Երբ Երվանդ Օտյանին հարցնում են, թե ի՞նչ է երջանկությունը, նա պատասխանում է. «Երջանկութիւնը կը նմանի ճափոնական այն տուփերուն, որոնց մէկը երբ բանաս, մէջը երկրորդ տուփ մը կը գտնես, ան ալ կը բանաս, դարձեալ տուփ մը կը գտնես, միշտ իրարմէ աւելի պզտիկ, մինչեւ որ վերջին տուփին կը հասնիս, ան ալ կը բանաս եւ կը տեսնես, որ մէջը պարա՜պ է»..
Երջանկություն փնտրող երգիծաբանը այդպես էլ չգտավ իր երջանկությունը, իր սիրո եւ կողակցի տեղը միշտ պարապ մնաց: Թերեւս չհասցրեց իր ապրած հախուռն ու տարագիր կյանքում փնտրել այն, գուցեեւ ցանկացավ, բայց արդեն ուշ էր:
Բայց Օտյանի չկայացած սերը լրացրեց իր կյանքի մի այլ ասպարեզ՝ լրագրություն, թերթ, հայրենիք, արվեստ, գրականություն, ընկերական միջավայր՝ իր շուրջը կենտրոնացնելով ժամանակի լավագույն մտավորականներին, միշտ փնտրված գրող եւ մարդ լինելով, սիրեց եւ սիրվեց ժողովրդի կողմից եւ այդպես էլ հեռացավ կյանքից, ինչպես Թեոդիկն է ասել. «Չէ՞ որ ածխանալ ու մոխրանալ է խունկին ճակատագիրն ալ»:
Ընտանեկան, անձնական կյանք չունենալով հանդերձ, սիրե՞ց արդյոք Օտյանը, ճանաչե՞ց կնոջ դերն իր կյանքում: Ահա այս խնդրին եմ ուզում անդրադառնալ այսօր:
Շատ ժլատ են աղբյուրները Օտյանի սիրո մասին, թերեւս պատճառը նրա մեծ լռությունն է այս խնդրի շուրջ: Հնարավոր պրպտումներից հետո ընթերցողին եմ ուզում ներկայացնել այն, ինչ կարողացա գտնել Օտյանի սիրո գաղտնարանից:
«Օտեան երբ չէր գրեր» հոդվածում Երվանդ Թոլայեանը նշում է.
«Օտեան ամէն գլխուն եկածը կը գրէր, ինչպէս նաեւ շատ աւելի… գլխուն չեկածները: Միայն նիւթ մը կար, որուն Օտեան չէր ուզեր մօտենալ.
– Իր սիրային յիշատակները:
Օր մը առաջարկեցի Օտեանին որ նո՛ր, նո՛ր, բոլորովին անտիպ բան մը գրէր «Կավռօշ» թերթին համար:
– Ի՞նչ գրեմ, հարցուց Օտեան: Իսկապէս Օտեանին համար դժուար էր նոր նոր բան մը գտնել, որովհետեւ ամէն ինչ գրած էր:
– Սիրային կեանքդ գրէ, առաջարկեցի:
Օտեան խնդաց եւ մէկ անգամէն պարպեց առջեւի գաւաթը՝ գուցէ իր մէջ յանկարծ արթնցուցած սիրային յիշատակներուս տպաւորութեան տակ:
– Սիրային կեա՞նքս… կրկնեց աղջկա պէս շիկնելով. բայց չունիմ որ:
– Մտածէ, կը գտնա՜ս, պնդեցի:
– Չկայ, որ մտածեմ…
– Յարմարցո՜ւր, ըսի՝ խորհելով որ «յարմարցնելու» պատրուակին տակ պիտի գրէր իր իրական յիշատակները, եթէ ոչ ամբողջութեամբ, գոնէ մասամբ:
Եվ իրօք Օտեան շարունակեց քանի մը շաբաթ «Կավռօշի» մէջ հրատարակել իր «սիրային կեանքը, կէս իրաւ, կէսը սուտ, բայց յետոյ կանգ առաւ յանկարծ եւ սկսաւ Իգնատ աղաներուն շարքը: («Կավռօշ», 1925 թ.):
28 տարեկան հասակում Ե. Օտյանը սիրահարված է եղել Էլիզ անունով մի խարտյաշ աղջկա, որին հավանաբար հանդիպել է Տիգրան Արփիարյանի տանը, ուր ապրելիս է եղել վերջինս: Այցերից մեկի ժամանակ Տիգրանին եւ Օտյանին ցույց են տալիս աղջկա օժիտը, իր հարսնացուի հարսանեկան վարտիքները, որի մասին Օտյանն ասում է. «Այդ վերջին դէպքը բաւական եղաւ վառելու սրտիս մէջ ամբարուած բոլոր չոր յարդերը, եւ ահա սկսայ քերթել չորս օր: Չորս ոտանաւոր դուրս եկան այդ 96 ժամուան orice միջոցին, չորսն ալ Տիգրանին ուղղուած».
Չորցած ծաղիկ մ,եմ ես, աւաղ ո՜վ երկրին,
Կամ մարմրող, եղը հատած մի կանթեղ
Անգութ օրիորդ, իբրեւ թէ բաւ չէին քեզ,
Մազերուդ բոյրն, որ զիս ըրաւ հրակէզ,
Վէս կերպարանքդ նազելաճեմ, սիրարծած..
Երբ Էլիզան մերժում է իրեն, Օտյանը գրում է.
Անէ՜ծք կարդամ, անէծք տեղամ օրն ի բուն
Այն քաղաքին, ուր բնակի Էլիզա,
Ահ, չըմնայ անդ ոչ մի բան թող կանգուն,
Ըլլայ իբրեւ փղշտացւոյ նոր Գալա:
Այն փեսացուն, որոյ անունն չիյտեմ դեռ,
Թող առագաստն ըլլայ իրեն մահուան
Ու հարսին տեղ, ղրկէ շիրմաց պիղծ որդեր:
Էլիզայի օժիտն ըլլայ ցիր ու ցան
Ու վարտիքներն ամբողջ… լոկ կոյտ մը մոխիր:
Այս հոգեվիճակում գտնվող Օտյանին նույնիսկ թուխ կանայք, սեւահեր արապի, չեն կարողացել մխիթարել, իր սրտից վանել ոխն ու քենը Էլիզի հանդեպ: Օրիորդը ամուսնանում է Գահիրե եւ ահա Տիգրանին գրած բանաստեղծության մեջ սիրահարված հեղինակը որոշում է ինքնասպան լինել, հետո հուսահատությունը վանում է իրենից եւ դառնում է ըմբոստ, մարտնչող.
… Օր մը յանկարծ Պալար Մուրատ
պիտի գամ,
Գտնել այնտեղ վէս օրիորդին փեսացուն
Առ ի լուծել վիրատ սրտիս քէն ու ոխ:
Ապա հանդարտվում է եւ Տիգրանից խնդրում պատրաստել իրեն համար քնար եւ էշ, որ գնա սիրուհու ձեռքը մորից խնդրե, գուցե հաճի՝ իր տառապանքը տեսնելով, այսպես պետք է վարվի պարկեշտ սիրահարը: Սակայն հարկ չի լինում օրիորդի ոտը գնալ, քանի որ օրիորդն արդեն ամուսնացել էր գործարանատերի հետ:
Այս առիթով տարիներ անց մի երիտասարդի ինքնասպանությունը՝ մերժված սիրո պատճառով, առիթ է հանդիսանում, որ Օտյանը գրի իր «Մահուան պէս հզօր» քրոնիկը: «Նոյնիսկ Սողոմոն իմաստունը, որ մահուան պէս հզօր կը հռչակէ սէրը, չեմ կարծեր որ ինք յիմարութիւնը գործէր անձնասպան ըլլալու մերժուած սիրոյ համար:
Ես շատ անգամներ սիրահարուած եմ եւ թերեւս այս միջոցիս ալ նոյն կացութեան մէջ կը գտնուիմ (1922 թ.), այսու հանդերձ երբեք մտքէս անցուցած չեմ տան մը երկրորդ յարկէն ինքզինքս վար նետել ատոր համար: Ատեն մը, տարիներ առաջ, դարպաս կընէի օտարուհիի մը, կապոյտ աչուի ու դեղին մազերով: Մօտա՝ պանդոկի մը մէջ կը գտնուէինք եւ զիրար խենդի պէս կը սիրէինք: Աղջկան մայրը ընդդիմացաւ մեր միութեան: Աղջիկը՝ յուսահատ առաջարկեց ինծի նաւակ մը նստիլ, ծովուն բացը երթալ եւ իրարու փաթթուած նետուիլ կապոյտ ալիքներուն մէջ»: Սակայն Օտյանը չի համաձայնվում, քանի որ սերը «Աստվածային շնորհ է եւ պետք չէ զայն դժոխային փորձանքի վերածել: Աղջկան մայրը նրան տանում է Եվրոպա, ամուսնացնում է գործարանատերի հետ եւ ներկայումս զավակների տեր եւ ընտանիքի երջանիկ մայր է:
«Ես ալ այնքան դժբախտ չեմ,- գրում է Օտյանը եւ ավելացնում:- Այս պարագան յուսահատ սիրահարներու ուշադրութեան կը յանձնեմ»:
Ահա այս խելագար սիրո անկումային տրամադրությունները հետագայում փոխվում են երգիծաբանի մոտ, եւ նա ինքն է խորհրդատու դառնում ինքնասպանություն գործող սիրահարների համար:
Չի կարելի ասել, որ Օտյանը գոհ է եղել իր վիճակից, չամուսնացածի կյանքը միշտ էլ դառնացրել, մտահոգել է նրան, որն արտահայտել է Արշակ Չոպանյանին գրած իր նամակում.
«Գիշերը տունս կը քաշուիմ, դուռս կը կղպեմ ու կը պառկիմ, չորս կողմս մողէսներով, մուկերով, cafarr-ներով եւ երբեմն՝ օձերով շրջապատուած»: Այսպես միայնակ ստիպված է լինում իր ճաշը եփել եւ լվացքն անել, մինչեւ ագարակի մի պաշտոնյա առաջարկում է իր տանը ճաշել, լվացքի հարցն էլ լուծում է նրա կինը, որի մասին Օտյանն այսպես է գրում.
«…Ամուսինը դաշտային աշխատութիւններու վերատեսուչ է : Առտուընէ մինչեւ իրիկուն դաշտերը կանցնէ, իսկ կինը տանը կը մնայ, ինչպէս նաեւ ես… Ո՜ւ, դաշտային աշխատութիւններ, որչա՜փ երգէք՝ դարձեալ քիչ է»:
Արշակ Չոպանյանին գրած մի այլ նամակում Ե. Օտյանը գրում է մի անհայտ սիրո մասին. «Անշուշտ երեկոյին compte-rendu-ն առանց որեւէ ստորագրութեան պէտք է ըլլայ: Կը զգա՞ս կոր, որ սիրահարութեան պէս բան մը կը սկսիմ կոր Լոնտոնի մէջ»…
(Լոնտոն, 25 Յունուար, 1900, 21 st. Harys Rood Bayswater, London)
«Սիրելի Արշակ
Երեկ գիշեր, անկողնիս մէջ գանգուր մազերս փափլիկ բարձին վրայ հանգչեցուցած, երբ մտամոլոր կը թափառէի սիրականիս փեշերուն շուրջը, յանկարծ դուռը զարկին ու յանձնեցին նամակդ: Ա՛հ, միայն քու տողերուդ պիտի ներէի զիս իմ ոսկի երազներէս խլելու ոճիրը եւ ներեցի… Compte-rendu-ին ամբողջական հրատարակումը հոգիս ցնծութեամբ կը լեցնէ: Սիրահարութիւնս ուրեմն պիտի հովանաւորէ Ոսկեծղի, Բարեաց Բաշխիչ Անահիտ Աստուածուհին: Սիրտս ու հոգիս կը դնեմ իր ոտքերուն տակ, զորս կը համբուրեմ երկիւղածօրէն: Ու կուխտեմ առաջին Արամազդայ ու Վահագնի, երկու սպիտակ աղաւնի նուիրել իրեն այն օրն, ուր իր ոսկի թեւերուն հովանիին տակ առաջին համբոյրը պիտի քաղեմ այտերէն անոր, որուն աչքերը հոգիս՝ դարձուց Քոբեր լերան բոցավառ մորենին: Ա՜խ Արշակ. կայրիմ, կը տոչորիմ բոցերու մէջ… եւ մտածել, թէ ձմեռուան այս ցուրտ օրերուն աղքատներ կան, որոնք նոյնիսկ քիչ մը տաքնալու միջոց չունին… Ահ, թշուառութիւն, ինչպէս կըսէ Պէրպէրեան…» (26 հունվար, 1900) իսկ փետրվարի 2-ին գրած նամակի վերջում ասում է. «Դեռ կայրիմ, այս գիշեր պիտի տեսնեմ զնէ…
«Ո՜հ, ինչո՞ւ կը տրոփես, սիրտ իմ»:
Օտյանի բավական բուռն ու խորը սիրո մասին մենք իմանում ենք Արփիար Արփիարյանին գրած իր նամակից (1897 թ. հոկտեմբերի 29): Արփիար Արփիարյանը Օտյանի հրավերով մեկնում է Շարապաս, ուր մնում է մի քանի օր: Հավանական է այնտեղ Արփիարյանը ծանոթանում է մի օրիորդի հետ, եւ օրիորդը սիրահարվում է Արփիարյանին: Սակայն Արփիարյանի մեկնումից հետո սիրախաղ է սկսվում օրիորդի եւ Օտյանի միջեւ, սկզբում անլուրջ, քանի որ ըստ Արփիարյանին ուղղված նամակների, օրիորդը դեռ սիրելիս է եղել Արփիարին.
«… Երբ քեզ շոգեկառքին յանձնելով՝ էշս հեծայ ու եկայ Շարապաս, Նեղոսի ճամբով, հեռուէն տեսայ օրիորդը, որ կարծես ինծի կը սպասէր պահապանին խրճիթին քովերը: Անմիջապէս վար ցատքեցի էշէս ու դէպի իրեն ուղղուեցայ:
– Ուրեմն իրա՞ւ գնաց,- ըսաւ ինծի շեշտով մը, որ օթէլլոյական կատաղութիւն մը տուաւ ինծի:
– Այո, օրիորդ, պատասխանեցի չոր ձայնով մը,- գնաց, եւ կարծես թէ ալ զինքը տեսնելու առիթը չպիտի ունենաք,- աւելցուցի մեֆիստոֆելեան ծիծաղով մը: Հարուածը իր նպատակին հասաւ, եւ ես մեկնեցայ չար գոհունակութեամբ մը»: (20 նոյ.1897 թ, Շարապաս):
Օրիորդի եւ Ե. Օտյանի միջեւ հանդիպումները մշտական են դառնում, մոռացվում է Արփիարը, եւ Օտյանը օրիորդին սիրահարվում է խենթի պես եւ նույնիսկ չի կենտրոնանում գրելու «Արյունոտ յիշատակներ»-ի շարունակությունը:
«…Կարելի՞ է արիւնոտ յիշատակները գրել, երբ վարդագոյն երազներու մէջ կապրիմ, եւ դուն ես այդ ոճիրը ի գործ դնողը: Սիրահարուած եմ, խենթի պէս սիրահարուած եմ եւ ինչ որ աւա՜ղ, ցաւալի է, լրջօրէն սիրահարուած եմ:
Ինչո՞ւ գէշ օրինակը տուիր, ինչո՞ւ ըսիր, որ Շարլօթին կը նմանէր…
Երէկ իրիկուն, չեմ գիտեր քանիերորդ անգամը ըլլալով՝ իր ոտքերուն տակն էի ու ձեռքերը, թեւերը, մազերը կը համբուրէի խենթի պէս. ամէնէն ծաղրալի բացագանչութիւնները եւ երդումները արձակելով՝ յանկարծ ըսաւ. «Իս ասանկ չպիտի սիրէիր, եթէ Արփիարը հոս եկած չըլլար ու քեզ չներշնչէր»:
Ա՜խ այդ աղջիկները, ի՞նչ աղէկ կը գուշակեն ամէն բան: Վերջապէս եղածը եղած է, աշնան պիտի ամուսնանանք կամ պէտք է ձգեմ փախչիմ այստեղէն. աս ալ ըսեմ, որ ամուսնութեան համար ինքն է, որ դժուարութիւն կընէ կոր, ես ալ անձիս տէրը չեմ, ամէն յիմարութիւն ընելու պատրաստ եմ, նոյնիսկ ամէնէն մեծը՝ ամուսնութիւնը: Արդ, քու սադայէլի ժպիտդ ձեւացուր դէմքիդ վրայ այս նոր չարութեանդ առթիւ»: (Շարապաս, 27 մարտ, 1998թ.): (Օտյանը 29 տարեկան էր):
Այս դեպքից հետո երկար ժամանակ Արփիարը նամակ չի գրում Օտյանին: Հետո նորից վերականգնվում է նրանց նամակագրական կապը, ուր Օտյանը հայտնում է, որ տիկինը, օրիորդը եւ տղաքը հունիսի 22-ին պիտի վերադառնան Պոլիս, այսինքն՝ տասնութ օրից: «Երկու շաբաթ միայն պիտի վայելեմ տակաւին զինքը, ու անկէ ետքը, շօշափելի խաւարը պիտի տիրէ Շարապասի վրայ: Գրեթէ ամէն օր մէկ-մէկ քիչ կը խօսինք վրադ, ես բան կըսեմ, նէ կը պաշտպանէ քեզի:
Անկէ նամակ կառնեմ միշտ ու կը գրեմ: Ինչ փորձանք բերիր գլխուս: Հրաժարականիս պատճառներէն մեկն ալ եւ գլխաւորը «Ան» է: (Հրաժարական ասելով Օտյանը նկատի է ունեցել իր՝ Շարապասում հաշվապահի պաշտոնից հրաժարվելն ու մեկնելը այնտեղից-Ս.Գ.): (Շարապաս, 29 հոկտ, 1898 թ.):
Օտյանի սիրո մասին նաեւ վկայություններ ունի մեծ դերասան Վահրամ Փափազյանը «Սրտիս պարտքը» գրքում.
«Խորունկ երգիծաբանի մի այլ յատկանշական գիծը կինն էր ու նրա աշխարհը: Չեմ կարող ասել, թէ Լովըլաս էր նա կամ Բոկկաչիո, բայց կնոջ աշխարհին քաջ ծանօթ մարդ էր, առանց մոլեռանդ երկրպագուն լինելու Եվայի թոռան: Կինը նրա կյանքում եղավ նորմալ մի անցում եւ եթէ նրա «ներշնչման աղբիւրը» չեղավ, ապա անհատնում նիւթ մատակարարեց իր երգիծանքին: Ծանօթ եմ եղել նրա կեանքի շատ ժամերին եւ կարող եմ հաստատ վկայել, որ եթէ մէկ-մէկ մի շրջազգեստ էլ անցավ նրա բազմաբեղուն կեանքի վրայով, այդ երեւոյթն ավելի շուտ նիւթ տուեց նրա գրչին, քան սփոփանք կամ հնհնուք նրա անտարբեր սրտին»:
Օտյանի սիրո էջը ուզում եմ փակել իր իսկ խոսքերով.
«Կինը առանձին եզակի է, իսկ սիրոյ մէջ յոգնակի կ,ըլլայ, ահա կարճ վճիռ մը, որմէ ետքը ալ իրաւունք չունիմ փափկանկատութեան մասին կարծիք յայտնելու»:
Ինքն էլ իր սիրո նման եզակի մնաց եւ կմնա հայ գրականության աստղաբույլի մեջ:
Սուսաննա Գալստյան
Սուսիկ ջան, քեզ գրում է Եղիկյան Ռուզաննան, ես գիտեմ, որ հիշում ես ինձ: Օգտվելով առիթից ասեմ, որ քեզ շատ-շատ կարոտել եմ: Ջերմ բարևներ քեզ: Ասեմ, որ գրվածքդ ինձ անչափ դուր եկավ: Դե դու միշտ էլ լավ ես գրում: Շնորհավորում եմ:
Գրիգոր Զոհրապի դիմանկարը ի՞նչ առնչություն ունի Երվանդ Օտյանի մասին նյութի հետ…
Շնորհակալություն դիտարկման համար, սխալմունքի արդյունք է, ուղղեցինք:
Շնորհակալություն ձեզ ձեր մեծ ու անշահախնդիր աշխատանքի համար…