,
ու սկսում ենք փտել,
ու սկսում ենք սևացած միս դառնալ
ու ճանճերը նստում են մեր աչքերին:
Մենք վատ չենք զգում դրանից,
որովհետև մեր դրսի աչքերը
երբեք ներսի աչքերին չեն նայում.
մեր դրսի աչքերը
տեսնում են,
թե ինչպես է ամպը,
որ ձկան էր նման,
դառնում է վազող ատլետ:

 

***
Խանութների ցուցափեղկերը հուշում են,
որ սեզոնը փոխվել է:
Ես անգամ ալարում եմ պահարանից
փակ կոշիկներս հանել,
պտտվող անիվի մեջ ընկած ծովախոզուկի պես
ես վատնում եմ կյանքս անընդհատ նույն առանցքի շուրջ:
Մոմավաճառն անշտապ մանրն է տալիս,
ես 2 մոմ եմ առել ու մոռացել եմ
Հայր մերը,
ես ուզում եմ, որ դրա համար
վերևներում ինձ ներեն:
Իսկ ես գիտեմ, որ Դու Քո այս տան մեջ
ինձ միշտ միայն մեկ բան ես ասում՝
կներվես այնքան, որքան դու կներես:
Բայց ես ներելուց լավ չեմ,
ես չգիտեմ՝ ոնց ներել առանց սպիների,
ոնց ներել առանց դառնանալու,
ոնց ներել առանց հիշողության:
Ու ինչքան եմ ես ուրացել քեզ՝
չներելու չարությամբ ու հեգնանքով:
Ուզում եմ՝ դու ինձ այդ նույն հեգնանքով նայես,
որովհետև ես չեմ հավատում,
որ մենք նման են իրար,
ու միֆ չէ Քո այն պատումը,
թե մեզ ստեղծել ես Քո արտացոլանքից:
Ոչ էլ կավ էր դա,
ոչ էլ կողոսկր.
ճահճային տիղմն էր,
կամ էլ կենդանու նեխած միս:
Դու մեզ խաբել ես,
թե մեզ ստեղծել ես վերջին օրը,
երբ ձեռքդ արդեն վրա էր եկել,
չէ,
դու մեզ ստեղծել ես հենց առաջին Քո ստեղծագործական փորձից՝
դողացող անվարժ մատներով,
և հաճախ ես ուզել դեն նետել,
բայց էգոդ ստիպել է պահել այն,
որպես առաջին անկատար օրինակ,
որը համեմատության համար օգտակար է
ցուցադրելու, թե որքան վարպետացար մեկ շաբաթում:
Վերևներում եղած եթերային նյութերից
դու որոշեցիր մեզ տիղմից սարքել
ո՞նց ներեմ Քեզ հիմա:

 

***
Աշխարհի բոլոր օդապարուկները դատարկ են,
բոլոր արբանյակներն իմ ու քո արանքում
ուզում են նոր երկնաքարեր որսալ:
Մեզ բաժանող 5 ու կես կիլոմետրը
անծայրածիր տարածություն է,
որտեղ դեռ դինոզավրերը
մտածում են հավերժության մասին:
Այդ հավերժության մեջ նրանք
թանգարաններում չեն,
անիմացիա չեն, կամ գտածո:
Երևի իրականում կա հենց մեկ ժամանակ՝
դինոզավրային հավերժությունը,
որի մաշված ոսկորների արանքում
իրական են դառնում միայն
ֆիզիկական զգայությունները:
Մեր 5 ու կես կիլոմետր տարածության մեջ
ես չեմ ուզում խանգարել նրանց,
որ երազեն միլիոն տարի հետո
արևի տակ քնելու մասին:
Այն թանգարանում, որտեղ ոսկորներ են մնացել,
երևի պատուհանից արև է ընկնում:

 

***
Լույսերն ամփոփում եմ իմ մեջ,
բայց այդպես էլ լուսափոփի պես աղջիկ չեմ դառնում,
և կանաչ աչքերս էլ
Աստվածամոր աչքեր չեն բնավ,
որովհետև արդեն վաղուց հետ են վարժվել
կյանքը խոնարհման ու մեղքի
ջնջվող գծերի միջից նայելուց:
Մեռնելու ու հարություն առնելու
հողից աճելու ու թռչելու,
սիրելու ու չդիպչելու,
աղոթելու ու անտեսելու
հակադիր բևեռներում բոլոր գծերը խաչվում են:
Բոլոր աստվածամայրերը կորցնում են իրենց աչքերը,
և նրանց բոլոր որդիները խաչի վրա են մնում
որովհետև այնտեղ ավելի մոտ են երկնքին:

Ես ամփոփում եմ լույսերն իմ մեջ
ու սև խոռոչ եմ դառնում,
և իմ լույսերը,
որ մոմերի ճրագների պես
թրթռում են,
ինձ մատնել են
խավարապաշտության:

 

***
Խցանումների մեջ կանգնած
20 րոպեի ճանապարհը մեկ ժամ տևեց,
3.33-ի բոլոր երգերը անգիր արած՝
ես չէի հասկանում՝
քո հոտն էր մտքերիս մեջ մառախուղ կապել,
թե քաղաքի փոշին էր
մեքենաների անիվների հետ վալս պարում:
Նորակառույց շենքի 2-րդ և 9-րդ հարկում ոչ մի լույս չի վառվում.
ոչ ոք լվացք չի փռել ու լվացարանի տակ ափսեներ չի թողել:
Ես ինձ 9-րդ հարկի
երեքսենյականոց բնակարաններից մեկի տանտիրուհին եմ զգում,
որը մեքսիկական ձևով հավ է պատրաստել
ու չգիտի՝ սեղանին պանիր դնի, թե չէ:
Մեկ ժամ հետո, երբ ինձ տուն տանես,
ես կմոռանամ այդ շենքի տեղը,
որի 9-րդ հարկում ես գազօջախի մոտ
մտածմունքի մեջ էի, թե ինչու կծուն շատ եղավ:
Ես կմոռանամ վարագույրների գույները
և ննջասենյակի առաստաղի նախշը,
որի վրա քո բույրը
Խիտ մառախուղ էր կապել:

 

***
Մեր փողոցներում տերևաթափ է,
բոլոր շները չվել են
այն արագիլների փոխարեն,
որ այս ամառ հիվանդացան ու սատկեցին:
Շները պոկել են իրենց ականջների
գունավոր ու տխուր զռթիկները,
որ տաք աշխարհներում ավելի երջանիկ լինեն:
Բայց երևի երջանկությունը մի հորինված բան է,
որին պետք չէ հավատալ
ու երևի ձանձրալի է նաև,
այլապես ինչի պիտի մի ամբողջ աշխարհ
ամեն քայլափոխի
ձգտեր ավելի դժբախտանալ:

Շները, կանգառների նստարաններրի տակ
առավոտվա ութին կծկված,
մտքում դեռ չվում են
ու շարժում են պոչերն այնպես,
ինչպես հեռացող արագիլներն իրենց թևերը,
երբ վերջին անգամ պտտվում են
ցեխից ու չորացած խոտից հյուսած
իրենց դատարկ բների վրայով:

 

***
Հինգտառանի անունները որոշում են մեր ճակատագրերը,
հինգտառանի անունները քարանձավների մեջ
նախամարդու ձեռքով արված պատկերների պես
պատմում են, որ դաժան որսի ժամանակ սերը չփրկեց:
Մերկության, մեղկության, մոլորության
էս անհերքելի դատավճիռը ինձ չի փրկում բանտից,
որ մեկ պատուհանի ունի դուրս նայելու համար:
Ես սիրահարվել եմ այս բանտին,
որից միշտ նույն պատկերն է,
որից միշտ մի չորացած ծառ ու կախված ամպ է երևում:
Ազատության ոչ մի պատկերի մեջ
ես ինձ երբեք չեմ գտել այդքան տիպիկ,
ես երբեք չեմ հուսացել, որ չորացած ծառը
կախված ամպի անձրևից կկանաչի:
Ու աշխարհն էնքան հստակ է այս բանտից,
երևի երբեմն մեզ ուղղակի մի պատուհան է պետք՝
հասկանալու համար, որ ազատության ու անազատության միջև
ընդամենը մեկ չորացած ծառ ու կախված ամպ է:

Բանտի պատերին նախամարդու նման
ես հինգտառանի անուններ եմ գրում,
երբ փլվեն պատերը,
կգամ տառերը հավաքելու:

 

***
Օգոստոս ամսին Իրաքից եկած տաք քամու նման
թևաթափ անող ու տհաճ բան կար
քո հայացքի մեջ:
Ու բառերիդ մեջ ավազներ էին
ու ձեռքերիդ մեջ անապատներ էին
ու վզիդ վրա անտուն մավրերի
քարավաններն էին գնում ու գալիս:
Աչքերիս առաջ դու դարձար նյութից,
հողից, փուշուց ու կավից սարքած
կիսավեր պալատ,
որ լքել էին ուրվականների մղձավանջներից փախչելու համար:
Ու լքվածության այդ ծանրությունը
հիմա գցել ես ոտքերիս վրա
Ուրվականներիդ հյուսել ես իրար ու դարձրել ինձ թագ:
Փոշոտ, միջատներով պատված քո պալատի մեջ
դու ուզում ես, որ ես կրակ վառեմ ու պատերից կախեմ,
դու ուզում ես, որ իմ միջի արևից ես նավթ քամեմ
ու լուսավորեմ քո մութ եղանակները:
Ինքնայրման ճանապարհի վրա
ես մնացել եմ անարև, փոշոտ ու միջատներով պատված,
ու քո արդեն լուսավոր պալատը ինքն է այս անգամ լքել ինձ:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *