Դիանա Սիսակյան | Վերքս է հարազատ, ցավս անգունակ


Մագիստրատուրայի ուսանող էի։ Օրվա առաջին դասախոսությունը իտալացի նկարիչ Արտեմիզիա Ջենտիլեսկիի մասին էր։ «Հուդիթը գլխատում է Հողոփեռնեսին» կտավը որոտում էր հեղինակի վրձնի լուռ զայրույթով։ Տուն վերադառնալիս Երևանի փողոցներից մեկում տեսա մի մեծ պաստառ․ կնոջ դեմք էր՝ աչքի տակ կապտուկ, ներքևում գրված էր․ «Հաստատ ինչ-որ բան էր արել»:

Արտեմիզիա Ջենտիլեսկի, Հուդիթը գլխատում է Հողոփեռնեսին, 1620թ, Ֆլորենցիա՝ Ուֆիցի պատկերասրահ

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության․ մի թիվ, որն աշխարհի յուրաքանչյուր անկյուն վերածում է հանցագործության հավանական վայրի։ Սակայն այս թվերը չեն ներկայացնում ամբողջական պատկերը։ Սեռահեն բռնությունը միայն ֆիզիկական չէ. այն նաև սոցիալ-տնտեսական, հոգեբանական և բանավոր է, և ծաղկում է մեր անտարբերության, ինչպես նաև ա՛յն համոզմունքի շնորհիվ, որ հնազանդությունը առաքինություն է։ Պաստառի կինն արտացոլում էր մի հասարակություն, որը բռնությունը դեռևս անվանում է «անձնական գործ», իսկ լռությունը՝ «բարոյականություն»։ Հայաստանում սեռահեն բռնության դեմ խոսույթը նոր չէ։ Դեռ մեկ դար առաջ Շուշանիկ Կուրղինյանը կանանց ու աղջիկների՝ դարեր ի վեր լռեցված ցավը վերածել էր բողոքի և պահանջում էր արժանապատիվ կյանքի ու ապրելու իրավունք։
Ալեքսանդրապոլում՝ աղքատ կոշկակարի ընտանիքում 1876 թվականին ծնված Կուրղինյանը դեռ վաղ հասակից տեսել է բազմաթիվ զրկանքներ, այնուամենայնիվ հրաժարվել է լռել: Նա առաջին հայ գրողներից է, ով բացահայտ խոսել է կանանց իրավունքների, անվերջ խոցելի լուսանցքավորված խավի և այնպիսի հարցերի մասին, որոնք հասարակությունը նախընտրում է անտեսել: Կուրղինյանն իր «Մի՞թե» բանաստեղծության մեջ բարձրաձայնում է հայ կանանց կյանքը ձևավորած անտեսանելի բռնության մասին․ «Ես լալ չգիտեմ. բայց կուլամ հաճախ քեզ համար, հայ կին»։ Բանաստեղծը ողբում է մորը, ով օրորում է իր մանկանը՝ «անխոսք շարավն է խորունկ ու անբուժ խոցի» օրորոցայինը դարձնելով ազատության ճիչ։ Սակայն, նրա կարեկցանքը երբեք պասիվ չէր, այլև մի ապստամբություն, որից հառնող մյուս ձայնը Զապել Եսայանն էր։ Նա նույն ցավը վերածեց վկայության։
Կոստանդնուպոլսում 1878 թվականին ծնված Եսայանը կոտորածներից հետո ճանապարհորդել է Ադանայի ավերակներով՝ գրի առնելով կանանց և երեխաների վկայություններ, որոնք վերապրել էին այն, ինչը աշխարհը հրաժարվում էր տեսնել։ «Գրականությունը,- գրում է Եսայանը, – զարդանախշ, հաճելի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ, գրականությունն անարդարության դեմ պայքարելու զենք է»: Եվ նրա գրիչը դարձավ հենց այդ զենքը։ Իր ստեղծագործությունում Եսայանը խոսում է մարդկային արժանապատվության և վկայելու պատասխանատվության մասին։ Թեպետ երկու կայսրությունների օրոք Եսայանին սպառնում էր բանտարկության և մահապատժի վտանգը՝ նա երբեք չհրաժարվեց այն համոզմունքից, որ ճշմարտությունը քաղաքացիական պարտականություն է։ Աքսորի, բանտի և կապանքների միջով անցած Եսայանի՝ տեսնելու, բարձրաձայնելու և անտարբերությունը մերժելու քաջությունն այսօր պահանջվում է հենց մեզանից։
Ավելի քան մեկ դար անց այս կանանց մատնանշած վերքերից դեռ արյուն է հոսում: 2010 թվականին Մասիս քաղաքում 20-ամյա Զարուհի Պետրոսյանին սպանում է իր ամուսինը։ Կնոջ մահվան պատճառը ամուսնու և սկեսուրի կողմից պարբերական ու դաժան ծեծերն էին: Պաստառներից մեզ նայող Զարուհու դեմքը բոլորիս հիշեցնում է․ յուրաքանչյուր նման պաստառի հետևում կա խոշտանգված մարմին, լռեցված ձայն, մորից զրկված երեխա: Վերջերս՝ Զարուհու սպանությունից 15 տարի անց, Չեչնիայում ընտանեկան բռնությունից մազապուրծ եղած Այշատ Բայմուրադովային սպանեցին Հայաստանում․ հենց այն երկրում, որը պիտի ապաստան ու պաշտպան լիներ նրան։ 2010 թվականից ի վեր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» գրանցել է կնասպանության ավելի քան 90 դեպք, սակայն մշակույթը շարունակում է արդարացնել բռնությունը։ Ամենախորը սպիները թողնում է ոչ միայն բռնությունը, այլև այն սնուցող և ամրապնդող լռությունը, իսկ սպանություներից հետո դեռ լսվում են նման արդարացումներ. «Հաստատ ինչ-որ բան էր արել»:
Տարիներ առաջ իմ տեսած պաստառից ինձ նայող կնոջ խոշտանգված դեմքը հայելում է այն, ինչ դարեր շարունակ մշակույթը սովորեցրել է մեզ․ միշտ կինն է մեղավոր, ինչպես մեղավոր էր 18-ամյա Արտեմիզիա Ջենտիլեսկին, երբ նրան սեռական բռնության էր ենթարկել իր ուսուցիչ Ագոստինո Տասսին։ Վերջինս Արտեմիզիային կոչեց անբարո, իսկ դատարանը չհավատաց երիտասարդ կնոջ խոսքերին։ Սակայն Ջենտիլեսկիի կամքն անկոտրուն էր։ Նա յոթ ամիս շարունակ անցավ աներևակայելի կտտանքներով՝ ապացուցելու սեփական անմեղությունը։ Դատավարության արդյունքում Տասսին մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։ Ընդամենը մեկ տարվա․․․
Զոհին մեղադրելու թունավոր մշակույթն այսօր ունի բազմաթիվ դրսևորումներ․ բամբասանք, համացանցային նշավակում, ծաղր, ամոթանք․․․ Ամեն օր բռնությունը թաքնվում է «ավանդույթի», «սիրո», «հոգատարության» քողի տակ․ երբ կնոջն արգելում են աշխատել՝ նրան մտաշահարկելով ֆինանսական կախվածության, երբ կնոջ քայլերը վերահսկում են՝ նրան զրկելով սեփական կյանքի տնօրինման իրավունքից, երբ կնոջ ձայնը կտրում են՝ նրա վզին փաթաթելով կեղծ իրականություն, երբ կանանց ենթարկում են սեռական շահագործման, հարկադրում բռնի ամուսնության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման․․․ Մեր պարտականությունն է հետևողական ջանքով, կանանց և տղամարդկանց համերաշխության ուժով պայքարել սեռահեն բռնության դեմ։ Բռնությունը չի սկսվում հարվածից․ այն սկսվում է համոզմունքից։ Օրենսդրությունը պետք է լինի կենդանի վահան, որն անաչառորեն կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու արժանապատվությունը։ «Ապշության հասած քո համբերությունն ու քնած հոգին/ Վերքս է հարազատ, ցավս անգունակ», – դիմում էր Կուրղինյանը հայ կանանց։ Եվ հիրավի, համբերության բաժակն այլևս լցվել է։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *