Գևորգ Թումանյան | Հրավերք կամ ինչպես միշտ

Ինչպես միշտ, ես փորձում եմ գրել կամ, ավելի ճշգրիտ, պատմել իմ առաջին պատմվածքը: Գինով կամ, ավելի ճշգրիտ, օղիոտ Գագիկ Սարոյանը պարտադրեց, և ոչ միայն ինձ, ստորագրել պատմվածք գրելու պարտավորագիրը, ժամկետ նշանակեց ու սահմանեց մրցանակը` սև գառ կամ ոչխար, որ ինքն է զոհաբերելու:
Իմ պատմվածքը լինելու է Գյունտեր Գրասսի ոճով, մեթոդով: Նրան չեմ կարդացել, բացի մի քանի բանաստեղծություններից` ռուսերենով, ու դիտել եմ ընդամենը «Մետաղյա թմբուկ» ֆիլմը:
Մխիթարականն այն է, որ մյուս պատմվածք մոգոնողները ևս չեն կարդացել նրան, ու ո՞վ կարող է պնդել, թե ես չեմ օգտագործել Գրասսի պոետիկան:
Մինչ մասակիցներին ու նրանց հանձնարարությունները թվարկելը` պատմեմ, թե ինչպես ծնվեց այս հանճարեղ միտքը, ըստ Գագիկ Սարոյանի, Գագիկ Սարոյանի գլխում:
Հունիսի քսանմեկն էր, երեկոյան ութն անց կեսի կողմերը. կինս կարտոֆիլ էր տապակում, մայրս, ես ու դստրիկս նստած էինք սեղանի շուրջ: Հնչեց հեռախոսի զանգը.
– Գևորգ, Գագիկ Սարոյանն է,- շտապ, տեմպով մեր տուն ես գալիս, պոետներով հավաքված ենք:
– Լավ,- ասում եմ ու դնում ընկալուչը:
Կինս նորից վրդովվում է.
-Երեկ էլ գնացիր, այլևս չեմ կարող, տունը հյուրանոց ես դարձրել, ոչ մեկին չես ասում` ո’չ:
Թավան դնում է տակդիրին, աչքերը լցնում ու նոր թափով և պաթոսով սկսում բողոքի անարդյունք կրակահերթը:
Մեկ օր առաջ բժշկենց տանն էինք. բլոտ էինք խմում ու օղի և գարեջուր խաղում: Ես ու բժիշկը` գարուջուր և օղի, Սամվելը ու Գագիկը` օղի և գարեջուր: Սամվելը` Գագիկի ընկերը, ամուրի է, պատանի հասակում գրել է բանաստեղծություններ, Գագիկը, խմած ժամանակ, հիշում է տողեր և երբեմն արտասանում, բժիշկը բանաստեղծ է ու նույնպես ամուրի:
Խաղի ընթացքում, որ ինչպես միշտ թաթախված է վիճաբանությունով, Գագիկը ու բժիշկը պայմանավորվեցին հաջորդ օրը հանդիպել Գրողների միությունում, որ գնան Գագիկենց` գազօճախը վերանորոգելու: Ես, ինչպես միշտ, կռահեցի, որ գազօճախը չի վերանորոգվելու: Միությունում նրանց միացել էին բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը և Արա Արթյանը, ճանապարհին`ամուրի Սամվելը:
Քանի որ Հրանուշը` Գագիկի կինը, պարսկահայ է, ինձ հետ վերցրի Իրանում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուն. թարգմանված հինգ հեղինակից մեկը ես եմ:
Գագիկենց մեծ հյուրասենյակը ծխի մեջ էր: Ողջագուրվելու, պաչպչվելու ընթացքում զգացի, որ տղոնց քեֆը արդեն տնկոզ է, նստեցի Անդրանիկի ու Սամվելի միջև:
Հրանուշը օղու բաժակը, պատառաքաղը դնելով հարցրեց.
– Ափսե ուզո՞ւմ ես, թե մյուսների պես ընդհանուր ափսեից ես օգտվելու… Ես` ուզեցի:
Անդրանիկի հեռախոսից լսվում էր բանաստեղծ Միքայել Ժամհարյանի ձայնը: Գագիկը հայտարարեց, ինչպես միշտ անվճռաբեկ տոնով, թե Միքայել Ժամհարյանն այս տարածքի մեծ պոետն է` անտարակույս, Աշոտ Ավդալյանից հետո: Ոչ ոք, բացի բժշկից, Գագիկին, իհարկե, չցանկացավ առարկել. իմաստ չուներ:
Ինձ համար Միքայելը հրաշալի Ասացող է: Ես, ինքնակամ, ժամերով կներսուզվեի նրա իմաստուն Խոսքի խորքերում:
Երբ Հրանուշը ափսեն դրեց սեղանին, նրան տվեցի գիրքս ու խնդրեցի որոշ բաներ հայերեն թարգմանի: Տղաները գրքի կապակցությամբ շնորհավորեցին. Գագիկը, ինչպես միշտ, որպես աչքալուսանք, հետոյի համար օղի ուզեց. Արան քահ-քահ ծիծաղելով բացականչեց` «Պարսիկ մեծ բանաստեղծ Գևորգ Թումանյան, Հաֆեզ, Խայամ, Թումանյան…». Անդրանիկն էլ գովեստներով երկար ու հանգամանալից սկսեց խմել կենացս: Անակնկալի եկած, ես մի փոքր անհարմար զգալով լսում էի և իրար հետևից ծխում:
Հրանուշը հերթական սուրճը բերեց: Ես լցրեցի օղու բաժակները: Բժշկից բացի մյուսները քիչ էին խմում, իսկ բժիշկը, ինչպես միշտ, առանց կենացի` բաժակը անմիջապես դատարկում էր: Սամվել լուռ էր: Հրանուշը նստեց բազմոցի բազուկին ու սկսեց ուսումնասիրել գիրքը:
– Գևորգի բանաստեղծություններից կարդա, տեսնենք` ինչպես կհնչի պարսկերենով,- ասաց Գագիկը:
– Իսկ մենք կգուշակենք բանաստեղծությունը,- կատակեց Անդրանիկը:
Առաջին բանաստեղծությունը չափից դուրս զգլխիչ էր ու մեղեդային: Ես ինքնագոհ փքվեցի: Չգուշակեցինք: Պարզվեց` հեղինակը Խաչիկ Մանուկյանն է:
Հետո Արան ու Գագիկը, մեկմեկու լրացնելով, դեպք պատմեցին Միքայել Ժամհարյանից.
«Երկրաշարժից առաջ Արարատ Մկրտումյանը Լենինականի Գրքասերների միության նախագահն էր ու սովետմիության երևելի բանաստեղծներին հրավիրում էր քաղաք: Եկել են ուկրաինացի Իվան Դրաչը, բելառուս Մաքսիմ Տանկը, լիտվացի Էդուարդաս Մեժելայտիսը ու էստոն ոմն Ա-ն, որի անուն-ազգանունը տղաները լավ չէին հիշում: Նրանց լավ պատվել են ու տեսարժան վայրերով ման ածել: Ա-ի հետ հանդիպման առաջին օրը` խաշի օրը, թե հրաժեշտի վերջին օրը` քյալլի օրը, ռեստորանում Միքայելը, որ էստոներեն մի բառ անգամ չի իմացել, սկսել է կարդալ Ա-ի իր արած տողացի թարգմանությունները: Ա-ի բանաստեղծություններն ութ տողը չեն գերազանցում, իսկ Միքայելի արտասանածը պոեմ է հիշեցրել: Իրականում Միքայելն իր գործերից է հրամցրած լինում:
Էստոնին ուղեկցել են Ախուրյանի գեղատեսիլ հովտում գտնվող Մարմաշենի վանական համալիր: Գլխավոր եկեղեցին, որ կոչվում է Վահրամաշեն, ունի ստույգ տեղեկություն կառուցման ժամանակի մասին` վկայված Սամվել Անեցու կողմից` փորագրված բազմատող և գեղեցիկ արձանագրությամբ. «Սկիզբ շինուածոյ մեծանուն և վայելչաշեն զարմանակերտ և հոյակապ ուխտին Մարմարաշենոյ` ի քրիստոսասէր իշխանաց իշխանէ Վահրամայ. սկսեալ ի ՆԼԵ / 986 թ./ և աւարտեալ ի ՆԽԳ / 994 թ./…»:
Գետի ափին պահպանված կա նաև հեթանոսական ժամանակների սեպագիր մի հուշարձան: Ա-ն արձանագրությունը հասկանալու ու դարերի խորհուրդն ու շունչը զգալու համար սկսում է լեզվով շոշափել նշանները, իհարկե արդեն լավ հարբած»…
Հրանուշը սուրճ բերեց, ես, ինչպես միշտ, լցրեցի բաժակները, բժիշկը անմիջապես դատարկեց բաժակը ու բժշկական իր կնիքը դաջեց Գագիկի մայկային ու Արայի կրծքին: Սամվելը լռում էր:
Գագիկը, երեխայի պես հրճվելով, ասաց.
Այլևս անմահ եմ:
Ախպա’ր, ինձ ուրիշ կնիք պետք չէ,- հայտարարեց Արան ու ծոցագրպանից հանեց հերթական կուսկցությանն անդամագրվելու վկայությունը` այս անգամ կապույտ գույնով մի անդամատոմս:
Անդրանիկը թե` ինչո՞ւ հիմա հանդես չգանք նման նախաձեռնությամբ` հայտնի ինչ-որ մեկին հրավիրենք քաղաք:
Չինգիզ Այթմատովին,- սուրճի բաժակը անմիջապես դատարկելով ասաց բժիշկը:- Հայերիս շատ է սիրում:
Չի’ գա, մահմեդականները չեն թողնի,- առարկեց Գագիկը:
Այդ դեպքում Մարկեսին,- գյուտ արածի պես հրճվեց Անդրանիկը:
Ծերուկը վատառողջ է,- ասաց Արան, վկայականը դրեց գրպանը և կանգնեց. ուզում էր գնալ զուգարան, Անդրանիկը հետ պահեց, չթողեց` ինքը գնաց:
Ես առաջարկեցի իմ տարբերակը` Վահե Գոդել:
Նախ` հայ է, հետո, ինչո՞ւ չէ, կթարգմանվենք ֆրանսերեն, մանավանդ, Գողթան երգերից մինչև չգիտեմ ում թարգմանել է: Կամ հրավիրելը որ հրավիրել է, կանչենք Գյունտեր Գրասսին. և’ բանաստեղծ է, և’ արձակագիր, և’ նոբելյան դափնեկիր:
Ավելի լավ է ռուս գրողի հրավիրենք,- չհամաձայնեց Արան, նորից կանգնեց ու այս անգամ սկսեց փնտրել իր բանալիները:- Վասիլի Բելովը ընտիր տարբերակ է:
Ես տվեցի իմ բանալիները, իբր թե գտել եմ, Արան հանգստացած նստեց:
Հրանուշը, ինչպես միշտ, սուրճ բերեց, ես լցրեցի օղու բաժակները, բժիշկը անմիջապես դատարկեց բաժակը, ճոճվելով, հազիվ կանգնեց ու, չգիտեմ ինչու, պահանջեց իր գրքերը: Սամվելը լռում էր:
Հրաշալի, հանճարեղ բան եմ առաջարկում,- ոգևորված խոսեց Գագիկը,- ով ում թեկնածությունն առաջարկել էր` նրա ոճով, մեթոդով գրելու է պատմվածք: Մեր թերթում էլ կտպագրեմ, հետո չենք տրտնջա, որ Գյումրիում արձակ չկա: Սեղանից վերցրեց Անդրանիկի բանաստեղծությունների սևագիրը, մաքուր երեսին գրեց պարտավորագրի պայմանները ու հարցրեց.
Սերգե’յ, ո՞ւմ ես հրավիրում:
Չինգիզ Այթմատովին,- պատասխանեց բժիշկը, նստեց, բոլորին օղի լցրեց և իր բաժակը անմիջապես դատարկեց:
Դե, անվանդ դիմաց ստորագրի’ր: Անդրանի’կ, ո՞ւմ ես հրավիրում:
Գաբրել Գարսիա Մարկեսին:
Ստորագրի’ր, Գևո’րգ` ո՞ւմ:
Իսկ կարելի՞ է մահացածի հրավիրել, օրինակ, Հերման Հեսեին…
Իհարկե` ո’չ: Հո մենք ոգեհարցուկներ չե՞նք: Դու կանչում ես Գյունտեր Գրասսին: Ստորագրի’ր: Արա’` ո՞ւմ:
Վասիլի Բելով,- պատասխանեց Արան, ստորագրեց, կանգնեց ու սկսեց փնտրել բանալիները: Ես տվեցի Անդրանիկի ավտոմեքենայի բանալիները: Արան թեթևացած գնաց զուգարան:
Բանալիները երկար փնտրտուքից հետո գտավ Գագիկի աղջնակը` Նազանը:
Ես նույնպես հրավիրւմ եմ Մարկեսին,- եզրափակեց Գագիկը և ստորագրեց:
Սամվելը շարունակում էր լռել:
Ինչպես միշտ, մեր հեռանալը ձգձգվեց: Դռան մոտ Գագիկը ամենքիս, չգիտեմ ինչու, նվիրեց իր քենակալի հոր բանաստեղծությունների գիրքը: Արայի համար գրքից ընտրողաբար կարդում էինք բանաստեղծություններ, մեր բանաստեղծությունները…
Ես ու բժիշկը մեկական բաժակ դատարկեցինք, Սամվելը ասաց` ցը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *