Սեսար Վալյեխո | Մեր հացը

Սեսար Վալյեխո

Սեսար Աբրահամ Վալեխո Մենդոսան (César Abraham Vallejo Mendoza) ծնվել է 1892 թվականի մարտի 16-ին Պերուական Անդերում, աղքատ, բազմազավակ հնդկացիա-իսպանական ծագում ունեցող ընտանիքում: 1910-1915-ը գրականություն է սովորել Տրուխիլո քաղաքի Ազատ համալսարանում: Ապրուստի և կրթության փող վաստակել է շատ ծանր աշխատանքով, աշխատել է նաև վոլֆրամի հանքերում: Մտել է «Հյուսիս» գրական խմբակի մեջ: 1917-ին ինքնասպանության փորձ է արել, ապա մեկնել է Լիմա: 1922-ին ձերբակալվել է կեղծ մեղադրանքով, չորս ամիս անցկացրել բանտում: 1923-ին մեկնել է Փարիզ, մտերմացել ֆրանսիական, իսպանական և լատինամերիկյան սյուրռեալիստների հետ (Վինսենտե Ուիդոբրո, Պաբլո Ներուդա, Տրիստան Տցարա): 1927-ին այցելել է ԽՍՀՄ: 1928-ին ընդգրկվել է Պերուի կոմունիստական կուսակցության մեջ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ սերտորեն համագործակցել է հանրապետականների հետ:

Բացակա՜: Վաղը, երբ ես կգնամ
հեռուների հեռուն` դեպի Խորհրդավորությունը`
հետևելով կարծես անխուսափելի գծին,
քո քայլերը կսահեն գերեզմանի վրայով:

Բացակա՜: Վաղը, երբ ես` որպես մռայլ թռչուն
կանցնեմ ծովափի, ստվերի և կայսրության վրայով,
քո գերությունը կլինի սպիտակ պանթեոնը:

Աչքերիդ առաջ կմթնի,
դու կտառապես, և այդժամ կտեսնես
զղջացող թշվառ ճերմակություններ:

Բացակա՜, և քո սեփական տառապանքներում
բրոնզագույն լացի միջով պետք է որ անցնի
խղճի խայթերի մի ամբողջ ոհմակ:

 

Մեր հացը

Խմում են նախաճաշը… Գերեզմանի խոնավ հողից
սիրելի արյան հոտն է փչում:
Ձմեռային քաղաք… Երկանիվ սայլի
կծող խաչմերուկը, որ թվում է թե քարշ է տալիս
շղթայված սովի մի զգացում:
Կուզեի թակել բոլոր դռները
և հարցնել չգիտեմ` ում մասին, իսկ հետո
տեսնել աղքատներին, և հանգիստ արտասվելով
մի կտոր հաց տալ բոլորին:
Եվ հափշտակել հարուստներից նրանց խաղողի այգիները`
երկու սուրբ ձեռքերով,
որ լույսի մեկ հարվածով
արձակվեցին մեխերից և թռան դեպի Խաչը:
Վաղորդյան թարթիչ: Վեր չբարձրանաս:
«Զհաց մեր հանապազորդ, տու՛ր մեզ այսօր»,
Տե՛ր….
Իմ բոլոր ոսկորներն ինձ խորթ են,
գուցե ես դրանք գողացե˚լ եմ.
Գուցե ես աշխարհ եմ եկել և ինձ վերցրել այն,
ինչ գուցե ուրիշին էր տրված,
և մտածում եմ, որ եթե ես ծնված չլինեի,
մեկ այլ աղքատ կխմեր այս սուրճը.
Ես չար գող եմ: Իսկ ու˚ր պիտի գնամ:
Եվ այս սառը ժամին, երբ հողը
այդպես տխուր սփռվում է մարդկային փոշու վրա,
ես կուզեի թակել բոլոր դռները
և աղաչել չգիտեմ` ում, ներեցե՛ք,
և այստեղ` սրտիս հնոցում
թարմ հացից փոքրիկ պատառներ սարքել…

 

***
Այն անկյունում, որտեղ այնքան գիշերներ
միասին քնել ենք, հիմա ես նստել եմ, որպեսզի հետո քայլեմ:
Մահացած նորապսակների կզաքիսին դուրս են հանել,
կամ գուցե ինքն է հեռացել:
Դու վաղ եկել ես, սակայն ուրիշ գործերով
և արդեն այստեղ չես: Սա այն անկյունն է,
որտեղ քո կողքին, մի գիշեր կարդացի
Դաուդետի պատմվածքներից: Այս անկյունը
սիրելի է: Չշփոթես ուրիշների հետ:
Սկսել եմ հիշել ամառային այն օրերը,
որ անցել են. քո մտնելը, դուրս գալը,
որոնցից կշտացած են նույնիսկ գունատ պատերը:
Այս անձրևոտ գիշերվան
Երբ երկուսս հեռու ենք իրարից, հանկարծ վեր եմ թռչում
երկու դուռ` բացվում-փակվում են…
երկու դուռ, որ քամուց գալիս-գնում են`
իրար վրա ստվեր գցելով:

 

Սուտ է

Սու՛տ է: Եթե միայն խաբկանք լիներ և ոչինչ ավելի:
Արդեն պարզ է:
Մեկ այլ ձևով, դու նույնպես կտեսնես,
թե որքա՜ն ցավ կպատճառի ինձ` քո այդպիսին լինելը:
Սու՛տ է: Լռի՛ր:
Արդեն ամեն ինչ կարգին է:
Ինչպես այլ անգամներ, դու նույն բանն ես ասում,
Իսկ ես նույնպես այնպիսին եմ` ինչպիսին եղել եմ:
Ինձ ես ստում, ի՛նձ, որ այդքան հետևել է, թե իսկապե˚ս
արտասվում էիր,
քանի որ երբեմն միայն քաղցր ծամածռում էիր դեմքդ
ինձ, որ նույնիսկ չէի էլ երազում, թե ինքդ դրանց հավատում էիր,
ինձ խաբեցին արցունքներդ:
Հիմա ամեն ինչ պարզ է:
Ավելին, դու ինքդ գիտես. ամեն ինչ սուտ էր,
և եթե շարունակես արտասվել, ի՛նչ արած:
Եվս մեկ անգամ պիտի քեզ խաղալիս տեսնեմ:

 

Բանաստեղծն ասում է սիրելիին

Սիրելի՛ս, այս գիշեր ինքդ քեզ խաչեցիր
համբույրիս փայտե երկու գերաններին
և քո ցավն ինձ ասաց, որ Հիսուսն արտասվել է,
և որ կա մի Սուրբ Ուրբաթ, որ առավել քաղցր է, քան այդ համբույրը:
Այդ լուսավոր գիշերը, որ ինձ նայել ես այդքան,
մահն ուրախ է եղել և երգել սեփական կմախքի վրա:
Սեպտեմբերյան այդ գիշեր պատարագ է մատուցվել
իմ երկրորդ անկման և ամենամարդկային համբույրի համար:
Սիրելի՛ս, երկուսով միասին կմեռնենք` իրար շատ մոտ,
մեր բարձրագույն դառնությունը դադար առնելով կչորանա,
և մեր մեռած շուրթերը կդիպչեն ստվերին:
Եվ քո օրհնյալ աչքերում այլևս չի լինի նախատինք
այլևս չեմ նեղացնի քեզ: եվ ինչ-որ շիրիմի տակ
մենք երկուսով քուն կմտնենք` ինչպես երոկւ փոքրիկ եղբայր:

 

***
Այսօր ոչ ոք չեկավ ինձ հարցնելու,
ոչ էլ որևէ բան խնդրելու այս երեկո:

Լույսերի այսքան ուրախ շարքում
նույնիսկ գերեզմանի մի ծաղիկ չեմ տեսել:
Ների՛ր ինձ, Տե՛ր, մի քիչ էլ, և արդեն մեռած կլինեմ:

Այս երեկո բոլորը բոլորն են անցնում`
առանց որևէ բան հարցնելու կամ խնդրելու ինձ:

Եվ ես չգիտեմ` ինչն է մոռացվում, ինչը` մնում,
Ձեռքերիս մեջ որպես օտար չարագուշակ մի բան:

Ես դուրս եմ եկել դռնից,
և ուզում եմ բոլորին ճչալ:
-Եթե ինչ-որ բանի կարիք ունեք, ահա՛, վերցրե՛ք:
Որովհետև այս կյանքում ամենուրեք
ես չգիտեմ նույնիսկ` ինչ դռներ են նայելու դեմքիս
ինչ-որ օտար, խորթ բան է զգում հոգիս:

Այսօր ոչ ոք չեկավ,
և այս երեկո մի քիչ էլ, և ես արդեմ մեռած կլինեմ:
Ների՛ր ինձ, Տե՛ր, մի քիչ էլ և մեռած կլինեմ:

 Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *