Փաքսիմա Մոջավեզի | Վերջին նամակ

Փաքսիմա Մոջավեզին ծնվել է 1977 թվականին, 1995-ից զբաղվել է լրագրությամբ, իսկ 1999-ին տպագրության է հանձնել իր առաջին գիրքը: Հեղինակն ուսանել է Հնդկաստանում՝ Դելիի պետական համալսարանում, գրել գիտական աշխատանքներ իրանական գրականության, մասնահատկապես Սադեղ Հեդայաթի արձակի վերաբերյալ: Սույն գործը պատկանում է «Դառնում եմ երկինք» պատմվածքների ժողովածուին:

 

 

 

«Սա վերջին նամակն է, որ գրում եմ քեզ, և չգիտեմ՝ կհասնի քեզ, թե ոչ, բայց լավ գիտեմ, որ դու, ինչպես անցյալում, ուզում ես իմանալ այն ամբողջ անհասկանալին, որ չկարողացա կամ չցանկացա ասել քեզ։ Սակայն հիմա զգում եմ, որ դու՝ գեղեցի՛կ փոքրիկ, մեծացել ես, այնքան ես մեծացել, որ կարող ես դատողություններ անել և արդարացնել ինձ կամ ծնողներիդ։ Եթե նրանց էլ արդարացնես, կարծում եմ՝ խնդիր չէ։
Մի՛ անհանգստանա, որ այսքան դես ու դեն եմ ընկնում, քանի որ նախ պիտի ներսս հանդարտեցնեմ։ Ներս, որ տասնհինգ տարի է՝ ճչում ու աղաղակում է։ Ներսիցս այնքան եմ ինձ ճանկել, որ արդեն տասնհինգ տարի է, ինչ ես էլ եմ ծնողներիդ հետ մահացել։ Երբ քեզ մոտս բերեցին, երեք տարեկան էիր՝ նիհար ու թույլ, և ամեն րոպե մտածում էի՝ դու էլ կմահանաս։ Հանգստության համար վերադարձանք կիսավառ տուն, սարքեցինք այն ու ապրեցինք։ Հոգ տարա քո մասին։ Քեզանով մեռա ու ապրեցի։ Աշխատեցի։ Ապրեցի քեզ համար։ Քեզ իմ էության մի մասը, իմն էի համարում։ Հորդ ու մորդ կյանքի դառը պատմությամբ մեծացրի քեզ։ Ասացի, որ այդ ժանտ գիշերը՝ անիծված ուրբաթ օրը, մոխրացան։ Դու փոքր էիր, լալիս էի, վախենում, նույնիսկ մի անգամ ճչացիր ու փախար։ Ասացիր՝ իմ աչքերում կրակի բոցեր տեսար։ Դու խելացի մանուկ էիր և այդ վեցերորդ զգայարանդ ինձնից ես ժառանգել։
Մեծացար։ Ինձ մորաքույր էիր ասում։ Անընդհատ ուզում էի, որ գոնե մի անգամ ինձ մայրիկ կանչես, բայց երբեք չասացիր։ Ինձ, որ մորից էլ հարազատ էի քեզ։ Ինձ, որ գիշերները գլխավերևումդ օրոր էի երգում ու միայնակ արտասվում։
Մայրության օրը միշտ մի փունջ ծաղիկ էիր առնում ու գնում նրա գերեզմանին։ Ոչ մի անգամ մի փունջ ծաղիկ չտվեցիր ինձ։ Լուռ էի, նայում էի քեզ՝ վայելելով հասակ առնելդ։ Ուզում էի քեզ ինձ պես դաստիարակել։ Բոլոր տարեկիցներդ իրենց հեռու էին պահում քեզնից։ Նույնիսկ ուսուցչիցդ լսեցի, թե աչքերումդ բոցավառ կրակ կա։ Երջանիկ էի, բայց երբեմն անմիտ քայլեր էիր անում՝ սրտից թույլ մարդկանց խղճահարությունն առաջացնելով։ Ճիշտ ինչպես հայրդ։
Որքան մեծանում էիր, աչքերիդ ուժն էլ էր մեծանում։ Կարծես իմ աչքերի կորսված ուժը փոխանցվել էր քեզ։ Ինձ համար մշտապես չարաճճի երեխա էիր։ Նորից մայրության օրը եկավ, և դու, ծաղկեփունջն առած, կրկին գնացիր նրա գերեզման։ Ոչինչ չասացի, բայց զզվում էի մեռած քրոջիցս։ Նա անասուն էր, ինչպես ես, ինչպես հայրդ։ Իր ու իր կյանքի համար ամեն ինչ անում էր. հերթով ու կամաց-կամաց կպատմեմ ամենը։ Մինչ դու գնացիր նրա գերեզմանին, զանգահարեցի անշարժ գույքի գործակալություն և մեկ շաբաթվա մեջ տեղափոխվելու պատրաստություններ տեսա, որ քեզ հեռու պահեմ այս քաղաքից, այդ անիծված գերեզմանից։ Չէի ուզում՝ երկու մեռելների անշունչ քարերին նայելով աչքերիդ կրակը մարի։ Լաց եղար։ Անգամ նրանց հրաժեշտ տվեցիր, բայց լուռ էի ու ոչինչ չասացի։ Լավ էիր սովորում, միշտ լավ գնահատական ստանում, գոհ էի քեզանից։ Նոր քաղաքում երկուսս էլ հանգիստ էինք։ Տեսնելով, որ ջանում ես պահպանել այդ հանգստությունը, հաճույք էի ստանում։
Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ նրան քեզ հետ ծանոթացրի։ Անգամ բարևին չպատասխանեցիր։ Աչքերիդ կրակը նրան սարսափեցրեց, և քեզ նյարդային անվանեց։ Այդ գիշեր ինձ ասացիր՝ չպիտի ամուսնանամ։ Ասացիր՝ եթե հետն ամուսնանամ, կսպանես նրան, ես էլ ծիծաղեցի վրադ, կարծեցիր՝ լուրջ չեմ ընդունել։ Այս տողերով ուզում եմ խոստովանել քեզ, որ գիտեի՝ նրան կսպանես, դրա համար էլ համաձայնեցի ամուսնանալ։ Գիտեմ քեզ։ Իմ կտորն ես։ Ուզում էի մաքուր ու անբիծ ձեռքերդ կեղտոտել ու արնոտել։ Ուզում էի՝ ինձ նման լինես։ Անհնար էր՝ քո մաքուր մարմնով ու իմ արնոտ էությամբ ապրենք մեկ տան մեջ։ Քեզ ասացի՝ որոշումս կայացրել եմ և ուզում եմ ամուսնանալ։ Բարկացար, շիշ շպրտեցիր, բղավեցիր։ Հաճույք էի ստանում ինձ պահպանելու ջանքերիցդ։ Այդ պահին հասկացա, որ սիրում ես ինձ։ Ավելի շատ, քան գերեզմանի միջի այն երկու դիակներին։
Հիշում ես՝ որոշված էր, որ այն անձրևոտ երեկոյան գա մեզ մոտ ընթրիքի։ Գիտեի, որ հենց այդ երեկո ամեն ինչ ավարտին կհասցնես։ Մանավանդ, մոտդ հեռախոսով նրան ասացի՝ սիրում եմ քեզ։ Դիտավորյալ հարցրի՝ ամուսնական պայմանագիրը երբ ենք կնքելու։ Գիտեի, որ այդ խոսքերն ու փաղաքշանքը լսելով կատաղում ես։ Այդ խոսքերը քեզ էիր վերագրում, ո՛չ ուրիշ մեկի։ Այդ երեկո գնացիր, կեսգիշերն անց էր, չեկար։ Անհանգիստ էի քո չգալու համար, ոչ թե՝ նրա։ Քայլում էի ու ձեռքերս շփում։ Չպետք է քնեի, պիտի արթուն մնայի, մինչև գաս, որ տեսնեմ քեզ։ Որպեսզի հավատամ՝ ողջ ես։ Եղունգներս էի կրծում ու վերքերիս վրա աղ ցանում, որ հանկարծ քնով չանցնեմ։ Վախենում էի՝ նրա փոխարեն դու վնասված լինես։ Եթե մեռնեիր, ինչ կանեի։ Հաստատ պիտի նրա հետ ամուսնանայի, բայց քո վիշտը չէր թողնի՝ ապրեմ։ Եթե մեռնեիր, նրան կսպանեի, կտոր-կտոր կանեի։ Համբերությունս արդեն հատում էր, երբ վերադարձար անհանգիստ ու դողդղալով։ Ջրի մեջ կորած էիր, անձրևը լվացել էր քեզ։ Ձեռքերդ դողում էին։ Այդ պահին ամեն ինչ խոստովանեցիր՝ չիմանալով, որ գիտեմ։ Գրկեցի, շոյեցի քեզ, հարցրի՝ որտեղ ես նրան սպանել։ Շորերդ հանեցի, սրբեցի արյան հետքերը։ Լվացի ձեռքերդ ու դեմքդ, մազերդ սանրեցի, տաք կաթ տվեցի։ Ճակատդ ու աչքերդ համբուրեցի։ Քեզ սենյակ տարա, պառկեցրի մահճակալին և ականջիդ շշնջացի. «Իմ սիրո՛ւն պստիկ, սիրում եմ քեզ»։
Հանդարտվեցիր, քնեցիր, և երկուսով նոր առավոտ սկսեցինք։ Վստահությունդ իմ հանդեպ ավելի մեծացավ։ Շատ ավելի սիրեցիր ու ծաղիկներ նվիրեցիր ինձ։ Երկուսս էլ գոհ էինք, բայց այդ երկկողմ գոհությունը ուրիշ տեղից էր. ես գիտեի, որ ձեռքերդ կեղտոտ են ու արնոտ, դու՝ չէ։ Կարևոր չէր. իմ ու քո կյանքում ուրիշ գեղեցկություններ կային։
Հիշում ես՝ միասին գնացինք ճամփորդության։ Ճամփորդություն՝ երկու հոգու համար և ինչքան լավ անցավ։ Այդ ուղևորության ընթացքում քեզ առաջարկեցին խաղալ ֆիլմում։ Հիշում ես՝ որքան երջանիկ էի, բայց, թանկագի՛նս, նույնքան էլ անհանգիստ էի և եմ։ Արտասուքով ու տագնապով ճամպրուկդ կապեցի։ Ուրախ-ուրախ պատրաստվում էիր ճամփորդության։ Լացով քեզ գիրկս առա։ Այնպիսի զգացողություն էր, ասես էլ ինձ չես պատկանում։ Գնալդ ինձ համար դժվար էր, երկար ժամանակ պահանջվեց, մինչև ընտելացա. այլևս չէի տեսնելու բոցկլտան ու հպարտ աչքերդ։
Դու գնացիր ինձնից։ Գնացիր՝ փորձերի ու խաղի։ Բայց ինձ հաճախակի նամակներ էիր գրում, մինչև վերջին նամակումդ ասացիր՝ սիրահարվել ես և ուզում ես ամուսնանալ։ Չգիտեմ՝ հիմա ինչ ես զգում։ Գուցե իմ կյանքի տղամարդուն սպանելու համար ամոթի զգացողություն ունես, բայց մի՛ անհանգստանա։ Ես քո սիրուն չեմ սպանի, ես հասկանում եմ, թե ինչ ես զգում իմ հանդեպ, և սիրում եմ նրան։ Քանի որ քեզ նման կրակոտ է ու ապականված։ Եթե ճիշտ ես ասել, որ տարբերվում է ուրիշներից, լավ ընկեր է ու քոնն է։
Բարեսիրտ ու զգայուն մարդիկ քո կյանքով չեն մտահոգվում. հիմարները՝ նույնպես, հանց հայրդ։ Չեմ ուզում նվաստացնել հորդ, բայց պիտի ասեմ, որ իր կնոջ՝ քրոջս ապականվածությունն ու չարությունը չէր տեսնում։ Քրոջս աչքերի կրակն իմինից շատ էր։ Դրա համար էլ այդ կայծը նրան իրենով արեց։ Երկուսս էլ սիրում էինք հորդ, բայց քրոջս հետ ամուսնացավ։ Հայրդ ապուշ էր։ Նա ինձ հետ կարող էր ավելի երջանիկ լինել։ Բայց նրա հետ ամուսնացավ։ Չգիտեր, որ կինը երբեք չի մայրանալու։ Ես այդ երկու նողկալի արարածների հետ էի ապրում։ Լսում էի նրանց տաք շունչն ու շոյանքները, տեսնում բղավոցները, ճիչերն ու պայքարը և երկուսի աչքերում էլ զգում էի երեխա ունենալու երազանքը։ Բայց այդպես էլ երեխա չունեցան, մինչև մի գիշեր քույրս եկավ ինձ մոտ։ Մինչև վաղ առավոտ խոսեց հետս, և առաջարկն ընդունեցի։ Կարծում էի՝ կարող եմ քո միջոցով պարտության մատնել հորդ, մտածում էի՝ իմը կդառնա։ Դրա համար այդ գիշեր քնեցի հորդ հետ։ Գիտե՞ս՝ քեզ համար ինչու էի անհանգիստ։ Այն ծաղիկների համար, որ նայում էիր մեռած քրոջս համար. նա աղբի մեկն էր, իսկ դու նրան մայրիկ էիր ասում։
Հայրդ հետս միայն այն ժամանակ էր լավ, երբ իմ փորում էիր, հույս էիր տալիս ինձ. հույս, որ քո լույս աշխարհ գալուց հետո մռայլվեց։ Դու դարձել էիր նրանց երեխան։ Քրոջս որպես մայր էիր ընդունում, նա՝ քեզ զավակ։ Ասես նա էր ինը ամիս քեզ մեծացրել, ոչ թե՝ ես։ Չես պատկերացնի՝ երբ քեզ գրկում ու համբուրում էր, ինչքան էի կատաղում։ Լեզու առար։ Նրան մայրիկ էիր ասում։ Նրանք ինձնից հեռու էին պահում քեզ, չէին թողնում՝ տեսնեմ քեզ։ Հիվանդացա։ Բժշկին ասացին՝ ուզում եմ քեզ առևանգել, սպանել։ Ինձ խելագար անվանեցին։ Հանգստացնող ներարկումներ էին անում։ Շարունակ անգիտակից քնած էի։ Քեզ էի ուզում։ Ականջիս չարաճճիությանդ ու բղավոցիդ ձայներն էին հասնում։ Մայրիկ ու հայրիկ ասելուդ ձայնը։ Բայց մահճակալից վեր կենալ չէի կարողանում։
Ուրիշ մի քաղաքում տուն առան ինձ համար և ինձ ուղարկեցին այնտեղ։ Չէին ուզում՝ քեզ տեսնեմ, բայց ավելի հիմար էին, քան այս տողերը։ Վառվում եմ, պիտի շտապեմ, պիտի շուտ գրեմ վերջին տողերը և ամեն ինչ ասեմ։
Անձրևոտ մի գիշեր փախա տնից ու եկա քեզ մոտ. երեք տարեկան էիր դարձել։ Խոսում էիր, քայլում, բայց նրան էիր մայրիկ ասում, ոչ թե ինձ, որ մայրդ էի։ Երբ հասա, տասներկուսն անց էր, և հորդ անձրև էր գալիս։ Ջուրը ծորում էր մազերիցս, քթիցս, անգամ՝ թարթիչներիցս։ Հագուստս կպել էր մարմնիս (Ուզում եմ ողջ մանրամասնություններն ասել։ Պիտի ամեն ինչ իմանաս)։ Չէին պատկերացնում, որ ինձ կտեսնեն և վախեցան։ Քույրս քեզ գրկեց ու աստիճաններով արագ բարձրացավ վեր։ Վազեցի հետևից. միայն քեզ էի ուզում։ Բղավում էր՝ քեզ ամուր պահած։ Այդ միջոցին հայրդ հասավ ու ապտակեց ինձ։ Նայեցի նրան։ Քեզ քաշեց կնոջ գրկից ու աստիճաններով արագ իջավ ցած։ Այլևս չէի կարող լուռ մնալ։ Նետվեցի նրա վրա։ Սայթաքեց աստիճաններից։ Անհանգիստ էի քեզ համար, որ հանկարծ նրա մարմնի տակ չճզմվես։ Չէ՜, անվնաս էիր, բայց հորդ գլուխը կպավ աստիճաններին, և քթից, ականջներից ու բերանից արյուն եկավ։
Չէի ուզում սպանել նրան։ Գետնից բարձրացրի քեզ։ Ուզում էի դուրս գալ, երբ քույրս եկավ։ Հետևից բռնեց մազերիցս ու սկսեց ճչալով ոտքով ու բռունցքով հարվածել։ Բղավում էիր։ Քեզ դրեցի գետնին ու նետվեցի այդ զազրելի հիմարի վրա։ Բռունցքով խփեցի դեմքին։ Այնքան հարվածեցի, որ ձեռքերս ու իր դեմքն ամբողջությամբ արյուն էին։ Պիտի մի բան անեի։ Գտա քեզ, որ թաքնվել էիր սեղանի հետևում, տունը հրդեհեցի ու դուրս եկա։ Աչքերդ փակեցի՝ ինքս նայելով այրվող տանը։ Չպիտի հետք թողնեի։ Լալիս էիր, քեզ թողեցի ծեր հարևանուհու տան մոտ ու գնացի։ Երբ հեռացա, մարդիկ աստիճանաբար դուրս եկան իրենց տներից, իսկ տունը կրակների մեջ էր։ Գնացի իմ քաղաք և քաղցր սպասումով տունս նստեցի։ Մեկ շաբաթ անց մի նամակ եկավ, որ ինձ քեզ խնամակալ են նշանակել։
Իմ սիրելի՛ փոքրիկ, սա վերջին նամակն է, որ գրում եմ քեզ։ Այն դնում եմ չհրկիզվող պահարանը, հետն էլ՝ փող ու իմ զարդեղենը։ Հաստատ կհասնի քեզ, կամ էլ ինքդ կվերցնես։ Աչքերս էլ չեն տեսնում, պիտի շուտ ավարտին հասցնեմ։ Ամենուր ծուխ է, շնչելու օդ չկա։ Հրդեհի բոցերը մոտեցել մեզ, էլ բան չի մնացել։
Սիրում եմ քեզ։
Քո մայր»։

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *