Այս պատմությունը պիտի սկսեմ երկու կարճ հիշողությամբ, որոնք առաջին անգամ դեռ երբեք պատերազմ ու գերի չտեսածիս հանդիպեցրին անցյալի հետ ու հուշեցին, որ նույնիսկ առերևույթ բացակայությամբ դրանք առայժմ մեզ հետ են` ներկա այն չափով, որքանով կարող է լինել սպիացած վերքը մաշկի վրա: Դա իմ ժամանակը չէր, սակայն հեռացած տարիների հետքերը գալիս, խփվում էին օրերի քղանցքներին, վերհիշեցնում իրենց գոյությունը, ստիպում հայացք դարձնել այդ ուղղությամբ…
Արարատի մարզի Այգավան և Նոյակերտ գյուղերն իրար միացնող խճուղին ոչ այսօր, ոչ էլ մի երեք տասնամյակ առաջ առանձնապես բանուկ չէր: Բայց եթե առիթ էր լինում երթևեկել այդ կողմերում, անհնար էր ճանապարհի ձախ թևի վրա չնկատել մի լքված գերեզմանատեղի` ցածրիկ բլրակի վրա, բազմաթիվ խաչերով: Այնտեղ երբեք չէիր տեսնի որևէ մեկին, որևէ ծառ կամ թուփ: Անցորդները թռուցիկ մի հայացքով դիտում էին ննջեցյալների մռայլ հանգստարանն ու անպայման ասում. «Գերմանացիների գերեզմաններն են»: Թե ինչու՞ պիտի գերմանացիներն այստեղ իրենց վախճանը գտնեին, նույնիսկ դպրոցական ծրագրով պատմության դասերը սերտած երեխաներիս համար լիովին հասկանալի չէր: Բայց հողաթմբերի ներկայությունն ու մահվան միտքը իսկույն սողոսկում էին ենթագիտակցության ծալքերի մեջ ու հարկադրում էին լուռ լարվածությամբ նայել այդ ամենին:
Մյուս «հեռակա» հանդիպումը, եթե չեմ սխալվում, 1986 կամ 87 թվականին էր: Երևանի Արաբկիր թաղամասում ես հյուր էի ազգականներից մեկին, երբ դուռը թակեցին: Տանտերը բացեց ու շեմքին տեսավ տարիքն առած երկու հոգու` կին ու տղամարդ: Հատկապես այն տարիներին նրանց արտաքին տեսքից դժվար չէր կռահել, որ այցելուներն օտարերկրացիներ են: Վերջիններս առաջ եկան, դժվարամարս ռուսերենով հարցրեցին, թե նախկինում ովքե՞ր են ապրել այդ տանը և մեզ համար անսպասելի տեղեկացրեցին, որ շատ տարիներ առաջ նույն տանը վարձով բնակվել են նաև իրենց ծնողները` գերմանացի ռազմագերին ու նրա հայուհի կինը: Հետո վերջիններս մեկնել են Գերմանիա, և ահա զավակները եկել են գտնելու իրենց ծնողների դժվար տարիների հետքերը… Օտարականները հրաժարվեցին հյուրասիրությունից, մեզ գրիչներ նվիրեցին ու տունը մեկ անգամ էլ տնտղելուց հետո հրաժեշտ տվեցին:
Այս բոլորը տխուր է ու մի քիչ էլ ցավալի: Եղել է պատմության քողարկված մի էջ, եղել են դաժան ու հակասական ճակատագրեր, իսկ անցյալը գնահատելու իրավունքը վաստակել ենք մենք`մի սերունդ, որ ըստ էության ոչինչ կամ համարյա ոչինչ չգիտի դրա մասին: Մինչդեռ պատերազմը ոչ միայն ճակատամարտերի ու զոհերի արհավիրքն է, այլև այդ դժոխքի անիծյալ ու մոռացված զավակների, որոնք միշտ միևնույն անունն են ունեցել. ռազմագերիներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 100 հազարավոր ռազմագերիներ սփռվեցին Խորհրդային Միության ողջ տարածքում գործող ճամբարներում: Սովորաբար ընդունված է նրանց անվանել գերմանացի գերիներ, սակայն իրականում դրանք ինչպես գերմանացիներ, այնպես էլ ռումինացիներ, իտալացիներ, ավստրիացիներ, ֆիններ ու այլ ազգերի ներկայացուցիչներ էին: Հատկապես 1943 թվից հետո գերիների թիվն այնքան մեծացավ, որ անհրաժեշություն առաջացավ վերջիններիս ոչ միայն պահել փակի տակ, այլև օգտագործել զանազան աշխատանքներում: Հենց այդ ժամանակ էլ Հայաստան ուղարկվեցին նրանց առաջին խմբերը: Հետագայում մեզ մոտ բերվող գերիները բազմապատկվեցին, և շատ շուտով նրանց կարելի էր հանդիպել հանրապետության համարյա բոլոր անկյուններում: Վերջիններիս հիմնական աշխատավայրը շինհրապարակներն էին, սակայն քիչ չէին դեպքերը, որ գերիներին մասնակից էին դարձնում նաև արտադրությանն ու գյուղատնտեսական աշխատանքներին: Ռազմագերիներն այստեղ մնացին մինչև 1948 թիվը, երբ երկրով մեկ հայտարարվեց համաներում, և նրանք վերադարձան իրենց երկրներ: Սակայն այդ բախտին քչերը արժանացան: Տարիների ընթացքում մի մասն այստեղ իր մահկանացուն կնքեց զանազան հիվանդություններից, քաղցից, ծանր աշխատանքից: Եղան նաև այնպիսինները, որոնց պարզապես գնդակահարեցին ինչպես նախկինում գործած մեղքերի, այնպես էլ գերության տարիներին թույլ տված հանցանքների ու անհնազանդության համար: Հետագա տասնամյակները ծածկեցին նրանց մասին հուշը մոռացության փոշով, վերացվեցին այն բոլոր վայրերը, որոնք կարող էին հիշեցնել պատմության այդ հատվածը: Կարծես ոչինչ էլ չէր եղել ու չկար:
Եվ միայն այն ժամանակ, երբ ետևում մնացին սառը պատերազմի տարիները, ու բացվեց երկաթե վարագույրը, առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց ոչ միայն բարձրաձայն խոսելու այդ մասին, այլև սկսելու որոնողական աշխատանքները:
Դեռևս 1990-ականների սկզբներից Հայաստանի անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը, այդ երկրները ներկայացնող դեսպանատները, մի շարք հասարակական կազմակերպություններ ակտիվորեն լծվեցին վախճանված ռազմագերիների հուղարկավորման վայրերը փնտրելու գործին: Տեղական մարմինները հատուկ հանձնարարական-նամակներ ստացան, իսկ մամուլում հայտնվեցին Հայաստանում թաղված ռազմագերիների ցուցակները: Որոշ վայրեր նախապես հայտնի էին, մյուսները գտնվեցին երկար որոնումների ու հարցումների արդյունքում: Օրինակ, Սպիտակ քաղաքի մերձակայքում կա մի թաղման վայր, որին հենց այդպես էլ անվանում են` «գերմանացի գերիների գերեզմանատուն»: Մի քանի տարի առաջ Գերմանիայի դեսպանատան և «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հուշաքար տեղադրվեց Երասխավան գյուղի մոտ գտնվող այն վայրում, որտեղ թաղվել էին 1945-47 թթ մահացած 12 գերիներ: Մեկ այլ հայտնի գերեզմանատեղի գտնվում է Հրազդանի կիրճում, Քանաքեռի ՀԷԿ-ի մոտակայքում:
