1․ Ցավի ճեղքված երակով
հոսում է քաղաքը՝
լափելով աղմուկը
լցված սրճարանների,
գժանոցների,
սպանդանոց-հիվանդանոցների:
Ես քնել եմ ու տեսնում եմ
կարմիր երազներ,
կսմթի՛ր, մա՛մ,
չմեռնեմ
մանկասպան երազում…
2․ Շենքերը փակել են
փոշոտ աչքերը,
նիրհում է քաղաքը
մթում,
սպառվել են բոլոր սփոփող ֆրազները,
հուշերը` քանդված փողոցում:
Ցավից ծաղկել է էլի
վայրի կակաչը այգում,
սատկում է hարբած գիշերը
քաղաքիս պատռված երախում:
3․ Մեր կյանքն անփոփոխ է,
ջազ ու քաոս է,
բայց, մեկ է, չենք նվնվում,
այստեղ ճիշտը մեկն է,
իսկ սուտը
Ռոբերտն է.
վարկով ենք ապրում ու
մեռնում;
4․ Սլավիկ Չիլոյանինի հիշատակին…
Քամին մաքրում էր
փողոցները
մարդկանցից ու աղբից…
Խցանման մեջ քաղաքը
թմրել էր,
փսխում էր բենզին,
երեկոն դանդաղ ծորաց
աղբանոց-քաղաքում,
շտապող ամբոխը կանգ առավ
ծերացող քաղաքի հորձանքում:
Էս ո՞վ է հարբած գետնին թավալվում.
մոտեցան բոլորը, լավ կչկչացին.
– Չէ՛, չենք ճանաչում…
Նիրհեց քաղաքը ամառվա տապին,
մեռավ պոետը կարմիր ասֆալտին:
5․ Քայլում եմ զեբրայի վրայով՝
հաշվելով վայրկյանները
վաթսուն,
ստվերնե՞ր են անցնում,
թե՞ մարդիկ են
կորչում փոշու հղանցքում։
Էս քաղաքում բոլորը հիվանդ են
(ասում է մի կին ու հազում),
մոռացման տենդով են ապրում։
Սա քաղաք չէ,
քարե հոգեվարք է,
մոռացվող վարդագույն մի անուրջ;
6․ Քեզ բանտում են ճենճոտ փաբերի մեջ,
ծախում են բացօթյա շուկայում,
երազներդ թաղում են
ասֆալտի տակ,
միզում են քո մաքուր ջրերում;
7․ Ծփում է էլի բոսորը,
քաղաքը սարսուռ է հագել,
կքվել են,
կքվել են ծառերը,
դեւերը արյուն են լակել։
8․ Ստվերները թափվում են
մթնշաղին,
պաստառ քաղաքից
ջնջվում է օրվա հիշողությունը։
Քամին պառկում է մայրի ծառերին
մինչ միջօրե,
հետո ցրում է երկրի էլիպսը՝
սպասելով վայրի մուսոնին։
Ես լույսից նեկտար եմ քամում,
ցավի լեղիները մաքրում,
անջատում եմ զգայական նեւրալգիաս.
ուր որ է կգա արթնության անձրեւը;
9․ Ուր որ է կծնվի քաղաքը՝
Էրեբունին…
10․ Սա քաղա՞ք է,
Երեւան դեժավյո՞ւ…
