Այս գլխում արծարծում ենք այն հարցը, թե արդյոք ոչ քրիստոնեական հավատի նկատմամբ հանդուրժողականությունը հնարավոր է եւ պետք է այն խրախուսվի արեւմտյան աշխարհում:
1. Հետադարձ մի հայացք նետենք: Խաչակրաց արշավանքների միջոցով Եվրոպան ծանոթացավ իսլամին: 12-րդ դարից սկսած` եվրոպացիները հասկացան, թե ինչ է նշանակում ունենալ սեփականից տարբերվող հավատք: Չէ՞ որ այդ օտար հավատքի հետ միասին հայտնաբերվեց մի հզոր աշխարհ, ազնիվ մարդկություն, բարձր արվեստ եւ ուսանելի փիլիսոփայություն: Արեւմուտքի հոգեւոր կյանքը մեծ վերելք ապրեց այդ նոր փորձառությունների շնորհիվ: Սակայն բազմաթիվ կրոնների գոյությունն անհանգստացնող էր: Միայն կրոնները համեմատելու հնարավորությունը կասկածի էր ենթարկում հավատքի ճշմարտացիությունը: Ճշմարտությունները բազմաթի՞վ են, թե՞ միայն մեկն է: Եթե այն միայն մեկն է, ապա սեփականն է, իսկ մյուսները սատանայական խաբեբայություննե՞ր են: Եթե դրանք բազմակի են, ապա ողջ ճշմարտությունը կորա՞ծ է: Կամ` ճշմարտությունը պարզապես տարբեր կե՞րպ է ներկայանում բոլոր կրոններում: Կա՞, ըստ էության, մեկ կրոն, որը թաքնված է բազմազանության մեջ, una religio in rituum varietate, ինչպես մեծ փիլիսոփա եւ կարդինալ Նիկոլաուս Կուսանուսն ասել է 15-րդ դարում:
Այս հարցերն անընդհատ խորհրդածության առարկա են դարձել եւ մինչ օրս հստակ պատասխաններ չեն ստացել: Սակայն դրանցից ծագում են մի շարք այլ հարցեր եւս. արդյո՞ք սեփական հավատն ընդունելի է այլ հավատ ունեցողների համար: Արդյո՞ք այն պետք է հռչակվի որպես միակ ճշմարտություն, քանի որ Աստված ինքն է այն բացահայտել: Արդյո՞ք արդարացված է այն պնդումը, որ այդ հավատքի հետեւորդները պետք է ամենուրեք ընդունվեն, նրանց պետք է թույլատրվի ազատ խոսել: Եվ հետո` արդյո՞ք ճիշտ է ուժի կիրառումը, երբ այդ հռչակագիրը մերժվում է: Վերջապես ճի՞շտ է սեփական հավատը համարել վերջնական ճիշտ այն իմաստով, որ այն պետք է պարտադրվի ողջ բնակչությանն ու մյուս ժողովուրդներին` նրանց հոգիների փրկության համար, թե՞ հավատացյալի գործը միայն իր հավատը հռչակելն է` հրաժարվելով բոլոր այն զենքերից, որոնք հոգեւոր չեն, եւ որոնք չեն բխում հռչակագրից, ոչ բռնի մեթոդներով, առանց աշխարհիկ ուժերին դիմելու, նույնիսկ սեփական կյանքը վտանգելով, ինչպես կարծում էր Ֆրանցիսկ Ասիացին:
Այլ դավանանքի հետեւորդներին անվանում էին հեթանոսներ: Եկեղեցու դոգմաներով եւ որոշումներով ընդունված հավատքի ընդհանուր գծից շեղվողներին անվանում էին հերետիկոսներ: Երկուսի առջեւ ծառացած այդ լուրջ հարցերը վերածվեցին մեկ հարցի` բռնությո՞ւն, թե՞ հանդուրժողականություն: Դավանանքի հակառակորդին հաղթել քաղաքականության եւ նրա պահանջած բոլոր միջոցներո՞վ, թե՞ դիմել մյուսներին` հաղթելու բացառապես խոսքի, քարոզի եւ փաստարկների միջոցով:
Այս հարցին միանշանակ պատասխան տրվում է միայն Նոր Կտակարանում: Նա, ով քարոզում էր, վտանգում է իր կյանքը: Նա չի դիմադրում բռնությանը: Իրավացի է նահատակ դառնալը:
Այլ բան է, երբ Լեռան քարոզի պատվիրաններին հակառակ` նույնիսկ հավատացյալ քրիստոնյաներն են ինքնահաստատվում: Այդ դեպքում հարցը հրատապ դարձավ ոչ միայն այն պատճառով, որ քրիստոնեական եկեղեցիները կիրառում կամ խրախուսում էին բռնությունը, այլեւ` իսլամը ներկայացվում էր որպես բռնության աննախադեպ սպառնալիք, որն իր հերթին արդարացում էր գտնում Ալլահի կամքում, նաեւ` այն պատճառով, որ գտնվում էին բռնության կողմնակից հերետիկոսներ:
Պատմությունը մեզ ուսուցանում է, թե ինչպես են հոգեւոր հակամարտություններն ուղեկցել կրոնական պատերազմներին, եւ թե ինչպես է հանդուրժողականության գաղափարն արտացոլվել իրական կյանքում եւ տեսության մեջ, երկար ժամանակ մնացել անզոր եւ մեկուսացված, եւ, 17-րդ դարում վերջապես ճեղքելով, կյանքի է կոչվել` սկսած 18-րդ դարից: Սկսած այդ օրից` այդ թվացյալ պարզ գաղափարն ամբողջովին խճճվել է:
2. Միայն հավատքից բխող փորձառություններից, դրանք տարածելուց, բռնության դեմ պայքարից, հնարավոր հանդուրժողականությունից եւ նրա նկատմամբ վերապահումից հետո Արեւմուտքը ծանոթացավ Հնդկաստանի, Չինաստանի եւ Ճապոնիայի ասիական կրոններին: Այդ խորախորհուրդ կրոնների մասին նորությունը տարածեցին ոչ թե նավաստիներն ու առեւտրականները, այլ` նախ առաքյալները, ապա` հումանիստ գիտնականները: Դա հավատքի աստվածաշնչյան ոգին էր, որը զգում էր օտար հավատքների լրջությունը: Սկզբում ճիզվիտ առաքյալները խորասուզվում էին օտար հավատքի մեջ` իրենց ճշգրիտ գիտելիքների շնորհիվ գտնելու քրիստոնեական քարոզչության ճիշտ ուղիները: Նրանք փորձում էին չինական հավատքի բոլոր դրսեւորումներում ճանաչել քրիստոնեական տարրը` իրենց սեփական հավատքը, այսպես կոչված, չինական հանդերձանքով փաթեթավորելու եւ չինական քրիստոնեություն հաստատելու համար, ինչպես որ քրիստոնեությունն էր ժամանակին դարձել հելլենիստական: Վատիկանի քաղաքականությունն արգելում էր այդ ուղին` այդ կերպ ավարտելով ստեղծագործական ճիզվիտական առաքելությունը: Սակայն իրենց ճանապարհին ճիզվիտները մեծ սխրանք էին գործել, երբ առաջին անգամ Չինաստանում ուսումնասիրեցին այդ կրոնական իրականության ակունքները եւ այնտեղ ուսանեցին տեղական սուրբ գրքերի տեքստերը: Անընդգրկելի պատկերացումների միջոցով նրանք Եվրոպային փոխանցեցին չինական հավատալիքների եւ մտածողության ընկալումը:
19-րդ եւ 20-րդ դարերում Չինաստանում բողոքական առաքյալներն այնքան էին ազդվել չինական մտքի խորությունից, որ փոխել էին իրենց դերը եւ վերադարձել Արեւմուտք` որպես Չինաստանի «առաքյալներ»:
Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում եվրոպական գիտական շրջանակները հնդկական եւ արեւելաասիական կրոններում բացահայտել են ավելի ու ավելի խորը գիտելիքներ, բազմաթիվ տեքստեր թարգմանվել են եվրոպական լեզուներով եւ հասանելի դարձել յուրաքանչյուրին, ով փնտրում է այն` գոնե փոքրիշատե պատկերացում կազմելու համար այնտեղի շնչառության մասին:
3. Ինչպե՞ս ենք մենք հարաբերվում ոչ քրիստոնեական կրոններին: Ինձ թվում է, որ աշխարհում կրոնների ընդհանուր տեսանկյունը բացահայտում է հետեւյալ ամենակարեւոր կետը հանդուրժողականության եւ հաղորդակցության հարցի մասին. բոլոր կրոնների միջեւ կա արմատական տարբերություն: Մեծ մասն իրենց բնույթով, անկասկած, հանդուրժող են` նույնիսկ չպատկերացնելով դա: Միայն կրոնների որոշակի խումբ, որոնք աստվածաշնչյան հիմք ունեն, պնդում են իրենց կրոնի բացառիկ ճշմարտությունը` ելնելով հայտնության այն պահանջից, որին նրանք հավատում են, մինչդեռ մյուս բոլորը համարվում են կեղծ կամ, լավագույն դեպքում այն միակ ճշմարտության նախասկիզբը կամ մասը, որը միայն իրենք են լիովին եւ ի սկզբանե ներկայացնում: Այս կրոնները, որոնք աստվածաշնչյան արմատներ ունեն, ներառում են ոչ միայն քրիստոնեությունն ու հրեականությունը, այլեւ` իսլամը: Բացառիկության ոգին բոլորին ընդհանուր երանգ է հաղորդում: Հետեւաբար դրանք պատկանում են մեկ խմբի: Այս առումով հիմնարար տարբերությունը ոչ թե քրիստոնեության եւ ոչ քրիստոնեական կրոնների միջեւ է, այլ` իրենց բացառիկությունն ընդգծող կրոնական խմբերի, որոնք զարգացել են աստվածաշնչյան հավատի, դրանից բխող միակ հնարավորության հիման վրա (քրիստոնեական դավանանքներ, հուդայականություն, իսլամ) եւ մյուս բոլոր կրոնների միջեւ:
Բուդդիզմը երբեք բռնություն չի կիրառել. իր աննախադեպ տարածման համար նա պարտական է խաղաղ համոզմունքին: Այն երբեք համընդհանուր պահանջով կաթոլիկների հետ չի ներկայացել որպես միասնական եկեղեցի, այլ հանդես է եկել բազմաթիվ անկախ կազմակերպությունների, հիմնականում` վանքերի միջոցով: Բուդդիզմն իր ինքնագիտակցության շնորհիվ կարողացավ հանդուրժել խորը բազմազանությունը, կլանել օտարը, Բուդդային ընկալել որպես անթիվ այլ Բուդդաների շարքում գտնվող կերպար եւ արժեւորել իրեն հանդիպած յուրաքանչյուր կրոն: Չինաստանում արյունալի, այսպես կոչված, կրոնական պատերազմներն ու բուդդիզմի դեմ կոնֆուցիական բռնի մեթոդները քաղաքական դրդապատճառներով գործողություններ, դրվագներ էին, որոնք անծանոթ էին այս աշխարհի հիմնական կրոնական վարքագծին:
Աստվածաշնչյան ճշմարիտ հավատն, ըստ էության, իր մեջ բաժանում է բազմաթիվ տեսակետներ: Նրանք բոլորը նույն բացառիկ պնդումն են անում ճշմարտության մասին` կապելով այն կրոնական պատերազմների հետեւանքների հետ: Այդ պատերազմները, բացի այն փաստից, որ դրանցում դեր են ունեցել բազմաթիվ ոչ կրոնական դրդապատճառներ, վկայում են հավատի ճշմարտության հանդեպ զարմանալի լրջության մասին, որն ի հայտ է գալիս այդ աստվածային հայտնության պահանջով: Եթե ցանկանանք ասիացիների հիասքանչ, անվիճելի կրոնական անհանդուրժողականությունը նսեմացնող կերպով բնութագրել աստվածաշնչյան հիմքով մտածողության տեսանկյունից, ապա, կարելի է ասել, որ Չինաստանում կար կրոնական աշխարհ, որտեղ, ինչպես հանրախանութում, անհատին հասանելի էին բազմազան կրոններ` կախված նրա կարիքներից եւ իրավիճակից: Կախված իր նպատակից` նա դիմում էր բուդդայական քուրմերին, դաոսական կախարդներին եւ կոնֆուցիական մանդարիններին: Նրա հավատը տարածվում էր բոլորի վրա: Նա չէր ձգտում ո’չ համակարգված, ռացիոնալ միասնության, ո’չ դոգմատիկ համակարգի, ո’չ էլ եկեղեցու միասնության: Նույնկերպ հին դարաշրջանում, հին Հունաստանում եւ Հռոմեական կայսրության հողի վրա, այդքան շատ կրոններ էին հանդիպում միմյանց: Անհատներն այստեղ-այնտեղ կարողանում էին կյանքի կոչել իրենց կրոնական մտադրությունները, մինչեւ, ի վերջո, քրիստոնեությունը պետական իշխանության օգնությամբ կլանեց ամեն ինչ, կամ, որտեղ հնարավոր էր, ոչնչացրեց այն:
4. Աստվածաշնչյան կրոնների շարքում է նաեւ հրեաների հիշարժան կրոնը: Եթե Արեւմուտքն ու քրիստոնեությունը նույնացվեին, իսկ ոչ քրիստոնեական կրոնները հակադրվեին Արեւմուտքին, հրեաները տեղ չէին ունենա: Հրեաներն արեւմուտքցի են: Ավելին, իրենց Աստվածաշնչի շնորհիվ նրանք հին Հունաստանի հետ միասին Արեւմուտքի հիմնած երկրորդ որոշիչ նախադրյալն են, որը գոյություն ունի հռոմեական աշխարհում: Հիսուսը հրեա էր: Նա հուդայականությունից տարանջատվելու մտադրություն չուներ, ինչպես վաղ շրջանի քրիստոնյաները: Նոր Կտակարանի հեղինակների մեծամասնությունը, գուցե բոլորը, հրեաներ էին: Եթե մտածենք ազգերի տեսանկյունից, ապա վաղ քրիստոնեության ողջ պատմությունը (հենց միայն այս մեկը) պարտական ենք հրեաներին: Աստծո մասին հրեաների պատկերացումն այնքան սերտորեն է կապված քրիստոնեության հետ, որ այն կարելի է համարել նույնական: Հրեաների սերն ու զոհաբերությունը մինչ օրս այնքան հզոր են եղել, որ մենք` քրիստոնյաներս, անում ենք հնարավոր ամեն ինչ` Աստվածաշնչյան գաղափարներին համահունչ ապրելու համար: Ժամանակակից աշխարհում կարելի է գայթակղվել եւ հարցնել, թե արդյոք Նոր Կտակարանի քրիստոնեության չափանիշներով իրական քրիստոնյային ավելի հեշտ չի՞ գտնել հրեաների, քան` քրիստոնյաների շրջանում: Բայց դա անորոշ հարց է:
Արեւմտյան քրիստոնեությունը ծանրաբեռնված է ոչ միայն դավանանքների միջեւ կրոնական պատերազմներով, այլեւ` հակասեմականությամբ: Այդ պատերազմներն անցյալում են. դրանք փոխակերպվել են ազդեցության, դիրքի եւ տարածքի ընդլայնման համար մղվող ոչ պատերազմական պայքարի: Մյուս կողմից, այդ հակասեմականությունը վերջերս հանգեցրեց ամենասարսափելի բռնության` միլիոնավոր հրեաների սպանությամբ, այն մշտապես պատրաստ է նյութական վնաս պատճառել հրեա քաղաքացիներին: Քրիստոնյաները բազմիցս խախտել են սիրո պատվիրանը, որը բոլոր ժամանակներում իրական եւ ճշմարիտ է մնացել Նոր Կտակարանի հավատացյալների համար` սիրել Աստծուն եւ մերձավորներին, ինչպես պահանջվում էր Հին Կտակարանում: Կլերվոյի ազնվական Բեռնհարդը, ինչպես բոլոր բարեպաշտ քրիստոնյաները, դեմ էր հրեաների հալածանքներին: Լյութերը իր «Հրեաների եւ նրանց ստերի մասին» աշխատության մեջ գրել է. «Ես իմ արժեքավոր խորհուրդը կտամ. առաջինը`պետք է հրկիզվեն նրանց սինագոգները… երկրորդ` նրանց տները պետք է անիծվեն եւ ոչնչացվեն…երրորդ` պետք է վերցնել նրանց բոլոր աղոթագրքերը… չորրորդ` նրանց րաբբիներին մահվան սպառնալիքով պետք է արգելվի դասավանդել շարունակելը…հինգերորդ` պետք է ամբողջովին արգելել հրեաների ազատ վարքն ու փողոց դուրս գալու իրավունքը… վեցերորդ` պետք է արգելվի վաշխառությունը, նրանցից պետք է վերցնեն բոլոր ոսկյա եւ արծաթյա եւ թանկարժեք իրերը… յոթերորդ` երիտասարդ, ուժեղ հրեաներին պետք է տրվեն կացիններ, մականներ, թիակներ, ճախարակներ եւ իլիկներ, նրանց պետք է թույլատրել` հացը վաստակել ճակատի քրտինքով… Բայց մենք վախենում ենք, որ նրանք կարող են մեզ վնասել, քանի որ մեզնից թալանել են մեր հարստությունը, ապա սիրահոժար բաժանել այն, իսկ հետո ընդմիշտ վռնդվել են երկրից»:
Լյութերը խորհուրդ էր տվել անել այն, ինչ անում էր Հիտլերը, բացառությամբ գազախցիկներով ուղղակի սպանությանը դիմելու:
Գերմանական մտքի եւ ոգու վրա ազդեցություն ունեցած մարդկանցից մեկի այս խոսքերը չպետք է ընդունվեն թեթեւամտությամբ: Դրանք քրիստոնեական աշխարհում տիրող անհանդուրժողականության ծայրահեղ օրինակներից են` զուգորդված ստեղծագործ չար ազդակների հետ, ինչը մոնղոլ խանի` 13-րդ դարի քրիստոնյա վանականին տված պատասխանը դարձնում է հասկանալի: Նա ասում է. ձեր ուսմունքը լավն է, բայց որքանո՞վ է այն հավաստի, երբ քրիստոնյաներն այդքան դաժանությամբ պայքարում են միմյանց եւ այլ հավատ ունեցողների դեմ: Ցանկալի է, որ մենք հավատարիմ մնանք մեր միակ Աստծուն: Ասիացիների ատելությունը Եվրոպայի նկատմամբ ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից մեկը քրիստոնեական ուսմունքի եւ գործնական կյանքի միջեւ ահռելի տարբերության պատճառով առաջացած օտարացումն է:
5. Քրիստոնեական աշխարհն իր մեջ ներառում է այս հակադրությունը` բացառիկության պահանջից բխող մահացու թշնամանքը եւ մարդկային դեմք կրող ամեն ինչի հանդեպ սիրառատ նվիրվածությունը: Հնարավոր է` Արեւմուտքի բացվածությունն ուժ է ստանում հաջորդ պահը հաղթահարելու տեւական անհրաժեշտությունից: Վերջին դարերում օտարության եւ տարածության հանդեպ ըմբռնումն ու սերը կարծես պետք է դառնային արեւմտյան վարքի հիմնական առանձնահատկությունները: Սակայն շուտով ի հայտ եկան նոր երկիմաստություններ:
Քանի որ հանդուրժողականության գաղափարը հիմնարար կերպով իշխել է Արեւմուտքում, եկեղեցիները, չունենալով իշխանություն, պաշտոնապես ընդունել են այն: Ոչ եվրոպական ժողովուրդների բռնի քրիստոնեացման փորձերը, որոնք տեղի էին ունեցել գաղութային դարաշրջանի սկզբում, դադարեցվել են: Արեւելյան պետությունների միսիոներներն, իրենց հռչակագրի համաձայն, ազատություն են ստանում:
Ոչ արեւմտամետների հետ քաղաքական հարաբերություններում հանդուրժողականությունը հաճախ դրսեւորել է մի կողմ, որը զուգորդում է բռնության մերժումը գաղտնի արհամարհանքի հետ: Գերազանցության գիտակցումն անծանոթին շահավետ չի թվում սեփական ճշմարտությունը ներկայացնելիս, քանի որ անլիարժեքության պատճառով նա չի կարողանում հասկանալ այն:
19-րդ դարում այս նոր հոգեւոր անհանդուրժողականությանը հակադրվեց օտար հավատներն իսկապես ճանաչելու արեւմտյան ձգտումը: Ոչ թե արհամարհել, այլ իսկապես ճանաչել եւ ճանաչել նրանց որպես հավասարներ. սա էին առաջին հերթին պահանջում հնդկական եւ չինական աշխարհներից: Այս ճանապարհին նոր մոլորություններ հանդիպեցին` չնայած բարի մտադրություններին:
19-րդ դարում կրոնների պատմության համար հիմք դարձավ գիտական օբյեկտիվությունը: Աշխարհի բոլոր կրոնները, ոչ միայն հիմնական ասիական կրոնները, այլեւ` բնիկ ժողովուրդների կրոնները, ճանաչում ձեռք բերեցին: Այսօր մենք ծավալուն աշխատություններում կարդում ենք հավատքի բոլոր այն ձեւերի եւ բովանդակության մասին, որոնք իսկապես գոյություն ունեն եւ գոյություն են ունեցել երկրի վրա: Սակայն նույնիսկ կրոնի ամենախորն ընկալումը զուտ առերեւույթ կողմն է. այն դեռեւս համոզիչ չի դարձնում նրա ներքին ներկայությունը: Կա մի ցատկ բոլոր հասկացողությունների եւ ճշմարիտ հավատի միջեւ, որի դեպքում մարդը նույնականանում է իր հավատի հետ: Նույնիսկ եթե մենք ծանոթ ենք բոլոր կրոններին, նվազագույն հավատի կարիքը չունենք: Նույնիսկ եթե մենք հավատում ենք, որ մեր կյանքն անպայման ուղղորդում է լրջությունը, ապա դա հնարավոր է` առանց կրոնների մասին իմանալու:
Գիտակցմանը, որ կարեւորը ճշմարտությունն է, ոչ թե զարմանահրաշ իրերի թանգարանը, կարելի է հասնել միայն բոլոր կրոնների իմացության միջոցով. հենց դրան ուղեկցող հանդուրժողականության շարժառիթը հանգեցրեց կրոնների բազմազանության մեջ Միակ Ճշմարտություն համարվող հին գաղափարի նորացմանը: Կարծիք կար, որ այս գաղափարը կարող է կյանքի կոչվել մինչ այժմ ձեռք բերված ընդհանուր գիտելիքների միջոցով: 19-րդ դարում կազմակերպվել են համաժողովներ, որոնց ժամանակ բոլոր հիմնական կրոնների ներկայացուցիչները հանդիպում էին այդ մեկ ճշմարտությունը պնդելու համար, առանց բացահայտելու դրա բազմազան դրսեւորումները:
Ակնհայտ էր, որ այդ Մեկը ոչ այլ ինչ էր, քան դատարկ աբստրակցիա: Այդ ընթացքում կորավ ճշմարիտ հավատի էությունը:
Ակնհայտ էր նաեւ, որ անհատը չի կարող միաժամանակ բազում կերպերով դրսեւորել իրեն, դրանք միմյանց բացառող, բայց իմաստային առումով միմյանց դեմ չպայքարող իրողություններ են:
Վերջին հաշվով, ամեն ինչի ընկալումը եւ համընդհանուր ճանաչումը կարող են հանգեցնել բոլոր հավատքների ձուլմանը: Ամեն ոք, որը ցանկանում էր հավատալ այդ աբստրակցիաներին որպես բոլոր կրոնների համար ընդհանուր մեկ ճշմարտության, այսինքն` այն համընդհանուրին, որին բոլորը համաձայն էին, պետք է ընդուներ, որ ինքը ոչնչի չի հավատում: Համընդհանուր ընկալումը հրաշալի հնարավորություն է ընձեռում այն դեպքում միայն, երբ մարդն իրեն գտնում է հավատքի մեջ: Բայց դրան կարելի է հասնել միայն սեփական ավանդույթից եկող արմատների շնորհիվ:
Հանդուրժողականությունն ու հաղորդակցությունը կրկին փոխակերպվում են նման փորձառության: Նախ ողջամտությունը հուշում է, որ ճշմարտության գաղափարի հիմքում ընկած է մեծ նշանակություն ունեցող հիմնարար տարբերություն: Ճշմարտությունն ունի կա’մ համընդհանուր վավերական բնույթ, կա’մ նույնական է յուրաքանչյուր մարդու համար: Սա գիտական ճշմարտություն է, որը միշտ կարող է հարաբերական լինել միայն որոշակի առարկաների համար, որոշակի նախապայմաններով եւ որոշակի մեթոդներով: Կամ ճշմարտությունն անվերապահ է, երբ մարդն ապրում է հավատով, բայց այն գնով, որ նրա պնդումները` ռացիոնալ ձեւով փոխանցվող հավատքի տեսքով, ընդունելի չեն բոլորի համար: Այսինքն` անվերապահ ճշմարտությունը պատմական է, քանի որ մենք, որպես գոյեր, նախեւառաջ պատմական ենք: Պատմական երեւույթների` նման կերպ ի հայտ գալը պատմականորեն հաստատված հայտարարություններում այլ արտաքին ազդեցությունների դեպքում միշտ կենսունակ է միայն նրանց համար, քանի որ այստեղ հավերժությունն անբաժանելի է ներկա ժամանակից, անփոխարինելի է եւ եզակի: Սակայն միայն հասկացողների համար է այդ երեւույթը մնում պատմական առումով հարաբերական` սոսկ որպես հնարավորություն: Առանց ճշմարտության գաղափարը տարբերակելու սրբության` մենք ձգտում ենք դեպի աբստրակտ դատարկություն եւ անհստակություն կամ դեպի մոլեռանդ բացառիկություն:
Երկրորդ. նման խոհեմությամբ ուրիշներին լսելու, նրանց պատմական հավատքով եւ հավատքից բխող իրականությանը հաղորդակցվելու պահանջը դառնում է անջնջելի: Երբ բացակայում է հավատքի նկատմամբ համընդհանուր միասնականությունը, մարդկային հաղորդակցության գաղափարը դառնում է պահանջված: Չէ՞ որ մեր պատմական բազմազանությունը պետք է արմատներ գցի այնտեղ, որտեղից մենք բոլորս սերում ենք: Այնտեղ մեր պատմական գոյությունն ունի իր մեկ, ավելի ընդգրկուն պատճառը, քանի որ մեզ բոլորիս կապում է` անկախ ծագումից եւ բազմազանությունից: Եթե մենք չսիրենք եւ չպատասխանենք սիրով, օտար կրոնների նկատմամբ մեր բացվածությունը կմնա անիրական, առերեւույթ, հետեւաբար` անպտուղ: Սակայն երբ հիմնավոր պահանջը դառնում է ազդեցիկ, արդյունքում բախվում ենք անհանգստության: Մենք չպետք է մեկուսանանք որպես պատմական երեւույթ: Փոխարենը մեր` ինքներս մեզ ընկալելու ձգտումն անբաժան է օտարի ընկալումից: Մեր սեփական պատմության որոշակիությունը մտքի եւ գործողության դրսեւորման մեջ պահանջում է մշտական ինքնաքննություն: Ուրիշների պատմականության նկատմամբ սիրողական հայացքը կարող է մեզ դուրս քաշել մեր նեղ շրջանակներից եւ բացահայտել այն, ինչը պահանջվում է մեր խորքից:
(«Ազատության ռիսկը» փիլիսոփայական ակնարկների ժողովածու)
Թարգմանությունը գերմաներենից`Թագուհի Հակոբյանի
