Վիկտոր Պելևին | Վերին աշխարհի դահիրա

Սրահակ[1] մտնելով՝ ոստիկանը թեթևակի նայեց Տանյայի և Մաշայի վրա, հետո հայացքը դարձրեց դեպի անկյունը և զարմանքով աչքերը հառեց այնտեղ նստած կնոջը։

Կինն իսկապես անհեթեթ տեսք ուներ։ Նայելով նրա մոնղոլոիդ դեմքին, որը ճաշարանի՝ եզրերից ծալված երեք օրվա նրբաբլիթի էր նման, անհնար էր որևէ բան ասել նրա տարիքի մասին, մանավանդ որ կնոջ աչքերը փակված էին կաշվե ժապավեններով և ուլունքաշարերով։ Չնայած տաք եղանակին՝ նրա գլխին մորթե գլխարկ էր, որի վրա երեք կաշվե լայն ժապավեններ կային․ մեկը փակում էր ճակատն ու ծոծրակը, և դրա վրայից դեմքի, ուսերի և կրծքի վրա երիզներ էին կախված, որոնց կապված էին պղնձե մարդուկներ, դահիրաներ և մետաղյա վահանակներ, իսկ մյուս երկուսը գլխի գագաթի վրա էին խաչվում, որտեղ կոպիտ կերպով պատրաստված, երկար ոլորված վիզը դեպի վեր պարզած մետաղյա թռչուն էր ամրացված։

Կնոջ հագին տնագործ լայն շապիկ էր՝ եղջերուի մորթու բարակ ժապավեններով, նախշակարված կաշվե երիզով, փայլփլուն թիթեղիկներով և մեծ քանակությամբ փոքրիկ զանգակներով, որոնք վագոնի յուրաքանչյուր ցնցման հետ բավականին հաճելի, քաղցրահնչյուն ղողանջ էին արձակում։ Բացի դրանից՝ նրա շապիկին անհայտ նշանակության բազմաթիվ մանր առարկաներ էին ամրացված․ երկաթյա ատամնավոր սլաքներ, երկու «Պատվո շքանշան», թիթեղի կտորներ, որոնց վրա առանց բերան դեմքեր էին դրոշմված, իսկ աջ ուսի վրայի Գեորգևյան ժապավենից երկու երկար ժանգոտ մեխ էր կախված։ Կինը կաշվե երկարավուն դահիրա էր բռնել, որը նույնպես բազմաթիվ զանգակներով էր զարդարված, իսկ մյուս դահիրայի ծայրը դուրս էր ցցվել թենիսի տարողունակ պայուսակի միջից, որի վրա նստած էր։

-Փաստաթղթե՛րը, – ամփոփեց ոստիկանը։ Կինը ոչ մի կերպ չարձագանքեց նրա խոսքերին։

-Նա ինձ հետ է,- մեջ ընկավ Տանյան։- Իսկ փաստաթղթեր չունի։ Եվ ռուսերեն էլ չի հասկանում։

Տանյան հոգնած կերպով էր խոսում, մի մարդու նման, որը ստիպված էր լինում օրը մի քանի անգամ նույն բանը կրկնել։

-Ի՞նչ է նշանակում փաստաթղթեր չունի։

-Իսկ ինչո՞ւ տարեց կինը պետք է փաստաթղթերն իր մոտ պահի։ Նրա բոլոր փաստաթղթերը Մոսկվայում են՝ մշակույթի նախարարությունում։ Նա այստեղ ժողովրդական անսամբլի հետ է։

-Իսկ այդ ի՞նչ տեսք է, – հարցրեց ոստիկանը։

-Ազգային հագուստ է,- պատասխանեց Տանյան։- Նա պատվավոր եղջերաբույծ է։ Շքանշաններ ունի։ Ահա այնտեղ՝ զանգակի աջ կողմում, տեսնո՞ւմ եք։

-Այստեղ ձեզ համար տունդրան չէ։ Սա կոչվում է հասարակական կարգի խախտում։

-Ի՞նչ կարգի,- ձայնը բարձրացրեց Տանյան։- Ի՞նչն եք հսկում։ Սրահակի ջրափոսե՞րը։ Թե՞ սրանց։

Նա գլխով դռան կողմը ցույց տվեց, որի հետևից հարբած գոռգոռոցներ էին լսվում։

-Մարդ վախենում է վագոնում նստել, իսկ Դուք կարգ ու կանոն հաստատելու փոխարեն պառավի փաստաթղթերն եք ստուգում։

Ոստիկանը կասկածանքով նայեց նրան, ում Տանյան պառավ անվանեց․ նա լուռ նստած էր սրահակի անկյունում՝ վագոնի հետ միասին օրորվելով, և ուշադրություն չէր դարձնում իր պատճառով ծագած բանավեճին։ Չնայած տարօրինակ տեսքին՝ նրա փոքրիկ կազմվածքն այնպիսի հանգստություն ու խաղաղություն էր ճառագում, որ մի պահ նրան նայելով՝ լեյտենանտը փափկեց, ինչ-որ հեռավոր բան հիշելով՝ ժպտաց, և նրա աջ բռունցքի՝ գոտուց կախված մահակի մեքենական բռնելաձևը թուլացավ։

-Գոնե անունն ասեք, – ասաց նա։

-Տիյմի,- պատասխանեց Տանյան։

-Լա՛վ,- ասաց ոստիկանը՝ մի կողմ հրելով վագոնի ծանր դուռը։ – Միայն թե տեսեք հա՜․․․

Դուռը փակվեց, և վագոնից լսվող վայնասունները մի փոքր լռեցին։ Էլեկտրական գնացքը կանգ առավ, և մի քանի վայրկյանով աղջիկների առաջ հայտնվեց բլրակապատ ասֆալտե կառամատույցը, որի հետևում գտնվում էին ցածլիկ, ամրակազմ շինությունները՝ տարբեր բարձրության և տրամագծի բազմաթիվ խողովակներով, որոնցից որոշները ծուխ էին արձակում։

-Կրեմատովո,- բարձրախոսից ասաց անխռով կանացի ձայնը, երբ փակվեցին դռները։- Հաջորդ կայարանը «43-րդ կիլոմետր»։

-Մե՞րն է,- հարցրեց Տանյան։ Մաշան գլխով արեց և նայեց Տիյմիին, որը նույն կերպ անտարբեր նստած էր անկյունում։

-Վաղո՞ւց է մոտդ,- հարցրեց նա։

-Երրորդ տարին է,- պատասխանեց Տանյան։

-Դժվա՞ր է նրա հետ։

-Չէ՛,- ասաց Տանյան,- սուսիկ-փուսիկ է։ Հենց այսպես էլ խոհանոցում է նստում։ Հեռուստացույց է դիտում։

-Զբոսանքի դուրս չի՞ գալիս։

-Չէ՛,- ասաց Տանյան,- դուրս չի գալիս։ Երբեմն պատշգամբում է քնում։

-Իսկ նրա համար դժվար չէ՞։ Նկատի ունեմ քաղաքում ապրելը։

-Սկզբում դժվար էր,- պատասխանեց Տանյան։- Հետո վարժվեց։ Սկզբում գիշերներն անընդհատ դահիրա էր խփում, անտեսանելի մեկի հետ էր կռվում։ Մեզ մոտ՝ կենտրոնում, հոգիները շատ են։ Հիմա կարծես թե նրան են ծառայում։ Ուսին այդ երկու մեխն է կախել, տեսնո՞ւմ ես։ Բոլորին հաղթել է։ Միայն թե մինչև հիմա հրավառության ժամանակ լոգասենյակում է թաքնվում։

«43-րդ կիլոմետր» կառամատույցը լիովին համապատասխանում էր իր անվանմանը։ Սովորաբար երկաթուղային կայարանների կողքին գոնե մի քանի բնակավայրեր են լինում, իսկ այստեղ բացի դրամարկղի աղյուսե հյուղակից՝ ոչինչ չկար, և այդ վայրը մինչև Մոսկվա հեռավորության հետ կարելի էր միայն կապել։ Պատվարից անմիջապես հետո սկսվում էր անտառը և ձգվում էր այնքան, որքան աչքն էր տեսնում․ նույնիսկ հասկանալի չէր, թե որտեղից էր կառամատույցում մի քանի տրորված ուղևոր հայտնվել։

Մաշան, պայուսակի ծանրությունից կռանալով, գնաց առաջ։ Անմիջապես նրա հետևից ճիշտ այդպիսի պայուսակ ուսին գցած՝ գնաց Տանյան, իսկ ամենահետևում հազիվհազ քայլում էր Տիյմին՝ մերթընդմերթ զրնգացնելով իր զանգակները և բարձրացնելով շապիկի փեշը, երբ հարկ էր լինում որևէ ջրափոսի վրայով անցնել։ Ոտքերին չինական կապույտ կեդեր էին, իսկ սրունքներին՝ ուլունքներով նախշակարված կաշվե լայն գուլպաներ։ Մի քանի անգամ շրջվելով՝ Մաշան նկատեց, որ Տիյմիի աջ գուլպային զարթուցիչի կլոր թվատախտակն էր կարված, իսկ ձախին՝ զուգարանակոնքի շղթայի վրա տարուբերվող սմբակ, որը գրեթե հողի վրայով էր քարշ գալիս։

-Լսի՛ր, Տա՛նյա,- կամացուկ հարցրեց նա,- այդ ի՞նչ սմբակ է նրա մոտ։

-Անդրաշխարհի համար,- պատասխանեց Տանյան։- Այնտեղ ամեն բան ցեխով է պատված։ Նրա համար է, որպեսզի չխրվի ցեխի մեջ։

Մաշան ուզում էր թվատախտակի մասին հարցնել, բայց մտափոխվեց։ Կառամատույցից մինչև անտառ ասֆալտապատ, լավ ճանապարհ էր ձգվում, որի երկայնքով հին կեչիների երկու ուղիղ շարք էր աճում։ Բայց երեք կամ չորս մետր հետո ծառերի դասավորության ցանկացած կարգ խախտվեց, հետո աննկատ անհետացավ ասֆալտը, իսկ ոտքերի տակ ճլմփաց թաց ցեխը։

Մաշան մտածեց, որ ժամանակին աշխարհում ապրել էր մի կառավարիչ, որը հրամայել էր ասֆալտե ճանապարհ կառուցել անտառի միջով, բայց հետո պարզվել էր, որ այն ոչ մի տեղ չէր տանում, և դրա մասին մոռացել էին։ Մաշան տխրում էր այդ ամենին նայելիս, և սեփական կյանքը, որն անիմանալի կամքով սկսվել էր քսանհինգ տարի առաջ, ճիշտ այնպիսին թվաց, ինչպիսին այդ ճանապարհն էր․ սկզբում ուղիղ և հարթ, բոլորաշարված հասարակ ճշմարտությունների ուղիղ շարքերով, իսկ հետո մոռացված անհայտ ղեկավարության կողմից և վերածված անհասկանալի ուղղությամբ տանող ծուռ արահետի։

Առջևում մի պահ կեչու ճյուղին կապված սպիտակ երիզ երևաց։

-Ահա այստեղից,- ասաց Մաշան,- աջ՝ դեպի անտառ։ Մոտավորապես ևս հինգ հարյուր մետր։

-Ինչ-որ շատ մոտիկ է,- կասկածանքով ասաց Տանյան։- Անհասկանալի է, թե ոնց է պահպանվել։

-Դե՜, այնտեղ ոչ ոք չի լինում,- պատասխանեց Մաշան։ – Չէ՞ որ ոչինչ չկա այնտեղ։ Եվ հետո անտառի կեսը առանձնացված է փշալարով։

Իսկապես, շատ չանցած առջևում ոչ այնքան բարձր բետոնե սյուն հայտնվեց, որի երկու կողմերից կախ ընկած փշալար էր ձգվում։ Իսկ հետո ևս մի քանի սյուներ երևացին, դրանք հին էին և բոլոր կողմերից խիտ թփերով էին ծածկվել, այնպես որ միայն կիպ մոտենալով դրանց՝ կարելի էր նկատել փշալարը։ Աղջիկները լուռ գնում էին մետաղալարե պարսպի երկայնքով, մինչև որ կանգ առան թփից կախված հերթական սպիտակ երիզի մոտ։

-Այստե՛ղ, – ասաց Մաշան։

Մետաղալարի մի քանի շարք վեր էր բարձրացված և միմյանց վերափաթաթված։ Մաշան և Տանյան առանց դժվարության մտան դրա տակ, իսկ Տիյմին, չգիտես ինչու, հետույքով սողաց, շապիկով կառչեց մետաղալարից և երկար ղողանջում էր իր զանգակներով՝ շուռումուռ գալով նեղ լուսաշերտում։

Մետաղալարից այն կողմ նույն անտառն էր, ինչ մինչև այդ, և մարդկային գործունեության նշույլ անգամ չկար։ Մաշան համարձակորեն առաջ գնաց և մի քանի րոպե անց կանգ առավ ձորակի մոտ, որի ներքևում առվակ էր կարկաչում։

-Հասանք, – ասաց նա, – այնտեղի թփերի մեջ է։ Տանյան ներքև նայեց։

-Չեմ տեսնում։

-Ահա այնտեղ պոչն է, – ցույց տվեց Մաշան, – իսկ այն կողմում՝ թևը։ Արի՛, այնտեղ զառիվայր կա։

-Լսի՛ր, Տա՛նյա, – ցածրաձայն ասաց Մաշան, – իսկ նա չպե՞տք է նայի։ Այդ դեպքում ինչպե՞ս է լինելու։

-Դրա մասին մի՛ անհանգստացիր, – ասաց Տանյան՝ երկար նայելով թփերին, – նա մեզնից լավ գիտի․․․ Իսկապես։ Թե ո՜նց է պահպանվել։

Թփերի հետևում ինչ-որ սևավուն, կեղտոտ, մուգ դարչնագույն և շատ հին բան կար։ Առաջին հայացքից՝ գերեզմանաթումբ էր հիշեցնում՝ ինչ-որ ոչ այնքան նշանավոր քոչվոր իշխանի թաղման վայրում, որը վերջին պահին հասցրել էր ինչ-որ անհասկանալի քրիստոնեություն ընդունել․ երկար և նեղ հողային ելուստից ծռմռված երկաթից խաչանման մի լայն կառուցվածք էր դուրս ցցվել, որում շատ դժվարությամբ կարելի էր ինքնաթիռի կիսաքանդ պոչ տեսնել, որն ընկնելիս պոկվել էր ինքնաթիռի կմախքից։ Ինքնաթիռի կմախքը գրեթե ամբողջությամբ գետնի տակ էր անցել, իսկ դրանից մի քանի մետրի վրա՝ պնդուկենու և խոտերի արանքից երևում էին պոկված թևերի ուրվագծերը, որոնցից մեկի վրա սևանում էր մաքրված խաչը։

-Ալբոմով եմ նայել, – Մաշան խախտեց լռությունը, – ոնց որ թե «Հայնկել»[2] գրոհիչ ինքնաթիռ է։ Այնտեղ երկու մոդիֆիկացիա կար․ մեկը երեսուն միլիմետրանոց թնդանոթ ուներ կմախքի տակ, իսկ մյուսը՝ էլի ինչ-որ բան։ Չեմ հիշում։ Կարևոր էլ չէ։

-Խցիկը բացե՞լ ես, – հարցրեց Տանյան։

-Չէ՛,- պատասխանեց Մաշան։ – Մենակ վախենալու էր։

-Իսկ եթե հանկարծ այն դատա՞րկ լինի։

-Չէ՛, դժվար թե, – ասաց Մաշան։ – Չէ՞ որ ապակե երդիկին բան չի եղել։ Նայի՛ր։ – Նա քայլ արեց դեպի առաջ, մի քանի ճյուղ հետ տարավ և ափով մի կողմ հավաքեց բազմամյա բուսահողի շերտը։

Տանյան կռացավ և դեմքն ապակուն մոտեցրեց։ Դրա հետևում ինչ-որ սևագույն բան էր երևում, որն ասես նաև թաց էր։

-Իսկ նրանք քանի՞սն էին, – հարցրեց նա։ – Եթե սա «Հայնկել» է, ուրեմն պետք է նաև հրաձիգ լինի, չէ՞։

-Չգիտեմ, – պատասխանեց Մաշան։

-Լա՛վ, – ասաց Տանյան, – Տիյմին կպարզի։ Ափսոս, որ ապակե երդիկը փակ է։ Գոնե եթե մազի մի փնջիկ կամ ոսկրիկ լիներ, շատ ավելի հեշտ կլիներ։

-Իսկ առանց դրա չի՞ կարող։

-Կարող է, – ասաց Տանյան, – ուղղակի ավելի երկար կտևի։ Արդեն մթնում է։ Գնանք ճյուղեր հավաքենք։

-Իսկ որակի վրա չի՞ ազդում։

-Ի՞նչ է նշանակում «որակի», – հարցրեց Տանյան։ – Ընդհանրապես ի՞նչ որակի մասին կարող է այստեղ խոսք լինել։

Խարույկը սկսեց թափով վառվել և ավելի շատ էր լույս տալիս, քան ցածր ամպերով ծածկված երեկոյան երկինքը։ Մաշան նկատեց իր՝ խոտերի վրա անհամբեր թռչկոտող ստվերը և տհաճություն զգաց․ ստվերն ակնհայտորեն ավելի ինքնավստահ էր, քան ինքը։ Մաշան զգում էր, որ հիմար տեսք ուներ իր քաղաքային շրջազգեստով, իսկ Տիյմիի հագուստը, որի վրա ամբողջ  օրը աչքերը պլրշած ու տարակուսած՝ նայում էին հանդիպող մարդիկ, խարույկի լույսի ներքո սկսեց մարդու համար ամենից հարմարավետն ու սովորականը թվալ։

-Դե ինչ, – ասաց Տանյան, – շուտով կսկսենք։

-Իսկ ի՞նչ ենք սպասում, – շշուկով հարցրեց Մաշան։

-Մի՛ շտապիր, – նույնչափ ցածրաձայն պատասխանեց Տանյան, – ինքը գիտի, թե երբ և ինչ։ Հիմա նրան ոչինչ պետք չէ ասել։

Մաշան նստեց գետնին՝ ընկերուհու կողքին։

-Սարսափն ինձ համակում է, – ասաց նա և ափով տրորեց վերարկուի այն հատվածը, որի հետևում սիրտն էր։ – Իսկ ինչքա՞ն պետք է սպասենք։

-Չգիտեմ։ Ամեն անգամ տարբեր է։ Օրինակ՝ անցյալ տարի․․․

Մաշան ցնցվեց։ Բացատով մեկ արագ տարածվեց դահիրայի կոշտ բախյունը, որը փոխարինվեց բազմաթիվ զանգակների ղողանջով։

Տիյմին կանգնած էր՝ առաջ թեքված, և ուշադիր նայում էր ձորակի եզրի թփերին։ Եվս մեկ անգամ խփելով դահիրային՝ երկու անգամ վազեց բացատի շուրջը՝ ժամացույցի սլաքին հակառակ շարժվելով, զարմանալի թեթևությամբ թռավ թփերի պատի վրայով և անհետացավ ձորակում։ Ներքևից լսվեց նրա աղիողորմ և ցավով լի ճիչը, և Մաշային թվաց, թե Տիյմին կոտրել էր ոտքը, բայց Տանյան աչքերով հանգստացնող նշան արեց։

Դահիրայի հաճախակի բախյուններ և հակիրճ փնթփնթոցներ լսվեցին ձորակից։ Հետո լռություն տիրեց, և Տիյմին հայտնվեց թփերի հետևից։ Արդեն հանդիսավոր և դանդաղ էր շարժվում, բացատի կենտրոն հասնելով՝ կանգ առավ, բարձրացրեց ձեռքերն ու սկսեց ռիթմիկ հարվածներով թեթևակի թխկթխկացնել դահիրան։ Մաշան, համենայն դեպս, փակեց աչքերը։

Շատ չանցած դահիրայի բախյուններին նոր ձայն ավելացավ․ Մաշան չնկատեց դրա հայտնվելու պահը և սկզբում չհասկացավ, թե ինչ էր դա։ Սկզբում նրան թվաց, թե ինչ-որ աղեղնավոր գործիք էին նվագում նրա կողքին, հետո հասկացավ, որ այդ սուր և մռայլ հնչյունը Տիյմիի ձայնն էր հանում։

Թվում էր, թե այդ ձայնը միանգամայն յուրահատուկ տարածության մեջ էր գոյանում, որը հենց ինքն էր ստեղծում և որի միջով տեղաշարժվում էր՝ անհասկանալի բնույթի բազմաթիվ օբյեկտների դեմ առնելով, որոնցից յուրաքանչյուրը ստիպում էր Տիյմիին մի քանի կտրուկ, կոկորդային հնչյուն արտաբերել։ Չգիտես ինչու, Մաշան ցանց պատկերացրեց, որը քարշ էր գալիս պղտոր գետափոսի հատակով՝ հավաքելով իր ճանապարհին հանդիպած ամեն բան։ Հանկարծ Տիյմիի ձայնն ինչ-որ բանից կառչեց․ Մաշան զգաց, որ նա փորձում էր ազատվել, բայց չէր կարողանում։

Մաշան բացեց աչքերը։ Տիյմին համարյա խարույկի կողքին էր կանգնած և փորձում էր իր դաստակը դուրս հանել դատարկությունից։ Ամբողջ թափով ցնցում էր ձեռքը, բայց դատարկությունը տեղի չէր տալիս։

-Նիլտի դոգլոնգ, – սպառնալից ասաց Տիյմին, – նիլտի ջամայ։

Մաշան հստակ զգաց, որ Տիյմիի առջև գտնվող դատարկությունն ինչ-որ բան պատասխանեց։

Տիյմին սկսեց ծիծաղել և թափահարեց դահիրան։

– Nein, Herr General, – ասաց նա, – das hat mit Ihnen gar nicht zu tun. Ich bin hier wegen ganz anderer Angelegen-heit:

Դատարկությունն ինչ-որ բան հարցրեց, և Տիյմին բացասաբար շարժեց գլուխը։

-Այդ ի՞նչ է, գերմաներե՞ն է խոսում, – հարցրեց Մաշան։

-Երբ շամանություն է անում, խոսում է, – պատասխանեց Տանյան։ – Այդ ժամանակ ցանկացած լեզվով էլ կարող է խոսել։

Տիյմին մի անգամ էլ փորձեց քաշել հանել ձեռքը։

-Heute ist schon zu spat, Herr General. Verzeirheng, ich hab es sehz eilig, – ջղայնացած ասաց նա։

Այս անգամ Մաշան զգաց դատարկությունից եկող սպառնալիքը։

-Wozu՞, – արհամարհանքով բղավեց Տիյմին, ուսից պոկեց երկու ժանգոտ մեխերով Գեորգևյան ժապավենը և իր գլխի վերևում պտտեց դրանք։ – Նիլտի ջամա՜յ։ Բլյայ բուդուլա՜ն։

Դատարկությունն այնպիսի արագությամբ բաց թողեց նրա ձեռքը, որ Տիյմին խոտերին ընկավ։ Ընկնելով ծիծաղեց և շրջվեց դեպի Տանյան ու Մաշան և բացասաբար շարժեց գլուխը։

-Ի՞նչ եղավ, – հարցրեց Մաշան։

-Գործը բուրդ է, – պատասխանեց Տանյան։ – Հաճախորդդ անդրաշխարհում չէ։

-Իսկ միգուցե Տիյմին մինչև վերջ չի՞ նայել, – հարցրեց Մաշան։

-Իսկ ըստ քեզ՝ վերջը այնտեղ ո՞րն է։ Այնտեղ ոչ մի վերջ էլ չկա։ Ոչ էլ սկիզբ կա։

-Բա հիմա ի՞նչ անենք։

-Վերին աշխարհում կարելի է նայել, – ասաց Տանյան, – միայն թե հավանականությունը շատ փոքր է։ Դեռ ոչ մի անգամ չի ստացվել։ Բայց փորձել, իհարկե, կարելի է։

Նա շրջվեց դեպի Տիյմին, որը դեռ նստած էր խոտին, և մատով դեպի վերև ցույց տվեց։ Տիյմին գլխով արեց, մոտեցավ ծառի մոտ դրված թենիսի պայուսակին և մյուս դահիրան հանեց։ Հետո կոկա-կոլայի բանկան և գլուխը թափ տալով՝ մի քանի կում արեց, և Մաշային ինչ-որ բանով հիշեցրեց Մարտինա Նավրատիլովային[3] ուիմբլդոնյան կորտում։

Վերին աշխարհի դահիրան այլ կերպ էր հնչում․ կամաց և մի տեսակ մտախոհ։ Տիյմիի՝ երկար, թախծոտ նոտա վերցրած ձայնը նույնպես փոխվել էր և վախի փոխարեն հանգստություն ու թեթևակի տխրություն էր առաջացնում Մաշայի մոտ։ Կրկնվում էր ճիշտ նույնը, ինչ մի քանի րոպե առաջ, միայն թե այս անգամ այն, ինչ կատարվում էր, ոչ թե սարսափելի էր, այլ վեհ և անպատեհ․ այնքան անպատեհ, որ նույնիսկ Մաշան հասկացավ․ ամենևին էլ կարիք չկար անհանգստացնելու աշխարհի այն գոտիները, որոնց դիմում էր Տիյմին՝ դեմքը պարզելով ճյուղերի միջև եղած լուսաշերտերից երևացող մռայլ երկնքին և թեթևակի թխթխկացնելով իր դահիրան։

Մաշան մի հին մուլտֆիլմ հիշեց, որը փոքրիկ գորշ գայլի՝ ինչ-որ մռայլ և թավ ներկված մերձմոսկովյան նեղլիկ տարածություններում արկածների մասին էր։ Մուլտֆիլմում այդ ամենը երբեմն անհետանում էր, և անհասկանալի տեղից հայտնվում էր միջօրեի արևի ճառագայթներով ողողված, գրեթե թափանցիկ լայնարձակությունը, որտեղ գունատ ջրանկարված ճանապարհով դեպի հեռուն էր գնում փետուրով նկարված ուխտավորը։

Մաշան թափահարեց գլուխը, որպեսզի ուշքի գար, և շուրջը նայեց։ Նրան թվաց, թե շրջակայքի բոլոր բաղկացուցիչ մասերը (բոլոր այդ թփերն ու ծառերը, խոտերն ու հենց նոր խիստ թանձրացած մռայլ ամպերը) հեռացան միմյանցից դահիրայի բախյունների ներքո, և դրանց միջև եղած լուսաշերտերի մեջ մի ակնթարթ տարօրինակ, լուսավոր և անծանոթ աշխարհ բացվեց։

Տիյմիի ձայնը ինչ-որ բանի դեմ առավ, փորձեց ավելի հեռուն գնալ, չկարողացավ և մեկ լարված նոտայի վրա անշարժացավ։

Տանյան ձգեց Մաշայի ձեռքը։

-Տե՛ս, – ասաց նա, – գտա՜նք։ Հիմա կբռնի․․․

Տիյմին ձեռքերը վեր պարզեց, սուր ճիչ արձակեց և ընկավ խոտին։

Մաշան լսեց ինքնաթիռի հեռավոր գվվոցը։ Անհասկանալի տեղից էր գալիս ձայնը և երկար հնչեց, իսկ երբ ձայնը կտրվեց, մի շարք հնչյուններ լսվեցին ձորակից․ ապակու շխկոց, ժանգոտած մետաղի շառաչ և տղամարդու կամացուկ, բայց հստակ լսելի հազ։

Տանյան վեր կացավ, մի քանի քայլ արեց դեպի ձորակը, և այդ պահին Մաշան բացատի եզրին կանգնած մի սևավուն մարմին նկատեց։

-Շպրեխեն զի դո՞յչ, – խռպոտ ձայնով արտաբերեց Տանյան։ Մարմինը լուռ դեպի կրակը շարժվեց։ – Շպրեխեն զի դո՞յչ, – հետ-հետ գնալով՝ կրկնեց Տանյան, – խո՜ւլ է, ի՜նչ է։

Խարույկի կարմրավուն լույսն ընկավ թռիչքային սաղավարտով և կաշվե վերարկուով քառասունին մոտ հաղթանդամ տղամարդու վրա։ Մոտենալով նստեց քթի տակ ծիծաղող Տիյմիի դիմաց, խաչեց ոտքերն ու աչքերը Տանյայի վրա բարձրացրեց։

-Շպրեխեն զի դո՞յչ։

-Վե՛րջ տուր, – հանգիստ ասաց տղամարդը, – անընդհատ նույն բանն ես կրկնում։

Տանյան հիասթափված շվշվացրեց։

-Ո՞վ եք, – հարցրեց նա։

-Ե՞ս։ Մայոր Զվյագինցևն եմ։ Նիկոլայ Իվանովիչը։ Իսկ այ դո՛ւք ովքեր եք։

Մաշան և Տանյան իրար նայեցին։

-Անհասկանալի է, – ասաց Տանյան, – ի՞նչ մայոր Զվյագինցև, եթե ինքնաթիռը գերմանական  է։

-Ինքնաթիռը ռազմաավարային է,- ասաց մայորը։ – Ես այն ուրիշ օդանավակայան էի հասցնում, մեկ էլ հանկարծ․․․

Մայոր Զվյագինցևի դեմքը ծամածռվեց, երևում էր, որ ինչ-որ ծայրահեղ տհաճ բան էր հիշել։

-Ուրեմն Դուք ի՞նչ է, – հարցրեց Մաշան, – խորհրդայի՞ն եք։

-Դե ոնց ասեմ, – պատասխանեց մայոր Զվյագինցևը, – խորհրդային էի, իսկ հիմա նույնիսկ չգիտեմ։ Այնտեղ ամեն բան այլ է։

Նա հայացքը Մաշայի վրա գցեց, վերջինս, չգիտես ինչու, կաշկանդվեց և հայացքը հեռացրեց։

-Իսկ դուք ինչո՞ւ եք այստեղ, աղջիկնե՛ր, – հարցրեց տղամարդը։ – Չէ՞ որ մեռածների և ողջերի ուղիները տարբեր են։ Այդպես չէ՞։

-Օ՜յ, – բացականչեց Տանյան, – ներեցե՛ք խնդրում եմ։ Մենք խորհրդայիններին  չենք անհանգստացնում։ Ինքնաթիռի պատճառով է այսպես ստացվել։ Կարծում էինք, թե ներսում գերմանացի է։

-Իսկ գերմանացի՞ն ինչներիդ է պետք։

            Մաշան բարձրացրեց աչքերն ու հայացք գցեց մայորի վրա։ Լայն, հանգիստ դեմք ուներ, թեթևակի վեր ցցված քիթ և մազախիտ այտեր։ Նման դեմքերը դուր էին գալիս Մաշային․ իհարկե, մայորին մի փոքր փչացնում էր ձախ այտոսկրի՝ գնդակից մնացած անցքը, բայց Մաշան վաղուց էր ընդունել, որ անթերիություն չկա աշխարհում, և չէր փնտրում այն մարդկանց մեջ, առավել ևս նրանց արտաքինի մեջ։

            -Դե՜, հասկանում եք, – ասաց Տանյան, – հիմա այդպիսի ժամանակներ են, ով ինչպես կարողանում է, այդպես էլ լրացուցիչ փող է վաստակում։ Դե՜, մենք էլ նրա հետ․․․ – նա գլխով արեց դեպի անտարբեր Տիյմիի կողմը։ – Կարճ ասած, մեր աշխատանքի բնույթն է այդպիսին։ Չէ՞ որ հիմա բոլորն այստեղից գնում են։ «Ֆիրմայի» հետ ամուսնությունը չորս հազար դոլար է։ Իսկ մենք միջինը հինգ հարյուրով ենք կազմակերպում։

            -Իսկ հանգուցյա՞լը, – թերահավատորեն հարցրեց մայորը։

-Պա՛հ, մի հատ էլ դա պետք է մտածենք։ Չէ՞ որ քաղաքացիությունն անփոփոխ է մնում։ Ամուսնանալու պայմանով ենք միայն վերակենդանացնում։ Սովորաբար գերմանացիներ են լինում։ Գերմանական դիակը մեզ մոտ ասես Զիմբաբվեից ողջ նեգր կամ առանց վիզայի ռուսախոս հրեա լինի։ Ամենից լավը, իհարկե, «Կապույտ դիվիզիայից»[4] իսպանացին է, բայց դա շատ թանկ ննջեցյալ է։ Բացառիկ։ Դե՜, նաև իտալացիներ կան, ֆիններ։ Իսկ ռումինացիներին և հունգարացիներին նույնիսկ ձեռք չենք տալիս։

-Ահա թե ինչ, – ասաց մայորը։ – Իսկ հետո նրանք երկա՞ր են ապրում։

-Մոտավորապես երեք տարի, – ասաց Տանյան։

-Քիչ է, – պատասխանեց մայորը։ – Չե՞ք խղճում նրանց։

Մի պահ Տանյան մտքերով ընկավ, նրա գեղեցիկ դեմքը լիովին լրջացավ, և խոր խորշոմ հայտնվեց հոնքերի մեջտեղում։ Լռություն տիրեց, որը խախտում էին միայն ճյուղերի ճարճատյունը խարույկի մեջ և սաղարթի կամացուկ խշխշոցը։

-Կտրուկ հարց է, – ասաց նա վերջապես։ – Լո՞ւրջ եք հարցնում, թե՞ ոնց։

-Լիովին լուրջ։

Տանյան մի փոքր էլ մտածեց։

-Լսել եմ, – խոսեց նա, – գոյություն ունեն երկրի կանոն և երկնքի կանոն։ Եթե երկրի վրա երկնային ուժ կիրառես, բոլոր կենդանի արարածները կսկսեն շարժվել, իսկ անտեսանելիները երևան կգան։ Ներաշխարհ չունեն, և ըստ էության՝ խավարի ժամանակավոր խտացում են ընդամենը։ Դրա համար էլ երկար չեն մնում կերպարանափոխության շրջապտույտի մեջ։ Եվ նրանց խորքային, բուն էությունը դատարկ է, դրա համար էլ չեմ խղճում։

-Այդպես էլ կա, – ասաց մայորը։ – Խորն ես հասկանում։

Տանյայի հոնքերի միջև հայտնված խորշոմը հարթվեց։

-Իսկ ընդհանրապես, եթե անկեղծ, այնքան գործ է լինում, որ մտածելու ժամանակ նույնիսկ չի էլ լինում։ Մի ամսվա ընթացքում մոտավորապես տասը հատ ենք անում, իսկ ձմռանը՝ ավելի քիչ։ Մոսկվայում Տիյմիի մոտ երկու տարի առաջ են հերթագրվում։

-Իսկ դրանք, որոնց վերակենդանացնում եք, միշտ համաձայնո՞ւմ են։

-Համարյա, – պատասխանեց Տանյան։ – Չէ՞ որ այնտեղ սարսափելի ձանձրույթ է։ Նեղ է, մութ, բարիքներ չկան։ Կափկափոց է։ Ճիշտ է, չգիտեմ, թե Ձեզ մոտ ինչպես է, վերին աշխարհից հաճախորդ դեռ չենք ունեցել։ Բայց իհարկե, ներքևում էլ են ննջեցյալները տարբեր։ Մի տարի առաջ Խարկովի մոտ այնպիսի՜ բան էր, սարսա՜փ։ «Մեռած գլուխ» ջոկատներից[5] մի տանկավար էր ձեռքներս ընկել։ Ուրեմն՝ հագցրինք նրան, լվացինք, սափրեցինք, ամեն ինչ բացատրեցինք։ Կարծես թե համաձայնեց։ Նրա հարսնացուն էր լավը․ Մարինան՝ լրագրության ֆակուլտետից։ Հիմա ճապոնացի նավաստու հետ ենք տեղավորել նրան․․․ Աստվա՛ծ իմ, միայն տեսնեք, թե ինչպես են ջրի երես դուրս գալիս․․․ Հենց հիշում եմ․․․ Ինչի՞ մասին էի պատմում։

-Տանկավարի, – ասաց մայորը։

-Հա՜, ճի՛շտ է։ Կարճ ասած, նրան մի քիչ փող տվեցինք, որպեսզի մարդ զգար իրեն։ Դե իհարկե, սկսեց խմել, սկզբից բոլորն էլ խմում են։ Եվ մի անգամ ինչ-որ կրպակում նրան օղի չվաճառեցին։ Ռուբլի խնդրեցին։ Իսկ նրա մոտ միայն կտրոններ և օկուպացիոն մարկեր[6] էին։ Այդպես սկզբում պարաբելլումով[7] ջարդուփշուր արեց նրանց ցուցափեղկը, իսկ գիշերը «տիգրով» եկավ և հողին հավասարեցրեց կայարանի դիմաց գտնվող բոլոր կրպակները։ Այդ օրվանից սկսած գիշերները հաճախ են տեսնում այդ զրահամեքենան։ Այդպես էլ շրջում է Խարկովով, առևտրային կրպակներ է ջարդում։ Իսկ ցերեկն անհետանում է։ Անհասկանալի է, թե ուր։

-Պատահում է, – ասաց մայորը, – տարօրինակ բաները շատ են աշխարհում։

-Այդ ժամանակվանից սկսեցինք վերմախտի[8] հետ աշխատել միայն։ Իսկ ԷսԷս[9]-ի հետ ոչ մի գործ չենք բռնում։ Նրանք բոլորը կիսախելագար են։ Մե՛րթ գյուղական սովետն են գրավում, մե՛րթ սկսում են երգել։ Իսկ ամուսնանալ չեն ուզում, ըստ կանոնադրության՝ արգելված է։

Բացատով սառը քամու պոռթկում տարածվեց։ Մաշան հմայված հայացքը կտրեց մայոր Զվյագինցևից և տեսավ, թե ինչպես էին ձորակի եզրին աճող ծառի երեք ճյուղերի միջից դուրս գալիս երեկ թափանցիկ մարդիկ՝ անորոշ տեսքով։ Տիյմին վախեցած ճչաց և մի ակնթարթում թաքնվեց Տանյայի թիկունքում։

-Խնդրեմ, – փնթփթաց Տանյան, – սկսվում է։ Դե՜, մի՛ վախեցիր, ծե՛ր հիմարիկ, ձեռք չեն տա քեզ։

Նա ոտքի կանգնեց և գնաց թափանցիկ մարդկանց ընդառաջ՝ հեռվից ձեռքով հանգստացնող շարժումներ անելով, ճիշտ խախտում կատարած վարորդի նման, որին կանգնեցրել էր ոստիկանը։ Տիյմին կծկվեց, գլուխը դրեց ծնկներին և սկսեց թեթևակի ցնցվել։ Ամեն դեպքում Մաշան ավելի մոտեցավ խարույկին և հանկարծ ամբողջ մարմնով զգաց մայոր Զվյագինցևի՝ դեպի իրեն ուղղված հայացքը։ Բարձրացրեց աչքերը։ Մայորը տխուր ժպտաց։

-Գեղեցիկ եք, Մա՛շա, – ցածրաձայն ասաց նա։ – Ախր ես, երբ ձեր Տիյմին սկսեց կանչել ինձ, գործ էի անում այգում։ Կանչում էր, կանչում էր, խիստ զզվեցրեց։ Ուզում էի վռնդել ձեզ, դուրս նայեցի և Ձեզ տեսա, Մա՛շա։ Եվ այնպե՜ս հիացրիք ինձ, խոսքեր չեմ գտնում։ Դպրոցում մի ընկերուհի ունեի, Ձեզ էր նման, անունն էլ Վարյա էր։ Ճիշտ Ձեզ պես էր, նրա քիթն էլ էր ամբողջությամբ պեպեններով պատված։ Միայն թե նրա մազերը երկար էին։ Սիրում էի նրան։ Եթե Դուք չլինեիք, Մա՛շա, մի՞թե ես կգայի այստեղ։

-Ի՞նչ է, այնտեղ այգի կա՞, – մի փոքր կարմրելով՝ հարցրեց Մաշան։

-Կա։

-Իսկ այն տեղի անունը, որտեղ ապրում եք, ի՞նչ է։

-Իսկ այնտեղ անվանումներ չկան, – պատասխանեց մայորը։ – Դրա համար էլ ուրախության և խաղաղության մեջ ենք ապրում։

-Իսկ ընդհանրապես ո՞նց է այնտեղ։

-Սովորական, – ասաց մայորն ու նորից ժպտաց։

-Ի՞նչ է, – ասաց Մաշան, – իրեր էլ ունե՞ք, ինչպես մարդիկ։

-Ինչպես ասեմ, Մա՛շա։ Մի կողմից՝ այո՛, մյուս կողմից՝ ո՛չ։ Մի խոսքով՝այդպիսի ամեն բան մոտավոր և անորոշ է։ Բայց այդպես է, միայն եթե մտամուխ լինես։

-Իսկ որտե՞ղ եք ապրում։

-Կարծես թե հողամասով տուն ունեմ այնտեղ։ Այնպիսի լռություն է, լավ է։

-Իսկ մեքենա ունե՞ք, – հարցրեց Մաշան և միանգամից շփոթվեց․ այնպիսի հիմարություն թվաց նրան իր սեփական հարցը։

-Եթե ցանկանամ կունենամ։ Ինչո՞ւ ոչ։

-Իսկ ի՞նչ մեքենա։

-Ամեն անգամ տարբեր, – ասաց մայորը։ – Մի օր միկրոալիքային վառարանն է, և այդ է․․․ այդ լվացքի մեքենան։ Միայն թե լվանալու ոչինչ չկա։ Գունավոր հեռուստացույց էլ է լինում։ Ճիշտ է, մի ալիք ունի, բայց ձեր բոլոր ալիքները դրա մեջ են։

-Հեռուստացույցը նույնպե՞ս ամեն անգամ տարբեր է։

-Այո՛, – ասաց մայորը։ – Մե՛րթ «Պանասոնիկ» է, մե՛րթ «Շիվակի»։ Իսկ հենց մտաբերում ես, նայում ես ու տեսնում, որ ոչինչ էլ չկա։ Միայն աղոտ գոլորշին է քուլա-քուլա բարձրանում։ Ասում եմ չէ՞, ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչ ձեզ մոտ։ Միայն թե անվանումներ չկան։ Անանուն է ամեն բան։ Եվ որքան վերև, այնքան ավելի անանուն։

Մաշան չգիտեր էլ ինչ հարցնել և լռեց՝ մայորի վերջին խոսքերի շուրջ խորհելով։ Այդ ընթացքում Տանյան եռանդագին ինչ-որ բան էր ապացուցում այդ երեք թափանցիկ մարդկանց։

-Իսկ ես ասում եմ ձեզ, որ նա ամպրոպի պատճառով է շամանություն անում, – լսվեց նրա ձայնը, – ամեն բան օրենքով է։ Մանուկ ժամանակ կայծակը խփել է նրան, իսկ հետո ամպրոպի ոգին մի կտոր թիթեղ է նվիրել նրան, որպեսզի իրեն հովար սարքի․․․ Իսկ ինչո՞ւ պետք է ներկայացնեմ ձեզ։ Ինչո՞ւ պետք է իր մոտ պահի։ Երբեք նման խնդիր չէր առաջացել․․․ Գոնե ամաչեիք տարեց կնոջ հանդեպ բծախնդրություն ցուցաբերելուց։ Ավելի լավ է Մոսկվայում ժողովրդական բուժարարներին կարգի հրավիրեիք։ Այնպիսի՜ սև գործերի հոտ է գալիս․․․ սարսափելի է ապրել, իսկ դուք պառավից եք․․․ Եվ կբողոքեմ․․․

Մաշան զգաց, որ մայորը նրա արմունկին դիպավ։

-Մա՛շա, – ասաց նա, – ես գնում եմ հիմա։ Ուզում եմ մի բան նվիրել քեզ՝ որպես հուշ։

Մաշան նկատեց, որ մայորը «դու»-ի էր անցել, և նրան դուր եկավ դա։

-Սա ի՞նչ է։

-Փոքրիկ սրինգ է, – ասաց մայորը։ – Եղեգից է պատրաստված։ Հենց որ հոգնես այս կյանքից, ինքնաթիռիս մոտ արի՛։ Կնվագես, և ես դուրս կգամ քեզ մոտ։

-Իսկ Ձեզ մոտ հյուր գալ կարելի՞ է, – հարցրեց Մաշան։

-Կարելի է, – ասաց մայորը։ – Ելակ կուտես։ Գիտե՞ս, թե ի՜նչ ելակ ունեմ այնտեղ։

Մայորը ոտքի կանգնեց։

-Դե ի՞նչ, կգա՞ս, – ասաց մայորը։ – Սպասելու եմ։

Մաշան հազիվ նկատելի գլխով արեց։

-Բայց Դուք․․․ Չէ՞ որ Դուք հիմա ողջ եք։

Մայորը թոթվեց ուսերը, կաշվե վերարկուի գրպանից ժանգոտած ՏՏ[10] հանեց և կպցրեց ականջին։

Կրակոց լսվեց։ Տանյան շրջվեց և վախեցած հայացքը մայորի վրա հառեց, որը երերաց, բայց ոտքի վրա մնաց։ Տիյմին բարձրացրեց գլուխը և ցածրաձայն հռհռաց։ Նորից սառը քամի փչեց, և Մաշան տեսավ, որ այլևս ոչ մի թափանցիկ մարդ էլ չկար բացատի եզրին։

-Կսպասեմ, – ասաց մայոր Զվյագինցևը և օրորվելով գնաց դեպի ձորակը, որի վրա հազիվ տեսանելի ծիածանային լուսապսակ տարածվեց։ Մի քանի քայլ հետո նրա ուրվագիծը չքացավ մթության մեջ, ինչպես մի կտոր ռաֆինադը՝ մի բաժակ տաք թեյի մեջ։

Մաշան սրահակի պատուհանից նայում էր կողքով սլացող բանջարանոցներին և տնակներին ու լուռ արտասվում էր։

-Դե՜, Մա՛շ, դե՜, – ասում էր Տանյան՝ նայելով ընկերուհու լացակումած դեմքին։ – Թքա՛ծ ունեցիր, նման բան լինում է։ Ուզո՞ւմ ես աղջիկների հետ Արխանգելսկի մերձակայք գնանք։ Այնտեղ՝ ճահիճում, ամերիկյան Բ-29[11]՝ «Թռչող ամրոց», կա։ Տասնմեկ մարդ, բոլորին կհերիքի։ Կգա՞ս։

-Իսկ ե՞րբ եք ուզում մեկնել, – հարցրեց Մաշան։

-Ամսի տասնհինգից հետո։ Ի դեպ, դու ամսի տասնհինգին՝ մաքուր ժանտախտի տոնին, արի՛ մեզ մոտ։ Կգա՞ս։ Տիյմին ճանճասպաններ[12] է չորացրել։ Վերին աշխարհի դահիրան կխփենք քեզ համար, եթե այդքան դուրդ եկել է։ Լսի՛ր, Տիյմի՛, իրոք լավ կլինի չէ՞, եթե Մաշան մեզ հյուր գա։

Տիյմին բարձրացրեց դեմքն ու իբրև պատասխան՝ լայն ժպտաց՝ ցուցադրելով ատամների շագանակագույն բեկորները, որոնք տարբեր կողմեր էին ցցվել լնդերից։ Սոսկալի ժպիտ ստացվեց, որովհետև Տիյմիի աչքերը ծածկել էին գլխարկից կախված կաշվե ժապավենները, և թվում էր, թե միայն բերանով էր ժպտում, իսկ նրա անտեսանելի հայացքը շարունակում էր սառն ու ուշադիր մնալ։

-Մի՛ վախեցիր, – ասաց Տանյան, – նա բարի է։

Բայց Մաշան արդեն պատուհանից դուրս էր նայում՝ գրպանում սեղմելով մայոր Զվյագինցևի նվիրած եղեգնյա սրինգը, և լարված կերպով ինչ-որ բանի մասին էր մտածում։

 Թարգմանությունը ռուսերենից`Էլիզա Ստեփանյանի

[1] Վագոնի առջևի ու հետևի մասերից առանձնացած հարթակներից յուրաքանչյուրը:

[2] Գերմանական ավիաընկերություն։

[3] Չեխ և ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի և մարզիչ։

[4] Իսպանացի կամավորներից կազմված դիվիզիա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի կողմից կռվել է խորհրդա-գերմանական ռազմաճակատում։

[5] Էսէսական ստորաբաժանում, որը պատասխանատու էր Երրորդ ռայխի համակենտրոնացման ճամբարներում սահմանված կարգի ու կանոնի ապահովման համար։

[6] Դրամական միավոր Գերմանիայում և Ֆինլանդիայում

[7] Ատրճանակի տեսակ։

[8] 1935-1945 թվականներին Երրորդ Ռայխի զինված ուժեր։

[9] Արտոնյալ ռազմականացված կազմակերպություն ֆաշիստական Գերմանիայում։

[10] Խորհրդային ժամանակների ատրճանակի տեսակ (Тульский Токарева)։

[11] Բոինգ ինքնաթիռ։

[12] Սունկ։

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *