Արսեն Ներսես | Վերջին թռիչք

հանդերձյալ սեր

մահից հետո
երևի
մեղավորները
բոլորի սիրուց
մեռնում են
այնպես
ինչպես անհասնելի
մեկի սիրուց
միայն

մահից հետո
երևի
անհավատների
չգոյությունը
նման է
գոյությանը
չապրած
սիրո

մահից հետո
որդիները լույսի
երևի
բոլորին
սիրում են
այնպես
ինչպես
քեզ եմ սիրել
միայն

 

***

gluck. melodie
(orfeo ed euridice)

երկնքում

մերժված
մեր աղոթքները

իբրև
հանգրվան
մի վերջին

իջնում են
անշշուկ
լարերի վրա

որ թարգմանեն
մեզ համար

լռությունը
հրեշտակների

 

Մարու հրաշքը

Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում
մարդու Որդուն:
Ղուկ. 22; 48

մատնությունից
համբույր

մի քանի միլիարդ
լուսատարի է

հավիտենական
անկումը

լուսաթև
հրեշտակների

որ հատեցիր

լոկ
մի քայլով

մահկանացու
ակնթարթի

 

…Վերջին թռիչք

Ապրածի
ու չապրածի միջև՝

մի վերջին հայացք՝

քաղաքների պես
փոքրացող,
մեր մանրահատիկ
անցյալի վրա։

Ապրելու առեղծվածն է
մեր միակ սերն
անդավաճան,

ցատկելուց առաջ՝

աստղերի վրա
սայթակող
խավարի մեջ։

— Լքո՞ւմ ենք,
թե՞
վերադառնում…

 

Հոգին Սուրբ

ցավը
մարմին
փնտրող հիշողությունն է

մեր սրբության

և
Սերն է
միակ
ճշմարիտ վկան

մեր չապրած կյանքի

լռությունը
մեր վերջին հայելին է

դատաստանից առաջ

 

camille saint-saëns։ agnus dei

…սայթակում է
երկինքը
երեկոյի

պատուհանի վրա
փշրվող
մեր լացի մեջ

…ժամանակն առանց
անձրևանոց

քայլում է
կույր լույսերի
վրա

ալեկոծված
պողոտայի

…և
կասկածելի
աշնանամուտն այս
հմայել
ու տանում է
մեզ

զոհաբերելու

մեր բոլոր սիրած
մեղեդիներին

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *