ԶՐՈՒՅՑ | Մի դատիր, որ չդատվես

[Վիոլետ ԳրիգորյանԱրմեն Շեկոյան]

Նրա «Անտիպոեզիան» գրական ուղղափառների համար բանաստեղծական հերձվածողության խորհրդանշան է դարձել, մյուսներն անհամբեր  սպասում են, որ 50-ը բոլորելուց հետո պոեզիային հրաժեշտ տված հեղինակը վերջապես քարը փեշից թափի ու էլի բանաստեղծություն գրի: Առայժմ, սակայն,  արձակագիրներն ստիպված եղան նեղ անել-տեղ անել իրենց ոլորտ մտած ու արձակն էլ իրենով արած Շեկոյանին: Այժմ Շեկոյանը գրում է անվերջանալի մի վեպ` «Հայկական  ժամանակ» վերնագրով, որ մինչև հերթական հատորի վերածվելը հրապարակվում է «Առավոտ» թերթի շաբաթօրյա թողարկումներում: Ընթացիկ այդ վեպի մեջ արդեն կանք  կամ դեռ հայտնվելու ենք բոլորս` հայտնի ու անհայտ մարդիկ, որ այսօր ապրում ենք մեր փայ ժամանակը: Կյանքում անհամատեղելի շատ մարդիկ են Շեկոյանի վեպում  համատեղվում, խոշոր իրադարձությունների գույներն ու մանր դիպվածների երանգները քով-քովի են գալիս` հյուսելով  բազմագույն, բազմաշերտ ու բազմանախշ հայկական  «գորգը»: Յուրաքանչյուր անձ ու դեպք գալիս-առնչվում է առաջին դեմքով խոսողի հետ, հեղինակից ձայն ստանալով` երգում իր երգը, հյուսում իր բաժին նախշն ու անհետանում  գրականությունից դուրս կյանքի մեջ: Ասես ամենուրեք դրված բազմաթիվ տեսախցիկների նկարած ամենօրյա մատերիալները հավաքելով ու մոնտաժելով` հեղինակը  «մատերիալ» է գրում իր ու բոլորիս վրա: Բայց ի տարբերություն «մեաքուլփայական» փարիսեցիության` սա քրիստոնեական ամնիստիայի շնորհում է բոլորին ու կանխավ:  Այս դիրքորոշումը հանում է գրողի` ճշմարտության և բարոյականության անունից խոսելու առաքելական պատասխանատվությունը: Շեկոյանի վեպը քրիստոնեական համակեցության տարածքն է, ուր մեծ ու փոքր, լավ ու վատ, մեծահարուստ ու բոմժ, հանցավոր ու զանցառու մահկանացուներն, իրենց  արժանիքներով ու թուլություններով, ապրում են գրողի հորիզոնականացնող հայացքի ներքո` բարոյախոսությունից ու բանադրությունից անդին: Եվ դա ոչ թե «օբյեկտիվ»  գրականություն է, այլ գրողի դիտանկյուն, որ կյանքի ընդհանուր խաղը ներկայացնում է որոշ դիստանցիայով` տարածք ապահովելով բոլոր և հենց հեղինակի  սուբյեկտիվությունների համար:

Լուսանցքային հայոց պատմություն

Վիոլետ – Մեր պատմիչները «Հայոց պատմություն» էին գրում, դու` «Հայկական ժամանակ», որ մեր անկախության ու նույնիսկ դրանից էլ առաջվա սովետական շրջանի կյանքն  է պատմություն դարձնում: Ու եթե, օրինակ, Եղիշեի պատմությունը հայ ժողովրդին բաժանեց 2 մասի` վարդանանց ու վասականց, քո պատմությունն էլ հայ ժողովրդի ընթերցող  մասին բաժանեց 2 մասի. մի մասն անհամբեր սպասում է շաբաթ օրվան, որ «Առավոտում» կարդա վեպիդ հերթական գլուխը, մյուս մասն էլ զանգում է խմբագրություն ու  բողոքում, թե ինչպես կարելի է նման բան տպել:

Արմեն
Շատ գրողներ բողոքում են, որ գիրք կարդացող չկա: Այսօր իսկապես գիրք քիչ են կարդում, որովհետև Հայաստանում հատկապես ընթերցասերները ի վիճակի չեն գիրք  գնել: Թերթի շնորհիվ իմ ընթերցողների շրջանակը մի քիչ ընդլայնվում է: Բայց ես գիտեմ, որ իմ ընթերցողների զգալի մասը թերթ էլ ի վիճակի չէ գնել, այդ պատճառով էլ  գրքերիս տպաքանակի մեծ մասը նվիրում եմ: Այնպես որ, իմ այն կոլեգաները, որ կարծում են, թե իմ գրքերը ձեռքից ձեռք են խլում, չարաչար սխալվում են. իմ գրքերն էլ են  դժվար վաճառվում և հետագայում ավելի վատ կվաճառվեն, քանի որ այս վերջին ամիսներին Երևանում միանգամից երկու գրախանութներ փակվեցին. մեկը դարձավ բանկ,  մյուսը` մթերային խանութ: Փաստորեն, «Առավոտի» շնորհիվ, ինձ շատ թե քիչ կարդացող կա, և կոլեգաներիցս որոշները բարձրաձայն ու գրավոր սրտնեղում են, թե  լուսանցքայինը սպրդել է մայրուղի: Այս «լուսանցքայինն» իրենց նախընտրած բառն է, և երևի իրենք չեն էլ ենթադրում, որ դրա արմատներից մեկը հենց «լույսն» է: Այնպես որ,  ավելի լավ է լուսանցքային գրականություն ստեղծես, քան, ասենք, հետանցքային:Ինչ վերաբերում է մեր ու օտարազգի պատմիչներին, նրանք հիմնականում գրել են թագավորների ու իշխանների կյանքից: Սովետական տարիները մեզ սովորեցրին նաև  հասարակների կյանքից գրել, և ես հիմնականում այդ եմ անում: Սովետական երկրի պատմության մեջ ո’չ հասարակները, և ոչ էլ իշխանավորները պատմություն կերտելու  մենաշնորհ չունեին, և հիմա սովետական ժամանակների մասին գրելով` ես հեշտությամբ շրջանցում եմ ռայկոմների ու Կենտկոմի քարտուղարներին: Հայաստանի  անկախության տարիներին անդրադառնալիս նույնը չեմ կարող անել, քանի որ մեր օրերում նախագահի կամ նախարարի փոխվելով` ահագին բան կարող է փոխվել, և ես չեմ  կարող շրջանցել իշխանավորներին, քանի որ հենց նրանք են հիմնականում կերտում մեր այսօրվա պատմությունը` լավ և ավելի հաճախ վատ իմաստով: Ասում ես` Եղիշեի  պատմությունը հայ ժողովրդին բաժանեց 2 մասի, հիմիկվա գրածները 12 մասի կբաժանեին. հիմա ամեն մի կուսակցություն, որ իր պատմության դասագիրքը գրի, բոլոր  տարբերակներն իրարից կտարբերվեն. մեկի դասագրքով կպարզես` ա’յս կուսակցությունն է հաղթել, մյուսինով` նույն կուսակցությունը Հայաստանը կործանել է: Բայց որ  պատմությունը գրում ես առանձին, մասնավոր դեպքերի վրա, անհամեմատ ավելի ճիշտ է ստացվում, քան դասագրքում գրվածը: Պոստմոդեռնիստ պատմիչը Վիոլետ- Չնայած դու պատմիչ ես, բայց գրածդ պատմագրություն չի, ի՞նչ գրականություն է:Արմեն- Հենց հիմա հիշեցի, որ արդեն հինգ տարուց ավելի է` ոչ միայն բանաստեղծություն չեմ գրել, այլև հարցազրույց չեմ տվել: Վերջին հարցազրույցս, կարծեմ,  էլի քեզ եմ  տվել` «Կենտրոն» հեռուստատեսությունում: Կարելի էր այս հարցազրույցն էլ չտալ, բայց քեզ մերժելու քաջություն չունեցա: Հարցազրույցներ տալու կարիք բնավ չունեմ,  որովհետև այն ամենը, որ հարցազրույցով պիտի ասեմ, հեշտությամբ կարող եմ «լցնել» «Հայկական ժամանակ» կոչվող անվերջանալի ու անիմանալի վեպիս մեջ, քանի որ իմ  կողմից «վեպ» հորջորջված այդ անոթն ամեն ինչ ի վիճակի է կլանել և նույնիսկ մարսել: Գրախոսներն ու գրագետներն ինձ հաճախ անվանում են պոստմոդեռնիստ`  մոռանալով, որ մեր գրականության մեջ նույնիսկ մոդեռնիստներ չեն եղել: Այնպես որ, ես պոստմոդեռնիզմ երևույթը չեմ հասկանում` մանավանդ գրականության մեջ և  մանավանդ Հայաստանում, որովհետև պոստմոդեռնիզմին պարտադիր պիտի մոդեռնիզմը նախորդած լիներ: Այն, ինչ եղել է մեր սովետական գրականության մեջ, ոչ թե  մոդեռնիզմ էր, այլ` ընդունված ավանդույթից մի փոքր շեղում: Մեզանում նույնիսկ ռեալիզմ գոյություն չի ունեցել. մեր ապրած սովետական երկրում միայն ռեալիզմն էր  ընդունված, բայց այդ երկրում հատկապես ռեալիստական որևէ բան չէիր կարող գրել և տպագրել: Իրականում միայն սոցռեալիզմն է օրինական գոյության իրավունք ունեցել:

Վիոլետ – Մինչև վեպդ` գրել էիր պոեմ` «Երևան հյուրանոց»: Ստեղծել էիր Շեկոյանակենտրոն մի Երևան, թվարկելով մոտ 800 քեզ ճանաչող իրական մարդկանց` նրանց  անուններով գծել էիր քարտեզն այնպիսի հայրենիքի, որ կոնկրետ մարդկանցով է իմաստավորվում: Հիմա այս վեպիդ «բիոաշխարհագրությունը» շատ ավելի է լայնացել,  կերպարներդ, որ էլի իրական, կոնկրետ մարդիկ են, շատացել են` սկսած երգչուհի Շերին ծափահարող բրիգադի անդամ Պողոսիկից մինչև գեղեցկուհի Լուսինե Թովմասյան,  Լևոն Ներսիսյանից ու Ֆրունզիկ Մկրտչյանից մինչև Չիլո, Չարենցի գլուխն ուտող Ոսկերչյան Արտաշեսից ու Եվտուշենկոյից մինչև «ինքնուս» Հավատացյալ Խորեն… Այս  մարդկանցից ողջերի հետ դու շարունակում ես շփվել կյանքում: Իրականության ու գրականության քո գծած, ավելի ճիշտ` խախտած այս սահմանը ո՞նց է անդրադառնում ձեր  հարաբերությունների վրա:

Արմեն– Նախ` պոեմիս մասին: Այդ պոեմը գրելուց առաջ ահագին ժամանակ գլխացավով էի տառապում և շատ հաճախ մոռանում էի մարդկանց անունները, նույնիսկ`  ամենամտերիմներինը: Ստիպված անունները թղթի վրա գրում էի, որպեսզի չմոռանամ: Հետո տեսա, որ թղթերիս վրա գրված այդ անունները հաճախ իրենք իրենց  հանգավորվել են: Եվ ահա էդպիսի մի պոեմ գրեցի ու տպագրելուց հետո հասկացա, որ մարդիկ իրենց անունները չափից ավելի են սիրում, որովհետև ում անունը, որ հիշել ու  գրել էի, էդ պոեմիցս շատ գոհ էին, իսկ ում անունը մոռացել էի, շատ դժգոհ էին ու ինձ տեսնելիս ասում էին` «յանի էդ ի՞նչ ես գրել»:Ինչ վերաբերում է հերոսներիս հետ անձնական հարաբերություններին, ասեմ. հիմա ռեալիզմի երկիրը չկա, և ազատորեն կարող ես իսկական ռեալիզմի օրենքներով  առաջնորդվել: Ռեալիզմի օրենքը պահանջում է, որ դեպքերին ու իրադարձություններին հարազատ մնալով` հերոսներիդ նախատիպերի անունները փոխես: Ես ճիշտ  հակառակն եմ անում. դեպքերն ու իրադարձությունները փոխում եմ, բայց հերոսներիս իրական անունները պահում եմ: Այսուհանդերձ, հերոսներիցս որևէ մեկը դեռևս չի  դժգոհել, որ իր անունը չեմ փոխել, բայց իր չարած բաներն իրեն եմ վերագրել: Շատերն էլ կան, որ հոգու խորքում չեն նեղանում, բայց արտաքուստ ցույց են տալիս, թե նեղացել  են: Մարդիկ էլ կան, որոնց մասին շատ երկար ես գրում, բայց հետո, երբ անցնում ես ուրիշներին, զգում ես` շատ է տխրել, որ իր թեման փակել ես:

Անտիպոեզիայի սարսափազդու ուրվականը

Վիոլետ– Քո «Անտիպոեզիա» կոչվող բանաստեղծությունների ժողովածուն խփեց որոշ գրողներիս գործին, ու հիմա գրախանութներում մեր գրքերը վաճառքի վերցնելիս  ստուգում են` հո անտիպոեզիա չի՞: Այդ կոնտրոլը հիմնականում լեզվին է վերաբերում:

Արմեն– Այդ «Անտիպոեզիան» ընդամենը բանաստեղծական հերթական գրքիս հերթական վերնագիրն էր: Գրող Մարինե Պետրոսյանի թեթև ձեռքով էդ վերնագիրս վերածվեց  տերմինի ու գրական ուղղության, որի համար Մարինեից շատ շնորհակալ եմ: Մարինեի «գցած կուտը» չափազանց լրջմիտ մարդիկ կերան` հիմնականում գրականագետներ:  Իսկ մեր այսօրվա գրական օրենսդիրները, ցավոք սրտի, գրականագետներից ամենազառամյալներն են, որոնք անշարժ գտնվում են բանասիրական դեկանների ու ամբիոնների  վարիչների բազկաթոռներին: Օրենք են հանել, համաձայն որի, ռեկտորների տարիքը չպիտի անցնի 65-ից: Այնինչ հակառակը պիտի լիներ. ռեկտորները կարող էին տարեց  լինել, մինչդեռ դեկաններն ու ամբիոնի վարիչները, որոնց մեծ մասը 70-ն ահագին անց սկլերոտիկներ են, պարտադիր պիտի երիտասարդ լինեն, քանի որ անմիջականորեն  իրենք են կրում սերունդների դաստիարակության պատասխանատվությունը: Այս վերջին նախադասությունն ասացի ու իսկույն պատկերացրի, թե Գրողների միության նախագահության զառամյալ օրենսդիրներն ինչքան գոհ կլինեին, եթե մեր գրած  վեպերը հենց էսպիսի նախադասություններից բաղկացած լինեին: Ինձ միշտ հետաքրքրել է հետևյալ հարցը. եթե մեր գրականագետներն էդքան կարևոր ու էդքան կատարյալ  են, ինչո՞ւ նույն Գրողների միությունը էդ գրականագետներից մեկնումեկին Կոմիտասի Պանթեոն չի տանում: Ես բարոյական իրավունք չունեմ անդրադառնալ մեր Գրողների  միության էսօրվա վիճակին, քանի որ էսօրվա ղեկավարության ընտրության հարցում ինքս է’լ մեղքի մեծ բաժին ունեմ: Բայց լռել էլ չեմ կարող, որովհետև Անանյան Լևոնին  ձայն տալիս մտքովս անգամ չէր կարող անցնել, որ ԳՄ նախագահության կազմը տարիքային առումով էապես գերազանցելու է բրեժնևյան պոլիտբյուրոյին: Այստեղ 60-ամյա  գրողը համարվում է միանգամայն երիտասարդ: Էլ չեմ խոսում այն մասին, որ հայ գրական արժեքների մեծ մասը ստեղծվել է է’ն տարիքի գրողների կողմից, ում տարեկիցներին  էսօր Ծաղկաձոր` երիտասարդական քննարկումների են քարշ տալիս: Բայց ես քննադատներից «աբիժնիկ» գրող չեմ, քանի որ իմ այս վեպ կոչվածը դեռ չի ավարտվել, բայց  կիսատ գործիս մասին արդեն հոդվածներ են տպագրել Վահան Իշխանյանը, Ալվարդ Բեքմեզյանը, Հայկ Համբարձումյանը, ու ես ուրախ եմ, որ երեքն էլ երիտասարդ են:

Վիոլետ – Դու գրել ես, որ ուզում ես գրավոր լեզուդ հասցնես բանավորիդ մակարդակին: Բայց մեզանում շատերը լեզվին վերաբերվում են իբրև սնդուկում նավթալինով պահած  տոնական հագուստի: Առօրյա շորով, այսինքն` խոսակցական լեզվով գրածը, գրական նորմատիվից շեղվածը քննադատում են: Լեզվի հանդեպ այս պահպանողական  վերաբերմունքը միայն զառամախտո՞վ ես բացատրում:

Արմեն – Նաև` տգիտությամբ: Մուշեղ Գալշոյանը սասունցու բարբառով էր գրում, ավելի ճիշտ` իր հերոսները սասունցու խոսվածքն էին հնչեցնում, բայց երևանցիները չէին  բողոքում: Հրանտ Մաթևոսյանը Լոռվա հնչերանգը բերեց, ու էլի երևանցիները չէին դժգոհում, ավելին, իրե’նք էին շատ հաճախ Մաթևոսյանի ոճը նմանակում ու  ընդօրինակում: Բայց Երևանի խոսվածքն ու հնչերանգը ոչ մի կերպ չի հանդուրժվում:

Վիոլետ – Սոցիալական տարբեր խմբերի ժարգոնն իրենց մանրապատումներում ու  գովազդներում հրապարակ հանելու համար քննադատում են նաև Հայկոյին ու Մկոյին, «Կարգին հաղորդումը». մեր մտավորականները զարզանդում են «տեսնցվել»,  «Նիվուլիկ» բառերից:

Արմեն – «Կարգին հաղորդման» ստեղծագործական խումբը ծաղրում է ժարգոնը, բայց քանի որ այդ ծայրահեղ ժարգոնը մեր մտավորականների բալիկների առօրյա խոսվածքն է,  երևի մեր մտավորականները դրա’ համար են նեղանում ու նեղվում Մկոյից ու Հայկոյից:

Ազգային ծիրանն ու ապազգային բանանը

Վիոլետ – Մեր մտավորականները հաճախ բարոյական սանիտարություն են անում, սպիտակ խալաթավորների մի բանակ շպրիցներով կպել է արվեստի ու մշակույթի ջանին,  որ սրսկի, ախտահանի:

Արմեն – Մարդիկ, որոնք Սովետի ու ՀՀՇ-ի օրոք չափազանց կոսմոպոլիտ էին, այսօր ագրեսիվ ազգայնական են դառել, որովհետև այսօր «ազգայիններին» են պաշտոն ու  պետական մրցանակ տալիս:
Իրական ազգայինը խորքային երևույթ է, ոչ թե` մակերեսային: Եթե դու ազգային ծիրան ես ծախում, իսկ մեկ ուրիշը` ապազգային բանան, դա դեռ  չի նշանակում, թե դու ավելի ազգասեր ու հայրենասեր ես: Հայրենասերը նա է, ով չի թերակշռում:
Ես ուրախ եմ, որ իմ օրվա հացը շարունակում եմ գրելով վաստակել, որովհետև իրենց բուն գործով չզբաղվող մարդիկ միշտ վտանգավոր են կողքինների ու հասարակության  համար: Գրողներ կան, որ գլավլիտի ու ցենզուրայի վերանալուց հետո որևէ տող չեն գրել, բայց այսօր ինձ ու բոլորին գրելու անվճար դասեր են տալիս: Եթե այդքան լավ  գիտես, ինչո՞ւ ես գրելը թարգել ու դաս տալով զբաղվում: Բայց հայրենասիրության ու գրականության դասեր տվողներն անհամեմատ տանելի են , քան` հավատքի դասեր  տվողները: Մարդիկ կան, որ կյանքում մի քանի անգամ են ամուսնանում, որպեսզի իրենց անձնական երջանկությունը կատարելության հասցնեն: Մարդիկ էլ կան, որ  առավոտից իրիկուն էնպիսի ստեր են փչում, որոնց Մյունհաուզենն անգամ կնախանձեր, բայց այս ստախոսների մեջ կան մարդիկ, որոնք ստախոսությունից ազատ ժամերին  սիրում են բացարձակ ճշմարտությունից խոսել: Մարդիկ էլ կան, որ առավոտից իրիկուն իրենց կնոջը դավաճանում են ու սրա-նրա հետ քարշ գալիս, բայց իրենց նախընտրած  շուրջօրյա թեման քրիստոնեական բարոյականությունն է: Ես այս մարդկանց դեմ որևէ բան չունեմ, որովհետև ինքս էլ կատարյալ չեմ. այսուհանդերձ, այդ հավատաքննիչների  դասերը մերժելը իմ իրավունքն է:

Վիոլետ – Բայց քո գրականությունը հենց հավատացյալի գրած է` սկսած գաղափարախոսությունից մինչև մոմ վառելուդ նկարագրությունը: Շատերը հեգնում են մոմ վառելու մեջ  քրիստոնեություն տեսնողներին:

Արմեն – Ղալաթ են անում, որ հեգնում են: Ես մոմ վառում եմ և մոմ չվառողներին էլ չեմ քննադատում, որովհետև ասված է` մի դատիր, որ չդատվես: Ես եկեղեցի գնում եմ, բայց  ինձ հավատացյալ չեմ համարում, որովհետև ինքս իմ անձնական շահի ու հոգեկան հանգստության համար եմ եկեղեցի գնում, այլ ոչ թե` Աստծուն փառաբանելու: Եվ  ընդհանրապես, գրականությունն է’լ էգոիզմի ու փառասիրության դրսևորումներից մեկն է, այլապես` մենք Նարեկացու պես մե’ր մեղքերը կխոստովանեինք ու կթվարկեինք և ոչ  թե` ուրիշներինը, և Նարեկացու պես միայն մեր ստեղծագործությա’ն անունը կգրեինք և ոչ թե որևէ բան չասող մեր անուններն ու ազգանունները կշողշողացնեինք մեր անհեթեթ  գրքերի պսպղան սուպերշապիկներին: Այսուհանդերձ, հային ու հայ գրողին փոքր-ինչ քրիստոնյա լինելը երբեք չի խանգարի: Գոնե մուլտֆիլմի էն կատվի չափ քրիստոնյա լինենք ու ժամանակ առ ժամանակ իրար  ասենք. «Րիբյատա, դավայծե ժիծь դրուժնը»: Եթե դու ազգային ծիրան ես ծախում, իսկ մեկ ուրիշը` ապազգային բանան, դա դեռ չի նշանակում, թե դու ավելի ազգասեր ու հայրենասեր ես, հայրենասերը նա է, ով չի  թերակշռում: Մեր ապրած սովետական երկրում միայն ռեալիզմն էր ընդունված, բայց այդ երկրում հատկապես ռեալիստական որևէ բան չէիր կարող գրել և տպագրել:

Հրապարակվել է www.prm.am կայքից

Share Button

1 Կարծիք

  • H. HAYK says:

    Lav Harcazruyc e ….teev Shekon mek u mej kexc antarberutyun u anhavaknotutyun e dzevacnum…hatkapes qnnadatneri u grakanagetneri depqum…Amboxj Haykakan Jamanak@ lcvac e qnnadatneri hamar stexcvac xaycerov ev @st eutyan anyndgat popoxvum e @st mijavayri u naev qnnadatutyan kartciqneri…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *