Շահրնուշ Փարսիփուր | Բյուրեղյա կախազարդեր


Եվ այն օրը գլխումս փայլատակել էր միտքը, որ սրանք բյուրեղյա կախազարդեր են: Տեսնո՞ւմ եք: Սկզբում աննշան իսկ նմանություն չունեին, չգիտեմ ինչու, մտածեցի` սրանք բյուրեղյա կախազարդեր են: Ոլորանն անցել էի, երբ հանկարծ նկատեցի պատի վրայի ստվերները, տասնյակ բույլերի ստվերները, որ ընկել էին պատին:
Մինչ այդ տատիս թաղումն էր: Ողջ ընթացքում, երբ հոգևորականը ծոր տալով ընթերցում էր Ղուրանը, իսկ մայրս էլ աղաղակում էր, ես նայում էի տիղմին, որը ծածկել էր գերեզմանատան շուրջբոլորը: Մանր ու միապաղաղ անձրևն անդադար մաղել էր մի քանի ժամից ավելի, և այժմ շիրմատան աստիճանների մոտ հանդիպել էին թաց հողի հոտն ու բույրը ալ վարդերի, որոնք հայրս էր գնել տատիկիս տապանաքարին դնելու համար: Եվ երբ դրանց մեջ ներծծվում է շիրմի շուրջը կիպ շարված սգացող անդուր կանանց մարմնի հոտը, դու ակամայից նայում ես գերեզմանոցից դուրս` ամպերին, և մեջդ փախչելու ցանկություն է առաջանում: Սա էր պատճառը, որ երբ արարողությունն ավարտվեց, և մայրս իրեն գցեց թմբի վրա ու լեզուն բռնվեց, և բոլորի ողբն ու կականը երկինք բարձրացան, ես արդեն վեր էի կացել: Հոգևորականը կանգնած էր գերեզմանոցի կամարի տակ: Նրա կողքով անցնելիս նկատեցի, որ նայում է ինչ-որ բանի` իմ ու պատի արանքում: Ձախ ձեռքը հենել էր պատին, աջով բռնել Ղուրանը: Նրա աչքերում տեսանելի էր սպասումը:
Դրսում զգացի` ինչ-որ բան գնում է ինձանից ավելի ու ավելի արագ: Ցեխոտ կոշիկներով ու ոտքերիս փաթաթվող չադրայով ստիպված արագորեն անցա շիրմաքարերի կողքով: Անձրևը, որ շարունակում էր մանր ու միապաղաղ տեղալ, թրջել էր չադրաս և ներթափանցում էր մազերիս ու մերկ թևերիս մաշկի մեջ: Երբ հասա գերեզմանոցի սկզբնամասին, ցեխոտ ու ծանրացած չադրան հանդուրժելու ուժ այլևս չունեի: Հանեցի այն գլխիցս: Մատներս խրեցի մազերիս մեջ, որոնք քնահարամ էին և չադրայի երկարուձիգ ճնշումից ցաված: Խոր շնչով կուլ տվեցի անձրևաբույրով շաղախված օդը և հայացքս հառեցի անձրևաշաղախ խամ տապանաքարերին: Դրանք կապտավուն էին ու ցոլցլում էին: Միանգամից որոշեցի` էլի կգամ, և հենց այդ ժամանակ էլ նկատեցի բույլերն ու մտածեցի` դրանք բյուրեղյա կախազարդեր են: Երբ եկա այստեղ առաջին անգամ… Մեկ տարի առա՞ջ էր… Ավելի շա՞տ, թե՞ ավելի քիչ… Չեմ հիշում: Ամեն դեպքում, երբ առաջին անգամ եկա այստեղ, բույլերը մի պատրանքի չափ էին, մի կցկտուր երազի չափ: Այն ժամանակ չէի նկատել բյուրեղյա կախազարդերը, գուցե որովհետև աշուն էր: Գուցե ձմեռ էր, կամ իրիկուն, և արև չկար, որ ստվեր լիներ: Ամեն դեպքում սա կար` հենց այս պատի մոտ: Երբ անցա շրջադարձը, տեսա նրան. կանգնած էր հենց այս պատի տակ: Թերևս ի սկզբանե էլ գիտեի` այդտեղ է: Գուցե հենց այդ պատճառով էլ ծանոթ ու անհարմար իրավիճակում էի` ինչպես առաջին հանդիպման գնացած աղջիկը: Երբ հասա նրան, տեսա` աչքերը կրակվեցին: Ինձ կորցնում էի, և դա վատ նշան էր: Վատ էր, որ հոգիս տակնուվրա էր եղել, իսկ մտքումս խառնաշփոթ էր: Նկատեցի` նրա տոնը համահունչ չէր հանդուգն աչքերին: Ասաց. «Լա՛վ, արի գնանք»: Այնպես ասաց, որ ինչ-որ չափով վերագտա վստահությունս: Շունչ առա: Բայց չէի կարողանում ծպտուն հանել: Այդ լռությունն ստիպում էր նրան մտածելու, որ սա անհամաձայնության մի ձև է: Բացի դա` մութ էր, և փողոցի վերջնամասի լամպի լուսացոլքը լուսավորում էր միայն նրա դեմքը: Նա սպասում էր իմ պատասխանին, բայց ես մթան մեջ էի. գուցեև դա էր նրան ավելի խանգարում: Աղոտ լուսավորության մեջ ես պտտեցնում էի աչքերս, որ փախուստի ճանապարհ գտնեմ: Տեսա սոսիների ստվերը և բույլերի խառնիխուռն երազը: Տեսա, որ նա ստվեր չունի, ավելին` ինքը ստվերներից մեկի աննշմար գիծն էր: Հաջորդ անգամ լսեցի ձայնը. «Աչքերդ փայլում են»: Այնպես ասաց, որ մտածեցի` սիրտը ցավում է ինձ համար: Նրա անստվերությունն ինձ այնպես էր ընդարմացրել, այնպես էի հոգնել, որ ակամա նստեցի ոտնաթաթերիս վրա: Նա էլ նստեց ինձ նման: Դա ինձ վախեցրեց, և որպեսզի քողարկեմ վախս, ասացի. «Երանի, երկու հոգի լինեի»: Ինքն էլ, որ նստել էր ինձ հետ միաժամանակ, կրկնեց. «Երանի, երկու հոգի լինեի»: Գուցե ինքն էլ էր վախենում: Անընդհատ փնտրում էի բառեր ուղեղիս ծալքերում, որպեսզի կոտրեմ տառապագին լռությունը: Ուզում էի պատմել հիվանդ տատիկիս շաքարամանի մասին, որն արծաթյա էր և գծապատկերներով նախշազարդված: Ուզում էի պատմել եղբորս՝ թութունի կաշվե տոպրակի մասին: Նա, ով նստած էր ինձ հետ, ասաց. «Տատիկն ունի սև գծապատկերներով մի շաքարաման»: Խոսքը բերանում էր դեռ, երբ տեղիցս ցատկեցի: «Ես հենց նոր անցա շրջադարձը: Ճանապարհը շատ նեղ է, միայն մի հոգի կարող է անցնել: Եթե շարունակեմ, հասնելու եմ ավտոբուսի կանգնառին»: Ասաց. «Հա՛, հենց դրա համար էլ ասում եմ` արի, գնանք: Ավտոբուսն ինչի՞դ է պետք: Հետ կդառնանք այն ճանապարհով, որով եկել ես: Հենց անցնենք շրջադարձը, ճամփադ ազատ է»: Ջանում եմ չլսել նրան: Մտածում եմ` նրան մոլորեցնեմ, և հենց ուշադրությունը շեղվի, ճուռակի նման թռչեմ կողքից: Կարող եմ նրան ուժեղ խփել պատին և հեռանալ: Մտքումս ծրագիր եմ մշակում: Բայց նստած է ճամփի ուղիղ մեջտեղում` ձեռքերը հանդիպակաց պատերին հենած: Մի փոքր անցուղի անգամ չկա: Եվ շատ վճռական է նստած: Ճիշտ այն մարդու նման, որ պլանավորում է սրընթաց անցնել մեկի կողքով: Օրն ավելի էր մթնել, և խավարի աղտեղությունն ապականում էր մարմինս: Կարիք ունեի ծիսական լվացման` հոսող ջրի մեջ, որ լվանար, մաքրեր, լվանար… «Ի՞նչ բնավորություն է»: Ես էի ասողը: Պատասխանեց. «Կարող ենք գնալ ուղիղ դեպի աջ, մինչև կհասնենք լայնարձակության»: Ես տեսնում էի միայն փողոցի վերջնամասի կանգառի լույսերը: Գիտեի, որ այնտեղ կարող եմ նստել երկաթե նստարաններին, ազատվել հոգնությունից, և քանի որ կանգառի լամպերը լույս էին սփռում, կարելի էր այդ լույսն զգալ սեփական մարմնի վրա, և եթե նույնիսկ ավտոբուսն ուշանար, կարելի էր թերթ կարդալ և տարվել օրվա լուրերով:
Եկել էր պահը, երկուսս էլ գիտակցում էինք: «Առաջինը դու գնա»: Դեմ էր: Զգացել էր նախապես և այդ պատճառով էլ առանց բառ արտաբերելու եկավ դեպի ինձ: Ես սոսնձվեցի պատին: Ստվերն իմ հետևում էր: Սիրտս թպրտում էր ինչպես մորթված հավը: Գնում էր, երբ մեր մարմինները մի երկարատև ակնթարթ դարձան մեկը, մեր աչքերը մխրճվեցին իրար մեջ: Նրա աչքերի խորքում մի բան կար. կարելի էր ասել վիճակ էր` զուլալ արտասուքի և ցավի ու ափսոսանքի նմանվող զգացողության արանքում: Հիշում եմ` խելացնոր վայրկյաններին մտածում էի` արդեն իմ մեջ է, իմ ներսում, թեև իմացա գնալը` նույնիսկ նեղլիկ փողոցի վերջին ոլորանից անցնելը:
Հետո արագընթաց կտրեցի փողոցի երկարությունն ու ինձ գցեցի կանգառ: Այն ողոված էր լույսերով: Հապշտապ տեղավորվեցի մի երիտասարդի կողքին: Ձեռքին թերթ կար: Ուշադիր կարդում էր: Նկատեցի, որ կանգառում սպասողները զարմացած ինձ են նայում: Ուզում էի լույսերի մեջ թաքնվել, փոքրանալ, այնքան փոքրանալ, որ ինձանից ոչինչ չերևար: Անհանգիստ շարժվում էի տեղում և աչքի պոչով հետևում զարմացած ու գորովանքով ինձ նայող մարդկանց: Այդ ժամանակ զգացի, որ ստվեր չունեմ: Հենց այդ պատճառով էր, որ կանգառի սիրալիր, լուռ, գորովալի մարդիկ այդպես ինձ էին նայում: Նկարագրածս մարդիկ հեշտությամբ ինձ կընդունեին իրենց շարքերը և նույն ավտոբուսով մենք կշարժվեինք մի կանգառից ու կհասնեինք մի տեղ, որտեղ լույս է ու կանաչ: Ամաչում էի, չէի համարձակվում նրանց աչքերի մեջ նայել: Անստվերությունը վատ ախտ է:

Երբ անցա շրջադարձը, միայն մեր տունն էր այնտեղ: Մեծ հյուրասենյակում նստած էր տատս` ինչպես միշտ: Այսինքն նստած չէր, որովհետև նրա ստվերը պատի վրա չէր: Երբ ներս մտա, նոր միայն տեսա նրան: Անկողնու մեջ խռխռացնում էր: Մայրս ասաց. «Սուրբ ջրից բե՛ր»: Դուրս եկա սենյակից: Դրսից տեսանելի էին պատին արտացոլված մորս ու քեռակնոջս ստվերները` գլուխները ձգած: Հենց արտացոլանքը վերածվում էր կիսադեմի, նկատվում էր նրանց շուրթերի աննշմար շարժումը. հավանաբար աղոթում էին` մոտալուտ մահ աղերսելով:
Երբ իմ սենյակում նայեցի հայելու մեջ, տեսա` ծերացել եմ: Երկու խոր ակոսներ էին ձգվել ռունգերիցս մինչև կզակ: Երբ եկավ մայրս, գլխի չընկավ, որ իրենից ծեր եմ: Նստեց մահճակալիս: Ձեռքերն ընկած էին թմրած, անուժ ծնկներին: Ես ավելի ծեր էի: Մայրս ասաց. «Մի տարի է` հոգեվարքի մեջ է: Ի՞նչ վարձք ունի, որ պետք է վերադարձնի»: Չգիտեի: Շարունակեց. «Հինգ անգամ է բերանը սուրբ ջուր եմ լցնում, արդեն ամաչում եմ»:
Ողջ ընթացքում, երբ նա հոգեվարքի մեջ էր, ամիսներ շարունակ ես քայլում էի ծառերի տակ կամ սենյակում: Հայելուս վրա սև կտոր էի փռել: Երբ դուրս էի եկել, տեսա` տերևները կրկին ծիլ են տվել: Հետո եկավ տեղատարափ անձրևը, ու առաջին կաթիլների հետ տատս հոգին ավանդեց: Նրան տարանք գերեզմանոց: Հոգևորականը ծոր տալով աղոթք էր կարդում: Ես շիրմատան մի անկյունում էի: Ողջ ընթացքում մեջքս հենել էի պատին: Անձրևը մաղում էր: Լույսը չէր կարող տարածվել գերեզմանոցում: Ոչ մեկի ստվերն այնտեղ չէր երևում: Այդ պատճառով էլ թոթափեցի վախս: Երբ առաջացա, փոսը ծածկել էին: Հայրս խնդրեց հոգևորականին, որ մինչև լույս աղոթի: Եվ երբ մայրս ճչաց, հոգևորականը կանգնած էր մուտքի մոտ: Նրա կողքով անցնելիս մեր հայացքները հանդիպեցին: Երբ հասա գերեզմանատան ելքին, արդեն ամբողջովին թրջվել էի: Թաց էին անտաշ շիրմաքարերը: Մի անկյունում լցված էին իրար վրա: Մնացել էր` իրիկունն իջնի: Այսինքն` շատ էր մնացել: Հետո այստեղ էի. թերևս բույլերի համար, որոնց գույնը նման էր ինչ-որ երանգի` կաթի ու մեղրի արանքում: Սրանք մարգարտածաղիկներ են: Երբ լույսի ցոլքը դրանց վրա է ընկնում, բացվում են: Ստվերներն արտացոլվում են պատերին: Ընդհակառակը, բյուրեղյա կախազարդերը հեշտությամբ անցկացնում են լույսն իրենց միջով, և լույսը մի տեսակ ձեռնածություն է անում յոթ գույների արանքում, որպեսզի քո մեջ կատարելության հասցնի պատրանքը:

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *