ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ | ՓԵՏՐՎԱՐԻ 31

Կարինե Խոդիկյան

Այդ օրվա քրոնիկոն

1.
ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ

Ներս մտավ, դուռը փակեց: Դռնից այն կողմ փողոցն էր, քաղաքը, Հրապարակը` վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում տունն էր` սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը` մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած որդու սպորտային կոշիկների քրտնքի ու էլի շատ հոտերի խառնուրդը: Սովորականի պես լույսը չվառեց, գիտեր, որ դեմքը համարյա անճանաչելի էր` լարվածությունից, նյարդերի անմարդկային պրկումից, չարության հասնող անզորությունից: Մի կարճ ժամանակ էր պետք` ներքուստ հավաքվելու, դեմքի մշտական հանդարտ ինքնավստահությունը վերգտնելու համար… Նախասենյակից սենյակները տանող դռների ետևում տնեցիների սովորական կյանքն էր: Կինը խոհանոցում է, ըհը՛, կաթսայի կափարիչը ձեռքից սահեց, բայց հասցրեց բռնել, ու միայն խուլ թմփոց լսվեց: Տղայի սենյակում երաժշտության ձայնն էր. էլի մտել է համակարգիչի մեջ, իսկ բիթլզները երգում են երեկվա մասին: Ինքն էր որդուն տվել նրանց ձայներիզը, այդ օրվանից նա միայն “Բիթլզ” է լսում: Ժպտաց, կամ ժպիտի նման մի բան դեմքին երևաց` վերջին օրերի մեջ առաջին անգամ: Այդ կիսատ ժպիտից դեմքը ցավեց: Ձեռքը տարավ, շոշափեց… հա՛, մկանները լարված են, դրանից է:
Աղջկա սենյակում լռություն է, նա, բերանքսիվայր պառկած բազմոցին, կարդում է:
Սա է իրենը, այս փոքրիկ աշխարհի համար է ապրում, իսկ մի քանի ժամից նորից կգնա Հրապարակ, կկանգնի նրանց դեմ-դիմաց ու… Թուլացրեց փողկապը, լույսը վառեց: Հայելու միջից նայողին ստիպեց սրված դիմագծերը հարթել ու մտավ խոհանոց:
– Եկա՞ր… հիմա կճաշենք,- կինը մոտեցավ, թեթև գգվեց ու հարցական նայեց:- Ինչպե՞ս անցավ օրդ:
– Սովորականի պես,- դիմացավ կնոջ հայացքին:
– Հա…- այնքան դժգույն հնչեց կնոջ “հա”-ն, որ տասնութ տարվա մեջ առաջին անգամ չհասկացավ. դա հա՞րց էր, հաստատո՞ւմ, թե՞ դատապարտված իմացություն:- Հիմա կճաշենք:
Հովսեփը մտավ ննջասենյակ, պիջակը խնամքով կախեց աթոռի թիկնակից, սովորության համաձայն ափը սահեցրեց ուսադիրների վրայով` կարծես մեկ-մեկ հաշվելով աստղերը: Գնաց լոգարան: Լվացվեց` առանց հայելուն նայելու, դուրս եկավ պատշգամբ` երեխաների ծնվելուց հետո սենյակում չէր ծխել: Մայրամուտ էր, վաղը լավ օր է լինելու… Լսողությունը լարեց` ոչ, Հրապարակը հեռու է, ձայները չեն հասնում: Խտացող մշուշի մեջ հեռվում ուրվագծվող Հրապարակը ասես կղզի էր` առանձնացած, ինքն իրենով, անիրական… Կիսատ ծխախոտը շպրտեց, ներս մտավ:
Սեղանին տատից մնացած անգլիական ճենապակե սկուտեղն էր, հատուկ տոլմայի համար, կողքը` մորից հիշատակ մնացած բյուրեղապակյա երկարվիզ գրաֆինը: Սա իրենն է. այս սեղանը, գրաֆինը, որ սեղանին է դրվում միայն շաբաթամուտին ու մեկ էլ, երբ հյուր են ունենում: Այս կարգն էլ տատից է` սկուտեղի ու գրաֆինի հետ ժառանգած: Սա՛ է իրականը` գերդաստանի ավանդական օրենքներով ապրող իր տունն ու ընտանիքը:
– Պա՞… էդ ե՞րբ եկար,- տասնվեցամյա որդու զարմանքի մեջ մանկական ուրախություն կար:
– Տանկով էլ տուն մտնեմ` համակարգիչն ու բիթլերը կթողնե՞ն, որ գալս իմանաս:
– Ի՞նչ տանկ, տանկի անուն չտաս,- չգիտես ինչու վախեցավ կինը` աղամանը ձեռքին անճարակ քարանալով սենյակի մեջտեղում:
– Քե՞զ ինչ եղավ,- չթաքցնելով սրտնեղությունը, Հովսեփը նստեց, իրեն մոտեցրեց գրաֆինն ու սահուն անցավ կեղծ բարկության:- Ու չհամարձակվե՛ս աղամանը խոհանոց տանել, հազիվ էս մի անգամը, առանց մեր հիշեցման, աղամանը սեղանին էր լինելու:
– Ի՞նչ… էս մի անգա՞մը…- անկեղծ վիրավորվեց կինը:
– Արամ, ես չէ` դու…
– Դե լավ, մամ, պապան չափազանցրեց,- Արամը սպասեց, մինչև մայրը, աղամանը ձեռքից բաց չթողնելով, նստեր, հետո անմեղ-անմեղ շարունակեց:- Սա երկրորդ անգամն է:
– Դե, գիտեք ինչ… էլի՞ սկսեցիք…- մայրը անզոր հերսոտեց, աղամանը հատուկ շեշտով դրեց սեղանի կենտրոնում:- Իրականում սա երրո՛րդ անգամն է:
Նրանց ծիծաղից Հովսեփի սիրտը ջերմացավ:
– Լուսինե՞ս ուր է…
– Եկա՜…- աղջիկը սրընթաց ներս մտավ, մոտեցավ, գրկեց հորը, չլմփոցով համբուրեց:- Պապ ջան, թե իմանաս…
– Ո՜նց եմ կարոտել,- նրա ձայնով շարունակեց եղբայրը, հետո չորեց:- Օրիգինալ չե՛ս:
– Սերը օրիգինալ լինելու կարիք չունի… Լավ ասի, չէ՞, պապ ջան: Մա՜մ, սոված մեռա:
Հովսեփը վերցրեց բաժակը, երեք զույգ աչքեր սպասեցին սովորական կենացին. “Փա՛ռք քեզ, Աստված”: Իսկ նա հապաղում էր, կարծես առաջին անգամ էր տեսնում հյուրասենյակը, որտեղ իր հարսանիքն էին նշել ու ծնողներին վերջին հրաժեշտը տվել, անծանոթ լինելու աստիճան աչքին նոր էին թվում հարյուրքանի տարվա պատի ժամացույցն ու հոր կաղնեփայտ ճոճաթոռը: Հերթով նայեց` կինը, որդին, աղջիկը… իրենը, ամենահարազատը, թանկը: Վերջին օրերի դառնությունից կոկորդը քերծվեց, աչքերը խոնավացան, բաժակ բռնած ձեռքն աննկատ դողաց:
– Աստված պահի մեզ… բոլորիս,- ու խմեց: Ու չզարմացավ, որ տնեցիները հասկացան: Ծանր լռությունը խախտեց Հովսեփը:
– Լուսինե, էսօ՞ր ինչ էիր կարդում,- չէր էլ թաքցնում, որ ուշքը գնում է դստեր համար:
– Չէի կարդում, գրում էի:
– Բանաստեղծությո՞ւն,- իր մասին հիշեցրեց Արամը:
– Ռեֆերա՛տ,- միաժամանակ հասցրեց լեզու ցույց տալ, դեմքը ծամածռել ու պատասխանել եղբորը:
– Թեմա՞ն… ինչի՞ մասին է,- Հովսեփը հիացավ նրա` արդեն երևակվող գեղեցկությամբ:
– Պատասխանատվության: Վերջապես խելքը գլխին գրականության ուսուցիչ ունեցան, գրողների ծնված-մեռած թվերն անգիր անելու փոխարեն մտածել է սովորեցնում:- Կինը խոսելու ընթացքում երկու տոլմա էլ դրեց որդու ափսեի մեջ` աճող օրգանիզմ է:
– Այսի՞նքն…- մտովի նշելով, որ կինը ամեն ինչ, կամ համարյա ամեն ինչ գիտե զավակների մասին, Հովսեփը ուշադիր նայեց աղջկան:
– Դե՜… ինչ է նշանակում… գրական ո՞ր կերպարը կարելի է էդ լույսի տակ քննարկել… տուֆտայությո՛ւն,- Լուսինեն մանկական հապշտապությամբ մի քանի խոշոր կումով խմեց ծիրանի հյութը, շունչը ետ բերեց:- Բայց ինձ ուրիշ բան ա հետաքրքրում… Ես ուզում եմ իմանալ…- աստիճանաբար ոգևորվելով, ճաշը մոռացած, սովոր շարժումով քաշքշում էր մազափունջը:- Ե՞րբ է պատասխանատվությունը վերածվում…- փնտրեց բառը, չգտավ:- Մի ուրիշ բան ա դառնում,- ի պատասխան երեք զույգ հարցական հայացքների` անցավ շուտասելուկի:- Դե… ասենք, դու անում ես` ինչ պիտի անես… ճիշտ, տեղը տեղին…
– Արհեստավարժ կերպով,- իբր քթի տակ ասաց Արամը:
– Թեկուզ… բայց մինչև ո՞ւր, ե՞րբ, ո՞րն է սահմանը…
– Հանգի՜ստ, քանի անգամ եմ ասել, վրա մի՛ տուր,- մայրը հյութ լցրեց նրա բաժակը:- Շունչ քաշիր:
– Ինչպես թե… հենց բառը չի՞ նշում սահմանը…- Հովսեփը զարմացավ, որ անհամբեր սպասում է աղջկա պատասխանին:
– Քիչ առաջ Աստվածաշունչ էի կարդում, փնտրում էի…
– Էդ ո՞ր օրվա հավատացյալն է,- Արամը հարցն ավելի շատ ուղղեց մորը:
– Թող խոսի,- Հովսեփը ձեռքը դրեց որդու ձեռքին: Դարձավ աղջկան:- Ի՞նչ էիր փնտրում:
– Պա, գիտե՞ս, ինչ էր հյուսնի անունը… ո՞վ Քրիստոսի խաչը սարքեց:
– Անո՞ւնը… իսկ դա կարևո՞ր է:
– Չգիտեմ… Ուզում էի իմանալ…
– Ճիշտն ասած, երբևէ մտքովս չի անցել,- մայրը մտախոհ, պատառաքաղով քչփորում էր կաղամբն ու միսը:- Ասենք` Սիմոն, Դավիթ… Ղուկաս կամ Եսայի…
– Կայեն ու Աբել,- Արամն էր:
– Մաթևոս կամ Հովսեփ…- ուսուցչուհու մասնագիտական բծախնդրությունը ստիպում էր հիշել, մտաբերել Աստվածաշնչյան անուններ: Հանկարծակիի եկավ համերաշխ ծիծաղից:- Ի՞նչ է…
– Մամ, ինչ ասի՞ր… Հովսե՞փ,- չարաճճի ժպտաց Լուսինեն:
– Հա, ինչ է՞ որ…- ու լռվեց, մեղավոր նայելով ամուսնուն:- Ներիր…
– Ինչ ասի՞ր որ…- Հովսեփն զգաց, որ ժպիտը չստացվեց:- Նախ` ասածդ միայն վարկած է, իսկ եթե նույնիսկ հյուսնի անունը Հովսեփ էր… Դա ինչ-որ բա՞ն է նշանակում:- Լռությունը հարթելու համար նորից փորձեց ժպտալ:- Լուսինե, վերջապես ավարտելո՞ւ ես միտքդ…
– Եթե նրան պատվիրել են ու նա էլ ամուր, շատ լավ խաչ է սարքել, մտքով չի՞ անցել, թե ինչի համար է այդ խաչը…
– Այո՜… չէի կարծում, որ քույրիկիս գեղեցիկ գլուխը լուրջ հարցերով է զբաղված…
– Գուցե լռե՞ս,- ավելի շատ հոր հայացքից, քան խոսքից Արամը վերջնակապես սսկվեց:- Իսկ դու շարունակիր,- էլ չփորձեց ժպտալ աղջկան:
– …Կամ` ի՞նչ մտածեց, երբ իմացավ, որ ի՛ր սարքած խաչի վրա են Քրիստոսին խաչել:
– Դու պատասխան ունե՞ս,- Հովսեփը շեղ նայեց Արամին:
– Միայն մեկը,- Արամի ձայնը կոպիտ էր, կռվարար:- Ոչ մի նշանակություն չունի` կոնկրետ ում համար էր սարքել խաչը: Խաչ էր սարքել, որի վրա մարդ էին խաչելու, պարզապես մարդ, իրեն էլ` անծանոթ:
– Դո՞ւ ինչ կասես, քո դաստիարակությունն է, չէ՞…- դարձավ կնոջը և հազիվ նկատելի ժպտաց: Հազիվ, այսինքն` նկատելի միայն կնոջ համար:
– Ասածդ կոմպլիմե՞նտ է…
– Միա՛յն կոմպլիմենտ,- հայացքով շոյեց կնոջ դեմքը:- Անանուն հյուսնը… Իսկ ինչո՞ւ անանուն, համարենք որ նրա անունը Հովսեփ էր…- սպասեց: Լռում էին:- Ուրեմն, Հովսեփը, որ սեղան էր սարքում, գդալ ու դագաղ, խաչափայտ էլ պիտի սարքեր: Ու միայն ի՛նքը, որովհետև դարբին Մովսեսը կամ քարտաշ Եսային չէին կարող: Իրենից բացի էդ խաչը սարքելու իրավունք ոչ ոք չուներ: Ինքը դա գիտեր, ու դա է ասածդ պատասխանատվությունը: Հարցեր կա՞ն…
– Սուրճը դնեմ,- լռությունը խզեց կինը:- Լուսինե, սեղանը հավաքիր:
Հովսեփը պատշգամբ ելավ: Մթնել էր, անսովոր լռություն էր: Մտածեց, որ գուցե Հրապարակն էլ է լռել, կամ գուցե Հրապարակը այն կղզիներից է, որոնք մշտական տեղ չունեն, թափառում են ծովից-օվկիանոս ու քիչ հետո, երբ ինքը գնա, կպարզվի, որ արդեն չկա…
– Պա… պապ ջան,- Լուսինեի մոտենալը չէր զգացել,- էսօր էլ ես գնալո՞ւ…
– Էսօր էլ, վաղն էլ… ինչքան պահանջվի, – ձայնը չոր հնչեց:
Աղջիկն ինչ-որ բան էր ասելու, բայց հոր հայացքն ստիպեց ներս գնալ:
– Սուրճը սեղանին է,- կնոջ ձայնը հասավ պատշգամբ:
Համը չզգալով կում արեց: Արամը հեռուստացույցի ալիքներն էր պտտում, ձայնն անջատել էր, – իրար հաջորդող պատկերները աբսուրդ ֆիլմ էին հիշեցնում:
– Ի՞նչ ես մտածում,- Հովսեփը մտածեց, որ առաջին անգամ է այդ հարցը տալիս որդուն: Մեծացել է: Հենց նոր զգաց, որ տղան մեծացել է:
– Բայց դեմք է, չէ՞, մեր Լուսոն,- եղբոր ինքնագոհությամբ ժպտաց:- Ոնց էլ է մտքով անցել… Բայց ես ուրիշ հարց կտայի…- բառերը խնամքով էր ընտրում:- Ինչ-որ մեկը հրամայել էր, չէ՞, որ նա խաչը սարքեր: Էդ հրաման տվողը չի՞ մտածել, թե Հովսեփը ոնց է ապրելու… դրանից հետո…
– Արամ, գուցե լռե՞ս,- կինը, որ լվացած սկուտեղը դնում էր պահարանը, որդու վերջին խոսքերից ուժահատ նստեց Հովսեփի դիմաց:
– Չէ, ինչի՞…- Հովսեփը հայացքը չէր կտրում սուրճի բաժակից:- Հարց-պատասխանի լավ երեկո է: Մնում է` դու էլ հարցդ տաս, ու…- շեշտակի նայեց կնոջը:
– Երբ Հովսեփը խաչը սարքելուց հետո տուն եկավ ու կինը հարցրեց` ինչպե՞ս անցավ օրդ, նա ի՞նչ պատասխանեց,- կինը կարողացավ դիմադարձել նրա հայացքը:
– Ասաց` սովորականի պես,- այդպես էլ չխմած սուրճով բաժակը հրեց մի կողմ, տեղից ելավ:- Տնից դուրս չգաք: Դուռը փակեք: Ինձ չսպասեք, բանալին մոտս է:
Մտավ ննջարան, հագավ պիջակը, ուսադիրների աստղերը չարագույժ փայլեցին հայելու մեջ:
– Զգույշ կլինես:
Միշտ զարմացել է, երբեմն էլ հիացել է, երբ կինն անլսելի հայտնվել է կողքին: Հիմա տհաճ էր: Խոսել չէր ուզում:
– Երազ եմ տեսել…- գիտեր` ամուսինը տանել չէր կարող հենց այդ նախադասությունը: Ջահել օրերին մի երկու անգամ փորձել էր պատմել տեսած երազը: Անխնա ծաղրի էր ենթարկվել, իսկ երրորդ թե չորրորդ անգամ, ծանր խոսակցությունից հետո, պայմանավորվեցին, որ երբևէ այդ տխմար նախադասությունը չի հնչելու իրենց տանը: Հովսեփը երազների չէր հավատում:
– Հետո՞,- ձայնը նախազգուշացնող էր` կանգ առ:
– Իսկ ես կպատմե՛մ:- Կինը մոտեցավ, ուղիղ նայեց: Հովսեփը հայացքը չփախցրեց:- Երազում տեսել եմ դրանց: Դրանք ոչմիբանինման չեն: Շուտով քաղաքում կլինեն:
– Հետո՞ ինչ:
– Մի գնա… գոնե այս գիշեր չգնաս: Հրապարակում այս գիշեր…
– Էդ է՞լ երազումդ ես տեսել,- իրենից հրեց, հեռացրեց կնոջը, դառը քմծիծաղեց:- Հո չէ՞ի մեռել… երազումդ:
– Չէ,- հազիվ լսվեց ձայնը:- Դու դրանց հետ էիր…- վերջին բառի համար շունչը չհերիքեց:

Նախասենյակում Լուսինեն սպասում էր:
– Պա, ասի` հիշեցնեմ…- հայրը գլխի չընկավ:- Վաղը գարնան առաջին օրն է, մամայի մանուշակները չմոռանաս:
– Ապրե՛ս, մոռացել էի…- դավադիր աչքով արեց:- Մաղարիչը վրաս:
Շրջվեց` շեմին կանգնած կնոջ աչքերում, սեղմված շուրթերում զսպված ճիչ էր: Դուրս գնաց:

***
Ներս մտավ, դուռը փակեց: Դռնից այն կողմ մնաց Հրապարակը` շրջափակված, հալածված, ոչնչացված, արյունլվիկ… Հենվեց դռանը, թեև գիտեր, որ երբևէ չի մոռանալու տեսածն ու եղածը` փորձեց զսպել ձեռքերի դողը: Լույսը վառվեց` կինն էր…

Եվ հյուսնի կինը հարցրեց.
– Օրդ ինչպե՞ս անցավ:
Եվ հյուսնը պատասխանեց.
– Սովորականի պես…

2.
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Երբ գրբաց Լուսոն, որ ոչ մի գրբաց էլ չէ, այլ վառ երևկայության տեր, պողոտայի լավագույն շենքերից մեկի չորս սենյականոց բնակարանում մենակ ապրող, կյանքից դեռ ինչ-ինչ սպասելիքների հավակնող, իր իսկ բնորոշմամբ` “տպավորիչ կին”, ուրեմն, երբ այդ գրբաց Լուսոն լույսը չբացված բակում դանակ-մկրատ սրողին ասել է, որ գիշերը տեսած երազը ոչ միայն մարգարեական է, այլև հարյուր ու հազար տոկոսով կատարվելիք, ու երբ դանակ-մկրատ սրողը նրա ասածը բառ առ բառ փոխանցել է առաջին հարկի Սաթենին, որը ոչ մի դանակ, առավել ևս մկրատ սրելու կարիք չունի, այլ, ինչպես ինքն է ասում` մարդկային կապ է պահում հասարակության բոլոր շերտերի հետ, ահա այդ պահից Լուսոյի երազը դարձավ բոլորիս սեփականությունը: Չգիտեմ, ուրիշներն ինչպես, ես այդ երազի մասին լսեցի հեռախոսով, հիմա չեմ հիշում` ումից, բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ երբ հեռախոսով լսում էի երազի բովանդակությունը, հեռուստացույցը ծանր տնքոցի ձայն արձակեց, իսկ էկրանը սևացավ: Ու մինչ կփորձեի եղածը հասկանալ, էկրանը կրկին լուսավորվեց, ձայնը տեղն եկավ, ու ես հանգստացած, այն է` հայացքս շրջում էի էկրանից, երբ հեռախոսի մեջ լսվեց Գոհարի (հիշեցի, Գոհարն էր զանգողը) զարմացած թառանչը. “Էս անտե՞րն ինչի գույնը գցեց”: Դեռ բան չհասկանալով, բայց անորոշ տագնապով նայեցի` հեռուստացույցս սև-ճերմակ էր ցույց տալիս: Խոսակցությունը չընդհատելով մոտեցա, ուժեղ բամփեցի գլխին, լսափողի մեջ այդ բամփոցի արձագանքն ու Արմինեի (այդ ժամանակ, ինչքան էլ տարօրինակ է, հեռախոսից լսվող ձայնը Արմինեինն էր) հուսահատ փնթփնթոցը լսեցի. “Երկու ամիս չկա` գնել ենք, չո՞ռ կպավ սրան”: Մենք նույն եզրակացությանը եկանք, որ պատճառը հաստատ էլցանցից է, ինչ-որ տեղ լույսն անջատել են, հետո այնքան հզոր ուժով են միացրել, որ հեռուստաաշտարակը վնասվել է: Շատ հնարավոր է, որ մեր տեխնիկական բացատրությունը ոչ մի կապ չուներ իրական պատճառի հետ, բայց ինձ ու Անուշին (այդ ժամանակ հեռախոսի մյուս կողմում նրա ձայնն էր) դա հանգստացրեց, և այլևս ուշադրություն չդարձնելով աչքի համար անսովոր դարձած սև-ճերմակ էկրանին` կարողացանք հասնել երազի ավարտին: Լուսոն, բոլորս էլ գիտենք, ոչ մի օրվա գրբացն էլ չէ, բայց կենտրոնի իր շքեղ բնակարանում մենակ մնալուց հետո, երբ ամուսինը որդուն առավ ու գնաց հեռու հյուսիս` չեղած տեղից փող սարքելու տաղանդն այնտեղ լիովին դրսևորելու համար, ուրեմն, այդ Լուսոն մի քանի օր չորս պատերի մեջ մի լավ գժվեց, ու քանի որ ազգուտակի հետ գալ-գնալ չկար, ոչ էլ նման “սև օրվա” համար հեռատեսորեն սիրեկան կամ դրա թեկնածու մեկին աչքի տակ ուներ, հասկացավ, որ իր փրկությունը մի գիշեր քնել-զարթնելուց հետո “երազումս տեսիլք եկավ” պայծառատեսի հայտով գոնե մեր շենքի բնակիչներին ներկայանալն է: Ու քանի որ նրա գնած սուրճն ամենաորակովն է, իսկ եփածը` ամենաբուրումնավետը, շատ չանցած սուրճի մրուրի մեջ կանանց թաքուն մտքերի ծածկագիրը կարդացողի համբավն իրենով արեց ու հանգստացավ: Ամուսինն ու տղան ամեն ամիս պարտաճանաչ ուղարկում էին փողը, օրվա որոշակի ժամերի տունը գնացող-եկողի պակաս չկար` Լուսոն վերականգնեց հոգեկան հավասարակշռությունն ու մի օր էլ դարձավ մեր շենքի բոլոր գաղտնիքների, հին ու նոր մեղքերի լիակատար տերը: Ու հանկարծ Լուսոն, որ ոչ մի գրբաց էլ չէ, այլ մեր շենքի կնիկների գաղտնիքները յուրացնողը, ոչ ավել ու ոչ պակաս` անցած գիշեր երազ է տեսնում, որ լուսաբացին տաս հրեշտակներ քաղաքապետարանի դիմացի արձանի գլխավերևում մի քանի րոպե ճախրելուց հետո թևաջարդ ու արնաթաթախ երկնքից թափվում են մարդկանց վրա, բայց երբ Լուսոն մոտիկից է նայում, տեսնում է, որ հրեշտակներն անհետացել են, իսկ դրանց փոխարեն… չէ, մարդ չեն, համենայնդեպս, ինքը մինչև այդ պահը այդպիսի… ինքն էլ չգիտի, թե ինչեր տեսած չկա: Այդ, չգիտեմ-թե-ինչերը Լուսոյի սարսափած աչքերի առաջ սկսում են շատանալ, մեկը դառնում է երկու, երկուսը` չորս, չորսը… ու երբ շուրջն է նայում, տեսնում է, որ շուրջը մարդ չկա, մարդիկ անհետացել են, ու ինքը հաստատ գիտի, որ շենքերի մեջ էլ մարդ չկա, ոչ էլ լուսամուտներում` շարժում կամ մեկի արտացոլանքը: Ու միայն էդ չգիտեմ-թե-ինչերն են լուռ, անշարժ, ասես հրամանով կրկնապատկվում…
Աստղիկի հետ համաձայնվելով (իսկ այդ պահին Աստղիկի հետ էի խոսում), որ Լուսոյի մոտ տարիքային անցանկալի շեղումներ են ի հայտ գալիս, լսափողները միաժամանակ դնում ենք ցած, ու ես գնում եմ խոհանոց, բայց կես ճամփա վերադառնում եմ: Լուսոն (հիմա հեռախոսի մեջ նրա ձայնն էր) ասաց, որ երազում ինքը փորձել է ինչ-որ բան իմանալ այդ, ինքն-էլ-չգիտի-թե-ինչերից, բայց մեկը, միայն մեկը, երկու միանմանի կիսվելու ընթացքում, ինչ-որ նախադասություն է մռթմռթացել, ու երբ ինքը սարսափի ճիչ արձակելով արթնացել է, ականջների մեջ արյան հոսքի պես տրոփել է “տասնմեկերորդ պատվիրանը” բառերը:
Ես Լուսոյին (իսկ հեռախոսի մյուս կողմում հաստա՛տ ինքն էր) հարցրի, թե հիմա՞ ինչի է այդպես վախեցած, տեսած երազից ժամեր են անցել, նա հիստերիկ ծիծաղեց, հետո կարծես լացը կոկորդի մեջ պայթեց, ու ինքը ծկլթաց. “Արամը տա՞նն է”: Հեռախոսը լռեց:
“Արամը… Արամը տա՞նը կլինի: Քանի օր է` Հրապարակից դուրս չի գալիս”,- նեղսրտած քրթմնջում եմ ինքս ինձ:
Գիշերը երկուսն էր, ներս ընկավ, ոտքի վրա թեյ խմեց… Գնալուց առաջ, չգիտեմ` ինչու, նրան տվեցի հոր գլխարկը: Երեք տարի է` փորձում էի համոզել, որ գոնե երեկոները` ցրտին, գլխարկը դնի: Ամեն անգամ մի բան հնարելով, երբեմն կատակով, ավելի հաճախ` բարկացած հրաժարվում էր: Իսկ անցած գիշեր այնքան անսպասելի վերցրեց, գլխին քաշեց, որ նույնիսկ չզարմացա:
– Մա՛, գլխարկով պապային նմանվեցի,- չլմփացրեց այտիս ու դուրս թռավ:
Իսկ ինձ պարուրեց անծանոթ մի հանգստություն, ասես հայրը տղայիս կողքին է… Վերջին մտքից շանթահար` նայում եմ շուրջս: Լուռ է, սենյակում լուռ է, շենքում լուռ է, պատուհանից դուրս եմ նայում` լուռ է: Հեռուստացույցը… նույնպես լուռ է, ինչ-որ սև-ճերմակ պատկերներ են առկայծում, բայց աչքերս` գույներին սովոր, ոչինչ չեն տարբերում` ովքեր են, ուր են վազում, ինչ իրարանցում է: Բջջայինով զանգում եմ Արամիս: Ձայն չկա: Նայում եմ հեռախոսի էկրանին` սա էլ գունաթափվել է:
Հանկարծ ականջներիս մեջ զարկեր եմ լսում, սկզբում կարծես սրտիս զարկերն են արձագանքվում, հետո զարկերը կորցնում են ռիթմը, դառնում աղմուկ, որն աստիճանաբար վերածվում է միալար մեղաղյա ճռնչյունի…
Դուրս եմ գալիս պատշգամբ` բակն անմարդ է: Փորձում եմ դիմացի շենքերի պատուհանների մեջ ինչ-որ շարժում կամ մեկնումեկի արտացոլանքը տեսնել` ապակիների պաղ անդրադարձն է միայն: Ներս եմ գալիս, դողով բռնված մատներս բջջայինի վրա մի կերպ սեղմում են տղայիս կանչը: Լռություն է: Ապարատի էկրանի սև-ճերմակն էլ կարծես խունացել է, ծանոթ նկարը տարրալուծվել է, բայց խորքում անորոշ շարժում եմ տեսնում:
Տենդահար փոխում եմ հեռուստաալիքները: Ամեն տեղ նույնն է` խամրած սև-ճերմակ ուրվագծերը դես ու դեն են նետվում, բայց որ ձայն չկա` ոչինչ չեմ հասկանում: Նորից նայում եմ փողոց. կարծես ոչինչ չի փոխվել, բայց… մի քանի շենք այն կողմ` կրպակի առաջ ինչ-որ մեկն է հայտնվել: Ահա, դիմացի խանութի ցուցափեղկի մոտ էլ երկուսն են: Նրանք անշարժ են ու հաստատ ինձ չեն նկատում, բայց բնազդաբար ետ եմ քաշվում: Չեմ ուզում, որ հայացքս խաչվի նրանց հայացքին: Իսկ մատներս շարունակում են սեղմել ու սեղմել կոճակը, բայց Արամս լուռ է:
Վրաս եմ գցում վերարկուն, մոտենում եմ դռանը, բայց ձեռքս բռնակին չտարած` ինչ-որ մի ուժ ինձ նորից բերում, կանգնեցնում է պատուհանի մոտ: Փողոցում նույն լռությունն է, բայց նորերն են ավելացել ոչ միայն մայթերին, այլև փողոցի մեջտեղում: Ու նոր գլխի եմ ընկնում, որ քաղաքի կենտրոնական փողոցով ոչ մի մեքենա չի անցնում, մարդ չկա, փողոցը… մեռել է: Հենց կարողանում եմ մտքումս ասել, որ փողոցը մեռել է` հայացքս պարզվում է, ես նայում ու տեսնում եմ, թե ինչպես փողոցում հայտնվածները վախեցնող արագությամբ շատանում են, թե՞… կիսվում են նմանակների:
Հեռու եմ փախչում պատուհանից` դիմացս հեռուստացույցն է: Մութ էկրանով: Հուսահատությունից հոգիս քրքրվում է, ես գիտեմ, որ եթե հիմա ձեռքով բամփեմ գլխին, էկրանը կպարզվի, ու ես կտեսնեմ այն, ինչը, գիտեմ, որ արդեն կատարվել է և ինչից սարսափում էի այն պահից ի վեր, երբ գրբաց Լուսոն իր երազը պատմեց դանակ-մկրատ սրողին: Լռությունը` համբերությունը կորցրած, ինձ ստիպում է բարձրացնել ձեռքս ու խփել այդ սև ու սևացած արկղին:
Էկրանին հայտնվածը լույս չէ: Խավարը ցրվում է մի ակնթարթ միայն` ցույց տալու կարմրած ասֆալտին կողք-կողքի պառկած թևաջարդ ու արնաշաղախ տաս հրեշտակներին: Այդ մի ակնթարթում իմ աչքերի մեջ խարանվում են բոլորի դեմքերը` հերթով, ու ես գիտեմ, որ տասներորդը իմ Արամն է` երեք տարի առաջ մահացած հոր գլխարկը ձեռքերի մեջ սեղմած:
Էկրանը մթնում է այլևս չլուսավորվելու համար, ու ես գիտեմ, որ հիմա փողոցում նրանք են, որ ոչմիբանինմանչեն, որովհետև երկնքից իջեցրել են թևաջարդ ու արնաշաղախ տասը հրեշտակներին ու հիմա ստիպված են կիսվել ու շատանալ` իրենց այլակերպությամբ քաղաքին վերջնականապես լռեցնելու համար:
Ես մոտենում եմ պատուհանին` փողոցում միայն դրանք են: Անշարժ ու լուռ, առանձնացած ու դատապարտված: Բայց ես գիտեմ, որ հիմա նրանցից մեկը, միայն մեկը իր անգո հայացքով կփնտրի-կգտնի ինձ, որպեսզի ես` ցավս ու վրեժս մեջս պահած, նրան ասեմ տասնմեկերորդ պատվիրանի մասին…

3.
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆԸ

Կյանքից մահվան Անցումն այնքան անսպասելի այլակերպ է, որ կամովին հրաժարվում ես շնչիցդ ու քեզ փակում քամու առաջ: Հետո գալիս է անկշռույթ խնդությունը՝ դու ազատ ես: Ճիշտ է, երբ գլխի ես ընկնում, որ կորցրել ես ժամանակը, մի տեսակ ուրիշ ես դառնում, բայց քանի որ չես կարող ասել՝ Անցումից հետո ե՞րբ, ո՞ր պահին կորցրիր այդ ժամանակը, քեզ է մոտենում համակերպումի հեռավոր ձայնը ու դու վերջնականապես ազատվում ես…
– Բայց ո՛չ դու…
– Ի՞նչ գիտես,- շրջվեցի՝ ինձ նման մեկն էր:
– Դու դեռ այնտեղի հագուստով ես,- արնաշաղախ վերնաշապիկիս հառած հայացքն անվերծանելի էր:
– Չեն հասցրել… հիմա կտան, կամ՝ քիչ հետո,– ասացի ու զղջացի. գիտեի՝ ինչ պատասխան եմ ստանալու:
– Հա՛, այստեղ ժամանակ չկա, ուրեմն` հիմա ու հետո էլ չկա: Դու Անցումի մեջ պիտի այստեղի հանդերձանքն ստանայիր…
Ինքը մաքուր-անգույն հանդերձանքով է: Այլևս չզգալով արյունից ծանրացած շապիկիս սառնությունը` նայեցի ու նրա հայացքում ինձ չտեսա:

***
Ես հայտնվեցի Նրա դիմաց:
– Պիտի վերադառնաս,- ասաց Նա:
Զարմանքով զգացի, որ չեմ ուզում: Չեմ ուզում վերադառնալ:
– Քեզ սպանողն այնտեղ իր պատիժը չի ստացել: Ապրողների՛ց չի ստացել: Ու չի ստանա:
Վիրավորվեցի: Նրբանկատ չէ, երբ երեսիդ ասում են, որ քեզ սպանել են: Այո՛, մինչև Անցումը անթիվ անգամ ցավից ոռնում ես. “Ինչո՞ւ… ինչո՞ւ ես… Ես ապրե՛լ եմ ուզում…”, արցունքի հեղեղ է թափվում աչքերիցդ, դու հասցնում ես հիշել քո բոլոր դժբախտություններն ու վիրավորանքները, դու ատում ես այնտեղ մնացած բոլորին անխտիր, քանի որ նրանք դեռ ապրելու են… Դու խեղդվում ես մաղձից. կյանքը գուցե քեզ շատ էր հարվածել, բայց մահից պիտի՛ փրկեր… Ու հանկարծ տեսա մորս դեմքը, նա ինձ մենակ չի թողել, նա մոտենում է, ևս մի ակնթարթ… նա գրկեց ինձ… Ամեն ինչ փոխվեց՝ հիմա ես շրջապատված եմ բոլոր-բոլորով, ում սիրել եմ, նվիրվել, երջանկացրել ու դառնացրել… Ես սիրում եմ այնտեղ մնացածներին ու երջանիկ եմ, որ նրանք դեռ ապրում են… Ես երբեք այդքան սիրով լիքը չեմ եղել…
– Դա ինձ չի հուզում,- բացարձակ անկեղծ էի:- Այնտեղ չի պատժվել, այստեղ կպատժվի:
– Ոչ, նա այնտե՛ղ պիտի պատժվի, ապրողների՛ մեջ: Անցումի օրենքը չպիտի՛ խախտվի:
Դադարը երկարեց: Նա սպասում էր իմ խոսքին: Ու ստիպված հարցրի. “Ե՞ս պիտի պատժեմ”:
– Ոչ: Դու միայն կուղեկցես Մյուսին,- Նրա ասածը արճճի համ ուներ, այն արճճի, որը դեռ իմ մեջ է, ու ես հասկացա, որ ոմանց համար ցավը չի վերջանում անգամ Անցումից հետո:

***
Մյուսը ինձ դուր չեկավ` դեռ չտեսած գիտեի, որ նրա համար գոյություն ունեմ` քանի դեռ անպատիժ է մարդասպանը:
– Եթե կարծում ես, թե քեզ կօգնեմ… չսպասե՛ս,- մնում էր՝ նրան ուղեկցեի այն մեկի մոտ, ով վերջին հիշողությունս էր` սև դիմակի ետևում թաքնված, հրացանի թիրախի վրա ինձ պահած: Գիտեի, որ նրա արձակած կրակոցից հետո ես դարձել էի նրա ամենաարթուն երազի ստվերը:
– Քեզ համակած զգացումն անուն չունի, իզուր չփնտրես:-Նրա պատասխանն ինձ դուր եկավ:
Իսկ երբ կյանքը հոսեց մեր միջով՝ առանց ցավ պատճառելու, երկուսիս դեմքին ոչինչ չկա՛ր: Մե՛նք չկայինք:

***
Ես վերադարձել էի, բայց ապրողների մեջ տեղ չունեի: Դա ինձ չզարմացրեց: Ու երբ իմ մեջ տեղ չգտա ապրողների համար, փակվեցի ինձ համակած զգացումի պատյանում: Այնտեղից էլ տեսա, թե ինչպես է կյանքը հոսում ապրողների միջով, իսկ նրա պատճառած ցավն ստացավ իր բացատրությունը:
Մյուսը կարծես չէր նկատում ինձ: Միայն մի անգամ փորձ արեց դուրս բերել ինձ համակած զգացումի պատյանից, երբ առաջարկեց հեռվից հետևել ինձ սպանողին:
– Նրանից բացի ուրիշ մեկին կարո՞ղ եմ տեսնել… մորս: Նա մենակ է մեր դատարկ բնակարանում,- նախօրոք պատրաստած հարցս տվեցի համարյա բարեկամական շեշտով:
– Ո՛չ,- ասաց միանգամից, ու ես հասկացա, որ հենց այդ հարցին էր սպասում:
– Ուրեմն` նրան չեմ ուզում հետևել, անգամ` հեռվից,- ժպտացի ես:
Համոզված եմ` Մյուսն սպասում էր նաև այդ ժպիտին:
– Նա պատժվելու է` հետևես, թե չհետևես:
Ու գնաց: Չերևաց այնքան ժամանակ, մինչև գիշերային լուրերով ցույց տվեցին ինձ սպանողի կիսաածխացած դիակը: “Դժբախտ պատահար` ավտովթար”` ասաց հաղորդավարը:
Այդ պահին Մյուսի հայացքի մեջ տեսա իմ դեմքը: Ճիշտ այնպես, ինչպիսին էի սպանվելուց մի ակնթարթ առաջ: Ու կարողացա ինքս ինձ խոստովանել, որ Անցումից հետո փնտրել էի միայն իմ դեմքն ու անունս` Արամ:
– Դու կատարեցիր Նրա պատվիրանը,- ասաց Մյուսը, ու ես տեսա, թե ինչպես է արյունից չորացած, ծանրացած շապիկս վերածվում անգույն-մաքուր հանդերձանքի:
– Ո՞ր մեկը, կարծեմ Նրա պատվիրանները տասն են:
– Կյանքի այն կողմում մի պատվիրան կա միայն` տասնմեկերորդը:

… Ինչ-որ տեղ` հեռվում, կյանքը շարունակում է հոսել, բայց նրա պատճառած ցավի մի մասը կարողացա ինձ վերցրել՝ ապրողների օրերին տալով մի քիչ ավելի խնդու-թյուն: Ես հիմա գիտեմ, որ իմ քաղաքի բարձր երկնքում ազատ ճախրում են հրեշտակները:

4.
ԽԱՎԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ

– Անհնար է… ի՞նչ ես դուրս տալիս… խավարո՞ւմ: Խավարում… ե՞րբ, որտե՞ղ, վերջապես, ո՞վ է ասել, ո՞վ է տարածում այդ լուրերը, այն էլ` այսօր… Վերցրու օրացույցը, հա՛, գրասեղանի աջ կողմում է… բաց, օրը նայիր… գտա՞ր… Կարդա:
– Ապրիլ… օրը` հըմ… լուսաբացը` 7-ն անց… մայրամուտը… Հաջորդ էջում` “Այսօր ծնվել են”… Իմաստուն ասույթներ… պը՛րծ… չէ, ներքևում հումոր էլ կա, կարդա՞մ:
– Տեղովդ հումոր ես… քեզ ասում եմ` գտիր ու կարդա, որտե՞ղ է գրված “խավարում”: Ի դեպ, արեգակի՞, թե՞ լուսնի խավարում է:
– Միայն ասվել է` խավարում:
– Դե, այդ խավարումի մասին գտիր ու կարդա:
– Ո՞նց գտնեմ, որ չկա:
– Ուրեմն, եթե չկա…- իրեն ստիպեց ամուր սեղմել ատամներն ու ձայնին հանգիստ շեշտ տալ:- Գիտնականները ամիս չէ` տարիներ առաջ գիտեն` երբ ու որտեղ խավարում կլինի, ու նախապես այդ մասին գրվում է, անգամ ապուշ օրացույցի մեջ: Հասկացա՞ր:
– Ես հասկացա, բայց…
– Չէ, ոնց որ չհասկացար: Խավարումի մասին մի ժամ առաջ չեն իմանում:
– Երկու ժամ ու վեց րոպե…
– Էլի չհասկացար: Այսօր խավարում չկա ու չի կարող լինել…
– Հիմա արդեն ուղիղ երկու ժամ մնաց…
– Ու դեռ պարզ չէ` արեգակի՞, թե լուսնի:
– Թեկուզ` աստղերի:
– Դո՛ւրս…
Օգնականին ասես քամին սրբեց-տարավ: Դուռն անաղմուկ փակվեց:
Ինքը շունչը ետ բերեց, բարձրացավ տեղից, մոտեցավ պատուհանին:
Գնդականթափանց ապակուց այն կողմ անվրդով, հանդարտ առավոտ էր: Անամպ երկնքի կապույտն իջնում էր քաղաքի վրա, օդին մատով կպչեիր` կզրնգար: Իր բարձրությունից քաղաքն ասես ափի մեջ լիներ: Առաջ պարզեց ձեռքը` ափի մեջ զգաց քաղաքի ծանրությունը, բայց չսարսռաց` պատրաստ էր, վաղուց էր իրեն պատրաստել այդ ծանրությանը: Հայացքը շրջելով քաղաքի ծանոթ համայնապատկերի վրայով` նկատեց, որ օրեր առաջ Հրապարակի վրա հայտնված մշուշը ստվերի թանձրություն է ստացել: Շրջվեց, վերադարձավ գրասեղանի մոտ, թիկունքում զգալով, թե ինչպես է հանդարտեցված քաղաքը լողում կապույտ անդորրի մեջ: Հրապարակից բացի:
Նստեց, օրացույցի էջերի մեջ ստուգեց` օգնականը ոչինչ բաց չէր թողել: Քթի տակ ժպտաց, կարդաց հումորն ու օրացույցը հեռու հրեց: Զարմանքով զգաց, որ սիրտը ծանրացավ, ասես ափի ծանրությունը մի պահ փոխանցվեց սրտին: Հիմարությո՛ւն… նյարդերն են: Վիթխարի աշխատասենյակի լռության մեջ սկսեց կիսաձայն հաշվել վայրկայնները, րոպեները… Մնաց 1 ժամ 50 րոպե:
Դռան հազիվ լսելի թակոցը հուշեց եկողի ով լինելը: Ուսերն ուղղեց, հենվեց բազկաթոռին: Ներս մտնողի անհաղորդ դեմքը դիմակ էր. այս շենքում գլխապտույտ իր առաջխաղացման համար նախևառաջ այդ դիմակին էր պարտական: Նա մոտեցավ, կանգնեց գրասեղանից հենց այն հեռավորության վրա, որը համապատասխանում էր պաշտոնեական պատշաճության իր պատկերացմանը: Եվ, ինչպես միշտ, անթարթ հայացքը հառեց միայն իրեն հայտնի անորոշ կետին:
– Ի՞նչ կա,- ավելի քան անտարբեր հարցրեց ինքը:
– Արդեն գիտեք` խավարում:
– Աշխարհո՞ւմ,- հնարավորինս կծու քմծիծաղեց ինքը:
– Քաղաքում,- անգույն ձայնն արձագանքվեց սենյակո՞ւմ, թե՞ թվաց:
– Իսկ գուցե առանձին վերցրած մի փողոցո՞ւմ…- իրեն թվաց` բարեհոգի ժպտաց:
– Հրապարակում,- ներս մտնողը հիմա նայում էր պատուհանի կողմը, բայց ինքը գիտեր, որ Հրապարակի վրա ծանրացող ստվերը ինքն է տեսնում: Միա՛յն ինքը:
– Ամեն ինչ պատրա՞ստ է,- առարկություն չհանդուրժող ձայնով վերջ դրեց չասված բառերին:
– Գուցե հետաձգե՞նք,- անգույն ձայնի մեջ տարակուսանք լսվեց, ու նաև վա՞խ…
– Ուզում եք հավատացնել, որ երկու ժամ առաջ ձեր իմացածը խավարո՞ւմ է…
– 2 ժամ 6 րոպե,- անգույն ձայնի մեջ կասկա՞ծն ավելացավ, թե՞ վախը:
– 2 ժամ ու անգամ 6 րոպե…- ինքը դիմանում է ափին հանգրվանած քաղաքի ծանրությանը, սրանց խոսքերն ի՞նչ են, որ չդիմանա:- Դուք հավատում եք ձեր ասածին, ես…- կարճ դադարն անհրաժեշտ էր խոսքի կարևորությունը շեշտելու համար:- Ես պիտի մտածեմ քաղաքիս ապահովության մասին:
– Արդեն մտածել եք,- անգույն ձայնն ինքնավստահ դարձավ:- Երդման արարողությունը հետաձգելու մասին որոշումը մի քանի րոպեից կհայտարարվի լրատվության բոլոր միջոցներով…
– Ի՞նչ,- չէր ուզում, բայց ճիչն արդեն դուրս էր պրծել կոկորդից ու պատեպատ էր խփվում վիթխարի աշխատասենյակում:- Ի՜նչ…- հազիվ լսելի կրկնեց, թռավ տեղից ու մոտեցավ պատուհանին:
Պատուհանից այն կողմ քաղաքը լողում էր ի՛ր կամքով ու համառությամբ հանդարտեցված կապույտի մեջ, ու նրա ծանրությունը հաճելի խուտուտ տվեց ափը: Պարզեց ձեռքը` քաղաքը հնազանդ տեղավորվեց ափի մեջ: Դանդաղ, շատ դանդաղ բռունցքեց ձեռքը, մոտեցրեց աչքերին: Ներսում լուռ էր, զրնգացող գարնանային օդ: Հրապարակի կողմը չնայեց. միայն նրա վրա ծանրացած ստվերն է, որ չի ուզում հնազանդվել իրեն:
– Հե-տա-ձը-գե՞լ,- վանկերի բաժանեց բառը:- Ո՛չ մի դեպքում: Ամեն ինչ կլինի, ինչպես ասել եմ` կետ առ կետ, վայրկյան առ վայրկյան…
– Բա՛յց…
– Բա՜յց քաղաքիս ապահովության համար…- դադարը ձգեց այնքան, մինչև դիմացինի անթափանց դիմակը կարծես այլակերպվեց: Աննշան, բայց այլակերպվեց:- Ոչ մեկը փողոց դուրս չգա՛, անգամ հաց գնելու: Մնան տա՛նը, դռների ետևո՛ւմ, հեռուստացույցի առաջ նստա՛ծ: Հենց հիմա լրատվության բոլոր միջոցներով կհայտարարեք, որ արարողությունը կկատարվի առանց քաղաքի:- Չկարողացավ թաքցնել ինքնագոհ ժպիտը` դիմացինը մոռացել էր դիմակի մասին և աչքերն էր արագ-արագ թարթում:
– Ձեր հրամանը արդեն կատարվում է,- ու դուրս եկավ` անգիր անելու պես կրկնելով:- Քաղաքը չի մասնակցի արարողությանը… Քաղաքը չի մասնակցի…
Ինքը բացեց բուռը` ափը քրտնել էր, պատվել սառը, մածուցիկ կաթիլներով: Թղթե անձեռոցիկները մեկը մյուսի ետևից ընկնում էին զամբյուղը` չչորացնելով ափը: Իսկ ժամացույցի սլաքները մոտենում էին սպասված ժամին: Տուփի մեջ մնացած վերջին անձեռոցիկով փակեց ափն ու ամուր կծկեց մատները` ժամանակը մոտենում էր կեսօրին:

***
Երբ օգնականը ներս մտավ, վերջին թղթի վրա էր դնում ստորագրությունը:
– Ձեր որոշումը կատարվել է: Քաղաքին արգելվել է մասնակցել երդման արարողությանը: Իսկ մնացածը կլինի ճիշտ այնպես, ինչպես ծրագրված է,- օգնականի վարժված ձայնը զեկուցեց, իսկ հայացքը զարմացած տնտղում էր դիմացինի բռունցքված մատների արանքից երևացող սպիտակ անձեռոցիկի ծվենները:
– Հիմա կգամ,- մատներն ավելի սեղմելով` սեղմված ատամների արանքից շպրտեց ինքն ու մոտեցավ պատուհանին:
– Ուղիղ հինգ րոպե ժամանակ ունեք,- նրա թիկունքին հիշեցրեց օգնականն ու դուռն անաղմուկ փակեց: Այդպես դռները կարողանում է փակել միայն նա:
Պատուհանից այն կողմ ոչինչ չէր փոխվել, անգամ Հրապարակի վրա ծանրացած ստվերը: Շրջվեց, սպասեց, մինչև սլաքները հաշվեցին վերջին վայրկյանները… դուրս եկավ: Լուռ, անմարդ միջանցքում խուլ արձագանքվում էին իր ոտնաձայները: Հարկերը իջնում ու բարձրանում էին, դահլիճները իրար էին փոխանցում դռների հազիվ լսելի ճռնչոցը, ուշացած գլխի ընկավ, որ պատերից կախված ժամացույցները տարբեր ժամ էին ցույց տալիս…
Շքամուտքի առաջ սև մեքենաների երկար, վերջը չերևացող շարասյուն էր: Զրահապատ մեքենայի մոտ սպասող անթափանց դիմակը բացեց դուռը: Նստեցին ետևի նստատեղին, կողք-կողքի: Շարասյունը դանդաղ սողաց ճաղապարսպից դուրս:
Փակեց աչքերը. չէր ուզում տեսնել կողքինի մեռելային կիսադեմը: Ու միայն սկզբում անորոշ, հետո լսելի աղմուկն ստիպեց բացել աչքերն ու ետ քաշել պատուհանի սև վարագույրը:
– Սա ի՞նչ է…- կոկորդից դուրս պրծած ճիչը փշրվեց գնդականթափանց ապակուն:- Ո՞վ է թույլ տվել…
Կողքինն անշտապ ետ քաշեց իր կողմի վարագույրն ու դուրս նայեց:
– Փողոցներն ամայի են, ինչպես հրամայել եք: Ոչ մարդ, ոչ մեքենա: Ասենք, չէ, հարկավոր տեղերում կարգի պահապաններն են կանգնած, բայց… դրանք ոչմիբանինման չեն… ուշադրություն միք դարձնի:
– Ինչպե՞ս թե` ուշադրություն չդարձնեմ,- կարողացավ ձայնն իջեցնել:- Ինչո՞ւ են մարդիկ փողոց դուրս եկել, ո՞վ է թույլ տվել…
– Նույնիսկ արձանների նման չեն, հենց այնպես… չարժե դրանց համար վրդովվել,- կողքինը փակեց իր կողմի վարագույրը, հենվեց թիկնակին:
– Թքա՜ծ ունեմ ձեր չեղած ու չլինելիք խավարումի վրա, բայց ես հրամայել էի, որ քաղաքը չպիտի մասնակցի, ասել էի, չէ՞…
– Դրանք լավ են ծառայում և, ամենակարևորը, կիսվելով շատանալու հատկություն ունեն…
– Հենց հիմա բոլորին քշե՛լ տները, ոչ մեկին չտեսնե՜մ,- չէր էլ փորձում կառավարել ձայնը, որն արդեն ծղրտոց էր հիշեցնում:
Հերմետիկ ապակու ետևից մարդկանց ձայները չէր լսվում, բոլորի դեմքերի վրա միայն բացուխուփ բերաններ էին: Ինքը չէր կարողանում բռնել նրանցից և ոչ մեկի հայացքը:
– Բայց ամենամեծ առավելությունն այն է, որ այդ ոչմիբանինմանները խուլուհամր են, նաև` կույր, դա է պատճառը, որ Ձեզ համար պատրաստ են ամեն ինչի… ընդհուպ մինչև… նույնիսկ ես չեմ կարող ասել` ինչի…- ինքնամոռաց քրթմնջում էր կողքինը:
Ինքն զգաց, որ կողքինն իրեն չի լսում, նայեց վարորդի ծոծրակին: Հայելու մեջ տեսավ վարորդի չտեսնող հայացքը: Բռունցքված ձեռքի ցավը վերջապես հասավ գիտակցությանը` մատների արանքից երևացող անձեռոցիկի ծվենները թեթևակի վարդագունել էին:
Շարասյան երթուղին անցնում էր քաղաքի բոլոր փողոցներով, նրբանցքներով ու անգամ փակուղիներով, և փողոց-նրբանցք-փակուղի հեղեղած մարդիկ տարուբերվում էին ավելի ու ավելի ահագնացող ալիքների պես: Նկատեց, որ ամեն մի շրջադարձից հետո շարասյան մեքենաները պակասում են, ասես փողոց-նրբանցք-փակուղիները կուլ են տալիս նրանց: Ինչքան նեղանում էր երթուղու շրջագիծը, այնքան մոտենում էր խավարումի շնչառությունը, անզորանում էր իր հրամանների, անգամ ամենավերջինը ստորագրված հրամանի ուժը: Քաղաքի ծանրությունը, որ կարծես համակերպվել էր իր ափի մեջ մնալուն` վայրկյան վայրկյանի ետևից օտարանում էր, մինչդեռ Հրապարակի վրա ծանրացած ստվերը մոտենում ու մոտենում էր…
Կողքին նստածն այնպես էր մտել նստատեղի կաշվե բարձերի մեջ, որ համարյա չէր երևում, վարորդի ծոծրակին դրոշմված էր քիչ հետո կատարվելիքին անմասնակից մնալու վճռականությունը, իսկ շարասյունն ուղեկցող վերջին մեքենան կորավ Հրապարակի մերձակա շրջադարձում:
Միայնակ մեքենան ճռնչյունով կանգնեց Հրապարակի դիմաց: Գիտեր, որ կողքինը մեքենայից դուրս չի գալու, բայց ուսի վրայով ետ նայեց: Համենայնդեպս: Ինքը մենակ էր: Դեռ չտեսած գիտեր, որ Հրապարակում նույնպես ասեղ գցելու տեղ չկա, որ մարդկանց ահագնացող ալիքները տարուբերվում են աջուձախ և ինքը ստիպված է արմունկներով ճանապարհ հարթել կենտրոնին հասնելու համար: Ափի մեջ սեղմված անձեռոցիկը նորից խոնավացավ, փորձեց բացել` մատները չհնազանդվեցին, նրանց արանքից երևացող թղթի ծվենները համարյա կարմրավուն էին: Մարդկանց պատնեշը ճեղքելը, ամեն մի քայլը դառնում էր անհնար, բայց ինքը գիտեր, որ պարտադրված է հասնել կենտրոնում գտնվող պատվանդանին ու բարձրանալ վերև: Արարողության սկզբին հաշված րոպեներ էին մնացել, առջևում երևաց հապճեպ սարքված պատվանդանը… էլի մի քանի քայլ… մի քիչ էլ… Ահա, բարձրանում է… վե՛րջ, ինքն ամենավերևում է, իսկ ոտքերի տակ քաղաքն է, այն քաղաքը, որը կարծես թե հնազանդվել էր իր ափին: Ու միայն Հրապարակի, այս անհնազանդ Հրապարակի վրա ծանրացած ստվերն էր մեկուսացել բոլորից` անխտիր, սկսած իրենով ու ամենածեր ծաղկավաճառ պառավով ավարտված, որպեսզի իր լուռ, ուրեմն և ամենավտանգավոր հիշողությունը որոճա պարտադրված առանձնության մեջ… Հիմա ինքն այստեղ է, ամենավերևում ու կարող է հանգիստ բացել կծկված մատները, և ափը կդիմանա նաև Հրապարակի՛ ծանրությանը:
Կեսօրն ազդարարող ժամացույցի զանգերը թրատեցին օդը: Սևացած ստվերն սպառնալի արագությամբ հավաքվեց-խտացավ պատվանդանի վրա` Օպերայի շենքի բարձր սյուների վերևում: Ինքը խոր շունչ քաշեց, լայն բացեց ափը:
Ցելոֆանե ճմրթված պարկի վերածված արնագույն, թափանցիկ անձեռոցիկը վեր խոյացավ գահավիժող ստվերին ընդառաջ…
Խավարումը դեռ չէր սկսվել:
Նա արդեն քաղաքում էր:

2008-2009.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *