1981-ի դեկտեմբերի 24-ի այդ ցուրտ առավոտին միայն ուզում էի արևածագից վարդագույն դարձած ամպի կտորին նայել։ Մենք իրար հետևից բլրի զառիվայրն էինք բարձրանում, երբ նայեցի վեր, և հանկարծ գնդակների տեղատարափը ճեղքեց կուրծքս ։ Մեջքի վրա ընկա, թոքերս այրվեցին ու լցվեցին արյունով, և երեք րոպե անց, երբ դեռ նայում էի նարնջագույն ու վարդագույն ամպին, մեռա։ Երբեք չտեսա նրան, ով բլրի վերևի քարերի հետևից կրակել էր ինձ։ Հավանաբար, հազիվ քսան տարեկան լիներ, քանի որ եթե փորձ ունենար, չէր ընտրի գնդակահարել մի շարքայինի, երբ մեր շարասյան մեջ երեք գեներալ-մայոր ու երկու լեյտենանտ կային:
Հայրս երազել էր՝ բժիշկ եղբորս նման Ավստրալիա գնամ։ Բայց ես երևի չունեի դրա պատրաստակամությունը։ Ամռան վերջին, հենց ստացա ավարտական վկայականս, Թեհրանի օդանավակայանը ռմբակոծվեց։ Պատերազմ էր սկսվել։ Մայրս ինը ամիս ինձ փակեց տանը։ Ամեն օր ինձ համար թերթ ու երբեմն էլ գիրք էր գնում։ Վերջապես, մի օր հոգնեցի, և Փարվանեի հետ պայմանավորվեցինք հանդիպել այգում։ Փարվանեին ավագ դպրոցի երկրորդ դասարանից էի ճանաչում, և չորրորդ տարում խոստացանք հավերժ հավատարիմ լինել միմյանց։ Փարվանեի վարսերը գեղեցիկ նարնջագույն էին, և մշտապես փայլուն, դեղնավուն շրթներկ էր կրում։ Ավագ դպրոցի երրորդ տարում, երբ հետմիջօրեին առաջին ու վերջին անգամ գնացել էի նրանց տուն, տեսա նրա վարսերը։
Դեռ նրան չէի տվել փաթեթավորված օծանելիքի սրվակը, որը գնել էի այգու ճանապարհին, և նամակը, որին պատրաստվել էի ինը ամիս, երբ կամավորական պարեկները մեզ ձերբակալեցին։ Մինչև այն պահը, երբ մեզ ստիպեցին մտնել իրենց ամենագնացի հետևը, ես դեռ չէի հասկացել կատարվածի ծանրությունը: Դրանից հետո էլ միայն եղունգներիս էի նայում, որ հայացքս Փարվանեի աչքերին չբախվի։
Հարայ-հրոցով նրան իր ընտանիքին հանձնեցին, ինձ էլ տարան նախնական կալանքի վայր, որը քաղաքի հարավում էր, բայց հստակ չէի հասկանում, թե՝ որտեղ։ Երբ Փարվանեին իջեցրին իրենց տան շեմին, հարևաններից մեկը պատուհանը բացել, մեզ էր նայում։ Որ ճամփա ընկանք էլ, դեռ այդտեղ էր։
Ինչ-որ մեկը սուր առարկայով իմ խցի պատին մի մեծ սիրտ էր փորագրել։ Սրտի մի կողմը ծռվել էր։ Երկու օր ոտքերս մեկնել, նայում էի դռանը։ Վերջապես եկան ու ինձ տարան քաղաքի ծայրամասի ոստիկանական բաժանմունքը։ Այդ շինության պատերն աղյուսից էին, իսկ վերևում փշալարեր էին ամրացված։ Սափրված գլուխներով տղամարդկանց մի մեծ խմբի հետ միասին ինձ նստեցրին ավտոբուս, որը գնում էր բանակի ուսումնամարզականկան ճամբար: Տասնվեց ժամ անց իջանք ուսումնամարզական ճամբարի դարպասների առաջ, սերժանտը շարեց մեզ և ստիպեց ջոկատի շուրջն այնքան վազել, որ դեռ մի շաբաթ կաղում էի։ Բոլորս ծառայությունից խուսափածներ էինք։ Գիշերը՝ ջրիկ աբգուշթ[1] տալուց հետո, մեզ նորից շարք կանգնեցրին և բոլորիս համազգեստներ բաժանեցին, որոնք կարծես լայն պարկեր լինեին։
Վերջին անգամ հորս ու մորս տեսա այն ժամանակ, երբ ավտոբուսը ուսումնամարզական հավաքի ճանապարհին պտտվում էր «Ազադի» հրապարակով։ Երկուսով, կանգնած հրապարակի այգիներից մեկի մոտ, ինձ տեսնելուն պես ձեռքով արեցին։ Սափրված գլուխներով մյուս զինվորներն էլ ապակու հետևից նրանց ձեռքով արեցին։ Ծնողներս ծիծաղեցին, առաջ եկան՝ բոլորիս ձեռքով անելով։ Մենք էլ տեղներիցս կիսով չափ վեր կացանք՝ նրանց ձեռքով անելով։ Չգիտեմ՝ որտեղից գիտեին, որ մեր ավտոբուսն այդ ժամին է «Ազադի» հրապարակով անցնելու։ Հինգ ամիս անց, երբ գնդակը կուրծքս խոցեց, նամակը, որի գրելու վրա ինը ամիս մտածում էի, դեռ տաբատիս գրպանում էր․ նախնական կալանքի վայրում նույն պահին օծանելիքի սրվակը առել էին ձեռքիցս։
Ես ժամերով մնացի ձիու գլխի նմանվող չոր թփի ու արտասովոր կանաչ գույնի մի մեծ քարի մոտ։ Վարդագույն ամպն աստիճանաբար նարնջագույն ու դեղին դարձավ և հետո ամբողջությամբ անհետացավ։ Մեր շարասյունը կորցրել էր իր ճանապարհը թշնամու տարածքի խորքերում, և երբ կրակահերթը սկսվեց, ոչ ոք չկարողացավ ինձ իր հետ տանել հետ։ Կեսօրից հետո իրաքցիներն եկան, ինձ բեռնատարը դրին ու տարան դիահերձարան։ Ինձ մերկացրին ու ամբողջ մարմինս խուզարկեցին։ Ամենայն հավանականությամբ, ինձ շփոթեցին լրտեսի կամ մեկ ուրիշի հետ, քանի որ որոշեցին չթաղել։
Չորս շաբաթ մնացի մետաղյա դարակում, որի ներսում լյումինեսցենտային լույս էր տեղադրված։ Ամեն անգամ դարակը բացելիս լույսը վառվում էր։ Բազմիցս մի քանի հոգու բերեցին, որ ինձ տեսնեն։ Ոմանք ձեռնաշղթաներով էին, ոմանք էլ՝ ազատ ձեռքերով։ Ի վերջո, ինձ ոչ ոք չճանաչեց։ Բոլորը գլուխներն էին աջուձախ անում ու գնում։ Վերջին օրերին էր, որ երկու հոգու էլ բերեցին ու դրեցին կողքի դարակների մեջ։ Երկուսի եղունգներն էլ քաշած էին, իսկ մաշկները լի էին այրվածքի կապտուկներով։ Երեք օր անց շտապօգնության՝ ներկած ապակիներով մեքենայով տարան մի ամայի գերեզմանոց։ Գերեզմաններից որևէ մեկը քար չուներ։ Մեր տեղը վաղուց էին պատրաստել։ Ինձ փոսը գցեցին, և իրանցի՝ դեղին համազգեստավոր երկու գերիներ հող լցրին վրաս։ Հետո վրաս իմ հասակի մի թումբ սարքեցին։
Հողաթմբերից ոչ մեկն անուն չուներ։ Միայն յուրաքանչյուրի գլխին մի կանաչ հուշատախտակ էր խփված՝ վրան սպիտակ համարանիշ փորագրված։ Անանուն գերեզմանների հակառակ կողմում իրենց ստվերն էին գցում շարքով էվկալիպտները։ Եղբայրս իր նամակներում գրում էր, որ Ավստրալիան լի է էվկալիպտներով, և այնտեղ ուրիշ ոչ մի իրանցի էլ չկա։
Էվկալիպտների նեղ ծառերից այն կողմ երկհարկանի բետոնե մի շենք կար։ Այդ շենքի պատուհաններից ժամանակ առ ժամանակ աչք գցող յուրաքանչյուր մարդ կարող էր տեսնել հողաթմբերի վրայի կանաչ հուշատախտակները։ Գերեզմանատան այն կողմում մի մեծ ագարակ կար՝ շրջապատված նեղ ու երկար փշալարերով։ Առավոտյան տրակտորով մի խումբ մարդ էին բերում՝ ագարակում աշխատելու, իսկ կեսօրից հետո, երբ անցնում էին գերեզմանների կողքով, պարսկերեն կտրտված բառեր էին լսվում։ Ութսունյոթերորդ օրվա մայրամուտին, երբ էվկալիպտի ստվերը հասնում էր գերեզմանների խորքին, նոր գերեզմանափոս փորելու եկած երեք հոգին գաղտագողի մոտեցան իմ գերեզմանին ու մետաղյա հուշատախտակի մոտ կակաչի սոխուկ տնկեցին։ Պարզ չէր, թե այնտեղ որտեղից էին կակաչի սոխուկ գտել, բայց հավանաբար ինչ-որ մեկի հետ էին շփոթել։ Մեկի, որ միանշանակ շատ կարևոր մարդ է եղել և նրա գերեզմանին կակաչ տնկելը հարգանքի ու երախտիքի նշան էր։ Հաջորդ օրվանից, երբ տրակտորն անցնում էր իմ կողքով, ագարակում աշխատող ռազմագերիները գլուխները դանդաղորեն այս ու այն կողմ էին տարուբերում։
Կակաչի սոխուկը դանդաղ, մեղմորեն տարածեց իր արմատները, և ցողունը դուրս եկավ հողից։ Յոթ օր հետո իրաքցի երեք զինվորներ, որ կոշիկի քուղերով տաբատի փողքերն էին կապել, եկան-կանգնեցին իմ թմբի վրա։ Նրանք ծաղկի սոխուկն ու անգամ կանաչ հուշատախտակը քաշեցին-հանեցին։ Գուցե գերիների սրբավայրի հետքերը ջնջելու համար էր, որ հրամայեցին բուլդոզերներով արմատախիլ անել էվկալիպտի ծառերը։ Երկաթյա մի կռունկ անգամ մեզ հանեց հողից ու լցրեց իրար վրա։ Այդ ամբողջ ընթացքում բետոնե շինությունից պարսկերեն ու արաբերեն գոռում-գոչյունի ձայներ էին լսվում, որ մեկը մեկից բարձր էին։ Ի վերջո, մեզ էլ մի կռունկով լցրին մի քանի բեռնատարի հետևը։ Երբ բեռնատարը ճամփա ընկավ, դեռ լսվում էին մեր գերեզմանները հարթեցնող մեքենաների ձայները։ Ձախ ձեռքիս մատերը հավերժ մնացին այնտեղի հողերի մեջ։
Մինչև հետկեսօր բեռնատարները շարունակում էին ընթանալ։ Մայրամուտից առաջ հասանք մի վայր, ուր բարձր լեռներ կային։ Բեռնատարները կայանեցին բակում։ Բակի պատերը բաց դեղնավուն էին ներկված։ Մայրամուտի արևը պահակակետի դարպասից փայլում էր դեպի ներս՝ բակի պատին կարմիր մակերես պատկերելով։ Երկու օր մնացինք այնտեղ, և ամեն մայրամուտին կարմիր մակերեսը պատկերվեց պահակակետի պատին։ Երրորդ օրը առավոտյան նորից ճամփա ընկանք։ Ճանապարհը քարքարոտ էր ու խորդուբորդ, և երբեմն դրա կողքով անցնող էշերից էլ էինք հետ մնում։ Կեսօրին մոտ հասանք անտառապատ լեռներով շրջապատված մի խոր ձորի։ Այնտեղ մեզ գցեցին երկար ու խոր փոսի մեջ, որ նման էր ջրանցքի։ Փոսը վաղուց էին պատրաստել։ Նույն օրը երեկոյան ուրիշ բեռնատարներ եկան և մի խումբ մարդկանց, որ նոր էին գնդակահարվել, լցրին մեզ վրա։ Նրանց լայն համազգեստները արնաշաղախ էին ու ծակծկված, և ոմանք դեռ արնահոսում էին։ Հետո բուլդոզերներ եկան ու ջրանցքը ծածկեցին հողով ։
Ուղիղ վզիս վրա մի կնոջ գլուխ էր ընկել, որի կարմրավուն մազերը փաթաթվել էին գլխի շուրջը՝ ծածկելով աչքերը։ Կրծքիս վրա մի տղամարդու սպիտակ ու բարակ ոտքեր էին, և մեկ ուրիշի նեղ բերանն էլ կպել-մնացել էր փորիս։ Ես էլ կողքանց ընկել էի մի տղամարդու կրծքավանդակին․ նրա կողոսկրերը կոտրվել էին։ Այս խառնաշփոթը շատ երկար տևեց։ Վաթսունհինգ օր անց մի խումբ զինվորներ ու սպաներ եկան և շտապ փորեցին հողերը՝ գտնելու մեզ: Նրանք, որ բերանները թաշկինակներով փակ էին, բոլորիս անմիջապես բեռնատարը լցրին։ Հավանաբար, ինչ -որ մեկը մեր գտնվելու վայրը փոխանցել էր որևէ կազմակերպության, և այժմ նրանք ստիպված էին ջնջել մեր՝ այնտեղ գտնվելու ցանկացած հետք:
Երբ ճամփա ընկանք, զինվորները երկար ու դատարկ փոսը լցնում էին հին անվանդողերով ու հողով։ Այդ գիշեր, երբ բեռնատարներն անցնում էին լեռնային ճանապարհներով, հաճելի հոտ էր գալիս։ Ինչ-որ տեղ հովիվը կրակ էր վառել: Առջևում՝ մեկ ուրիշ լանջին, լուսնի ցոլքին մեղվի փեթակներ էին երևում։ Օդը լցված էր միջատներով և վայրի ծաղիկների բույրով:
Եթե Փարվանեն այնտեղ լիներ, մինչև առավոտ չէինք քնի։ Կպառկեինք մաքուր սավաններով թախտին ու կնայեինք լուսնկայի բզեզներին, որ բաց պատուհանից կմտնեն սենյակ՝ լուսավորելու լռությունը։ Կարճ ժամանակ անց ամպեց, ու անձրև եկավ։ Ես մնացածի վրա էի, և ոսկորներս թրջվեցին։ Առավոտյան, երբ լեռան կատարի ծառերի հետևից բացվում էր այգաբացը, հասանք մի տեղ, ուր սպասում էին մեզ։ Բեռնատարը բլրից իջավ ցած, և երկնքի աղոտ լուսավորության տակ երևաց դաշտը։ Անթիվ-անհամար փորվածքներով դաշտը կարծես մեղրամոմ լիներ։
Արևը ծագելուն պես դիմակավորված տղամարդիկ եկան ու մեզ փոսերը գցեցին։ Զզվելով մեզ դիպչելուց՝ երկար բահեր ունեին և մեզ հրելով գցում էին փոսերը։ Մեկ ուրիշի ձեռքն էլ գցեցին իմ փոսի մեջ։ Նրա մատին ժանգոտած մատանի կար։ Մարդը, որ բեռնատարում կողքիս էր, պրոթեզն ընկել էր բերանից։ Արագ անցնող զինվորներից մեկը ոտքի ծայրով այն իմ փոսը նետեց։ Ատամները սևացել էին, իսկ վրան արյուն էր չորացել-մնացել։ Մատանիով ձեռքի եղունգները կապտած էին։ Մի փոքր հետո ինչ-որ մեկի ստորին վերջույթների ոսկորներն էլ նետեցին։ Վերջույթի մեջտեղում փոքրիկ զանգված կար․ կարծես այն մեջտեղից էին իրար կպցրել։ Հաստատ ոտքը նախկինում կոտրած է եղել․ իսկ ես ոչ մի տեղս երբեք չեմ կոտրել, քանի որ մայրս անհանգստանում էր և մանուկ հասակիցս էլ ուշադիր էր, որ վտանգավոր խաղեր չխաղամ։
Ակնհայտ էր, որ գերեզմանափոսերը հապշտապ էին փորել։ Իմ փոսի պատն ամբողջությամբ ծուռ էր, իսկ հատակը՝ ուռած։ Եթե փոսը երկու-երեք բահ խորը փորած լինեին, հաստատ երկու թիզ ներքևից մի հնամյա գերեզման կգտնեին։ Հենց իմ ներքևում էր գտնվում ասորեստանյան արքայազնի գերեզմանը, որը երկու ձեռքերով բրոնզե թուրը սեղմում էր կրծքին. եթե նա մի փոքր բարձրացնի այն, ծայրը կխմրճվի ուղիղ կոնքիս ոսկորների արանքը:
Առաջին թաղմանս պես գերեզմանիս վրա իմ հասակի մի հողաթումբ սարքեցին, վրան սպիտակ գույնի մի քանի թվանշանով հուշատախտակ խրեցին։ Հաջորդ օրն անձրև եկավ, իսկ երկու-երեք շաբաթ անց հողը կանաչեց։ Մոլախոտերը բազմիցս թոշնեցին ու նորից կանաչեցին։ Երկու հազար ութ հարյուր վաթսունչորս օր մնացի այնտեղ։ Մոլախոտերի արմատները կախվել էին գերեզմանից, իսկ ասորեստանյան արքայազնը դեռ երկու ձեռքով շարունակում էր բռնել իր թուրը։ Մի օր էլ մի խումբ մարդիկ եկան իրենց բահերով, գերեզմանները բաց արեցին և մեզ լցրին սպիտակ պարկերի մեջ։ Յուրաքանչյուր պարկի վրա մի թվանշան էին փակցնում։ Պարկերը բարձեցին դեղին բեռնատարն ու մինչև գիշեր քշեցին։ Վերադառնում էինք։ Դեռ թշնամու հողում էինք, բայց հեռուներում երևում էր Իրանի երկինքը։ Արդեն մթնել էր, երբ հասանք սահման։ Իրանի հողի վրա գտնվող պահակակետում մի քանի խոշոր բեռնատարներ էին կանգնեցվել բարձր սյուների վրա տեղադրված լուսարձակների տակ։ Եթե ծնողներս ու Փարվանեն իմանային, որ վերադարձել եմ, հաստատ այնտեղ ինձ կսպասեին։ Բայց ոչ ոք չկար։ Կարծես այն տարվա Չհարշամբե սուրին[2] լիներ, երբ կրակ վառելու համար երկու օր առաջ փայտ էինք հավաքում, բայց երեկոյան անձրև եկավ, ու փայտերը թրջվեցին։ Բոլորն իրենց տներն անցան, ու մարդ չմնաց։
Մեզ դասավորեցին բեռնատարներն ու տարան օդանավակայան։ Անծանոթների ոսկորների՝ ինձ հետ նետված ամբողջ ավելորդ քաշով ինքնաթիռ նստեցրին, ու թռանք։ Ամպամած էր, երբ Թեհրանում վայրէջք կատարեցինք։ Մեզ «Մեհրաբադ» օդանավակայանի մեծ ամբարներից մեկը տարան։ Հենց այն տեղը, որը ռմբակոծվեց ավարտական վկայական ստանալուս օրը։ Փակելով ամբարի մեծ դուռը՝ մեզ դուրս հանեցին համարակալված պարկերից։ Ամբարի հատակը լի էր միանման դագաղներով, և մեզ զգուշությամբ դագաղն էին դնում։ Ոմանք, հեռվում կանգնած, լաց էին լինում։ Իրենց գործն ավարտին հասցնելուն պես դագաղի վրա մեծ դրոշ գցեցին, դիմացն էլ մի նկար փակցրին։ Իմ դագաղի վրա մի տղայի լուսանկար էր, որը բարակ բեղ ուներ։ Կյանքումս երբեք բեղ չեմ ունեցել։ Ակներև էր, որ ինչ-որ մի տեղ թշնամու հողում իմ համարը խառնվել էր։
Զինվորներ, որոնց համազգեստը լայն չէր, իսկ ուսներին կարմիր ուսադիրներ էին, մեկ առ մեկ բարձրացրին դագաղները՝ դասավորելով ամբարից դուրս գտնվող մեծ ու ընդարձակ հրապարակում։ Մեծաթիվ մարդիկ էին հավաքվել այդտեղ։ Ոմանք լալիս էին, շատերի ձեռքներին էլ երիտասարդ տղամարդկանց լուսանկարներ էին։ Ծնողներս նրանց մեջ չէին։ Փարվանեի հետքն էլ չկար։ Եթե դեմք ունենայի, գուցե մեկը գտնվեր, որն ինձ կճանաչեր։ Շատ էին ամեն ինչ նկարահանող օպերատորները։ Ինչ-որ մեկն էլ, կանգնած դագաղների հետևի պատվանդանին, ճառում էր մարդկանց համար։
Ամբոխի մեջ մի ծանոթ դեմք կար։ Կարմրավուն մազերով մի երիտասարդի լուսանկար էր, որ ժպտում էր։ Իմ նկարն էր։ Սրճագույն գլխաշորով մի ծեր կին այն պահել էր իր գլխավերևում։ Մայրս էր։ Ինքն էր։ Շատ էր ծերացել։ Հայրս չկար․ երբ «Ազադի» հրապարակում ձեռքով էին անում ինձ, միասին էին։ Մայրս փոքրացել էր։ Հայրիկը հաստատ մահացել էր, թե չէ չէր թողնի, որ մայրս միայնակ գա։
Ճառասացության ու նկարահանման ավարտից հետո լուսանկարները դրեցին ամենագնացներն ու դուրս եկան այդ տարածքից։ «Ազադի» հրապարակի մոտով անցնելիս մարդիկ երբեմն կանգնում էին այգիների մոտ ու նայում ամենագնացների շարասյանը։ Ինձ տարան մի հին տուն, որ բակ ու ջրավազան ուներ։ Այնտեղ դեռ վաղուց տախտակներ էին պատրաստել ինձ համար, որի շուրջբոլորը խորդենիների այնքան ծաղկամաններ էին, որ անգամ մեղուներին խելագարության կհասցնեին։ Մինչև գիշեր գալիս էին մարդիկ, ճակատները հպում դագաղին, արտասվում էին ու գնում։ Այդ ամբողջ ընթացքում միայն մի ծեր կին էր մնացել։ Նրա մեծ քիթը լացից կարմրել էր։ Լացելիս այդքան էլ չէր տարբերվում մորիցս։ Լացելիս գուցե բոլորն են իրար նմանվում։ Ամեն հինգ րոպեն մեկ վեր էր կենում և դագաղիս անկյունը համբուրում։ Բայց ամեն անգամ, երբ ցանկանում էր դագաղս բաց անել, մի քանի հոգի բռնում էին ու նստեցնում սև, կաշվե աթոռին։
Հաջորդ օրն առավոտյան դագաղս դրեցին նույն ամենագնացն ու բարձրացրին քաղաքից դուրս գտնվող մի գեղեցիկ բլուր։ Բլրի շուրջբոլորը լի էր հին ծառերով։ Այնտեղ մեզ համար մեծ ու փառահեղ մի քանի գերեզման էին փորել։ Երբ ուզում էին ինձ իմ տեղը դնել, դագաղը բացեցին։ Հիմա էլ մի քանի հոգի բռնել էին ծեր կնոջը, սակայն դրա կարիքը չկար․ ընդհանրապես չէր շարժվում։ Նայում էր այն ձեռքի ժանգոտված մատանուն։ Անգամ չէր էլ լացում։
Ինձ զգուշությամբ թաղեցին, իմ հասակի սև, գեղեցիկ մի քար դրեցին վրաս, իսկ վերևում էլ ամրացրին բարակ բեղերով այն երիտասարդ տղայի լուսանկարը։ Ծեր կնոջ հայացքը դեռ սևեռված էր քարին։ Մի աթոռ էին դրել, որ նստի․ հաստատ ռևմատիզմ ուներ։ Երեկվա պես մեծաթիվ մարդիկ էին հավաքվել, իսկ օպերատորները ամեն ինչ նկարում էին։ Այնտեղ էլ էին պատվանդան դրել, և ինչ-որ մեկը ճառում էր։ Ամպամած էր, և տեսախցիկների լույսը կայծակի նման լուսարձակում էր երկնքում։ Հետո բոլորը գնացին և ծեր կնոջն էլ իրենց հետ տարան։
Այս վերևից Թեհրանի հեռուներն էլ կարելի է տեսնել։ Այնքան հեռու, որ չեմ կարողանում գտնել Փարվանեենց տունը։ Նամակը, որին ինը ամիս պատրաստվում էի, գուցե դեռ Իրաքի պահակակետերում է։ Օծանելիքի սրվակն էլ հաստատ աղբերի հետ է թաղվել։ Եթե Փարվանեն մի օր այս կողմ գա զբոսանքի, կհասկանամ՝ դեռ օգտվում է այն փայլուն, դեղնավուն շրթներկից, թե ոչ։ Լավ եղանակ է։ Երբեմն արև է ելնում, երբեմն անձրև է գալիս։ Երկնքում ամպի մի կտոր կա, որի վերևը վարդագունել է։ Նարնջագույն մի փարվանե[3] նստել է դեղին տերևներով խոտերին։ Հիմա ելնում է ու գնում դեպի հին ծառերը։
[1] Աբգուշթ – փիթիանման ուտեստ։
[2] Չհարշամբե սուրի – կարմիր չորեքշաբթի (պրսկ․)։ Նովռուզին նախորդող վերջին չորեքշաբթին, երբ մարդիկ կրակ են վառում ու թռչում դրա վրայով։
[3] Փարվանե պարսկերենում նշանակում է թիթեռ։ Հեղինակը բառախաղի միջոցով կապել է անձնանունն ու հասարակ գոյականը։
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի