Իոն Պիլլատ
Ion Pillat / 1891-1945
Ռումինացի սիմվոլիստ բանաստեղծ: Ծնվել է Բուխարեստում: Սերում է ազատ գյուղացի-ների հին ընտանիքից: Ուսանել է Բուխարեստի Սեն-Սավա քոլեջում: Ուսումը շարունակել է Փարիզում՝ Անրի IV լիցեյում: Հրապուրվել է գոթական ճարտարարվեստով: Գրականություն և իրավագիտություն է սովորել Սորբոն 2-ում: 1911 Բուխարեստի «Գրական զրույցներ» ամսագրում տպագրել է իր առաջին բանաստեղծությունները: Հաջորդ տարի Փարիզում հրատարակում է «Վերջին սրբի պատմությունը» վերնագրով մի հեքիաթ: Ծա-նոթանում է ռումինացի սիմվոլիստ բանաստեղծ Ալեքսանդրու Մակեդոնսկու հետ՝ դառնալով նրա սիրված աշակերտներից մեկը: 1913-ին մեկ տարով լքում է Ֆրանսիան՝ ռումինական հրետանային գնդում զինվորական ծառայության անցնելու պատճառով: Կարճ ժամանակ ծառայում է որպես կրտսեր լեյտենանտ բուլղարական ռազմարշավի ընթացքում: Առաջին աշխարհամարտի տարիներին եղել է ֆրանսիական ռազմական առաքելության կապի սպա, այնուհետև մասնակցել է 1919 թ. Փարիզի վեհաժողովին՝ որպես ռումինական պատվիրակության քարտուղար: Նույն ժամանակահատվածում հրատարա-կել է մի քանի ժողովածու, 1914-ին՝ «Հավերժության մի օր», 1917-ին՝ «Մղձավանջներ», և 1919-ին՝ «Ցանկապատված պարտեզ»: 1920-ականներին համախոհների հետ հիմնել է «Կրակ», «Ռումինական ոգի» ամսագրերը: 1925-ին կազմել և հրատարակել է ժամանա-կակից պոեզիայի անթոլոգիա: Իր ռազմական գործունեությունից ազատվելուց հետո Պիլատը գործունեության ոգեշնչման նոր աղբյուրներ գտավ: Նա շարունակում է բանաս-տեղծությունների ժողովածուներ հրատարակել, դրանց մեջ՝ «Արգեշի հոսանքն ի վեր» (1923), որով հայտնի է դառնում իբրև բանաստեղծ: 1933-ին հրատարակում է «Միներվայի վահանը», 1935-ին՝ «Մոնոստիքոսներ» ժողովածուները: Թարգմանել է Շ.-Բոդլերի, Ֆ.Ժամի, Պ. Կլոդելի բանաստեղծությունները, Ս.-Ժ. Պերսի «Անաբասիսը»: Լույս է ընծայել գերմանական պոեզիայի իր անթոլոգիան: 1929-1937 թթ. հաճախակի ճամփորդել է Իսպանիայում, Իտալիայում և Հունաստանում, վերջինիս նա ուղղակի սի-րահարվել էր:
Թարգմանությունը ֆրանսերենից և
ռումիներեն տողացի թարգմանությունից՝
Աշոտ Ալեքսանյանի
Որոշ հողմաղացներ
Թառած ճերմակ գնդին երկրի, ո՜վ, հրեշներ դուք սևաթև,
Հիշում եմ ես, ծեր եմ այնքան ու զառամյալ, ու խոնջած,
Դոն Կիխոտն է կռիվ տալիս հողմաղացի շարքերի դեմ՝
Պամպլոնայի գիշերային մութ ճամփեքին խռնված:
Հին լճափին կոկոններն են իրենց բացում ու բողբոջում
Գարնանաբույր ծղոտներում և բույնների մեջ հողաշեն,
Ամեն անկմամբ՝ ժայռերի մեջ գերեզման են նրանք փորում
Աղտեղության կամ գետերի ավազների մեջ հրաշեկ:
Անգամ եթե մեռնում ես դու տարեցտարի մահով դաժան,
Դեռ պահում ես կաստիլիական բարքը վեհշուք՝ ազնվական:
Վեր են պարզվում սուսերի պես ձեռքերը քո նուրբ ու հպարտ:
Դու մնում ես տեղում գամված, հասկանում եմ. դժվար է շատ
Ապրել բովում առաքինի բռնկումի ազնվագույն,
Որ լա Մանչի Հիդալգոյի խենթ երազից է ճառագում:
Ուղիներ
Սա կածանն է առավոտի, որ անտառ է մագլցում,
Առվակի մեջ են անկամուրջ թրջվում ոտքերը նրա,
Մոշի փոքրիկ փունջը անգամ ճանապարհն է իր շեղում
Եվ նա ցավ է զգում բոլոր բացատներում մոռացված:
Արևի տակ, որ պատրաստ է ծովի ջրերն այրելու,
Վայրկյանի մեջ փրփրահորձանք՝ ջրհեղեղին նախորդած,
Օ՜, սիրելիդ իմ արահետ, որ դողում ես հասնելու
Ծովավազին հանգստավետ՝ նավազների երազած:
Կայազորն է սակայն աշնան օրրում նրան, նրանց մեջ
Ինչպես և իմ, ծիրն է բացվում՝ ուղին վճիտ ու պարզկա,
Որ թևերով խաղաղավետ երեկոն է շոյում հեզ,
Զերծ ամբոխի ծուխ-մշուշից գզվռտոցում հեռակա:
Ընծայաբերում
Քեզ աչքերիդ պես կանաչ նուշ եմ ես բերում,
Ինչպես սիրտը քո հասուն թզերի հուռթի՝
Ամառվա պես վավաշոտ. Ընծան այս վերցրու՛
Քո մեկտեղված ձեռքերի խորշում ագուռի:
Քաղի՛ր ողկույզը դեղին մտքերի՝ լեցուն
Մթնշաղի շողերում քաղցր, մեղրահոտ,
Եվ նռան, որ կարոտից արյուն է լացում.
Ներծծվելով մորմոքով նրանց լուսաշող:
Պայծառ լույսն է ըմբոշխում նրանց գինու պես,
Լողափներում ճզմելով հյութը բազմամյա:
Եվ մեղմեցին նրանք ողջ մորմոքը իրենց,
Ճաշակի՛ր հյութն այս դյութիչ, օրը մոգական:
Փոխադարձում չեմ ուզում՝ խոստումներ, տալիք:
Տուր ինձ փոքրիկ մի փրփուր հատուցում որպես.
Նրան ալիքը գամեց երկնակամարին,
Եվ նա գանձն իր սնամեջ իմ ձեռքում թողեց:
Հետմահու
Աշխարհն այսօր լքեց ինձ, ըստ սովորության
մոռացավ ինձ՝ առկախ թողեց կախիչից,
առեղծվածն այդ բացահայտվեց ինձ այդժամ,
բայց չեմ կարող պարզաբանել դա ուրիշին:
Թողել եմ ես ցուպ ու փոշի ու հողաթափ.
Ես այլևս նույնիսկ ստվեր չեմ երևելի:
Հեռու-հեռվից ծաղկաթերթն եմ տեսնում ճերմակ
այն ճոխ լույսի, որ տեղանքն էր իմ երբեմնի:
Մանր բանաստեղծություններ
***
Չնեղսրտած բնավ խղճուկ կացարանից
և տաճարից իսկ աննշան՝ նմանապես,
թախանձագին խնդրում եմ, սա՛ր Անապատի,
թող քո մաքուր կաղապարը մտահայեմ:
***
Աստծո հետ ես անկարող եմ պայքար մղել.
Նա՛ է ընտրում և շնորհում՝ ըստ իր կամքի,
խենթին թվում է, թե ինքը լավ է պրծել,
իմաստունս՝ հակվում եմ բիրտ օրենքի տառին:
***
Օրեցօր և ամսեամիս կղզիներն են խոհերի
իմ մեջ լցվում, և այդ պահից սկսյալ
ծովերն իրենց ակունքն ունեն իմ ներսում,
ուր մոռացումն է անդադրում ցնծերգում:
***
Իզուր եմ ես փորձում սողնակը բացել,
ամեն մանուկ ընդունակ է դա անել …
Կարմիր գլխարկը անցավ ժամանակի ծիրից ներս,
Մինչ գորշ գայլն է շլմորած դեռ ճամփեքին մնացել:
***
Թույլ տվեք ինձ վերադառնալ ծնողներիս մոտ:
Պահի մեջ է մոխրաթավալ անձրևը տեղում:
Տարրալուծվում է մորմոքից կավահողն իմ լոկ,
լույսն է այստեղ հավերժության պատրանքը ցրում:
***
Ցավի հորձանքը չի հուզում: Վանքերն հոսում են հակընթաց
դարեր ի վեր, նրանք դեռ կան՝ ինչպես ավազն ու մարդիկ,
և աչքերը քար են նրանց, հոգիներն էլ՝ գրանիտ.
Նրանք քուն են մտել ընդմիշտ՝ Հավերժից հոգնած :
***
Ես բնավ էլ նրանը չեմ, գյուղն ինքն է իմ մեջ.
այն ապրում է իմ մտքերում՝ մարդկանցով իր խեղճ,
զգում եմ, որ ավիշիս մեջ ժայթքում են նրանք.
ծառաստաններ, կացարաններ, մարդիկ՝ լավ ու վատ:
Անօրինակ միախառնուրդ՝ երկինք ու երկիր,
սերեր, մորմոք, ուրախության ճիչ ու արհավիրք –
Ողջ տիեզերքն է խցված մի նեղ տարածքում, օ՜ Տեր…
ինչպե՞ս եմ այն ապականել՝ հրոսակի պես:
*
Այնքան մարմնին քո նայեցի, որ աչքերով այն գողացա
Քո ձայնն այնքան ներծծեցի, որ խոսքերիցդ շլացա:
Ստվերդ է լոկ երազ-հանդերձդ առընդմիշտ խաթարում
Եվ խոսքերդ են արձագանքի պես սրդողած փաղփաղում:
«Մոնոստիքոսներ»-ից
Նոր փոս
Նա սահուն քայլում է ոտքերի վրա, մահանալով, որպեսզի չսողա:
Հսկում
Օջախի շուրթին միտք ծնվեց, ուղեկիցը ճանապարհի:
Անդիմադրելի ջուր
Դու տվեցիր ինձ մի բաժակ՝ գարնանային սեր խմելու:
Հերակլիտոս
Ես դիտում էի օրը՝ ջրերին համընթաց վազող:
Կաղապար
Ավազը դեռ կրում է մեր հետքը:
Դիմանկար
Ցավը սև աչքերով՝ ճերմակած մազերի տակ այսօր:
Ընծա
Տվեք ինձ անդորրը մայրամուտի, որ ձեր ձեռքում եք պահում:
Շագանակ
Հիշողության բողբոջներից ես անցյալն ընտրեցի:
Սիրտ
Մի ամբողջ կյանք նա թակում է դուռը անդորրի:
Ճայեր
Պոկվելով ալիքներից՝ սպիտակ փրփուրը թևին տվեց:
Գաղտնազերծումներ
Իմ բոլոր տարիները հոսում են ժամանակին համընթաց, կոճղեր:
Վերադարձ
Ես աքսորական դարձա աստվածների մոտ, որպեսզի վերադառնամ մարդկանց մեջ:
Քերթողական արվեստ
Ո՛չ բառերը, լռությո՛ւնն է երգին փայլն իր շնորհում:
Բանաստեղծը
Բեռնված բանատողերով՝ ինչպես աշունը մրգերով:
Ուրացված բանաստեղծը
Տող՝ լցված արցունքներով ջրի, որ դու բյուրեղ ես կարծում: