Հրաչ Բեգլարյան | Վերջին մարտը

Վիրավորը դարձյալ ամբողջ ուժով հենվեց ուղեկցի ուսին ու ցավից կրճտացրեց ատամները: Արդեն երեք ժար էր, որ քայլում էին լպրծուն, ցեխոտ ճանապարհով: Գնացել էին քաղաքն ազատագրելու: Արդեն որքան ժամանակ` քաղաքում նստել էր թշնամին, և այն հարազատից վեր էր ածվել ճանապարհին նստած հրեշի, որն անխնա կուլ է տալիս անցնող-դարձողին: Հրամանատարն ուզեցել էր շրջանցել և քաղաքի վրա հարձակվել թիկունքից, բայց գիշերվա մութը կապել էր աչքերը: Շփոթվել ու կորցրել էին ճանապարհը: Մոտեցել էին, և հանկարծ, երբ մի քանի մետր էր մնացել, որ իրար հասնեին, ճանաչել էին թշնամուն: Գլխի չէր եղել նաև թշնամին, միամիտ էր եղել մինչև այն պահը, երբ տղաներից մեկը ձայն էր տվել.
-Տղե՛րք, թուրքեր են:
Ու պայթել էին կրակոցները: Բախտներն այնքանով էր բերել, որ ընկերների վրա չէին կրակել: Կրակել ու գոռգոռացել էին խելագարի պես, հայհոյել էին` վախը ցրելու համար, և թշնամին լուսացող գիշերվա հետ փախուստ էր տվել:
Չէր իմացել իր վիրավորվելը: Առաջին պահ կարծել էր, թե սայթաքեց: Ընկել էր, հետո լսողությանն էր հասել չոր կրակահերթի ձայնը, ապա մրմուռը շամփրել էր ուսը: Կորցրած արյան հետ մի պահ մթնել էին աչքերը:
Կյանքում միշտ էլ վախեցել էր արյունից: Արյուն տեսնելիս միշտ էլ խառնել էր սիրտը: Դրա համար էլ ավելի շատ վախեցավ ու թուլացավ արյան տեսքից, քան թե վերքի մրմուռից: Գնդակը շամփրել էր ուսագլուխը, խճճվել, մնացել թիակի տակ և գնալով անտանելի էին դառնում ցավերը:
Հիմա ուղեկցի հետ քայլում էր գարնան կեսին անպատեհ եկած, բայց նույնքան էլ արագ հալված ձյունից ամբողջովին ցեխապատ ճանապարհով: Որքան էլ, որ ջանում էր քիչ հենվել ուղեկցի ուսին, չէր կարողանում: Մտքի հետ մի քանի անգամ կռվել էր հրամանատարի հետ, որ իրեն այս նիհար-նվազ ուղեկցողն էր տվել: Ախր իր հարյուր կիլոգրալանոց քաշն ինչպե՞ս գցի այս նվազ ուսերին: Ու վիրավորն ամբողջ ճանապարհին մտածում էր այս տղային նեղություն չտալու մասին: Հենց մի քիչ թուլացնում էր կամքն ու ապավինում տղայի ուսին, զգում էր, թե ինչպես են դողում նրա ծնկները և ինչպես լարումից ճրթճրթում են ոսկորները:
Ճանապարհի ցեխը լպրծուն էր ու սահող: Այն ասես սոսինձ լիներ. բռնում ու բաց չէր թողնում տղայի ոտքերը, որ մարզակոշիկների մեջ թրջվել ու մրսում էին: Վիրավորն իր ոտքերը չէր զգում: Նրա հոգին հիմա թիկունքի վրա էր և ցավում էր վերքից ավելի: Նրա հոգին մրմռում էր այս պատերազմի համար, տղայի մրսող ոտքերի ու երեսին նոր-նոր ծլող մորուքի համար, որ աննեթեթ ու ծիծաղելի էր թվում իր աղվամազի նոսրությամբ:
Քայլում էին լուռ: Վիրավորը մեկ-մեկ աչքի պոչով նայում էր պատանու դեմքին ու սիրտը մրմռում էր իրեն քարշ տալու նրա ուժից վեր ջանքի համար:
-Սրիկանե՛ր, կարծես հնարավոր չէր մի զույգ զինվորական կոշիկ տալ,- վերջապես հևաց տղան,- կարգին կքայլեի և ոտքերս էլ չէին մրսի:
-Վա՛յ ես քո տիրոջ մերը,- պոռթկաց վիրավորը,- մի կարգին քրֆել էլ չգիտես,- սրիկանե՛ր,- նրա տնազն արեց,- սա քո ակադեմիան չէ: Զինվոր ես` մի կարգին մարդավարի քրֆի: Ասա` ձեր մերը, թե չէ` սրիկանե՛ր…
Դարձյալ լռեցին: Քայլում էին ծանր: Լպրծուն ճանապարհով ուրիշ անցնող չկար ու վիրավորին մեկ-մեկ թվում էր, թե ամբողջ աշխարհում միայն իրենք են:
-Ո՞ւմ ես մեղադրում,- դարձյալ խոսեց նա,-կռիվ ես եկել, հետդ կարգին շոր բերեիր: Ախր սա սրտի կռիվ է, կամավոր կռիվ և քեզ ոչ ոք չի քշել էս ձորի մեջ: Եկել ես` լռիր, ատամներդ սեղմիր ու տար խաչդ: Չլինի կարծում էիր` էքսկուրսիա ես գնում: Կուրսեցի սիրուն-սիրուն աղջիկների հետ ման գալու ես գնում, որ թեթև չստերը գցել ես ոտներդ ու վազել:
-Ունեի, լավ կիսակոշիկներ ունեի,- վիրավորանքը կուլ տվեց տղան,-անգլիական էին, արշավի համար, երբ հնագիտական պեղումների էի գնում, դրանք էի հագնում:
Վիրավորը թողեց տղայի ուսը, դողդողացող ծնկներով շարժվեց դեպի ճամփեզրի քարը, ճիգով նստեց վրան ու մեկնեց տուփը.
-Ծխախոտ կպցրու:
Տղան դողացող մատներով գլանակ հանեց, չրթացրեց լուցկին ու վիրավորն ուշադրություն դարձրեց նրա սպիտակ, թափանցիկ ձեռքերին:
Անվարժ էին երկար, բարակ մատները և ձեռքի երեսից երևում էր լուցկու կարմիր բոցը: Տղան մի կում ծուխ բաց թողեց ու ծխախոտը մեկնեց վիրավորին: Զինվորը խորը ներս քաշեց ծուխն ու հազաց: Ցնցումից անտանելի ցավեց վերքն ու գլուխը պտտվեց: Նա պինդ սեղմեց ատամները, հավաքեց իրեն, որպեսզի ուշագնաց չլինի և ծխախոտը մեկնեց պատանուն.
-Առ, ծխի:
-Չէ՜,- գլուխը տարուբերեց տղան,- ծխող չեմ:
Վիրավորը ոտքից գլուխ չափեց նրան.
-Ծխել չգիտես, կռվել չգիտես, հայհոյել չգիտես: Ինչո՞ւ ես մորդ փեշի տակից դուրս եկել, հասել էս գեհենը:
-Եկել եմ կռվելու, եկել եմ իմ չափով կռվելու,- իրեն ուղղեց տղան:
-Բա որ չի ստացվո՞ւմ:
-Մի օր կստացվի: Ո՞վ է զինվոր ծնվում: Կարևորն ուզելն է:
-Ախր շա՛տ ես փափուկ: Չե՛ս ուզում սպանել:
-Կկոշտանամ: Ո՞ր մի նորմալ մարդն է իր կամքով մարդ սպանում:
-Դու մի նեղացիր,- հանկարծ մեղմացավ վիրավորը,- որ քեզ կոպտում եմ, մի նեղացիր: Ցավն է մեղավոր: Անտերն էնպես է նեղում, որ լացս գալիս է,- անկեղծացավ նա:
-Լացդ գալիս է, լաց:
Վիրավորը փորձող հայացով նայեց տղայի աչքերին: Դրանք պարզ էին ու անխարդախ: Նրա դեմքը հոգնությունից սրվել էր, մաշկն ստացել էր գորշ գույն, բայց աչքերը հանգիստ էին ու վստահող:
-Գնանք,- իրեն հավաքեց վիրավորը:
Տղան լուռ մոտեցավ և ուսը դրեց նրա թևի տակ: ՙՃը՜փ-չըլը՜փ, ճը՜փ-չըլը՜փ՚,- նրանց ոտքերի տակ սկսեց բողոքել ցեխը:
ՙԿանցնենք ոլորանը, կմտնենք ձորը, հետո, թե ոտքերս ուժ տան, կբարձրանանք լանջն ու կհասնենք ճանապարհին: Իսկ այնտեղ, ոնց էլ չլինի, մեքենա կհանդիպի, տանկ կհանդիպի՚,- ինքն իրեն հույս տալով մտածեց վիրավորը:
Նա ներքուստ ուրախ էր, որ ճակատագիրն այս անգամ էլ է խղճացել իրեն և նախապես վայելում էր այն բուժկետ հասնելու պահը: Կսրսկեն, կպառկեցնեն անկողնում, մի որոշ ժամանակ կկտրվի պատերազմի դաժան առօրյայից ու կպաառկի մինչև ապաքինվելը: Իսկ հետո… Հետո դարձյալ կմիանա ընկերներին: Նա լավ գիտեր, որ այս պատերազմը շուտ չի ավարտվի, իսկ ինքը չի կարողանա ձեռքից վայր դնելզենքը և իրեն համոզել, թե աշխարհում պատերազմ չկա, Արցախ չկա, ամեն օր զոհվող անմեղ մարդիկ չկան…
Թիկունքում դեռևս լսվում էր մարտի խուլ աղմուկը: Հեռվում, մի քիչ խլացած լսվում էր ՙԳրադի՚ ֆշշոցը, և զինվորին մի պահ թվաց, թե ընկերների հետ է: Ընկերների մասին մտածելիս նա իրեն մարտի մեջ էր զգում և անկախ իրենից գլուխը քաշում էր ուսերի մեջ: Այնպես, ասես գրոհի է գնում:
Նա վաղուց էր համոզվել, որ չի կարող առանց այս սար ու ձորի և լավ էր հասկանում ջահել տղային, որ թողել էր ուսանողական նստարանը, քաղաքի փափուկ կյանքն ուղարկել է գրողի ծոցն ու եկել է կռիվ: Տղերքն առաջին օրերին ծիծաղել էին վրան, հետո զայրացել էին նրան անճարակության վրա ու համակերպվել: Ինքն ամենաշատն էր խղճում նրան, բայց հիմա չխոսել չէր կարողանում, քանի որ լռությունը խեղդում էր նրան և ավելի շատ էր զգում վերքի ցավը:
-Ասա` այ լակոտ, քո ի՞նչն էր պակաս, որ ամեն ինչ թողել, եկել, ընկել ես էս ջհանդամը,- դարձյալ թոնթորաց նա:
Տղան լուռ էր: Նրա կիսաբաց շուրթերի արանքից երևում էր մի քիչ նոսր ատամնաշարը: Վզի լարումից պրկված, բարակ մկանները վիրավորի խիղճն էին բորբոքում:
Նա զգում էր, որ գնալով դժվարանում է քայլելը և մտովի կռվում էր հրամանատարի հետ, որ իրեն թիկունք ուղարկեց: Կպառկեր մի բարձունքի վրա, կկրակեր` որքան ուժը պատեր, այսքան չէր տանջվի: Այս դեղնակտուց պատանուն էլ չէր տանջի իր հետ: Բայց հասկանում էր նաև, որ Ավոն ուզեց իր կյանքը փրկել, իսկ իր հետ` նաև այս երեխայի: Գիտեր, որ տղերքը գրոհելու էին քաղաքը, իսկ գրոհից հետո ով` ողջ, ով` մեռած:
-Լռում ես,- դարձյալ լռության հետ կռվեց վիրավորն ու զգաց, թե որքան է խռպոտվել ու թուլացել ձայնը,- ջուր չունե՞ս:
-Ջո՞ւր, չէ: Կոնյակ կա:
-Տո՜ւր:
Վերցրեց տափաշիշն ու միանգամից մի քանի խոշոր կում արեց: Հեղուկը վառեց ներսը, գոլ տարածվեց երակների մեջ ու ցավը մի քիչ թուլացավ:
-Դու էլ խմիր,- տափաշիշը վերադարձրեց տղային,- ուժերդ կվերականգնվեն:
Տղան դողդոջուն շուրթերով մի երկու ումպ առավ և նրա բարակ պարանոցի վրա թրթռաց խոշոր ու փշաքաղված ադամախնձորը: Հետո նա վիրավորին հոգատարությամբ նստեցրեց ճանապարհի եզրին, կտրված ծառի կոճղին ու մեծավարի հարցրեց.
-Շա՞տ ես հոգնել: Մի քիչ էլ դիմացիր:
Վիրավորն ասես շամփրվեց այդ հովանավորող տոնից ու ձայնը կարծրացավ.
-Ճամփադ քայլիր: Հոգնե՞լ ես: Իմ նման զինվորը հոգնությունը չպիտի իմանա: Արդեն երեք տարի է, որ սարերում եմ: Երկիր եմ պահում ու օրը հազար անգամ կռվում եմ ինքս իմ դեմ: Հա, հա՛, զինվորը մինչև ինքն իրեն չհաղթի, մինչև իր վախն ու վարանումը չսպանի, թշնամուն հաղթել չի կարողանա: Դու վախենո՞ւմ ես մահից,- հանկարծ խոսքը փոխեց նա:
-Հա,- անկեղծ ասաց տղան,- վախենում եմ:
-Ապրես, չես պարծենում:Ես էլ եմ վախենում, բոլորս էլ վախենում ենք: Այ, հենց որ էդ վախին հաղթել կարողանաս, թշնամուն կհաղթես:
Նրանք արահետով իջնում էին ձորը: Քայլելը հեշտացել էր և տղան ավելի քիչ էր զգում վիրավորի ծանրությունը: Խմած կոնյակը մեջը խոսելու ցանկություն էր առաջացնում:
-Գիտե՞ս ինչու եկա կռիվ,- հարցրեց նա ու պատասխանի չսպասելով շարունակեց,- ամոթից: Շատ ենք խոսում հայրենիքի մասին ու չենք հասկանում, որ հայրենիքն էս ցեխոտ ճանապարհն է, էս սար ու քարը, մայրս նաև… Մահից շատ եմ վախենում, փափուկ եմ, նվազ, ասֆալտի վրա եմ մեծացել, բայց տանը նստել չէի կարողանում, դասի գնալ չէի կարողանում: Դրա համար էլ փախա: Հասա Գորիս, այնտեղից տուն զանգեցի: Մայրս լացեց: Տղայի ձայնը տամկացավ ու մի տեսակ քնքուշ երանգ ստացավ:
-Հա, մայրերի գործը լացելն է: Լավ է, որ ամուսնացած չես: Ի՞նչ կասեիր, որ մորդ արցունքին կնոջդ ու երեխաներիդ արցունքն էլ խառնվեր:
Արահետը հարցականի նման ոլորվում ու միանգամից բացվում էր ձորի վրա: Դիմացի լանջը կտրտված էր հազար արահետով ու ծերունու կնճռոտ ճակատի էր նման: Ասես նստել էր մարդը, հազար տարվա հոգս շալակել և որքան էլ ջանում էր, չէր կարողանում հոնքամեջը բացել:
-Օ՛ֆ, հոգնել եմ, շատ եմ հոգնել,- հառաչեց վիրավորը,- ծնկներս դողում են:
-Արի քեզ շալակեմ:
-Է՛, քո ոսկորները չեն դիմանա, կփլվես,- հրաժարվեց ու սեղմեց ատամները:
-Հասնում ենք ջրին: Մի քիչ կհանգստանանք, հետո կբարձրանանք այն փոքրիկ ձորակով:
Իջնում էին գայթելով: Քրտինքը թափվում էր վիրավորի բորբոքված երեսից ու տղայի նիհար ուսերը կքվել էին նրա ծանրության տակ: Հասան գետակին: Վիրավորն ագահ կումերով խմեց սառը ջրից: Տղան իր հաստ վերարկուն փռեց ձռման արհավիրքը տեսած, սմքած խաշամի տակից նոր-նոր ծիկրակող կանաչի վրա ու վիրավորը պառկեց վրան:
-Թե կարող ես, մի քիչ քնիր: Նոր ժամը մեկն է: Երեկոյան դեմ տեղ կհասնենք,- նրա ուսերը ծածկեց տղան:
Վիրավորը պառկել էր լուռ ու փորձում էր քնել, ուզում էր թուլացնել ցավերից ձգված, կծկված մկաններն ու գոնե որոշ ժամանակով բթացնել թիկունքի ծակոցները: Վիրակապը կպել էր վերքին ու ամեն անզգույշ շարժում անտանելի մրմուռ էր պատճառում նրան: Նա փորձեց շնչել սահուն ու խորը: Դրանից կարծես ինչ-որ չափով թուլացան ծակոցները և նա ընկղմվեց մղձավանջի մեջ:
Տղան նստել էր հողի տակից դուրս ցցված կաղնու արմատին ու նայում էր պառկած ընկերոջը: Բարձր ու գեղեցիկ էր նրա ճակատը, հոնքերը` թավ, իսկ կեռ քիթը բլուրի պես վեր էր ցցվել երեսի մացառների միջից: Գիտեր` հայտնի ֆիդայի Մեխոն էր նա, թշնամու ահն ու սարսափը: Թշնամին նրան ձեռք գցելու համար գլխագին էր նշանակել:
Հրամանատար Ավոն գիտեր, որ Մեխոն մի գունդ արժե: Դրա համար էլ նրան հանեց մարտի դաշտից ու տղային պատվիրեց նրան բուժկետ հասցնել: Տղան նեղվեց, քանի որ առաջին անգամ էր մասնակցելու նման կարևոր մարտի և անպայման ուզում էր ներկա լինել քաղաքի գրավման ժամանակ: Ի՛նչ մի հերոսություն էր վիրավոր տեղափոխելը: Բայց նա զինվոր էր և պարտավոր էր հրամանը կատարել:
Նա հիմա էր հասկանում, որ իրեն իրոք դժվար հանձնարարություն էին տվել: Վիրավորը գնալով հոգնում ու թուլանում էր, իսկ իրենք դեռևս պիտի հաղթահարեին կիրճը:
-Խփի՜, Ավո՛,- համկարծ ձայնեց վիրավորն ու սեփական ձայնից վեր թռավ:
-Թյո՜ւ,- դժգոհ փնչացրեց նա,- աչքս կպել էր ու երազիս մեջ մարտի էի գնում:
Տղան մոտ վազեց, իբր պատահաբար ձեռքը դրեց նրա ճակատին ու հասկացավ, որ ջերմում է:
-Գնանք,- աղերսելու պես հրամայեց նա:
-Տո՛ւր կոնյակդ,- ձեռքը մեկնեց Մեխոն: Խմեց մի քանի կում, սեղմեց ատամներն ու տղայի օգնությամբ ոտքի կանգնեց: Տղան հասկացավ, որ վիրավորն այլևս քայլել չի կարողանա և կռանալով շալակն առավ նրան:
Ծանր ու պինդ էր ֆիդայի Մեխոյի մարմինը: Առաջին պահ թվաց, թե ծանրությունից ոտքերը խրվեցին հողի մեջ, բայց դիմացը դիք լանջն էր` քարերի տակից նոր-նոր ծիկրակող կանաչով: Տղան մտքում խաչակնքեց երեսն ու քայլեց:
-Թող, վայր դիր, ես կքայլեմ,- թույլ ու անկամ բողոքեց Մեխոն ու լռեց:
Տղան քայլում էր հևալով, ասես սիրտն ուր որ է դուրս էր թռչելու բերանից: Բայց կամաց-կամաց կարգավորվում էր շնչառությունը, սիրտն ավելի հաստատուն էր խփում, իրենից անկախ քայլքի մեջ ռիթմ էր մտնում: Նա առաջին պահ չհասկացավ դրա պատճառը: Ավելի ուշ գլխի ընկավ, որ պատճառը սրտում ծնվող երգն է: Իր էության խորքերից ինչ-որ մեղեդի էր ելնում, անծանոթ, բայց շատ հաստատ մեղեդի, որ կարգավորում էր թե՜ ծանր քայլերը, թե՜ կտրվող շնչառությունը: Նա սկսեց մեղեդուն բառեր հարմարեցնել ու երգել լսելի.
-Քա՜յ-լի՛ր, քա՜յ-լի՜ր…
Քայ-լիր դեպի վե՛ր…
Վիրավորն սկզբում չհասկացավ, թե տղան ինչ է ասում: Հետո տարակուսանքով թափահարեց գլուխն ու շունչը պահած սկսեց լսել: Եվ երգի հնչյունների հետ թեթևություն զգաց նաև ինքը: Երգի ձայնն ասես իր երակների միջից հանում էր ցավը, դրա փոխարեն փափուկ ու եթերային զգացողություն պատճառելով իրեն: Ինքն էլ չիմացավ ինչպես, երկրորդ քառյակից միացավ տղայի հևասպառ երգին.
Քայլիր սարն ի վեր,
Քայլիր դարն ի վեր,
Ճամփան այս քարոտ,
Բախտի քարն է մեր…
Երգում էին ատամները սեղմած, ասես մեկին ջղայինացնելու համար: Տեղ-տեղ շրջանցում էին մեղեդին, մտքում արտաբերելով բառերի մի մասը: Երգի ռիթմը հաճախ համընկնում էր տղայի սրտի զարկերին, որ մեկ-մեկ դառնում էին խոլական ու խենթ: Հասել էին սարի կեսին, երբ վիրավորի փորձառու ականջն իր գլխավերևում լսեց գնդակի բզզոցը:
-Պառկի՜ր,- հրամայեց:
Տղան առաջին պահ չհասկացավ հրամանի իմաստը, բայց ենթագիտակցորեն ենթարկվեց դրան:
-Մտիր քարի հետևը,- դեմքը ցավից կնճռոտելով հրամայեց Մեխոն ու ձեռքով նշան արեց` ինքնաձիգը տուր: Լուռ էին: Տղան զգում էր, թե ինչպես է տրոփում սիրտը: Նա չէր հասցրել վախենալ: Միայն թվում էր, թե Մեխոյի մարմնի ծանրությունը դեռևս ճնշում է ուսերը:
Վիրավորը գոտուց դուրս քաշեց գխարկը, հագցրեց չոր ճյուղին ու քարի հետևից վեր պարզեց: Հետևեց կրակոցը: Նա տղայի կողմը պարզեց ծակ գլխարկը.
-Դարան է մտել: Դու գլխարկը վեր պարզիր:
Նրա համար դժվար էր վերքի ցավից իրեն չենթարկվող մարմինը հարմարեցնել ցածրիկ քարի հետևում, բայց սեղմեց ատամներն ու տղայն նշան տվեց` պարզիր:
Բոռի պես տզզաց գնդակը, հետևեց Մեխոյի կրակահերթն ու մի ծանր հառաչանք.
-Անա՛:
-Մեղք էր,- քրթմնջաց Մեխոն ու նայելով տղայի զարմանքից լայն բացած աչքերին, շարունակեց,- բայց ի՞նչ արած: Ես չսպանեի` ինքը կսպաներ: Մի զարմացիր, տղա, ես մարդու նկատմամբ թշնամանք չունեմ և չեմ ատում մարդուն: Իմ կռիվը թշնամու զինվորի հետ է, հային տնից ու հայրենիքից զրկել փորձող ասկյարի: Տեսար` քարի հետև մտած իմ ու քո կյանքն էր ուզում, ու թե դաս չտայի` ավելի պիտի լկտիանար: Բայց ես նրան էլ չեմ ատում: Նա իր ճշմարտությունն ունի, ես` իմ: Ավելի լավ է` գնանք:
Վիրավորը բարձրացավ, կանգնեց, բայց ուժերը չհերիքեցին քայլելու համար և տղան դարձյալ շալակեց նրան: Բայց հազիվ էին մի քանի քայլ գնացել, երբ նորից պայթեց կրակահերթն ու տղան ծնկեց:
-Կպա՞վ,- անհանգստացավ ընկերը:
-Չէ,- հևաց տղան,- որ թափով պառկեի, վերքդ կցավեր:
-Խլե՛զ,- ջերմացավ վիրավորի ձայնը:
Սողացին դեպի մոտիկ ձորակը: Երկնքի կապույտ կտորն ասես թափանցիկ կափարիչ էր, որ ծածկել էր ձորակի բերանը: Մեխոն լուռ էր, ականջը` ձայնի: Գուցե անցնեն, չնկատեն իրենց ու գնան: Ախր ինքը վիրավոր է ու հետն` այս կանաչ պատանին: ՙԺամանակ կա, փախչելն էլ տղամարդկություն է՚,- անուրախ մտածեց նա, բայց ձայները գնալով մոտենում էին: Տղան ծիկրակեց ձորապռկի հողակոշտի հետևից: Եկողները շատ էին` տաս-տասնհինգ հոգի, գալիս էին կուզեկուզ, քարերի հետևում թաքնվելով:
-Շատ են, մեր կողմն են գալիս,- տղայի դեմքը սրվել էր և տենդորեն փայլում էին աչքերը:
ՙՏեսել են,- տխրությամբ մտածեց վիրավորը,- երևի տղերքը գրավել են քաղաքը, սրանք փախել են ու մեզ են հանդիպել՚: Նրա հոգում ո՜չ վախ կար, ո՜չ ափսոսանք: Ուսի ցավն ասես նահանջել էր, հեռացել: Նա հիմա թեթև էր ու մի տեսակ վերացած: Երակների մեջ տաք խլրտում էր արյունը և իրեն թվում էր, թե տոնական ինչ-որ բան կա այս իրիկնացող օրվա մեջ: Նա դարձավ տղային.
-Դերո, պատրաստվիր: Հենվիր ձեռքիդ, լավ նշան բռնիր ու կրակիր` երբ կասեմ:
Տղային թվում էր, թե այդ օրը չի ավարտվելու: Ասես շուրջը կատարվողն իրական չէր: Կարծես կլանող ու շատ հետաքրքիր մի գիրք կարդալիս լիներ: ՙԴը-դը՜խկ, դը-դը՜խկ՚,- խփում էր սիրտը և ձեռքը թրթռում էր սրտազարկի հանգույն: Նայում էր ինքնաձիգի նշանոցից և տեսնում, թե ինչպես ամեն սրտազարկի հետ թրթռում է փողի ծայրը:
-Է՛յ, հայ, հանձնվիր, շրջապատված եք:
Ձայնը մի քիչ խանձված էր և դրանից ավելի էր շեշտվում ձայնողի ռուսերենի մեջ անվարժ լինելը:
-Առ հա քեզ,- չարացավ տղան ու մատն ինքնաբերաբար սեղմեց ձգանը: Չոր զրնգաց կրակահերթը, գետնին տապալելով երկուսին:
-Ո՛ւխ, ձեր մերը,- ուրախությունից վեր թռավ տղան ու զգաց, թե գնդակն ինչպես շամփրեց թևը:
-Ա՛խ, կանաչ ուռի,- քմծիծաղեց Մեխոն,- վիրավորվեցի՞ր: Հիմա ես ու դու հավասար ենք: Միանգամից մի տաքանա: Էս գործը հանգիստ է սիրում: Փամփուշտ խնայիր: Թե էս մարտում հաղթենք, Դերո, էլ մեզ մահ չկա: Էս պատերազմը վրեժի պատերազմ է, տղա, պատվի պատերազմ: Թե էս պատերազմում հաղթենք…
-Ուզում եմ, որ հաղթենք,- ատամները ցավից կրճտացրեց տղան, դողացող ձեռքով մի կերպ վիրակապելով վերքը:
-Ատամներդ սեղմիր, սովորիր վերքիդ ցավին ու դիմացիր: Իմ ցավն արդեն հին է, իսկ քոնը` նոր: Մի քիչ շունչ առ, ես կկրակեմ:
Մեխոն կրակում էր ու սողալով փոխում դիրքը: Ձեռքը նորից անդող ու հաստատուն բռնել էր ինքնաձիգի կոթը, և ուրախացավ, երբ նորից լսեց Դերոյի ինքնաձիգի ձայնը:
-Չէ, էս անգամ դու ողջ դուրս չես պրծնի, Մեխո,- խոսում էր ինքն իր հետ,- թե կարողանաս էս էրեխին փրկել, հոգիդ դրախտի բաժին կդառնա: Նա դարձավ տղայի կողմը.
-Դերո, իջիր ձորակով ու վազիր: Փախիր` ուր աչքդ կտրի: Մտիր գետի քարերի տակ և, երբ մութն ընկնի, շրջանցիր ձորն ու գնա:
-Չէ, Մեխո, ինձ ու քեզ բախտը հանդիպեցրեց: Թող չասեն` Դերենիկը փախավ ու մենակ թողեց Մեխոյին:
-Ես քեզ հրամայում եմ,- կոշտացավ Մեխոն:
-Ես ու դու կամավոր ենք: Ես էլ իմ բաժին կռիվն ունեմ թուրքի հետ: Թե Աստված ինձ մահ է ուղարկելու էս ձորի մեջ, ավելի լավ է մեռնեմ, քան դավաճանի անուն ունենամ:
Լռեցին: Կռվում էին կենտրոնացած ու լուռ: Հանկարծ Մեխոյի ականջը որսաց, որ լռել է Դերոյի զենքի ձայնը: Նայեց նրա ուղությամբ: Տղան շուռ էր եկել մեջքի վրա ու պառկած էր անշարժ: Մոտեցավ սողալով, բայց դեռևս նրան չհասած` հասկացավ, որ մենակ է մնացել:
-Թող Աստված ների կոպտությունս,- մղկտաց ու կրակեց: Կրակեց, մինչև ինքնաձիգը լռեց:
-Այս ճամփան ինքս ընտրեցի ինձ համար: Մենակ թե էրեխեքս ինձանից հետո քիչ զգան իմ կարիքը և կինս չդավաճանի հիշատակս:
Նա դանդաղ դուրս քաշեց վերջին գնդակն ու դրեց ինքնաձիգի մեջ:
ՙՎեր բարձրացրու ձեռքերդ: Կտանջեն քեզ, բայց կյանք է, ի՞նչ իմանաս: Մեկ էլ տեսար` պատերազմը վերջացավ, կամ փոխանակեցին մեկի հետ՚,-շշնջում էր ներքին ձայնը:
-Չէ՛, չար սատանա,- գոռաց ու սարսափեց սեփական ձայնից,- էս պատերազմը դաժան է ու գերի չեն ընկնում էս պատերազմում:
Նա դանդաղ բարձրացրեց ինքնաձիգի փողն ու սպասեց: Մոտեցող ոտնաձայները թնդում էին գանգի մեջ:
-Հանձնվի՜ր,- ձորի պռնկին կանգնածը իր վրա էր ուղղել զենքը:
Մեխոն արհամարհանքով քմծիծաղեց ու գրեթե զվարթ սեղմեց ձգանը:
-Ձեռք չտա՛ս,- արդեն մեռած Մեխոյի վրա խոյացող ընկերոջ վրա գոռաց խանձված ձայնովը,- իգիթ էր:
…Ձորակում ձայնեը լռեցին միանգամից: Իրիկնամուտի արևի շողերի տակ նորածիլ կանաչի վրա բզզացող ճանճը խլացավ իր ձայնից ու իջաց Մեխոյի արագ լերդացող արյան վրա:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *