ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ | Անմոռուկ

Զարուհի Բաթոյան

Անմոռուկ
Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է:

Որ գաս…
Մեր տանը թիթեռներ եմ պահում,
որ գաս, նստեն ուսիդ:
նրանց քույրիկս բերեց գնալուց առաջ`
իր հարսանիքին,
Ճերմակ թելերով կապեց առաստաղից:
Այդ օրվանից նրանք ապրում են իմ սենյակում:

Սպասելիս
Երկրորդ հարկի իմ պատուհանից
մարդիկ այնքան երջանիկ են երևում,
Անձրևի, արևի, ձյան տակ քայլող բոլոր մարդիկ
նույն դեմքն ունեն…
Դու էլ անցիր մեր փողոցով…

Աշունը լցվեց սիրտս…
Պատուհանը փակելու համար ուշ էր:
Գուցե ճնճղուկներ փրկվեին…

Մինչև որ
Նավակները լողում են
Դանդաղ, կողք-կողքի…
Մոտիկ են
Մինչև որ ջուրը չբաժանի:

***
Մի օր արի, թեկուզ վաղը… Եվ լռությունը կփշրվի:
Բոլոր երջանիկ պատմությունները կկրկնվեն ու եթե ընդհատվեն էլ, ապա միայն սովորության համաձայն` նորից շարունակվելու համար:
Մի օր արի, թեկուզ վաղը, որ այս կրկնվող ամառը փշրվի:

***
Գիշերը նման է փետուրի:
Ճերմակ, քնքուշ ու նուրբ սահում է երկնքով:
Տխրությունն այս անգամ ինձ կների:
Այսօր գրկել եմ քեզ,
Ու գիշերս նմանվել է փետուրի…

Քամի
Տերևը տերևի վրա,
քամին` նրանց մեջ,
ամպը ամպի վրա,
քամին` նրանց մեջ…
Աշունը կապեմ աթոռիս ոտքին`
ամպը ամպին մնա,
տերևը` տերևին:

Հին կարոտ
Այս փոշոտ ու տոթ քաղաքի հետ
մի հին ու անհասկանալի կարոտ է կապում
բնիկներից չեմ, ոչ էլ պապերս են քայլել
այս ձանձրույթի միջով,
ե՞րբ և ի՞նչ եմ թողել այս քարերի մեջ…

Բանաստեղծություն, որ ես չեմ գրել
«Համաժողով՝ քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքները ապահովելու նպատակով:
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ:
Սպասվում է անձրև և ամպրոպ:
Քննարկվել են ռազմական հոգեբանության խնդիրները:
Արքայազնը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաև Հայաստանում».
Բանաստեղծություն, որ ես չեմ գրել…
Ես ուզում էի քո մասին գրել
Կամ էլ Մայիսի
Որը սիրեցի ընդմիշտ
և որն ավարտվում է շուտով..
Բայց այն մյուսը, որը ես չեմ գրել
Ավելի շատ է ընթերցվում,
Ավելի շատ է ընթերցվում:

Ի՞նչ եմ անելու
Այսօր անձրևն ավելի շուտ է եկել,
քան գիշերը,
և ես չգիտեմ` նրան որտեղ թաքցնեմ:
Սուրճ եմ եփում նրա համար, գիլաս լվանում,
զբաղեցնում եմ` մինչև որ գա գիշերը:
Ի՞նչ եմ անելու, թե հանկարծ ուշանա…

***
Հենց Ամանորի անուն են տալիս
միշտ հիշում եմ
այն մեկը
որի նախօրիեին սիրահարված էի
քեզ…
Ուրիշ Ամանոր
էլ չի գալիս:

***
Երբ տխրությունը դուրս նետեցի
Կապույտ ծաղիկներ աճեցին պատուհանիս տակ:
Չկա գիշերը, չկա տխրությունը, չկաս դու
Նրանք են ժպտում ճաղերից այն կողմ…

Մի թռչուն
Մեր տունը փոքր է,
պատուհանից`
ոչ մի տեսարան չի բացվում,
փոքր,
շատ փոքր այգի կա,
մի կերպ, զոռով աճած հարևանի այգին,
ուր ծառեր են
ու վարդեր, որ մամաս է մշակում ու ձևավորում,
ուր ճնճղուկների հետ մի թռչուն այնպես է երգում,
որ անտառը մեր այգու համեմատ դառնում է ոչինչ,
տխրությունս էլ հետը…

Թիթեռներ
Գուցե մի օր
ես կարողանամ բաց թողնել իմ ներսում ապրող թիթեռներին,
որ թևերով անվերջ քերծում են պատերը:
Ինչո՞ւ նրանք էլ մյուսների պես
մեկ օր չեն ապրում…

Ջնջվող սեր
Ջնջվել է սերը…
Բաղրամյան փողոցի պատին գրված խոստովանության նման մաքրվել է
Այդ կողմերում արդեն դժվար է կողմնորոշվելը
Եվ այնպես հեշտ է մոլորվելն առանց «Ես սիրում եմ քեզ»-ի:

***
Ես գիտեմ
իմ արևներն այրեցին ձեռքերդ
թե չէ ինչո՞ւ պիտի բացեիր ափերդ …

ճանապարհ
Ինչ հեշտ է Ճանապարհին
երազել
կարոտել
աղոթել…
Անցնում ես ինձ հետ
երազների
կարոտների
աղոթքների միջով…

հետաձգում…
Մութ սենյակի դուռը բացվեց
– Կներես, բալես, ծաղիկներս մոռացել եմ ջրեմ:
Լույսը վառվեց
գիշերվա լացը հետաձգվեց…

գարուն
Կաթ, կաթ կաթ
ոչ անձրև
ոչ արցունք
գարուն:

***
Ձմեռն իր երկնքի հետ խառնել է ինձ…
Ձյուների հետ խառնել չկարողացավ`
հալվեի գնայի…

Ու՞ր
Կարոտս անտեր թողել
գնացել էի խմելու:
Մի լավ թափառեցինք ձգված լարերի,
անծանոթ երգերի ու լապտերների փողոցում:
Մտանք աղմկոտ քաղաք,
լույսեր վառեցինք տոնածառին,
երազեցինք, նորից ներքև իջանք:
Կարոտս թողել ո՞ւր էի գնացել…

Share Button

1 Կարծիք

  • Արմինե Գաբրիելյան says:

    Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
    Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
    սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
    Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
    ինձ մոռանալն այնքան հեշտ է:

    Գեղեցիկ, անսահման հուզիչ ու անկեղծ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *