The New York Times Հունիսի 5, 1955
Թոմաս Մանի ութսուներորդ տարեդարձը կարող էր ենթադրել ծերացած Օլիմիականի, որը Ցյուրիխի լճի առանձնատնից զուսպ հետևում էր աշխարհին: Պատկերն իրականում ոչ ամբողջությամբ էր ճիշտ: Մինչև այս հանդիպումը Նոբելյան մրցանակակիր գրողը Ֆրիդրիխ Շիլլերի մասին դասախոսություններ էր կարդացել Շտուտգարտում և Վայմարում, Գյոթինգենում բանակցել էր «Բուդենբրոկներ» և «Կախարդական լեռ» վեպերի էկրանավորման հոնորարարի հավանական չափի շուրջ և խոսել էր Հյուսիսային Գերմանիա ռադիոկայանով: Հարցազրույցից անմիջապես հետո իր ծննդավայր քաղաք Լյուբեկ էր մեկնելու պատվավոր քաղաքացու կոչում ստանալու համար, Ցյուրիխում պաշտոնական ծննդյան տոնախմբությունների կենտրոնում էր լինելու, Հոլանդիայում սկսելու էր դասախոսությունների շարք: Վերջին սակայն ոչ պակաս կարևոր բանը` ավարտել էր իր «Ֆելիք Կրուլլ» վեպը (այս 442 էջերը հաստատակամորեն և աշխուժորեն ենթավերնագրված էին «Հուշերի առաջին հատոր»), որ հայտնվել էր գերմանացի քննադատների դրվատանքների տարափի տակ:
Ութսունամյա գրողին հանդիպեցի Բալթիկ ծովի ամառանոցում, որտեղ Հերր Դոկտորը պիտի կարճատև հանգիստ ունենար (Գերմանիայում, որտեղ ամեն ակնոցներով վճարունակ մարդ իրեն արժանի էր համարում ունենալ Ph.D, Թոմաս Մանին տրվել է Հերր Դոկտոր կոչումը): Նրա հյուրանոցային սենյակը կարող էր լինել պրեմիերայի օրվա սենյակ Մերի Մարթինի համար: Ծաղիկներ, զանգեր, հեռագրեր և նա, ում ներկայությամբ նույնիսկ միսս Մարթինը երբեք չէր կարող պարծենալ՝ Կատյա Մանը։
Հերր Դոկտորի հետ հարցազրույց անել մշտապես նշանակում է հարցազրույց անել նաև Ֆրաու Դոկտորի հետ, նրա հմայիչ և կենսուրախ կնոջ, որի զրուցելու մղումը հրաշալիորեն խթանում էր, ոչ թե խոչընդոտում զրույցը: Այս զրույցի համար նա հագել էր նրբագեղ, փիրուզագույն թավշյա բաճկոն ասեղնագործած թևերով: Զրույցի ընթացքում կառավարում էր անցուդարձը, որին մասնակցում էին հեռագրերը բերող տղան, հյուրանոցի աշխատակիցը, ես և թեյ լցնող սպասուհին:
Այս ամենի մեջտեղում վարպետն էր: Մոխրագույն գործնական հագուստով, ձեռքերը փաստացի ծալած նա մոտավորապես տասնհինգ տարի ավելի երիտասարդ էր երևում և ավելի բուրժուա (ուրիշ բառ գտնել անհնար է) քան իր լուսանկարներում: Իրականում նա նման էր հացահատիկի վաճառականի, որն իր գրասենյակի առանձնության մեջ մտածում էր Համբուրգի բորսայում ցորենի ֆյուչերսային գործարքների մասին: Իրական խնդիրը, որ ես էի տվել նրան, մի քիչ այլ էր:
-Չեմ կարծում, թե իմ գրքերից որևէ մեկը համարում եմ ամենակարևորը,-ասաց իր ճշգրիտ և համաչափ հնչերանգ ունեցող վերին գերմաներենով: Ամենաերկար և կարծեմ ամենահարուստ գործը «Հովսեփ» եռագրությունն է. (Մանի ժպիտը և նաև նրա խոսքի ոճը հաճախ ունենում են պատշաճ երկիմաստություն` ափսոսանքով և միևնույն ժամանակ ինքնահեգնանքով լի) հավանաբար ես նախընտրում եմ «Հովսեփը» իր գերհագեցվածության համար։ Իմ վերջին մեծածավալ գործն է,- նա շրջվեց սիգարը վառելու համար,- իհարկե նաև «Ֆաուստուսը», որը ամենածանր լարումն է դրել իմ միջոցների վրա և այդ առումով ամենամոտն է ինձ: Կա նաև «Տոնիո Կրոգերը»` ամենաանձնական և զգացմունքայնութամբ ամենաինքնակենսագրական գործը, որ ես երբևէ գրել եմ:
-Սպասիր,- Ֆրաու Մանն հորդորող տոնով թափահարեց խմորեղենը,- մեր հյուրը ամերիկացի է: Ավելի ճիշտ կլինի լավ խոսքեր ասել «Լեռան» մասին:
-Այո,- ասաց հերր Դոկտորը,- Նահանգներում «Կախարդական լեռն» են համարում իմ գլուխգործոցը, որովհետև հավանաբար փորձում է լինել եվրոպական մշակույթի դիալեկտիկական ամփոփումը։ Իսկ Գերմանիայում «Բուդենբրոկները» դեռ գովերգում են: Բնական է, որ ես շնորհակալ եմ այդ գրքերին: Հավանաբար (նորից այդ նույն ժպիտը) չպիտի հարցնեք ամենասիրելի երեխայի մասին: Ես շատերն ունեմ, ուրեմն ոչ մեկն ավելի չեմ նախընտրում:
– Իսկ առաջինը ծնվել է վաթսուն տարի առաջ,- ասաց տիկին Մանը հանկարծակի: Նրա առաջին պատմվածքը տպվեց մինչև քսան տարեկան դառնալը: Իսկ սիգարի ծուխը, որ նա փչել է տասնամյակներ շարունակ, ինձ դրդեց հարցնել, թե արդյոք կա միավորող շարժառիթ, մի թել, որն ընդհանուր է այսքան տարիների ու ստեղծագործությունների համար։
– Կարծում եմ,- նա դանդաղ խորհում էր,- հիմնական թեման, որ խաղարկվել է իմ բոլոր գործերում, արվեստագետի խնդիրն է, հակադրությունը գեղեցկության պարգևած հուզումի և կենցաղային պահանջների միջև: Եթե կուզեք` անկանոն կամ գերնորմալ բանաստեղծական տեսլականի և ութին մեկնող ավտոբուսին հասնելու միջև: Իմ թեման նաև պարադոքսն է, որ երազը չի կարող ապրել առանց հակադրվող կարիքի, որովհետև պիտի ներշնչվի դրանով:
Կարճ կլանող լռություն տիրեց, որից հետո հետաքրքրվեցի, թե արդյոք փոխվել է արվեստագետի խնդիրը իր վաթսուն տարիների փորձառության ընթացքում:
Նա պատուհանից դեպի Բալթիկ ծովը նայեց.
– Կասեի` արվեստագետի դրությունն ավելի է բարդացել: Նկատի չունեմ ֆինանսապես, որովհետև միշտ էլ ծանր է եղել: Նկատի ունեմ զանգվածային հաղորդակցությունների զարգացումը, որը հաճախ իմաստազրկում և խեղդում է միտքը: Հիմնական խնդրի վրա կենտրոնանալը և այն դրամատիզացնելը ավելի է բարդացել: Այսօր քաղաքական քարոզչությունը և մասսայական մշակույթը բոլոր կողմերից ազդում են երիտասարդ արվեստագետի վրա: Շատ գայթակղիչ է հարմարվել և գրել մակերեսային մեդիայի համար: Բոլոր խանգարող հանգամանքները թույլ չեն տալիս արվեստագետին դեպի ինքն իրեն և իր ներսի մարդը շրջվել:
– Եթե նա թույլ է տալիս շեղել իրեն,- Ֆրաու Դոկտորն ասեց:
– Ես հաջողակ էի,- գլխով հաստատեց,- անցա երկու համաշխարհային պատերազմների միջով և ինքս քարոզչության առարկա դարձա: Բայց շարունակեցի հավատարիմ մնալ գործիս: Օրինակ ես սկսեցի «Հովսեփ»-ը Հիտլերի աճող ստվերի ուղեկցությամբ և շարունակեցի այն եվրոպական աքսորի ժամանակ և ավարտեցի Ամերիկայում պատերազմի ժամանակ:
– Խոսում է այնպես, կարծես ինքը դժվարությունների չի հանդիպել,- Ֆրաու Մանը ասաց ինձ ջերմորեն,- «Ամերիկայի ձայնով» արված ռադիոհայտարարությունները և մնացած բոլոր պամֆլետները:
– Ճիշտ է, բայց ես փորձել եմ դրսում կատարվող իրադարձությունները իմ ստեղծագործական աշխատանքից հեռու պահել:
– Բայց քո գործերն անգամ ազդեցությունը կրում են, չեն շեղվել, բայց ազդեցություն են կրել:
Նա ձեռքը դավադրորեն դրեց նրա ուսին.
– Պատմիր նրան «Հովսեփի» մասին նախագահական գաղտնիքը:
– Ինչը՞,- բացականչեցի:
– Դե դա գաղտնիք չէ,- Մանը ժպտաց,- «Հովսեփի» հղացումը որոշ առումով վերցվել է Ֆրանկլին Ռուզվելտի հետ իմ ծանոթությունից: Եվ Եգիպտոսում Հովսեփի կառավարման մասին տեսակետս հետքեր ունի Նոր կուրսից ունեցած տպավորություններից:
– Ահա խնդրեմ,- շողաց Ֆրաու Մանը:
– Անշուշտ, «Հովսեփը» ծրագրած չէր որպես իրական փաստերի հիմքով վեպ, բայց կնոջս`«ազդեցություն կրող, բայց չշեղված» արտահայտությունը շատ ճիշտ է: Կատարվող իրադարձությունների ազդեցության տակ արտիստին առնչվող իմ հիմնական մտահոգությունը ստացավ ավելի լայն հիմք: Առանց քաղաքականությամբ տարվելու ես տվեցի բարոյական եզրակացություններ քաղաքական իրադարձություններին և ավելացրի դրանք իմ գործերի գեղագիտական թեմաներին:
– Գիտակցաբար հենց «Մարիոյից» էլ սկսել էիր,-հարցրեց Ֆրաու դոկտորը:
– Այո, «Մարիոն և հրաշագործը» բերեց այդ առաջին պլան, և նաև «Կախարդական լեռն» և «Հովսեփի» շարքի մեծ մասը:
– Եվ արդյոք այս նույն գիծը,- համարձակվեցի հարցնել,- արտահայտվել է նաև վերջերս հրատարակված «Կրուլլում»:
– Օ, այո, և զավեշտականորեն լուրջ գիրքն է, որ երբևէ գրել է,- ասաց Ֆրաու Դոկտորը,- տեսե՞լ եք գերմաներեն գրախոսությունները:
– «Կրուլլի» առաջին հատվածը տպագրելուց հետո,- արագ ասաց դոկտոր Մանը հավանաբար գովասանքը կանխելու համար,- ես տարա գիրքը ինձ հետ քառասուն տարի մինչև նստելն ու իրականում գրելը:
– Քառասուն տարի~,-զարմացա ես:
– Դե «Մահը Վենետիկումը» ներխուժեց, ապա շատ ուրիշ ծրագրեր, ուստի անընդհատ հետաձգում էի: Բարդ էր նաև «Կրուլլի» ոճը: Կատակերգություն է, որը ոչ միայն արձագանքում է 18-րդ դարի կատակերգություններին, այլ նաև (նա առաջ եկավ ժպտալով կարծես խաղ էր խաղում գործընկերոջ գլխին, ասենք հարակից գրասենյակում աշխատող հացահատիկի վաճառականի) երբեմն ծաղրանմանակում է Գյոթեի խոստովանական ոճը «Պոեզիա և ճշմարտությունում»: Այն ժամանակ կարծում էի, որ այդ ոճը հարմար է տեսարանների կամ ակնթարթային պատկերների դեպքում, բայց չի կարող ենթարկվել վեպի ձևաչափին: Ինչն ավելի կարևոր է, (Ֆրաու Մանը նայում էր նրան հպարտորեն, երբ երկար և լավ մշակված նախադասությունները գլորվում էին նրա մոխրագույն վաճառականական բեղերի տակից) մինչև վերջերս ես պատրաստ չէի ամբողջական «Կրուլլի» դեպքում արտահայտել թեմաների երկակիությունը, որ գիրքը պահանջում է: Նախ պիտի ձևակերպեի արտիստի վաղուց եղած խնդիրը «Կրուլլի» համար, խաբեբա, որ կազմակերպում ու կանոնավորում է իր ինքնությունը որպես արտիստ, հորինում է իր կերպարը, ապա մյուս` իմ նոր սոցիալական և բարոյական մոտիվը, քանի որ խաբեբան խաղում է արժեքների և բախումների հետ այն սոցիալական իրականության մեջ, որտեղ ապրում է:
– Եվ նաև շատ զվարճալի գիրք է,- Ֆրաու Դոկտորը հրաշալիորեն շեղեց զրույցի ուղղությունը:
– Այո, դա էր հավանաբար «Կրուլլը» վերսկսելու ամենակարևոր պատճառը: Եվ որքան տարիքս մեծանում է, այնքան ավելի ու ավելի անհամբեր եմ դառնում մարդկանց ծիծաղ պատճառելու հնարավորությունների հանդեպ, նրանց կառուցողականորեն ծիծաղեցնելու, հնարավորության դեպքում նրանց զարմացնող ինքնաճանաչմամբ հրապուրելը: Իմ ամենամեծ ուրախությունը հանրային ընթերցանության ժամանակ ծիծաղի ձայն լսելն է:
– Բայց «Կրուլլի» ոճի դժվարությունները,-հիշեցրի:
– Հա՜, կարողացա անել` մեղմացնելով դրա սատիրական շերտը: Ես այն վերածեցի ավելի հոգեբանական, քան գրական գործիքի: Այն ավելի ակնհայտ կլինի երկրորդ հատորում, որտեղ…
Հանկարծ ընդհատեց ինքն իրեն և երկտմելով նայեց Ֆրաու Մանին:
Նա հորդորեց.
– Շարունակիր: Ներկայացրու նրան ընդհանուր գծերը:
– Երկրորդ հատորում Կրուլլը հայտնվում է ամուսնական և քրեակատարողական դրվագների մեջ («Այդ երկուսը չշփոթեք իրար հետ,-նախազգուշացրեց նրան Ֆրաու Դոկտորը) և վերջապես թոշակի է անցնում Լոնդոնում, որտեղ էլ գրում է իր հուշերը:
Սա էլ ինձ ստիպեց հետաքրքրվել, թե ինչպես է ինքը՝ Դոկտոր Մանը, ապրում թոշակի անցած լինելու հակադրությամբ, բայց հասցնում գրել օրվա իր չափաբաժինը:
– Դե, ամեն առավոտ իննից մինչև մեկը նախաճաշից հետո, երբ ես Ցյուրիխում եմ: Տուն եմ գնել այնտեղ, աղջիկս` Էրիկան է այնտեղ, մի սև պուդել և շատ լավ սիգարներս: Կեսօրները ընթերցանության համար են, վիթխարի նամակագրությանս կամ զբոսանքի:- Նա ոտքի կանգնեց:- Մենք զբոսանքի և զրույցի պայմանավորվածություն ունենք հենց հիմա:
– Երբևէ Հերր Դոկտորը կվերադառնա՞ Միացյալ Նահագներ,- տվեցի վերջին հարցս:
– Հուսով եմ, առնվազն այցելության համար:
Նա դրեց իր հոմբուրգ գլխարկը, Ֆրաու Մանը` նրբագեղ շարֆը:
– Ես անցկացրել եմ օգտակար և գոհացուցիչ տասնհինգ տարիներ Ամերիկայում:- Նա ժպտալով ու մտածկոտ թոթվեց ուսերը:- Որքան մեծանում եմ, այդքան զգում եմ իմ եվրոպական արմատները: Եվ ես պիտի հետևեմ դրանց:
Ապա ես ուղեկցեցի նրան և կնոջը. գնում էին զբոսանքի:
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Երանյանի