Նիկո Լորթքիփանիձե | Ողբերգություն առանց հերոսի

Նիկո ԼորթքիփանիձեԳլուխը կորցրած փախավ երեխաների սվսվոցից, դուրս վազեց խրճիթից…անցավ բակը…խելակորույս գնում էր…: Արտում ինչ-որ տեղ նստեց քարին, գլխում դատարկություն էր… մտքում միայն հատուկենտ, կցկտուր բառեր էին՝ «ճադի»… «երեխաներ» …  «ցուլ»…
Ոտքի կանգնեց, նախ գնաց խճուղով, հետո թեքվեց մի նրբանցք. ինչ-որ մեկը կանչեց, ետ դարձավ:
– Երեկ չէ առաջին օրը, երբ ալյուր ուզեցիր, Աստված վկա, չունեի, էս է, էսօր մի քիչ ունեմ ու կես թաս էլ քեզ կտամ…մենակ թե մյուս ուրբաթ պիտի վերադարձնես.
– Տո՛ւր,- կարճ կտրեց ու հասավ ցանկապատին:
– Էս տոպրակը մի՛ ուղարկիր, ինքս կվերցնեմ…
Տեղից չէր շարժվում ու ձայն էլ չէր հանում:
– Ի՞նչ պատահեց քեզ հետ, ա՛յ մարդ։
– Ոչինչ։
– Մի՛ վախեցիր, Աստված մեծ է, մեր կողմն էլ կնայի…
Դանդաղ շրջվեց, անձայն հեռացավ ծեր կնոջից՝ իր կնքամորից, որ մտածում էր. «Սա էս կես թաս ալյուրը բերողը չի, հաստատ գնաց, կորավ…բայց գոնե հարսս չիմանա…ինչո՞վ պիտի օգնի էդ խեղճին կես թասը…է՜հ, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ»։
– Հայրի՛կ, ալյուր բերեցի՞ր,- սկսեցին խռխռալ երեխաները։- Կկերցնե՞ս։
– Հա՛, բալե՛ս, հա՛, տղա՛ս,-մերթ մեկին էր ասում, մերթ մյուսին: Երեխաներն առանց ասելու բերում էին ցախը, կրակն էին վառում, դասավորում ու ուղղում էին կավե թավան: Հայրը խմորը մի ակնթարթում հունցեց ու դրեց ատրաշեկ թավայի մեջ, սակայն երեխաների անհամբերությունը հուշեց, որ լավ կլիներ, եթե մինչև ճադիների թխվելը նրանցից ազատվեր:
– Դե՛, տղանե՛ր, գնացե՛ք, քեռակին Էփրոսինեից մաղադանոս ուզեք, շատ ունի, կտա։ Երեխաները վազեցին: Ճադիի հոտը հորն էլ էր ոգևորել. այն վերցրեց թավայի միջից, կիսեց, փչելով փորձեց հովացնել ու «համտեսելու համար» մի կտոր դրեց բերանը։ Ախորժակն աննկարագրելիորեն բացվեց… Երկրորդ պատառը… Բերանը վառվում էր, բայց մեկ է, ուտում էր: Երեխաները ներս վազեցին.
– Տո՛ւր, հայրի՛կ…
– Ինձ էլ։
– Դո՛ւրս եկեք, ձեր քոքը կտրվի։
– Հայրի՛կ, հայրի՛կ։
– Հայրի՛կ, մի պատա՜ռ…
Մի ձեռքով ծեծեց երեխաներին ու դուրս արեց։ Երեխաները, արցունքն աչքներին, շների նման վնգստում էին.
– Հայրի՛կ, կերցրու՛։
Ուշադրություն չէր դարձնում, հետո միանգամից բերանը դրեց երեխաների բերած մաղադանոսն ու գնաց…, անցավ թավուտը…,պառկեց…, երկար հանգստացավ, գլուխը պտտվեց, բարձրացավ, նստեց։ Երեխաների սվսվոցը հիշեց. «Ես կերա, երեխաներին ոչինչ չտվեցի…: Աստվա՜ծ իմ, ի՞նչ պատահեց ինձ։ Ամո՛թ…մարդկանց ի՞նչ ասեմ, վայ թե սովամահ են եղել…»:
Վեր կացավ, գնաց երեխաների մոտ …
Էտած թթենու տակ ընկած էին…, քնել էին…: Հայրը պառկեց կողքներին: Արցունքը դեմ էր առել թարթիչներին, իրեն հազիվ էր զսպում .«Գոնե չարթնացնեմ, ի՞նչ արեցի. մայրն այդպես չէր անի»։
Կրտսերն արթնացավ, զարմացավ: Անթարթ հորն էր նայում.
– Հայրի՛կ,- հանգիստ սկսեց երեխան։
– Ի՞նչ, բալե՛ս,-փափկաձայն հարցրեց հայրը:
– Լրիվ կերա՞ր։ Հայրի՛կ, կարո՞ղ է՝ մի քիչ մնացած լինի, տո՛ւր…փորս ցավում է, չեմ մատնի քեզ։
Հայրը պոռթկաց, մյուս փոքրն էլ արթնացավ՝ «սոված եմ, սոված եմ» գոռալով։ Հայրը վեր թռավ, վազելով անցավ բակը, հայտնվեց խաղողի այգում. կապված ոչխարն արածում էր։ Գնաց ու նստեց ծառին։ Պարանը ամուր կապեց ճյուղին, հանգույցի երկրորդ վերջից կապեց, ստուգեց՝ վիզը լավ կսեղմե՞ր, թե՞ ոչ…
Բարի պառավ կնքամայրը վշվշում էր.
-Աստվա՛ծ իմ, աստվա՛ծ իմ, էս ի՞նչ օրվա հասցրիր ինձ, էս ի՞նչ դժբախտություն պատահեց։ Ո՞վ կխնամի սոված որբերին։
-Ինչո՞ւ հենց իմ խաղողի այգում՝ իմ դռանը, իմ պարանով կախվեց էս տնաշենը,- բարկանում ու անիծում էր հարևանը, ում այս պատահարի պատճառով, ով գիտի՝ ինչ էր սպասվում…

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *