Լևոն Խեչոյան | Սև գիրք, ծանր բզեզ

Հատված վեպից

Արգելեցին զենքով եկեղեցի մտնել։ Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին եւ մենք զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք։ Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս,վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից ընկնող գյուղերի միջով։ Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր։ Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետեւից խորանալ։ Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով՝ դրեցին մեքենաները ու ետ ուղարկեցին։ Վերցված գերիներին եւ վիրավորներին խումբ-խումբ թիկունք էինք ուղարկում։ Քնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ, մտանք տափաստան։ Դեմ դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել։ Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագույն ՝ էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթեւ լեզուները արհամարհելով, քնեցինք դեղին դդումների դաշտում։ Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու քթներիս առած ինչ-որ բուրմունքների միջով, շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ, մտանք գյուղ։ Մեկը կանչեց, ես թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար։ Հետո նրանց աղջիկը, որ զինորական շորերով, նստած «Շիլկայի» վրա մեր տանկերն էլ ոչնչացնում, նրան յուրայինները լքել էին՝ հանձնվեց հուսախաբ։ Ծոցագրպանից օրագիրը վերցրինք, որտեղ արեւի մասին տողեր կային, շուն գեներալների, հաց չմատակարարող պահեստապետերի ու իր գործիքով մեր խփած տանկերի քանակի մասին։ Կանաչ տերեւներով նախշազարդ բաճկոնի թեւի կոճակը արձակեց, թեզանիքը բարձրացրեց վերեւ, արմունկի ներսի ծալի թափանցիկ կապույտ երակի բուժասեղից առաջացած վերքը պարզեց մեզ, ասաց. «Միայն թե ներարկեք նոր… ես չեմ վախենում»։ Մենք նրա շուրջը, ամենքս տարբեր տեղեր էինք նստել, մեկը խնձոր էր ուտում, խնձորը պայթում էր նրա բերանի մեջ՝ խնձորի ծառը մոտիկ էր։ Ես գիտեի՝ նրանց աղջիկն ինչ է ուզում, իմ թեւի վրա էլ, մաշկիս տակ, կուտ ընկած, դեռ չլավացած սպին գունավոր քնի մեջ նվվում էր։ Մենք բոլորս էլ գիտեինք՝ ինչ է ուզում նա, գիտեինք նաեւ ապակիացած աչքերի ոչինչ չտեսնելու գաղտնիքը ու նրա շուրջը, ուռած ոտքներիս ու ողնաշարներիս սլաքող ցավը զսպելով՝ ծխում էինք։ Մեկն եկավ՝ մյուս ջոկատներից էր, ասաց. «Լավ էլ ուրախանում եք, նստել ինչի՞ն եք սպասում, տարեք, միաժամանակ երեք անցքն էլ փակեք, մի դրա երակներին նայեք, տարեք այդ գործն արեք, դրա նմանները այդպիսի բաներ շատ են սիրում»։ Նրանց աղջիկը թեւը պարզել էր, ես տեսնում էի թափանցիկ կապույտ երակը, լսում էի բերաններում պայթող խնձորի ու նռան ճայթոցը։ Թիկունքից էլի ձայն լսեցի, շրջվեցի ոչ ոք չկար ու չհասկացա, թե ինչին էի կարոտել ու այլեւս չէի ուզում լսել մյուս ջոկատից եկած հրամանատարին, հրազենով վիրավորված, հրազենով վիրավորված Կամոն փսխում էր, գնացի նրան հույս տալու։ Հետո կրկին մեր ոտքերի տակ դողաց հողը, մենք անծայրածիր, դեղին տափաստանի մեջ իրարից հեռու, ցրված ու ձայնի տաք ելեւէջով իրար որոնելով ու իրար տեղ չիմանալով, բարակ փոշին մետաղե թրթուրների տակ ծեծելով՝ գնացինք առաջ, մտանք Արաքսի հովիտ՝ մեր երազների ափը, ու մեր տանկերը եռացնում էին ջուրը։ Ծակող, թանձր տաքությամբ արեւը կանգնել էր երկնքի կենտրոնում ու այրում էր մեր գլուխները, ես այդ ժամանակ արդեն երկորդ անգամ լսել էի թիկունքից եկող ձայնը ու գիտեի, որ ստվերի մեջ թաքնվել է պետք, դեղին տափաստանի մեջ սեւ չկար, ամեն մի ստվերի երկարություն հալվում էր երկնքի կենտրոնում կանգնած արեւի առատ ու տաք լույսի մեջ, փոքրիկ, մոխրագույն, խանձված բլրակները եռում էին իրենց տեղերում, հենց եռացող բլրակների մեջ էլ մյուս ջոկատի տղաներից մեկին չէին կարողանում գտնել։ Տափաստանի պարզ, շատ հեռուները նկատվող՝ փռված հարթության վրա, ոչ մի տեղ չէր երեւում։ Բոլոր ջոկատները իրար կանչող ռադիոկապերի, հեռադիտակների, հռնդոցների ու ճռնչոցների մեջ որոնում էին Սերոբին ու չէին կարողանում գտնել։ Օդը ոռնում էր։ Չէինք խոսում ու ծխում էինք, մեր բոլորի քթանցքները խցկվել էին փոշով, բերաններիս շնչառությունը տաք էր ու նիկոտինով հագեցած։ Մեզ գյուղը ցույց տվեցին։ Ռադիոկապով հրաման տվողներն ու գեներալներն ասացին. «Այն գյուղը վերցրեք ու բազա դրեք»։ Հողը դողաց մեր ոտքերի տակ, մենք դարձյալ գնացինք՝ մետաղների, գալարաթափ լարերի, հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, ու տարաբնույթ բուրմունքների

Share Button

5 Կարծիք

  • Արամ Պետրոսեան says:

    …միայն թե եռացրած ջրի առաջին բաժակը ինքը խմեց, ու մենք թախծոտ սիրում էինք նրան։

    Ասացի. «Ներսումս մեկը կա, ես նրան չեմ տեսել, բայց նրա հետ մի օր կգնամ կիսավեր տաճարը, արյան ավազանի մոտ»։ Ասաց. «Նա քո զո՞հը կդառնա»։ «Ոչ», ասացի, «Ոչ, նա ոչ մի փորձության չի դիմանա ու ինձ կմատնի»։ Իսկ գիշերվա միջով սրընթաց չղջիկներ էին անցնում, ասաց. «Թուլություն է, երակները լցնելու.. թե չէ դեռ չեղածը դու ինչի՞ց ես իմանում, որ պատահելու է…»։

    Ծիծաղի ու հռհռոցի ալիքը եկել ու բացվել էր մեր անքուն անձրեւն ու քամին տեսած, գիշերները ավտոդողի խարույկից մրոտված, արեւով եփված դեմքներիս վրա, ու այդ պահին էլ բոլորս տեսանք, թե ինչպես անցյալ տարի, հեռու լեռներում թշնամու գնդակից ընկած մեր ջոկատի Անդրեի ստվերը եկավ, տվեց ու մեր միջով անցավ։

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ: Մեր մեծերին արժանի գործ է:

  • Լիզա says:

    Տաղանդավոր, մեծատառով արձակագիր Լեւոն Խեչոյան:

  • tsiran says:

    …միայն թե եռացրած ջրի առաջին բաժակը ինքը խմեց, ու մենք թախծոտ սիրում էինք նրան։

    Իր ջոկատի հրամանատր Սասուն Միքայելյանի մասին է, որ հիմա գերի է… Հայաստանում:

  • Մ.Մ says:

    Իսկ գուցե ,,ծանր գիրք սև բզեզ ,,???համենայն դեպս ,, Խնկի ծառերը ,, իսկապես Խեչոյանն է…ավելի շուտ այն գրողը, որին ակնկալում ենք տեսնել…իսկ սա ըստ իս վերջակետ է նրա գրական կյանքում

  • Լևոն Ադյան says:

    Անշուշտ, տաղանդավոր գրող է։ Առաջին անգամ եմ կարդում։ Ու ցավում եմ, որ առաջին անգամ եմ կարդում։ Սիրով կկարդայի վեպն ամբողջապես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *