Զինակոչման լուրը ստանալուց հետո ինձ համակած առաջին զգացողությունը զարմանքն էր։ Ի՞նչ պետք է անեմ, ավելի ճիշտ՝ ի՞նչ կարող եմ անել բանակում։
Եվ այսպիսով 1971 թ. հոկտեմբերի 13-ին ես` «երիտասարդ խոստումնալից բանաստեղծ Հովհ. Գրիգորյանից» վերածվեցի լեյտենանտ Գրիգորյանի: Իսկ եթե դրան էլ ավելացնենք, որ ծառայությանս վայրը բավական հեռավոր շրջան է, ապա կարելի է ասել, որ Հայաստանի իսկական անդամից վերածվեցի թղթակից անդամի:
Սկսվեց ծառայությունը` աշխատանքներից ամենադժվարն ու պատասխանատուն: Ապա, ես ինձ հանկարծ տեսնում եմ կանգնած զինվորների դիմաց, որոնք զգաստ դիրքով սպասում են իմ խոսքին… Պատկերացրեք, ուշադիր ձեզ են նայում 15 ազգի պատանի ներկայացուցիչներ: Իմ աշխատանքը բոլորից շատ կհամեմատեի ուսուցչի աշխատանքի հետ: Եվ քանի որ զինվորների մեծամասնությունն էլ բանակ է զորակոչվել անմիջապես դպրոցական նստարանից, ապա նրանց աշակերտ համարելն էլ մեծ սխալ չէր լինի: Տարբերությունն այն է, որ նրանք այստեղ սովորում են զենքով պաշտպանել Հայրենիքի պատմությունը, աշխարհագրությանը, մայրենի լեզուն և գրականությունը: Իսկ ստեղծագործելու, թարգմանելու և ընդհանրապես կարդալու և նորություններին հետևելու բավականին ժամանակ մնում է:
Բանաստեդծությունների այս շարքով, հուսով եմ, որ դուք ավելի պարզ պատկերացում կկազմեք այն ամենի մասին, ինչը ես գուցե և չկարողացա հաղորդել նամակով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
N զորամաս
♦
Եվ ինչ իմաստ ունի այսքան ջուր մի տեղ հավաքել
և այսքան ավազ,
հետո ձկներ բազմացնել
ծովահարսեր հորինել
և բազմաթիվ այլ հոգսեր:
Ծանր է,
ծանր է առնել քո սրտի վրա
անցած լավ ու վատ օրերիսիրելի տխրությունը…
Ես անշուշտ դեմ չեմ,
որ պետք է նստել ու նայել ծովին՝
հեռվից նավեր կանցնեն՝ կտեսնես,
ալիքներ կգան կխփվեն ափին՝ կհիանաս,
ես անշուշտ դեմ չեմ,
որ այս ամենը անհրաժեշտ է
պոետական արվեստը զարգացնելու համար:
Բայց ծանր է,
ծանր է, երբ տունդարձի ճանապարհին
դու նորից առնում ես քո սրտի վրա
անցած լավ ու վատ օրերի սիրելի տխրությունը:
Իսկ մոծակները ճանապարհին քեզ տանջում են
ինչպես որ հարկն է:
… Դու մի՞թե այս օրերի համար ոչինչ չունես պահած,
դու չէ՞ որ այս օրերին կապված ես անվերադարձ:
… Տագնապը թեթև խփեց քո ուսին,
դու շուռ եկար
ու այդպես մնացիր
քարացած
կանգնած…
ՍՈՆԵՏ
Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով,
քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում
ամենաանսպասելի անկյուններից
իր ետևից տանելով
ցնծությունից խելակորույս երեխաների
հրոսակախումբը`
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:
Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռու է,
և ինչ բավականություն` պատկերացնել այն,
ինչը չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ,
սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:
Իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր հետևից տանելով
ցնծությունից ոչինչ չնկատող երեխաների
հրոսակախումբը.
Ի՜նչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում:
♦
Եվ այսպիսով դու հայտնվեցիր ամենաառաջին գծում,
(հիշո՞ւմ ես –
դու գրել ես այս մասին ինչ-որ ժամանակ):
Եվ այսպիսով դու իջար տեսական պայքարի էջերից
ու սկսեցիր քայլել ետ ու առաջ
ամենաիսկական խրամատի երկայնքով:
Զարմանալիորեն արագ կատարվեց այս փոփոխությունը,
և դու դեռ հերոսաբար մարտնչում ես
կարոտի, հպարտության և թատերականության դեմ:
Բայց արդեն սկսվել է քո մյուս կյանքը,
որը պատերազմ է կոչվելու առանց ընդմիջման
ու թեև արյան ու սպանության մասին
հիշատակումներ չեն լինելու այսուհետ,
սակայն զենքը միշտ էլ ուղղված է իր ճիշտ ուղղությամբ,
զենքը, որին ես հիմա վարժվել եմ բավականին:
Դու սովորեցիր նաև քնել ձյան վրա
և ծովի հենց ափին փորված խրամատի մեջ,
դու սովորել ես նաև չքնել ընդհանրապես
և մոռացել ես ասել, որ այս ամենը
ծանր է ու դժվար
և կուրծք չես ծեծում
ռիթմիկ շարժումներով:
Բայց արդեն շարունակվում է քո մյուս կյանքը,
որտեղ դու ամբողջ մարմնով սեղմվել հողին
ու գլուխդ թաղել ես կանաչների մեջ
և վաղուց տանից հեռացածի զարմանալի
հոտառությամբ
ճանաչել ես հանկարծ մորդ շորերի բույրը
ու էլ չես կարողանում,
բոլորովին չես կարողանում բաժանվել…
♦
Մի տխրիր, երբ նստած ես սեղանի առաջ
և մի արտասվիր, երբ գինի ես խմում
կամ Աստված գիտե, թե ինչ,
և մի գրիր բանաստեղծություններ,
երբ հեռու ես քո երկրից:
Փողոցով քայլող այն երեք մարդուց
դու նա ես, որը չի գնում առաջ,
և չի օրորում գլուխը
կամ էլ` չի ճոճվում տեղում.
դու նա ես,
որը վճռական ու ողբերգական
շարժումներով
խրվում է հողի մեջ`
անվերադարձ վշտի կնիքը դեմքին:
Իսկ քո մշուշոտ աչքերի առաջ,
չափից դուրս հուզված,
ճչում են, թռչկոտում
նավթոտ, կնճռապատ ծովահարսերը…
…Էլի նույն խոսքերի և նույն քամու և ավազի վրա
դու վերջացնում ես քո օրը,
և լուռ նստում ես մութ սենյակի մեջ
և ծերացող տղամարդու հուսահատությամբ
անհեթեթ ժպտում…
♦
Եվ քո ոտքերը քեզ տանում են
սենյակի մի անկյունից մյուսը:
Դեռ որոշակի հայտնի չէ,
թե դու ջղայնացած ես, տխուր ես, թե ուրախ,
բայց դու ողջամտորեն ցրում ես ամպերը
և հմտորեն տողեր ես շարում իրար հետևից,
և դատողությունները պոկվում են քո կյանքից
առանց ցավ պատճառելու…
Եթե դռները բացվեն-փակվեն ճիշտ ժամանակին,
ինչ ուրախ կանցնեին օրերը քո ծանր կյանքի,
և աղջիկների երամները կիջնեին քո ցանկապատին
և նրանց փետուրներից բարձր կլցնեիր,
և ինչ ուրախ կանցնեին օրերը,
և ինչպես նաև ժամերը քո ծանր կյանքի:
… Իսկ քո ոտքերը քեզ տանում են դեպի պատը
և ուսերդ սկսում են ցնցվել կատաղի,
և չնայած դեռ որոշակի հայտնի չէ՝
դու լալիս ես, թե ծիծաղում,
բայց և այնպես
բանաստեղծությունը ընդհատում ենք
վերջնականապես:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Եվ քայլում է զորքը գիշերվա խավարում,
և ցերեկվա լույսին քայլում է զորքը`
առանց հոգնության,
առանց տրտունջքի,
օ, դժվար է խոսել այս ամենի մասին սովորական բառերով,
իսկ երբ զգացմունքը դառնամ է խեդդող,
հավատը դառնում է երդում,
այլևս անօգնական ես զսպելու
հողին ծնրադրելու քո ցանկությունը.
հող— որ էինք ու պիտի դառնանք մի օր,
հող— որ քո տունն է հավիտենական,
որ քո արյունն է և արյունն է նախնիներիդ,
հող— որի վրա ապրելուց և մեռնելուց առաջ
պիտի ապրել և մեռնել իմանալ նրա համար…
Ու հիմա, երբ անտանելիորեն դժվար է
լրագրային խաժամուժի ու խելագարության մեջ
մի հանգիստ անկյուն գտնել խաղաղ քնելու համար,
և հիմա,
երբ անձրևը ատոմային կրակահերթ է տեղում
խաղաղ անցուդարձող մարդկանց գլխին…
Իջեցրե՜ք
վարագույրները,
և թող դերասանները գնան տուն,
և թող ծառեր ջրեն,
և կամ օգնեն իրենց կանանց`
տնային որևէ գործում…
…Դառնանում են խոսքերը մտքի և սրտի ցավից
տնքում է մեջքդ, և ուսերդ են ցավում,
և դու դանդաղորեն իջնում ես ծնկի`
հողին փարվելու բացահայտ մտադրությամբ.
հող— որը քո վերջն է և քո սկիզբը,
հող— որը քո հավատն է ու երդումը
և այդ պատճառով հայրենի է կոչվում, նաև` մայր,
և դրա համար դու նրանց հետ ես,
ովքեր քայլում են գիշերվա խավարում,
և ցերեկվա լույսին`
առանց հոգնության,
առանց տրտունջքի,
ովքեր խոհեմությանը
խոհեմությամբ են պատասխանում,
իսկ զենքին` զենքով:

