***
Որովհետեւ դու ծնվում ես հույսից,
որովհետեւ երեխաների մաքուր լեզուն
ցրում է հավաքված վատ փորձը,
որովհետեւ ծիրանն արդեն վերջացել է,
իսկ թուզը քաղցր է,
որովհետեւ դա մոռացնել է տալիս անհամ բաները,
որ լինում են մարդկանց միջնորդությամբ․
միայն մարդկանց միջնորդությամբ:
Որովհետեւ մինչ եփվում է հնդկաձավարը,
դու հիշում ես՝ ինչքան ես հոգնել,
որովհետեւ աղունիկների արագ շարժվող գլուխների համար միեւնույն է,
որ դու էլի մոռացել ես հաց բերել․
եւ միեւնույն է՝ ինչքան շատ էիր ուզում կերակրել նրանց։
Որովհետեւ վաղը ոչինչ չի փոխվելու,
որովհետեւ գլուխս ցավում է իրար հաջորդող լուրերից՝
վատ լուրերից,
որովհետեւ ես ուզում եմ նավարկել բաց ծովերի վրա,
որովհետեւ ձկներին նույնպես մեկ են քո լավագույն մտադրությունները,
եթե ուտելու բան չես բերել։
Որովհետեւ երեկվանն ավելի շատ կարող է փոխվել։
Որովհետեւ առանձին-առանձին վատ մարդ չկա։
Վատ մարդ չկա մինչեւ փոթթրիկը.
մինչեւ մեծ փոթորիկը։
Որովհետեւ ուրախությունից լացող ու թռչկոտող սիրտն արժանի է ապրելու։
Որովհետեւ կատուները միանգամից չեն սպանում առնետներին,
որովհետեւ նրանք իրենց թաթն են դնում մողեսների վրա․
իրենք հրճվում են, մողեսները ցայտոտնի մեջ են,
իսկ ես ուզում եմ քեզ հետ պառկել ու խրվել ձեռքերիդ ու ոտքերիդ մեջ։
Որովհետեւ էլի լույսերը կտրել են, ջրերը կտրել են,
իսկ իմ ցավացող գլխի համար տաք ջուր է պետք եւ հույս։
Որովհետեւ ծերացած ու պճնված կանայք,
ովքեր, հիրավի, ապրում են իմացյալ վերջին ժամանակները
եւ տոթակեզ օդի միջից գտնում են սթափությունը,
շատ ավելի գեղեցիկ են,
քան բոլոր նրանք, ովքեր դանդաղ, անհուսորեն մեռնում են իրենց քսաններում, երեսուններում։
Որովհետեւ իմ գրած հեքիաթները ես չեմ կարդում ոչ ոքի համար,
որովհետեւ արեւը հավասար չի ընկնում սրտիս ու մարմնիս վրա,
որովհետեւ ես մոռացել էի այն մասին,
որ Հոմերոսը կույր էր։
Որովհետեւ աշնան առաջին օրերը դեռ ամառ են,
որովհետեւ ես չեմ կարող հավերժ հիշել նրանց, ում շատ էի սիրում։
Որովհետեւ եթե ինձ հարցնեն,
բոլոր աստվածները ճիշտ են,
հա պետք է զոհաբերություն անել։
Որովհետեւ մերձավորին պիտի սիրել․
նա արդեն բախտակից է քեզ։
Որովհետեւ պետք է թողնել նրանց,
ովքեր չեն ուզում փրկվել։