Իվո Անդրիչ | Զրույց Գոյայի հետ

Տաք և խաղաղ հետմիջoրեի առաջին ստվերներն ընկնում էին ճանապարհին։ Մոտավորապես քսան կիլոմետր էր մնում մինչև Բորդո։ Croix des Huins-ով անցնելիս ճանապարհի աջ կողմում նկատեցի անլար հեռագրասարքի կայմերը։ Մետաղյա սարդոստայնի աշտարակներ՝ ժանյակների պես հիասքանչ և ամրոցների նման անսասան։

Առաջ շարժվելով՝ շարունակում էի խորհել հինավուրց, գեղակազմ տաճարների և այդ անլար հեռագրասարքերի պողպատյա աշտարակների միջև եղած նմանության մասին։ Այնտեղ  էլ մարդիկ են, որոնք ծառայում են դրանց այնպես, ինչպես որ հոգևորականները՝ տաճարներին։ Եվ գիշերները, որպեսզի ինքնաթիռները մշուշի մեջ դեմ չառնեն այդ աշտարակներին, վերևից ներքև կարմիր և կանաչ ճրագներ են վառվում դրանց վրա, ինչպես մոմերն ու կանթեղները` եկեղեցիներում։ Անշուշտ, այդ հեռագրային աշտարակները տրամաբանական հիմք ունեն, և դրանցում ամեն բան որոշակի գործնական նպատակի է ծառայում, մինչդեռ եկեղեցական աշտարակներն այժմ լոկ շքեղ խորհրդանիշներ են։ Սակայն ժամանակին դրանք նույպես ստեղծվել են ըստ անհրաժեշտության և կառուցվել տրամաբանանության հիման վրա։ Միայն թե այդ տրամաբանական հիմքը հնացել է, իսկ նպատակը՝ մոռացվել և անհետացել։

Այդ անալոգիան հանգիստ չէր տալիս ինձ, և դրա շնորհիվ մտքումս արտասովոր պարզ և համոզիչ կերպով շաղկապում էր այն, ինչը կոչում ենք «մոտիկ», նրան, ինչն անվանում ենք «հեռավոր», «հնարավորը»՝ «անհնարինին»։ Աչքիս առաջ ունենալով այդ ժամանակակից եկեղեցիների պատկերները, որոնցում ամեն վայրկյան հրաշք էր կատարվում, այնպիսի զգացում ունեի՝ ասես և՛ միտքս, և՛ երևակայությունս թեթևություն, արագություն և անցած ժամանակներն ու մահացած մարդկանց վերակենդանացնելու ունակություն էին ձեռք բերել։

Վիթխարի և մերօրյա դեռևս ոչ կատարյալ տաճարները, որոնք ուսումնասիրում էի Croix des Huins-ում կեսօրից հետո, երեկոյան նույնպես մտորումներիս առարկան էին, երբ գինեգործների մեծ քաղաքում թափառելիս հոգնած նստեցի արվարձանում գտնվող ինչ-որ սրճարանի առաջ։ Նմանատիպ արվարձաններ գոյություն ունեն աշխարհի բոլոր երկրներում։ Այստեղ կոյուղին դեռևս սկզբնական վիճակում է, ասֆալտ հազվադեպ է հանդիպում, իսկ փողոցները միայն տեղական համայնքին հայտնի բանաստեղծների կամ բժիշկ-մարդասերների անուններն են կրում։ Հենց այդ նոր-նոր ձևավորվող թաղամասերում օտարերկրացին ամենից լավ կարող է շունչ քաշել և խորհել, որտեղ ոչ մի հաստատուն և մշտական բան չկա, որտեղ ոչինչ չի հափշտակում և ալեկոծում միտքը։

Սրճարանից ոչ հեռու՝ պարապուտում` վերջին շինարարություններից մնացած աղբի մեջտեղում, կրկեսային վրան էին տեղադրում։ Ականջիս էին հասնում մուրճի թխկոցը, աշխատավորների բացականչություններն ու բորենու կամ մեկ այլ գազանի՝ ժամանակ առ ժամանակ գազանանոցի ճաղերից լսվող խռպոտ ոռնոցը։

Նմանատիպ պստլիկ սրճարանները, որտեղ ո՛չ առանձնահատուկ կահույք, ո՛չ էլ զարդարանքներ կան,  քիչ թե շատ ամենուր միանման են, դրանց վրա չեն ազդում ո՛չ ժամանակը, ո՛չ նորաձևությունը։ Սեղաններ, նստարաններ, լայն բերանով շշեր, կոպիտ, պղտոր ապակուց բաժակներ, կապույտ գոգնոցով և քշտած թևքերով սեփականատեր․ այդ բոլորը միշտ և ամենուր միանման է, և այդ բոլորը տեսել են այցելուների շատ ու շատ սերունդներ։ Այդ բեմանկարների մեջ միշտ կարելի է զետեղել տարբեր դարաշրջանների մարդկանց, զգեստներ և սովորույթներ, և վերջիններս ամենևին չեն հակասի դրանց, չեն առաջացնի ոչ մի տեսակի անախրոնիզմներ[1], որոնք կխախտեն պատրանքը և անհավանական կդարձնեն տեսարանը։

-Այո՛, պարո՛ն, – կողքիս ասաց ինչ-որ մեկը՝ հաստատելով մտքերս, ասես բարձրաձայնել էի դրանք։

Դա խոր խռպոտ ձայնով արտաբերեց անսովոր ձևվածքով մուգ կանաչ թիկնոցով տարեց տղամարդը։ Գլխին սև գլխարկ էր, որի տակից երևում էին ճերմակ և ցանցառ մազերը, և փայլում էին հոգնած, բայց աշխույժ աչքերը։ Դիմացս նստած էր Ֆրանցիսկո Խոսե դե Գոյա ի Լուսիենտեսը՝ իսպանական արքունիքի նախկին առաջին գեղանկարիչը, իսկ 1819 թվականից այդ քաղաքի բնակիչը։

-Այո՛, պարո՛ն․․․

Եվ շարունակեցինք զրույցը, որն, ըստ էության, Գոյայի՝ իր, արվեստի և մարդկային ճակատագրի ընդհանուր խնդիրների մասին մենախոսությունն էր։ Եթե նույնիսկ այդ մենախոսությունն առաջին հայացքից անկապակից և անհետևողական թվա ձեզ, իմացե՛ք, որ այն Գոյայի գեղարվեստական արվեստի և կյանքի ներքին կապի վրա է հիմնված։

-Այո՛, պարո՛ն, գորշ և աղքատիկ միջավայրն են արտասովոր և փառահեղ գործերի թատերաբեմը։ Չէ՞ որ տաճարների և ապարանքների այդ ողջ պերճությունն ու գեղեցկությունը, ըստ էության, կոպտության և աղքատության մեջ բռնկված և կամ ծնունդ առածի վերջին ծաղիկներն են:  Ապագայի սաղմը կոպտության մեջ է, իսկ գեղեցկությունն ու շքեղությունը մարման և կործանման անսխալ նշաններն են։ Սակայն մարդկանց հավասարապես անհրաժեշտ են և՛ շքեղությունը, և՛ պարզությունը։ Դրանք կյանքի երկու սուրբ երրորդություններն են։ Դրանք երկուսը միաժամանակ չի կարելի տեսնել, քանզի նայելով մեկին՝ անպայման տեսադաշտից կորցնում ես մյուսը։ Եվ եթե ինչ-որ մեկին երբևէ բախտ վիճակվի տեսնել այդ երկու սուրբ երրորդությունները, նայելով մեկին՝ դժվար է չմտածել մյուսի մասին։

Անձամբ ես միշտ պարզության կողմնակիցն եմ եղել, ձևերի բազմազանությամբ և շքեղությամբ աչքի չընկնող ազատ և խոր կյանքի կողմնակիցը։ Ինչ էլ որ ասեն մարդիկ, ինչ էլ որ ես ժամանակին մտածած և ասած լինեմ պատանեկության եռուն պահին, այդպես է, որ կա։ Այդպիսին եմ ես, և այդպիսին է Արագոնը, որտեղից որ ծնունդով եմ։

Քանի դեռ նա խոսում էր, աչքս գցեցի սեղանին, որտեղ դրված էր նրա՝ ասես ինքն իր կյանքով ապրող աջ ձեռքը։ Սարսափելի ձեռքը, ճիշտ ինչ-որ մի հրաշագործ մանդրագորա՝ խիլավոր, մոխրագույն, զորավոր, բայց չոր, ինչպես անապատի ավազաբլուրը։ Այդ ձեռքն ապրում էր, քարի անտեսանելի կյանքով էր ապրում։ Ո՛չ արյուն, ո՛չ ավիշ կար դրանում, մի ուրիշ տեսակի նյութից էր բաղկացած այն, որի առանձնահատկությունները անհայտ էին մեզ։ Այդ ձեռքը նախատեսված չէր ընկերական ձեռքսեղմումների համար, նրա համար, որ շոյեին, բռնեին կամ հետ քաշեին։ Դրան նայելով՝ ինքդ քեզ վախով հարցնում էիր․ մի՞թե այդպիսին էլ կարող է դառնալ մարդու ձեռքը։

Երկար ժամանակ չէի կարողանում հայացքս պոկել նրա ձեռքից, որը խոսակցության ողջ ընթացքում անշարժ դրված էր սեղանին, ասես իրեղեն ապացույցը լիներ այն բանի իրավացիության, ինչի մասին խոսում էր ծերուկը իր խուլ կրծքային ձայնով՝ ժամանակ առ ժամանակ բոցի նման բարձրացող, որը հնարավոր չէր ո՛չ հանգցնել, ո՛չ թաքցնել։

Իսկ նա շարունակում էր խոսել արվեստի, մարդկանց, իր մասին, հեշտությամբ և ազատ անցում կատարում մի թեմայից մյուսին՝ կարճատև դադարներ տալով, որոնք խախտում էի աչքերիս անխոս հարցով միայն՝ անընդհատ զգուշանալով՝ չլինի թե ծերուկը անէանա, վայրկենապես և տարօրինակ կերպով վերանա, ինչպես անհետանում են ուրվականները։

-Գիտե՞ք ինչ, նկարիչը «կասկածելի անձնավորություն» է, մութ դիմակով մարդ, կեղծ անձնագրով ճանապարհորդ։ Դիմակի տակ նրա դեմքը հիասքանչ է, նրա հասարակական դիրքը շատ ավելի բարձր է, քան նշված է անձնագրում, բայց հետո՞ ինչ։ Մարդիկ չեն սիրում անորոշություններ և խորհրդավորություններ, և դրա համար էլ կասկածելի և երկերեսանի են անվանում նրան։ Իսկ կասկածը հենց որ ծնունդ է առնում, սահմաններ չի ճանաչում։ Եվ եթե նույնիսկ նկարիչը կարողանար բացահայտել աշխարհին իր իրական դեմքն ու կոչումը, ո՞վ կհավատար նրան, թե դա նրա վերջին խոսքն է։ Եվ եթե ցույց տար իրական անձնագիրը, ո՞վ կհավատար, թե այդպիսի երրորդ պատրաստ անձնագիր չկար նրա գրպանում։ Պատռեր դիմակը՝ մտադրվելով անկեղծ ծիծաղել և ուղիղ մարդկանց աչքերի մեջ նայել, միևնույնն է կգտնվեն այնպիսինները, որ կսկսեն խնդրել, որպեսզի մինչև վերջ անկեղծ ու բացսիրտ լինի և դեն նետի այդ վերջին դիմակը, որն այնքան նման է մարդկային դեմքին։ Նկարչի ճակատագիրը մի դիմակը մյուսով փոխելու և մի հակասությունը մյուսին կապելու մեջ է։ Եվ նույնիսկ այն բարեկեցիկներն ու հավասարակշռվածները, որոնց մոտ դա ամենից քիչն է նկատվում և ամենից քիչն է զգացվում, մշտապես տատանվում են և մշտապես կապում են անկապելին։

Երբ Հռոմում էի ապրում, բարեկամներիցս մեկը՝ միստիկային հակված մի նկարիչ, մի անգամ ասաց․

-Նկարչի և հասարակության միջև միևնույն անդունդն է, ինչ աստծո և աշխարհի, միայն թե ավելի փոքրածավալ։ Առաջինի անտագոնիզմն[2] ընդամենը երկրորդի խորհրդանիշն է։

Տեսնո՞ւմ եք, այդպես էր նա արտահայտվում։ Ճշմարտությունը տարբեր եղանակներով կարելի է արտահայտել, բայց ճշմարտությունը մեկն է և մշտնջենական։

Այդպես օգտագործելով երևակայությունը՝ Պաոլոն արտահայտում էր մեր ընդհանուր միտքը։

Երբեմն ինքս ինձ հարցնում եմ․ այդ ի՞նչ կոչում է։  (Իսկ դա կոչում է, այլապես ուրիշ ի՞նչը կարող է այդպես ծայրից ծայր լցնել մարդու կյանքը և այդքան ուրախություն ու տառապանք պատճառել նրան)։ Այդ ի՞նչ անհաղթահարելի և անհագ ձգտում է արմատախիլ անել անգոյության խավարից կամ զնդանից, որպիսին կյանքում ամեն ինչ ամեն ինչին կապկպված լինելն է, որպեսզի այդ դատարկությունից կամ այդ կապանքներից ծվեն առ ծվեն պոկի մարդկային կյանքն ու երազանքները, վերստեղծի դրանք ու փխրուն կավիճով «հավիտյանս հավիտենից» դրոշմի անհարատև տախտակի վրա։

Մեր մի քանի հազար ձեռքերը, աչքերը և ուղեղներն ի՞նչ են անծայրածիր թագավորության առաջ, որից մանր բեկորներ ենք խլում բոլոր ուժերի բնազդական ու մշտական լարմամբ։ Սակայն ջանքերը, որոնք մարդկանց մեծամասնությանը լիակատար հիմունքով խելազուրկ և ունայն են թվում, բնածին վիթխարի համառության այնպիսի մի բան են թաքցնում իրենց մեջ, որով մրջյունները մրջնաբույն են կառուցում բանուկ տեղում, որտեղ այն, անկասկած, քայքայման և կործանման է դատապարտված։

Այդ զբաղմունքի անվերջանալի չարչարանքից և անզուգական քաղցրությունից պարզ զգում ենք, որ ինչ-որ մեկից ինչ-որ բան ենք խլում, վերցնում ենք մի մութ աշխարհից մեզ անհայտ մեկ ուրիշ աշխարհի համար՝ ոչնչից խլածը անհայտ ինչ-որ մի տեղ տեղափոխելով։ Դրա համար էլ նկարիչը «օրենքից դուրս է», ուխտադրուժ բառիս ամենավեհ իմաստով, դատապարտված նրան, որ ուժերի անմարդկային և անելանելի լարվածությամբ հարստացնի ինչ-որ բարձրագույն, անտեսանելի կարգ ու կանոն՝ խախտելով ցածրագույնը, տեսանելին, որում իր ողջ էությամբ նրան վիճակված էր ապրել։

Մենք ձևեր ենք ստեղծում, ասես մի ուրիշ տեսակի բնություն, կանգնեցնում ենք պատանեկությունը, պահպանում ենք հայացքը, որը «կյանքում» մի քանի ակնթարթ հետո փոխվում է կամ մարում, որսում և կորզում ենք կայծակնասլաց ժեստեր, որոնք ոչ ոք չէր տեսնի, և իրենց առեղծվածային ողջ իմաստով թողնում ենք ապագա սերունդների հայեցողությանը։ Եվ ոչ միայն դա։ Յուրաքանչյուր ժեստ և յուրաքանչյուր հայացք մեկ նրբերանգով կամ մեկ ստվերագծով նկատելիորեն սաստկացնում ենք։ Դա ո՛չ չափազանցություն է, ո՛չ սուտ, և ըստ էության, չի փոխում պատկերվող երևույթը, բայց ապրում է դրա կողքին՝ որպես աննկատ, բայց մշտական նշան այն բանի, որ այդ ստեղծագործությունը երկրորդական է, և նրան ավելի հարատև ու նշանակալի կյանք է սպասվում, և որ ստեղծման հրաշքն անձամբ մեր մեջ է կատարվել։ Ըստ այդ սաստկացման, որով օժտված է ցանկացած գեղարվեստական ստեղծագործություն՝ երևում է արվեստի դիվական ծագումը։ Գոյություն ունի առասպել, իբրև թե նեռը[3], եթե գա երկիր, արարելու է նույնը, ինչ աստված, միայն թե ավելի մեծ արվեստով և կատարելությամբ։ Նրա մեղուները խայթող օրգան չեն ունենալու, իսկ նրա ծաղիկները այդքան շուտ չեն թառամելու, ինչպես մերը։ Դրանով նա կգրավի ընչաքաղցներին և դյուրահավատներին։ Հնարավոր է նկարիչը նեռի նախակարապետն է։ Հնարավոր է մեզնից հազարավորները «նեռ են խաղում», ինչպես մանուկները՝ պատերազմ։

Եթե աստված ստեղծել և կերտել է ձևեր, ապա նկարիչն իր պատասխանատվությամբ է ստեղծում դրանք և վերստին հաստատում, որ ինքը կեղծարար է, բայց անշահախնդիր, բնազդային և դրա համար էլ վտանգավոր։ Այդպիսով` նկարիչը նոր, նման, բայց ոչ նույնական երևույթների և երևակայական աշխարհների ստեղծողն է, որոնք հաճույքով և հպարտությամբ կարող են դիտահայել մարդկանց աչքերը, բայց թե ավելի մոտիկից առնչվեն, մի ակնթարթում կգլորվեն դրանց՝ ասես անգոյության անդունդի մեջ։

Դա իմ ընկեր Պաոլոյի՝ իտալացու, որի երակներով սլավոնական արյուն էր հոսում, փառահեղ տեսությունն էր։ Պետք է նրա նման հակված լինես երևակայությանն ու  միստիկային, որպեսզի այդ ամենն այդպես շաղկապես։ Ինձ համար այդ ամենը հետաքրքիր է այնքանով, որ պարզվում է՝ կարելի է ստեղծել ու բացահայտել աշխարհներ՝ բարձր և ցածր այն հարթությունից, որում դու ինքդ ես ապրում։ Բոլորովին ուրիշ խմորի մարդ լինելով՝ չէի կարողանում հասկանալ ըմբռնման և արտահայտման նրա եղանակը։ Քանզի ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, հստակ գիտեմ, որ գոյություն ունեցող աշխարհը միակ իրականությունն է, և որ լոկ մեր բնազդներն ու զգայական օրգանների ոչ միատեսակ հակազդումներն են ստեղծում երևույթների տպավորություններ, որոնցում առարկայացվում է առաջին հայացքից յուրահատուկ, էությամբ տարբեր աշխարհների այդ միակ իրականությունը։ Սակայն ոչ մի այդպիսի բան չկա։ Գոյություն ունի միայն մեկ իրականություն իր՝ մեզ լոկ մասամբ հայտնի, մշտատև օրենքների անընդհատ մակընթացություններով և տեղատվություններով։

Վրիպելու և պատճառները հետևանքներով ինքնակամ փոխարինելու ցանկության դեպքում կարող էի Պաոլոյի՝ նեռի՝ նկարիչ-արարչի կոչման մասին տեսության համար ավելի ծանրակշիռ ապացույցներ գտնել։ Բայց այդ փաստերից նման հետևություններ չէի անի։ Ընդհանրապես խուսափում եմ որևէ տեսակի հետևություններից։ Սակայն փաստերը տեսնում եմ։ Պաոլոն ասում էր․ «Նկարիչն անիծված է, քանզի, ինչպես տեսնում եք, այսպիսին և այսպիսին է»։ Ես սահմանափակվում եմ արձանագրումով․ նկարիչն այսպիսին և այսպիսին է։ Եվ այստեղ ամեն բանում համաձայն եմ նրա հետ։

-․․․

Իմ տանը փոքրիկ Ռոսարիտոն էր ապրում իր մոր հետ։ (Այդ անունն արտաբերելիս ծերուկն իջեցրեց խորաթափանց հայացքը, և նրա փակ կոպերին մշուշաքող հայտնվեց)։ Մի անգամ, երբ հինգ տարեկան էր, ականջ դրեցի նրա և մի տղայի խոսակցությանը, որը նոր էր դպրոց գնացել և պարծենում էր իր գիտելիքներով։

-Իսկ դու գիտե՞ս, թե ով է մարդկանց ստեղծել, – հարցրեց նա։

-Մարդկա՞նց։ Քեռի Ֆրանցիսկոն, – պատասխանեց աղջնակը՝ ցույց տալով արհեստանոցումս կախված դիմանկարները։

Պարծենկոտ տղան ասես հանկարծակի մոռացավ իր կատեխիզիսը[4] և կմկմալով փնթփնթաց․

-Աստված․․․ աստված է ստեղծել։

Ընդ որում՝ աչքը չէր կտրում իրեն շրջապատող դիմանկարներից, իսկ աղջնակը, ցույց տալով մե՛րթ մի դեմքը, մե՛րթ մյուսը, դրանցից յուրաքանչյուրից առաջ հաղթանակած կրկնում էր․

-Քեռի Ֆրանցիսկո․․․ քեռի Ֆրանցիսկո․․․

Սրճարանի դիմացի պարապուտում հայտնված կրկեսում թնդացին շեփորներն ու թմբուկները։ Տարեց պարոնը լռեց։ Որոշ ժամանակ լսում էր՝ առանց ջղաձգության և անհամբերության։ Երաժշտական գործիքները սկսում էին լռել։ Միայն ինչ-որ ճղճղան շեփորի ձայնն էր մնացել։ Դրա հնչյունների ներքո ծերուկը նորից սկսեց կամաց և հստակ խոսել։

-Ինձ համար կրկեսը թատրոնի ամենավայելուչ ձևն է։ Այն չարյաց փոքրագույնն է այս ողջ չարիքի մեջ։ Ցանկացած հրապարակային ելույթի մեջ ասես ինչ-որ արգելված և ամոթալի բան կա։ Երբ ավելի երիտասարդ էի, հաճախ երազումս տեսնում էի, թե ինչ-որ բեմի վրա եմ խաղում անտեսանելի, բայց մեծաթիվ և խստապահանջ հասարակության առաջ, և անընդհատ ինքս ինձ հարցնում էի՝ այդ ոնց էր եղել, որ ես՝ ինքնակոչս և անպատրաստս, բեմի վրա էի հայտնվել։ Եվ պետք է խաղայի դեր, որ նույնիսկ չէի հասցրել կարդալ, և որից ոչ մի բառ չգիտեի։

Անհնար է նկարագրել, թե ինչ տանջալից է նման երազը։ Եվ բավականին հաճախ էի տեսնում այն։

Կյանքում առիթ եմ ունեցել առնչվելու և՛ թատրոնի, և՛ դերասանների հետ։ Եվ ամեն անգամ համոզվել եմ, որ մեր բոլոր ջանքերից ամենաանիմաստը թատրոնն է։ Երբ այս կամ այն պատճառով առնչվում էի բեմին ու դերասաններին, չէի կարողանում ազատվել ապարդյունության զգացումից և ինքս ինձ հարցնում էի․ մի՞թե թատրոնի ոչնչությունը այն բանի արտացոլանքը չէ, ինչ վաղ թե ուշ սպասում է ցանկացած արվեստի։ Երբ անփութորեն ներկված ստվարաթղթե մեղրաբջիջներ եմ տեսնում, որոնք այս կամ այն օպերայում լեռնաբնակները նվիրաբերում են անտառային աստվածությանը, հաջորդ օրը կորցնում եմ ուտելու և նկարելու ցանկությունս։ Օր ու գիշեր ինձ հետապնդում է այդ մեռած, մեռածից էլ վատ, չծնված առարկայի պատկերը, որը միաժամանակ հեռու է և՛ երևակայությունից, և՛ իրականությունից։ Եվ եթե նպատակ դնենք գտնելու թատերական արվեստի խորհրդանիշը, ես հենց այդ ստվարաթղթե մեղրաբջիջները կվերցնեի։ Խղճուկ ռեկվիզիտ, որը հարյուր անգամ փորձել էր մեղրի դեր խաղալ մարդկանց աչքերի առաջ, և հարյուր անգամ նորից վերադարձվել էր ռեկվիզիտների արկղ՝ կեղտոտ, անպետք, ավելորդ։

Նույնիսկ ամենալավ թատրոններում է փոշի և կեղտ։ Դերասանի կոչումը բոլոր կոչումներից ամենածանրն ու ամենախղճուկն է։ Դրա համար էլ նրանց անհրաժեշտ է զվարճանալ, թղթախաղ խաղալ, ուտել-խմել, ասես մահվան դատապարտված կալանավորներ լինեն, և դա նրանց վերջին խրախճանքն է։

Մի դերասանուհու էի ճանաչում․․․ (Այդ պահին տարեց պարոնը սվսվաց՝ ասես միայն ինքն իր համար արտաաբերելով նրա անունը, կոպերը փակվեցին, իսկ աչքերի շուրջ կրկին մշուշաքող հայտնվեց)։

Հիանալի կին էր, մեծ սրտի և մեծ հոգու տեր անձնավորություն բոլոր այն հարցերում, որոնք թատրոնին չէին վերաբերում։ Հանուն նրա էի թատրոն գնում, չնայած որ նրան բեմի վրա տեսնելն ինձ համար իսկական տանջանք էր։ Մի անգամ առաջին շարքում նստած՝ նկատեցի, թե ինչպես էր ներկայացման ժամանակ նրա ճերմակ զգեստի երկար փեշը հատակի անտեսանելի մեխից կառչել։ Նա զգացել էր դա, բայց շարունակում էր խաղալ` հուսահատ շարժելով ոտքն ու փորձելով ազատվել։ Թակարդն ընկած անօգնական այդ կենդանու խղճուկ շարժումները, որը սառը քրտինքով պատվելով՝ վերամբարձ բանաստեղծություններ էր արտաբերում, և որի աչքերում ասես կայծակի լույսի ներքո խայտառակության և ձախողման սաստիկ վախն էր փայլում,  ցույց տվեցին ինձ այդ տեսակ արվեստի ողջ ունայնությունը։ Ավելին՝ բավական երկար ժամանակ այն փչացնում էր հսկայական ուրախությունը, որ պատճառում էր ինձ այդ սքանչելի և անմոռանալի կնոջ հետ ընկերությունը։

-․․․

-Ինձ հաճախ էին ասում, ասում ու գրում, որ չափից ավելի և անառողջ հակում ունեմ մռայլ առարկաների և երկիմաստ, դաժան նկարների հանդեպ։ Այն անտարբերությամբ, անմտությամբ և անխոհությամբ էին բանավոր և գրավոր պնդում, որով մարդիկ կատարում են իրենց գործերի մեծամասնությունը։

Մի ժամանակ՝ մինչև պատերազմը, Մադրիդում կանայք և տղամարդիկ ինձ հետ խոսելիս նայում էին ձեռքերիս, ասես ուզում էին համոզվել, որ դրանք «հենց այն» ձեռքերն են։ Լուրեր էին պտտվում, ես գիտեմ, թե իբր գիշերը սրբապղծության օգնությամբ էի նկարում, և իբր տառապում էի արատներից, որոնց ո՛չ անվանումը, ո՛չ էությունը հայտնի չէին, չնայած դրանց դիվական ծագումն ակնհայտ էր։ Մինչդեռ ամբողջ Իսպանիայում չկար ավելի համեստ, երկչոտ և նորմալ, այո՛, նորմալ մարդ, քան ես էի։

Այստեղ հետաքրքիր չէ այն, թե ինչ էին մտածում և խոսում իմ մասին, այլ կարևոր է լոկ որպես արվեստի չըմբռնման օրինակ։ Իսկ ես հեշտությամբ կարող եմ բացատրել իմ դիրքորոշումը։

Մարդկային բոլոր ժեստերը հարձակման կամ պաշտպանման անհրաժեշտությունից են ծնունդ առել։ Դա գլխավոր, մեծամասամբ մոռացված, սակայն իսկական և միակ պատճառն ու դրդիչ ուժն է։ Իսկ արվեստի բնույթն այնպիսին է, որ անհնար է փոխանցել հազարավոր մանր ժեստեր, որոնցից յուրաքանչյուրն ինքնին մռայլ և չարագուշակ չէ։ Բայց ցանկացած նկարիչ, որն իր առջև նպատակ կդնի նկարելու այն, ինչ ես էի նկարում, պետք է բոլոր այդ բազմաթիվ ժեստերի ամբողջությունը պատկերի, և ժեստերի այդ թանձրուկի վրա անհրաժեշտաբար և անխուսափելիորեն լինելու է դրանց իրական ծագման կնիքը՝ հարձակման և պաշտպանման, զայրույթի և վախի։ Եվ որքան շատ շարժումներ են դրանցից յուրաքանչյուրում ընդգրկված և միախառնված, այնքան ավելի այն արտահայտիչ է, իսկ նկարը՝ ավելի համոզիչ։ Ահա թե ինչու են իմ նկարներում մարդկանց կեցվածքներն ու շարժուձևերը մռայլ, հաճախ չարագույժ և սոսկալի։ Այն պատճառով, որ իրապես այլ ժեստեր չկան։

Կարելի է առարկել, թե կան այնպիսի պատկառելի նկարիչներ, որոնք հովվերգական թեթև և անհոգ նկարներ և կերպարներ են միայն պատկերել։ Կյանքում այդպես էլ է պատահում, ես ինքս երբեմն եղել է, որ նկարել եմ նման բաներ, բայց լարվածությունից և վախից ազատված ցանկացած այդպիսի կեցվածքի համար մի քանի միլիոն նպատակասլաց և աշխույժ շարժումներ են հարկավոր, որպեսզի նեցուկ հանդիսանան և պաշտպանեն դրա արհեստական և անհարատև գեղեցկությունն ու ազատությունը։ Ընդհանրապես հիանալիին մշտապես ուղեկցում են կա՛մ մարդկային ճակատագրի խավարը, կա՛մ մարդկային խառնվածքի փայլը։ Հարկ է հիշել, որ ամեն քայլ դեպի գերեզման է տանում։ Միայն դա արդեն հերիք է արդարացման համար։ Եվ դա, համենայն դեպս, ոչ ոք չի կարող հերքել։

Մի անգամ զվարճանալու համար ջրի մակերևույթ նկարեցի մայր մտնող արևի ճառագայթների մեջ, իսկ դրա վրա՝ գետային բեռնանավ, որն իր հետևից հովհարանման հետք էր թողնում։ Ամեն ինչ լղոզված էր, մանրամասները զանազանել հնարավոր չէր, ամեն բան ասես հեռվից էր ներկայացվում։ Նկարը ընկերներիցս մեկին՝ լրջմիտ և գիտակից մարդու տվեցի, որպեսզի ինքն անվանում տար դրան: Առանց տատանվելու ընկերս այն «Վերջին ճանապարհ» կոչեց, չնայած թվում էր, թե դա ոչնչից չէր բխում։

-․․․

-Դիմանկարի հետ աշխատելիս ամենադժվար խնդիրը (ուղղակի տանջալից տանջանք) կերպարի առանձնացումն է այն ամենից, ինչ շրջապատում է նրան և կապում մարդկանց ու հանգամանքների հետ։ Կերպարի այդ ազատումը, ինչպես կասեր իմ ընկեր Պաոլոն, նեռի յուրատեսակ արարք է, հակաստեղծագործում։ Ողջ ուղին, որով գնում էր նմուշի ճակատագիրը, մենք նորից ենք անցնում, ուղղակի հակառակ ուղղությամբ, մինչև որ մեր ուշադրությունը գրաված անձը չհայտնվի ամայի տեղում, որտեղ էլ առանձին՝ ասես կառափնարանում ենք թողնում նրան։ Եվ միայն այստեղ ենք նորից սկսում ստեղծել։

Արվեստի ցանկացած ուրիշ տեսակ մարդուն ուրիշ մարդկանց հետ կապի մեջ է պատկերում, և որքան մարդը յուրատեսակ է և ակնառու, այնքան ավելի կարևոր է ցույց տալ նրա կապը ուրիշների հետ, որպեսզի այդպիսով ընդգծենք նրա յուրօրինակությունը։ Հակառակը՝ կտավի վրա մարդը միայնակ է, կաշկանդված, ընդմիշտ մեկուսացված։ Դիմանկարը ո՛չ հայր ունի, ո՛չ մայր, ո՛չ քույր, ո՛չ երեխա։ Ո՛չ տուն ունի, ո՛չ ժամանակ, ո՛չ հույս, շատ հաճախ նույնիսկ ո՛չ էլ անուն։ Եվ երբ կենդանի աչքերով նայում է ձեզ, արդեն անցած, մարած, շարունակություն չունեցող կյանքն է պատկերացնում։ Դա վերջին, ո՛չ, վերջին չէ, միակ մարդկային էակն է աշխարհիս երեսին, որն իր վերջին ակնթարթում է պատկերված։ Քարացած մարդը վախեցած, տխուր նայում է ձեզ, ինչպես հիվանդը՝ բժշկին, և հայացքով (միայն այդպես էլ կարող է ասել) ասում․ «Դու գնում ես՝ ապրելու և աշխատելու, և հայացքդ թեքում ես ուրիշ դեմքերին, իսկ ես մնում եմ այստեղ՝ կաշկանդված ու դատապարտված, որպես վկա՝ հայտնի միայն անունով, տարիքով և մասնագիտությամբ, հաճախ դա էլ հայտնի չի լինում, առհավետ պատկեր եմ մնում, ընդ որում՝ ոչ թե ինքս իմ, այլ քո մի հայացքի պատկեր»։

Մեկուսացումը կտավի վրա այնպիսին է, որ նկարիչը երբեմն պատկերվող անձի կողքին նրա հետ կապված որևէ առարկա, նրան պարզաբանող և բացատրող որևէ խորհրդանիշ տեղադրելու անհրաժեշտություն է զգում։ Ես ինքս մի քանի անգամ արել եմ դա, բայց շատ շուտ հասկացել եմ այդ արարքի անիմաստությունը։ Չէ՞ որ առարկաները, գործիքները, զենքերն ու խաղալիքները ժամանակի հետ փոխում են ոչ միայն իրենց ձևը, այլև նշանակությունը, և հնացած ու անհասկանալի կերպով շարունակում են մնալ միայնակ կերպարի կողքին․ միայնակ լինելով՝ է՛լ ավելի են խորթացնում և օտարում նրան։

Մի ժամանակ այնքան սուր էի զգում այդ կաշկանդումը, դիմանկարի այդ խուլ, հավիտենական լռությունը, որ գայթակղությանը տրվելով՝ զիջում էի նրան և երկու-երեք բառով մակագրում դիմանկարը, անուն կամ ուրիշ բառեր էի գրում, որոնք բնութագրում էին անձնավորությանը և կարող էին քիչ թե շատ նրան կապել դիտորդի հետ։ Շատ արագ համոզվեցի, թե որքան զուրկ էր այդ ամենը ճաշակից և իմաստից։ Ավելի ուշ՝ գիշերները, ինձ հանգիստ չէին տալիս անխոհեմ ասված բառերը, որոնք անզոր էի ջնջելու, քանի որ դիմանկարն այլևս իմ տիրապետության տակ չէր։ Որևէ բան փոխելու անզոր լինելով՝ տեսնում էի, թե ինչպես էին հարյուրամյակներով չանհետացող, բայց ամբողջովին զուրկ իրենց սկզբնական իմաստից, նոր խոսքին օտար այդ բառերը հարուցում դիտորդի զիջողամտական քմծիծաղը, եթե ընդհանրապես ինչ-որ բան հարուցում էին, և դժբախտ կերպարն հեռավոր, օտար ու միայնակ էին դարձնում։

Վերջիվերջո հանգեցի նրան, որ անհնար էր որևէ բան փոխել։ Մարդու դիմանկարը ստեղծելով՝ մեր ամեն հայացքով աստիճանաբար սպանում ենք նրան, ինչպես կենսաբանները սպանում են պատրաստուկված կենդանուն, և երբ մինչև վերջ մահացնում ենք նրան, նա մեր նկարում է վերակենդանանում։ Միայն թե այն տարբերությամբ, որ կտավի վրա մարդու միայնությունն ավելի մեծ է, քան ննջեցյալի միայնությունը հողի տակ։

Սրանում է դիմանկարի արվեստը։ Սկսնակ և անպետք նկարիչները չեն կարողանում դիմանկարներ նկարել, քանզի չեն կարողանում դրանք առանձնացնել, մեկուսացնել, «պատրաստուկել»։ Վատ դիմանկարը միանգամից կարելի է տեսնել․ դրա վրա մարդը ճնշված է, մոլորված և կապված շրջապատին, որում ասես մասամբ շարունակում է ապրել, որովհետև նկարիչը կա՛մ համարձակություն չի ունեցել, կա՛մ չի կարողացել հաղթահարել մեկուսացման և ազատման դժվարին աշխատանքը, նախապատկերի «սպանությունը» և «անմահացումը»։

-․․․

– Միշտ կասկած է հարուցում հետևյալ արտահայտությունը․ գոյություն ունի նկարելու հազար եղանակ։ Որտեղի՞ց հազար։ Եվ ինչո՞ւ հազար։ Եթե կա մեկից ավելի, այդ դեպքում, անկասկած, կա հազարից ավելի։ Ուրեմն՝ սահմաններ չկան։ Եվ ինչ օգուտ, որ դրանք հազարն են, եթե մեզնից յուրաքանչյուրին միայն մեկն է ծանոթ և հայտնի։ Նշանակում է ամեն նկարչի համար գոյություն ունի միայն մի եղանակ։ Նրանք, ում համար հազար եղանակ գոյություն ունի, նկարիչ չեն։ Այսպիսով՝ հաշիվները փակված են։

Երբ դեռ երիտասարդ էի, այդ ամենը խանդավառ շաղակրատների և անբանների գլուխն էի մտցնում տերտուլիաների[5] ժամանակ։ Ես հիմա էլ, Աստված գիտի, թե ոնց եմ արտահայտվում, իսկ երիտասարդ ժամանակ ընդհանրապես զուրկ էի մտքերս հստակ ու համոզիչ շարադրելու ընդունակությունից։ Սակայն այդ տեսակ մարդկանց ոչ ոք ի զորու չէ համոզելու։ Հիշում եմ՝ դեռ այն ժամանակ էի ասում, որ ինձ համար նկարելու միայն մի եղանակ գոյություն ունի։ Դա իմ Ֆուենտե դե Տոդոսցի հանգուցյալ մորաքույր Աննունսիատայի եղանակն էր։ Երբ երեխա էի, հետևում էի, թե ինչպես էր մորաքույրս տարիքով ինձանից մի փոքր մեծ դստերը սովորեցնում գործել։ Աղջիկը նստում էր հաստոցի առաջ, իսկ մորաքույրս՝ նրա կողքին։ Մաքոքը[6] շարժվում էր, հաստոցը չխկչխկում, բայց մորաքրոջս բղավոցն անընդհատ լռեցնում էր աղմուկը․

-Հարի՛ր, ավելի՛ լավ հարիր։ Ի՞նչ ես ափսոսում։ Ավելի ուժե՛ղ հարիր։

Աղջիկը կռանում էր և ինչքան ուժ ուներ հարում, բայց մորաքրոջս անընդհատ թվում էր, թե կտորը բավականաչափ խիտ ու հաստ չէր։ Ամբողջ օրը կանգնում էր աղջկա գլխի վերևում և բարձր բղավում նրա սև վարսերի մեջից երևացող ճերմակ բաժուկի[7] վրա․

-Հարի՛ր։ Ավելի՛ խիտ։ Ցա՛նց չես գործում։

Ամբողջ կյանքս այդ հասարակ և կտրուկ կնոջ կարգախոսով եմ առաջնորդվել։ (Վարպետները միշտ կտրուկությամբ են առանձնանում իրենց գործում)։ Եվ որքան էլ որ մադրիդցի պճնամոլներն ու բարենորոգիչները ծիծաղում և ծաղրում էին «Ֆուենտե դե Տոդոսցի մորաքրոջ» բաղադրատոմսը, ես գիտեի՝ ամեն անգամ, երբ ազատություն էի տալիս երևակայությանս, երբ չէի շարժում ու ճնշում էությունս, վատ նկարներ էի ստեղծում։ Դա չի նշանակում, որ մյուսները հաջող էին, բայց դրանց համար անում էի այն ամենը, ինչ ձեռքիցս գալիս էր ու կարողանում էի, որպեսզի ստացվեին։

Իհարկե, ինձ ասում էին, որ ես շրջանցում էի դժվարությունները և դիտորդների վրա ներգործելու ամենահեշտ ուղին էի ընտրում՝ նկարի որևէ մաս ծաղրանկարի աստիճանի հասցնելով։ Առաջինը լրիվ սուտ է, իսկ երկրորդը՝ մասամբ։ Չէի շրջանցում դժվարությունները, այլ հաճախ հաղթահարում էի դրանք, բայց հաղթահարելով շեշտադրված մասի մեջ էի ներհյուսում ու ներառում դրանք։ Իմացե՛ք, որ յուրաքանչյուր նկարում միայն մեկ տեղ կա, որ ստեղծում է իսկության՝ դիտորդի համար իսկության պատրանքը։ Միայն դա վճռական դեր ունի, ինչպես ստորագրությունը՝ մուրհակում։ Դա կարող է ձեռքը լինել կամ աչքը, կամ ուղղակի յուրահատուկ ձևով լուսաբանված մի մետաղյա կոճակ։

-․․․

-Միշտ զարմանում և խղճում եմ ինձ, երբ մտածում եմ, թե գիտելիքների որքան փոքր պաշարով ու նախապաշարմունքների և վտանգավոր կրքերի ինչպիսի առատությամբ եմ ժամանակին կյանք մտել։ Այն ժամանակ կյանքի հիմնական խնդիրների մասին մտածելն աններելի արատ էր։ Այդպիսին էր հասարակությունը։ Եվ ինձ՝ անկիրթ ու փառամոլ գեղանկարչիս, դա դուր էր գալիս։ Բայց ավելի ուշ, երբ տեսա, թե ինչպես էր այդ նույն հասարակությունը քանդվում, աչքիս առաջ այնքան ամոթ ու խայտառակություն անցավ, որ նույնիսկ անասունը եթե իմ փոխարեն լիներ, կսկսեր խորհել և հետևություններ անել։

Դժվարին պահերին տեսնում էի անգրագետ իշխանապետերի՝ «գործի մարդկանց» ողջ ոչնչությունը, ինչպես նաև գիտության և գրի մարդկանց անկարողությունը, թուլությունն ու շփոթմունքը։ Տեսնում էի, թե ինչպես էին նախկին սկզբունքներն ու համակարգերը, որոնք գրանիտից ամուր էին թվում, անտարբեր կամ չարախինդ ամբոխի աչքի առաջ մառախուղի նման քայքայվում, իսկ մի փոքր անց այդ քայքայվող մառախուղը գրանիտից ամուր, անխախտելի ու սուրբ սկզբունքների տեսքով խտանում ու կարծրանում էր այդ նույն անտարբեր կամ չարախինդ ամբոխի աչքի առաջ։ Ե՛վ մահ, և՛ հիվանդություններ, և՛ պատերազմներ, և՛ խռովություններ եմ տեսել։ Եվ դրանց նայելով՝ հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք ինչո՞ւմն էր նման փոփոխությունների իմաստը, ինչպիսի՞ն էր պլանը, որով այդ ամենը կատարվում էր, և ո՞րն էր նպատակը, դեպի որն այն տանում էր։ Ու որքան էլ որ նայեցի, լսեցի, խորհեցի, այդպես էլ ո՛չ իմաստ գտա, ո՛չ պլան, ո՛չ նպատակ։ Ընդ որում՝ մեկ բացասական եզրակացության հանգեցի․ մեր սեփական բանականությունը քիչ նշանակություն ունի իր ջանքերում և ոչինչ չի կարող․ և մեկ դրական․ պետք է առասպելներ՝ դարավոր միասնական ջանքերի հետքեր լսել, և դրանց օգնությամբ որքան հնարավոր է գուշակել մեր ճակատագրի իմաստը։

Մարդկային գործունեության մի քանի տեսակ կա, որ բոլոր ժամանակներում դանդաղ ու բարակ շերտերով առասպելներով է ծածկվում։ Երկար շփոթմունքի մեջ լինելով շուրջս կատարվածից՝ կյանքիս երկրորդ կեսին եկա մի եզրակացության․ դատարկ, թեև արտաքինից կարևոր, իրադարձությունների իմաստը փնտրելն ապարդյուն և սխալ է, իմաստը պետք է փնտրել այն շերտավորումներում, որոնք հարյուրամյակներ շարունակ թողնվում են մարդկության մի քանի հիմնական առասպելներում։ Այդ շերտավորումները մշտապես, թեև նվազող ճշգրտությամբ, կրկնում են ճշմարտության այն հատիկի ձևը, որի վրա գոյանում են, ու այդպիսով հարյուրամյակներ շարունակ պահպանում են այն։ Մարդկության իրական պատմությունը հեքիաթներում է, որտեղ կարելի է ամբողջությամբ եթե ոչ հասկանալ, ապա գոնե զգալ դրա իմաստը։ Կան մի քանի հիմնական առասպելներ, որոնք ցույց են տալիս կամ գոնե լուսաբանում են եթե ոչ նպատակները, դեպի որոնց գնում ենք, ապա ուղին, որով անցել ենք։ Առաջին մեղքի մասին առասպելը, ջրհեղեղի մասին առասպելը, մարդկության՝ հանուն աշխարհի փրկության խաչված որդու մասին առասպելը, Պրոմեթևսի և գողացված կրակի մասին առասպելը․․․

Վերջին բառերը խուլ ծերուկը բղավում էր։ Հետո հանկարծակի լռեց և հայացքը հառեց ինձնից այն կողմ ինչ-որ մի տեղ․ այդպես նավագնացները ջրանդունդին են նայում։ Թվում էր, թե հանկարծակի վրա հասած լռության մեջ անթիվ առասպելների ձայնն էր ուզում լսել, որոնց վերնագրերը չգիտեր և որոնք երբեք չէր կարող թվարկել։ Այդպես երկար լռում էր, մինչև որ հայացքը նորից չթեքեց առջևում դրված սեղանին։ Ասես ինչ-որ տեղից վերադարձավ։ Նրա աչքերի շուրջ թեթև մշուշաքող նշմարվեց՝ վերջին ժպիտի հետքը, և կամաց շարունակեց ամենացածր ձայնով, որով կարող է խոսել խուլ մարդը․

-Երիտասարդությանս տարիներին նման բաների մասին շշուկով էին խոսում, այն էլ միայն հավատարիմ և մտերիմ ընկերների հետ. գրեթե միշտ երես առ երես։ Այժմ՝ 1828 թվականին, արդեն վաղուց այդ մասին խոսում է ով ուզում է և ինչպես ուզում է։ Դա, իհարկե, չի նշանակում, որ այժմյան մարդիկ երես առ երես շշնջային խոսակցությունների իրենց թեմաները չունեն․․․

-․․․

-Հավատացե՛ք, տեսել եմ ամեն բան, և ոչինչ ինձ չի զարմացնում, ոչինչ ինձ չի հուզում ոչ թե այն պատճառով, որ անգութ հաստագլուխ եմ, այլ ուղղակի ես ունեմ դրա իրավունքը։ Այդ իրավունքը վաստակել եմ ամեն ինչ տեսելու իմ հայացքով: Պետք է շատ բաներ ապրած լինես, որ ամեն ինչ տեսնես։ Տեսել եմ բնությունը, տեսել եմ հասարակությունը։ Ա՜խ, հասարակությո՜ւն, գիտեմ դրա բյուրեղացման օրենքները, որոնք այնքան հասարակ են, որ մեզ տարակուսանքի մեջ են գցում և շարունակելու են գցել մինչև աշխարհի վերջը։ Լսում եմ դրա շարժումը, որը չնայած աղմուկ-աղաղակին՝ լոկ դոփյուն է տեղում։ Ծանոթ եմ չքավորությանը, համբերատար, խաղաղասեր բազմությանը։ Ճանաչում եմ խռովարարներին, լյուդեններին[8], որոնք դեմ են գնում հոսանքին, հանցագործներին, աղքատներին, հասարակաց կանանց։ Ճանաչում եմ մեր և օտարազգի թագավորներին և արքայազններին։ Ճանաչում եմ իսպանացի և ֆրանսիացի գեներալներին և նախարարներին, ավելին՝ ճանաչում եմ ֆելդֆեբելին[9], որից վաքսի և բեղերի անուշահոտ ներկի հոտ է փչում։ Այս ամենին ես ծանոթ եմ, և դժվար չէ ճանաչել ու հասկանալ այս ամենը։ (Ամենատարբեր մարդկանց եմ նկարել։ Իսկ երբ մարդ եմ նկարում, մի րոպեում տեսնում եմ նրա ծնունդն ու մահը։ Եվ այս երկու պահերն այնքան մոտ են մեկը մյուսին, որ ոչ մի ավելորդ հառաչանքի կամ ժեստի, ոչնչի տեղ չի մնում դրանց միջև)։ Բայց միակ բանը, որի առջև կանգ ես առնում ու սուրբ թրթիռով և անխոս հարգանքով քարանում, մտածողության աշխարհն է։ Քանզի մտածողության աշխարհը միակ իրականությունն է տեսիլքների և ուրվականների այդ շրջապտույտի մեջ, որը մարմնավորում ու սնում է կերպարը, որի վրա աշխատում եմ․ ամեն բան կգնար դեպի ոչինչ, ինչից որ այն դուրս էր եկել, դեպի ավելի խղճուկը, քան չորացած, ճաքճքած ներկն է և դատարկ, ոչինչ չասող կտավը։

-․․․

-․․․Այն բանից անմիջապես հետո, երբ երեսուն տարեկան դարձա, բայց շատ ավելի շուտ, քան հիվանդացա և սկսեցի կորցնել լսողությունս, մի տարօրինակ երազ տեսա։ Տաք ու հարմարավետ սենյակ, սերունդների նուրբ ճաշակի մասին խոսող ազնվականի՝ հոյակապ կահույքով, թանկարժեք վազաներով և ճենապակեղենով սենյակ։ Նրբագեղ նախշով բաց դեղին պաստառներ։ Երբ զննեցի այդ նախշը, տեսա, որ այն ընդամենը մի բառից է բաղկացած, որը գրված է հետևյալ կերպ՝ «MOrs»։ Ամբողջ նախշը ոչ այլ ինչ էր, քան մանր ու բարակ գրված «մահ» բառի անթիվ կրկնություն։ Սակայն տարօրինակ պաստառները ամենևին էլ տհաճ կամ մռայլ տեսք չէին հաղորդում սենյակին։ Հակառակը՝ ուզում էի ավելի երկար մնալ այնտեղ, շոյում էի կտորեղենն ու ճենապակեղենը։ Հանգիստ ու գոհ էի այնտեղ, ինչպես որ լինում է միայն մեր բոլոր պահանջներին համապատասխանող տեղում։

Անցավ ութ, հնարավոր է և ինը տարի։ Հիվանդանում էի, ձիավարում, աշխատում և ամենևին մոռացել էի այդ տարօրինակ երազի մասին։ Լիարժեք մենության մեջ ապրելով Մադրիդի մոտ գտնվող ամառանոցում բոլորի կողմից լքված՝ շատ էի տառապում։ Ոչ թե չարիքից, որով լիքն է այս աշխարհը, այլ այդ չարիքի մասին իմ սեփական մտքերից։ Ցանկացած շփում մարդկանց հետ սաստիկ և անբացատրելի սարսափի մեջ էր գցում ինձ։ Ամեն օր դժբախտության և չարիքի նոր և անսպասելի հնարավորություններ էին բացվում իմ առաջ։ Օրվա ընթացքում դրանցից յուրաքանչյուրը վախի ջղաձգությամբ կծկում էր ստամոքսը, սրտին ստիպում էր արագ բաբախել, օր ու գիշեր թունավորում էր, իսկ հետո անհետանում էր որպես ավելորդ և բորորովին չհիմնավորված մի բան։ Դրա փոխարեն գալիս էր մյուսը։ Այդ մղձավանջները ցանկացած շփումից, աշխարհի հետ ցանկացած առնչությունից էին ծնվում։ Իսկ երբ առանձնանում էի, ներսիցս ինչ-որ  տեղից էին ծագում։

Որպեսզի ազատվեի այդ մղձավանջներից, որոնք, լավ գիտեի (և դա ամենից շատն էր տանջում ինձ), որ իմ երևակայության արդյունքն էին, ամենահասարակ սենյակի պատերին սկսեցի «հակասարսափներ» նկարել։ Նկարներով ու նախշերով ծածկեցի գրեթե բոլոր պատերը։ Միայն մի փոքրիկ եռանկյունի էր մնացել պատուհանի վերևում։ Այն սխալ էր (սենյակը ձևափոխել էին և հավելյալ պատուհան էին բացել) և ուներ հետևյալ տեսքը՝ Δ։ Վաղուց մոռացել էի երազիս մասին, շատ տարիներ ու գիշերներ էին ինձ բաժանում դրանից, որոնք լի էին կամայականություններով զբաղված երազներով, մինչ «քնած էր բանականությունը»։ Այնուամենայնիվ՝ այդ փոքրիկ ազատ տարածքում ո՛չ զարդանկարներ, ո՛չ դեմքեր նկարեցի, այլ ասես ըստ պայմանավորվածության և թելադրանքի՝ գրեցի «mors» բառը։ Ընդ որում՝ եռանկյան ձևին համապատասխան, միակ հնարավոր և իմ կողմից երբևէ տեսած եղանակով՝ MOrs։ Եվ հենց այդ Բառը դարձավ հմայակ, որը պաշտպանում էր ինձ մղձավանջներից այնքան, մինչև որ չկազդուրվեցի և չվերադարձա բանականության թագավորություն, որտեղ հմայակներ հարկավոր չեն։

-․․․

-Մարդկանց մեջ ապրելով՝ անընդհատ հարցնում էի ինքս ինձ, թե ինչու է մեր կյանքում ամեն մտածական ու հոգևոր բան այդքան անօգնական, անպաշտպան և չկապակցված, բոլոր ժամանակներում մարդկանց կողմից այդքան արհամարհելի և մարդկանց մեծամասնությանն այդքան հեռավոր։ Ամեն մտածական ու հոգևոր բան պատահական է հայտնվել այստեղ, ինչպես որ նավաբեկության ենթարկված քաղաքակիրթ մարդիկ իրենց հագուստով, գործիքներով և զենքերով հայտնվում են հեռավոր կղզում, որտեղ բոլորովին ուրիշ կլիմա է, որտեղ վայրենիներ և գազաններ են բնակվում։ Այդ պատճառով էլ մեր բոլոր գաղափարները նավաբեկությունից փրկված տարօրինակ և ողբերգական իրերի բնույթն են կրում։ Մեկ այլ՝ մոռացված աշխարհի, որտեղից մի ժամանակ դուրս են եկել աղետները, որոնք մեզ հասցրել են այստեղ, և մեր՝ նոր աշխարհին ընտելանալու մշտական, ապարդյուն փորձերի հետքերն են կրում իրենց վրա։ Չէ՞ որ մեր գաղափարներն անընդհատ պայքարի մեջ են այդ նոր, էությամբ իրենց հակառակ աշխարհի հետ, որի մեջ հայտնվել են, և միևնույն ժամանակ դրանք անընդհատ վերափոխվում և ընտելանում են։ Դրա համար էլ յուրաքանչյուր հսկա և վեհանձն միտք չվեկ թռչուն և մարտիրոս է։ Այստեղից էլ անխուսափելի տրտմությունն արվեստում և հոռետեսությունը գիտությունում։

Արդեն բոլորովին մթնել էր։ Ես էլ չէի հասկացել՝ ինչպես։ Բայց զրուցակիցս, ինչպես և բոլոր տարեց մարդիկ, շատ զգայուն էր օրվա և եղանակի փոփոխությունների հանդեպ։ Բոլոր մեզ շրջապատող և դրսի ձայներն ասես միաժամանակ լռեցին։ Իսկ վրա հասած լռության հետ Գոյայի ձայնը ևս մարում էր։ Կատարյալ լռության մեջ սեղանից վեր կացավ։ Մի կողմ հրված աթոռը անգամ չնչին ձայն չհանեց։ Ուղղակի հեռացավ՝ հազիվ թե հրաժեշտ տալով, ինչպես սրճարանից հեռանում են մշտական հաճախորդները՝ ընդամենը թեթև ու սովորական «ցտեսություն» շպրտելով։ Գլխարկն այդպես էլ չէր հանել, իսկ ձեռնափայտն ամբողջ ժամանակ ձախ ձեռքում էր պահում։

Շատ չանցած ես էլ դուրս եկա։

Ամբողջ հաջորդ օրը հուզմունքս հազիվ զսպելով՝  տարեցի, պարոնի ու զրույցի մասին էի մտածում, որ սպասում էր ինձ երեկոյան։ Հենց որ արևը կայմերի և նավամատույցների հետևն անցավ, հեռավոր արվարձան շտապեցի։

Կրկեսը համարյա պատրաստ էր։ Շուրջն էին հավաքվել աշխատավորները, անբաններն ու գաղութային զորքերի սևամորթ զինվորականները։ Մուտքի մոտ թշշոցով վառվում էին կարբիդային լապտերները, չնայած որ դեռ լույս էր։ Դրանց շուրջ հավաքվում էին առաջին թիթեռներն ու ժիր երեխաները։

Սրճարանում լռություն էր, գրեթե դատարկություն։ Հենց այն նույն սեղանի մոտ նստեցի, որի մոտ նախորդ օրն էինք նստած, և այն հյուսիսային ըմպելիքներից պատվիրեցի, որոնք այնքան են սառեցնում, որ ծարավ են առաջացնում, բայց բերանում հայտնվելով՝ չեն պատճառում այն բերկրանքը, որ իրենց վառ գույնով խոստանում են։ Մի խոսքով այն ըմպելիքներից մեկը, որոնց ամենալավ բանն անունն է։ Որոշ ժամանակ հանգիստ նստած էի, բայց կամաց-կամաց վստահությունս սկսեց տատանվել և նյարդային սպասման վերածվեց։ Ինձ սկսեց տանջել հիասթափությունը, որի իրավունքը չունեի։ Սկսեցի հիշել այն ամենը, ինչը դրա նախորդ օրն ասում էր տարեց պարոնը, և ինքս ինձ կրկնում էի այն, ինչ պատրաստվում էի հարցնել նրան։ Այդ ժամանակ առաջին անգամ մտքովս անցավ, որ կարելի էր գրի առնել այն, ինչ նա ասում էր։

Դրսում խավարը թանձրանում էր։ Դրամարկղի վերևում՝ հայելու մոտ, վառեցին առաջին լամպը։ Սպասումը մեղմացնելու համար թուղթ և թանաք խնդրեցի։ Դա մեծ շփոթմունք և որոշակի բանավեճ առաջացրեց տիրոջ և սպասավորների միջև։ Մատուցողն ասես ուզում էր ասել, թե նման բան չունեին։ Բայց տերը նրան ուղարկեց իր բնակարան, ուր տանում էր սրահի դուռը։ Վերջինս վերադարձավ այնտեղից այն ամենով, ինչ պետք էր։ Ինչ-որ սնանկացած ընկերության՝ աճուրդի ժամանակ գնված հաստ թղթերի մի տրցակ։ Մեծ, սև թանաքաման, որոնցից այժմ չես տեսնի։ Սև, ժանգոտած ֆրանսիական գրիչ՝ բարակ, ինչպես օձի լեզուն։

Սրճարանից ուշ դուրս եկա, որովհետև երկու ժամ գրում էի՝ իզուր սպասելով նախորդ օրվա զրուցակցիս։ Տերն արդեն ընթրել և իր հյուրերի հետ թղթախաղ էր խաղում կանաչ մուհադի կտորի վրա։

Սրճարանի առաջ դատարկություն էր, բայց ձայնավոր հանդիսատեսները առաջվա նման հավաքվում էին կրկեսի մոտ՝ կարբիդային լապտերների վառ ու տհաճ լույսի ներքո, որոնք գունատ և քնքոտ արտահայտություն էին հաղորդում նրանց դեմքերին և անառողջ փայլ էին առաջացնում աչքերում։ Հանկարծ ինձ թվաց, թե բազմության մոտ՝ կիսախավարում, հնաոճ սերթուկով, սև գլխարկով, ձեռնափայտով ու կոր մեջքով մի ծերուկ երևաց։ Բայց միանգամից կորավ տեսադաշտիցս։ Բազմության միջով արագ առաջ գնացի։ Ներկայացմամբ տարված մարդիկ ճանապարհ չէին տալիս։ Բազմության միջով անցնելով ու հրմշտելով՝ ոտքի տակ տվեցի ողջ պարապուտը, բայց ծերուկը չքացել էր։ Սպորտային հագուստով ոչ այնքան բարձրահասակ տղամարդը, որի մոտ շնչակտուր կանգ առա, բարձրաձայն հայհոյեց ինձ․

-Ի՞նչ ես հրմշտում։ Ի՞նչ պահվածք է։ Գրպանահատներն են իրենց նման կերպ պահում։

Ստիպված էի հրաժարվելու այն բանի հետագա որոնումներից, ինչն անհնար էր գտնել։ Հոգնած վերադարձա քաղաք։ Իսկ հաջորդ օրն առավոտյան առմիշտ լքեցի Բորդոն։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Պատմական հերոսների և դեպքերի, կյանքի ու կենցաղի նկարագրության մեջ թույլ տրված ժամանակագրական խախտում կամ տեղափոխություն։

[2] Հակասությունների հիմնական տեսակները, որոնք բնորոշ են հասարակության զարգացմանը տարբեր պատմական պայմաններում։

[3] Սուտքրիստոս, սուտ մեսիա, հակաքրիստոս։

[4] Քրիստոնեական դավանանքի համառոտ շարադրանք։

[5] Պարբերական ոչ պաշտոնական հավաքույթ Իսպանիայում և Լատինական Ամերիկայի շատ երկրներում, որոնք հրավիրվում էին քաղաքական, սպորտային, փիլիսոփայական կամ գիտական հարցեր քննարկելու համար։

[6] Մանածագործական հաստոցում կամ կարի մեքենաներում։

[7] Մազաբաժան։

[8] Հորինված մարդկային ռասա Ստրուգացկի եղբայրների «Կեսօր» ստեղծագործությունում։ Այս անվանումը վերցված է հոլանդացի պատմաբան և մշակութաբան Յոհան Հայզինգայի «Homo Ludens» (լատիներենից թարգմանաբար՝ Մարդ խաղացող) տրակտատից։

[9] Վաշտի հրամանատարի տնտեսական և ներքին կարգուկանոնի գծով օգնական ցարական բանակում, վերակա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *