Լիլիթ Անդրիասյան | Զեյթունի տունը

Մեռնում է մայրս. արդեն երեք տարի, ամեն երեկո, իրիկնահացին։ Զեյթունի մեր տունը նեղություն է անում։ Հինգհարկանի շենքի չորրորդ հարկում աստիճանների գլխին մեջքի վրա ճռռալով բացվում է երկաթե դուռը։ Ամեն քայլի հետ շքամուտքի լույսը վառում-մարում, վառում-մարում, քնից, թե մտքերից սթափեցնում է, կամ էլ ինչ-որ չարագուշակ պահ է ազդարարում։ Կամ էլ Լևոնն էլի մի բան բստրել, հոսանքալարերը տեղից գցել է։ Վերջին աստիճանի վրա լույսը վառվում ու երևան է գալիս դռան ճակատից կախ ընկած փուշը. «Վուշ-վո՜ւշ, չար աչքը փուշ»։ Վանք ենք գնում, մոմ վառում, ու դեռ այսքան էլ սնոտիապաշտ ենք, բայց դա հետո։ Մեծ մտքերը մեծ ժամանակների համար են։ Տարիքից է, թե առողջություն չկա, կամ ցանկություն, չգիտեմ, բայց ժամանակի հետ չենք հասցնում քայլել, էլ ո՜ւր մնաց՝ վազել։ Բայց առաջ ընկնել հո գիտե՜նք. չամուսնացած մահիճ ենք սարքում, չծնած՝ դպրոց տալիս, չմեռած՝ սպիտակեղեն եմ բերել։ Դռան վերևից կախ ընկած փուշը երեսով է տալիս.
-Անաղուհաց քրդի շուն, շուտ-շուտ արի։
Դուռը ճռռոցով բացվում է մեջքի վրա։ Աջ թևի սենյակը թափթփված է։ Կիսաշրջազգեստը ծնկներից վեր հանած, մահճակալի մեջտեղում ծալապատիկ նստած կարդում է մեկը։ Շան աղջիկը ինչքա՜ն է քեզ նման։ Տեսնես քեզնից եղածն այսքան քեզ նման կլինի՞։ Ներս մի մտիր։ Թող կարդա, հետո չի հասցնի, ուզի էլ՝ չի հասցնի ու որ մի շան որդի էլ գլուխը մտա՜վ…Թե քոնի նման լինի՝ կկարդա, մեկ-մեկ էլ կգրի, թեկուզ էշություն, բայց հոգուց կգրի։ Թե որ իրենը չեղավ, ո՞վ գիտի, աչք կբացի՞։ Թող կարդա, դու էլ կոշիկներդ զգույշ հանիր, որ չարթնացնես Նրան։
Խոհանոցից եկող թարմ սպասի հոտը կսթափեցնի։ Սկզբից սիրտդ կուզի, հետո սովորականի նման կխառնի, բայց կուտես։ Կուլ չի գնա, բայց կտաս։
Կնստես, կլռես, կժպտաս։ Էս աղջիկը ոնց որ մորդ ծոցից դուրս եկած լինի։ Ամեն առավոտ արթնանում, մեկին՝ դպրոց, մյուսին՝ աշխատանքի ճանապարհում, հոլի պես պտույտ է գալիս, եփում-թափում, մորդ շորերը փոխում, ճաշը միշտ տաք է, ժպիտը՝ դեմքին, հոգնություն չունի։ Արևշատություն լինի սրան լույսաշխարհ բերողին։ Սպասը կոկորդիդ մեջ թաքուն փնթփնթում է.
-Անաղուհաց քրդի շուն, շուտ-շուտ արի…
Ոտքերդ այտուցվել են, գլուխդ պտույտ է գալիս, ոչ կուշտ ես, ոչ սոված, կերածդ կուլ չի գնում, տվածդ՝ հետ է գալիս։ Կանցնի։ Ամեն ինչն է անցնում, օրինակ՝ ՆԱ։ Ճերմակ անկողնու մեջ, աչքերը՝ պատին հառած, անցնո՜ւմ, գնում է։ Գուցե հենց վաղը տեղ հասնի, ո՞վ իմանա։
Հայացքը որսա, ձեռքը սեղմիր ու գլուխդ հակիր դողացող ծնկներին։
-Էս վիճակով ինչո՞ւ եկար։
«Իսկ դու ինչո՞ւ ես գնում»։ Անշշուկ, հայացքով դիմիր։ Չի լսի, բայց կհասկանա, ու ներողամիտ կթարթի աչքերը։
Խոհանոցում սուրճի հոտից մտքերդ իրար կգան։
-Երեկ լավ էր, Աղունը եկավ, սարի թարմ մածուն էր բերել։ Մի գդալ կերավ ու լեզուն բացվե՜ց։ Գյուղի տակից տվին, գլխից դուրս եկան։ Սիրանի հարսն էլ ջուխտ է բերել…
Թող խոսի, իսկ դու գլխով արա։ Ամբողջ օրը ոտքի վրա ձերոնց նազն է տանում։ Թող խոսի, կտրվի հոգսերից։
-Մյուս շաբաթ կգան, Աղունն էլ, տղեն էլ։ Խոտը կանաչին էլ տալիս, հունձը…
Հայրերը շուտ են մեռնում, մայրերը տնքտնքում են ու չեն մեռնում։ Ցավում են տարիներով, սրտի տեղը իմանում են զավակների դարդից…
Ուսանող տարիներին ջահել, թռվռան աղջիկ է եղել Արուսը։ Մի օր էլ դսեղեցի Սաքոն սև Վոլգայով քաղաք է եկել հավուճիվ ծախելու ու սիրտն էնպես է կպել քաղաքի աղջկան, որ գցել ավտոն, քշել, տարել է սարերը։ Չի ներել, հետո հաշտվել, քիչ-քիչ սիրել է Սաքոյին։ Բայց գյուղի կյանքի հետ շուտ չմերվեց։ Մատները կով ու կիթի չէին սովոր, այլ գրիչի։ Բայց սովորեց, հնձի սեզոնին էլ ծոցվորեց ու գարունը Սաքոյին սարի արջի պես առողջ մի արու զավակ պարգևեց։ Ու զավակը դարձավ գյուղի ու քաղաքի կապող օղակը, հանգուցեց երկու աշխարհներն իրար, մեկի կյանքը մյուսին խառնեց ու մի օր էլ սև վոլգան Արուսին ու Սաքոյին քաղաք բերեց, որ Օհանը դպրոց գնա։ Զեյթունի տունը վարձով մտան, տնավորվեցին, դարձան քաղաքացի։
Ինչե՜ր քաշեց այդ տարիներին Սաքոն։ Բանջարեղեն, միս ու մածուն գյուղից բերել-ծախելով Զեյթունի տունն առավ, Վոլգան փոխեց ու հոգին փառավորվեց, ու ինչի էլ հասավ, Արուսը գժի պես սիրահարված մնաց շալվարի փողկերը ծալած, անթրաշ, արևի տակ Վոլգայի դռանը թիկնած ինքնագոհ Սաքոյին։ Մի գիշեր էլ ցավը ցավին առավ, խավարը լուսավորվեց ու Սաքոյի տունն էլի լցվեց մանկան ճիչով։
Հետո մի գիշեր խորը քնեց ու Արուսը փոքրացավ, կուչ եկավ, Զեյթունի տունը նեղություն արեց ու արդեն երեք տարի է մեռնում է՝ աչքերը՝ պատին հառած, հայացքում Լոռվա ձորերը։ Միտք է անում հազար բանից, հազար բան է հիշում։ Թթի ծառն է հիշում, Աղունի փուռը ու սիրտը լավաշ է ուզում։ Օհանը վազում, բերում է՝ չի ուտում։ Սիրտը սարի թան է ուզում, Օհանը վազում, բերում է՝ չի ուտում։ Սիրտը Սաքոյին է ուզում, Օհանը ու՞ր գնա։ Սաքոն տուն է գալիս, ուրոր է կհասնի…
………………….
Շքամուտքի լույսը վառում_մարում, մարում է։ Մեկը քաշում է ներսից։ Սպասի՜ր, տուն հասանք։
Արուսը անցավ-գնաց։ Օհանը լուռ է…
Փողոցը ծափ ու ծիծաղ է…
Սպասի՜ր…
Շնչի՜ր….
Ծնվում է մայրս…..

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *