ԱՂՔԱՏ ՊԱՌԱՎԻՆ
նա սալոր էր ծամում
փողոցում իսկ ձեռքին
թղթե փաթեթն էր
Համեղ էին թվում
սալորները: Համեղ էին
թվում սալորները:
Համեղ էին թվում:
դժվար չէր տեսնել
ինչպես էր տրվում
իր ձեռքերում
պահած սալորներին
Հասած սալորի
մխիթարությունը
կարծես լցնում էր օդը:
Համեղ էին թվում:
ՃԱՅԵՐ
Հայրենակիցնե՛ր, էս անսկիզբ-անվերջ աշխարհում
շատ ժողովուրդներ կան որոնց հետ
ապրելն ավելի շահավետ կլիներ քան ձեզ հետ ապրելը:
Պտտվում են շուրջս, կանչում ու կանչում են,
ես պատասխանում եմ բարձրաձայն, նրանք գնում են
իսկ ես մնում եմ: Ուրեմն լսե՛ք,
թե չէ կկորցնեք շուտով ձեր երգչին:
Նախ էսպես կասեմ. տեսել եք չէ՞
էն թռչուններին որոնք ձմռանը
հանգստանում են մեր գետի վրա:
Թող դրանք ձեզ ստիպեն մտածել փոթորիկների մասին,
որոնք շատերին են դեպի ապաստան քշում:
Առանց պատճառի ոչինչ չի լինում, հիշեք:
Հետո կասեմ էսպես.
Մի անգամ տեսա ինչպես էր արծիվը ճախրում
մեր գլխավոր եկեղեցու վրա-
Զատիկ էր, հիասքանչ մի օր-
գետի կողմից երեք ճայեր եկան
ու դանդաղ դեպի ծովը գնացին:
Գիտեմ, դուք ձեր երգերը ունեք, լսել եմ դրանք-
ու քանի որ դրանով հայցում եք մի մեծ հովանավոր,
ես չեմ բարկանում, որքան էլ դրանք
հեռու լինեն իսկական երաժշտությունից:
Հիմա տեսնո՞ւմ եք – պարտադիր չէ որ իրար հոգի հանենք,
ու, ոնց ասացի, ճայերը
դանդաղ դեպի ծովը գնացին:
ՏՐԱԿՏԱՏ
Ես ձեզ կսովորեցնեմ, հայրենակիցնե՛ր,
ինչպես մարդ թաղել-
Էս էլ
դերասանների մեր խումբը – օգնելու մեկին
որպեսզի մաքրի աշխարհը-
նախ անհրաժեշտ է գետինն զգալ:
Սկսենք մեռելակառքից:
Նախ գույնն ենք ընտրում-
մենակ թե ոչ սև, աստված սիրեք-
կամ սպիտակ – ոչ էլ փայլուն:
Թող հին լինի, սայլի նման,
ոսկեզօծ անիվներով (կարելի է ճարել էն
էլ շատ էժան)
կամ ընդհանրապես անիվ չլինի-
կոպիտ սայլակ՝ գետնի վրա քարշ տալու համար:
Ջարդե՛ք ապակին,
տեր աստված, ապակի՛ն, ա՛յ հայրենակիցներ:
Ինչի համա՞ր: Մեռելի՛ համար
որպեսզի դուրս նայի ու տեսնի
թե ինչ լավ է տնավորվել,
ծաղիկներ տեսնի կամ չտեսնի կամ,
ինչ իմանամ թե ինչ:
Անձրևից ու ձյունից պաշտպանվելու համար:
Առանց այդ էլ շուտով հորդ անձրև կտեսնի,
խճաքար, ցեխ, ու ինչ ասես:
Ո՛չ մի ապակի
և ոչ մի պաստառ, ձեր ի՛նչն եմ ասել…
Ոչ մի արույրի սռնակ,
տակը ոչ մի անիվ, ա՛յ ժողովուրդ: Խելքներդ տե՞ղն է:
Ուրեմն կոպիտ մի մեռելակառք
ոսկեզօծ անիվներով ու վերևը բաց,
վրան միայն
թող դագաղի ծանրությունը լինի:
Ոչ մի ծաղկեպսակ, խնդրում եմ,
մանավանդ ջերմոցի ծաղիկներ:
Ավելի լավ է՝ մի փոքրիկ հուշանվեր
մի բան որ ինքը սիրում էր
իր հին շորերը, գուցե մի քանի գիրք
ու աստված գիտի թե ինչ: Հասկանո՞ւմ եք:
Մի բան կգտնվի,
թեկուզ ծաղիկներ, եթե բանը դրան հասավ:
Էսքանը՝ մեռելակառքի մասին:
Հլա նայեք էդ սայլապանին, աստվա՛ծ սիրեք:
Հանի՛ր էդ մետաքսե գլխարկը:
Որ ճիշտն ասեմ իսկի էլ իր տեղը չէ
քարշ տալ մեր ընկերոջը
դեպի իր հանգրվանը:
Իջեցրե՛ք դրան, իջեցրե՛ք, ասում եմ-
դանդաղ ու աննկատ – թող չքշի՛, դրա
հերն եմ անիծել:
Թող մեռելավորի պաշտոնյան սանձերը բռնի
ու կողքից քայլի, բայց աննկատ հա՜:
Գալով ձեզ՝
ետևից քայլեք, ինչպես Ֆրանսիայում են անում,
կամ եթե ձիու վրա եք
հանեք վարագույրը, գրողը տանի: Էնպես քայլեք
ոնց որ թե անհարմար եք զգում:
Ի՞նչ եք կծկվել, բա՛ց նստեք քամու ու վշտի դեմ,
թե՞ կարծում եք կարող եք փակել վիշտը,
ի՞նչ, մեզնի՞ց: Մենք որ գուցե թե
ոչինչ չունենք կորցնելու… Դե կիսեք ձեր
ունեցածից, կիսեք մեզ հետ, գրպաններդ
նայեք, փողից-բանից…
Դե հիմի շարժվե՛ք, ամեն ինչ ոնց որ կարգին է:
Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի