Ջորջ Օրուել | Փղի սպանությունը

Մոուլմեյնում` Ստորին Բիրմայում, մեծ թվով մարդիկ էին ինձ ատում. դա միակ անգամն էր, երբ ես այնքան կարևոր էի, որ այդպիսի բան պատահեր ինձ: Ես ծառայում էի որպես ոստիկանության ենթասպա մի քաղաքում, որտեղ հակաեվրոպական կրքերը շատ սուր էին, թեև առանձնանում էին աննպատակ ու չնչին դրսևորումներով: Ոչ ոք համարձակություն չուներ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բայց եթե եվրոպացի կինը միայնակ անցներ շուկայով, ինչ-որ մեկն անպայման նրա զգեստի վրա բետելի հյութ կթափեր: Որպես ոստիկան` ես ակնհայտ թիրախ էի և ծաղրանքների էի ենթարկվում, երբ թվում էր` այդպես վարվելն անվտանգ էր: Երբ որևէ ճարպիկ բիրմացի ֆուտբոլի դաշտում տապալում էր ինձ գետնին, իսկ մրցավարն (մեկ այլ բիրմացի) այլ ուղղությամբ էր նայում, ամբոխը սոսկալի ծիծաղով էր բռնկվում: Մեկ անգամ չէ, որ նման բան է պատահել: Ի վերջո, ամենուր հանդիպող` քմծիծաղը դեղին դեմքերին դաջված երիտասարդներն ու անվտանգ հեռավորությունից իմ հետևից հնչող վիրավորանքները սկսեցին ուժեղ ազդել նյարդերիս վրա: Իսկ ամենից վատը երիտասարդ բուդդիստ քահանաներն էին: Քաղաքում մի քանի հազար քահանա կար, և թվում էր` նրանցից ոչ ոք այլ անելիք չուներ, քան կանգնել փողոցի անկյուններում ու ծաղրել եվրոպացիներին:
Այս ամենը շփոթեցնում ու հիասթափեցնում էր: Քանզի այդ ժամանակ ես արդեն որոշել էի, որ իմպերիալիզմը չարիք է, և որքան շուտ հրաժեշտ տայի աշխատանքիս, այնքան լավ: Տեսականորեն և, իհարկե, գաղտնի կերպով, ես ամբողջությամբ բիրմացիների կողմնակիցն էի և դեմ էի նրանց նկատմամբ ճնշումներ գործադրողներին` բրիտանացիներին: Ինչ վերաբերում էր իմ կատարած աշխատանքին, ես ավելի ուժգին էի այն ատում, քան կարող եմ նկարագրել: Այդպիսի աշխատանքում մոտ հեռավորությունից ես տեսնում Կայսրության կեղտոտ աշխատանքը: Բանտերի հոտած խցերում խցկված թշվառ բանտարկյալները, երկարաժամկետ դատապարտյալների մոխրագույն, ահաբեկված դեմքերը, բամբուկներով ծեծի ենթարկված մարդկանց սպիապատ հետույքները. այս ամենը ճնշում էր ինձ մեղքի անտանելի զգացումով: Սակայն չէի կարողանում գլուխ հանել այդ ամենից: Ես երիտասարդ էի ու թերուս, ստիպված էի իմ խնդիրների մասին մտածել կատարյալ լռության մեջ, որին դատապարտված էր Արևելքում ապրող յուրաքանչյուր անգլիացի: Ես պատկերացում չունեի, որ Բրիտանական կայսրությունը փլուզվում էր, իսկ այն երիտասարդ կայսուրությունները, որ պիտի փոխարինեին նրան, շատ ավել վատն էին լինելու: Միայն գիտեի, որ խրված էի իմ ատելության, որ տածում էի Կայսրության նկատմամբ, որին ծառայում էի, և այն ցասման միջև, որ զգում էի չարակամ փոքրիկ գազանների դեմ, ովքեր փորձում էին անհնար դարձնել աշխատանքս: Գիտակցությանս մի մասը կարծում էր, որ բրիտանական ռաջը անսասան բռնապետություն էր` բռնի ուժով saecula saeculorum պարտադրված ոտնահարված ժողովուրդներին, իսկ մյուս մասով մտածում էի, որ աշխարհի մեծագույն ուրախությունը կլիներ սվինը բուդդիստ քահանայի աղիքների մեջ մխրճելը: Նմանատիպ զգացումները իմպերիալիզմի սովորական կողմնակի հետևանքներն են: Կարող եք հարցնել ցանկացած անգլո-հնդկական ծառայողի, եթե կարողանաք աշխատանքից դուրս բռնեցնել նրան:
Մի անգամ պատահեց մի բան, որ անուղղակի կերպով լուսավորեց ինձ: Դա ինքնին փոքրիկ միջադեպ էր, սակայն այն լույս սփռեց իմպերիալիզմի իրական բնույթի և իրական շարժառիթների վրա, որոնց հիման վրա գործում են բռնապետական կառավարությունները: Մի օր` վաղ առավոտյան, քաղաքի մյուս ծայրում գտնվող ոստիկանական բաժանմունքի ենթաքննիչը զանգահարեց ինձ և ասաց, որ ինչ-որ փիղ ավերում էր շուկան: Կարո՞ղ եմ արդյոք գնալ և ինչ-որ բան անել: Ես չգիտեի` ինչ կարող էի անել, սակայն ցանկանում էի տեսնել` ինչ էր կատարվում: Նստեցի պոնիի վրա և ճանապարհ ընկա: Վերցրեցի հրացանս` 44 տրամաչափի հին Վինչեսթերս, որ չափազանց փոքր էր փիղ սպանելու համար, սակայն մտածեցի, որ աղմուկը կարող էր օգտակար լինել in terrorem : Բազմաթիվ բիրմացիներ ճանապարհին կանգնեցնում էին ինձ և պատմում փղի գործողությունների մասին: Դա, իհարկե, վայրի փիղ չէր, այլ վարժեցրած փիղ, որի մոտ սկսվել էր «որսաշրջանը»: Այն շղթայված էր եղել (ինչպես բոլոր վարժեցրած փղերն են միշտ լինում, երբ մոտենում է այդ հարձակման շրջանը), սակայն անցած գիշեր կոտրել էր շղթան ու փախել: Նրա տերը` միակ մարդը, որ կարող էր կառավարել նրան այդ վիճակում, նրա հետևից էր ընկել, սակայն սխալ ուղղությամբ էր գնացել և այժմ գտնվում էր տասներկու ժամվա հեռավորության վրա, իսկ առավոտյան փիղը հանկարծ նորից հայտնվել էր քաղաքում: Բիրմացի բնակչությունը զենք չուներ ու լիովին անօգնական էր նրա դեմ: Փիղն արդեն ավերել էր ինչ-որ մեկի բամբուկե խրճիթը, սպանել էր ինչ-որ կովի, հարձակվել էր մրգի մի քանի կրպակների վրա և խժռել էր պտուղները, ինչպես նաև հանդիպելով քաղաքային աղբատար մեքենային` շուռ էր տվել մեքենան և վայրենություններ էր արել դրա հետ այն բանից հետո, երբ վարորդը դուրս էր ցատկել ու կրնկակոխ փախել:
Բիրմացի ենթաքննիչը և մի քանի հնդիկ ոստիկաններ ինձ էին սպասում այն թաղամասում, որտեղ տեսել էին փղին: Դա մի շատ աղքատ թաղամաս էր` արմավենիների տերևներով ծածկված ու սարալանջին շարված կեղտոտ, բամբուկե խրճիթների լաբիրինթոս: Հիշում եմ, որ ամպամած, տոթ առավոտ էր, անձրևային եղանակների սկիզբը: Մենք սկսեցինք հարցաքննել մարդկանց` պարզելու, թե ուր էր գնացել փիղը, և, ինչպես միշտ, չկարողացանք որևէ հստակ տեղեկություն ձեռք բերել: Արևելքում միշտ է այդպես. հեռավորության վրա պատմությունը բավականաչափ պարզ է թվում, սակայն որքան մոտենում ես դեպքի վայրին, այնքան այն ավելի մշուշոտ է դառնում: Որոշ մարդիկ ասացին, որ փիղը գնացել է մի ուղղությամբ, ոմանք` մեկ այլ ուղղությամբ, ոմանք էլ պնդում էին, որ չեն էլ լսել ոչ մի փղի մասին: Ես գրեթե որոշել էի, որ ողջ պատմությունը ստերի կույտ է, երբ քիչ հեռվից ճիչեր լսեցինք: Ինչ-որ մեկը բարձրաձայն ու վրդովված ճչում էր. «Հեռացե՛ք այստեղից, երեխանե՛ր: Գնացե՛ք հենց հիմա»: Եվ մի ծեր կին` մտրակը ձեռքին, առաջ եկավ խրճիթի անկյունից` կատաղի կերպով քշելով մերկ երեխաների ամբոխին: Նրան հետևեցին նաև այլ կանայք` գոռալով ու ճչալով. ակնհայտ էր` կար մի բան, որ երեխաները չպետք է տեսնեին: Ես շրջանցեցի խնճիթը և տեսա ցեխի մեջ փռված մարդու դիակ: Նա հնդիկ էր, սևամորթ դրավիդյան կուլի : Գրեթե մերկ էր. պետք է որ կարճ ժամանակ առաջ մահացած լիներ: Մարդիկ ասացին, որ փիղը խրճիթի անկյունից անսպասելի հարձակվել էր նրա վրա, բռնել էր նրան կնճիթով, ոտքը դրել մեջքին և ճզմել նրան հողի մեջ: Անձրևոտ եղանակ էր, գետինը փափուկ էր, և նրա դեմքը մի ֆունտ խորությամբ ու մի քանի յարդ երկարությամբ խրվել էր հողի մեջ: Նա պառկած էր փորի վրա, ձեռքերը` խաչված, իսկ գլուխը` ընկած մի կողմի վրա: Գլուխը պատված էր ցեխով, աչքերը լայնաբաց էին, ատամները` մերկացած անտանելի տառապանքի արտահայտությամբ: (Երբեք չասեք ինձ, ի դեպ, թե մահացած մարդիկ խաղաղ տեսք ունեն: Իմ տեսած դիակների մեծամասնությունը դիվական տեսք է ունեցել:) Հսկայական կենդանու ոտքի հարվածը այնպես էր հեռացրել նրա մեջքի մաշկը, ինչպես նապաստակի կաշին են հեռացնում: Հենց տեսա մահացած մարդուն, հանձնակատար ուղարկեցի մոտակայքում բնակվող ընկերոջս տուն` փիղ որսալու հրացան բերելու: Ես արդեն հետ էի ուղարկել պոնինն` չցանկանալով, որ նա, զգալով փղի հոտը, խելագարվի ու ցած նետի ինձ:
Հանձնակատարը վերադարձավ մի քանի րոպեից` հրացանով ու հինգ փամփուշտներով, իսկ մինչ այդ մի քանի բիրմացիներ եկել էին ու ասել մեզ, որ փիղը ներքևի բրնձի դաշտերում էր` ընդամենը մի քանի հարյուր յարդ հեռու: Երբ սկսեցի քայլել այդ ուղղությամբ, բառացիորեն թաղամասի ողջ բնակչությունը դուրս թափվեց տներից և հետևեց ինձ: Նրանք տեսել էին հրացանը, և բոլորը ոգևորված գոռում էին, որ ես պատրաստվում էի կրակել փղին: Նրանք առանձնապես մեծ ուշադրություն չէին դարձրել փղին, երբ այն ավերում էր իրենց տները, սակայն ամեն ինչ այլ էր հիմա, երբ նրան պատրաստվում էին սպանել: Նրանց համար դա զվարճալի էր, ինչպես կլիներ անգլիական ամբոխի համար. բացի այդ, նրանք փղի միսն էին ուզում: Այդ ամենի պատճառով ես փոքր-ինչ անհանգիստ էի: Ես փղին կրակելու մտադրություն չունեի. ընդամենը հրացանի հետևից էի ուղարկել անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության դիմելու համար: Բացի այդ, միշտ էլ նյարդերիդ վրա ազդում է, երբ ամբոխը քեզ է հետևում: Ես բլուրով քայլեցի ցած` հիմարի տեսք ունենալով ու զգալով ինչպես հիմար, հրացանը` ուսիս, իսկ անընդհատ աճող մարդկանց բանակը տրորում էր կրունկներս: Ներքևում, երբ խրճիթներն արդեն հետևում էին, խճապատ ճանապարհ էր, իսկ դրանից այն կողմ` հազարավոր յարդերի վրա, բրնձի անմշակ ճահճապատ դաշտեր էին` դեռևս չհերկված, սակայն թրջված առաջին անձրևներից և տեղ-տեղ ծածկված կոպիտ խոտով: Փիղը կանգնած էր ճանապարհից ութ յարդ հեռավորության վրա` ձախ կողմով դեպի մեզ: Նա ամենափոքր ուշադրությունն անգամ չդարձրեց մեզ: Փոխարենը պոկում էր խոտի խրձերը, դրանք մաքրելու համար հարվածում էր ծնկներին և խցկում բերանը:
Ճանապարհի վրա ես հապաղեցի: Փղին տեսնելուն պես ես կատարյալ վստահությամբ գիտեի, որ չպետք է կրակեմ նրան: Աշխատանքային փղին սպանելը լուրջ հարց է: Դա կարելի է համեմատել հսկայական թանկարժեք մեքենա ոչնչացնելու հետ, և ակնհայտ է, որ նման բան չի կարելի անել, եթե դրանից կարելի է խուսափել: Իսկ այդ հեռավորության վրա փիղը, որ հանդարտ ուտում էր, ոչ ավելի վտանգավոր էր թվում, քան սովորական կովը: Այդ ժամանակ, և նաև հիմա, ես կարծում էի, որ նրա «որսաշրջանը» արդեն անցնում էր, որի դեպքում նա պարզապես անվնաս թափառելու էր, մինչև տերը գար ու բռներ նրան: Ավելին, ես ամենափոքր ցանկությունն իսկ չունեի նրան սպանելու: Ես որոշեցի մի փոքր հետևել նրան ու համոզվել, որ նա նորից չի կատաղում, և ապա տուն գնալ:
Սակայն այդ պահին ես նայեցի շուրջս` այն ամբոխին, որ հետևել էր ինձ: Դա մի հսկայական բազմություն էր` ամենաքիչը երկու հազար մարդ, որոնք աճում էին ամեն րոպեի հետ: Ամբոխը ճանապարհի երկայնքով երկու կողմից արգելափակել էր այն: Ես նայեցի դեղին դեմքերի ծովին, որ երևում էր վառ հագուստների վերևում` երջանիկ ու տեղի ունեցող զվարճանքից ոգևորված դեմքեր, բոլորն այն համոզմամբ, որ փղին պատրաստվում են սպանել: Նրանք այնպես էին հետևում ինձ, ասես ձեռնածու լինեի, ով պատրաստվում է հնարք ցուցադրել: Նրանք չէին սիրում ինձ, սակայն ձեռքիս ունենալով կախարդական հրացանը` ես ակնթարթորեն արժանացել էի նրանց ուշադրությանը: Եվ հանկարծ ես հասկացա, որ, այնուամենայնիվ, ստիպված պիտի լինեի սպանել փղին: Մարդիկ դա էին ակնկալում ինձնից, և ես ստիպված էի անել դա. ես զգում էի` ինչպես էր երկու հազար մարդու կամքի ուժն անկառավարելիորեն առաջ մղում ինձ: Եվ հենց այդ պահին էր, երբ ես կանգնած էի` հրացանը ձեռքերիս մեջ, որ առաջին անգամ զգացի Արևելքում սպիտակ մարդու տիրապետության դատարկ ու ապարդյուն լինելը: Ահա` ես` գործողության թվացյալ գլխավոր դերակատարը, հրացանը ձեռքիս կանգնած եմ անզեն տեղաբնակների ամբոխի առջև: Իսկ իրականում ես ընդամենը մի անհեթեթ տիկնիկ էի, որ առաջ ու հետ էր շարժվում հետևում հավաքված այդ դեղին դեմքերի կամքով: Այդ պահին ես հասկացա, որ այն, ինչ կործանում է սպիտակ մարդը բռնակալի վերածվելով, իր սեփական ազատությունն է: Նա դառնում է դատարկ ճկուն խրտվիլակ, սահիբի պայմանական կերպարանք: Քանզի նրա իշխանությունը ենթադրում է, որ նա իր ողջ կյանքը պիտի անցկացնի «բնիկների» վրա տպավորություն գործելու փորձեր կատարելով, և ուստի ցանկացած ճգնաժամային վիճակում ստիպված է անել այն, ինչ իրենից ակնկալում են «բնիկները»: Նա դիմակ է կրում, և նրա դեմքն աստիճանաբար հարմարվում է դրան: Ես ստիպված էի կրակել փղին: Հրացանի հետևից մարդ ուղարկելով ես ինքս ինձ դատապարտել էի անել դա: Սահիբը պարտավոր է վարվել սահիբի նման. նա պետք է վճռական տեսք ունենա, իմանա իր անելիքը և կոնկրետ գործողությունների գնա: Հրացանը ձեռքիդ այդքան ճանապարհ անցնել, երբ երկու հազար մարդ կրնկակոխ քայլում է հետևիցդ, և առանց որևէ բան անելու թուլակամորեն հետ քաշվել` ո՛չ, դա անհնար էր: Ամբոխը կծիծաղեր ինձ վրա: Իսկ իմ` և Արևելքում բնակվող ցանկացած սպիտակամորթի ողջ կյանքը մի երկար պայքար էր` ծաղրի ենթարկվելուց խուսափելու:
Այնուամենայնիվ, ես չէի ցանկանում սպանել փղին: Ես հետևում էի` ինչպես էր նա խոտի փունջը թափ տալիս ծնկների վրա` փղերին հատուկ տատիկական բարեսրտությամբ: Ինձ թվում էր` նրան սպանելը իսկական հանցագործություն կլիներ: Այդ տարիքում ես բծախնդիր չէի կենդանիներ սպանելու հարցում, սակայն երբեք չէի սպանել ու չէի ցանկացել փիղ սպանել: (Չգիտես ինչու, մեծ կենդանու սպանելը միշտ ավելի դժվար է թվում:) Բացի այդ, պետք էր հաշվի առնել նաև կենդանու տիրոջը: Կենդանի փիղն առնվազն հարյուր ֆունտ արժեր, մահացած փիղը կարժենար ճիշտ այնքան, որքան նրա ժանիքները` հինգ ֆունտ, հավանաբար: Սակայն ես պետք է արագ գործեի: Ես շրջվեցի դեպի փորձառու տեսք ունեցող մի քանի բիրմացիները և հարցրեցի, թե ինչպես էր փիղն իրեն պահել: Նրանք բոլորը նույն բանն ասացին. նա ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, եթե իրեն հանգիստ են թողնում, սակայն կարող է հարձակվել, եթե շատ մոտենաս:
Ինձ համար լիովին պարզ էր` ինչ պետք է անեի: Պետք է մոտ քսանհինգ յարդ մոտենայի փղին ու ստուգեի` ինչպես է իրեն պահում: Եթե հարձակվեր, կարող էի կրակել: Եթե ուշադրություն չդարձներ, կարելի էր ապահով լինել ու թողնել նրան մինչ տիրոջ վերադարձը: Բայց ես նաև գիտեի, որ այդպիսի բան չէր լինելու: Ես վատ հրաձիգ էի, մյուս կողմից էլ` ամեն քայլափոխի փխրուն ցեխի մեջ մխրճվելու վտանգը: Եթե փիղը հարձակվեր, իսկ ես վրիպեի, ես փրկվելու նույնքան հնարավորություն կունենայի, որքան շոգեգլանի տակ հայտնված դոդոշը: Բայց նույնիսկ այդ դեպքում ես իմ սեփական մաշկի մասին այնքան չէի մտածում, որքան հետևում գտնվող աչալուրջ դեղին դեմքերի մասին: Որովհետև այդ պահին` ամբոխի հայացքների ներքո, ես չունեի այն վախի զգացումը, որ կունենայի մենակ լինելու դեպքում: Սպիտակամորթը չպետք է վախենա «բնիկների» աչքերի առաջ և, ուստի, ընդհանուր առմամբ, նա անվախ է: Միակ միտքը, որ պտտվում էր ուղեղումս, այն էր, որ եթե ինչ-որ բան ձախողվեր, այդ երկու հազար բիրմացիները կտեսնեին ինձ հալածված, բռնված, ոտնատակ եղած, վերածված քմծիծաղը դեմքին դիակի, ճիշտ բլրի վրա գտնվող այն հնդիկի դիակի պես: Եվ եթե այդպես պատահեր, հավանական է, որ նրանցից ոմանք կծիծաղեին: Այդպիսի բան չի՛ կարող լինել:
Միայն մի այլընտրանք կար: Ես փամփուշտները հրեցի պարկուճի մեջ և պառկեցի ճանապարհին, որպեսզի ավելի լավ նշան բռնեմ: Ամբոխը քարացավ, և անհամար կոկորդներից դուրս արձակվեց ծորը` ցածրաձայն ու երջանիկ հառաչ, ինչպես այն մարդկանց մոտ, ովքեր տեսնում են թատրոնի` վերջապես բարձրացող վարագույրը: Ի վերջո, նրանք պատրաստվում էին վայելել իրենց հասանելիք զվարճանքը: Հրացանը գերմանական հրաշալի իր էր` օպտիկական նշանոցով: Այդ ժամանակ ես չգիտեի, որ փղին կրակելիս պետք է նշան բռնել մի ականջի խոռոչից մյուս ականջի խոռոչը ձգվող երևակայական գծի վրա: Հետևաբար, քանզի փիղը կողքի էր կանգնած, ես պետք է նշան բռնեի ուղիղ նրա ականջի խոռոչի վրա: Իրականում ես մի քանի դյույմ այն կողմ նշան բռնեցի` մտածելով, որ ուղեղը գտնվում է փոքր-ինչ առջևում:
Երբ քաշեցի ձգանը, ես չլսեցի կրակոցի ձայնը և չզգացի հարվածը (այդպես է, երբ կրակոցը հասնում է նշանակետին), բայց լսեցի սատանայական ուրախության ճիչերը, որ բարձրացան ամբոխի միջից: Հենց այդ վայրկյանին, այնքան արագ, որ կմտածես` նույնիսկ հրազենի գնդակը չի հասցնի տեղ հասնել, փղի հետ սարսափելի ու խորհրդավոր փոփոխություն տեղի ունեցավ: Նա ոչ շարժվեց, ոչ էլ ընկավ, սակայն նրա մարմնի յուրաքանչյուր գիծ փոխվել էր: Նա հանկարծ հիվանդ, կնճռոտված ու չափազանց ծերացած տեսք ստացավ, ասես գնդակի ահեղ ազդեցությունը, թեև նրան գետնին չէր տապալել, բայց կաթվածահար էր արել: Վերջապես (թվաց` երկար ժամանակ անց, այնինչ, ես կասեի, անցել էր ընդամենը մի քանի վայրկյան) թուլացած ընկավ ծնկների վրա: Բերանից թուք էր ծորում: Թվում էր` սարսափելի ծերության ճիրաններում էր հայտնվել: Ասես հազար տարեկան լիներ: Ես նորից կրակեցի նույն տեղին: Երկրորդ կրակոցից նա ցած չընկավ, այլ հուսահատ դանդաղությամբ ոտքի ելավ ու դժվարությամբ կանգնեց. ոտքերը երերում էին, գլուխը` ցած ընկնում: Ես երրորդ անգամ կրակեցի: Այդ կրակոցը վճռորոշ եղավ: Նրա ողջ մարմինը ցնցվում էր հոգեվարքի մեջ, և ոտքերում մնացած ուժի մնացորդները լքում էին նրան: Սակայն ընկնելիս մի պահ թվում էր, թե փորձում էր բարձրանալ, քանի որ երբ հետևի ոտքերը ծալվում էին, թվում էր, թե վեր է բարձրանում` նման շուռ եկող հսկայական ժայռի, կնճիթը, ինչպես ծառ, հասցնելով երկնքին: Նա շեփորի ձայն արձակեց` առաջին ու միակ անգամը: Եվ ապա փորը դեպի ինձ` ցած ընկավ մի այնպիսի թնդյունով, որ ասես ցնցեց գետինը նույնիսկ այնտեղ, որտեղ ես էի պառկած:
Ես կանգնեցի: Բիրմացիներն արդեն ցեխի միջով սլանում էին իմ կողքով: Ակնհայտ էր, որ փիղն այլևս երբեք ոտքի չէր կանգնի, թեև դեռ մահացած չէր: Նա շնչում էր շատ ռիթմիկ` երկար, ծանր հևոցներով, իսկ նրա հսկայական կողը ցավագին բարձրանում ու իջնում էր: Բերանը լայն բաց էր. ես տեսնում էի նրա կոկորդի գունատ վարդագույն խոռոչը: Ես երկար ժամանակ սպասում էի, որ նա շունչը փչեր, սակայն նրա շնչառությունը չէր թուլանում: Ի վերջո, մյուս երկու փամփուշտները արձակեցի այն ուղղությամբ, որտեղ, իմ կարծիքով, պետք է նրա սիրտը լիներ: Արյան խիտ շերտը ալ կարմիր թավիշի նման դուրս հոսեց նրա մարմնից, սակայն այս անգամ ևս նա չմահացավ: Նրա մարմինը նույնիսկ չցնցվեց, երբ կրակոցները հասան նրան, իսկ տանջալից շնչառությունը շարունակվում էր: Նա մահանում էր դանդաղ ու ցավոտ հոգեվարքի մեջ, սակայն մի աշխարհում` ինձնից այնքան հեռու, որ ոչ մի փամփուշտ այլևս չէր կարող վնասել նրան: Զգում էի, որ պետք է վերջ դնեի այդ ահեղ աղմուկին: Սարսափելի էր այդ հսկայական գազանին այնտեղ պառկած տեսնել` անզոր շարժվելու և, միևնույն ժամանակ, անզոր մեռնելու, և ի վիճակի չլինել նույնիսկ նրա վերջը տալու: Ես ուղարկեցի փոքր հրացանիս հետևից, և փամփուշտը փամփուշտի հետևից արձակեցի նրա սրտի ու կոկորդի ուղղությամբ: Դրանք ասես ապարդյուն լինեին: Տանջալից հևոցները ժամացույցի տկտկոցների նման հետևում էին իրար:
Ի վերջո, այլևս չդիմացա ու հեռացա: Հետո լսեցի, որ նա միայն կես ժամ հետո էր մահացել: Բիրմացիները սկսել էին բերել իրենց դանակներն ու զամբյուղները նույնիսկ մինչև իմ գնալը: Ինձ ասացին, որ մինչև կեսօր փղին մինչև ոսկորները մերկացրել էին:
Հետո, իհարկե, հաջորդեցին փղի սպանության մասին անվերջ քննարկումները: Տերը կատաղած էր, բայց նա ընդամենը հնդիկ էր ու ոչինչ չէր կարող անել: Բացի այդ, իրավաբանորեն ես ճիշտ էի վարվել, քանզի կատաղած փղին պետք է սպանել, ինչպես կատաղած շանը, եթե տիրոջը չի հաջողվում կառավարել նրան: Եվրոպացիների շրջանում կարծիքները տարբեր էին: Ծերերի կարծիքով ես ճիշտ էի, իսկ երիտասարդներն ասում էին, որ խայտառակություն էր կրակել փղին կուլի սպանելու համար, որովհետև փիղն ավելին արժեր, քան ցանկացած անիծյալ կուլի: Ի վերջո, ես շատ գոհ էի, որ կուլին սպանվել էր. իրավական տեսանկյունից դա ինձ արդարացնում էր և բավարար պատճառ էր հանդիսանում փղին սպանելու համար: Ես հաճախ էի մտածում` արդյո՞ք որևէ մեկը հասկացել էր, որ ես այդպես էի վարվել բացառապես հիմարի կարգավիճակում չհայտնվելու համար:

Թարգմանությունը անգլերենից` Լիլիթ Հովհաննիսյանի

Share Button

1 Կարծիք

  • Գոհար says:

    coolie թարգմանաբար նշանակում է հասարակ․ շարքային բանվոր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *