Անահիտ Հայրապետյան | Համար…

համար մեկ

երեք ընկերուհիներով
հյուղակում ապրում ենք
մեկ էլ փոշու ամպ նկատեցինք
տեսանք բազմահազար ձիավորներ գալիս են դեպի մեզ
փախչելու տեղ կար
աստիճաններով պիտի ներքև վազեինք
հաստատ ոտքերի տակ կտային մեզ
հետ գնացինք հյուղակ
մեզ գրավեցին երեք ձիավոր
ընկերուհիներիս ձիավորները գեղեցկադեմ հաղթանդամ
ինձ բաժին ընկավ ամենագեշը
մի քանի անգամ փորձեցի փախչել
բան դուրս չեկավ
ընկերուհիներս շատ գոհ էին
երջանկություն գտան
ամենագեշը պարզվեց առաջնորդն էր
երբ հասկացա ինչքան է ինձ համար տանջվում
սկսեցի վարանել
փախչել թե մնալ այնուամենայնիվ

համար երկու

ինձնից մի քանի տարի փոքր տղա սիրահարվեց ինձ
ես երկար ժամանակ լուրջ չէի ընդունում
փորձում էի հասկացնել առանց վիրավորելու
վերջը շատ նեղացավ
մի քանի տարուց էլի եկավ
երբ որ մի քանի անգամ մի քանի տարուց հետո վերադարձավ
սկսեցի կասկածել
իսկ եթե իսկապես միգուցե բայցևայնպես այնուամենայնիվ
սատանան տանի պետք է փորձել

համար երեք

ամենակրկնվողը սա է
զանգերը հնչում են
ես մոռացած որ կիսամերկ եմ ու անկոշիկ
խելագարի պես վազում եմ` հանկարծ չուշանամ
հանկարծ չկարծի` չեմ գնալու
հանկարծ չհասնեմ
մայրս հետևիցս քողը բռնած վազում է
կոշիկներս գրկած վազում է
մայրս ինձ հավասար վազում է
ես արագ ոտքերս պոկում եմ
արագ արագ
տեսնում եմ` եկեղեցու պատի տակ հեկեկում է

համար չորս

բոլորին հավաքում եմ շուրջս
ու ասում որ կարող եմ ինձ գետնից պոկել
կենտրոնանում եմ
ու մարմինս իսկապես բարձրանում է
ամեն օր սովորում եմ մի քիչ ավելի վերև
մի քիչ ավելի վերև
թռչունի պես ճիշտ է հնարավոր չի լինի
պետք էլ չի

համար հինգ

իմ պատուհանից քո պատուհան
բան չի մնացել
էդ ճանապարհն էլ կանցնեմ
նվաղում եմ
երբ սկսում ես հանվել
շուտով ֆիլմ նայելու ժամանակն է
տունը կլցվի արհեստական երջանկությամբ
իսկ երջանկությունն այդպես էլ չի գա
ասելիք չունեմ
իմ պատուհանից քո պատուհան
մի պարան կկապեմ
լվացք կփռեմ
ինչ լավ է`
այստեղ երեկոյան պատուհանները չեն ծածկում ծանր վարագույրները
ու նրանց հետևում տեղի ունեցող արարները
լցնում են միայնության ժամերս
նվաղում եմ
երբ սկսում ես հանվել…

համար վեց

սպիտակը շատ է
էնքան շատ որ աչքերս կուրանում են
եղել ա` մթան մեջ գոռացել եմ
չէի պատկերացնում սպիտակից ավելի կվատանամ
բոլորի պատերը սպիտակ են
բոլորի առաստաղները սպիտակ են
բոլորի դռները սպիտակ են
ոտքս առաջ եմ դնում
էն մյուս ոտքս եմ փորձում առաջ դնել
մահճակալից ընկնում եմ

համար յոթ

հերթական թռիչքս է
բոլորը հավաքվել ինձ են նայում
զգում եմ ինչ-որ բան խանգարում է
զգում եմ ինչ-որ բան կիսատ է
ինքս ինձ ասում եմ`
պատկերացրու մենակ ես
պատկերացրու մենակ ես ու սիրելի
պատկերացրու սիրելի ես ու ցանկալի
պատկերացրու ցանկալի ես ու դատարկ
պատկերացրու դատարկ ես ու իմաստուն
կամաց կամաց բարձրանում ես վեր
պատկերացրու գետնից կամաց կամաց բարձրանում ես վեր

համար ութ

չի լինում ա մի հատ կատարինե ա լինում
չի լինում ա մի հատ գրիգոր ա լինում
չի լինում ա մի հատ մամա ա լինում
չի լինում ա մի հատ պապա ա լինում

չի լինում ա մի հատ ականջ ա լինում
մի հատ էլ խոզուկ
վերջ քնեցինք

համար ինը

ամեն օր գլուխս տարուբերելով ասում եմ`
սենց չի կարող շարունակվել
դու պետք է ինձ անընդհատ
ես քեզ սիրում եմ ասես
ես քեզ ամենաշատն եմ սիրում
աչքերիդ մեջ պիտի այրես մի քանի արեգակ
ու բանաստեղծություններ պիտի սովորես անգիր
շեքսպիր պիտի կարդաս ինձ համար շեքս-պիր
աչքերիդ մեջ լցնես մի քանի անձրև
ու լաց պիտի լինես իբր պատահաբար վերջում
ու ես խելակորույս քո գիրկը պիտի ընկնեմ

համար տասը

էդ սաղ հեչ դու էն ասա էսօր օրինակ քանի՞ հատ նոր գերմաներեն բառ ես սովորել

համար տասնմեկ

չի լինում ա մի հատ կատու ա լինում
գնում ա տատիկի տուն
-մամա մամա
իսկ ի՞նչ եղավ կովիկը
-կովիկին կերավ առյուծը
-ինչու՞
-սոված էր
-ես էլ եմ սիրում կովիկ ուտել

համար տասներկու

ապարները լցնում եմ մեքենայի մեջ
տանում թափում աղացը
էլի էլի էլի
միակ կին վարորդը արտադրամասում ես եմ
պղնձա-մոլիբդենա-հողախառը զանգվածը
հիշողություններիս մեծ քանակը հետը խառնած…
այս դաշտերով վազել էի
այս դաշտերում գառներ էի արածացրել
այս դաշտերում սիրել էի
այս դաշտերում ես իմ երազներն էի շաղ տվել
հիմա
դրանք
աղմուկով լցվում են աղացի մեջ
երեխաներս սոված չեն մնա
մերկ եմ
սին ու անպաշտպան
աղացի ատամները
առանց հաշվի առնելու իմ ցանկությունները
խժռում են ինձ
ես մանրանում եմ
դառնալու պարկերում թաղված հարստություն
երեխաներս մնացին առանց մեր
վախ
երեխաներս մնացին անտեր

համար տասներեք

քուրդ երեք ակտիվիստուհիների թաղումն է
պատուհանից տեսնում եմ` ուր որ է կանցնի թափորը
ուշագնաց փնտրում եմ լուսանկարչական սարքս
տեղադրում մոնոպոդի վրա ու կանգնում ամենալավ կետում
չգիտեմ ինչ երկիր է
չգիտեմ որտեղ եմ
չգիտեմ ինչպես այստեղ հասա
մայրս տղայիս ձեռքիցս խլում վազում է ներս
թափորն անցնում է
ես հիշում եմ որ ինչ-որ տեղ արդեն տեսել եմ այս լուսանկարները
լռության միջից հայացքները ինձ են շրջվում
վերջապես ընդունեք հայոց ցեղասպանությունը
գոռում եմ

համար տասնչորս

համար քսանմեկ տրամով գնացինք համար տասնմեկով հետ եկանք

համար տասնհինգ

իսկ դու թաբուն կարդացե՞լ ես

համար տասնչորս կամ երգ ոտքերի մասին

համար տասնվեց

թղթերը դասավորեց պայուսակի մեջ
հագավ կոստյումը
համբուրեց շուրթերս
ու հեռացավ
դանդաղ դուրս իջավ
գլուխը շրջեց աջ շրջեց ձախ
քայլերն ուղղեց դեպի կանգառ

համար տասնյոթ

նրա մարմինը բարակ էր ու սլացիկ
նա բազում երազանքներ ուներ
այն ժամանակ նա ամենասիրունն էր
ու շատ երիտասարդ
նրա մաշկը թարմ էր
ու ձայնը զրնգուն

համար տասնութ

հանկարծ հրդեհ է բռնկվում
երեխաներիս վերցնում եմ ձեռքիս
դեռ բավական հեռու է
կհասցնեմ ինչ-որ բան էլ վերցնել
շվարած շուրջս եմ նայում`
ինչը ինչը ինչն է կարևոր
մայրս արագ-արագ գրքի էջերն է թերթում
ձեռքերը փութալուց դողում են
մայրս արագ-արագ շորերն է քանդում`
երեխաները դուրսը չմրսեն
մայրս արագ-արագ ուտելիք է պատրաստում
նա ամեն ինչ գիտի
ինչ անեմ լուսանկարներիս հետ
ուր խցկեմ բանաստեղծություններս
հրդեհը ահագնորեն մոտենում է

համար տասնինը

չի լինում ա
մի հատ նուֆ-նուֆ ա լինում
նիֆ-նիֆ
նաֆ-նաֆ
գալիս ա ասում բարև
տուկ-տուկ
ասում ա բարև
ու փչում ա
փչում ա
վազում ա ասում ա բարև ու փչում ա
վազում են
փչում ա

համար քսան

Share Button

1 Կարծիք

  • Մարինե Պետրոսյան says:

    տխուր բանաստեղծություններ են, բայց ուրախություն են տալիս կարդացողին )

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *