Երբեմն զարմանում եմ, երբ մտածում եմ, թե որքան ծեր եմ։ Հիշում եմ ժամանակները, երբ քաղաքում, որտեղ ժամանակին ապրել եմ, փողոցներն ամռանը ջրում էին, որպեսզի փոշուց մաքրեին, երբ աղջիկները սեղմիրան և կրինոլին էին կրում, որոնք կարող էին ինքնուրույն կանգուն մնալ, և երբ պոլիոմիելիտ և լեյկեմիա հիվանդությունների հետ ոչ մի հստակ բան անել չէր կարելի։ Որոշ մարդիկ, ովքեր հիվանդանում էին պոլիոմիելիտով, ապաքինվում էին՝ կա՛մ դառնալով հաշմանդամներ, կա՛մ՝ ոչ, իսկ նրանք, ովքեր լեյկեմիայով էին հիվանդանում, անկողին էին ընկնում և մի քանի շաբաթ կամ ամիս թուլացած, ողբերգական վիճակում գտնվելուց հետո մահանում էին։
Ամառային արձակուրդների ընթացքում, երբ տասներեք տարեկան էի, հենց նմանատիպ մի դեպքի շնորհիվ էլ ստացա իմ առաջին աշխատանքը։
Տարեց տիկին Քրոզիերն ապրում էր քաղաքի մյուս ծայրին։ Նրա խորթ որդին՝ Բրյուսը, որին սովորաբար երիտասարդ պարոն Քրոզիեր էին անվանում, ապահով տուն էր վերադարձել պատերազմից, որի ժամանակ օդաչու կործանիչ էր եղել, քոլեջ էր ընդունվել և սկսել պատմություն ուսումնասիրել, ամուսնացել էր, իսկ հիմա լեյկեմիայով հիվանդ էր։ Նա և կինն ապրում էին Տարեց տիկին Քրոզիերի հետ։ Նրա կինը՝ Սիլվիան, շաբաթը երկու անգամ կեսօրից հետո դասավանդում էր այստեղից մի քանի մղոն այն կողմ գտնվող քոլեջի ամառային դպրոցում, որտեղ ծանոթացել էին։ Ինձ վարձել էին Սիլվիայի բացակայաության ընթացքում երիտասարդ պարոն Քրոզիերի մասին հոգ տանելու համար։ Նա պառկած էր վերևի հարկի անկյունային առաջին ննջասենյակում և դեռևս ի վիճակի էր ինքնուրույն լոգասենյակ հասնելու։ Միայն պետք է թարմ ջուր տանեի նրա համար, բացեի կամ փակեի վարագույրները և իմանայի, թե ինչ էր ուզում, երբ զանգում էր մահճակալի կողքի սեղանիկին դրված զանգակով։
Սովորաբար նա ուզում էր, որ հովհարիչը տեղափոխեի։ Նրան դուր էր գալիս քամին, որ այն ստեղծում էր, բայց նյարդայնանում էր դրա աղմուկից։ Այդ պատճառով էլ ուզում էր, որ մի որոշ ժամանակ այն իր սենյակում լիներ, իսկ հետո՝ միջանցքում, բայց նրա ննջասենյակի բաց դռան կողքին։
Երբ մայրիկս իմացավ այդ մասին, զարմացավ, թե ինչու ներքևի հարկում չէին պառկեցնում նրան, որտեղ առաստաղները վստահաբար շատ ավելի բարձր էին, և ավելի հով կլիներ։
Ասացի նրան, որ ներքևի հարկում ննջասենյակներ չկային։
-Աստվա՛ծ իմ, մի՞թե չի կարելի ժամանակավոր ինչ-որ մի մտածել։
Ասվածը ցույց տվեց, թե որքան քիչ բան նա գիտեր Քրոզիերների տան և Տարեց տիկին Քրոզիերի կանոնների մասին։ Տարեց տիկին Քրոզիերը ձեռնափայտով էր շրջում։ Չարագուշակ հնչող քայլվածքով օրը մեկ անգամ՝ կեսօրին, բարձրանում էր խորթ որդու մոտ միայն այն օրերին, երբ ես այնտեղ էի լինում։ Բայց առաջին հարկում ննջասենյակ ստեղծելու միտքն ինքնին նույնչափ կվրդովեցներ նրան, որքան, օրինակ, հյուրասենյակում զուգարան լինելունը։ Բարեբախտաբար ներքևում զուգարան կար՝ խոհանոցի հետնամասում, բայց համոզված եմ, եթե այն լիներ միայն երկրորդ հարկում, սանդուղքով կբարձրանար այնքան անգամ, որքան որ պետք լիներ, միայն թե որևէ արմատական և տագնապալի փոփոխություն թույլ չտար։
Մայրիկս մտածում էր հնարժեք իրերի բիզնեսով զբաղվելու մասին, այդ պատճառով նա շատ հետաքրքրված էր Քրոզիերների տան ներսակողմով, որը շատ ավելի հին և շքեղ էր, քան մերը։ Մի անգամ՝ իմ առաջին աշխատանքային օրը, նրան հաջողվեց ներսում հայտնվել։ Խոհանոցում էի և վախից քարացա, երբ լսեցի նրա «յու-հու»-ն և զվարթ կերպով արտաբերված սեփական անունս։ Այնուհետև լսվեցին նրա անփույթ թակոցն ու խոհանոցի սանդուղքով բարձրացող քայլերը։ Իսկ Տարեց տիկին Քրոզիերը, ծանր քայլելով, դուրս եկավ ձմեռային այգուց։
Մայրիկս ասաց, որ ուղղակի անցողակի մտել էր, որպեսզի տեսներ, թե ինչպես էր դուստրը։
-Ամեն ինչ կարգին է, – ասաց Տարեց տիկին Քրոզիերը, ով կանգնել էր միջանցքի դռների մոտ՝ փակելով տեսարանը դեպի հնարժեք իրեր։ Մայրիկս ևս մի քանի անհաջող դիտարկումներ արեց և հեռացավ։
Այդ երեկո մայրիկս ասաց, որ Տարեց տիկին Քրոզիերը պատշաճ վարքագիծ չուներ, քանի որ ընդամենը երկրորդ կինն էր, որին գտել էին Դետրոյթ կատարված գործնական ճանապարհորդության ժամանակ։ Դրա համար էլ նա ծխում էր, մազերը ածուխի նման սև գույն էր ներկում, իսկ շրթունքներին ջեմի բիծ հիշեցնող շրթներկ էր քսում։ Նա նույնիսկ վերևում պառկած հիվանդի մայրը չէր։ Մայր լինելու խելք անգամ չուներ։ (Հենց այդ ժամանակ վիճում էինք, այդ անգամ պատճառը նրա կատարած այցն էր, բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէ)։
Տարեց տիկին Քրոզիերը հավանաբար կարծում էր, թե ես էլ էի մայրիկիս նման աներես, զվարթ և ինքնագոհ։ Այնտեղ աշխատանքի անցնելուց շատ չանցած մտա հետնամասի հյուրասենյակ, բացեցի գրապահարանը և սկսեցի ուսումնասիրել «Հարվարդի դասականները», որոնք անթերի հերթականությամբ էին շարված։ Գրքերի մեծամասնությունը վախեցրեց ինձ, բայց ես հանեցի մեկը, որը գեղարվեստական թվաց՝ չնայած օտարալեզու վերնագրին՝ «I Promessi Sposi» ։ Այն իսկապես գեղարվեստական էր՝ բարեբախտաբար անգլերեն։
Հավանաբար այն ժամանակ ինձ թվացել էր, թե բոլոր գրքերն անվճար են, որտեղ էլ որ դրանք գտնես, ինչպես հասարակական ծորակից հոսող ջուրը։ Երբ Տարեց տիկին Քրոզիերը գիրքը ձեռքիս տեսավ, հարցրեց, թե որտեղից էի այն վերցրել և ինչ էի պատրաստվում անել դրա հետ։
-Գրապահարանից, – ասացի ես, – և բերել եմ վերև, որպեսզի կարդամ։
Ամենաշատը, ըստ երևույթին, նրան վրդովեցրեց այն, որ ներքևից վերև էի բարձրացրել գիրքը։ Ընթերցելու փաստն ինքնին անտեսեց, ասես այդ զբաղմունքն այնքան օտար էր նրա համար, որ նույնիսկ արժանի չէր դիտարկման։ Վերջիվերջո՝ ասաց, որ եթե ցանկանում էի ընթերցել, պետք է տանից գիրք բերեի։
Հիվանդասենյակում նույնպես գրքեր կային։ Այնտեղ, ըստ երևույթին, ընթերցանությունը թույլատրելի էր։ Բայց դրանց մեծամասնությունը բացված էր և դեմքով դեպի ներքև դրված, թվում էր, թե պարոն Քրոզիերն այստեղ-այնտեղ քիչ-քիչ կարդում էր դրանք, իսկ հետո մի կողմ էր դնում։ Դրանց վերնագրերն ինձ չէին գրավում՝ «Քաղաքակրթության տեսություն», «Մեծ դավադրություն Ռուսաստանի դեմ»։
Տատիկս նախազգուշացրել էր, որ հնարավորինս խուսափեի դիպչելուց այն ամենին, ինչին ձեռք էր տվել հիվանդը, պատճառը մանրէներն էին, և հորդորել էր միշտ կտորով բռնել նրա ջրի բաժակը։ Մայրիկս ասում էր, որ լեյկեմիան մանրէների միջոցով չի փոխանցվում։
-Այդ դեպքում ինչպե՞ս է փոխանցվում, – հարցրեց տատիկս։
-Բժիշկներն էլ չգիտեն, – պատասխանեց մայրիկս։
-Հըը՜ըմ։
Ինձ վերցնում և տուն էր տանում Երիտասարդ Տիկին Քրոզիերը, թեև ամբողջ քաղաքով անցնելն այնքան էլ կարճ ուղևորություն չէր։ Նա բարձրահասակ, վտիտ կին էր՝ շիկահեր մազերով և դեմքի փոփոխական կարմրությամբ։ Երբեմն այտերին կարմիր բծեր էին հայտնվում, ասես ինքն իրեն ճանկռած լիներ։ Ասում էին, որ նա ավելի մեծ էր իր ամուսնուց, և որ ժամանակին վերջինս նրա ուսանողն էր եղել քոլեջում։ Մայրիկն ասում էր, որ ոչ ոք, ըստ երևույթին, այդպես էլ գլխի չէր ընկել, որ եթե Բրյուսը պատերազմի վետերան էր, միանգամայն կարող էր նրա ուսանողը լինել, և պարտադիր չէր, որ նրանից փոքր լիներ։ Մարդիկ ուղղակի չէին սիրում նրան այն բանի համար, որ վերջինս կրթություն էր ստացել։
Ասում էին նաև, որ ավելի լավ կլիներ, որպեսզի նա մնար տանը և խնամեր հիվանդ ամուսնուն, ինչպես և խոստացել էր պսակադրության ժամանակ, այլ ոչ թե դասավանդեր։ Մայրիկս նորից էր պաշտպանում նրան՝ ասելով, որ շաբաթական ընդամենը երկու օր ճաշից հետո էր բացակայում, և բացի այդ՝ պետք է պահպաներ իր մասնագիտությունը, որովհետև շատ քիչ էր մնացել, և շատ շուտով վերջինս միայն ինքն իր վրա կկարողանար հույս դնել։ Եվ հետո, եթե ժամանակ առ ժամանակ դուրս չգար ծեր կնոջ ընկերակցությունից, չե՞ք կարծում որ կխելագարվեր։ Մայրիկս միշտ պաշտպանում էր կանանց, ովքեր աշխատում էին, իսկ տատիկս մշտապես նախատում էր նրան դրա համար։
Մի անգամ փորձեցի զրուցել Երիտասարդ Տիկին Քրոզիերի՝ Սիլվիայի հետ։ Ճանաչածս մարդկանց մեջ նա միակն էր, ով ավարտել էր քոլեջը։ Եթե չհաշվենք նրա ամուսնուն, թեպետ նա արդեն վաղուց հաշվից դուրս էր։
-Թոյնբին պատմական գրքե՞ր էր գրում։
-Ների՞ր։ Օ՜։ Այո՛։
Ոչ ոքի ոչ մի նշանակություն չէր տալիս․ ո՛չ ինձ, ո՛չ նրան քննադատողներին, ո՛չ էլ նրան պաշտպանողներին։ Բոլորս լուսամփոփի վրայի բզեզների նման բաներ էինք նրա համար։
Ինչ վերաբերում է Տարեց Տիկին Քրոզիերին, նրան իսկապես միայն հուզում էր իր պարտեզը։ Կար մի տղամարդ, որ գալիս և օգնում էր նրան, վերջինս մոտավորապես նրա տարիքին էր, բայց շատ ավելի ճարպիկ էր։ Անունը Հարվի էր։ Հարվին ապրում էր մեր փողոցում, և հենց նրանից էին լսել իմ մասին՝ իբրև աշխատակցի հնարավոր թեկնածուի։ Տանը միայն բամբասում էր և թույլ տալիս, որ մոլախոտերն աճեն, իսկ այնտեղ ջանասիրաբար պոկում էր տերևները, փխրեցնում հողը և վազվզում, իսկ Տարեց Տիկին Քրոզիերը քայլում էր նրա հետևից՝ հենվելով իր ձեռնափայտին և թաքնվելով իր լայնեզր ծղոտե գլխարկի տակ։ Երբեմն նստում էր նստարանին՝ շարունակելով հրամաններ տալ ու մեկնաբանել, և ծխախոտ էր ծխում։ Սկզբում համարձակվել էի անցնել անթերի ծաղկաթմբերի մեջով, որպեսզի ջուր առաջարկեի նրան կամ նրա օգնականին, բայց նա բղավել էր «Հետևի՛ր իմ կանոններին» և հրաժարվել։
Երբեք ծաղիկներ տուն չէին բերում։ Մի քանի կակաչներ փախուստի էին դիմել և վայրի կակաչների նման աճում էին ցանկապատից այն կողմ՝ համարյա ճանապարհի եզրին, և ես հարցրի, թե արդյոք կարող էի մի փունջ հավաքել, որպեսզի զարդարեի հիվանդասենյակը։ «Միևնույն է թառամելու են, – պատասխանեց Տիկին Քրոզիերը՝ ասես չնկատելով, որ տվյալ իրավիճակում այդ խոսքերը երկակի իմաստ էին ձեռք բերում»։
Որոշ ակնարկների և խորհուրդների պատճառով նրա բծավոր ու նիհար դեմքի մկանները սկսում էին դողալ, հայացքը սրվում էր և մռայլվում, իսկ շրթունքներն ասես ինչ-որ զզվելի բանի համ էին զգում։ Նման պահերին նա կարող էր անշարժացնել քեզ, ինչպես վայրի, փշավոր թուփը, որը պատրաստ էր ծակծկելու։
Շաբաթվա երկու օրերը, երբ աշխատում էի այնտեղ, չէին հաջորդում մեկը մյուսին։ Օրինակ՝ կարող էի աշխատել երեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Առաջին օրը միայնակ էի հիվանդի և Տարեց Տիկին Քրոզիերի հետ։ Երկրորդ օրը եկավ ինչ-որ մեկը, որի մասին ինձ չէին նախազգուշացրել։ Նստած էի վերևի հարկում, երբ լսեցի, թե ինչպես ավտոմեքենան մտավ բակ, և ինչ-որ մեկն արագ-արագ բարձրացավ հետնամասի սանդուղքով ու մտավ խոհանոց՝ առանց թակելու։ Իսկ հետո այդ անձը կանչեց «Դորոթիին», իսկ ես նույնիսկ չգիտեի, որ դա Տարեց Տիկին Քրոզիերի անունն էր։ Ձայնը կանացի կամ աղջկական էր՝ միաժամանակ և՛ համարձակ, և՛ չարաճճի։
Հետնամասի սանդուղքով վազեցի ներքև և ասացի․
-Կարծում եմ՝ ձմեռային այգում է։
-Սո՜ւրբ Տոլեդո։ Դու ո՞վ ես։
Ասացի նրան, թե ով էի և ինչ էի անում այնտեղ, իսկ նա պատասխանեց, որ իր անունը Ռոքսանա է։
-Ես մասաժիստ եմ։
Դուրս չեկավ, որ անծանոթ բառ էր հանդիպել։ Ես բան չասացի, բայց նա միանգամից գլխի ընկավ, թե ինչն ինչոց էր։
-Բռնվեցի՞ր։ Մերսում եմ անում։ Երբևէ լսե՞լ ես նման բանի մասին։
Այդ պահին սկսեց բացել պայուսակը, որը բերել էր իր հետ։ Հայտնվեցին տարբեր բարձիկներ, կտորիկներ և տափակ վրձիններ՝ ծածկված թավիշով։
-Ինձ տաք ջուր է պետք գալու, որպեսզի տաքացնեմ սրանք, – ասաց նա, – կարո՞ղ ես թեյնիկով եռացնել։ (Քրոզիերների տունը շքեղ էր, բայց ինչպես որ իմ տանը, ծորակից միայն սառը ջուր էր գալիս)։
Ըստ երևույթին՝ Ռոքսանան ինձ իբրև հրամաններ կատարող անձ որակեց, մանավանդ եթե դրանք նման սիրալիր ձայնով էին հնչում։ Եվ նա իրավացի էր, թեև դժվար թե գլխի էր ընկնում, որ համաձայնելս ավելի շատ պայմանավորված էր հետաքրքրասիրությամբ, քան նրա հմայքով։
Ռոքսանան թուխ էր, չնայած ամառը նոր էր սկսում, պաժ սանրվածքով վարսերը փայլում էին պղնձագույն երանգով, այդ հիմա է կարելի նման գույնը հեշտությամբ ստանալ, իսկ այն ժամանակ այդպիսի գույնը հազվադեպ և նախանձի արժանի երևույթ էր։ Շագանակագույն աչքեր ուներ, մի այտին փոսիկ կար․ այնքան հաճախ էր ժպտում և կատակում, որ անհնար էր հասկանալ՝ արդյոք իսկապես այդքան գեղեցիկ էր, և գլխի ընկնել, թե քանի տարեկան էր։
Տպավորված էի, թե ինչպես էին նրա ազդրերը նրբագեղորեն կլորանում այս ու այն կողմ լայնանանալու փոխարեն։
Միանգամից իմացա, որ նոր էր մեր քաղաք տեղափոխվել, ամուսնացած էր «Էսսո» կայարանի մեքենագետի հետ և ուներ երկու փոքր որդի, որոնցից մեկը չորս տարեկան էր, մյուսը՝ երեք։ («Որոշակի ժամանակ պահանջվեց, մինչև որ հասկացա, թե ինչն էր նրանց անհանգստացնում, – ասաց նա՝ իրեն բնորոշ փայլփլուն, խորամանկ հայացքներ գցելով»։)։
Համիլթոնում, որտեղ նրանք նախկինում ապրել էին, մերսման դասընթացների էր գնացել, և պարզվել էր, որ դա հենց այն միակ բանն էր, որի ունակությունները միշտ էլ ունեցել էր։
-Դորո՜-թի՜։
-Նա ձմեռային այգում է, – կրկնեցի ես։
-Գիտեմ։ Ուղղակի կատակում եմ։ Գուցե տեղյակ չես, թե ինչ բան է մերսումը, բայց երբ քեզ մերսում են անում, դու պետք է ամբողջությամբ մերկանաս։ Դժվար բան չէ, երբ երիտասարդ ես, բայց երբ ավելի մեծ ես, կարող ես մի փոքր կաշկանդվել։
Ըստ իս՝ միայն մի հարցում էր սխալվում՝ կապված երիտասարդ ժամանակ հեշտությամբ մերկանալու հետ։
-Այնպես որ միգուցե ավելի լավ լինի, որ ծլկե՞ս։ Ամեն դեպքում դու պետք է վերևում լինես, այնպես չէ՞։
Այս անգամ գլխավոր սանդուղքով բարձրացա, քանի դեռ նա տարված էր տաք ջրով։ Այդպես հաջողվեց թեթևակի հայացք գցել ձմեռային այգի, որն ամենևին էլ ձմեռային այգի չէր, քանի որ դրա պատուհանները երեք կողմից փակված էին կատալպա ծառի մեծ տերևներով։ Այնտեղ տեսա Տարեց Տիկին Քրոզիերին, որը փորի վրա բոլորովին մերկ պառկած էր թախտին՝ մեջքով դեպի ինձ։ Գունատ մաշկի բարակ շերտ։ Նրա մարմնի սովորաբար փակ հատվածն ավելի երիտասարդ տեսք ուներ, քան ամեն օր աչքի առաջ գտնվող հատվածները՝ մուգ երակներով պեպենոտ ձեռքերն ու նախաբազուկները, շագանակագույն բծերով ծածկված այտերը։ Մեջքի և ոտքերի մաշկը դեղնասպիտակավուն էր, ասես ծառը, որը հենց նոր զրկվել էր կեղևից։
Նստեցի վերևի աստիճանին և ականջ դրեցի մերսման ձայներին։ Հարվածներ և ծանր շնչառություն։ Ռոքսանայի ձայնը հրամայական էր և զվարթ, բայց միևնույն ժամանակ հորդորներով լի։
-Կոշտ հանգույցն այստեղ է։ Օ՜, եղբա՜յր։ Ստիպված եմ հարված հասցնել քեզ։ Ուղղակի կատակում եմ։ Դե՜, թուլացի՛ր ինձ համար։ Գիտե՞ս, այս հատվածիդ մաշկը լավն է։ Գոտկատեղդ, ինչպես ասում են, ասես նորածնի հետույք լինի։ Իսկ հիմա պետք է թեթևակի սեղմեմ, այս հատվածում կզգաս։ Վերացնում ենք լարվածութունը։ Կեցցե՜ս։
Տարեց Տիկին Քրոզիերը կամացուկ վնգվնգում էր։ Գանգատի և երախտիքի ձայներ։ Այդ ամենը բավականին երկար տևեց, և ես ձանձրացա։ Վերադարձա «Canadian Home Journal»-ի հին հրապարակումներին, որոնք պահարանում էի գտել։ Բաղադրատոմսեր էի կարդում և ուսումնասիրում էի հնաոճ հագուստները, մինչև որ չլսեցի Ռոքսանայի ձայնը․
-Հիմա միայն հավաքեմ այս ամենը, և կբարձրանանք վերև, ինչպես որ ասացիք։
Վերև։ Ամսագրերը վերադարձրի իրենց տեղը՝ պահարան, որը մայրիկս հավանաբար կուզեր, որ իրենը լիներ, և մտա պարոն Քրոզիերի սենյակ։ Նա քնած էր․ համենայն դեպս, աչքերը փակ էին։ Մի փոքր տեղափոխեցի հովհարիչը, ուղղեցի ծածկոցն ու կանգնեցի պատուհանի մոտ՝ ձեռքումս պտտեցնելով շերտավարագույրի թելը։
-Ո՛չ։ Ինձ թվում է, որ ինքնասպանության բացահայտ փորձ է, երբ ինչ-որ մեկը ձեռքը մեջքի հետևն է տանում և դանակ է խրում։ Արի՛ խմենք։
Հետնամասի սանդուղքի կողմից աղմուկ լսվեց․ Տարեց Տիկին Քրոզիերը բարձրանում էր իր դանդաղ և սպառնալից քայլվածքով, իսկ Ռոքսանան վազում էր առջևից և բղավում․ «Զգուշացի՜ր, զգուշացի՜ր, որտեղ էլ որ լինես։ Գալի՜ս ենք հետևիցդ, որտեղ էլ որ լինես»։
Պարոն Քրոզիերն այդ պահին արդեն բացել էր աչքերը։ Նրա սովորական հոգնածության փոխարեն անհանգստության թեթևակի նշույլներ էին նկատվում։ Բայց մինչև հասցրեց փակել աչքերը՝ ձևացնելով, թե քնած էր, սենյակ ներխուժեց Ռոքսանան։
-Ահա թե որտեղ ես թաքնվում։ Հենց նոր ասում էի խորթ մորդ, որ արդեն վաղուց պետք է ծանոթացած լինեի հետդ։
Պարոն Քրոզիերն ասաց․
-Ո՞նց ես, Ռոքսա՛նա։
-Ինչպե՞ս իմացար անունս։
-Լուրերն արագ են տարածվում։
-Երիտասարդին թարմ ես պահում այստեղ, – ասաց Ռոքսանան Տարեց Տիկին Քրոզիերին, որը մտավ սենյակ՝ ծանր քայլելով։
-Հանգի՛ստ թող այդ շերտավարագույրը, – ասաց պարոն Քրոզիերն ինձ։ – Եթե ուզում ես անգործ չմնալ, մի բաժակ պաղ ջո՛ւր բեր ինձ։ Ուղղակի պաղ, բայց ոչ սառը։
-Ինչ էլ տեսք ունես, – նկատեց Ռոքսանան։ – Ո՞վ է քեզ սափրել, և ե՞րբ։
-Մի քանի օր առաջ, – պատասխանեց պարոն Քրոզիերը։ – Ինքս եմ սափրվում, ինչպես որ կարողանում եմ։
-Հենց այդպես էլ մտածեցի, – ասաց Ռոքսանան, հետո դիմեց ինձ, – երբ գնաս ջուր բերելու, ինձ համար էլ մի փոքր կտաքացնե՞ս։ Մի լավ կսափրեմ նրան, ինչպես որ հարկն է։
Շաբաթը մեկ անգամ՝ մերսումից հետո նրան սափրելը դարձավ սովորական արարողություն։ Ամենաառաջին սափրման ժամանակ Ռոքսանան ասաց պարոն Քրոզիերին, որ վերջինս կարող էր չանհանգստանալ․
-Չեմ պատրաստվում ջարդդ տալ, ինչը որ, հավանաբար լսել ես, ներքևում անում էի Դորոթի-գրիֆոնաժի հետ։ Մինչև մերսող դառնալս բուժքույր եմ եղել։ Դե՜, բուժքույրի օգնական։ Նրանցից մեկը, ովքեր անում են ամբողջ աշխատանքը, իսկ հետո գալիս է իսկական բուժքույրն ու սկսում հրամաններ տալ։ Մի խոսքով՝ կարողանում եմ մարդկանց համար հարմարավետություն ստեղծել։
Դորոթի-գրիֆոնա՞ժ։ Պարոն Քրոզիերը քմծիծաղ տվեց։ Բայց տարօրինակն այն էր, որ Տարեց Տիկին Քրոզիերը նույնպես քմծիծաղեց։ Ռոքսանան հմտորեն էր սափրում նրան։ Սպունգով մաքրեց նրա դեմքը, վիզը, կուրծքը, ձեռքերն ու դաստակները։ Ուղղեց սավանը՝ ինչ-որ կերպ կարողանալով չանհանգստացել հիվանդին, թափ տալով փոփոլացրեց և տեղափոխեց բարձերը։ Այդ ամբողջ ընթացքում անհեթեթություններ էր դուրս տալիս։
-Դո՛րոթի, դու սուտասան ես։ Ասում էիր, որ վերևում հիվանդ է պառկած, իսկ ես մտա այստեղ և ուզում եմ հասկանալ, թե որտեղ է հիվանդը։ Շուրջս հիվանդ չեմ տեսնում։ Ճիշտ չե՞մ։
-Այդ դեպքում ինչպե՞ս կնկարագրեիր ինձ, – հարցրեց պարոն Քրոզիերը։
-Ապաքինվող։ Ահա թե ինչ կասեմ։ Նկատի չունեմ, որ արդեն պետք է քայլես և վազվզես, այդքան հիմար չեմ։ Գիտեմ, որ քեզ անկողնային ռեժիմ է պետք։ Բայց ես ասում եմ ապաքինվող։ Ոչ ոք, ով նման հիվանդությամբ է տառապել, այսքան լավ տեսք չի ունեցել, որքան դու։
Ինձ վիրավորական թվաց այդ պչրանքով լի դատարկախոսությունը։ Պարոն Քրոզիերը սարսափելի տեսք ուներ։ Բարձրահասակ տղամարդ, որի կողոսկրերը, երբ սպունգով լվացացնում էր նրան, այնպես էին դուրս ցցվում, ասես նոր էր մազապուրծ եղել սովահարությունից, որը մասամբ ճաղատ էր, որի մաշկը փետրահան արված ճտի կաշի էր հիշեցնում, իսկ վիզն այնքան թառամած էր, ասես ծերուկի վիզ լիներ։ Ամեն անգամ, երբ խնամում էի նրան, աշխատում էի չնայել նրա աչքերի մեջ։ Բայց բանն ամենևին էլ այն չէր, որ նա հիվանդ էր և տգեղ։ Պատճառն այն էր, որ պարոն Քրոզիերը մահանում էր։ Նույնքան զուսպ կլինեի, եթե նույնիսկ հրեշտակային գեղեցկություն ունենար։ Մահվան շունչն էի զգում տան մթնոլորտում, որը նրա սենյակին մոտենալուն զուգընթաց գնալով սաստկանում էր, և նա այդ ամենի կենտրոնում էր, ինչպես հաղորդության հացը, որը կաթոլիկները պահում են մի տուփի մեջ, որը վեհափառորեն կոչվում է խորհրդատուփ։ Նա յուրահատուկ էր և առանձնացված մյուսներից, իսկ Ռոքսանան ներխուժել էր նրա տարածք՝ իր կատակներով, սանձարձակություններով և զվարճանքի մասին իր պատկերացումներով։
Երկրորդ այցի ժամանակ Ռոքսանան հարցրեց պարոն Քրոզիերին, թե ինչով էր զբաղվել ամբողջ օրը։
-Մի փոքր կարդացել եմ։ Քնել եմ։
-Իսկ գիշերը ո՞նց ես քնում։
-Եթե քունս չի տանում, պառկում եմ և մտորում։ Երբեմն կարդում եմ։
-Կնոջդ չի՞ խանգարում։
-Նա հետևի ննջասենյակում է քնում։
-Պարզ է։ Զվարճանալու կարիք ունես։
-Պատրաստվում ես երգել ու պարե՞լ ինձ համար։
Տեսա, թե ինչպես Տարեց Տիկին Քրոզիերը մի փոքր շրջվեց՝ այն նույն տարօրինակ քմծիծաղը շուրթերին։
-Այդքան անպատկառ մի՛ եղիր, – ասաց Ռոքսանան։ – Կուզե՞ս թղթախաղ խաղանք։
-Ատում եմ թղթախաղը։
-Իսկ չինական շաշկի ունե՞ք տանը։
Ռոքսանան այդ հարցն ուղղեց Տարեց Տիկին Քրոզիերին, որը սկզբում ասաց, որ գաղափար անգամ չուներ, իսկ հետո ենթադրեց, որ ինչ-որ տախտակ կարող էր ճաշասենյակի պահարանի դարակներից մեկում դրված լինել։ Այդ պատճառով ինձ ուղարկեցին ներքև, և ես վերադարձա՝ տախտակը և գնդիկների բանկան ձեռքիս։
Ռոքսանան տախտակը դրեց հենց պարոն Քրոզերի ոտքերի մոտ, և մենք երեքս՝ ես, նա և Ռոքսանան, սկսեցինք խաղալ։ Տարեց Տիկին Քրոզիերն ասաց, որ երբեք էլ չէր հասկացել այդ խաղը և չէր կարողացել գլուխ հանել իր գնդիկներից։ (Ի զարմանս ինձ՝ նա կատակում էր)։ Ռոքսանան ուրախությունից ճչում էր, երբ քայլ էր անում, իսկ երբ ինչ-որ մեկը ցատկում էր իր գնդիկներից մեկի վրայով, ծանր հառաչում էր, բայց միշտ զգույշ էր, որպեսզի չանհանգստացներ հիվանդին։ Անշարժ նստած էր և այնքան թեթև էր դնում իր գնդիկները, որ թվում էր, թե դրանք փետուրներ էին։ Ես նույնպես փորձում էի այդպես անել, որովհետև եթե ինչ-որ բան այն չէր լինում, աչքերը լայն բացելով՝ նախազգուշական հայացքներ էր գցում վրաս։ Եվ այդ ամենը զուգորդվում էր այտի վրայի փոսիկի մշտական առկայությամբ։
Հիշեցի, թե ինչպես էր Երիտասարդ Տիկին Քրոզիերը՝ Սիլվիան, մեքենայի մեջ ասել ինձ, որ իր ամուսինը շատ խոսակցություններ չէր սիրում։ Ասել էր, որ դրանք հոգնեցնում էին նրան, իսկ երբ նա հոգնում էր, նյարդային էր դառնում։ Եվ ես մտածեցի․ «Հիմա ամենահարմար պահն է, որպեսզի նյարդայնանա»։ Մահվան մահճում ստիպված էր հիմար խաղ խաղալ, մինչդեռ նրա տենդը նույնիսկ սավաններից կարելի էր զգալ։
շարունակելի․․․
Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի
