Դիմացի շենքի ութերորդ հարկում ապրող այդ Աղջիկը գիտեր, որ գրող եմ ու ինձ հարգանքով էր վերաբերվում: Սկզբում չգիտեր, որ գրող եմ ու գիշերները, երբ իր ապակեպատ պատշգամբում վառում էր լույսը և գրասեղանին հակված գրում-կարդում էր, ու ես, մոտենալով բաց պատուհաններիս, նրան էի նայում` արտաքինի մասին կարծիք կազմելու համար, նկատում էր ինձ, արագ ելնում տեղից ու զայրացած շարժումներով վրա էր բերում վարագույրը: Այնպես որ, սկզբում այդ Աղջիկը ինձ հարգանքով չէր վերաբերվում: Բայց հետո, ըստ երևույթին հարևաններից կամ ծնողներից իմանալով, թե ով եմ` սկսեց հարգանքով վերաբերվել: Նկատելով, որ իրեն եմ նայում, այլևս արագ չէր ելնում տեղից ու զայրացած շարժումներով վրա բերում վարագույրը: Թողնում էր, որ նայեմ իրեն: Իսկ մի գիշեր, պատուհաններիս առջև ինձ նկատելով, բարձրացրեց ձեռքը ու օդում թափահարեց: Ողջունեց ինձ: Համարձակ Աղջիկ էր: Ես չարձագանքեցի: Անշարժ կանգնած շարունակում էի նրան նայել` փորձելով կարծիք կազմել արտաքինի, կազմվածքի, տարիքի վերաբերյալ: Բայց Աղջիկը հստակ չէր երևում ու կարծիքս անորոշ էր, հակասական: Ուստի չէի շտապում բարձրացնել ձեռքս, օդում թափահարել, ողջունել նրան: Տեսնելով, որ չեմ պատասխանում, Աղջիկը ինձ վրա մատ թափ տվեց (սքանչելի շարժում էր դա` սքանչելի) և սկսեց դանդա՜ղ վրա բերել վարագույրը: Դեմքի մի կեսը վարագույրով ծածկված էր, մյուս կեսն էր երևում ու այդ երևացող կեսը սպասողաբար ինձ ուղղված` կբարձրացնե՞մ ձեռքս, թե՞ ոչ: Անշարժությունիցս զայրացած` նա թափով ու վերջնականապես ծածկեց պատուհանները: Հաջորդ գիշեր ինձ նկատելով, օդում կրկին թափահարեց ձեռքը ու համոզվելով, որ չեմ պատասխանում, ցնցեց ուսերը և նորից սկսեց վարագույրը վրա բերել: Արագ բարձրացրի ձեռքս ու օդում թափահարեցի: Աղջիկը փռթկացրեց: Ծիծաղի ձայնը չլսեցի, սակայն պարզ տեսա, թե ինչպես ձեռքի ափով փակեց բերանը, կախեց գլուխը, և ուսերը թեթևակի ցնցվեցին` այդպես սովորաբար փռթկացնում են: Հետո նա վարագույրը ետ տարավ: Ու գնաց գրել-կարդալու: Իսկ ես, որոշ ժամանակ նրան նայելուց հետո, եկա տեղս, նստեցի գրասեղանիս առջև` պատմվածքս շարունակելու: Գործս դժվար էր առաջ գնում: Նյութը, ինչպես ասում էր համալսարանի դասախոսներիցս մեկը, «Ակտուալ հնչեղություն ուներ» մեր օրերին էր վերաբերում: Գեղարվեստական հնարքներով փորձում էի ժամանակի գնահատականը տալ, արժևորել տեղի ունեցող դեպքերը, իրադարձությունները, իմաստավորել դրանք կամ մի վերին ուժի վերագրելով կատարվածն ու կատարվողը, խորհրդավոր, ազնիվ, վեհ ենթատեքստ հաղորդել սրանց: Չէր ստացվում: Ավելի ուշ հասկացա, որ երբեք էլ չէր ստացվի: Այն ամենը, ինչ տեղի էր ունենում բնակարանիցս դուրս` իրական աշխարհում, իմ կարծիքով, անհեթեթ էր, անմաքուր, անկանխատեսելի, և սա հնարավոր չէր ձևի ու բովանդակության մեջ դնելով ոճավորել: Ուրիշը գուցե թե կարողանար, ես` չէ: Դա իմ ուժերից վեր էր: Բայց համառորեն շարունակում էի չարչարվել: Փորձում էի սյուժեն փոփոխելով գործիս գրավիչ տեսք տալ: Նախնական մտահղացմամբ գլխավոր հերոսը, որ առաջներում անվնաս, քիչ խեղճուկրակ, ազնիվ մեկն էր ու ընկերների, շրջապատի կողմից սիրված, բայց ոչ այնքան հարգված (արվեստի աշխարհից) երկրում կատարվող մեծ տեղաշարժերի նախօրեին, ուր որ է փլուզվող ռեժիմի մարտնչող հակառակորդներից է դառնում և միանում է մյուս մարտնչողներին: Ուր որ է փլուզվող ռեժիմը, ի վերջո, փլուզվում է, և մարտնչողները վերցնում են իշխանությունը: Գլխավոր հերոսը երկրի աչքի ընկնող դեմքերից է դառնում և այստեղ պարզվում է, որ նա ա) բոլորովին էլ անվնաս անձնավորություն չէ, բ)խեղճուկրակ չէ ընդհանրապես և գ) ազնիվ չէ բացարձակապես: Պատմվածքի առաջին տարբերակում այս ամենը, իհարկե, այդպես ճակատային չէր մատուցվում` հետաքրքիր կապեր կային, արագընթաց գործողություն, խոր, սահուն դիալոգներ ու սիրո պես մի բան` սեքսուալ հաջողված երկու տեսարաններով, որ նյութին գրգռիչ բնույթ էին հաղորդում: Այս ամենը, իհարկե, կար, բայց գործը ծանրամարս էր, պատումի թեթևությունը, որ ես սիրում էի, ոչ միշտ էր հաջողվում պահպանել, բացի այդ` խանգարում էին գլխավոր հերոսի նախատիպերը, որոնց հետ առաջներում մոտ էի ու սրանց նկատմամբ ունեցած այժմյան արհամարհանքս, չարությունս (որքան էլ սեղմում էի ներքին արգելակներս) գործում առկա էին, տեսանելի, իսկ դա թունավորում էր Գեղարվեստը, չնչին ու ավելորդ մանրամասներով խճճում գրելիքը: Չարչարում ինձ: Աշխատում էի գիշերները: Վաղուց համոզվել էի, որ դրանք աշխատանքային իմ ամենաարդյունավետ ժամերն են: Ազատ էի: Քնած շրջապատը անվտանգ էր ու խաղաղված: Ոչինչ չէր խանգարում: Ցերեկները, տնից դուրս գալիս, ուշադիր զննում էի հանդիպածս աղջիկներին, փորձելով գտնել ութերորդ հարկում ապրող Աղջկան, սակայն իզուր: Ոչ մի անգամ չտեսա մեկին, որ նրա հետ գոնե հեռավոր նմանություն ունենար: Այսինքն` «նմանություն» բառը խիստ հարաբերական էր հնչում, քանի որ չգիտեի Աղջիկն ինչի է նման, ինչ տեսք ունի: Չնայած ամեն գիշեր սկսել էի հիանալ նրանով, բայց հիացմունքս հնարած էր, ավելի ճիշտ` հիանում էի հնարածովս, իսկ իրականում եղածով արժեր հիանալ թե ոչ` չգիտեի: Մի խոսքով, գիշերները ձեռքներս օդում թափահարելով իրար ողջունում էինք: Լուրջ ոչինչ չկար այս ամենի մեջ, խաղ էր` խաղում էինք: Գեղեցիկ խաղ էր, անվնաս, հետաքրքիր: Պատահում էր, որ Աղջկա ու իմ ընդմիջումները համընկնում էին, ու պատուհանների առջև կանգնած իրար էինք նայում: Որոշ ժամանակ նայելուց հետո, երբ համոզվում էի, որ, ճիշտ է, Աղջկան նայում եմ, բայց միևնույնն է չեմ տեսնում, շրջվում էի, գնում գործս շարունակելու: Մի գիշեր, մինչև շրջվելս, Աղջկան օդային համբույր ուղարկեցի: Նա անսպասելիությունից շփոթվեց, ու ինձ թվում է, զայրացավ: Հաջորդ գիշեր պատուհաններին չմոտեցավ, սակայն վարագույրը վրա չէր բերել ու մի քանի անգամ նկատեցի, որ գրասեղանի առջև պարապելիս, ինչ-որ բան որոնելու պատրվակով, գլուխը զգույշ թեքում է ու իմ կողմը նայում: Մյուս գիշեր մոտեցավ պատուհաններին և սպառնալիքով ինձ վրա մատ թափ տվեց (սքանչելի շարժում էր դա, սքանչելի): Ես տեղնուտեղը օդային նոր համբույր ուղարկեցի, և Աղջիկն օրորեց գլուխը, ցնցեց ուսերը (սրա հետ ո՞նց վարվես` անհասկացող մարդ է, բութ) և դեպի գրասեղանը գնաց: Ժամանակ անց, երբ իմ օդային համբույրները մեր գիշերային ծիսակատարությունների պարտադիր գործողությունը դարձան` նա անսպասելիորեն պատասխանեց ինձ: Չնայած նրա օդային համբույրը շատ գեղեցիկ ստացվեց: Իսկ մի գիշեր, երբ Աղջկան ձեռքով ինձ մոտ հրավիրեցի, կասկածելիորեն արագ (ակնթարթորեն, կարծես դրան սպասում էր) արձագանքեց: Անմիջապես բարձրացրեց ձեռքը և երեք մատների հայտնի կոմբինացիան ցույց տվեց: Այնուհետև շրջվեց, արագ վրա բերեց վարագույրը: Պատուհանները ծածկվեցին: Հետագա գիշերներին մշտապես ծածկված էին: Պատուհանները բաց էին, լույսը վառվում էր, բայց ոչինչ չէր երևում: Աստիճանաբար Աղջկան մոռացա: Այսինքն` ոչ թե մոռացա, տեսնում էի, որ նրա պատշգամբում լույս է վառվում, հասկանում էի, որ իր զբաղմունքով է զբաղված, բայց դա ինձ համար այլևս կարևոր չէր, նշանակություն չուներ, ինձ չէր վերաբերում: Հատկապես, որ գործերս լավ չէին: Պատմվածքիս սյուժեն փոխել էի: Դարձյալ «Ակտուալ հնչեղություն ուներ», և նախկին մեծ ընդգրկումը մնացել էր, բայց հիմա մատուցվում էր որոշակի, ընդամենը մի քանի ժամ տևող բարեգործական երեկույթի շրջանակներում: Մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում բարեգործական երեկո է կազմակերպվում, որի հասույթը ամբողջովին տրամադրվելու էր կույրերի-համր-խուլ երեխաների գիշերօթիկ դպրոցին, որն աղետալի վիճակում էր գտնվում: «Եթե նրանց աչքը չի տեսնում, լեզուն չի խոսում, ականջը չի լսում,-կեղծ հուզմունքով ու կեղծ պաթետիզմով հայտարարում է երեկոն բացող անվանի բանաստեղծը,- մենք հո տեսնո՞մ ենք, մենք հո խոսո՞ւմ ենք, մենք հո լսո՞ւմ ենք»,- և բոլորին կոչ է անում առատաձեռն լինել, գթասրտություն հանդես բերել: Սա դիտմամբ էի արել, որպեսզի հետո, շատ զգույշ ու նուրբ հասկացնեի, թե ճշմարիտ կույրերը, խուլերն ու համրերը հենց սրանք են` այս բարեգործ կոչվածները: Երեկոյին, որպես իշխանության պաշտոնական ներկայացուցիչ և երկրի աչքի ընկնող դեմք, մասնակցում է մեկը, որը պատմվածքի նախկին տարբերակում գլխավոր հերոս էր: Այդ կերպարից չէի ուզում ձեռք քաշել, դրա հետ իմ հաշիվներն ունեի: Բացի սրանից, զբոսայգին լի է խառը ժամանակներում հարստացած տղամարդկանցով ու նրանց կանանցով, սիրուհիներով: Կուշտ են, գոհ, բավարարված: Վայելում են գեղեցիկ, հետաքրքիր երեկոն, այգու հրավառությունը, պարերը, երաժշտությունը, խաղերը: Եվ շռայլ են: Կարևոր չէ ոնց են հարստացել: Կարևոր չէ առաջներում ինչ էին: Կարևորը իրենց նկատմամբ ունեցած այժմյան առանձնահատուկ-ընդգծված վերաբերմունքն է և այն, որ իրենց կանանց կամ սիրուհիների առջև կարող են փայլել: Առանձնանալ: Ահա այստեղ գործս առաջ չէր գնում: Տեղում դոփում էի: Ամեն կերպար առանձին միավոր պիտի լիներ` իրեն հատուկ գույներով և ինքնատիպությամբ, այնինչ, ինձնից անկախ, ես դրանց բոլորին նույնացրել էի: Երկվորյակներ լինեին կարծես: Միանգամայն տարբեր արտաքիններով սրանց ներկայացնելով, ըստ էության, բոլորն էլ բութ, անտարբեր, կասկածոտ, զգուշացնող, անկարեկից և ուրիշների դժվարություններից, անհաջողություններից վայելք ստացող միասնական զանգված էին դուրս գալիս: Ավագ գործընկերներիցս մեկը ժամանակին, իմ առաջին գործերը կարդալուց հետո, ասել էր. «Դու դատավոր չես, դու արարիչ ես, ստեղծող, իսկ այստեղ տես, թե ինչ է ստացվում, դու հերոսներիդ ստեղծում ես ու միաժամանակ գնահատում, բնորոշում: Բայց դա քո գործը չէ արդեն, դա ընթերցողին թող, դու ստեղծիր»: Սակայն բարեգործական երեկոյի մասնակիցներին նկարագրելիս ես մի պառավի էի իջնում, որին փողոցում հանդիպեցի, երբ ոտքով տնիցս քաղաքի կենտրոն էի հիշում: Մոտեցավ ու հացի փող խնդրեց: Գրպանումս կատարյալ դատարկություն էր: Ասացի. «Մայրիկ, որ փող ունենայի, ոտքով չէի քայլի, աաաա՜յ նրանից ուզի»: Ու ցույց տվեցի, քիչ հեռվում, բենզինալցման կայանում շարված, մեքենաներում նստածներին: Պառավը ասաց. «Դրանք չեն տալիս, բալա, իմ հացի փողը քեզ նմաններից եմ հավաքում»: Նայեցի մեքենաներում նստածների ինքնագոհ, չտեսնող աչքերով (ոչ թե կույր, այլ` չտեսնող) դեմքերին ու պառավին հավատացի: Դրանք, ճիշտ որ, չէին տա: Բոլորը մեկի պես էին ու մեկը` բոլորի: Հենց սա էր պատճառը, որ բարեգործական երեկոյի մասնակիցները, որքան էլ չարչարվում էի, նույն բաներն էին ստացվում: Ինքս իմ դեմ կռվելով, դրանց հատ-հատ, մեկը մյուսից պոկում էի, փորձում էի անհատականացնել: Իսկ մի գիշեր, երբ այս հարցերի մասին էի մտածում և սենյակիս լույսը դեռ չէի վառել, որպեսզի սկսեմ աշխատել` անսպասելիորեն առաստաղիս մի մեծ ու պայծառ ուղղանկյուն հայտնվեց: Հետո անհետացավ: Հետո կրկին հայտնվեց: Ու էլի: Ու էլի: Մոտերքում մեկը լույսի անջատիչը թարթելով էր զբաղված: Անմիջապես կռահեցի ինչն ինչոց է: Դիմացի շենքի Աղջիկը ութերորդ հարկում էր ապրում: Ես` իններորդ: Իմ շենքը ավելի բարձրադիր էր: Այնպես որ, եթե նա իր պատշգամբի լույսը վառեր (շրջապատում և տանս մութ էր) ահա այսպիսի պայծառություն պիտի առաստաղիս երևար: Ուրեմն Աղջիկն էր: Վառում-հանգցնում էր իր պատշգամբի լույսը: Ուրեմն ինձ էր կանչում: Ելա տեղիցս, վառեցի սենյակիս լույսը, մոտեցա պատուհաններին: Ինձ նկատելով, Աղջիկը պատշգամբի խորքից, ուր անջատիչն էր, առաջ եկավ, մոտեցավ պատուհաններին: Որոշ ժամանակ միմյանց էինք նայում: Հետո նա կռացավ, հատակից ինչ-որ բան վերցրեց, ուղղվեց: Սկսեց ընտրել: Լարեցի տեսողությունս: Աղջկա ձեռքին կարտոնե բավականին մեծ, քառակուսիներ էին: Գունավոր: Հավանաբար ինչ-որ տուփերից կտրտած նա ընտրում էր դրանք, դասավորում: Հետո մեկը վեր բարձրացրեց: Եվ շրջեց իմ կողմը: Կարտոնե քառակուսուն սպիտակ թուղթ էր սոսնձված, որի վրա մի թիվ կար: Սև գույնի: Խոշոր, որպեսզի ես տեսնեմ: Դա հասկացա, բայց չհասկացա, թե այդ թիվն իմ ինչին է պետք, դրանով ինչ անեմ:
– Քսեմ հացին, ուտե՞մ,- բղավեցի ես:
Աղջիկը ձայնս, իհարկե, չլսեց, բայց կռացավ, հատակից հեռախոսը բարձրացրեց ու հասկացրեց, որ գրի առնեմ, որ իր հեռախոսահամարն է թելադրում: Գրասեղանիցս ակընթարթորեն գրիչ-թուղթ բերեցի: Բավականին աշխուժացա: Աղջիկը պատշգամբի կողքը գնաց, գրավիչ ծուլությամբ կանգնեց ու դաաաանդաաաա՜ղ, նաաազաանքո՜վ բարձրացրեց աջը, գլխից վեր պարզեց: Գրեցի: Հետո երկրորդ թիվը բարձրացրեց: Գրեցի: Հետո երրորդը: Նրա շարժումները խենթացնող էին, սքանչելի: Սքան-չե-լի: Հավանաբար կինոներում էր տեսել կամ հայելու առջև բազմաթիվ փորձերից հետո գտել էր լավագույն տարբերակը: Կարող էր, չէ՞, միանգամից երկու թիվ բարձրացնել` ամեն ձեռքում մեկը, կամ կարող էր, չէ՞, մի քառակուսու վրա երկու թիվ գրել` անպայման կերևար: Իհարկե կարող էր: Բայց չէր արել, որպեսզի իր խենթացնող, նազելի շարժումները երկար տևեն: Ու ես դա տեսնեմ, գնահատեմ: Գնահատեցի: Գրի առա համարը, իսկ հետո սենյակի խորքից բերի հեռախոսը, դրեցի պատուհանի գոգին ու սկսեցի հավաքել թվերը: Հետո նայեցի Աղջկան: Նա ընկալուչը ականջին էր դրել և զանգի առաջին ծլնգոցից հետո անմիջապես բարձրացրեց ու նայեց ինձ: Ինչ-ինչ, բայց խոսել ես գիտեմ: Երբեմն խոսելու շնորհիվ հաջողվում է նույնիսկ փայլուն տպավորություն թողնել: Սակայն հիմա ապուշությամբ զգացի, որ չգիտեմ ոնց սկսեմ: Ի՞նչ ասեի: Ասեի. «Ալո»: Սակայն որ ի՞նչ: Իրար պարզ տեսնում էինք, երկուսիս ձեռքերին էլ ընկալուչներ կային, ասեի. «Ալո» որ ի՞նչ: Ասեի. «Բարի օր»: Բայց օրը դեռ չէր սկսվել: Գիշեր էր: Ասեի. «Բարի գիշե՞ր»: Իսկ այդ խոսքերով մենք սովորաբար միմյանց հրաժեշտ ենք տալիս: Ասեի. «Ո՞նց ես»: Իսկ եթե ասեր. «Քեզ ինչ»: Եվ հետո դա հասարակ էր հնչում: Հարկավոր էր ինքնատիպ, գեղեցիկ ինչ-որ սկիզբ, որպեսզի նրա վրա տպավորություն թողնեի, ինչպես ինքը, իր սքանչելի շարժումներով: Նա իր խաղը գեղեցիկ սկսեց, ես էլ ուզում էի իմ խաղը գեղեցիկ սկսել: Սկիզբ: Արժանի, լավ սկիզբը չէի գտնում, ու մենք շարունակում էինք իրար նայել, ու ես պարզ լսում էի Աղջկա խորը շնչառությունը: Տեսնում էի Աղջկան` ընկալուչը ձեռքին, բայց լռում էի: Եվ սա ձև չէր: Սա հիմար վիճակ էր:
– Ինձ հյուր չե՞ս գա,- անսպասելիորեն հարցրի ես ու այն տպավորությունն ունեցա, թե դա ես չասացի, ուրիշ մեկը իմ փոխարեն խոսեց:
– Չէ,- ասաց Աղջիկը ու ձայնը հոգոց հանելու պես հնչեց,- չեմ գա:
Ուզում էի հարցնել. «Ինչո՞ւ», բայց չհարցրի: Ասացի.
– Քեզ էնքան էլ պարզ չեմ տեսնում, չգիտեմ էլ` սիրուն ես, սիրուն չես:
– Այդքան կարևո՞ր է:
Հիմար նախադասություն էր: Շատ հիմար ու հասարակ: Չգիտեմ ինչու ուրախացա, որ վրիպեց: Ասացի.
– Կարևոր է: Չիմանա՞մ, արժի՞, թե՞ չարժի չարչարվել:
– Արժե,- ասաց Աղջիկը:
– Ուրեմն սիրո՞ւն ես,- ուրախացա ես:
– Չգիտեմ,- ասաց Աղջիկը,- այդքան կարևո՞ր է:
«Սիրուն է-սիրուն չէ` չգիտեմ,- մտածեցի ես,- բայց որ հիմար է` հաստատ»:
– Ի՞նչ ես անընդհատ կրկնում` այդքան կարևոր է, այդքան կարևոր է,- եթե կարևոր չլիներ` չէի հարցնի:
– Ուրեմն մի՛ հարցրու,- հանգիստ ասաց Աղջիկը, և պատշգամբիցս այնպես երևաց, թե ժպտում է:
«Բայց երևի այնքան էլ հիմար չէ,- մտածեցի ես,- համենայն դեպս, հաստատ չի լինի ասել, թե հիմար է»:
– Գիշերվա կեսերին այդ ի՞նչ ես գրում-կարդում,- հարցրի ես:
– Պարապում եմ,- ասաց Աղջիկը,- սեպտեմբերի մեկից ուսուցչուհի եմ աշխատելու:
«Ուսուցչուհի,- մտքումս փնչացրի ես,- այսինքն` մի բան այնքան լավ գիտի, որ ուրիշներին է սովորեցնելու: Սովորեցնողներն աչքիս շատացել են»:
– Ի՞նչ առարկայի մասնագետ ես:
– Չեմ ասի,- կարճ մտածելուց հետո ասաց Աղջիկը:
– Ինչո՞ւ,- հարցրի ես ու մտքումս հայհոյեցի ինձ, պետք չէր հարցնել, չես ուզո՞ւմ` մի ասա, քո գործն է, բայց արդեն հարցրել էի:
– Ձեռքիդ հաղթաթուղթ կտամ: Իսկ ես դա չեմ ուզում:
«Հաղթաթուղթ» բառը, էլի մի քանի բառեր և ոճը անմիջապես գլխի գցեցին, թե ինչ առարկա է դասավանդելու:
– Հայոց լեզու-գրականություն,-թունոտ քմծիծաղեցի ես,-հինգից ութերորդ դասարանցիներին:
Պարզ տեսա, թե Աղջիկը զարմանքից ոնց ցնցեց գլուխը ու ձեռքն ինձ ուղղելով օդի մեջ հարցական շարժումներ արեց, այսինքն` ո՞նց իմացար, իսկ հետո հիշեց, որ ձեռքին ընկալուչ կա: Հարցրեց.
– Հաղթաթո՜ւղթ,- ծիծաղեցի ես,- այդքան կարևոր է՜… խոսելուդ ոճը նույնպես… բայց ինչո՞ւ մտածեցիր, թե մասնագիտությունդ իմանալը ինձ համար հաղթաթուղթ է:
– Կհասկանայիր, որ գործերիդ ծանոթ եմ,- քիչ լռելուց հետո ուսուցչուհիավարի բացատրեց Աղջիկը,- ու հավանում եմ:
– Հա՞,- ուրախացա ես և օդում ձեռքս թափահարեցի, ու Աղջիկը նույնպես օդում թափահարեց ձեռքը,- հավանում ե՞ս:
– Ըհը,-ասաց Աղջիկը:
– Շաաաաաա՞տտ,-հարցրի ես:
– Հույս ունեի, թե Աղջիկը կասի` «Շատ-շատ» ու ավելի կուրախանամ: Բայց Աղջիկն ասաց.
– Այդքան կարևո՞ր է:
– Զզվեցի այդ բառերից,- ասացի ես,- եթե դպրոցում աշակերտներիցդ մեկը մի բան հարցնի, պիտի կրկնե՞ս` «Այդքան կարևոր է, այդքան կարևոր է»:
– Դու իմ աշակերտը չես:
– Իհարկե չեմ,- հաստատեցի ես, չնայած լավ կլիներ, եթե լինեի:
– Ինչո՞ւ,- հարցրեց Աղջիկը:
Այս ողջ ընթացքում մենք անընդհատ միմյանց էինք նայում, և այն զգացողությունն ունեցա, թե կույր ենք, իրար չենք տեսնում և ձեռքերով միմյանց շոշափելով, ցանկանում ենք գլխի ընկնել, թե դիմացինը իրենից ինչ է ներկայացնում: Այդ զգացողությունս, որքան խոսակցությունը երկարում էր` գնալով ամրանում էր, ավելի էր ամրանում, էլ ավելի էր ամրանում:
– Ի՞նչը` ինչու:
– Ինչո՞ւ լավ կլիներ, որ աշակերտս լինեիր,- հարցրեց Աղջիկը:
– Հարցեր կտայի ու կստիպեի, որ պատասխանեիր,- ասացի ես:
– Ի՞նչ հարցեր:
– Թե այս ի՞նչ է կատարվում երկրում, թե ո՞ւր չքացան ընկերներս, թե մարդկանց համար ինչո՞ւ գիրքը արժեզրկվեց և այդ բանը ցուցադրելը ինչո՞ւ է լավ տոնի նշան համարվում, թե ինչո՞ւ մարդիկ միանգամից փոխվեցին, թե ինչո՞ւ գողությամբ հարստացածները ՏԵՐ են դարձել և իրենց կամքը-ճաշակն են թելադրում, թե ինչո՞ւ առաջվա Նոր տարիները ուրախությամբ էիր դիմավորում` մի լավ բանի և երջանկության սպասումով, իսկ հիմա կգա-չի գա` մի հաշիվ է, թե ինչո՞ւ փողոցում կանգնած միլիցիոները չի համարձակվում սուլել արտասահմանյան մակնիշի մեքենա վարող այն այլանդակի ետևից, որը սարսափելի արագությամբ քշում է մեքենան ու չի էլ անհանգստանում, թե կարող է մարդ տրորել, քանի որ քայլողներին նա իսկի մարդ էլ չի համարում, թե ի՞նչ օրենքներով ենք ապրում, թե ինչո՞ւ լիարժեք ու պատվախնդիր մարդը իրեն պիտի անլիարժեք զգա և անպաշտպան, թե ինչո՞ւ ընկեր Միսակյանը, որ դպրոցում մեզ «Հին աշխարհի պատմություն» էր դասավանդում, պիտի ռետինե ձեռնոցներ հագնի և ծայրին կեռիկ ունեցող հատուկ փայտով քրքրի աղբարկղները, թե ինչո՞ւ պատգամավոր կոչված մեկը, որին ժողովուրդն ընտրել է սեփական շահերը պահպանելու համար, թքած ունի ժողովրդի վրա էլ այդ ժողովրդի շահերի վրա էլ և իր առնետային գոյության նպատակը դարձրել է անկուշտ էությանը բավարարություն տալը, թե ինչո՞ւ մի քանի օր առաջ փողոցում մեկը մի ուրիշի ասաց. «Երկիրը շատ է փոխվել», և այդ մի ուրիշը պատասխանեց. «Քու էլ, Երկրի էլ մերը…» առանց հասկանալու, որ ԵՐԿԻՐԸ իր նախնիների և իր սկիզբն ու վերջն է ամփոփում, ուստի և Սուրբ բան է, թե ինչո՞ւ…
– Հերիք է,- բարձր ու արտասվախառն ասաց Աղջիկը, բայց ես նրա աչքերին արցունքներ չնկատեցի:
Գուցե այստեղից չէին երևում կամ գուցե արտասվում էր Ձայնը, ուստի արցունքները ներսում էին հոսում:
– Կներես, – ուշքի եկա ես,- հենց այնպես ստացվեց, բանի տեղ մի դիր:
– Չեմ դնի,- ասաց Աղջիկը:
– Չեմ դնի,- նրան նմանակելով կրկնեցի ես,- ինչ էլ շուտ ես համաձայնվում:
– Ի՞նչ պատասխանեմ, որ քեզ դուր գա,- ասաց Աղջիկը,- ուզում եմ…
– Պատասխանիր ոչ թե ինձ դուր գալու համար,- ընդհատեցի ես,- այլ պատասխանիր, որովհետև բան ունես ասելու: Դա՞ էլ սովորեցնեմ: Մեզանից ո՞վ է ուսուցիչը:
– Ես,- ծիծաղեց Աղջիկը և օդային համբույր ուղարկեց, և խոսափողը այնպես էր պահել, որ ես պարզ լսեի այդ համբույրի ձայնը:
– Լսիր,- ասաց Աղջիկը ու տվեց պատմվածքներիցս մեկի վերնագիրը` միանգամից հասկացա, թե ինչ է հարցնելու,- այդ պատմվածքը կենսագրական բնույթի՞ է:
– Կենսագրական բնո՜ւյթ,- թունոտ քմծիծաղեցի ես,- դասատո՜ւ… հո չես խոսում:
Զարմանալի է, բայց շատ ծանոթ կանանց էր այդ հարցը հետաքրքրում: Հենց կանանց: Բազմիցս հարցրել էին. «Քեզ հետ պատահե՞լ է, թե՞ հնարել ես»:
– – Չէ, ճիշտ,- հարցրեց Աղջիկը,- քեզ հետ պատահե՞լ է, թե՞ հնարել ես:
Ծիծաղեցի:
– Ասա, հա՞,- խնդրեց Աղջիկը:
– Չէ,- ասացի ես,- ուզում ես իմանալ, արի ինձ հյուր, մանրամասն կբացատրեմ:
– Չէ,- ասաց Աղջիկը,- չեմ գա:
– Ինչո՞ւ:
– Ես ուզում եմ, որ դու ինձ սիրես,- ասաց Աղջիկը,- իսկ քո մտքինը ուրիշ է, գիտեմ, թե ինչ է:
– Իմ մտքինը քո ուզածից չի տարբերվում, ասացի ես,- ոչ մի տարբերություն` նույն բաներն են: Արի ինձ հյուր, դա էլ կբացատրեմ: Մանրամասն:
– Չէ,- ասաց Աղջիկը, ու ես տեսա, որ նա ոտքը հատակին զարկեց,- չեմ գա: Ես ուզում եմ, որ դու ինձ սիրես:
– Ես քեզ հենց սկզբից եմ սիրում,- հանգիստ ստեցի ես,- երբ դեռ վարագույրը ծածկում էիր:
– Ստում ես:
– Չէ, սիրում եմ, ճիշտ եմ ասում:
– Ստում ես,- կրկնեց Աղջիկը,- նույնիսկ չգիտես ինչ տեսք ունեմ, ինձ էիր հարցնում` սիրուն եմ, սիրուն չեմ: Փողոցում մի քանի անգամ կողքովս անցել ես, նայել ես, բայց գլխի չես ընկել, որ ես եմ:
– «Եթե նայել եմ,- արագ մտածեցի ես,- ուրեմն նայելու բան է, իսկ եթե նայելու բան է,- ու մտքումս տնքացի,- ո՞նց համոզեմ, որ գա»: Բայց չկարողացա համոզել: Խոսելու մեջ վարպետ եմ, սակայն համոզելու, ապացուցելու գործում` չէ: Չի ստացվում: Բախտ չունեմ: Էլի որոշ ժամանակ խոսեցինք ու հրաժեշտ տվեցինք միմյանց: Եվ դարձյալ օդային համբույր ուղարկելիս Աղջիկն այնպես արեց, որ պարզ լսեցի այդ համբույրի ձայնը և նույնիսկ, կարծես թե զգացի շուրթերիս: Հետագա գիշերներին մենք հեռախոսով զրուցում էինք, սակայն անարդյունք: Ինձ համար անարդյունք: Աղջկան ոչ մի կերպ չէի կարողանում համոզել, որ հյուր գա, տունս մտնի: Հանկարծ զգացի, որ կին եմ ուզում: Այսինքն` ոչ թե կին ընդհանրապես, այլ հենց` այս Աղջկան: Հակառակ դեպքում կհավաքեի մոտս եղած-չեղած փողերը ու մեկնումեկին տունս կբերեի: Քաղաքում մի երկու հայտնի տեղ գիտեի, ուր պոռնիկներ էին հավաքվում: Առանձնապես թանկ չարժեին և գնալով էժանանում էին: Առաջներում երբեմն-երբեմն, եթե ցանկությունն ու մենակությունը խեղդում էին ինձ` օգտվում էի դրանց ծառայություններից: Բայց հիմա ինձ դրանք պետք չէին: Ինձ այս ուսուցչուհին էր պետք, որը շարունակում էր ոտքը հատակին զարկել ու զայրացած պնդել. «Չէ, չեմ գա»: Նրա համառությունն ու «Չէ»-ն երբ ինձ, ի վերջո, ձանձրացրին ու մի գիշեր, երբ հերթական «Չէ, չեմ գա»-ն ասաց, գազազած նետեցի. «Չես գալիս` մի՛ արի, ես քու…»: Եվ ընկալուչը ցած դնելով` հեռախոսս իր տեղը տարա, վարագույրով ծածկեցի պատուհաններս: «Վերջ,- բղավեցի դեպի սենյակս շրջվելով,- վերջ, տիկնայք և պարոնայք, թատրոնն ավարտվեց, ցրվեք ձեր տները»:
Դրանից հետո ինձ արգելեցի Աղջկա մասին մտածել: Անգամ հիշել նրան: Դժվար էր: Մի բան ցավում էր ու նվաղում: Շատ էր դժվար: Բայց աստիճանաբար վարժվեցի և՛ ցավին, և՛ նվոցին ու այդ վիճակս սովորական, բնական համարելով, ողջ ուժերս կենտրոնացրի պատմվածքիս վրա, որը նույնպես հրաժարվում էր մտահղացումս իրականացնել: «Աշխարհն իմ դեմ դավադրություն է նյութել,- շփոթահար գռմռում էի գրասեղանիս առջև նստած,- թարսվել է»: Մեկ-մեկ ինձ թվում էր, թե պատմվածքս նույնպես ոտքը հատակին զարկելով` զայրացած համառում է. «Չէ, չեմ ստացվի»: «Հեչ էլ ստացվես,- մրթմրթում էի,- բայց պատճառն ի՞նչ է, ասեիր` հասկանայինք»: Եվ մի գիշեր հասկացա պատճառը: Պատմվածքիս հերոսները թույլ ու կեղծ էին ստացվում, որովհետև ես նրանց չարությամբ էի ստեղծում: Անսեր: Հենց սկզբից չէի սիրում նրանց և դեռ նոր-նոր էի սկսում ուրվագծել: Մինչդեռ իմ ստեղծածներն էին ու կտրված նախատիպերից, որոնց հետ իմ հաշիվներն էի ցանկանում մաքրել չարությամբ: Այնինչ չարությամբ ԲԱՆ չես ստեղծի, որովհետև չարությունը թուլացնում է, իսկ թույլի ստեղծածը կա՛մ մեռած կծնվի, կա՛մ դեբիլ:
Այս ամենը պարզորոշ գիտակցելուց հետո, գրոտած թղթերս լցրի լոգարանի մեջ ու վառեցի: Գրավիչ կրակ ստացվեց, լավ էլ ճտճտում էր: Եվ ինձ համար անիմաստ մի շրջան սկսվեց, երբ նոր գործ գրելու տրամադրություն չունեի, իսկ ժամանակս հենց այնպես, պարապ-սարապ ծախսելուց էլ` գազազում էի: Երբեմն-երբեմն ծանոթներիս հետ խմում էի, բայց դա ինձ ո՛չ ուրախություն էր բերում, ո՛չ հանգիստ: Դժվար ու անդուր ժամանակ էր. դժվար ու անդուր վիճակ: Մի գիշեր, երբ մի կերպ շենքիս էի մոտեցել (մի կերպ, որովհետև շուրջբոլորս համատարած խավար էր` փողոցի լապտերները էներգետիկ ճգնաժամի պատճառով չէին վառվում, հասարակական տրանսպորտ այդ ժամերին չկար, այստեղից-այնտեղից հաճախ կրակոցներ էին լսվում), ուրեմն, երբ մի կերպ շենքիս էի մոտեցել ու պատրաստվում էի մուտք մտնել` անսպասելիորեն լույս վառվեց, ճիշտ աչքերիս ուղղված: Կուրացա: Թույլ լույս էր, բայց կուրացա: Մինչ այդ, համատարած խավարի մեջ ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, տեսնում էի, իսկ լույսից տեղնուտեղը կուրացա: Ձեռքս ինքնաբերաբար վեր բարձրացրի, ծածկեցի աչքերս:
– Ուշ ես տուն գալիս,- ասաց Աղջկա Ձայնը:
Անմիջապես ճանաչեցի: Վերջերս ներսումս անընդհատ հնչում էր դա` աստիճանաբար ավելի ուժեղ:
– Լապտերդ հանգցրու,- ասացի ես,- ոչինչ չեմ տեսնում:
– Մինչև հիմա տեսնո՞ւմ էիր,- Աղջիկը լույսը ոտքերիս ուղղեց:
– Չէ,- ասացի,- բայց ոնց որ կինո լինես`գեստապո:
– Կինոն դու ես,- ասաց Աղջկա Ձայնը,- կինո ես, թատրոն և համատարած հիմարություն:
– Համատարած հիմարությունը նույնպես արվեստի ժա՞նր է,- հետաքրքրվեցի ես:
– Չէ,- ասաց Աղջկա Ձայնը,- որոշ անձանց էությունն է:
– Եկել ես, որ դա՞ ասես:
– Չէ, մի համատարած հիմարություն էլ ես եմ: Քեզ հյուր եմ եկել:
Աղջկա Ձայնում ես ճակատագրին հնազանդվելու խոնարհություն զգացի, մի լավ, մի մեծ բանի սպասման ակնկալիք: Այդպիսի բաները տեսնես ո՞նց են մեկից մյուսին փոխանցվում:
– Վերելակը չի աշխատում,- ասաց Աղջկա Ձայնը, ես կլուսավորեմ, արի վեր բարձրանանք:
– Ո՞ւր,- հարցրի ես,- երկի՞նք:
– Չէ,- ասաց Աղջկա Ձայնը,- իններորդ հարկ:
– Իմ իններորդ հարկից սկսվում է երկինքը:
– Տիեզերագնացիս տես,- փնթփնթաց Աղջկա Ձայնը,- արի բարձրանանք:
Աղջիկը ձեռքի լապտերի թույլ, դողդողացող լույսով հատ-հատ լուսավորում էր հերթական նեղլիկ աստիճանը: Նախ իմ ոտքերի առջև, ու ես տեղափոխում էի ոտքերս, հետո իր, ու նա իմ հարթության վրա էր հայտնվում: Հետո հաջորդ աստիճանն էր լուսավորում և մեր շարժումները նույնությամբ կրկնվում էին` վեր էինք բարձրանում: Երկուսս էլ լուռ էինք: Աղջիկն ինձ թևանցուկ էր արել ու սեղմվել: Պատկերը անիրական էր թվում և ֆանտաստիկ: Մեր ոտքերի առջև ընկած թույլ լույսը, ասես, թպրտում էր համատարած մութի շոշափուկներում, որն ուզում էր խավարեցնել նրան, խեղդել, սակայն իրար խառնված, միաձույլ մեր շնչառություններից լիցք ստանալով, լապտերի թույլ լույսը տոկուն համառությամբ դիմանում էր, մնում ու քրքրում էր մութը, մաշում նրան:
– Չես էլ հետաքրքրվում, չես էլ ուզում տեսնել` սիրուն եմ-սիրուն չեմ,- դժգոհեց Աղջկա Ձայնը, երբ իմ հարկի հարթակին էինք հասել:
– Մութ է,- բացատրեցի ես,- չքնաղ բանը լույսի մեջ է երևում:
– Չքնա՜ղ,- փնթփնթաց Աղջկա Ձայնը,- իսկ ինչո՞ւ պատուհաններիդ չէիր մոտենում:
– Չգիտեի ինձ ոնց պահեմ,- ասացի ես գրպանիցս բանալին հանելով,- մտածեցի թող ինքնիրեն ստացվի` ինչ ստացվելու է:
– Ինքնիրենը ե՞ս եմ,- զայրացավ Աղջկա Ձայնը,- եթե չգայի, ինքնիրեն ի՞նչ էր ստացվելու:
– Մի ուրիշ ինքնիրեն,- ասացի ես ու հրեցի դուռս:
ՈՒ ԴՈՒՌ-ը ԲԱՑՎԵՑ` ներս մտանք: