բոլոր աղջիկներին
Յարս գյուղացի է։
Բարբառով է ասում այն,
ինչ գիտի, ինչ լսել ու ինչ հիշում է՝
ջիգյարս, կյանքս, նանար ջան։
Ձեռքերը հողահոտ են ու փարթամ,
ուղեղը՝ դատարկ ու թեթև։
Ու հեչ պարտադիր չէ՝ իմանա,
որ իր հետ անհետաքրքիր է ու հեշտ։
Ես նրան… փորձեցի:
Պարզվեց՝
յարս արևի կտոր է,
գլխին՝ հուր-կրակ,
դոշին բոցկլտում է օգոստոսը,
աչքերում գայլի դարան կա,
սատանի որջ է մարմինը,
որ երբեմն ծածկում է փարաջայով,
ու գիշերը՝ երազում
երևակայության ավելցուկի պատճառով
վրայից ծորում է մյուռոն։
Էս յարս հպարտ է, քիթը՝ վեր ցցած,
մարմինը՝ սլացիկ, ոտնաթաթերը՝ նրբին,
հետն անկողին մտնելը ոնց որ
պատահական հյուրերի համար կեսգիշերին
սեղան գցել-հավաքել լինի։
Նա այս ամենը գիտի, բայց երբեք չի խոստովանում։
Ես սիրում էի նրան։
Յարս
բծախնդիր է, ինտելեկտուալ,
միջնամատով անընդհատ վեր է հրում ակնոցը
ու աղոթում է ինձ սիրելուց առաջ,
եթե առհասարակ սիրում է։
Ես նեոնային աստղերով առաստաղին եմ նայում,
իսկ նա հանվում է, պառկում, հետո նոր կանչում է ինձ։
Յարս պնդերես է, կպչուն, գրպանը՝ դատարկ,
հետը ոնց որ կես դրույքով աշխատանք լինի՝
քիչ հոգնում ես, քիչ էլ ստանում։
Իր համար ամեն ինչ մեկ է, ինչ անես՝ կմարսի։
Ես նրան․.․ չեմ ասի։
Յարս տարիքով է ու հարուստ։
Մատին բանալի է ֆռռացնում, չգիտեմ ինչի բանալի,
կարևորը, որ ֆռռացնում է,
համ խելացի է, համ ցինիկ,
մարմինը՝ հազարկինտեսած, բայց մաքուր,
հոգին՝ ազատ, բայց հոգնած,
արտագրած դեսից-դենից։
Էս յարս քարտեզ է. մատս դնում եմ ու գնում,
առնանդամը բարձրացնում է գլխիկը
երբ հպվում եմ ծնկով,
որովայնով եմ հպվում,
կարճ ասած՝ հպվում եմ։
Նրա հետ լինելը նման է ճոճացանցում պաղպաղակ լպստելուն,
նրա հետ լինելը նման է նրա տակ լինելուն։
Նրան թվում է, թե ամեն ինչ իր ասածով է.
թող թվա, ինձ ձեռք է տալիս։
Նրա հետ ես հասկացա ինչպես սիրել։
Այսօր
բոլոր յարերս կգան ու մի վերջին անգամ կպտտվեն շուրջս,
այսօր
ուրիշներին են յարերս։
Բարով վայելեք,
ես ազատությունն եմ սիրում։
Ասյա Դարբինյանի և Տաթև Չախեանի համաթարգմանությամբ