Ցան Սյուե | Խրճիթը լեռներում


Մեր տան հետևում մի լեռ կա, լեռան վրա՝ փայտե մի խրճիթ։
Ես ամեն օր կարգի եմ բերում արկղս։ Իսկ երբ դրա կարիքը չի լինում, ընկղմվում եմ ճոճաթոռի մեջ՝ ձեռքերս ծնկներիս դրած, ու ականջ դնում ձայներին. հուսիսային քամին ուժգին հարվածում է խրճիթի տանիքին, գայլերի ոռնոցը՝ արձագանքում լեռներում։
Մայրս, կեղծ ժպիտը դեմքին, ասում է.
– Արկղերում միշտ էլ խառնաշփոթ է։
-Ոչ ոք ինձ չի լսում,- շունչս պահած շարունակում եմ,- երբ գիշերը վրա է հասնում, մեր տան շուրջը գողեր են պտտվում։ Լույսը վառում եմ, դուրս նայում, անթիվ-անհամար մատներ փորձում են անցքեր բացել պատուհանին։ Իսկ դու ու հայրիկը քնած եք, այնպես եք խռմփացնում, պահարանում ամաններն են շխկշխկում։ Ոտքս խփում եմ մահճակալին, հետո ուռած գլխով լսում խրճիթում փակված մարդուն, որը զայրացած բախում է խրճիթի փայտե դուռը. ձայները շարունակվում են մինչև առավոտ։
-Ամեն անգամ վախից դողում եմ, երբ իմ սենյակ ես գալիս ինչ-որ բանի հետևից։
Մայրիկն ուշադիր նայում է ինձ՝ հետ-հետ գնալով դեպի դուռը, և ես տեսնում եմ, թե ինչպես է նրա կիսադեմը ծիծաղելիորեն թրթռում։
Մի օր որոշեցի բարձրանալ լեռը, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում։ Քամու դադարելուն պես ճանապարհ ընկա, արևի ճառագայթներից գլուխս պտտվեց, խճաքարերը սպիտակ ցոլքեր էին արձակում։ Այնքան հազացի, գլորվեցի ցած։ Հոնքերիս վրա կուտակված աղի քրտինքն աչքերիս մեջ լցվեց, ես չէի կարող ո՛չ տեսնել և ո՛չ էլ լսել։ Երբ տուն վերադարձա, մի պահ կանգնած մնացի սենյակի դռան մոտ, նայեցի հայելու մեջ ու այնտեղ տեսա ինձ՝ ցեխոտ կոշիկներով ու աչքերիս տակ մանուշակագույն փոսերով։
«Լրիվ խելքը թռցրել է»,- լսեցի, թե ինչպես էին տնեցիները մի մութ անկյունում թաքուն քմծիծաղ տալիս։ Մինչ իմ աչքերը մթության մեջ պատկերներ կորսային, նրանք արդեն անհետացել էին։ Պարզեցի, որ իմ բացակայության ընթացքում նրանք ձեռք էին տվել իմ արկղին, սատկած թիթեռներից ու ճպուռներից մի քանիսը թափված էին գետնին․ մինչդեռ շատ լավ գիտեին, որ դրանք թանկ են ինձ համար։
-Նրանք ցանկանում են օգնել քեզ կարգի բերել արկղդ,- շողշողուն աչքերով ասաց ինձ կրտսեր քույրս, այդ պահին նրա ձախ աչքը հանկարծ կանաչեց։
-Ոռնոցը լսեցի՞ր,- որոշեցի վախեցնել նրան,- գիշերն իջնելուն պես գայլերի ոհմակը պտտվում է մեր տան շուրջը, նրանք գլուխները մտցնում են դռան ճեղքերից ներս։ Երազումդ այնքան ես վախենում ոռնոցներից, որ ոտքերդ սառը քրտինքի մեջ կորում են։ Տանն առհասարակ բոլորի ոտքերն են քրտնում, ահա՜, նայի՛ր՝ ինչքան խոնավ է վերմակը։
Ես տեղս չէի գտնում, քանի որ արկղից որոշ իրեր էին կորել։ Մայրիկը ձևացնում էր, թե ոչինչ չգիտի, ու գլուխը կախում։ Բայց ես զգում էի նրա չար հայացքը մեջքիս։ Դրանից ամեն անգամ գլխամաշկս թմրում էր, այնուհետև՝ ուռչում։ Ես գիտեի, որ նրանք իմ գոն թաղել են ջրհորի մոտ, այդպես շատ անգամներ են արել, և ես ամեն անգամ կեսգիշերին փորել ու հետ եմ բերել խաղատախտակս։ Փորելուս ընթացքում նրանք վառում էին լույսը, պատուհանից դուրս հանում գլուխները ու հետևում ինձ։ Նրանք հանգիստ էին վերաբերվում անհնազանդությանս։
Ընթրիքի ժամանակ ասացի․
-Լեռան վրա խրճիթ կա։
Նրանք ճպճպացնելով ուտում էին, հավանաբար ոչ ոք չլսեց ասածս։
-Քամին այնպես էր սուլում, ասես առնետներ լինեին վազելիս,- ձայնս բարձրացրի,- լեռան վրայից խճաքարեր էին թափվում ու զարկվում տան հետնամասին, վախից բոլորիդ ոտքերը քրտնել էին, չե՞ք հիշում։ Բավական է միայն նայել վերմակներին։ Երբ դրսում լավ եղանակ է լինում, պարանների վրա արևին եք տալիս վերմակները։
Հայրս թռուցիկ մի հայացք նետեց վրաս, ծանոթ մի բան զգացի նրա աչքերում՝ գայլային։ Հանկարծ հասկացա, որ հայրս մեր տան շուրջը վազող ու ոռնացող գայլերից մեկն է։
-Ուր նայում ես, սպիտակ լույս է,- բռնվում եմ մորս ուսից, լույսն այնպես է ծակում, աչքերս արցունքոտվում են։ -Աչքերդ չեն ծակծկո՞ւմ։ Երբ տուն եկա ու նստեցի ճոճաթոռին՝ ձեռքերս ծնկներիս դրած, պարզ տեսա խրճիթի՝ եղևնուց պատրաստված տանիքը։ Պատկերն այնքան մոտ է, հաստատ տեսած կլինես, բոլորդ էլ հաստատ տեսել եք։ Այնտեղ մի մարդ կա փակված՝ աչքերի տակ մանուշակագույն փոսերով․ գիշերը չքնելու հետևանքն է։
-Ամեն անգամ, երբ փորում ես ջրհորի մոտ, ես ու մայրդ անկողնուց վեր ենք թռչում, ոտաբոբիկ քայլում սենյակով մեկ, – հայրս, խուսափելով իմ հայացքից, դեմքով դեպի պատուհանը շրջվեց։ Պատուհանի ապակին ճանճերի ծերտով էր պատված։
-Մկրատս ընկել է ջրհորը։ Երազումս վճռում եմ դուրս հանել այն։ Արթնանալուն պես հայտնաբերում եմ, որ սխալվել եմ, ի սկզբանե ոչ մի մկրատ էլ չեմ գցել ջրհորը, մայրդ էլ է նույնն ասում։ Չեմ հանձնվում, հաջորդ անգամ անպայման կհիշեմ։ Պառկելիս հանկարծ ափսոսանք եմ զգում, որովհետև մկրատը, ջրհորի մեջ մնալով, ժանգոտում է, ինչո՞ւ չեմ հանում այն։ Արդեն մի քանի տասնյակ տարի է՝ այս խնդիրը տանջում է ինձ, դեմքիս կնճիռներն ասես դանակով փորված լինեն։ Մի անգամ գնացի ջրհորի մոտ, դույլը իջեցրի, բայց պարանը կրկին սահեց, դուրս պրծավ ձեռքերիցս ու դույլը հայտնվեց ջրհորում։ Արագ քայլերով տուն վերադարձա ու նայեցի հայելու մեջ, մազերս սպիտակել էին ձախ քունքիս հատվածում։
-Հյուսիսային քամին մահացու է,- վախից դողում էի, դեմքս կես կապույտ ու կես մանուշակագույն էր, ստամոքսիս մեջ ասես մանր սառցակտորներ լինեին։ Նստել եմ աթոռին ու անդադար լսում եմ դրանց չխկչխկոցը։
Միշտ ուզում եմ կարգի բերել արկղս, բայց մթության մեջ թաքնված մայրս դեմ է։ Նա կողքի սենյակում հետուառաջ է անում, ես քայլերի ձայնից մտքերով եմ ընկնում։ Ուզում եմ մոռանալ այդ քայլերը, և ահա, հանում եմ խաղաքարտերն ու բարձրաձայն կարդում․ «մեկ, երկու, երեք, չորս, հինգ ․․․», մեկ էլ քայլերը դադարում են, դռան արանքից մորս դեղնականաչ դեմքը սկսում է խոսել․
-Վատ երազ եմ տեսել, մեջքս քրտինքի մեջ կորած է։
-Նաև ոտնաթաթերդ,- ավելացնում եմ ես,- բոլորիս ոտնաթաթերն են քրտնում։ Երեկ կրկին չորացնում էիր վերմակները։ Սովորական բան է դարձել։
Կրտսեր քույրս ինձ մոտ վազեց ու ասաց, որ մայրիկը ձեռքերս ջարդելու ցանկություն ունի, քանի որ արկղը բացուխուփ անելը զայրացնում է իրեն, դրա ձայնը լսելուն պես գլուխը մտցնում է սառը ջրի մեջ, ահա թե ինչու միշտ հիվանդ է։
-Չեմ զարմանում, – կրտսեր քրոջս աչքերն ինչպես միշտ փայլում են, և վզիս կարմիր ցան է դուրս տալիս,- օրինակ՝ հայրիկը ինչքան ժամանակ է՝ միայն մկրատի մասին է խոսում, քսան տարի կլինի՞։ Էական չէ, հին պատմություն է։
Յուղեցի արկղս, թեթևակի բացուխուփ արեցի, ոչ մի ձայն։ Նույնը կրկնեցի մի քանի օր, կողքի սենյակից այլևս ոտնաձայներ չէին լսվում, ստացվեց մորս խաբել։ Երևում է՝ կարելի է ցանկացած հարցում մոլորեցնել, միայն պետք է փոքր-ինչ զգոն լինել։ Յոթերորդ երկնքում էի, ողջ գիշեր կարգի բերեցի արկղը, բայց լամպը հանկարծ վառվեց ու մայրս կողքի սենյակում քմծիծաղ տվեց։
-Սենյակիդ լույսը զայրացնում էր ինձ։ Արյունս զարկում է անոթներիս մեջ թմբուկների հարվածների նման։ Նայի՜ր, այ այստեղ, – նա ցույց է տալիս իր քունքը, որտեղ որդ էր պտտվում։ – Ավելի լավ էր՝ լնդախտ ունենայի, սակավարյունություն, թե չէ այսպես ամբողջ օրը մարմնիդ մեջ ինչ-որ բաներ են գնում-գալիս, դու դա երբեք չես զգացել մաշկիդ վրա։ Այս հիվանդության պատճառով հայրդ անգամ ինքնասպանության մտքեր է ունեցել,- նա իր հաստլիկ ձեռքն իջեցնում է ուսիս, ձեռքը կաթում է հալչող սառույցի նման։
Մի մարդ կար ջրհորի մոտ։ Լսում էի, թե ինչպես էր նա անդադար իջեցնում դույլը ջրհորի մեջ, իսկ վերջինս, ջրհորի պատերին զարկվելով, զրնգում էր։ Լուսադեմին լսվեց դույլի ընկնելու ձայնը, ու մարդը փախավ։ Բացեցի կողքի սենյակի դուռը, հայրիկը քնած էր, նա ամուր բռնել էր անկողնու եզրից, քնի մեջ տնքում էր։ Մայրս՝ մազերը ցաքուցրիվ, վերցրել էր ցախավելը։
Նա ասաց ինձ, որ լուսադեմին պատուհանից բզեզներ էին մտել ու զարկվելով պատին, թափվել հատակին։ Վեր էր կացել, որպեսզի ավլի, հագել էր հողաթափերը, պարզվում է՝ հողաթափի մեջ բզեզ էր եղել, որը կծել էր մորս ոտքը․ այն ամբողջովին ուռել էր։
-Նա,- մայրս մատնացույց արեց քնած հորս,- քնած ժամանակ կծում է ինքն իրեն։
Լեռան վրայի խրճիթում մի մարդ է տնքում։ Սև քամին քշում բերում է իր հետ խաղողի տերևները։
-Լսեցի՞ր,- մայրս կիսամութի մեջ ուշադրությունը սրեց ու ականջը մոտեցրեց հատակին,- սրանք այնպես ուժգին են զարկվել պատին, որ կորցրել են գիտակցությունը։ Առավոտ շուտ մտել էին սենյակ։
Այդ օրը ես իսկապես նորից բարձրացա լեռը, այսօրվա պես հիշում եմ։ Նստեցի ճոճաթոռին՝ ձեռքերս ծնկներիս դրած, հետո բացեցի դուռը, և քայլեցի խճաքարերի սպիտակ ցոլքերի միջով։ Բարձրացա լեռը, աչքերումս խճաքարերի սպիտակ ցոլքն էր, ո՛չ խաղողենին կար, ո՛չ էլ խրճիթը։

Թարգմանությունը չինարենից՝ Քրիստինե Հովսեփյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *