ՍԱՐԳԻՍ ԿԱՐԵՅԱՆ | Կաթի համ, սիրո համ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

ՀԱՑԱՑՔԻ ՓՈՒՆՋ

Մայրանալուց հետո,
հայրանալուց հետո
տեսնում ես հոգիդ
պատկեր դարձաց.
նախնական շունչ,
նախնական ձայն`
տաք ծխի նման
տանիքից ելնող:

Ծուխ` դա եղե•ան փողն է,
բոց` դա եղե•ան փողն է –
տանիքից վերև`
կապույտ երկինք,
տանիքի տակ`
փափուկ մանկություն:

Օրորոցի շուրջ`
հայր-մայր` խնկի ծառ,
ջուր լցրու, լողացրու
երազիդ մեջ նաև –
բույր ամենամաքուր,
բույր սուրբ-սուրբ,
կաթի համ,
սիրո համ…

1975թ.

ԱՅՍՏԵՂ ԱՊՐԵՆՔ ԵՐԿԱՐ

Նստում ենք կարմիր
գետաքարերին,
ջուր ցանում
իրար վրա,
գույնզգույն քարեր
նշմարում
ջրի մեջ:

Գեղեցիկ թռչնակը
ջուր է խմում,
սպասում, նորից խմում.
տղայիս և աղջկաս
վազող աչքերն են
ջրի մեջ,
ձկների փոխարեն…

Գնչուների
վրանները ո՞ւր են,
գետի ափին էին,
թթու աղբյուրի մոտ,
ուռենիների տակ,
և ինչ գեղեցի՜կն էին,
և երեխաները`
ինչ առո՜ղջ…

Գետի խշշոցի մեջ,
խոտերի, ծաղիկների,
թիթեռների պարի –
քար կա, ջուր կա,
ավազ կա,
տուն չունենք,
տուն կառուցենք,
ապրենք այստեղ`
դուռը դեպի
հարավի քամին…

1978թ.

ԵՐԲ ԱՂՋԻԿՍ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴ ԷՐ

Աղջի՛կս, Լիլի՛թ,
մո՞մ` ո՜չ,
չինարի՛ պիտի վառեմ,
աստծո ներբանները այրե՛մ,
կապույտը ածխանա՛,

նա մնա մե՛րկ,
անտո՛ւն, անսե՛ր,
չոր հայացքո՛վ
և ա՜մպ չունենա
խմելու համար…

Աղջի՛կս, Լիլի՛թ,
քարերի մե՜ջ կապրեմ
աբեղայի սիրով,
գիշերվա սևի՜ն կմտերմանամ,
կթաղվեմ ճերմա՜կ մազերի մեջ:

Աղջի՛կս, Լիլի՛թ,
թիթեռների պարը կքարանա՛,
ծաղիկները միագո՛ւյն կլինեն,
թռչունները չե՜ն մոտենա ինձ,
և կո՛ւպր կդառնա լույսը աչքերիս մեջ…

1976թ.

ԵՐԲ ԱՂՋԿԱՍ ԱՅՏԸ ՀՈՒՆԻՍԻՆ ԱՅՐՎԵՑ
ՎԱՌԱՐԱՆԻ ՎՐԱ

Աղջի՛կս, Լիլի՛թ,
թիթե՞ռ ես, ի՜նչ է,
այս ինչպե՜ս ես սլանում
կրակի վրա,
խանձում թևերդ,
մատներդ, այտերդ,
մի՞թե, աղջի՛կս,
չես տաքանում երբևէ:

Աղջի՛կս, Լիլի՛թ,
մի՞թե սա բեևռ է,
էլ ի՞նչ ամառ,
որ վառարան ենք վառում,
էլ ինչո՞ւ են կռռում
գորտերը` ամառռռ է, ամառռռ…
դե թող սառե՛ն…

Երկիր Նաիրիի
այս բարձունքում
այսքան անձրև
մեզ Նոյից մնաց,
քեզ` վառարանի քարածուխը`
Նոյի ագռավների նման,-
ախր դու ո՞ւմ ես քաշել`
խարույկ ելնող:

Այդքան ուժ ո՞վ է
կվել քեզ և օրհնել,
Ավարայրի աղջիկ դու,
ամազանուհի,
Ժաննա դ`Արկ,
մեր հոգին գուցե
փրկե՛ս դու`
մարմինը խարույկ հանելով.-
հազարամյակը ահա
սպասում է քեզ,
մինչև մեծանաս…

1976թ., Սևան

ՑՈՂԻ ՄԻՋԻ ԳՈՒՅՆԻՑ ԷԼ ՆՈՒՐԲ

Առէջների մեջ մեծացած աղջիկ.

ծաղկի թերթերից քեզ համար
զամբյուղ եմ հյուսել
և ավելի սիրուն բան չեմ գտնում
դնեմ մեջը:

Ավելի լավ է` արևի շողթ
լինի մեջը` ոսկեգույն թիթեռի պես,
դաշտի մաքուր օդը,
աղբրի խոխոջը,

որ այնքան նուրբ է` ավելի նուրբը չկա,
և այնքան մաքուր` մաքուրը չկա…

1982թ.

ՓՈՔՐԻԿ ԷՎԵԼԻՆԱՅԻՍ

Լույսի փնջի մեջ աղջիկ է ապրում,
դուրս գա` մութ կլինի.

գիտեն թիթեռները,
դատարկ լույս են ման գալիս,
մտնեն մեջը:

Ա՛յ թե հետաքրքիր, լավ, սիրուն.
գունավոր լույս կլինի,
բայց դատարկ լույս կա՞,
ամենուր քեզ նման փոքրիկ
աղջիկ է ապրում…

2003թ.

ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ

Այստեղ տանիքից երկինք
մի քայլ է, և ահա անում ես
մի քանի քայլ
և լուսնի վրա ես:
Հետո գնում ես, գնում,
հասնում աստղերին,
բայց էլի մոտ ես մնում
քո տանիքներին…

Իսկ տանիքը կղմինդրից է,
որ կարմրել է արևից,
որ դեղնել է աշունից,
որ կանաչել է մամուռից…
Իսկ տանիքը կղմինդրից է,
որ վառվում է, փայլում,
բոցի նման, ասես փարոս,
ու քեզ իր մոտ կանչում…

Եվ սպիտակ են իրենց վրա իջնող
աղավնիների փետուրից,
և ծիածանը միշտ
նրանց վրա է,
և մանանան միշտ
այս բակում է կաթում,-
գուցե ի՛նքն է ծիածանը,
քանի որ ամբողջ սերը,
ջերմությունը, ուժը
այս տանիքի տակ են…

1975թ.

ՈՒՐԵՄՆ ԼԱՎ ԿԼԻՆԵՆ ԳՈՐԾԵՐՍ

Հայրս էր
երևացել երազիս,
ձեռքին սուր դանակ կար,
կարմիր խնձոր էր կտրում,
հեռացնում որդը,
դանակ, որ սրել էր
իր հին հնոցի
աղյուսին քսելով:

Մատները նուրբ էին, գեղեցիկ,
թեև դարեր աշխատել էր
շո՛գի մեջ, մրի՛,
ուսերը քիչ թեք էին,
քայլերը քիչ դանդաղ,
և բարություն էր կաթում,
լույս բարություն էր կաթում
նրա ձեռքերից,
խնձորից…

Նա եկավ հեռվից,
նրա հետ խաղում էին, ոստոստում
երկու շուն, որ ունեին
նրա պահակ ընկերները.
հայր, ո՞ւմ էիր սպասում,
ինչո՞ւ էիր տխուր,
գնացքս հեռանում էր,
իսկ դու ինձ մոտենում էիր
ավելի…

Սպիտակ էին մազերը,
գլխարկի եզրի
խոր հետքը վրան,
հին շորեր կար հագին,
և հին ժամացույցը դեռ
լա՜վ էր աշխատում…
Մութ էր, ինձ ի՞նչ էր ասում,
մութ էր, և լուսապսակը
վառվում էր, լույս էր տալիս
իր գլխի շուրջը…

1982թ.

ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ

Մենք ենք մեր
առանցքի շուրջը,
առանցքի մեջ` նա,
նրա մեջ` փոքրիկ մի շունչ…

Երբ մեր հայացքները
անցան իրար միջով,
նա այնտեղ էր,
այդ պահից է
փորիկը կլորանում…

Ծնվում է Վահագնը,
ծնվում է Հիսուսը,
միանգամից մորուքով,
հուր մազերով,
արեգակ աչքերով…

Այդ իմ պատկերն է –
թաքցնում եմ բոլոր խաչերը,
որ նա առաջին օրից
հրեշտակի թևեր
կրի միայն…
1974թ.

ԿԱՐՈՏ

Ափեր իմ, թռեք,
ինչպես մանուկ օրերին
աղավնիներ էիք թռցնում,
անձրևից մաքրված հորիզոնը
թափանցիկ տանիք է:

Ծովը կտցելուց
կապույտ են ճայերի
կտուցները: Անձրևի
կաթիլները պատուհանի
ապակի են որոնում…

Ձեր դեղին կտուցներով, ափեր,
խմեցեք անձրևը,
վայրէջքի համար
տեղ չունեն նրանք,
ձեր մտքում
պահեցեք սերը…

1975թ.

ԵՐԿՐԱՅԻՆ ՀՐԱՎԵՐՔ

Ո՜վ երանելի երեխաներ,
ո՜վ երկրի նոր զավակներ,
եկեք էլի գնանք թթու աղբյուր,
ձեր ճռվմղյունով, գեղգեղանքով եկեք,
ձեր հարցերի զամբյուղներով, սիրո դույլերով եկեք,
և ո՜վ մարգագետնի ծաղիկ,
դե կապտիր ու կարմրիր ավելի ու ավելի,
դե բա՜ց քո թևերը ավելի ու ավելի:

Երեխաներ, երկաթգծերի ճամփեքով չգնանք,
երեխաներ, ասֆալտով էլ չգնանք,
գնանք գետի ափով,
խոտերի ու թփերի միջով,
ցատկոտելով ու ոստոստելով գնանք
և երգով ասելով գորտերին
-Ո՜վ չքնաղագեղներ…

Այնտեղ հորթուկն է և գառը,
կարմիր գետաքարն ու ավազ-շաքարը,
Փոքրիկ Գոռին էլ տանենք,
Տաթևիկին էլ տանենք,
նրանք կբլբլան,
և առվակը կհասկանա նրանց փափուկ լեզուն,
և հորթուկն ու գառը
իրենց մենակ չեն զգա:

Հաց ու պանիր էլ տանենք,
ո՜վ երեխաներ, հաց ու պանիր էլ տանենք,
ջուրն էլ թթու է,
Օդն էլ` բույրերով լի, –
ո՜վ երեխաներ, տանենք,
կտեսնեք, որ հաց ու պանիրը
միայն այնտեղ է հաց ու պանիր
և համով այնպես,
կարծես հենց նոր ենք քաղել
ծառ ու թփից
կամ գուցե թա՜փվել են հենց երկնքից,
ո՜վ երանելի երեխաներ…

1985թ.

ԶԱՆԳՎԻ ՁՈՐՈՒՄ

Մենք քայլում ենք, մեր առջևից
թիթեռներ են թռչում ( ո՞վ է շարել),
մենք քայլում ենք, և իջնում են
մեր հետքերին:

Երեխաներ, թող փուշն էլ ծակի,
թող փոքրիկ Գոռն էլ լաց լինի,
որ շուտ մեծանա,
դուք, երեխաներ, մեծ եք,
դուք երգեցեք`
երեխաներ, թող փուշն էլ ծակի,
եղինջն էլ ծակի
որ շուտ մեծանաք…

Այս ո՞վ է այստեղ
ակացիան կտրել,
երեխաներ, այս ո՞վ է այստեղ
կացնով եկել, դանակով եկել,-
երեխաներ, հիմա նրան
թռչունները, ծառերը տարել են,
կապել ժայռին,
շղթաներով կապել,
ամո՛ւր կապել,-
երեխաներ, հիմա նա լաց է լինում,
աղիողորմ լաց է լինում
ակացիայի համար,
հիմա նա ասում է` թող չլինի
ոչ մի կացին, որ ծառ է կտրում,
երեխաներ, որ ծառ է կտրում,-
իսկ հիմա դուք ակացիայի
սերմերը հավաքեք, տվեք հողին,
որ այս ակացիան ծնվի
ձեզ պես նոր ու ճկուն,
երեխաներ, ձեզ պես նոր ու ճկուն…

1983թ.

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Լուցկու տուփեր`
թիթեռի մահիճ,
թիթեռի բակ,
թիթեռի տուն՛
հետո` բուրգեր,
ուր թիթեռն է մեռած`
ոսկեգույն փարավոն;

Հետո փոշոտ ձեռքեր,
ձեխոտ վարտիք
ապտակ` հետույքին,
մերկություն,
թլոլ հայոյանք,
պառավի այծերը`
իմ գլխում:

Կոնֆետի լաց,
հոր խստություն,
տատի շոյանք,
կրակի սեր,
ձիու սեր,
անհայտացում անկյուններում`
ծխախոտով:

Հոր բազուկները
ծառ` մագլցելու,
պապի ծնկները` ձի,
և լա՜ց, լա՜ց, լա՜ց
գրպանով տաբատի համար,
ծնողների տաք անկողին,
պապիկ-տատիկի ծոցիկ
և հեքիա՜թ, հեքիա՜թ, հեքիա՜թ
քնելու համար…

1977թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *