Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները

Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները ժամանում են Երևան 😊

Մայիսի 22-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները» մանկական գրքի շնորհանդեսը: Առաջին անգամ հայերեն է թարգմանվում հոլանդացի հայտնի գրող, Gouden Griffel մրցանակի կրկնակի դափնեկիր Յան Պաուլ Սխուտենի և նկարիչ-իլյուստրատոր, հոլանդական Disney ամսագրի, Donald Duck-ի ծաղրանկարիչ Կեյս դը Բուրի գիրքը:

Սա փոքրիկ Հայկի և իր պապիկների մասին մի հետաքրքիր պատմություն է: Հայկն ունի 3 պապիկ: Դե, նա, իհարկե, երեք տատիկ էլ ունի: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն 😆

Պապիկները Հայկի համար հեծանիվ են սարքում, որպեսզի դպրոց գնա: Երբ Հայկը դժգոհում է ծակ անվադողերով, թեք ղեկով ու ծուռ ակներով հեծանվից, մի քիչ չափազանցնող, մի քիչ գլուխգովան պապիկները պատմում եմ անհավանական արկածներով լի իրենց մանկության պատմությունները՝ անպայման վերջում ավելացնելով՝ «Այո՛, տղա՛ս, մեր ժամանակ այդպես էր»: Պապիկները կարծես մրցում են իրենց մանկությունը որքան հնարավոր է եզակի և անկրկնելի ներկայացնելու համար: Այդպիսին են աշխարհի ամենալավ պապիկները և, կարծում ենք, անչափ հարազատ նաև հայ ընթերցողին:

Զվարճալի նկարազարդումներով այս պատմությունն ամենալավ նվերը կլինի հայ թոռնիկների համար, իսկ մեծիկներին հնարավորություն կընձեռի «նստել ժամանակի մեքենան», այս դեպքում՝ հեծանիվը, և մի քանի րոպեով վերադառնալ մանկություն:

Գրքի հետ կապված մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այս էջում:

Այսպիսով՝ հանդիպում ենք…

Երբ՝ մայիսի 22 (երկուշաբթի), 16:00
Որտեղ՝ Տիկնիկային թատրոն (Սայաթ-Նովա 4)
Ում համար՝ շնորհանդեսը հետաքրքիր կլինի 5-9 տ. երեխաների համար:
Գրանցվելու համար՝ https://goo.gl/1oDvix

Շնորհանդեսի պլանը
15:30 – Գրքի վաճառք, որպեսզի երեխաները նախապես ծանոթանան գրքին և մասնակցնեն ընթացքին՝ հետևելով իրենց գրքին: /Գինը 3000 դրամ/
16:00 – Աշխարհի ամենալավ պապիկը ներկայացնում է հեղինակին, նախագծի հեղինակներին:
16:10 – Աշխարհի ամենալավ պապիկը ներկայացնում է գիրքը (5-6 րոպե), միաժամանակ մեծ էկրանի վրա ցուցադրվում են էջեր գրքից, որպեսզի երեխաները տեսնեն և հասկանան, ինչ է տեղի ունենում:
16:20 – Աշխարհի ամենալավ պապիկը գրքի մասին 2-3 հարց կտա երեխաներին, կանցկացվի«գլուխգովալու մրցույթ», ամենագլուխգովանները կստանան ՆՎԵՐՆԵՐ Gayluk.am-ից:
16:45 – Գրքի ստորագրում հեղինակի կողմից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *