Վարուժան Ոսկանյան | Շշուկների մատյան

Վարուժան Ոսկանյան

Գրողի կենսագրական առաջին տվյալները կարելի է գտնել հենց այստեղ` Շշուկների Մատյան վեպում: Վարուժան Ոսկանյանը ծնվել է Ռումինիայի Կրայովա քաղաքում, 1958 թ. հուլիսի 25-ին: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Ֆոկշանում: Ավարտել է Ֆոկշանի Ալեյշսանդրու Իոն Կուզա լիցեյը, այնուհետև Բուխարեստի Տնտեսական գիտությունների ակադեմիայի առեւտրի ֆակուլտետն ու Բոխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Ռումինիայի Հայոց միության նախագահն է, Ռումինիայի Գրողների միության առաջին փոխնախագահը: Սենատոր է, 2006-2008 թթ. եղել է Ռումինիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նրա գրական գործերից են բանաստեղծությունների երեք հատորները’ Կապույտ Շամանը/Samanul albastru (1994), Թագուհու սպիտակ աչքը/Ochiul cel alb al reginei (2001), Հազար թևերով Հիսուսը/Iisus cu օ mie de brate (2005), ինչպես նաև Կոմանդորի արձանը/Statuia comandorului (1994) պատմվածքների ժողովածուն, որի համար արժանացել Է Բուխարեստի Գրողների ընկերակցության մրցանակին:

Շշուկների մատյան
(հատված)

shshukneri matyanԱՌԱՋԻՆ

Ես հենց այն եմ, ինչն ինձ չհաջողվեց իրագործել:
Ապրածս կյանքերից ավելի ճշմարիտը, որ կրում եմ պոչերից կապած օձերի կծիկի նման, չապրածս կյանքն է: Մի մարդ եմ, որ այս հողի վրա ապրեց անչափ և նույնքան էլ չապրեց:
Ծնողներս ողջ են: Նշանակում է` ես դեռ լիովին ծնված չեմ: Նրանք մինչ այժմ էլ մի քիչ կլորացնում են իմ անտաշ ուսերը: Դեռ շունչ են հաղորդում կրծքիս, որ փոփոխում է իր շրջագիծն այնպես, ինչպես հին հույների սափորներն էին իրենց մեջ թանձրացող գինու ձեն ստանում: Նրանք դեռ հարթեցնում են իմ պղնձագույն դեմքը:

Ու քանի դեռ լիովին չեմ ծնվել, մահը դեռևս հեռու է: Այնքան երիտասարդ եմ, ոը կարող եմ սիրել նրան, ինչպես գեղեցիկ կնոջը:
Իմ առաջին ուսուցիչը մի ծեր հրեշտակ էը: եթե ինչ-ոը մեկը հեռվից նայեր մեր բակի խորքը, կտեսներ հսկա ընկուզենու տակ նստած մի երեխայի: Իրականում ես նստած էի այն ծեր հրեշտակի ոտքերի տակ, որն իմ ուսուցիչն էր: Նրա ստվերը յոդի հոտ էր արձակում, և գրելուց մատներիս վրա ընկնում` հանց լերդացած արյան բիծ: Այնպես որ, արդեն չգիտեի, թե ում վերքն էր դա` իմը, թե՞ նրանը:
Նրանից սովորեցի, որ անունը ոչ մի բանի պետք չէ: Նույնիսկ իմը պիտի գրեմ փոքրատառով, ինչպես որևէ ծառի կամ կենդանու անուն: Զրուցում էինք առանց բառերի, ու լավ էր, ինչպես այն ժամանակ, երբ բոբիկ վազվզում էի խոտերի մեջ: Հետքեր չեն մնում, ուրեմն խոտերի մեջ ման գալն անմեղ բան է: Սանդալներս նետում էի ու վազում քաղաքի ծայրին գտնվող դաշտ: Նրա ստվերը փռված էը իմ ստվերի վրա, և մենք երջանիկ էինք:
Մի օր էլ ծեը հրեշտակն անհետացավ: Շվարած նայեցի ընկուզենուն, նրա հաստ բնին, հյութեղ տերևներին: ճյուղերի վրա թռչուններ իջան: Աշնան քամին ճյուղերը թափահարեց, և ընկույզները թափվեցին գետնին: Կոտրեցի ու կերա: Համեղ էին: Նրա մարմնից կերա: Այդ ժամանակից սկսած` այլևս չփնտրեցի ծեր հրեշտակին: Միայն յոդի հոտը մնաց, և երբեմն դեռ սևականաչա- վուն հետքեր եմ տեսնում մատներիս վրա, ինչը հիշեցնում է, որ մաշկիս տակի միսը դեռ ապաքինված չէ:
Մանկությանս Ֆոկշանը լայն փողոցներով ու մեծ-մեծ տներով քաղաք էր: Մեծանալուս զուգընթաց փողոցներն աստիճանաբար նեղանում էին, իսկ տները’ փոքրանում: Փաստորեն, միշտ էլ այդպես էին եղել, սակայն մանկական իմ աչքերին դրանք, ինչպես նաև ամբողջ աշխարհը, վիթխարի չափերի էին թվում: Հարկավոր է տների հիմքերի չոր գերանների և պատշգամբների սյուների փոխարեն դնել դալար տնկիներ: Այդպիսով, տները կմեծանան մարդկանց հետ միասին, աշխարհը չի փոքրանա, իսկ ժամանակը չի կարճանա:
Երկրորդ համաշխարհայինից այս կողմ քիչ բան էր փոխվել: Քաղաքի արևելյան մասում գտնվող մեր թաղն ուներ չսալարկված փողոցներ ու նմանատիպ մայթեր, որոնք փողոցից անջատվում էին ընդամենը ափի բարձրությամբ քարե եզրակալով: Ցանկապատերը փայտից էին, երբեմն` նոր ներկված: Հաճախ տախտակներն անհավասար էին ու մեկը մյուսի վրա մեխված, կրապատ կամ բոլորովին չներկված: Ցանկապատերի տակ երիցուկ էր բուսնում: Երիցուկի փոքր ու բուրավետ ծաղիկները հավաքում էինք աշնան մոտերքը: Մեծ մայրս բակում դրանք փռում էր չորանալու’ ձմեռվա բուժիչ թեյերի համար: Այնպես, ինչպես չրեր էր պատրաստում նաև ամռանը կիսած ծիրաններից, իսկ ավելի ուշ’ սալորներից ու խնձորի շերտերից: Չորացած մրգերը հագեցնում էին քաղցը, որովհետև ծամում էինք երկար: Եվ եթե բավականաչափ ծամծմելու համբերություն ունենայինք, մսի համ էին ստանում:
Մեր փողոցը կարճ էր: Ընդամենը տասը տուն կար, իսկ անկյունում սառույցի գործարանի պատն էր, որն անվանում էինք «Սառցարան»: Փողոցը կոչվում էր «1945-ի մարտի 6»: Թիթեղիկի վրա գրված էր բացատրությունը` «Առաջին ժողովրդավար կառավարության հաստատումը»: 1989-ի հեղափոխությունից հետո, եըբ
քաղաքապետարանի աշխատակիցներին 1945-ի կառավարությունն արդեն նույնքան ժողովրդավար չթվաց, ինձ անհայտ պատճառներով փողոցի անունը փոխեցին Ժիլիշտե: Այդ ժամանակ նամակ էի ուղարկել տուն, որը մի քանի ամիս հետո հասավ: Փոստը նախ ուղարկել էր, ինչպես հարմար էր թվացել, նույն Վրանչա նահանգը, սակայն Ժիլիշտե գյուղը: Արյունն ավելի դանդաղէ հոսում, քան ժամանակը: Ահա թե ինչու սովորություններն ավելի դժվար են ուշքի գալիս: Մի քանի շրջադարձ այն կողմ, ավելի վստահություն էր ներշնչել մի այլ’ «Հեղափոխության փողոց» անվանումը: 1989֊ ից հետո այդ անվանումն անփոփոխ մնաց: Յուրաքանչյուրը մտածում էր իրեն դուր եկած հեղափոխության մասին:Երբ անձրևում էր, իրարամեջ հոսող առուներ էին հավաքվում մեր փողոցում: Գիտեի այն բառը, որ այդ հուների անվանումն էր, ուր տոթի ժամանակ հողը փոշու նման նուրբ էր դառնում: Հուները կոչվում էին խրամառուներ: Ընկույզի կեղևներն արագընթաց խրամառուներում նավակներ էին դառնում: Նրանց մեջ թխմում էինք խմորի նման տաք ցեխը և մեջը կայմի փոխարեն հնդկահավի փետուրներ խրում:
Մեքենաներ հազվադեպ էին անցնում: Սակայն գալիս էին կաթով լիքը ալյումինե բիդոններով սայլեր: Փողոցի ծայրին կաթի հավաքման ու վերամշակման կենտրոն կար: Շարքով կանգնում էին` յուրաքանչյուրն իր բիդոններով: Մագլցում էինք սայլերին և այդպես թառած` ճամփա ընկնում: Երբեմն կատաղած մի սայլապան, քանի որ կաթի հաշիվները լավ չէին ստացվել, մտրակով ձաղկում էր մեր մեջքերը: Սայլից ցած էինք ցատկում, իսկ նա հու էր անում ու խթանում ձիերին:
Այդ ժամանակ քաղաքում բազմահարկեր չկային, իսկ երկհարկանի տները ձեռքի մատների վրա էիր համրում: Մեծ փողոցի վրայի հրեական խանութները միհարկանի ու ձեղնահարկով էին: 1946-ի երկրաշարժից վերևի հարկերը փլվել էին, իսկ խանութները կծկվել ու խրվել էին իրար մեջ:
Մեր թաղի բնակիչներն աղքատ էին: Մենք էլ շատ բան չունեինք, սակայն ծնողներս ուսում առած մարդիկ էին` ինժեներներ: Լրագրերը հազվագյուտ էին, լուրերն իմանում էինք կինոյի ժուռնալներից ու բարձրախոսից` դեղին մի տուփ, որ պատի վրա լուրեր, ժողովրդական երաժշտություն ու հայրենասիրական խմբերգեր էր բզզում: Երբ մեր դիմացի հարևանուհի տիկին Մարիան հեռուստացույց գնեց, դա մեր փողոցում մեծ իրադարձություն եղավ: «Գուբին» մակնիշի հեռուստացույցը, ինչպես գրեթե բոլոր իրերն այդ ժամանակ, ռուսական էր: Պնակի չափ էկրան ուներ: Տաք գիշերներին տիկին Մարիան այն հանում էր բակ, և ամեն մեկը տնից գալիս էր իր աթոռով: Քիչ անց աթոռիս մեջ կուչ եկած քնում էի, բայց մեծ մարդու նման հպարտ էի: Արթուն պահերին ծայրից ծայր տեսածներս,- քանզի հաղորդվում էին կեսօրվա ժամերին,- թաղումներն էին. բանակի նախարար Լեոնտին Սըլըժանի, հետո էլ Գեորգե Գեորգիու-Դեժի: Թաղը ժամեր շարունակ, ավելի շատ հետաքրքասիրությունից դրդված, քան վշտահար, դիտում էր սգո թափորը` օղի խմելով ու ֆուտբոլի խաղի նման մեկնաբանելով: Այսպիսի թաղումները հազվադեպ էին, ճիշտ Կարապետ մեծ հորս ու մանավանդ նրա քենակալ Սահակ Շհյթանյանի ճաշակի: Այլապես, գրեթե ոչինչ չէր պատահում մեր թաղում:
ժամանակի հետ կրակներն անհետացան: Բզզալով քաշվեցին էլեկտրական լարերի մեջ, թաքնվեցին պատերի ներսում, թաղվեցին հողում: Սակայն իմ մանկության տարիներին կրակները միշտ հայտնվում էին: Մոմի խաղացկոտ լեզուն կամ գազով լամպի հանգիստ բոցը: վառարանի մեջ անթեղի կարմրավուն բոցկլտումը: Քլթքլթացող մուրաբայով կաթսայի տակի կրակը: Կամ սևացած կաթսայի տակի կրակը, որի վրա եռում էր տանիքների խավաքարտերի համար հալեցվող ձյութը կամ լվացքի օճառի համար հալեցվող ճարպը: Գարնանն այրած տերևների հեղձուցիչ բոցը: Այդ ժամանակներում գիշերներն ավելի երկար էին ու ճոխ, լույսը` ավելի քիչ, իսկ ստվերները` ավելի կենդանի: Պատերին ընկնող ստվերների խաղում բազում ուրվատեսիլներ իրական էին թվում: Կրակը կենդանի էակ էր, մեզ հետ սեղան էր նստում, իր ստվերներով ծլլում մեր ուսերի վրա, մեր երեսները երկարացնում ու մեր հայացքները խորացնում: Այդ շարժուն պատերի վրայի շատ պատմություններ միայն մեր լսելուց հետո էին վերապատմվում: Ահա թե ինչու մանկությունս ավելի ազատ և ավելի հարուստ եղավ: Անգամ մեռյալներն այդպես ավելի լավ էին զգում:
Մանկությանս մյուս ուղեկիցները եղան հոտերը: Բոլոր զգայարաններից հիշողությամբ ամենածանբաբեռնվածը հոտառությունն է: Բավական է բացել որևէ դուռ, որտեղից ընտանեկան ինչ-որ հոտ խուժի, և մտաբերում ես այդ զգացման հետ կապված բոլոր դեպքերը: Բուրմունքների միջոցով կարելի է նկարագրել մի ամ- բողջ կյանք: Մանկությունս նույնպես կարելի է պատմել:
Առաջին հերթին’ տաք խմորի հոտը: եթե իմ ամբողջ մանկությունը խտացնեի նյութի որևէ ձևի մեջ, պիտի ասեի «խմոր»: Այսինքն’ մեծ մորս տաք խմորը թասի մեջ: Կենդանի էակի նման մեծանում էր երեկոյից մինչև առավոտ: Հմայված էի: եվ այնքան կապված դրա մեջ ուռճացող կյանքին, որ հունցող ձեռքի ամեն մի շարժումից զգում էի նրան պատճառված ցավը: Հանգստանում էի միայն այն ժամանակ, երբ տեսնում էի, թե ինչպես Արշալույս մեծ մայրս և նրա քույր Արմենուհին փռում ու շոյում էին խմորը, մինչև որ այն բարակ թերթերի էր վերածվում: Կանայք մահճակալների ու սեղանների վրա հարթ սավաններ էին փռում, որոնց վրա դնում էին փախլավայի համար հունցած խմորի բարակ թերթերը:
Այդ գիշերներին բնում էինք խառը` բազմոցների վրա: Չէր կարելի որևէ շարժումով կամ աղմուկով խառնել թերթերը: Զգուշությամբ անցնում էինք դրանց արանքով ու խոսում շշուկով: երբեմն մեծ մայրս արթնանում էր ու գազով լամպի լույսի տակ ձվի հետ խառնած յուղ քսում թերթերին: Առավոտյան կավե սալիկների նման չորացած ու հնձած խոտի պես խշշացող խմորաթերթերը դիզում էր մեկը մյուսի վրա: Դրանց միջև ցանում էր ընկույզի փշրված միջուկ: Եզրերը կտրում էր որպեսզի թերթերն ստանային այն տասյակների ձևը, որոնք փռի մեջ դանդաղ կարմրում էին: Հետո վրան լցնում էր տաք օշարակ: Կիրակի օրը ցերեկը Կարապետ մեծ հայրս երկար դանակով կտրում էր փախլավաները և յուրաքանչյուրին չափով բաժանում:
Նույն դանակը գործածվում էր տավարի չոր միսը, թուրքերեն ասած, բաստուրմա կտրելիս: Միսը կախում էին տանիքի քիվից, որպեսզի քամին չորացնի, իսկ լույսը համը լավացնի: «Բոլորեն,- ասում էր մեծ հայրս,- ամենեն լավը հովին համն է: Պետք է գիտնաս ինտոր ձգես ան, որ կերակուրին մեջ մտնա»: Կակղելու համար չորացած միսը դնում էին հեռվից` Երևանից բերված մածուկի մեջ, որ կոչվում էր չաման: Մեծ հայրս վերցնում էր դանակն ու առաջին շերտը կտրում: Դուրս էի գալիս բակ և նայում կարմրավուն մսի շերտի միջով: «Լուսինը չի տեսնվիր»,- ասում էի: Իսկ մեծ հայրս` «Լավ չէ»: Դանակը սրում էր խոնավ բարի վրա ու մի շերտ ես կտրում: Բարակ միսը, որի միջով թափանցում էին լուսնի ճառագայթները, դեղնավուն գույն էր ստանում: «Հիմա կտեսնվի»,- ասում էի: «Լավ է,- համարում էր մեծ հայրս:- Լույսը և հովը միասին ամենեն համովն են: Ասանկ պտուղը լավ կհասուննա, և միսը պետք եղածին պես կկտրվի»:
Մրգերի հոտը լցնում էր ամբողջ տունը: Հատկապես Նոր տարվա առիթով, երբ հայերը դեռևս տոնում են Ծննդյան պահքը ու մեծ ամանների մեջ անուշապուր են եփում: Մի տեսակ կոլիվա է, որտեղ խաշած ցորենի հետ խառնում են ամեն տեսակի չոր մրգեր’ թուզ, արմավ, չամիչ, ընկույզ, նարինջ, իսկ վրան դարչինի փոշի են ցանում:
Հետո` քունջուպուճախների հոտը: Թաքուն, մութ կամ տեսանելի տեղեր, որոնք, սակայն, հազվադեպ էին բացվում ու բանի որ արգելված էին, առավել հրապուրիչ էին թվում: Առանց քրքրելիք քունջուպուճախների` մանկությունն անիմաստ է: Իրապես արժե տեսնել միայն այն, ինչը որ թաքցված է: Հոտն ուղեկցվում է լռությամբ, որն էլ իր հերթին ունի իր հոտերը: Նախ և առաջ, հագուստեղենի պահարանները, ուր շորերի տակ դարսված էին վերմակներ ու ներքնակներ: Մեծ մորս պահարանում պահվում էին միայն նավթալինի հոտով ծանր զգեստները, վերարկուները, որոնց մի մասը պատկանել էին մեծ մորս մորը` Հեղինե Թերզյանին: Մեծ մորս հորից անկարելի էր որևէ բան պահել, քանի որ ամեն ինչ մնացել էր Կոստանդնուպոլսի մի փողոցում, որտեղից կարելի է տեսնել արևի մայրամուտը Բոսֆորի վրա: Մի գիշեր փախել էին միայն իրենց վրայի հագուստներով ու կապոցներով, որոնց մեջ արագորեն հավաքել էին հեշտ վաճառվելիք մի քանի իր: Շշուկներ էին տարածվել, թե Փերայի ափ’ նավահանգիստ էր հասել մի շոգենավ, որը հայ փախստականներ էր ընդունում: Տախտակամածի վրա, ժխորի մեջ շշմած ու վախեցած’ մեծ հորս հայրը ծնկի է եկել, հետո իր երկու աղջնակների ձեռքերը բռնած’ երեսնիվայր փլվել: Շրջել են, աչքերը փակել ու ձեռքերը բացել: Հսկել են’ որտեղից որտեղ մի կտոր մոմ գտնելով: Այն Ժամանակվա թոհուբոհի և ահասարսափի մեջ հոգին ավանդող միակը չի եղել: Կոնստանցա չհասած` նավապետը հրահանգ է արձակել, որ բոլոր մեռյալներին ծովը նետեն: Այսպես եղավ, որ Սև ծովը մեծ մորս հոր’ Բաղդասար Թերզյանի տարուբերվող շիրիմը դարձավ:
Կար նաև գրքերի պահարանը: Կարապետ մեծ հայրս գիտեր գրեթե բոլոր’ լատինական, սլավոնական, հունական, արաբական տառերը: «Որպեսզի չըշվարիս,- ասում էր,- այբուբենը սկիզբն է, անոր համար այբուբեն կըսեն: Կրնաս սկսիլ ուրտեղեն կուզես, պայմանով, որ սկիզբը գլուխ հանես»: Մեծ հայրս գլուխ է հանել սկզբնական շրջանում, բայց վերջում խճճել է: Մահվան մահճում մեզ` երեխաներիս կանչեցին, որ տեսնենք նրան: Չհասկացա ինչ էր ասում: Հանդարտ էր թվում ու խելամիտ էր խոսում: Սակայն չէի կարողանում հասկանալ: Հետո հայրս բացատրեց ինձ, թե մեծ հայրը խոսում էր լեզուները` պարսկերենը, արաբերենը, թուրքերենը, ռուսերենը և հայերենը խառնելով: Նրա մեջ արթնացել էին մանկության ու պատանեկության տարիներին ճանաչած բոլոր վայրերի պատկերները: Այնպես, ինչպես մեկնելու պահին շտապելով` ձեռքդ ընկած իրն ես հանում, այնպես էլ նա, այս աշխարհից գնալուց առաջ խոսելիս, պատահած բառերն էր արտաբերել: Այդպես էլ’ գրքերը: Կային թուրքերեն գրքեր, հին` արևելյան գրությամբ, գծագրության դասագրքեր’ անգլերենով ու Լարուսի հին հրատարակություններ: Հաճախ, մեծ հայրս գորգերի մասին գերմաներեն սքանչելի մի գիրք էր թերթում: «Մեր գորգերը,- ասում էր ինձ,- Աստվածաշունչին պես են: Ամեն բան կգտնաս իրենց մեջ, սկիզբեն մինչև այսօր»: երկուսով որոնում էինք աշխարհի պատկերները: «Հոս Աստուծո աչքն է»,- գուշակում էի ես, իսկ Կարապետ մեծ հայրս հաստատում էր: «Եվ աս հրեշտակ մըն է»: «Հրեշտակ չէ: Ծեր է, պետք է հրեշտակապետ մը ըլլա: Կարելի է Ռաֆայելը, ան ամենեն ծերն է»: Ուզում էի ասել բակի ծեր հրեշտակի մասին, որն ամռանը յոդի հոտ էր արձակում, իսկ ձմռանը բոբիկ ոտները լվանում էր ձյան մեջ: Հասկացա, սակայն, որ այն մարդկանց համար, ովքեր չեն կարողացել իրենց մանկությունն առանց ահուսարսափի ապրել, հնարավոր չի եղել ծեր հրեշտակների հանդիպել: եվ մեծ հայրս հասնում էր այն էջին, որով ամենաշատն էր հպարտանում, իր իսկ գործած գորգր: Այդ գորգը փռված է եղել մեր’ մանուկներիս սենյակում, իսկ այժմ գտնվում է իմ դստեր’ Արմինեի սենյակում: «Կարևոր է,- ասում էր մեծ հայրս,- գլխուդ վրա ունենաս հաստատուն տանիք մը և ոտքերուդ տակ’ հաստ գորգ մը»: Մեր պարսկական գորգը խիտ էր, ձեռագործ, շատ հանգույցներով: «Գորգ մը պետք է անչափ հաստ ըլլա,- բացատրում էր մեծ հայրս,- որ երբ ոլորես, ծանր ըլլա իր հաստության չափ ծառի մը պես»: Մեր գորգը պատմության միջից անցավ ու ոչ հենց այնպես: 1944-ի օգոստոսին Ֆոկշան քաղաք մտան սովետական զորքերը: Երեք սպա մեր տանը տնավորվեցին: Ամբողջ գիշեր խմեցին ու սարսափելի հարբեցին: Մեծ հայրս ու նրա քենակալ Սահակ Շեյթանյանը’ Արմենուհի մեծ հորաքրոջս ամուսինը, մինչև լուսաբաց արթուն մնացին ու դարանամուտ եղան’ ամեն անգամ տեղից ցատկելով, երբ ռուսներից մեկնումեկը վառած ծխուկը գորգին էր նետում: Հարվածների ու հայհոյանքների տակ Կարապետն ու Սահակը բոլոր ծխուկները հավաքեցին: Հազիվ մի եըկու-երեք հետք է մնացել, որ այսօր էլ կարելի է տեսնել: Մեծ հայրս աշխարհի վերաբերյալ իսկապես կանտյան հայեցողություն ուներ, գլխավերևում` տանիք, աչքի առջև`խորան ու ոտքի տակ` փափուկ գորգ:
Չէի կարող կարդալ տանը եղած բոլոր գրքերը: Բայց դրանք ճանաչում էի հոտոտելով: Կարապետ մեծ հայրս ինձ սովորեցրել էր այդպես ճանաչել գրքերը: Ամեն մի լավ գիրք յուրատեսակ հոտ է արձակում: Իր կաշվե կազմով գրեթե մարդկային հոտ ունի: երբեմն գրախանութներում հանկարծակի գրքերն եմ հոտոտում: «Կարծես թե կույր եմ»,-ասում էի: «Եվ ի՞նչ,-ուսերը վեր էր քաշում Կարապետ մեծ հայրս:-Ամբողջ ունեցածդ, աչքերը ամենեն քիչը քուկդ են: Լույսը թռչունի մը պես է, որ օտար բույնի մը մեջ կդնե իր հավկիթները»:
Գրքերը նախ շոշափելով ու հոտոտելով հասկացա: Միակը չէի: էջերի միջև երբեմն տեսնում էի կարմրավուն մի միջատ: «Մի’ մեռցներ,- կանգնեցնում էր մեծ հայրս:- Դիրքերում կարիճն է: Ամեն մեկ աշխարհ պետք է ունենա իր կենդանիները: Դիրքն ալ աշխարհ մըն է: Կենդանիներուն ճակատագիրն է աշխարհին մեղքերով և սխալներով սնիլ: Աս կարիճն այ նույնն է. գիրքերու մեջի սխալները կսրբագրե»: երկար ժամանակ չհավատացի նրան: Բայց այսօր ես եմ պատմիչը` գրագրի նման, որ ուզում է ուղղել հին սխալները: Ուրեմն, գրքերի կարիճ եմ:

 Ռումիներենից թարգմանությունը` Սարգիս Սելյանի (հեղինակի միջամտությամբ)

shshukneri matyan

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *