Երեկ տեղի ունեցավ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կողմից կազմակերպած «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը:
Խրախուսական մրցանակի /200 000դրամ/ արժանացան Հրաչ Բեգլարյանի «Ես, Մանվելը, համակարգիչը» եւ Հուշիկ Ղազարյանի «Վաճառականներ» պիեսները: 3-րդ մրցանակին /600 000 դրամ/արժանացավ Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակերգություն», 2-րդին /800 000 դրամ/` Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս», իսկ 1-ին մրցանակը /1 մլն դրամ/ շնորհվեց Գուրգեն Խանջյանին` «Արտավազդ-Շիդար» պիեսի համար:
Միության նախագահ Լիլիթ Գալստյանը նշեց, որ 2013-ի տարեսկզբին են հայտարարել մրցանակաբաշխության մասին, որի նպատակը հայ թատերգության մեջ նոր անուններ բացահայտելը, հայ թատերարվեստի լավագույն ավանդներին զարկ տալը եւ թատերգության մեջ նոր ուղղություններ բացահայտելն է:
«Ունեցանք շուրջ 51 հայտ եւ չէինք սպասում, որ այդքան ակտիվ մասնակցություն կլինի, ուրախացնող է այն փաստը, որ մասնակիցներ եղան ոչ միայն Հայաստանից, այլեւ Սփյուռքից: Մրցանակաբաշխության արդյունքում շահում է հայ թատերգությունը, հասարակությունը, գրողները եւ թատրոնը»,- ասաց Գալստյանը:
Նա նշեց նաեւ, որ ժամանակակից պիեսներում գրողները հիմնականում արծարծում էին երկու խնդիր` արտագաղթի եւ Արցախյան ազատամարտի թեման: Ըստ Գալստյանի` պիեսների թեմաները շատ լայն էին` ով է ժամանակակից հերոսը, մեր տեղը քաղաքակրթական ընթացքներում…
«Առաջին տեղը զբաղեցրած պիեսը կբեմադրվի, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից եւս երկու պիես կբեմադրվի: Մրցանակաբաշխությանը ներկայացված լավագույն 12 պիեսները կտպագրվեն»,- ասաց Գալստյանը:
Լավագույն պիեսի հեղինակ Գուրգեն Խանջյանն էլ նշեց, որ իր պիեսի գլխավոր հերոսի դերում Արտաշես արքայի որդին է, որը սիրո պակասից երկրի կառավարումն ուրիշ հունով էր տանում:
«Փորձել եմ նաեւ զուգահեռներ անցկացնել այսօրվա ժամանակների հետ, քանի որ մարդը մնում է մարդ` իր կրքերով, իշխանական ձգտումներով: Որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, մարդը ներքուստ ինքն իր բնազդների, ենթագիտակցության գերի մարդն է, որը դժվար է դուրս գալիս այդ ամենից: Պիեսի հերոսն ունի սիրո պակաս, ինքնության փնտրտուքի մեջ է, ինչպես նաեւ նրան հուզում է հարցը` ո՞վ եմ ես»,- ասաց Խանջյանը:
2-րդ մրցանակի արժանացած Սամվել Խալաթյանը նշեց, որ, եթե մի քիչ խորհենք, կհասկանաք, թե մեր պայմաններում մարդիկ երբ են գնում տոմս գնելու: Ըստ նրա` պիեսի պատմությունը աբսուրդային է. «Արտագաղթի թեման եմ արծարծել, եւ պիեսում մեր օրերի մարդը ամբողջությամբ կարող է իրեն տեսնել այնտեղ: Ինձ թվում է` բուժիչ պատմություն է»:
Խալաթյանը նշեց նաեւ, որ պիեսի ստեղծման առիթը եղել է դեպքը, երբ «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանն առաջարկել է գրողին «Գրական թերթում» հանդես գալ «Գրողը եւ ժամանակը» հոդվածով: Հոդվածի մեկ նախադասությունը` «Հարյուրավոր տարիներ մի փոքր ազգ երազում է անկախություն ունենալու մասին, տարիներ անց` այն ձեռք է բերում եւ սկսում լքել իր երկիրը. ինչո՞ւ» եղավ պիեսի ստեղծման հիմքը:
Սկզբնաղբյուրը՝ yerkir.am