Սակայն գերիների մասին հիշեցնող ամենակարևոր վկայությունը ոչ թե նրանց շիրմաթմբերն են, այլ այն հայտնի ու անհայտ շինությունները, որոնց դեռ կարելի է հանդիպել ամենաանսպասելի վայրերում և որոնք աշխարհ եկան այդ մարդկանց դժվարին, իսկ երբեմն էլ` անմարդկային աշխատանքի շնորհիվ: Եթե թվարկելու լինենք այն բոլոր տեղանուններն ու կառույցները, որտեղ դիպել է ռազմագերիների ձեռքը, կստացվի մի ընդարձակ ու բազմաբովանդակ ցուցակ: Դրանց շարքում ամենահայտնին, իհարկե, մայրաքաղաքի Հաղթանակի կամուրջն է:
Պատերազմի օրերին երկրում աշխատող ձեռքի պակասը խիստ էր զգալի: Եվ երբ Ստալինգրադի ճակատամարտից հետո Հայաստան բերված առաջին ռազմագերիների խմբերը հասան Երևան, վերջիններս անմիջապես նոր թափ հաղորդեցին կամրջի շինարարությունը, որը սկսվել էր դեռևս 1941-ից: Ոչ պակաս հանրահայտ փաստ է, որ ռազմագերիներն են հեղինակը այն հրաշալի, «բջջային» հենապատերի, որոնք եզերում են քաղաքի կենտրոնը Հաղթանակի զբոսայգուն կապող խճուղին: Դա մինչև այսօր էլ համարվում է բարձրորակ ու «երկարակյաց» աշխատանքի չափանիշ: Պատմում են, թե մի անգամ վարորդները այստեղ տեսել են տարեց մի մարդու, որ կանգնել է պատի մոտ, դեմքը հենել քարերին և արտասվել: Կարծելով, թե ծերունին վատ է զգում, ոմանք մոտեցել են, առաջարկել իրենց օգնությունը, սակայն անծանոթը նրանց կարողացել է դժվարությամբ բացատրել, որ այդ քարերն ինքն է շարել այն ժամանակ, երբ ռազմագերի էր:
Գերիներն են եղել Մատենադարանի հիմնարկեքի առաջին բանվորները, որի շինարարությունը սկսվեց 1945-ին ու տևեց շուրջ 12 տարի: Հետաքրքրական է, որ բոլորովին վերջերս Գերմանիա մեկնած Մատենադարանի գիտաշխատողների մի խումբ այդ երկրում հանդիպել է մարդկանց, ովքեր եղել են հենց Մատենադարանը կառուցող գերիների թվում: Ասում են, որ նրանցից ոմանք դեռ հիշում էին ու կարողանում էին հայերեն նախադասություններ արտասանել:
Այդ օրերի միջով անցած Երևանի ամեն անկյուն այսպես թե այնպես իր հիշողությունն ունի, իր գերիները, իր յուրահատուկ պատմությունը: Առանց ուսադիրների զինվորական համազգեստ կրող մարդկանց շարասյուները հսկիչների ուղեկցությամբ վաղ առավոտյան հայտնվում էին քաղաքի որևէ փողոցում, և շատ շուտով մերձակայքը լցվում էր մուրճերի, քլունգների ու բահերի թակոցներով, հռնդացող մեքենաների ձայներով: Գործը տևում էր մինչև ուշ գիշեր, իսկ նրանց ամենահավատարիմ հանդիսատեսը դառնում էին դպրոց շտապող կամ վերադարձող երեխաները, որոնք ժամեր շարունակ հետևում էին գերիների աշխատանքին: Երևանի Թումանյան փողոցում բնակելի շենքեր կառուցող գերիները մտերմացել էին տեղի փոքրիկների հետ և հաճախ էին նրանց նվիրում իրենց ձեքով պատրաստված զանազան իրեր, փայտե խաղալիքներ: Հավանաբար այդ օրերին է ծնունդ առել այն հայտնի խաղալիքը, որն իրենից ներկայացնում էր ձողի վրա պտույտներ գործող մարզիկի: Նար-Դոսի փողոցի բազմաթիվ շինություններ նույնպես գերիներն են կառուցել: Ինչպես ամբողջ երկիրն այն տարիներին, այնպես էլ նրանք հիմնականում կիսաքաղց էին: Ասում են, որ գերիներին օրական տրվում էր ընդամենը 300 գրամ հաց: Այդ պատճառով էլ նրանք երեխաների ձեռքից հաճույքով էին վերցնում իրենց համար բերված մի կտոր սև հացը, այլ ուտելիքներ ու մրգեր, և այդ նվիրատվության դիմաց պարգևատրում ինքնաշեն առարկաներով:
Մի հանրահայտ տեղանք էլ կա`Մաշտոցի պողոտան մանկական երկաթուղուն միացնող ստորգետնյա ճանապարհը և դրան կից ռմբապաստարանները: Մինչ օրս այդ թունելի մասին զանազան խորհրդավոր լեգենդներ են պատմում: Իսկ իրականությունն այն է, որ խցերն այստեղ վաղօրոք էին փորված, սակայն 1940-ականների կեսերին երկաթբետոնե կոնստրուկցիաները տեղադրվեցին ու ամբողջական տեսքի բերվեցին ռազմագերիների կողմից:
Շենգավիթ թաղամասի Չեխովի փողոցում առայսօր կանգուն է 1947-ին հիմնված այն շենքը, որ ժամանակին եղել է ճաշարան թե գերմանացիների, թե բնակիչների համար: Իսկ ահա 1946-ի Մեծ հայրենադարձության ժամանակ հազարավոր նորաբնակ հայեր առաջին կացարանը ունեցան այն շինություններում, որոնք մինչ այդ շինվել ու հարդարվել էին ռազմագերիների ուժերով: Հայրենադարձները մի առավելություն էլ ունեին` նրանցից ոմանք տիրապետում էին գերմաներենին, իտալերենին, իսկ դա գերիների համար երկրորդ շնչառության պես մի բան էր: Պատահական չէ, որ հետագայում ոմանք ընտանիք կազմեցին հենց սփյուռքից ժամանածների հետ, իսկ հատուկենտ գերիներ ընդհանրապես որոշեցին մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
Ինչպես արդեն նշեցինք, ռազմագերիների շինարարական ժառանգության աշխարհագրությունը շատ ավելի ընդարձակ է, քան միայն մայրաքաղաքը: Օրինակ Սևանի հոգեբուժարանի շենքը նույնպես նրանք են կառուցել: Սկզբում բարաքներն են շինել, որոնց մեջ ապրել են իրենք, իսկ հետո` մնացածը: Ասում են, որ մինչև այսօր էլ մուտքի վրա երևում է գերիների ձեռքով քանդակված հնգաթև աստղը:
Արցախի Բանանց և հարևան գյուղերի տարեց բնակիչներից շատերն են հիշում, որ առաջին սալահատակ փողոցներն այդ վայրերում հայտնվեցին գերիների շնորհիվ: Նրանք կառուցեցին նաև երկաթգիծը, ինչպես նաև մի քանի կամուրջներ, որոնք իրենց ոճով տարբերվում էին մինչ այդ եղածներից:
Արմավիր քաղաքի երհարկանի հանրակացարանը նույնպես «պատերազմական» ավար է: Իսկ ահա Արարատի ցեմենտի գործարանում գերմանացիները ընդգրկված էին արտադրության մեջ և լավ աշխատողների ու հանքագործների համբավ ունեին:
Կա այսպիսի մի պատմություն: 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին աշխարհի տարբեր ծայրերից օգնության եկողների թվում էին նաև գերմանացի փրկարարները: Նրանց հետ Հայաստան էր մեկնել նաև մասնագիտությամբ վիրաբույժ, դոկտոր Միլլերը, որն այդ օրերին Լենինականում մտերմացավ հայկական մի ընտանիքի հետ և նույնիսկ հյուրընկալվեց նրանց` իր հետ տարած լուսանկարչական ապարատով օրվա հիշարժան կադրեր նկարելով: Շուտով Միլլերը մեկնեց, բայց շատ չանցած` նրանից ստացվեց մի նամակ, որտեղ գերմանացի բժիշկը պատմում էր, թե որոշել է մեկ անգամ էլ Հայաստան գալ, բայց այս անգամ նրան կընկերակցի իր հայրը, որը տեսել է Լենինականում արված լուսանկարները և անպայման ուզում է լինել այդ տանն ու հանդիպել այդ ընտանիքի անդամներին: Երբ նրանց օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդակայանում, Միլլերի հետ ընդառաջ եկող տարեց մարդուն հայ դիմավորողներից Վազգեն Խաչատրյանը` նախկին գնդապետը, անմիջապես ճանաչեց: Դա այն երբեմնի երիտասարդ գերին էր, որ ապրել էր իրենց տանը և որի կյանքը մի անգամ փրկել էր, երբ հրամանատարությունը պատրաստվում էր պատժել գերմանացում ինչ-որ զանցանքի համար: Իր կյանքում երկրորդ անգամ Հայաստան հասած և հանդիպումից մինչև հոգու խորքը ցնցված գերմանացին օդանավակայանում միայն կարողացավ արտաբերել. «Այս աշխարհում ամեն ինչ վերադառնում է իր սկզբին: Ամեն ինչ…»:
Հարկ է նկատել, որ հազարավոր գերիների երկարատև ներկայությունը չէր կարող անհետրանք անցնել բոլորովին այլ միջավայրում ու այլ օրենքներով ապրող հայերի համար: Ռազմագերիներն իրենց հետ բերեցին նաև սովորույթներ ու կենցաղվարություն, որ այնքան էլ տեղաբնակների սրտով չէր, քանի որ անսովոր էր: Պատմում են, օրինակ, որ Գյարգյառ գյուղի մերձակայքում ապրող գերիները ամեն օր աշխատանքից հետո մերկանում էին մինչև գոտկատեղ ու մտնում էին մոտակա գետը: Մաքրման նույն արարողությունը կատարվում էր նաև առավոտյան, ինչից հետո նրանք պարտադիր սափրվում ու սանրվում էին: Գյուղացիների համար երկար ժամանակ հանելուկ էր, թե գերի ընկած ու անապագա մարդկանց ինչի՞ն էր պետք կոկիկ տեսքն ու հագուկապը, չէ՞ որ, միևնույն է, նրանք որևէ տեղ չէին գնալու, որևէ մեկին չէին հանդիպելու…
Կա մեկ այլ պատմություն էլ` մասամբ բանահյուսության ժանրից, սակայն ո՞վ կարող է վստահաբար ասել, թե ինչն է ճշմարիտ և ինչը` հորինվածք: Պատմում են, որ Հաղթանակի կամուրջի շինարարության տեղում միասին աշխատում էին ինչպես հայ բանվորները, այնպես էլ գերմանացի գերիները: Եվ ահա մի օր ռազմագերիներից մեկը երկար-երկար նայում է, թե ինչպես է հայը շաղախ անում, ապա անսպասելի ձեռքն է վերցնում մուրճը, հարձակվում ու սպանում է նրան: Անմիջապես նրան «զինաթափում են», ձեռքերը շղթայում ու ձերբակալում: Հարցաքննության ժամանակ գերմանացին ասում է, որ ինքը մասնագիտությամբ շինարար է և իրեն ափերից հանել է այն, թե հայ բանվորն ինչպես է առանց խղճի խայթի անորակ շաղախ պատրաստել: Ասում են, որ գերին այնուամենայնիվ չխուսափեց պատժի ծայրահեղ միջոցից, բայց նույնիսկ այդ ցավալի դեպքը քիչ բան փոխեց մյուսների աշխատանքում:
Հիշատակման արժանի իրադարձությունների շարքում անհնար է շրջանցել 1946 թ Երևանի մեծ ջրհեղեղը, որի մասին խոսելիս ականատեսներն ու ժամանակակիցներն անպայման հիշատակվում են նաև գերիներին: Ասվում է, որ այդ օրերին նրանց ճամբարը գտնվում էր ներկայիս կենդանաբանական այգու մոտակայքում` շրջապատված փշալարերով ու դիտակետերով: Ու երբ ափերից դուրս եկած Գետառի ահռելի հոսանքը վերից գալիս էր դեպի քաղաքի կենտրոն, շենքերի տանիքներ բարձրացած մարդիկ այն կողմերից լսում էին չդադարող կրակոցների ձայներ: Ոմանք պնդում են, թե հեղեղն ավերել էր ճամբարի ցցապատնեշները, և ժամապահները փախուստները կանխելու համար պարզապես գնդակահարում էին այսուայնկողմ նետվող ու անհանգիստ գերիներին:
Այս ցավալի միջադեպի մասին հիշողությանը միշտ էլ կարող է հաջորդել ոչ այնքան տխուր պատմությունն այն մասին, թե ինչպես մի գեղեցիկ օր Երևանում հայտնվեց այն տարիների համար զարմանահրաշ, 1938 թ. արտադրության Opel Kapitan ավտոմեքենան: Դժվար է ասել, ճշմարի՞տ են այս հավաստիացումները, թե ոչ, բայց համաձայն շրջանառվող վարկածի, հայ պարտիզանները գերմանացի գերիներ են վերցրել ու հենց այս մեքենայով նրանց տեղափոխել են Հայաստան: Միայն թե տեխնիկայի գեղեցկագույն նմուշը նախկին ճակատայինների կողմից շահագործել չի հաջողվել: Այն արագ պետականացվել է ու հետո երկար տարիներ անգործ կանգնել է պետական անվտանգության կոմիտեի ավտոկայանում:
Հետաքրքրական հիշատակումների և դեպքերի սակավություն, ինչպես տեսնում ենք, չկա: Սակայն ինչ էլ ասենք, այնուհանդերձ մի հարց պիտի մեզ հետապնդի այս բոլոր թվարկումներին զուգընթաց. ոնքե՞ր էին նրանք: Ովքե՞ր էին գերի ընկած այդ մարդիկ, արդյո՞ք նման էին այն վայրագ ու դաժան ֆրիցներին, որոնց գիտենք խորհրդային ու մերօրյա ֆիլմերից, թե՞ նրանց շարքերում էլ կային այնպիսինները, ովքեր գիտակցում էին կատարվածի ողջ սարսափն ու անհեթեթությունը, ընդվզում դրանց դեմ:
Վավերագրերն այսօր թույլ են տալիս ոմանց մասին նույնիսկ անհատական տեղեկություններ ստանալ: Օրինակ, Հայաստանում է իր գերությունն անցկացրել Կոնրադ Լորենցը` աշխարհահռչակ ավստրիացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, էտոլոգիայի հիմնադիրը: Հսկիչները նրան «պրոֆեսոր» էին անվանում: Քաղցած ժամանակ Լորենցը կարիճներ էր որսում և դրանք ուտում էր առանց եփելու: Բայց նույնիսկ այդ պայմաններում նա ժամանակ էր գտնում ուսումնասիրելու շրջակա լեռներում բնակվող կենդանիների վարքը, իր համար նշումներ կատարելու: Նա ազատ արձակվեց 1948-ին ու գնաց` հասնելու իր գիտական փառքի բարձունքին:
Մինչդեռ ՊԱԿ-ի արխիվներում պահպանվող անձնական գործերից շատերը հավաստում են, որ իսկապես, գերիների մեծ մասն ամենևին էլ Լորենց չէր, բռնությամբ պատերազմ տարված կամ թիկունքում միայն տնտեսական բնույթի աշխատանք կատարած զինվորականներ չէին: Նրանց մեջ կային երդվյալ նացիստներ, հիտլերյան գաղափարների ֆանատիկ նվիրյալներ, իսկական դահիճներ, որոնք գյուղեր էին այրել, գնդակահարել էին ծերերին ու երեխաներին, կախաղան էին բարձրացրել կանանց: Ու նաև սա և հատկապես սա է պատերազմի իրական դեմքը, որի աչքերի մեջ նայելը որքան էլ խորշելի լինի, բայց անհրաժեշտ է:
Ներողամտությունը գեղեցիկ բառ է: Վերաբերմունքի դրսևորման այդ ձևը խրախուսվում է հումանիզմի արժեքներ դավանողների կողմից, այն չափորոշիչ է հոգու նկարագրի և բանականության արթնության: Սակայն մի՞թե չկա մի սահման, որից այն կողմ մեծահոգությունն ու ներումը պիտի կանգ առնեն, որպեսզի չոտնահարվի մեկ այլ` ոչ պակաս կարևոր բան, ինչպիսին է ճշմարտությունը կամ արդարությունը: Ի՞նչ էին անում այդ գերիները Հայաստանում կամ այլ վայրերում: Մի՞թե նրանք իրենց բարի կամքով էին հայտնվել այստեղ և մի՞թե մինչ գերեվարվելը նրանք այն մարդիկ չէին, ովքեր զենքը ձեռքին ոչնչացնում էին ամեն բան, ինչ ուրիշների համար թանկ ու հարազատ էր: Ու երևի սա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ նաև ընդվզում են, երբ չափից ավելին է լինում այդ «քրիստոնեական» հանդուժողականությունը, երբ անպատեհ է թվում անհիշաչարության քարոզը:
Ամիսներ առաջ Հայաստանյաց Առաքելական եկեղեցին տեղեկացրեց, թե պատրաստվում է հոգեհանգստի արարողություն կատարել Երկրորդ Աշխարհամարտի տարիներին գերի ընկած և Հայաստանում մահացած ռամագերիների շիրիմների վրա: Իբրև ծիսակատարության վայր ընտրվել էր Հրազդանի կիրճը, Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ: Այնտեղ թաղված են ռումինացի, գերմանացի և իտալացի ռազմագերիները: Առաջին հայացքից կարծես թե անսովոր ոչինչ չկա մահացածների շիրիմների վրա կրոնական արարողություն անցկացնելու մեջ: Սակայն ինչու՞ է նախաձեռնությունը ստանձնել մեր եկեղեցին, երբ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Հրազդանի կիրճ իջնեին այն հոգևորականները, որոնց դավանանքի հետևորդներն են եղել գերիները: Եվ վերջապես, այդ ի՞նչ ուժ պիտի մարդուն առաջնորդի Քանաքեռ ՀԵԿ, որպեսզի այնտեղ ՀՀ-ում Գերմանիայի, Ռումինիայի և Իտալիայի դեսպանների հետ հարգանքի տուրքը մատուցի միլոնավոր մարդկանց կյանք խլած ոճրագործներին… Հարգանքի տուրք… Իսկ այս ընթացքում նախաձեռնողները դեռ շտապեցին տեղեկացնել, թե միջոցառումը «ժողովուրդների դարավոր բարեկամությունը» փաստող վկայություն պիտի կոչվի: Մի՞թե սա էր այն միակ ու ճշմարիտ ընտրված միջոցը, որով պետք էր ապացուցել հասարակ մի բան:
Եթե պատերազմն իր օրենքներն ունի, ապա մարդկային հիշողությունը ևս այդ օրենքների հպատակն է: Ժամանակները փոխվում են, փոփոխվում են նաև պատկերացումներն ու մտքերը, բայց քանի դեռ անփոփոխ ու հաստատուն չէ արժանապատվության հիմքը, նրա վրա բարձրացված ոչ մի քար բաժանարար դառնալ չի կարող կեղծիքի ու ճշմարտության միջև:
© Հովիկ Չարխչյան
Այս աշխարհում ամեն ինչ վերադառնում է իր սկզբին: Ամեն ինչ…