Պաատա Շամուգիա | Պարզ-ա-բանումներ

Ով թիփի է ցանում՝ բորան կհնձի,
բորան հնձողն էլ, դե,
եղանակային մեկ այլ դիպված`
առավել կայտառ ու ինտենսիվ,
զի ողորմած է Տերը։

Ով պոեզիայի մեռած է՝
կյանքի արձակից կանկի,
ով մեռավ՝ հարություն կառնի,
կհարյա կամ՝ ի մեռելոց
[կախված բառարանից]։

Ով թռչուն է խփում
խավարի մեջ գողտու,
մի անսովոր հեկեկոց կլսի
պատի մյուս կողմից,
և դա չի լինի ծլվլոցը ծիտիկների։

Ով թռչում է՝
վայրէջք կկատարի,
իսկ ավելի կոնկրետ՝
էլ չի թռչի երբեք։

Ցավալի է, ինչ խոսք,
բայց դե, հիմա, այդ է կյանքի դիալեկտիկան,
ու հեչ սիրտ ու հավես
չկա այն փոխելու։

Ով վերջինը ծիծաղի, նա ուսուցիչ է,
իսկ ժամանակը ավարտն է կիսամյակի,
թեպետ այս երկփեղկումը հաճախ խախտվում է գեշ,
և վերջում կրթական համակարգն է ծիծաղում։

Պատերազմի համար ծնվածը
կռվի դաշտում չի մեռնի,
ինչը տարօրինակ է,
բայց դե մենք ինչ անենք։

Օրիգինալ գրողը
կապրի սովորական
ու հակառակը,
և սա ներողություն է մեկմեկու ընծայված,
և ուրեմն՝ ընդ-հակառակը։

Փիլիսոփայական քար փնտրողը
հենց այդ քարով էլ կխորտակի իրեն,
ու շատ ավելի ակնհայտ կլիներ,
թե Պրոմեթևսին կրակը նետած լինեին,
իսկ Բրունոյին գամած Կովկասյան լեռներում,
բայց չէ, մենք ապում ենք բեռի տակ
անհիմն ճշմարտությունների,
վասնզի կյանքը այդպես է դասավորվել:

Ով որ ապրում է պարտության վախով,
մեկ էլ կհաղթի ու կջոկի,
որ մեծ հաշվով ոչինչ էլ չփոխվեց,
չհաշված, իհարկե, թշնամիների
առ բարեկամ մոգական փոխակերպությունը
և մի քանի հարյուր ազգականների,
ովքեր, Աստվա՛ծ իմ, ո՜նց են քեզ սիրում։

Ով արդարություն է պահանջում,
նա՝ կստանա,
ով պահանջում է բարություն
և սոցիալական հավասարություն՝
կստանա,
և նրանք, որ խաղաղություն են պահանջում,
նրա՛նք էլ կստանան,
քանզի լավ բանաստեղծությունը
պիտի պրծնի լավով։

Ասյա Դարբինյանի և Կարեն Անտաշյանի համաթարգմանությամբ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *