1
հետապնդող
որսաշներն
անցյալից արձակված
քեզ սպասում են
քեզնից մի քայլ առաջ
և դու անուն առ անուն
կանչում ես նրանց
2
ներելու մասին բառերն
անձրևի կաթիլներ են
կրակների վրա
որ օջախ-օջախ բորբոքում են
սկիզբը ոչնչի
հայացքների մեջ
շատ տգեղ է ոչինչը
մեր նրբաճաշակ աչքերը
մեռնում են
ներելու մասին բառերի
խարխափումներից
որ չեն գտնում շուրթերն այն
որտեղից պիտի ցատկեն
գեղեցիկ ու վսեմ
ինչպես կաթիլն անձրևի
կամ արցունքի
3
վերջին վկաներն ավարտի
պղպջակների վրա արտացոլված
տեսիլքներ են
որ անձայն փշրվում են
առաստաղի տակ
և օճառե ջրափոշու մեջ
հիշողության աչքերը լվացվում են
4
ձյունը հալվում է անհանգրվան
ոտնահետքեր են խեղդվում
կիսատ ջրափոսերում
կիսատ ձյունի մեջ
և լռության մեջ՝
կիսատ սիրո մասին
կիսատ-կիսատ բառերը նետվում են
ջրափոսի մեջ
սիրուց կամ ամոթից խեղդվելու
կիսատ-կիսատ փորձից հետո
5
ժամացույցի ճշտապահ վայրկյաններն
ապագան են կորցրել
չվերջացող ներկաներում
և անցյալներում փոշիացած
ժամացույցի ճշտապահ սլաքները
մահվանն ընդառաջ
վազողի ձեռքեր են
որ գրկել են ուզում ժամանակը
6
ամեն ավարտի հետ
գոյությունը հոսում է
դեպի հիշողությունն անմեղ.
և ժամանակը`
ծխամորճը բերանին,
քայլում է օտարացած
ցավերի մեջ,
ուր ավերակից ավերակ է
աքսորվել
երջանկությունը
չքնաղ ու քնքուշ ավերակներ
ուր միայն ուրվականներ կան
որ արդեն չափազանց անցյալ են
8
ես վախենում եմ
որ մի օր կլինենք
ժամանակի հիվանդանոցում
առանձին-առանձին
սենյակներում_
հավերժությունից բուժվող
փրկվածներ
9
ժամանակի արտացոլանքում
իրերի և բառերի ոտնաձայներն
արձագանքում են
անցյալից ու երազանքից
ուրվականներ են արտահոսում
ժամանակի ծանծաղ ջրափոսերը
երկնքի կնճռոտ կարկատաններ են
մաշված ճանապարհների վրա
10
հավերժության մեջ
մարմինները տառապում են
հոգու անմահությունից
և վերադառնում
ժամանակի գերեզմանոց
վարժվելու վայրկյանների
դիահոտին
11
հողե արարածներ
քամուն հակառակ
ամեն կանգառում
տխրության հայելիներն
արտացոլում են
նոսրացած հողակույտեր
հողմապտույտի մեջ
ավազե ժամացույցի
անցյալի փոշին
դառնում է
բախտախաղի նշանագրեր
դատարկ էջերի վրա
12
ջարդոնի մեջ բառերի
օրերը չեն վերջանում
ժամանակը լքում է
սպառված ներկան՝
հին դռների դիմաց
հիշողությունն արնաքամ
մարմնի նման
կանգնած է
տարածության մեջ
ինչպես չորացած
հավերժություն
հոգեհանգիստ են ուզում
ընկած ու վիրավոր
բառերն ավարտի՝
լռության ծեսով
13
անավարտ երազից մնացած
մոխրագույն պատառիկներ
շպարում են
լուսամուտի ապակիները
արթնության
և երազի սահմանագիծը
տխրությունն է ավարտի
նրանք որ լքեցին
նրանք որ վերադարձան
լուսամուտի ապակե
մոխրագույնի մեջ
փնտրում են
ուշացած աչքեր
որևէ տեղ չկա սկիզբ
կա միայն թափառող ավարտ՝
ինչ-որ տեղ
ոտքի տակ ընկած՝
իբրև սայթակում
նրանք որ լքեցին
նրանք որ վերադարձան
սայթակում
և ընկնում են
լուսամուտի ապակե
մոխրագույնի մեջ
14
հորիզոնն իմաստուն էր
մեր աչքերի համար թողնելով
ճախրանքի և անկումի
խաբեությունը
ճշմարտությունն ավելի հեռու
ուրիշ մի տեղ երևակայելով
և մենք դատապարտված ենք
հայելու դիմաց տեսնելու
հավասարապես
հաղթանակ ու պարտություն
հիմարության բոլոր պատվիրանները
սրբորեն պահած
15
ժամանակի մեջ մոլորված
մեր երազները
մեզ դարձրել են
կրակահերթեր՝
արձակված
աղոտ թիրախին
և սլացքից մահացու
թափառող վերքեր են
արնահոսում
մեր չփնտրած
երջանկության մեջ
16
իմաստազուրկ ճշմարտությունը
մտրակներով հսկում է
հուսահատությունը
ոտնաձայներիդ
չվրջացող դռների
կիսամութ միջանցքում
հույսը դատապարտում է
համառորեն մեռնելու
մինչև վերջին դուռը
սիրո հիվանդասենյակի