ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ | Սեւակ և Ստալին

[ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ]

Ստալինյան տոտալիտար ռեժիմի պայմաններում ծնունդ առնող մշակույթը չէր կարող լինել լիարյուն, ինքնաբուխ և  ճշմարտացի: 1930-50-ական թվականներին խորհրդային արվեստագետից պահանջվում էր հետամտել միայն մեկ նպատակ` շեփորել կայսրության առավելությունները, երկրի առաջնորդների ու կոմկուսի որդեգրած գծի անսխալությունը: Նրանք, ովքեր համարձակվեցին չհնազանդվել այդ թելադրանքին, հատուցեցին իրենց կյանքով: Եվ ուրեմն բռնությունների, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո կեղծ կուռքերի փառաբանումն արվեստագետների ու գրողների համար այլ բան չէր, քան գոյության իրավունքի վերջին անցաթուղթը: Այդ իսկ պատճառով  էլ այսօր` տասնամյակների հեռվից, երբ փորձեր են արվում գնահատել դրանք իբրև մեղանչում սեփական խղճի և  համոզմունքների առաջ, ապա նման դատավճիռները ոչ միայն արդարացի չեն, այլև պատեհապաշտական դրսևորում են` հրապարակ բերված հետին ամսաթվով: Բացառությամբ առանձին դեպքերի, երբ գործ ունենք երդվյալ ջատագովների ու հաճկատարների հետ, այդ ստեղծագործական ու գաղափարական նահանջները պետք է մակաբերվեն ոչ այլ կերպ, քան իբրև հարկադրական տուրք ժամանակի սևեռումներին ու կաղապարված պատկերացումներին: Միայն ու միայն նմանօրինակ մոտեցման համատեքստում է հնարավոր անաչառ հայացք նետել մեր մշակույթի երախտավորների ժառանգության այն հատվածի վրա, որ լույս աշխարհ եկավ հոգևոր ամլության այդ ժամանակաշրջանում:
Շատերի հետ մեկտեղ նման խոտորումներից զերծ չմնաց նաև Պարույր Սևակը: Մինչ օրս անտեսվել կամ միտումնաբար շրջանցվել են Սևակի վաղ շրջանի այն գործերը, որոնք կրում են մարտնչող սոցռեալիզմի  և սխեմատիզմի կնիքը: Դրանք երբեք չեն ընդգրկվել գրողի երկերի հատորյակներում, առանձին ժողովածուներում, այդ մասին չի հիշատակվել կենսագիրների ու գրականագետների ուսումնասիրություններում: Առաջին հայացքից նույնիսկ անհավատալի պիտի թվա հենց միայն այն միտքը, որ Պարույր Սևակը կարող էր բանաստեղծություններ ձոնել Իոսիֆ Ստալինին և սիրելի կուսակցությանը: Սակայն դա անժխտելի փաստ է: Եվ այսօր դրանց մասին խոսելու անհրաժեշտությունը պայմանավորում ենք  ոչ միայն անհայտ էջերը բացահայտելու ցանկությամբ, այլև այն պարզ տրամաբանությամբ, որ գրողի յուրաքանչյուր գործ նրա ստեղծագործական շղթայի մի բաղկացուցիչն է, առանց որի թերի կլինի թե տաղանդի անցած ճանապարհի և թե նրա աշխարհայացքի ձևավորման հոլովույթի ընկալումը:
Սևակի` Ստալինին ձոնված բանաստեղծություններից առաջինի գրության շարժառիթի մասին կա մի պատմություն, որը հաստատվում է ժամանակակիցների վկայություններով: 1951 թ. գրողների միության վարչության պլենումի ժամանակ այլոց շարքում քննադատական խոսքեր են հնչում նաև Պարույր Սևակի հասցեին: Բոլորն էլ հասկանում էին, թե բանաստեղծի համար ինչ հետևանք կարող էր ունենալ նման «ուշադրությունը»: Եվ ահա այդ նույն գիշեր մայրաքաղաքի Սվերդլովի փողոցում Սևակի վարձած բնակարանի դուռը թակում են: Շեմքին կանգնած էր Նաիրի Զարյանը: Նա եկել էր խորհուրդ տալու իր կրտսեր գրչընկերոջը, որպեսզի վերջինս Ստալինին նվիրված բանաստեղծություն գրի: Սևակը սկզբում կտրուկ մերժում է առաջարկը: Սակայն Զարյանը համառում է և զգուշացնում, որ հակառակ դեպքում նրան կարող են ձերբակալել: Ընտրություն չկար: Ստիպված էր գործել իր կամքին հակառակ:
Սակայն ի՞նչ գրել:
1950 թ. նոյեմբերի 29-ին` Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակի օրը Երևանում աննախադեպ հանդիսություններով տեղի էր ունեցել Ստալինի հուշարձանի բացման արարողությունը: Այն օրերի մամուլը գրել էր. «Այդ հոյակապ մոնումենտի մեջ մարմնացել է հայ ժողովրդի անհուն սերն ու անձնվիրությունը իր ազատարարին, սովետական ժողովրդի փառահեղ հաղթանակների ոգեշնչող ու կազմակերպիչ իմաստուն ընկեր Ստալինին…»: Եվ Սևակը որոշում է գրության նյութ դարձնել հենց այդ իրադարձությունը: Այդպես ծնվեց «Առաջնորդի մոնումենտը» բանաստեղծությունը:

ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄՈՆՈՒՄԵՆՏԸ

Այս հինավուրց հայտնի հողում,
Ուր Արարատն է շողշողում,
Երազանքով ու տքնությամբ բույն է հյուսել մի ժողովուրդ,
Որ սիրում է մուրճ ու մանգաղ, խոփ ու բրիչ, բահ ու գրիչ,
Որ հավատի երգ էր հյուսում իր ցավերից ու վշտերից,
Որ կերտում էր, կառուցում էր, համր քարին լեզու տալիս,
Իր հույսերին տալիս էր ձև, իր հավատին՝ ամուր խարիսխ….
Այսպես՝ դարեր նա կառուցեց, կառուցածն իր տեսավ կործան,
Նա մարտնչեց հերոսաբար, ընկավ, նորից վեր բարձրացավ,
Եվ անրջեց իր հողը սուրբ, իր ապագան փրկված տեսնել
Աղետներից, կործանումից ու ձեռքերից դաժան ու սև:
Եվ նա տեսավ: Մեծ Ռուսիայից Հոկտեմբերյան այգը ծագեց,
Ալիքվելով՝ Նոյեմբերին նա¨ այստեղ փայլատակեց:
Հզոր կամքով մեծ Լենինի, Ստալինի ձեռքով պողպատ
Իմ ժողովուրդն արյունաքամ, իմ ժողովուրդն սպիապատ
Վերածնվեց, նորից կերտեց ու կառուցեց՝ հավատացած,
Որ սյուները էլ չեն ջարդվի, կամարները չեն թափվի ցած,
Որ իր բախտի, իր գալիքի լայն կամարը հրաշալի
Խարսխված է եղբայրության սիրաշաղախ սյունաշարին,
Որ կառուցման իր սեգ ոգին ազատված է արդեն հավետ,
Որ խոյանք է նրան տալիս մի հանճարեղ ճարտարապետ,
Մի մարդ , որին պարտական է իր ներկայով և գալիքով….
Եվ ժողովուրդն իմ շինարար , բազմադարյան իր տարիքով
Երեսնամյա ջահելության իր կորովով անհատնելի,
Իր կառուցման ամբողջ ուժով, ճարտարությամբ իր մատների,
Պայծառ՝ նման իր երազին  և անխորտակ՝ իր հույսի պես
Հրաշագործեց մի սեգ Քանդակ, մի Մոնումենտ չքնաղ ու վես:

Կառուցում չէ դա հասարակ՝ կերտված քարից ու շաղախից,
Մեր երազն է դարձել սեգ սյուն, մեր հավատը՝ հեղյուս ու խիճ:
Պատվանդան է դարձել նրան այն ամենը բարձր ու վսեմ,
Ինչ ժողովուրդն իմ հինավուրց պահպանել է հոգում լուսե,
Եվ արդ, ահա,երբ փրկվել է իր այսօրը և ապագան,
Մարմնավորել իր հույսերը, երազանքներն անապական,
Իբրև պալատ կամարակապ  և սյունաշար գեղաքանդակ
Դարձըրել է սեգ պատվանդան, դրել նրա ոտքերի տակ:
Այդ փառահեղ պատվանդանը չորս վերելքով է բարձրացել.
Ասես նրանք չորս հարկեր չեն, այլ չորս փուլ են կացութաձև,
Որոնց վրա կանգնել է նա՝ Առաջնորդը և հայրը մեր,
Որպես կյանքի խորհրդանիշ, կոմունիզմի համբավաբեր:

Կանգնել է նա պատվանդանին ողջ հասակով, դյուցազնատիպ,
Նա, ում հայր ենք մենք անվանում, իսկ զավակները մեր՝ պապի:
Դեռ երեկ էր՝ նրա կյանքի յոթանասուն անցած տարին
Նշեց համայն հողագնդում ամեն օջախ ու ընտանիք:
Սակայն բոլոր ջահելներից դեռ ջահել է նա մնացել.
Ջահելությունը մարդկային այդ նրա մեջ է մարմնացել:
Գալիք բոլոր սերունդների կորովը կա նրա բազկում,
Ջահելության ուժն ու գինը ամենից լավ նա է զգում:
Կոմունիզմը՝ հողագնդի ջահելություն են անվանում,
Իսկ դռները կոմունիզմի նրա հուժկու ձեռքն է բանում:
Ահա ինչու՝ կանգնած է նա այնպես ջահել ու առնական,
Ազատության մարտիկի պես՝ համազգեստով զինվորական:

Գլխաբաց է: Եվ գլխարկը կարծես նոր է գլխից հանել,
Ողջունել է կարծես հենց նոր կամ ողջույններ է ընդունել:
Եվ գլխարկը ձեռքին է դեռ, դեռ չի ծածկել… ինչպես ծածկի,
Երբ ողջույն են տալիս նրան ոչ թե միայն իմ քաղաքի,
Ոչ թե միայն իմ աշխարհի բոլոր մարդիկ մոտ ու հեռու-
Ջահելները մեր խանդավառ, աղջիկները մեր թռվռուն,
Մեր հայրերը, մայրերը մեր, զավակները մեր սիրասուն:
Ջերմ ողջույն են տալիս նրան բազմագույն ու բազմալեզու
Բոլոր  մարդիկ՝ հողագնդի գոտիներից անծայրածիր.
Բոլոր նրանք, որ ցանում են ու մնում են առանց հացի,
Բոլոր նրանք, որ այլևս նավերը չեն բեռնաթափում,
Իմանալով, որ հակերում արթուն մահն է սուտ մրափում.
Բոլոր նրանք՝ որդեկորույս մայրեր տանջված, քույրեր տրտում,
Կորստի ցավն  իրենց հոգում, վշտի բեկորն իրենց սրտում.
Բոլոր նրանք, որ զարթնել են , թշնամու դեմ ելել ոտի-
Նեգրը, որի բախտը սև է, ավելի սև, քան իր մորթին,
Բազմաչարչար աֆրիկացին, որ Կոչի տակ խաղաղության
Թանաքոտած իր մատով է դրոշմում  իր երազը թանկ.
Կորեացին, որ իր հողը իր արյունով է պաշտպանում,
Սեգ չինացին, որ կռվում է Տիբեթական լեռնաշխարհում
Եվ չինական վիթխարի տան ետնադուռն է ամուր փակում
Նրանց առաջ, որ դոլարով այդ դռներն են անվերջ թակում.
Եգիպտոսը, ուր համրացած սֆինքսներն ու բուրգերն արդեն
Քիչ է մնում առնեն լեզու և օտարին դուրս վռնդեն,
Հին Հելլադան, խեղճ Հելլադան, որտեղ հյուծված ու մերձիմահ
Զնդաններում մորթվող իրենց որդիների կյանքի համար
Հույն մայրերին լոկ մնում է մի վառ հույսով նստել գրել
Արցունքներից շաղված նամակ և  ուղարկել նրան՝ Կրեմլ….
Ջերմ ողջույն են հղում նրան Չինաստանից մինչև Հռոմ.
Նորվեգական սառույցներից մինչ սառցապատ Երկիրն Հրո:
Ողջունում են նրան մարդիկ սրտով մաքուր, անապական,
Ողջունում են պատմությունը, ողջունում է ինքն ապագան…
Ահա ինչու գլխաբաց է ու գլխարկն է բռնել ձեռքին,
Կարծես ողջույն է ընդունում և ողջունում է ամենքին:

Կանգնած է նա բարձր ու վսեմ՝ համազգեստով զինվորական
Կանգնած է նա՝ գլուխը բաց, այնպես ջահել ու առնական:
Իսկ նրա շուրջ՝ ծառ ու ծաղիկ, կանաչ անտառ, զբոսարան,
Իսկ նրա շուրջ՝ աղբյուր, առու, իսկ նրա շուրջ՝ գյուղ ու ավան:
Անապատ էր երեկ այստեղ՝ ծածկված դեղին աղվամազով,
Քամու շնչից քաղաք խուժող թանձր փոշով ու ավազով:
…Ուր հասնում է միտքը նրա՝ ընդհատում է ավազն իր չուն,
Եվ սունկի պես՝ նոր ավաններ, քաղաքներ են հանկած աճում
Ահա այնպես, ինչպես հիմա, երբ Երևանը առնացի
Իր բազուկներն է փաթաթում բլուրների պարանոցին՝
Միշտ ձգտելով, տարածվելով դեպի վերև, դեպի հեռուն,
Որ այս Քանդակը բարձրանա մի օր արդեն իր կենտրոնում…
Եվ հայրական գուրգուրանքով նայում է նա Երևանին,
Պալատներին նրա շքեղ և արձանին այն անվանի:
Այնտեղ Լենինն է բարձրանում պատվանդանի վրա քարե,
Տիտանական իր կեցվածքով, լայն ճակատով իր հանճարեղ:
Նայում է նա դեպի այստեղ՝ բարձունքները Քանաքեռի,
Այստեղ է նա կարծես հառել սուր հայացքը իր աչքերի:
Նայում է նա ուղիղ այստեղ այնպես, կարծես ցույց է տալիս
Իր հանճարի ժառանգորդին, քեզ-Առաջնորդ, քեզ- Ստալին,
Մեզ- աշխարհում միակ մարդուն, ում սիրով է նա վստահել
Իր գործը մեծ, իր երկիրը և աշխարհի բախտը ջահել:

Պետք է ասել, որ «Առաջնորդի մոնումենտը» եղավ Սևակի` Ստալինին ձոնված առաջին, բայց ոչ վերջին ստեղծագործությունը: Նույն տարիներին նա մի քանի անգամներ ևս անդրադառնում է «ժողովուրդների հոր» կերպարին: Իսկ երբ 1953 թ. մարտին Ստալինը վախճանվեց, շատերի նման Սևակը ևս գրիչ վերցրեց` բանաստեղծելու խորհրդային երկրի ղեկավարի կորուստը.

ԽՈՍՔ ՎՇՏԻ ԵՎ ՀԱՎԱՏԻ

Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում,
Եվ թախիծին  անսովոր մեր դեմքերից, աչքերից,
Միշտ վեր պարզված, բոցի պես ջերմացընող ու գերիչ
Դրոշներից մեր այսօր տխրություն է ցած կաթում…

Այսօր թաղում են նրան…Այսօր ամբողջ հինգ րոպե
Մեր սրտերը խոր ցավից կդադարեն տրոփել:
Կդադարեն հինգ րոպե, որ այնուհետ առանձին
Զորեղությամբ տրոփեն հանուն նրա սուրբ գործի:
Այսօր ամբողջ հինգ րոպե կդադարի և շարժում,
Եվ աշխատանք՝ իմ երկրի ամեն ծայրում ու մասում:
Կդադարի հինգ րոպե, որ այնուհետ անդադար
Մեր հաղթարշավն ընթանա մի կատարից նոր կատար:
Այսօր գուցե հինգ րոպե նենգ թշնամու կրակին
Վյետնամցին չի տալու պատասխանն իր շեշտակի:
Կորեացին հինգ րոպե զենքը կրծքին կսեղմի,
Որ դադար տա վրեժին և իր կսկիծը մեղմի:
Լոկ հինգ րոպե, որ հետո դադարի տեղ կարճատև
Թշնամական դիրքերում գնդակները ճարճատեն,
Գնդակները կռվողի վիշտը փոխեն վրեժի…
Այսօր գուցե հնդկացին անվերադարձ որոշի
Իր ճանապարհը կյանքում և իր կյանքը՝ աշխարհում-
Որ չքանա իր հողից անդրծովյան վաշխառուն:
Խեղճ, ալեզարդ հույն մայրեր…Ձեզ հասկանում եմ հիմա.
Իբրև վերջին հույս ու ճար էլ ո՞ւմ գրեք դուք նամակ,
Էլ ո՞ւմ խնդրեք մայրաբար, որ նա փրկի ձեր որդուն…

Վիշտը կծիկ է դարձել ողջ աշխարհի  կոկորդում…
Բայց խոր սգի այս պահին մեր վշտի ցավը ահեղ
Իր տակ այն մեծ ու խորունկ գիտակցությունն է պահել,
Որ հանճարներ ամփոփող Դամբարանը Մոսկվայում
Սրբատեղի լինելով և այլ բան է վկայում:
Վկայում է այն մասին, որ աշխարհում բովանդակ,
Ամենուրեք, մարդկային յուրաքանչյուր կրծքի տակ
Ապրում է այն, ինչ արդեն դամբարանում չես պահի,
Ինչ անմահ է, անվախճան  և ենթակա չէ մահի.
Այն, որ անունը նրա, ում թաղում ենք մենք այսօր,
Ինչպես առաջ՝ այսուհետ խոր հավատով ու հույսով
Պիտի հավետ ողողի բոլոր նրանց, ում համար
Վշտի մեջ են ու ցավի ոչ թե մեկ, այլ երկու մայր-
Մայր, որ ծնել է նրանց և  հայրենիք հարազատ,
Որ գերված է, բայց մի օր պիտի լինի հար ազատ…

Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում:
Նա մեր հոգում է կիտվում, ինչպես մեր սերն անհատակ,
Որ ի հեճուկս մահի  միշտ կմնա թարմ ու տաք:
Նա մեր հոգում կարծրանում ու դառնում է սուրբ երդում,
– Վշտի կծիկ չթողնել ողջ աշխարհի կոկորդում…

Ստալինյան բռնատիրությունն ավարտված էր: Հաջորդեցին «ձնհալի» տարիները: Հետագայում Պարույր Սևակը պիտի գրեր, որ անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության 20-րդ համագումարը բացեց իր աչքերը: Դժվար է ասել, թե որքանով էր դա մոտ իրականությանը: Գուցե նա խտացնու՞մ էր գույները, գուցե դրանից էլ շատ առաջ էր հասկացել, թե ինչ էր կատարվում երկրում և  ով էր դրա գլխավոր մեղավորը: Ամեն դեպքում 1962-ի գարնանային մի առավոտ շատերի պես Սևակն էլ տեսավ, որ այլևս չկար գոռ պատվանդանից քաղաքը հսկող հուշարձանը: Իսկ այն օրերի սփյուռքի թերթերն այսպես ավետեցին կատարվածը. «… Ստույգ աղբյուրե կիմանանք, որ Երևանի մեջ Արաբկիրի բարձունքին վրա հաստատված Ստալինին արձանը ( մեր օրերու Բահաղ չաստծո կուռքը) վերջերս վար առնված է: Ցավով կիմանանք նաև, որ տապալման գործողության ընթացքին արկածով մահացած է հայ զինվոր մը, որ Ստալինի վերջին զոհն է: Արձանը տապալելեն ետք ճմլված է հայկական հրասայլերով և կտորները նետված Զանգու գետին մեջ: Այժմ Երևան ունի «մաքուր երկինք մը»: Որու՞ն արձանը պիտի բարձրանա այդ հոյակապ բարձունքին վրա- Զորավար Անդրանիկի՞, Մեսրոպ Մաշտոցի՞, Սասունցի Դավիթի՞, Աղասի Խանջյանի՞ թե Անծանոթ Զինվորի»: («Սփյուռք», 17.5.1962 թ.):
Թափուր պատվանդանների, պսակազերծված հերոսների և հետայսու սրբագրված գալիքի սպաման արձագանքը պիտի դառնար Սևակի մեկ այլ բանաստեղծություն` գրված 1961-ի նոյեմբերին.

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…

…Երեկ ես խորհրդակցեցի Իլյիչի հետ, կարծես թե կենդանի
կանգնել էր նա իմ դեմ և ասում էր. Ինձ համար տհաճ է լինել Ստալինի
կողքին, որն այնքան չարիք պատճառեց պարտիային:
(Դ. Ա. Լազուրկինայի ելույթից ՍՄԿՊ 22-րդ համագումարում):

Օրացուցային ոտանավորի ուխտյալ թշնամի՝
Ես հիմա հանկարծ իմ ձեռքը դեպի գրիչն եմ տանում:

Ըստ օրացույցի աշուն է հիմա,
Բայց գարնանային մի տաքուկ քամի
Իմ լուսամուտի օդանցքն է բանում,
Ու ես լսում եմ մի համատարած- համաերկրային
Անսահման շշուկ.
– Շնորհակալություն:

Շնորհակալություն՝ միշտ սպասելի, բայց անակնկալ
այս օրվա համար,
Այն քառակուսի պատվանդանների անխոս բերանով,
Որոնք այսուհետ չպիտի տնքան
Զույգ սապոգների ծանրության ներքո:

Շնորհակալություն՝ «հայր» բառի կողմից,
Որ յոթ հոլովով խոշտանգվում էր միշտ՝
Մակդիր դառնալով
Մեր արդար, անմեղ բազում հայրերին
Անլուր լլկողի անվանը ծանոթ.
Նաև ապշահար արևի կողմից,
Որ պարտավոր էր դառնալ ածական,
Եվ շքանշան- մի կրծքի վրա,
Ուր մարդկայինը դարձել էր կարծես սառուցյալ բևեռ-
Հալոցք չէր տալիս արևը նույնիսկ:

Շնորհակալություն՝ և մեր հավատից,
Որ վիրավորվեց, խոցվեց տարիներ,
Բայց երբեք, երբեք չմեռավ, ապրեց
Եվ պիտի հավերժ մեզ ապրեցնի:

Շնորհակալություն՝ և  լեզվի լեզվից,
Այն տառապյալի,
Որ պիտի լռեր,
Ոչ, և լռելու իրավունք չուներ,
Քանզի «լռելն էլ քննադատության ձև էր» համարվում:

Շնորհակալություն՝ նաև այս բառի
«Շնորհակալության» անունից անգամ,
Որ այսքանից ետ հնչում էր անվերջ՝
Մեր խեղճ շուրթերը միշտ խարանելով…

Շնորհակալություն՝ այն վաղվա համար,
Որ խոստացված չէ, այլ ծրագրված,
Եվ որտեղ պիտի մենք հասնենք՝ արդեն
Մաքրված կեղտից,
Հնի ժանտ աղտից,
Եվ այն արյունից,
Որ սուր նշտարի կարիք չի զգում:

Դանակի նման մաշվում են նաև՝
Ու բթանում են բառերն էլ կյանքում,
Սակայն ոչ երբեք շատ գործածվելուց,
Այլ լոկ անհարկի գործի դրվելուց:

Մեր արյամբ օծված սրտերի վրա,
Որպես մի յուղված հեսանաքարի,
Սրվում է այսօր նրանցից մեկը.
– Շնորհակալություն,
Շնորհակալություն…

© Հովիկ Չարխչյան

Share Button

25 Կարծիք

  • Լիզա says:

    Հովիկ ջան, լավ է իհարկե, որ ընթերցողն իմանա Սեւակի կյանքի նաեւ այս էջի մասին, բայց “պատեհապաշտ” ասել նրանց, ովքեր մեղադրում են ստալինյան շրջանում Ստալինին գովերգողներին, սա անհասկանալի է: Սեւակը հայության մի հատվածի համար, ինձ նկատի չունեմ` ես Սեւակի թունդ երկրպագուներից չեմ ու չեմ եղել, խիզախության ու չգիտեմէլինչերի խորհրդանիշ էր եւ է’, ու բնական է, որ իրենից նման բան չեն սպասում ու չեն սպասել: Եվ վերջապես, ստալինյան շրջանը գովերգողներին ի՞նչ են արել մինչեւ հիմա, ու՞մ են անարգանքի սյանը գամել, որ հիմա էլ իրենց պաշտպանելու ժամանակն է եկել: Ճշմարտությունը պետք է ասել, բայց առանց վիրավորելու նրանց, ովքեր մեղադրում են պատեհապաշտներին: Բա ի՞նչ անեն, ասեն` շա՞տ ապրեք: Ես նույնիսկ չկարդացի այս բանաստեղծությունները, որովհետեւ մի քանի տող կարդալուց հետո զզվանքս եկավ: Նույն բանը կատարվեց էն ժամանակ, երբ մամուլում ինչ-որ մեկը, չեմ հիծում` ով, փորձեց Նաիրի Զարյանի բոստանը քար գցել: Ես իմ սեփական աչքերով եմ կարդացել “Սովետական գրականություն” ամսագրում (1936)` Ակսել Բակունցի դեմ: Դա զարհուրելի բան էր, ԶԱՐՀՈՒՐԵԼԻ: Մահվան դատավճիռ էր: Ուրեմն` մի քանի դառը խոսք էլ չի կարելի ասե՞լ մի մարդու հասցեին, ով Բակունցին ուղարկել է գնդակահարվելու: Կտրականապես համամիտ չեմ:

  • Հովիկ says:

    Լիզա ջան, նախ իմ խոսքը պատեհապաշտական դրսևորումների, այլ ոչ թե պատեհապաշտների մասին էր: Մյուս կողմից գրականության պատմության գզրոցները լի են փաստերով, երբ իրենց նման մեղադրանքներ ներկայացնելու արտոնություն են վերապահել մարդիկ, ովքեր ամենաքիչը դրա բարոյական իրավունքն ունեին: Սոսկ ծավալային սահմանափակումներից ելնելով ես չեմ մեջբերել այդ մարդկանց խոսքն ու գործի մասին պատմող դրվագները: Նույն Զարյանի մասին: Իմ ձեռքի տակ է նրա ընդարձակ նամակը` հասցեագրված Կենտկոմին: Դու զարհուրելի բառն ես օգտագործում: Ես կնախընտրեմ անբարոյականը: Բայց նույնիսկ այս ամենով հանդերձ ինձ համար էականը ոչ թե այս կամ այն անձին պաշտպանելն ու փնովելն է, այլ եղելությունն ասելը: Մինչ այժմ ոչ ոք երբևէ չէր գրել Սևակի այս գործերի մասին: Իսկ ի՞նչ ես կարծում, դա էլ մի պատեհապաշտության դրսևորում չէ՞… Իմանալ և լռել, որովհետև այդպես անվտանգ է… որովհետև Սևակի մասին` կամ լավ, կամ ոչինչ…

  • Սոնա says:

    Ճիշտն ասած՝ ես էլ չհասկացա, Հոդվածագիրը սրանով ի՞նչ էր ցանկացել ասել: Հետո ի՞նչ որ «Սևակը գրել է» : Կյանքը քաղցր բան է: Իսկ եթե տխմար առաջնորդներին հաճոյախոսելով պիտի փրկես կյանքդ, ինչու՞ չանել դա: Իմիջիայլոց, կարծեմ հենց ձեզ մոտ եմ կարդացել, որ Չարենցի «Անհաս, ինչպես Արարատին նետած քար…ն» էլ Ստալինին է նվիրված: Շատ եմ սիրում այդ գործը, նրանից, թե ու՞մ է ձոնված եղել այն, բանաստեղծության արժեքը դույզն իսկ չի տուժել: Ի տարբերություն Սևակի այս գործերի, որոնց ընթերցանության համար ինձ պիտի բռնադատեմ:

  • Լիզա says:

    Հովիկ ջան, որպեսզի նորից թյուրըմբռնում չլինի (Սոնայի գրածը վկա), ասեմ, որ ես երկու ձեռքով կողմ եմ, որ անպայման գրվի ճշմարտությունը, ինչն էլ որ դու արել ես, եւ ինչի համար ուրախ եմ ու շնորհակալ: Ինձ ընդամենը մի բան դուր չեկավ` պատեհապաշտների հատվածը: Չեմ կասկածում, որ միջակություններ ու մժղուկներ կան, ովքեր գուցե ժամանակին Ստալինի, հիմա էլ ստալինիկների առաջ են ծնրադրել, բայց Սեւակի դեմ Թուր Կեծակի ճոճեն, թե տեսեք-տեսեք` էս էլ ձեր սիրած Սեւակը: Բայց այդ բնորոշմանդ տակ ընկնում են նաեւ այն մարդիկ, ովքեր դրանց շարքերում չեն եւ իրոք չեն հաշտվում ոչ մի տեսակի եւ ժամանակի պատեհապաշտության հետ: Նաիրի Զարյանի օրինակը բերելով ես հենց ուզում էի շեշտել, որ չի կարելի ԻՄԱՆԱԼ ԵՎ ԼՌԵԼ, իսկ կարծեմ մի-երկու թեթեւ փորձ է եղել ընդամենը, մեկ էլ հայտնվել են մարդիկ ու ասել` դե հա, ի՞նչ անենք, մարդ է էլի, ուզում էր ապրել, եւ այլն: Նույնիսկ Ազգային գրադարանի էն տարիների “Սովետական գրականություն” ամսագրերից սրիչով կտրել-հանել են նրա գլխակեր հոդվածները: Նշածս հոդվածն ինձ հաջողվել է կարդալ մի մարդու շնորհիվ, ով մինչ օրս պահում է էդ տարիների ամսագրերը:

  • ԱՇՈՏ says:

    Պարզապես Հովիկն արել է այն, ինչ պիտի աներ: Ու կարծում եմ` այսպիսի հոդվածներն պիտի ավելի շատ լինեն մեզանում: Հաճախ մեր մեծերի վրա ինքներս ենք սրբազան տաբու դնում և մեզ թույլ չենք տալիս մոտենալ նրանց: Այդպես հաճախ վերաբերվում ենք հենց բուն գրականությանը, էլ չեմ ասում գրողի մասին, որը մեզանում ասես ամենակարևորն է: Արդյունքում ոչ գրողն է մերը, ոչ էլ մենք նրանը:

  • Լիզա says:

    Իսկ մի՞թե ես ձեր պնդմանը հակառակ բան եմ գրել, Աշոտ:

  • Gevorg says:

    1. Lav kilner asyorva patehapashtnern el sranits das arnein, manavand vor chpatehapashtutyan hamar chen spanum aysor metz masamb, miayn phogh chen talis.
    2. Mi karevor hangamankh–inchu chlinel patehapasht, yethe kyankh@ khaghtsr e. Nuyn@ kareli e Hudayi masin asel. Bann el nehts ayn e, vor ekzistentsial @ntrutyun@ kyankhum misht herosutyun e pahanjum, anhnar e aprel ev heros chlinel, kam el mard ches, kam el heto piti amboghj kyankhd apashkhares u shnorhakalutyun u neroghutyun khndres mi angam saythakhelu hamar, tkhmarin hajoyakhoselu…

  • Սոնա says:

    Դժվարությամբ կարդացի տրանսլիտով գրվածը, բայց ծայրահեղություններն այնքան են այնտեղ, որ լռել չեմ կարող:
    Հուդայի օրինակը շատ անհաջող է, նրան ոչ ոք չէր ստիպել մատնության գնալ, ոչ էլ կյանքին վտանգ էր սպառնում: Իսկ Սևակը ոչ մեկին չի մատնել քաղաքական հաճոյախոսությամբ միայն իր կյանքն է փրկել:
    Համաձայն չեմ նաև, որ մարդը ծնվում է հերոսանալու համար: Մարդն ուզում է ապրել ու հնարավորինս երջանիկ ապրել: Գրողներն էլ բացառություն չեն: Ի՞նչ է նշանակում .«anhnar e aprel ev heros chlinel, kam el mard ches»: Չեմ ուզում հերոս լինել, եթե Աստված այնքան ողորմեա ինձ, մատնիչ էլ չեմ դառնա, մա’րդ եմ, ամենասովորական, կյանքից ուզածս էլ մի բաժակ երջանկություն է:
    «Պատմության անիվը պտտում են ստահակներն ու խաբեբաները: Նրանք աշխարհի տերերն են»:Լառոշֆուկո:
    Այդ ստահակների իշխանական մամլիչների ու իշխանության համար կռվի թոհուբոհում մարդիկ դառնում են մանրադրամ, գրողներն էլ հետը:
    Ներողություն խնդրելու մասին: Եթե Սևակն այնքան ապրեր, որ հասներ «ներողություն խնդրելու ժամանակներին», գուցե և խնդրեր:
    Սևակն իմ սիրելի բանաստեղծը չի, բայց մեր ժողովրդի սիրելիներից է: Եկեք բոլորի վրա ցեխ չշպրտենք, թող այս ժողովուրդը մի երկու ,թեկուզ կարծեցյալ, իդեալ ունենա: դա հեշտացնում է կյանքը:
    Իսկ ինչու՞ չենք քննում Չարենցի հենց վերը նշածս բանաստեղծության շարժառիթներն ու բանտից Ստալինին ու Գորկուն նրա գրած նամակները: Սրտառուչ գործեր են, որտեղ մարդն այնքան բացահայտորեն սեր է խոստովանել սովետական իշխանությանն ու Ստալինին: Թե՞ Չարենցի վրա արդեն հոմոսեքսուալիզմի ցեխը շպրտել ենք, դա իրեն հերի՞ք է…

  • Atom says:

    Չարենցը երբեք Գորկուն նման բովանդակությամբ նամակ չի գրել, առավել ևս բանտից: Երբ Չարենցը կալանվեց, Գորկին արդեն վախճանվել էր, այնպես որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող դիմել Գորկուն:

  • Սոնա says:

    Իմ գրածի մեջ որևէ ակնարկ չկա այն մասին, թե Չարենցը բանտից է գրել: Սակայն ընդունում եմ, որ Հայաստանում չապրելու պատճառով նորից չէի կարող ճշտել, թե Դավիթ Գասպարյանի Չարենցին նվիրված մենագրության մեջ հիշատակվող նամակները հատկապես ու՞մ էին ուղղված: Հիշողությունս իր քմահաճույքներն ունի և հնարավոր է որոշ փաստեր տասնամյակների հեռվից արդեն խառնում եմ: Բայց որ «Սովետահայ պոեզիայի քրեստոմատիայի» մեջ Չարենցի «Չնչին, ինչպես Արարատին…» բանաստեղծությունը ներկայացված էր վերջինն ու թվագրված 1937թվով, սա հաստատ եմ հիշում…

  • Նշան says:

    Կարծում եմ` յուրաքանչյուրս էլ հասկանում է, որ բոլոր էն գործերը, որոնցում Չարենցը ոգևորություն է արտահայտել խորհրդային կարգերի հանդեպ, գրվել են անկեղծ հավատով, ոչ թե շողոքորթելու կամ հեղինակի կյանքը փրկելու մղումով: Սա շատ կարևոր հանգամանք է: Նա միշտ հավատում էր իր ասածին: Թող որ հետո հասկանում էր իր հավատի միամտությունը, բայց գրելու պահին նա չէր խաբում իր խղճին: Նա որոնող պոետ էր, ինքնաբացասող-ինքնահաստատող:
    Էնպես որ էս դեպքում համեմատությունը էնքան էլ տեղին չէ:
    Ես բարոյական ոչ մի իրավունք չունեմ Սևակին դատապարտելու, որովհետև չգիտեմ` ինքս իր փոխարեն ինչ էի անելու: Ես միայն իրավունք ունեմ ասելու, որ չեմ հավանում Պարույր Սևակի պոեզիան` անկախ նրանից` ում կամ ինչի գովերգությանն է ուղղված: Ես նրա էսթետիկան չեմ սիրում:

  • Զիզիկ... says:

    Շնորհակալություն իմ շատ սիրելի Չարխչյանին`կրկին անգամ գրականության պատմության գզրոցները մեր առջև բացելու համար…

  • Esim ov says:

    Stalin-shmalin,esim in4-pipindi4…Urish ban 4kar grelu?Ancac shrjan a.Diaknerin toxek knen eli.

  • Lavates says:

    Սևակի երկրպագուն եմ ու լավ կլիներ եթե ես չկարդաի այստեղ բերված նրա խոտան տողերը: Գուցե թե գրականագետների համար կարևոր են գրողների ստեղծագործական վայրիվերումները: Վստահ եմ որ ընթերցողը գրողի միայն գոհարների տերն է, մնացածը մեր` հասարակ ընթերցողներիս, աչքը մտցնելը այնքան էլ հաճելի չէ: Նեղ մասնագիտական հոդվածներում քրքրեք ինչքան սիրտներդ կուզի:

  • Ռուբեն says:

    Հովիկ ջան, շարունակի’ր շնորհակալ գործդ։

    Շարունակիր, ուշադրություն տարաբնույթ մեկնաբանություններին ու մեծերին վարկաբեկելու փորձերին, ներկայացրու փաստերը՝ ինչպես որ կան։

    Իսկ բացասական կարծիքների դեպքում, նայիր գրանիշի էջի ձախ կողմը, ամենաներքևում, copyright-ի կողքին ամաչկոտ թաքնված, համեստ ժպտացող սմայլիկին. այն կօգնի ժպտալ ու առանց կասկածների ու վստահ շարունակել գործդ ։) Դա ինձ համար դարձել է գրանիշի առաքելության խորհրդանիշը ։)

  • Atom says:

    Լավատեսին`
    Մեր և ձեր սիրելի Սևակը ,,չկարդայի,, բառը գրում էր ,,յ,,-ով` ,,չկարդայի,,, այլ ոչ թե ,,չկարդաի,,, ինչպես դա անում են նրա երկրպագուներից ոմանք:

  • Anahit says:

    Իսկ ես Սևակին սիրում եմ նույնքան, ինչքան որ մյուս հայ գրողներին: Կարդացի և’ հոդվածը, և’ բանաստեղծությունները: Հետաքրքիր էր, նոր բաներ իմացա Սևակի մասին, բայց դրանից կարծիքս չփոխվեց, վերաբերմունքս էլ չփոխվեց: Մենք չենք ապրել այդ ժամանակաշրջանում, այդ ամենի մասին գիտենք միայն գրքերից ու ֆիլմերից, մենք չենք կարող քննադատել մարդուն մի արարքի համար, որը չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակում և ինչ պատճառներով է կատարվել: Մարդ էր, արել էր այն, ինչ այդ պահին ճիշտ էր համարել, ոչ մեկին դրանով չէր վնասել ու չէր վիրավորել:
    Հետաքրքիր է, բոլոր վերը արտահայտվածները այդ իրավիճակում, այդ ժամանակահատվածում, այդ պայմաններում ինչպես կվարվեին?
    Վստահ եմ, իրենք էլ չէն կարող պատասխանել:

  • hasmik says:

    Եվ այնուամենայնիվ` Կեցությունն է որոշում ….
    Գիտակցությունը գիտակցաբար արձագանքում է իր ժամանակի պահանջին:Գրողը չի կարող չգրել,բայց…
    Բայց մնայուն արժեքներին հավատարիմ մնալը, երաշխավորում է ստեղծագործության հարատևությունը բոլոր ժամանակներում…

  • arpineh says:

    Dear Hovik if it’s possible for u would u please send me this poem of baruyr sevak to my e-mail I can’t find it:noric chen sirum sirum en krkin.

  • Հարութ says:

    Կներեք կրկնակի ուշացման համար (տարիքս ու այս էջի տարիքը):
    Գրողներն (ու այլ տիպի սպասարկման ոլորտի մասնագետներն) պարտավոր են կատարել պատվիրատուի հանձնարարականներն, այլապես, նրանք կդառնան վատ ծառայողներ:
    Տվյալ դեպքում, կարծում եմ, որ Սևակն իրեն դրսևորել է որպես լավ ծառայող և արժանի է գովեստի: Չեմ հասկանում ինչու՞ են ծառայողից այնպիսի հատկանիշեր պահանջում, որոնք հատուկ են միայն համամարդկային արժեքների հեղինակներին (ասենք՝ Սոկրատես կամ մի անհայտ բայց նույնչափ ներդրում ունեցող մեկը):

    Կարդացեք ամեն ինչ, բայց ժամանակ վատնեք միայն այն գրվածքների վրա, որոնք հաճելի են ձեր քիմքին (ուղեղային ստամոքսին):

    Հա, մեկ էլ ասեմ որ, հոդվածում որպես Սևակի ապաշխարհանք ներկայացվածը ոչ այլ ինչ է քան մի նույնպիսի ձոն, բայց այս անգամ ուրիշ պատվիրատուի:

    Չտխրեք, այլ մտածեք ինչ ուղղությամբ տանել մարդկության այս մոլորված նավը:

  • Հարութ says:

    ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

    Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
    Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն…

    Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
    Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
    Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
    Եվ քո գունազարդ քնի փոխարեն
    Անքնություն է փռում սպիտակ.
    Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
    Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին
    Շոյանքի սովոր քո մազերի մեջ
    Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
    Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի
    Նմանությունը հեռու – մոտավոր
    ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
    Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
    Ինչպես լույսերի վետվետումներից
    Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

    Երբ անձրևներից հողն է ասես թթվում
    Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,
    որ մենակ ես դու իբրև մի … Իգրեկ,
    Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
    Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու
    Խնդիր չե՜ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,-
    Մի՛շտ ,ամե՜ն անգամ պաշարում է քեզ
    Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
    Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
    Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն,
    Քանզի կա մթին մի կախյալություն
    Ջղի և արյան ,հոգու ու կրէի .
    Քանզի նշանը հանման – գումարման
    Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
    Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
    Բայց բա՛խտը,
    Բա՛խտը,
    Բա՜խտն է մեզ ընտրում …

    Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
    Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն …

  • Գուրգեն says:

    Իսկ ինչու եք գտնում, որ Սևակը գրել է վախից կամ առաջնորդին ծառայելու
    մտքից:ուցե նա գրել է տեսնելով,թե ինչպես հայ ժողովուրդը 700հազարից դար-
    ձավ 2.5-3մլն/այսօր հակառակ պրոցեսն է ընթանում/,անգրագետ երկրից դար-
    ձավ համատարած գրագիտության երկիր, ինչպես նահապետական տնտեսություն ունեցողից վերածվեց արդյունաբերական երկրի /հիմա հակառակ
    պրոցեսն է ընթանում/,ինչպես Երևանը ավանից վերածվեց հրաշակերտ քաղաքի,
    ինչպես տասնյակ հազարավոր հայեր վերադարձան հայրենիք /այսօր հակառակ
    պրոցեսն է ընթանում/,ինչպես ստեղծվեց հզոր մշակութ, որը բարոյականություն,մարդասիրություն,ընկերություն,ծնողասիրություն,հայրե-
    նասիրություն…էր քարոզում /ինչ է քարոզում ներկայիս մշակույթը…ֆիլմերը,
    մուլտերը,սերիալները,հեռուստատեսությունը…, հազարավոր հայ աղջիկներ
    պառկած են թուրքի,պարսիկի ,արաբի տակ/: Երբեք մի մտածեք, որ դուք
    ավելի խելոք եք քան Սևակը…

  • bolor nranq, ovqer mexadrum en sevakin ayn bani hamar, vor na goverqel e stalinin u leninin. tox hichen, te 85 tvin ed ov? ER< VOR CHER HAVATUM U HIANUM GARBACHOV kochvac qaxaqakan gorcichov. havatacacac em-bolors. jamanak er petq- zgalu mer xabvac linely….

  • nelson poghosyan says:

    Կարդացեք Կռիլով և Մոսկա շնիկների նման քիչ հաչեք մեր մեծերի վրա

  • Արեգ says:

    Վա՜յ, Սևակ,վա՜յ… Դրա համար էլ դեպուտատ էր դարձել…Ես էլ զարմացա…
    Սովետահայ գրականության մեջ հալալ է միայն Լեռ Կամսարին՝
    մարդը մեզ պարզերես արեց աշխարհի և մարդկության առաջ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *