Զարուհի Բաթոյան | Ո՞նց ես

Զարուհի ԲաթոյանԱնծանոթ և քնքուշ մեկը
լուռ օգնում է ինձ
հեռանալ քեզանից։

 

***
ժամերն առաջ տվեցին,
աշխարհի մյուս ծայրում
մի քիչ մոտեցար ինձ:

 

***
Գիշերվա կեսին վեր եմ կենում,
բոլոր դռներից ու լուսամուտներից
նորից եմ նայում.
գուցե եկել
դրսում ես մնացել:

 

***
Մի սիրուն երգ գրեմ,
գա նստի այտիդ,
թրաշդ շոյի,
խուտուտ տա,
գնա:

 

***
Մի օր
ինձ գործից տուն կբերեմ
հաց կտամ,
կպառկացնեմ բազմոցին,
կոշիկները կհանեմ,
վրան կծածկեմ,
ու կներեմ ինձ:

 

***
Երբ փոքր էի
ցավում էի լուսանցքում հայտնված տառի համար.
տեսնես ի՞նչ էր զգում…

 

***
Մի տարեք
փողոցից այն շներին,
որ գիշերը մի հաչոցով
ինձ մանկություն են տեղափոխում…

 

***
Տանս տեղը գիտես,
և դա իմ միակ մխիթարանքն է:

 

***
Սիրում եմ քեզ.
ասում եմ
այսօրվա
վաղվա
և մյուս օրերի համար,
թե չհանդիպենք…

 

***
Որ գնալդ անսպասելի չլինի,
հորինում եմ քեզ.
դռների մեջտեղում կանգնած,
եկել ես հրաժեշտ տալու։

 

***
Ծղրիդների ձայնը
ցածրացել է,
շուտով չի լսվի:

 

***
Քիչ-քիչ պոկում եմ քեզ
իմ օրերից
մաշկից,
պատերից,
սրտից:
Տակը բան չմնաց ինձնից։

 

***
ճանապարհի եզրին՝
աղջկա հայտնի
կողոպտած արձանի կողքին
տղան ծաղիկներ է վաճառում։

 

***
Կինոդահլիճում
նստարանները բացվում-փակվում էին
հերթով:
Քո տեղը դատարկ էր…

 

***
Սան Դիեգոյում ինքնաթիռ է ընկել,
և ես ամաչում եմ լացել քեզ համար։

 

***
Ծորակը փչացել է
և գիշերվա մեջ հոսող ջուրն ինձ
ափսոսանք է հիշեցնում։

 

***
Ում համար բանաստեղծություն գրեմ.
բառս չես կարդում:

 

***
Հոնգուր, հոնգուր անձրև է գալիս,
ասես մի տխուր բան գիտի
ու ոչ ոքի չի պատմում…

 

***
Իմ անունով կանչում ես ուրիշին
ու հիմա ես
ման եմ գալիս անանուն:

 

***
Ես մոռացել եմ՝
ինչ է նշանակում առանց վախենալու ժամադրության գնալ,
ու համբուրվել առանց մտածելու վաղվա մասին,
հեռախոսի,
անձրևի,
մամայիս,
հարևանների,
բոլոր նրանց,
ում գոնե ֆեյսում պիտի պատասխան տամ՝
այդ ինչպես է, որ
գնացել եմ ժամադրության,
առանց երկար մտածելու:

 

***
Երևանը փոքր քաղաք է,
և եթե չես ուզում տեսնել նրան,
ում ուզում ես,
պիտի բանտարկվես քարերի ետևում,
փոշու արանքում,
որ քեզ չտեսնի
նա
ում ուզում ես։

 

***
Ամեն իրիկուն
մտքով քեզ մոտ եմ գալիս,
որ հարցնեմ՝ ո՞նց ես,
չես պատասխանում։

Share Button

3 Կարծիք

  • Արմեն says:

    Ապուշ պոեզիա

  • yuri says:

    shat dur ekan -hongur-hongur ,kich-kich-

  • Hovsep says:

    Թախիծ,կարոտ,կյանք ու սեր կա Ձեր տողերում:Շնորհակալություն որ գրում եք.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *