Աշոտ Մկրյան | Որքան ծանր է քայլը

***
ես քայլում եմ
ուղղությանդ հակառակ
որ գիրկս առնեմ ու
գուրգուրեմ քեզ —

քամի

 

***
առա ափիս մեջ արեւը
ճզմեցի նարնջի պես
ու հոսեցին մատներովս
ճառագայթներ
կաթիլ կաթիլ

եւ ուզեցի մատներս արեւոտ
քսել հագիս շորին
ինչպես փնթի մանուկ
ճառագայթված իր օրերով

վազել բոբիկ փողոց
ու զգալ արեւն ասֆալտին
ջերմանալ մի քիչ

բառեր —
բառերին

թե՞

բոբիկ ոտքեր —
տաք մայթերին

իսկ հիմա
ձմեռ օրով
ձյուն էլ չկա մի կարգին
որ բոբիկ վազեմ
ճերմակ թղթին
որ դաշտ ենք կոչում բառով
որ պատկեր է
աննկատ ու խեղճ

ու ճերմակ ձյան վրա
բոբիկ ոտքերով կապտած
պատկերներ եմ թողնում
բայց ասֆալտի վրա հիմա
թողածս հետքերին զուգահեռ
ուրիշ հետքեր են քայլում ոտքի —
ընկերոջ ոտնահետքեր

որքան ծանր է
քայլը
ասֆալտին

ու թե ամառ լիներ
բայց ձմեռ է կարծեմ
ես կհագնեի ջինսս
բաց կապույտ
ու շապիկս ճերմակ
ու չէի մրսի այսքան

շատ

 

***
ալիքը բախվում է ժայռին
ինչպես լեզուն
ատամներին
ամուր սեղմված —

մենակ մնացած բառեր
ծովերում —

համբույր
փոթորկում

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *