Գոհար Աքելյան | Իսկական հեքիաթ

Այն մասին, թե ինչու բարկացավ Ռոբոտ Բոբինսկիի և Նինձյա Տակահաշիի մայրիկը

Երբ Ռոբոտ Բոբինսկին և Նինձյա Տակահաշին հերթական անգամ բախվեցին իրար, շուրջբոլորն ամեն ինչ փշուր-փշուր եղավ։ Դա հավանաբար աշխարհի վերջն էր, քանի որ պատուհանի ապակիները հանկարծ զրըըը՜նգ ու թափվեցին։ Պարտեզի ցանկապատները խրթ-բրթ ու քանդվեցին։ Փայտաշեն տնակի տանիքը շը՜խկ ու փլվեց։ Անգամ անվաչմուշկի չորս անիվներն, ասես երբևէ իրար չեն էլ ճանաչել, միմյանցից զատվեցին ու գլոր֊գլոր տարբեր կողմեր չմշկեցին։

Բայց հակամարտող հերոսներին ավերակները բոլորովին էլ չվախեցրին։ Նրանք շարունակում էին կռվել ու կռվել, որպեսզի պարզեին, թե ով է իրենցից ավելի ուժեղ և արժանի «իսկական հերոս» կոչմանը։
– Դե վերջ իսկապես, – հանկարծ բղավեց մայրիկը, – դուք անցնում եք չափ ու սահմանը։ Առավոտից երեկո միայն կռվում եք և ջարդում ինչ պատահեց։ Որքա՞ն կարելի է։
– Բայց, մայրի՛կ, – բողոքեց Նինձյա Տակահաշին, – Ռոբոտ Բոբինսկին է միակ մեղավորը։ Նա իր վրայի բազմաթիվ գունավոր կոճակներով այնպես է անում, որ վնասվեն մեր այգու մրգերը։ Իսկ հայրիկին ասում է, թե ես եմ ծառից ծառ ցատկոտելիս փչացնում դրանք։ Ծնկներից էլ լազերներ է արձակում և ծակում իմ գնդակները։ Կարո՞ղ էի ես այդ ամենին դիմանալ։
– Ահա, ԹԵ ԻՆՉ, հապա, մի, լսեք, ԱՅՍ ՍՏԱ-ԽՈՍԻՆ, ստա-խոսին -վրդովմունքից ճռճռացող և կտրատվող իր ռադիոալիքային ձայնով մեջ ընկավ Բոբինսկին, – դու, խան-գա-րում ես ԽԱՂԱՂ, խա-ղաղ, բը-նա-կիչ-նե-րի, հանգիստը․․․ՀԱՆ-ԳԻՍՏԸ։ Այդ դու, այդ, ԴՈՒ, ես սար-սա-փազզզզ-դու կատվին, ու-ղար-կում, իմ խեղճճճճ ու անօգնական կոնսսսս-տրուկ-տոր մարդուկների տները ջարդելու։
Սակայն մայրիկը կողմերից և ոչ մեկին չուզեց արդարացնել․
– Չեմ ուզում այլևս լսել ոչինչ, պա՞րզ է։ Մինչև լեզու չգտնեք, աչքիս չերևաք։

Թշնամի կողմերը մոլորված իրար նայեցին։ Ի՞նչ են անելու, ինչպե՞ս։
– Առաջարկում եմ, ժա-մա-նակա-վոր զինադադար կըն֊քել, այո, կնքել․․․մինչև, որ, գըտ-նենք այդ լե-զուն, – ակնհայտ դժկամությամբ կիսաձայնեց Բոբինսկին։
– Իսկ, դա ի՞նչ է, որտե՞ղ փնտրենք, – տարակուսեց Տակահաշին։

Այն մասին, թե ինչպես հանդիպեցին պանրի հոտով տարօրինակ Կիկլոպին

Չէր հասցրել Տակահաշին ավարտել խոսքը, երբ հանկարծ ուժեղ քամի սկսվեց, մի իսկական փոթորիկ, որը փողոցի ամբողջ հողն ու փոշին իր մեջ հավաքեց։ Պտտվեց, պտտվեց, ինչպես մայրիկների հարիչներն են պտտում եղած֊չեղածը համեղ թխվածքներ պատրաստելիս, ահա հենց այդպիսի արագությամբ էլ պտտվեց, և ի վերջո սև հաստ քամիից վերածվեց պտտվող սև վերմակի։

Այդ վերմակը մեր կռվարարներին Ալադինի կախարդական գորգը կհիշեցներ, եթե միայն այդքան մռայլ տեսք չունենար։ Հողից և փոշուց կարված վերմակը պտույտներից հոգնելով հանկարծ ընկավ ուղիղ Բոբինսկիի և Տակահաշիի գլխին։

ՎԵՐՄԱԿԸ ՆՐԱՆՑ ՄԱՅՐԻԿԻ ԶԱՅՐՈՒՅԹԻ ՉԱՓ ԾԱՆՐ ԹՎԱՑ, ԵՒ ՆՐԱՆՔ ԾԱԾԿՎԵՑԻՆ ՄԹՈՒԹՅԱՄԲ։

Երբ հաջողացրին դուրս գալ վերմակի տակից, խավար էր ամեն տեղ, և ինչ֊որ հսկա Կիկլոպ իր պես հսկայական գերաններից տնակ էր կառուցում։ Բլոպ, բլոպ, բլոպ՝ թակում ու տաշում էր գերանները։ Կիկլոպը հոտած պանիր էր բուրում և ուշադիր նայելու դեպքում նա իսկապես ասես դեղնականաչ պանրից պատրաստված լիներ։

Բոբինսկին, ով սիրում էր ամեն հարմար առիթով ընդգծել իր՝ մեծ լինելու հանգամանքը և մեծի ինքնավստահությամբ նախահարձակ լինել, բոլորովին չշփոթվեց․

-Մենք, քաջ Ռո-բոտ, Բոբինս-կին, ու Նին-ձյա, Տակահա-շին ենք։ Հանձ-նը-վի՛ր, Կիկ-լոպ, եթե, չես ուզում, բըըըըրդուճ դառնալ, դաՌՌռ-նալ։
– Վա՛հ, աչքս լույս, հենց միայն դուք էիք պակաս։
-Իիի-ի՞նչ, – նյարդայնացավ Բոբինսկին։
-Ի՞նչ, – հունից դուրս եկավ Տակահաշին և թուրը հանելով հարձակվեց պանրահոտ Կիկլոպի վրա։

Բայց Կիկլոպի մտքով էլ չէր անցնում կռվել։ Նա պարզապես մի կողմ քաշվեց՝ այնպես, որ հարվածն իրեն չդիպչի։ Իսկ զայրացած Նինձյա Տակահաշին անսպասելիությունից և հարվածի ուժից ընկավ գերանների կույտերի վրա: Հետո, փորձելով հավասարակշռության գալ, ծիծաղելի պարի նմանվող շարժումներ արեց, հետ ու առաջ գլորվեց և ի վերջո ընկավ Կիկլոպի ընթրիքի մեջ։
Աչքս լույս, հիմա էլ նոր պանրապուր պիտի եփեմ, – հոգոց հանեց Կիկլոպը ու արագացրեց փայտի հետ աշխատանքը։

Ռոբոտ Բոբինսկին ու Նինձյա Տակահաշին շվարած հարցրին Կիկլոպին, որ եթե չեն կռվելու, ապա ի՞նչ պիտի անեն իրենք։ Կիկլոպն ասաց, որ անձամբ ինքը շատ գործեր ունի անելու և կռվելու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն չունի։ Իսկ եթե շատ են ուզում որևէ բանով զբաղված լինել, կարող են իրեն օգնել։
– Չէ մի չէ, օգնենք, մեզ մեր հոգսերն էլ հերիք են, մենք դեռ պիտի լեզու գտնենք, հասկանու՞մ ես։ Իսկ դու գիտե՞ս, թե որտեղ փնտրել այդ լեզուն։

– Ես գիտեմ, թե որտեղ կարելի է գտնել նման բաներ, բայց մինչև չօգնեք կառուցել ջարդված տնակը, ես ձեզ ոչինչ էլ չեմ ասի։ Առանց այդ էլ ձեր պատճառով ընթրիքս փչացավ։

Կիկլոպի հանձնարարության գաղտնիքը

Նինձյա Տակահաշին էությամբ շատ ճարպիկ էր, ինչպես և սովորաբար լինում են նինձյաները, ուստի արագ գլխի ընկավ, որ հակաճառելն անիմաստ է։ Նա համոզեց Ռոբոտ Բոբինսկիին անել Կիկլոպի հանձնարարությունը։
Բայց դե հասկանում եք, չէ՞, որ փայտե տնակը կառուցելու ընթացքում մեր կռվարար հերոսների մեջ շատ շուտով հերթական վեճը ծագեց։ Մինչ գործը կհասներ լազերային կրակոցներին և սուսերամարտին, գերաններից թափված տաշեղները կենդանացան և գրոհի անցան։ Դրանք ասես փոքրիկ մարդուկներ լինեին՝ փոքրիկ տոտիկներով, ովքեր իրենց սուր-սուր ծայրերով ծակծկում էին անհաշտ Ռոբոտ Բոբինսկիին և Նինձյա Տակահաշիին։

– Այ, քեզ հի-մա-րու-թյուն, – բղավեց Բոբինսկին, – ես, սը-րան-ցից վախխխխեցո-ղը, չեմ, չեմ։
– Կիկլո՜պ, այս թափթփուկ թեփուկները խելագարվել են, – ձայն տվեց Տակահաշին, – եկ, այստեղ։

Բայց Կիկլոպն իրեն նեղություն էլ չտվեց խոհանոցից գալ արհեստանոց և ստուգել, թե ինչ է կատարվում․ նա շատ զբաղված էր իր պանիրներով, որոնք կանաչի տարբեր երանգներ ունեին ու հոտածից էլ հոտած էին։

֊ Աչքս լույս, – դժգոհելով մրթմրթաց Կիկլոպը, – դա ձեր խնդիրն է, ես գործ եմ անում։

Մինչ այս-այն, տաշեղները գնալով շատանում էին։ Ի վերջո դրանք մի մեծ բանակ դարձան, դասավորվեցին պարույրաձև շղթայի տեսքով՝ անդադար պտտվելով մեկ դեպի աջ և մեկ դեպի ձախ, լայնացնելով և ապա սեղմելով իրենց օղակները և այս տարօրինակ շարժման մեջ անգամ քթի տակ ինչ-որ երգ էին երգում։

Բլապ-բլապ, դեպի վեր,
դե թռիր, իմ ընկեր։
Բլոպ-բլոպ,
աջ ու ձախ
լեզվանիներ են, ախ֊ա՜խ…

Ծակ-ծակ, ծակ գլխով,
գլխից մեծ գործերով,
անպիտան խոսքերով,
հոգնացրիք մեզ աղմկոտ
ձեր պահվածքով…

Փայտաշեն ենք, բայց այսպես
խռովկան ու չարմիտ պահվածքի երեսից
քար ենք կտրել զարմանքից։

Շուտ լռեք, մի կռվեք,
փոխարենը սովորեք
դուք զիջել ու օգնել,
մեկդ մյուսին պաշտպանել։
Եվ այդժամ մենք գիտենք,
օհ, հաստատ լավ գիտենք՝
աչքի լույսը կլինեք
Կիկլոպի նուրբհոգի։

Իսկ թե գժտվեք, չհաշտվեք,
Լազերով խոսքեր դաղեք,
մեղադրանքներ շպրտեք,
թրով կռվեք,
Նինձյա Տակահաշի
Ու Ռոբոտ Բոբինսկի…
սուր ու թեք կթռնենք,
շրջապտույտ կթափվենք,
Երկնքից՝
Դառնալով պարսատիկի փամփուշտներ,
Եվ անվրեպ կխոցենք։

Բլապ-բլապ, դեպի վեր,
դե թռիր, իմ ընկեր։

Երգը, որը գնալով ավելի բարձրաձայն էր դառնում, այլ հանգամանքներում պարզապես հիասքանչ կթվար, քանի որ զվարճալի մեղեդի ուներ, և այդ փայտիկ-մարդիկ իսկապես լավ էին երգում ու դեռ հետն էլ ռիթմիկ շարժվում։ Բայց չնայած այդ քաղցր հնչյուններին և չնայած այն հանգամանքին, որ այդ տաշտշած փայտերը, այդ մանրիկ մարդիկ կարծես թե սիրալիր ժպտում էին՝ Տակահաշին և Բոբինսկին լսեցին և հասկացան երգի բառերի սպառնալից իմաստը։ Եվ եթե անկեղծ լինեմ, բառերը հատ-հատ լսելու կարիք էլ չկար հասկանալու համար ողջ վտանգը, քանի որ երգի ընթացքում այդ ծիծաղելի արարածները աստիճանաբար մեծացան, մեծացան, այնքան որ ամեն մեկը մի չաղլիկ հավի չափ դարձավ և անմիջապես էլ մի ծառաչափ բարձրություն վեր թռան ու պտույտներ գործելով սկսեցին թափթփվել ցած՝ մեր ոչ այնքան խեղճ, բայց այդ պահին մի փոքր վախեցած հերոսների ուղղությամբ։

Ռոբոտ Բոբինսկին, մի պահ ուզում էր բղավել Նինձյա Տակահաշիի վրա և սովորականի պես ասել, թե նրա պատճառով եղավ այդ փորձանքը, բայց փոխարենը ինչ-որ տարօրինակ բան պատահեց։ Իր համար էլ անսպասելի կերպով նետվեց դեպի Նինձյա Տակահաշին, որպեսզի իր երկաթյա մարմնով ծածկի և պաշտպանի նրան։

Եվ այդ պահին, կարո՞ղ ես երևակայել, փայտիկները փոխեցին իրենց ուղղությունը, և կռվարարների վրա թափվելու փոխարեն սլացան դեպի կիսաշեն տնակը։ Կիսատ-պռատ պատրաստված տնակի անցքերն ու թեքությունները լցվեցին թռչող թեփերով, և տնակը մի րոպեում գեղեցիկ շինություն դարձավ։ Այ քեզ զարմա՜նք․․․ Բոբինսկին ու Տակահաշին փաթաթվե՜լ էին իրար։

Նոր ճանապարհորդության մասին

Բոբինսկին այդ անհարմար իրավիճակից իրեն շատ կորցրեց, բայց տարօրինակ կերպով սկսեց ավելի հանգիստ խոսել և բառերն էլ արտասանել ավելի մարդավարի, քան ռոբոտավարի․

– Գը-գգգ․․նանք, տեսնենք՝ ինչ կա տան ներսում, – ընդամենը մեկ բառը մի փոքր դժվար արտաբերելով առաջարկեց նա։
– Գնանք, – սովորականից ավելի ցածրաձայն և սիրալիր տոնով ասաց Տակահաշին։

Եվ նրանք ներս մտան, իսկ ներսում Կիկլոպն էր․
– Ես էլ կարծում էի՝ տունը չեք կառուցի։ Դե ուրեմն բացեք այն դեղին դուռը և այդ ճամփով գնացեք, միգուցե կարողանաք ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ։

Դեղին դռնից այն կողմ բոլորովին նոր աշխարհ էր, մի տեսակ վառ գույներով և խիտ-խիտ աճած բուսականությամբ։ Նինձյա Տակահաշին ուզեց ասել, որ կարծես «Ալիսը հրաշքների աշխարհում» դիսնեյան մուլտֆիլմի անտառը լինի դա՝ տարօրինակ և գայթակղիչ, բայց Բոբինսկու հետ առանց կռվելու այդպես հանգիստ զրուցելը այնքան էլ սովորական բան չէր։ Եվ Տակահաշին կարմրեց իր այդ բարեկամական զգացմունքներից։

Գեղեցիկ ու փարթամ ծաղիկների հոտերը այնքան ուժեղ էին, որ մեր հերոսները կախարդվածի պես սկսեցին հոտոտելով առաջ շարժվել։ Աստիճանաբար տարբեր հոտեր իրար խառնվելով խտացան ու գոլորշու տեսք ստանալով ձգվեցին առաջ, ասես ամպիկներից կազմված մի թափանցիկ ճանապարհ լիներ դա։ Բոբինսկին և Տակահաշին ոտք դրեցին զանազան հոտերից կազմված այդ շղարշե ճանապարհի վրա և բարձրացան օդ, ինչպես եթե անտեսանելի պարաններով գոտկատեղից կապված լինեին։ Այդպես գետնից կտրված և թեթև սահելով նրանք շարժվեցին առաջ։

Այն մասին, թե ինչ նոր երգ լսեցին Բոբինսկին և Տակահաշին

Երբ նորից կանգնեցին գետնին, պարզվեց, որ ծուղակն են ընկել։ Գեղեցիկ, գույնզգույն ծուղակ։ Բոլոր կողմերից ճանապարհը փակ էր, անգամ վերևում առաստաղանման շերտ էր ձևավորվել։ Ամենակենտրոնում գետինը մի փոքր ճեղքվեց և այդտեղից ջուր սկսեց ցայտել՝ շատրվանի պես։ Ջուրը գլգլալով սկսեց թափվել և լիճ առաջացնել։ Իսկ ջրի միջից սվսվալով ինչ-որ ձայն հնչեց, որը աստիճանաբար ավելի բարձր ու պարզ էր դառնում։

Գլուխկոտրուկը լուծեք,
Թե փրկվել եք ուզում,
Զուր ճանապարհ մի փնտրեք,
Խորն է ջուրը անհագուրդ։

ԱԿԱՆՋ ԴՐԵՔ մեկ մեկու,
Սիրո նշանը փնտրեք,
Ծաղկաթմբերում շարժվող
Գաղտնիքները կպարզեք։

Ականջ դրեք այս երգին,
Ականջ դրեք դուք իրար,
Ցայտաղբյուրը հենց սպառվի,
Կխորտակվեք անպատճառ։

Ջրի շիթերը երգին համահունչ թռչկոտելով լցվում էին գոյացող լճակի մեջ և լճակը ավելի ու ավելի էր խորանում, ավելի ու ավելի էր մեծանում, ավելի ու ավելի սարսափելի տեսք էր ստանում։ Երգի որոշ բառեր, քամու բերանն ընկած, երբեմն-երբեմն դեռևս լսվում էին այս ու այն կողմից, բայց հատկապես պարզ էին հնչում «ոոո՜ւ․․․․․ակաաանջ դրեե՜քք, դրեեե՜ք․․․» բառերը։

Ռոբոտ Բոբինսկին մի քիչ վախեցավ, որովհետև ռոբոտներին ջուրը հակացուցված է և շփոթված հարցրեց՝ իիի֊ի՞նչ ենք ա֊անելու, մի֊իի բան հասկացաաա՞ր։

Բայց Նինձյա Տակահաշին որոշեց, որ ոչ մի հիմար գլուխկոտրուկի և հուշումի կարիք չունի, փոխարենը կարող է իր նինձյայական հմտություններով դուրս պրծնել այդ թակարդից։ Նա մի ցատկ արեց և սկսեց ծաղիկների, ծառերի ու թփերի վրայով վեր մագլցելով բարձրանալ կանաչ պատը։ Սակայն որքան փորձում էր կանաչ պատում մի անք բացել, մի բարակ մաս գտնել, այնքան ջուրը ավելի ուժգին էր ցայտում և բլբլոցով մեծացնում լճակը։

Բոբինսկին գոռում էր նրան՝ վերջ տուր, հիմա քո պատճառով ամենուրեք ջուր կլինի, բայց Տակահաշին ականջ չէր դնում նրա այդ խոսքերին։

Բոբինսկին ի վերջո հասկացավ, որ քանի որ ինքը մեծն է, պիտի ավելի համբերատար լինի ու փորձի փրկել իրավիճակը։

֊ Տակահա՛շի, այդպես ժամանակ ենք կորցնում, արի հասկանանք՝ ինչպես լուծել գլուխկոտրուկը։

Նինձյա Տակահաշին զարմացավ, լսելով, թե ինչպես սահուն և հաստատուն խոսեց Բոբինսկին։ Նա նախկինում երբեք այդքան ինքնավստահ և առանց ռոբոտային կրկնությունների չէր խոսել։ Դա Տակահաշիին ստիպեց սթափվել և հետևել Բոբինսկիի խորհրդին։

Նրանք միասին մտածեցին և որոշեցին ստուգել ծաղկաթմբերը։ Պարզվեց, որ դրանք իրական չեն և կարող են տեղից պոկվելով մեծ֊մեծ կտորներով հետ ու առաջ գլորվել, կարծես անիվների վրա լինեին։ Իսկ այ դրանցից բուրող հոտը իսկականիցն էլ իսկական էր և այնքան կախարդական էր, որ Բոբինսկիին ու Տակահաշիին ստիպում էր մոռանալ ամեն ինչ՝ ընկնելով թմրած վիճակի մեջ։ Բայց ամեն անգամ, երբ նրանցից մեկն ու մեկը քիչ էր մնում քնովն անցներ, մյուսն արագ ձայն էր տալիս։ Վերջինս, ականջ դնելով այդ կանչին, սթափվում էր։ Այդպես նրանք մոզայկայի պես հետ ու առաջ տարան ծաղկաթմբերը, մինչև որ կռահեցին դրանցով մեծ սիրտ կազմել լճի շուրջը՝ արգելելով, որ լիճը ավելի առաջանա և կլանի ողջ տարածքը։

Թե ինչպես նրանք տուն վերադարձան

Վտանգն անցած էր։ Բոբինսկին և Տակահաշին շատ երջանիկ էին։ Մնում էր բարձրանալ պատն ի վեր, քանի որ առաստաղանման ծածկը անհետացել էր և դուրս գալ այդ սարսափելի վայրից։ Տակահաշին, արագ֊արագ վեր էր բարձրանում՝ ընթացքում օգնելով Բոբինսկիին, որն իր չափ ճարպիկ չէր։ Առաջին անգամ էր, որ նրանք միմյանց ծաղրելու կամ խանգարելու ցանկություն չունեին։

Երբ պատի հակառակ կողմում հայտնվեցին, նրանք տեսան այն, ինչ ողջ ընթացքում փնտրում էին։ Լեզու։ Բոբինսկին և Տակահաշին վազեցին և միաժամանակ վերցրին այն՝ ի սրտե ուրախ լինելով, որ կարող են տուն վերադառնալ։ Երեխաները ամուր բռնեցին լեզուն և հայտնվեցին իրենց տան բակում։

֊ Մայրի՜կ, մենք գտե՜լ ենք, ֊ ձայնեցին նրանք։
֊ Ի՞նչը։
֊ Լեզու՜ն։
֊ Լեզու՞ն…, ֊ զարմացավ մայրիկը, ֊ աահ, իրար հե՞տ։
֊ Դե իհարկե իրար հետ գտանք, ֊ ծիծաղեցին Ռոբերտն ու Նինան և գնացին միասին խաղալու։

Նրանք այլևս երբեք չկռվեցին դատարկ պատճառներով և իրար նեղացնելու փոխարեն լավագույն քույր և եղբայրը դարձան։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *