Գոլի Թարաղի | Վերջին օրը

Վայրիվերումով, մաքառումով ու տվայտանքով, ներքին խռովքով և հաշտությամբ վերջապես ավարտին եմ հասցնում «Հայրս» պատմվածքը: Գրում եմ վերջին բառը, դնում վերջակետը, փակում անցյալի դուռը: Թվում է` վերադարձել եմ երկարատև ճամփորդությունից` մթության վերջից, որտեղ բացահայտել եմ մանկության պարգևած ուրախությունների ու մեծ վախերի էությունը, հանդիպել մահվանը: Մի ուրիշ անգամ անպայման կվերադառնամ Երջանկության պողոտայի մեր տուն, կտնտղեմ կիսամութ սենյակները, վերստին կբացահայտեմ մանկական համերն ու հոտերը, վախերն ու անվարձահատույց պարգևները, որպեսզի կարողանամ միավորել պոեմի մասնատված գլուխների նման ցիրուցան  պատկերները: Ասես ծնվելուս պահին ինձնից մի կտոր, հոգուցս մի պատառ այդ տանն է մնացել: Անկատար եմ, թերի, ոչ ամբողջական: Մի ուրիշ անգամ անպայման կվերադառնամ, ոտաբոբիկ ու ազատ կշրջեմ Շեմիրանի կանաչ այգում, անունս կփորագրեմ կաղամախիների բներին: Ինչպիսի՜ հաճույք և երջանկություն է նորից Շեմիրանի ավտոբուս նստելը, ձեռքս ահով ու ծածուկ Ազիզ աղայի հին բաճկոնի վրայով մեծ բավականությամբ սահեցնելը, հորս տաք ափը գլխիս վրա զգալը, և նրա շուրթերից լսելը. «Ես պողպատից եմ, իսկ պողպատը երբեք չի ժանգոտում»:

Գրածս մի կողմ եմ դնում. երկու հարյուր և էլի մի քանի էջ… Ակամա մի ամբողջ գիրք… Գրիչն ու մատիտը գցում եմ թղթապանակի մեջ, նստում բաց պատուհանի դիմաց` հայացքս հառելով շառագունած հորիզոնով եզերված երկնքի մեղմ կապույտին:

 Բժշկուհուն գոհացնում է իմ վիճակը: Ուրախ է, որ ապաքինվել եմ, վերադարձել երկարատև դեգերումից, այն էլ` ոչ ձեռնունայն: Ասում է` այսօր` կեսօրից հետո, երաժշտական միջոցառում ունենք, երեկոյան էլ նախկին հիվանդներից մեկը, որ հիմա դասավանդում է համալսարանում, մեզ համար դասախոսություն է կարդալու:

  «Այսօր»-ը` այս պահի ընթացիկ վայրկյաններով, իրական իրադարձություններով ու շոշափելի ներկայությամբ, կլանում է ինձ, և անցյալը դառնում է պատմություն, այլափոխվում երեկվա ու բազում նախանցյալ օրերի: Մտածում եմ այսօրվա կեսօրի և կեսօրից հետոյի` այն բացորոշ ու մերկ ժամանակի մասին, որ առջևում է, այն մեծ ու փոքր իրադարձությունների մասին, որ կատարվելու են այսուհետ:

  Անուրջներս թղթին եմ հանձնում: Գիտեմ` յուրաքանչյուր ցնորական պատկեր պատգամ է ներսիս խճճված աշխարհից: Շեմիրանի ավտոբուսում եմ: Երբ հասնում ենք Մահմուդիեի կանգառ, բոլորն իջնում են: Վարորդ Ազիզ աղան մակույկավարի նման գետով անցկացնում է մահացածների հոգիները, անցյալի մարդկանց հասցնում հին, անփոփոխ կայարանները: Բոլորն իջնում են, բացի ինձնից. ճակատագրի ղեկը վերցնում եմ ձեռքս: Վարորդի կարիք չունեմ, նույնիսկ եթե այդ սիրելի վարորդն իմ մանկության օրերից է գալիս:

  Պատմվածքներս գզրոցի մեջ եմ դնում, դուռը կողպում, բանալին գցում սեղանի վրա դրված ծաղկամանի մեջ և դեմքով կանգնում դեպի վաղվա օրը, դեպի խելամիտ խոստումներն ու իրագործելի ցանկությունները: Ուզում եմ մտածել այսօրվա մասին, ինձ շրջապատող ծանոթ իրերի, այս արևոտ օրվա, պատուհանիս մոտ աճած շիվի, գիրքը հանգիստ, համբերատար թերթող մատներիս և խաղաղված մարմնիս մասին, որ ներդաշնակ է շրջապատի հետ: Խառնաշփոթ մտքերս կրկին գտել են իրենց տեղը, վրդովված բանականությունս վերստին բացահայտել է օրերի միջև եղած կապի պարզ տրամաբանությունը: Անհետացել են անծանոթ ահն ու երկյուղը, հավատով լեցուն մարմինս քաղցր նինջի մեջ է: Հոգնություն է իջել, հաճելի հոգնություն մի մարդու, որն անապատի դարուփոսերով անցել, հասել է կայտառ գետակին և դարավոր ծառի խաղաղ ստվերին: Գիտեմ` այս հանկարծահաս, դուրեկան արբեցումը ժամանակավոր է: Մի՞թե հնարավոր է մի ամբողջ կյանք ուղիղ քայլել և անկախ լինել: Մի՞թե հնարավոր է խաբել կյանքին, խորամանկել և ջրից չոր դուրս գալ: Հիմա թեթևաբեռ եմ, ուշք ու միտքս տեղն է, և կառչել եմ այդ «հիմա»-ին` սահմանափակ, անորոշ ժամանակին: Հասկացել եմ, որ կարելի է մեռնել և վերստին ծնվել, կարելի է հարված ուտել, ընկնել ջրհորի հատակը, մի ձեռքից, պարանից կամ հույսից կախվել և դուրս սողոսկել:

  Սենյակս փոխում են: Նոր սենյակն առողջարանի և  ապահով տան բույր ունի: Սպիտակ, փոքր հեռախոս են բերում, թույլատրում են զանգել արտերկիր` ում կամենամ: Զրուցում եմ երեխաներիս հետ: Մանկական ձայներ` քաղցր, հաճելի, հուզումնախառը, ծիծաղկոտ ծլվլոցներ…Հարցնում են` ե՞րբ եմ վերադառնալու` այսօ՞ր, վա՞ղը, ե՞րբ:

  Ե՞րբ:

 Բժշկուհին ժպտում է: Պատից կախված օրացույցին` չորեքշաբթի օրվա վրա, կարմիր մատիտով մեծ խաչ է անում: Այսօր ուրբաթ է: Հաշվում եմ: Չորս անգամ քսանչորս, անգամ վաթսուն… Այս այգու գորշ պատերից այն կողմ ինձ է սպասում  ուրիշ աշխարհ, արթուն աշխարհ` սրճարանների ու փողոցների բույրով, մարդկանցով, խոսքերով, բառերով, սիրառատ տրոփյուններով, գունավոր խոստումներով, անուշ զգացողություններով, համերով, արևով, ընկերներով…

 Այլևս չորս օր` շաբաթ, կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի և հետո…

 Պատուհանի հետևում նստած արևն ընկել է դեմքիս: Անկողինս տաք է, փափուկ, հաճելի: Միջօրեի նիրհը իջել է վրաս: Մարդկանց գնալ-գալու ձայներ են լսվում, չխկչխկացող ափսեների ու բաժակների ձայն, կյանքի ձայն:

 Քաղցած եմ:

Պատկերացնում եմ զանազան կերակուրներ, բազմազան մրգեր, քաղցրեղեն, թթվի տեսականի: Ստամոքսս գռգռում է: Ստամոքսս ողջ է: Ստամոքսս երջանիկ է:

 Հագնվում եմ: Պիտի ճաշեմ սրահում` բոլոր հիվանդների հետ: Չեմ առարկում: Մտքերս հլու, խելոք երեխաների նման հաշտ ու համերաշխ են միմյանց հետ: Մարմինս հնազանդ է, սրտիս զարկերը տրամաբանական ռիթմի մեջ են:

 Երիտասարդ տղամարդը, որն ինձ տեսնելուն պես ձեռքերը դնում է այտերին և ծամածռություններ անում, այգում չէ: Երկաթե սանրը ձեռքին գեր կինը  ծառերի հետևում է, խոսում է անտեսանելի մեկի հետ, սանրում նրա երևակայական վարսերը: Նկատում է ինձ և մոտենում: Քնաթաթախ դեմք, այտուցված կոպեր ունի: Նման է երեխայի: Ուզում եմ գրկել, համբուրել նրա թմբլիկ այտերը: Մազերս է սանրում, մեջտեղից բաժուկ բացում: Գրպանից վարսակալ է հանում, ամրացնում մազերիս: Անմեղ էակ է: Գուցե վարսավիր է եղել: Գուցե երկար հյուսքերով աղջիկ է ունեցել: Սա էլ խաղի մի տեսակ է:

  Քնաթաթախ, շվարած երեխաների հայացքներով մարդիկ խմբվել են սեղանի շուրջը: Զվարճանում են, ծիծաղում: Ափսեները սահեցնում են սփռոցի վրայով: Գդալներով հարվածում են սեղանի եզրերին: Երկու հիվանդապահներ հսկում են, կարգի հրավիրում նրանց: Սեղանի շուրջը խմբվածները մի պահ լռում են, հետո նորից աղմկում: Նման են չարաճճի երեխաների: Նրանց խորշոմած դեմքերի հետևում մեծ ցավ ու անսահման քնքշություն է նիրհած: Ճաշում ենք: Խոսում: Ձեռք ու ոտքով մեր խոսելը նման է խուլերի ժեստերի լեզվին, զգայական մի լեզու` լի դիմախաղով, ծիծաղով, ակնարկով: Նրանցից մեկը վեր է կենում, աթոռն ինձ մոտեցնում, անթարթ նայում վրաս: Կոկած հոնքերով, կարմրացրած շուրթերով ժպտերես ալևոր է: Անունս է հարցնում: Իր անունը մոռացել է: Ուզում է՝ իրեն անվանակոչեմ:

-Ի՞նչ անուն եք ցանկանում` մարդո՞ւ, թռչնի՞, թե՞ ծառի:

 Այս խաղը նրան դուր է գալիս: Վստահում է ինձ: Բռնում է ձեռքս, մտածում, հետո անունս է հարցնում: Շատ կարճ է: Չէ՛, չի ուզում: Մորս անունն է հարցնում: Երկար է ու դժվար. Ալամթաջ[1], այսինքն` ի՞նչ է նշանակում: Թարգմանում եմ: Հավանում է: Տիեզերական անուն է: Իրեն աշխարհի տիրակալ է երևակայում: Ընտրում է այդ անունը: Ոմանք հակառակվում են, մյուսները` ողջունում: Երկու մարդ ևս նմանատիպ անուն են փնտրում: Անդեմ ու անհատկանիշ անուններից հոգնել են: Ուզում են ուրիշ մեկը դառնալ, Ալամթաջի կարևորությամբ մեկը:

Կարող եմ այգում մնալ: Թույլ են տվել` գիրք կարդամ, զանգահարեմ: Սենյակից սենյակ եմ գնում, պտտվում միջանցքում: Թույլտվություն ունեմ ապրելու  և չորեքշաբթի օրվան եմ սպասում:

Ինչքա՜ն բան ունեմ անելու: Ուզում եմ տունս փոխել, նոր թաղամաս տեղափոխվել, ճամփորդել, նոր պատմվածքներ գրել: Քաղաքներ կան, որ երազում եմ տեսնել (առնվազն երևակայությանս մեջ): Ձայներ կան, որ ցանկանում եմ ունկնդրել, համեր, բույրեր, գույներ, որ ուզում եմ վերստին բացահայտել: Փափագում եմ հետևել երեխաներիս մեծանալուն ու ծերությունս տոնել: Ուզում եմ երկրագնդի ամեն անկյունն իմ տունը համարել, տիեզերքի բաց երկինքների տակ անխռով քնել: Գուցե ոչինչ էլ չանեմ, ոչ մի տեղ էլ չգնամ, և ոչ մի բան էլ չպատահի: Կարևոր չէ: Բավական է միայն՝ լավ երազներ տեսնեմ, ծրագրեր կազմեմ, ցնորական ծրագրեր, և նորից ինքս ինձ ասեմ` շունչդ մի՛ փչիր, գարուն է գալու: Սիրտս կզարկի կրծքիս տակ, և ամեն ինչ կսկսեմ նորից: Ինձանից պոկված տասնյակ կերպարներ շունչ են առնում աչքերիս առաջ: Նմանակներս գալիքում են, մեկը դիմացս է՝ ինձնից առաջ՝ ժամանակի սահմանագլխին: Հետո հավանական եսն  է, ապա եսը՝ դրանից հետո:

Միջանցքի վերջին սենյակում մի երիտասարդ աղջիկ գամված է անկողնուն: Ճանաչում եմ նրան: Հանգիստ, լռակյաց աղջիկ է: Ընկճված է, հյուծված, մի պատառ հաց ուտելու ուժ չունի: Ուզում է հասկանալ` ինչո՞ւ է ողջ ու ինչո՞ւ պիտի շարունակի ապրել: Ինչո՞ւ է եկել այս աշխարհ և ինչո՞ւ պիտի գնա այս աշխարհից: Ուզում է բացահայտել մահվան առեղծվածը: Ասում է` մանկուց փնտրում է այդ հարցի պատասխանը. ծնողներն ի զորու չեն եղել բավարար պատասխան տալու: Ուսուցիչները տնտղել են հարցի ուղնուծուծը ու շրջանցել: Հոգևորականն ավելի քիչ բան է իմացել, քան մյուսները և դատարկաբանել է: Ասում է. «Մինչև համոզիչ պատասխան չստանամ, չեմ ապաքինվի»: Այս աղջիկը հարազատ չունի և ցանկանում է հենց այստեղ էլ մնալ: Թեև ֆրանսուհի է, բայց ավելի օտարական է, քան` ես: Մտերմացել է հետս, կապվել ինձ: Նրա մայրն ամուսնացել է արաբի հետ, մեկնել Ալժիր: Հայրն աշխատում է Ֆրանսիայի հարավում և երբեք չի զանգում: Նույնիսկ նամակ չի գրում: Հորեղբայրնե՞ր, հորաքույրնե՞ր, քեռորդինե՞ր… ոչ մեկը չունի: Նրա անցյալը սպիտակ թղթի նման դատարկ է: Ասում է ` ուզում է ինձ հետ Իրան մեկնել, գուցե հնարավոր լինի այնտեղ գտնել իր հարցի պատասխանը: Հարցնում է.

-Ի՞նչ հույսով ես ապրում:

-Չորեքշաբթիին հասնելու հույսով:

-Իսկ հետո՞: Հետո ի՞նչ է լինելու:

– Հետո հինգշաբթի, ուրբաթ… Կյանքը շարունակվում է: Միայն այն, որ սպասում եմ, որ ժամանակը դառնալու է ապագա` վաղը, վաղը չէ մյուս օրը, եկող շաբաթ, արդեն բավական է:

Նրան ասում եմ, որ կարող ենք միասին ճամփորդել դեպի Հեռավոր ու Միջին Արևելք, Աֆրիկա, Թեհրան, Սպահան: Կարող ենք հիվանդանալ, ստամոքսի խանգարումներ ունենալ, առողջանալ (վա՜յ), ես ինչ գիտեմ` հազար ու մի բան, որ կարելի է անել կամ չանել: Ինձ է նայում: Մի պահ աչքերը խամրում են, երազ է տեսնում: Մոռացել է, որ «վաղը» անունով ինչ-որ բան գոյություն ունի, և  «այսօր»-ը աշխարհի վերջը չէ:

Սպասում եմ: Րոպեներն եմ հաշվում: Չորեքշաբթին աշխարհի մյուս ծայրին է, և «աշխարհի մյուս ծայրը» հայտնաբերված է: Այն գոյություն ունի, և դարպասները բաց են:

Ընդամենը մեկ օր` այս գիշեր, վաղը իրիկուն. վերջին օր: Հետո առավոտ: Սիրում եմ պատի ժամացույցի թիկ-թակը: Մայրս ասում էր. «Այս ժամացույցը մեզանից հետո էլ կշարունակի իր գոյությունը»: Տատիկիս տան ժամացույցը նկատի ուներ: Այսօր այդ նախադասությունը` «մեզանից հետո էլ կշարունակի իր գոյությունը», խաղաղ զնգում է ականջիս մեջ և օգնում գետնին ամուր կանգնել: «Մեզանից հետո»-ն ինձ էլ է վերաբերում, և այդ հավերժական պտույտն ինձ էլ է իր մեջ առնելու:

Չորեքշաբթի է, իրերս հավաքել եմ: Սպասում եմ, որ բժշկուհին դուրսգրման թերթիկը ստորագրի: Ոչ մեկը հետևիցս չի գալու: Մենակ եմ: Եվ սիրում եմ այդ միայնակ ու անտեղյակ դուրսգրումը:

Մտերմուհիս դռան արանքից ինձ է նայում: Գիտեմ` որտեղ է և ինչ է կատարվում նրա անհանգիստ հոգում: Ուզում եմ ձեռքը ափերիս մեջ առնել, վստահեցնել, որ դուրս կգա  այս լաբիրինթոսից, շփոթ, տագնապալի վիճակից, կխաղաղվի ու ավելի լուսավոր ափի կհասնի: Նախ պիտի ցանկանա: Պիտի մարտնչի: Պիտի մեկին ապավինի, ինչ-որ բանի կառչի: Դյուրին գործ չէ:

Աստիճաններ, երրորդ հարկ, երկրորդ, առաջին… Լուռ կիսամութ միջանցքներ: Փակ դռներ: Պառավ բուժքույրեր: Երիտասարդ քնքուշ բուժքույրեր: Ստվերներ: Մարզասրահ, խաղի, երաժշտության սենյակ, վշտահար, մտացիր հանդիպումների, խամրած իրերի սենյակ: Անծանոթ երկյուղների, խառնիխուռն վախերի սենյակ:

Վերջացավ: Հետ չեմ նայում: Կառչում եմ չորեքշաբթիին, ցեմենտե պատից այն կողմ տարածված կյանքի աղմուկին, երեխաներիս գունեղ կերպարներին ու խորոված հավի ախորժաբեր հոտին:

Դուրսգրման թերթիկը ձեռքիս է: Հրաժեշտ եմ տալիս դռնապանին. խոշոր ափերով բռնում է ձեռքերս: Նայում է ինձ: Խորը շունչ եմ քաշում: Նոր օդ է լցվում թոքերիս մեջ, մի աշխարհի օդ, որ փռված է առջևս: Լսում եմ դռան փակվելու ձայնը: Վիլ-դ’ Ավրեի հոգեբուժարանը՝ սպիտակ սենյակներով ու բուժաշխատողներով, գլխապտույտ առաջացնող կասկածանքով և զառացանքով, երազներով, վախերով ու մարդկանցով, գլխումս այլափոխվում է պատմվածքի, պատմվածք, որ դեռ գրելու եմ:

Կանգնում եմ` թիկունք դարձրած հոգեբուժարանին: Այս կողմում եմ, և «այս կողմը» սկսվում է սալարկված փողոցից, քարե տներից, պատի տակ քնած, հարբած մուրացկանից, տուգանքի թերթիկը լրացնող ոստիկանից, առվեզրի աղբամաններից, ծառերի ստվերում՝ նստարանի վրա, օրաթերթը մոռացած անծանոթից, լուսամուտների ապակիներում արտացոլված ծառերի պատկերներից, հղի կնոջից, որ խոսում է իր շան հետ, սիրահարված երիտասարդից, որ շշնջում է աղջկա ականջին: Մի մարդ ինձնից ինչ-որ հասցե է հարցնում: Նրանից ծխախոտի և գինու հոտ է գալիս, տաք ու կենդանի մարմնի հոտ: Օդը լիքն է անձրևի խոնավությամբ, ծխով, փոշով, անցորդների օծանելիքների բույրերով: Աչքերս, ձեռքերս, մարմինս, մաշկս նայում են, լսում, ընկալում: Հասնում եմ խաչմերուկ, կարմիր լույս է: Կանգնում եմ և ինձ` նոր, ներկայիս ես-ին, աշխարհին եմ հանձնում:

 Ոտքերիս մեջ դեռևս բավականաչափ ուժ չկա արագ քայլելու համար: Այնուամենայնիվ անցնում եմ մեքենաների միջով և հայտնվում դիմացի մայթի փոքր, խաղաղ սրճարանում: Նստում եմ ու առաջին հերթին մի բաժակ ջուր պատվիրում:

 Ընդամենը մեկ բաժակ պաղ ջուր: Ապակյա բաժակ` սառույցի թափանցիկ կտորներով:

Քիչ հեռու մի կին նստած լրագիր է կարդում: Սուրճի վերջին կաթիլներն է ըմպում, հետո լեզուն պտտացնում շուրթերի  անկյուններում: Սիրում է իր սուրճը: Արևի շողերը սահում են նրա ձեռքերի ու մարմնի մի հատվածի վրայով: Մարմինը հանգիստ է, բավարարված: Ձգվում է: Լրագիրը կողքի է դնում, քնաթաթախ աչքերով, ալարկոտ, խաղաղ հայացքը սևեռում մի հեռավոր կետի:

Ջրով լի բաժակը սեղանին է: Ծարավ եմ, և սիրո առաջին գիշերվա  նման «ծարավ լինելս» հիասքանչ է ու հաճելի: Ըմպում եմ կում-կում, դանդաղ: Կոկորդիս, երակներիս, մարմնիս ու մտքերիս մեջ զգում եմ ջրի թաց հյուլեները, թեթև ու ախորժելի կաթիլները, նույնիսկ ջրի պաղ ու անաղարտ թաղանթը:

Մոռացել էի` ինչքան քաղցրահամ ու դուրեկան է ջուրը: Ինքս ինձ ասում եմ` այս պահը, այս համը մտքիցդ չհանես: Կպահես սրտիդ մի անկյունում. ցավդ կբուժի:

Հիմա ժամանակն է բացահայտելու աղի և քաղցր համերը, ժամանակն է զգալու արթնացումը, անհագ ստամոքսի կծկումները, ձուլումն ու տարրալուծումը, սովահար անոթների աշխուժացումը, ժամանակն է լիաթոք շնչելու, վայելելու երակներիս մեջ վազող արյան նոր թափը, ձայները, չփչփոցը, որովայնիս ինքնագոհ գռգռոցը` մարսողական համակարգի փառահեղ սիմֆոնիայի ուղեկցությամբ: Խավարի փորձությունն ինձ սովորեցրել է վայելել լույսի հաճույքը, և մահացածների աշխարհի վշտալի լռությունը հարյուրապատկել է  զարմանքս  ամեն ձայն, սոսափյուն, շշնջյուն կամ տրոփյուն լսելիս:

Դիմացի մայթին դպրոցական պայուսակն ուսին տասնամյա մի աղջիկ սպասում է ավտոբուսին: Աչքերիս պատկերանում է Շեմիրանի ավտոբուսը: Ձեռքս տարուբերում եմ: Իմ ավտոբուսն այլ ճանապարհով է գնում, և այդ ճանապարհի վերջում ինձ են սպասում երեխաներս ու երեխաներիս երեխաները, սերնդեսերունդ` մինչև վերջին մասնիկը: Մայրս էլ է այնտեղ: Գլխի է ընկել, որ հիվանդ եմ: Ոչ ոք նրան չի ասել. հիվանդանոցում հայտնվելու հենց առաջին օրը նրա աչքերի առաջ ենք հայտնվել ես` հիվանդասենյակի թախտին պառկած, և բժշկուհին` սպիտակ խալաթը հագին: Հայրս էլ մահանալուց հետո շարունակում է կապը նրա հետ: Մայրս հաճախ է պնդում, որ լսել է հորս ձայնը, նրա պատգամը: Ութսունամյա մայրս, որ դժվարությամբ է քայլում և հազիվ տեսնում, մի ազնվական գերդաստանի վերջին օղակն է` հեռուներից եկած, տարբեր ժամանակաշրջանների միջով անցած. կրողը իմ տոհմի ժամանակի ու լեզվի: Պատկերացնում եմ ինձ` մորս ու երեխաներիս միջև կանգնած. այն հատվածը, որտեղ հիմա ես եմ, հանգույց է անցած օրերի ու գալիք ժամերի միջև:

Ըմբոշխնում եմ պատվիրածս կերակուրը, վճարում ու ճամփա ընկնում: Սպասումի օր է, լուսավոր օր, իրական օր, առողջ, սովորական մարդկանց օր: Ուզում եմ գրկել նրանց, կրծքիս սեղմել, համբուրել նրանց արևահարված այտերը: Անցնում եմ պուրակով, հետո՝ մրգի ու մսի շուկայով: Լավ տրամադրությամբ շտապ-շտապ առևտուր անող այդ տարեց կանայք տեսել են պատերազմ ու ցավ. վախը ծանոթ է նրանց: Խնձորները բուրում են, տանձերը` աչք շոյում: Երեխաներիս համար նվեր պիտի ընտրեմ: Ոսկեգույն հյուսքերով երիտասարդ մի աղջիկ, հավանաբար Արևելյան Եվրոպայից գաղթած, փոքր սեղանի վրա մանր-մունր իրեր է վաճառում: Աչքս ընկնում է գիրուկ, փայտե տիկնիկին: Այն ռուսական տիկնիկներից է, որ գոտկատեղից երկու կես է լինում: Նրա փորի մեջ ավելի փոքր տիկնիկ կա, որը նույնպես բաժանվում է երկու մասի: Այդպես, հաջորդաբար, երրորդը, չորրորդը, ավելի ու ավելի փոքրերը, մինչև վերջին՝ սիսեռահատիկի չափ տիկնիկը: Գնում եմ այդ գիրուկ, հղի տիկնիկը: Նայում եմ նրան: Նմանություն եմ գտնում իմ ու նրա միջև: Իմ ներսում էլ են կուտակված մոր, տատի, քարանձավաբնակ քույրերի բազմաթիվ հին տիկնիկներ, որոնք, ամեն մեկը նստած ժամանակի իր աստիճանին, շղթայում են աշխարհի սկիզբն աշխարհի վերջին: Տեսնում եմ` այդ բեղմնավոր որովայնը նաև երեխաներիս ու թոռներիս ճակատագիրն է, պատմությունն է թոռներիս, ծոռներիս ու նրանց, որոնց չեմ տեսնելու:

Գիրքս ամուր սեղմում եմ թևիս տակ և ճակատագրի քաղցր բեռի նման քարշ տալիս նրա սրտահաճո ծանրությունը: Մեկ օր, միայն մեկ օր՝ այսօրվա նման. բովանդակալից, անհոգ, ջերմությամբ, տրոփյունով, երազներով ու անուրջներով լեցուն մեկ օր, որ արժի մի ամբողջ կյանք և սուսուփուս ապրած հարյուր տարի:

Թերևս ինքնամոռացումի, արբեցումի այդ ժամանակը, աստվածային նման հնարավորությունը անցողիկ պահ դառնա: Եվ այդպես էլ կա: Բայց կարևորը դա չէ: Այդ օրվա տպավորությունը պահում եմ հոգուս մեջ: Հենց այս «այսօր»-ի, արգասաբեր այս ժամի հիշողությամբ գունավորելու եմ կյանքիս մնացյալ օրերը:

[1] Ալամ՝ տիեզերք, թաջ՝ թագ:

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *