Բիժան Ջալալի | Բանաստեղծություններ

Բիժան Ջալալի

Ես հավերժությունը
Փնտրել եմ խոսքում
եվ իմ հոգին
Նրան եմ վաճառել

 

***
Մահը
Ինչ ձրի է
Բոլորս այն վերցնում ենք
Բոլորս այն ճաշակում ենք

 

***
Ճակատագիրը ընթանում է
Հոսող ջրի պես
Եվ մենք նրա մեջ
Թփրտում ենք

 

***
Գարունը
Սիրո հեղափոխության եղանակն է
Եվ այն ինչ քողարկված է
Ի հայտ է գալիս

 

***
Չգիտեմ դժոխային է
Թե դրախտային
Այս երգը
Ինձ երկինք է կանչում
Թե քշում է ընդերքը

 

***
Իմ մահվան ետևից
Կշտապեմ
Քաղաքից քաղաք
Փողոցից փողոց
Իմանալով որ նրան
Հանկարծակի կգտնեմ

 

***
Մեր տենչանքները
Մեզ հոշոտում են
Ինչպես
Ամուր քարը ծակող
Ջրի կաթիլները

 

***
Ես ոչ բանաստեղծությունն եմ ուզել
Ոչ աստղը
Ոչ էլ ծաղիկը
Ես ցավն եմ ուզել
Որ բողբոջում է
Բանաստեղծության մեջ
Ծաղկի
Եվ աստղի հետ միասին:

 

***
Դեպի ինձ եկաք
Խոսքի ուսապարկով
Այն ժամանակ երբ ես
Լռության ուսապարկով
Գնում էի մեկ այլ ճանապարհով

 

***
Իմ քաղցածության ու ծարավության համար
Հաց ու ջուր չուզեցի
Միայն օդն ուզեցի
Ճչալու համար

 

***
Բանաստեղծելը
Մեղսագործություն է
Խմբակային
Այդիսկ պատճառով
Քիչ ենք զգում
Նրա ծանրությունը

 

***
Ջուրը ինչ անմեղորեն էր թափվում
Փոքրիկ ջրվեժից
Եվ չապականվելու համար
Ինչ փութկոտ էր փախչում

 

***
Այսօր
Երեկ և վաղը
Ասես մի ալիք է
Որ քշում է մեզ
Կամ մի պատրանք
Որ մեզ մաշեցնում է

 

***
Օրվա ջարդված թևը
Տեսնում եմ
Եվ դիտում եմ
Նրա տրտմությունը
Այժմ մայրամուտ է
Եվ մի եղանակ
Օրվա մեջ
Լացելու համար:

 

***
Իմ ոտնահետքին
Ոտք եմ դնում
Ինքս ինձ գտնելու համար
Սակայն թվում է մի օտարական
Անցել է
Այստեղից

 

***
Ծովի արցունքը ծով է
Ու աղի է
Ու անհամբեր
Եվ չի զանազանում լուսինը
Արևից

 

***
Ինչ գետնամած անցավ
Այն ինչ երկնքից
Ճանկեցի
Եվ ինչպես երկինք բարձրացավ
Այն ինչ հողի մեջ
Գտա

 

***
Ահ ինչ դյուրին է սահում
Քամին
Եվ նրա հետ ինչ դժվար է գնում
Այն ինչ քշվածն է քամու

***

Չեմ լքելու բանաստեղծությանը
Որ ինձ հետ գալիս է
Ինչպես առվակ
Ու երգում է
Իմ քուն ու արթմնի ժամանակ

 

***
Ինչպես մեկնաբանեմ
Պատումն այս սիրո
Առանց տրտմության
եվ առանց այն կողմ
Հայացք նետելու
Որ կողմ չէ
Հույս է միայն ու սպասում
որ ապրում է
Հեռու հեռուներում

 

***
Մի ափ հող
Ձեռքում
Եվ մի հայացք երկնքին
Սպասում ենք մահվան
Սակայն ինչ գիտենք
Հողից
Եվ ինչ ենք տեսնում
Երկնքում

 

***
Բանաստեղծության մեջ
Մենք երկու աշխարհից էլ
Խոսում ենք
Այն աշխարհից որ տեսնում ենք
Եվ այն աշխարհից որ չենք տեսնում
Այդիսկ պատճառով է
Որ բանաստեղծությունը
Նման է Լապտերի
Որ երգում է
Երկու աշխարհներում էլ

 

***
Գուցե բառերով է
Որ գնում ենք դեպի
Մահ
Հպա ինչու է լավ խոսքը
Հավերժությամբ բուրում
Եվ գրելով
Մեզ ավետում ենք
Հավիտենություն

 

***
Մենք տաք ջրերի ժառանգորդն ենք
Եվ աշխարհի
Սկիզբն ենք արարչության
Եվ հավերժության
Սառը ջրերը նույնպես
Կհոսեն մեր մեջ

 

***
Մի անգամ նայել ենք
Եվ չենք հասկացել
Եվ շատ հաճախ կնայենք
Ու չենք հասկանա
Աշխարհը

 

***
Տրտմությունը
Լեռ չէ
Որից վեր բարձրանանք
Եվ փոս չէ
Որի մեջ գլորվենք
Տրտմությունը
Հարթ ճանապարհ է
Որ այսօրվանից
Գնում է
Դեպի վաղը

 

***
Հորիզոնում
Հանգուցյալներն են
Որ ոչ լեզու ունեն
Եվ ոչ էլ խոսք
Սակայն լռության կախարդանքով
Ու մթության
Ինձ են կանչում
Դեպի իրենց

 

***
Դու լալիս էիր
Քո կարողությունների համար
Քանզի գիտեիր
Որ բոլորը ընծայելու ես
Աշխարհի
Չքավորությանը

 

***
Հողը
Մեր ընկերն է
Քանզի սկզբից մինչև վերջ
Մեզ հետ է

***
Թղթի յուրաքանչյուր էջ
Իր ճակատագիրը ունի
Եվ պահանջում է
Իր բառերը

 

***
Այն ինչ անցել է
Բանաստեղծի սրտում
Ոչ ոք այն չի իմանալու
Ինչպես
Ոչ ոք ճգրտորեն չի ասելու
Տարածությունը տիեզերքի

 

***
Հիմա եմ հասկանում
Որ մենք բոլորս
Իջել ենք երկնքից
Անձրևի նման
Եվ կրկին
կգոլորշիանանք

 

***
ձմեռը ճամփին է
Մուշտակը հագին
Իսկ ուսին
Ուսապարկը հոգսերի
Ձմեռը ճամփին է
Միայնակ ու անտերունչ

 

***
Դու գիտեիր
Ինչ է ասում լեռը
Եվ գիտեիր
Խոսքը ջրի
Այդիսկ պատճառով
Քո ձայնի մեջ
Հողը լսում էր իրեն
Եվ ջուրը
Խոսում էր ինքն իր հետ

 

***
Ծառերը ասես
Հագել են
Արցունքի հագուստ
Եվ անձայն լալիս են
Այն ժամանակ երբ աշնանային հողը
Գունազարդվում է
Նրանց տերևներով

 

***
Վերջին բանաստեղծությունը
Ուրիշներն են ասում մեզ համար
Եվ ինչ պարզ ու հստակ է
Եվ այն մի քանի բառով
Գրում են
Քարի վրա

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *