Նաիրա Համբարձումյան | Գոյաբանություն ու ոգի

 naira-hambardzumyan

Գոյաբանություն ու ոգի.  գաղտնիքի ու իրականության սահմանում

Բնագրի ընթերցումը ստեղծում է հեղինակ-ընթերցող հիերարխիան, արտաքին ու ներքին լեզուների սահմանը, հետևաբար և՝ ընթերցման քաղաքականությունը, որոնք ընկալվում են լեզվի հիմնական միավորների՝ նշանակելիի ու նշանակության հատկանիշներով ու ենթադրում բնագրի ստեղծման ձևերը: Սա աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր հեղինակ մտնում է իր կենսականության որոնման ու էներգիաների իրացման կենսագենետիկական ներուժի շնորհիվ: Վերջինիս գոյությունն արտահայտվում է նույն հեղինակի կողմից սոցիումի հոգևոր տիրույթի ուսումնասիրման ու նոր իմաստների մարդաբանական որոնումներում, որոնք ուղղված են հասարակական նշանակություն ունեցող արժեքների ստեղծմանը: Այս ենթատեքստում ոգու ֆենոմենը դիտարկելի է ոչ միայն հեղինակի ֆիզիոլոգիական ու սոցիալական գոյության, այլև կենսահոգեբանական սուբյեկտիվ էներգիաների ներդաշնակման միջոցով՝ հատումների վերացման սկզբունքով ստեղծելով հոգևոր էներգիաների փոխանցման տարածական կենտրոնը: Հետևաբար, տեքստը դիտարկելի է արտաքին աշխարհ – ներքին աշխարհ բաժանումների միջակայքում, քանզի վերջինիս ներսում տեսանելի է իրացվող յուրաքանչյուր հարաբերություն՝
ա. նախաիմացությունը
բ. կարգայնությունը
գ. բառապաշարը
դ. կազմալուծման ընթացքը
Նման վերաբերմունքը տեքստին ենթադրում է թափանցիկության որոշակի շերտ, որը առնչվում է իմաստի ոլորտին, մյուս կողմից՝ հարաբերվում նշանակության ներտեքստային գործընթացներին, քանզի ի հայտ է գալիս իմացաբանական որոշակի խնդրառություն, հատկապես, երբ հասկացումը իրացվում է անհատական (ներքին) վերաբերմունքի (նշանակության) ու բնագրային (արտաքին) իրականության տիրույթներում:

Ոգու միապետությունը

Անտիկ փիլիսոփայությունը մարդուն դիտարկելիս կենսահոգեբանական շերտերին զուգահեռ ներառում էր նաև կառուցվածքաբանական խնդիրները, վերջինիս ներքին հակասություններն ու առնչությունները լինելության երեք տարբեր մակարդակներում՝
ա. ոգի (տիեզերական)
բ. հոգի (նյութական ու իդելական երկակի բնույթով)
գ. մարմին (երկրային)
Նման կողմնորոշումը չեզոքացնում էր իրի ըմբռնումը ոչ միայն պլատոնականության, այլև հոգի – մարմին հակադրամիասնության ընկալման տեսանկյունից, քանի որ առանց նյութ – մարմնի չկա մարդ: Այդ էին հաստատում անտիկ փիլիսոփաները՝ սկսած Պյութագորասից: Նրանք գտնում էին, որ այս ամենի հիմքում ոգի – հոգի – մարմին եռմիասնությունն է, ու որ մարդը եղել ու մնում է վերջինիս կրողը: Ու թե մարդը երևութանում է Աստծո պատկերով, ու նրա էությունը առնչվում է աստվածայինին, որքան էլ որ վերջինս ներթափանցի նյութի տիրույթ, քանի որ միստիկական աշխարհատեսության հիմքում միասնականության սկզբունքն է: Ու եթե Արարիչը միասնական սույն ռեալության մեկ բևեռում է, փորձառական աշխարհը՝ այլ, ուրեմն անհնար է արարումը:

naira1

Հոգու նման ամբողջացումը Հուսիկ Արայի պոեզիայում պատահական չէ. այն հարաբերվում է գոյաբանությանը հատկապես երբ ապահովվում են ոգի – մարմին ներքին փոխներթափանցումները, քանզի նրանց միջև հոգին միավորում է գեղեցիկը, ոգեղենությունը, էրոսը՝
Բառեր – քո լույսից՝ իմ ձայնով անցնող – մենախոսություն1:

Պատկերի ու ձայնի միապետությունը

Պլատոնյան վերհուշի ֆենոմենը առնչվում է նախա-իմացության գաղափարին այն ժամանակներից նույնիսկ, երբ մարդիկ ստվերներ էին տեսնում քարանձավների պատերին: Սակայն սույն ըմբռնումը (վերհուշի ֆենոմենը), ըստ Պլատոնի միակն է, որի միջոցով հնարավոր է բացատրել ապրելու տևողությամբ պայմանավորված գործընթացները՝ քարանձավի պատերին ուրվագծվող նույն ստվերներից մինչև արևի էներգիան՝ ստեղծելով հիերարխիան, որում հերթագայող պատկերները անտարբեր չէին թողնում քարանձավի սահմանները լքող նախամարդուն: Ուստի միտքը, թե՝ պատկերի խորությունը չափելուց առաջ անհրաժեշտ է ըմբռնել վերջինիս գոյաբանությունը՝ սկսած նրա ծննդից, հակադրվում է աշխարհը կազմավորող իրականությանը, քանզի այն, ինչ ճշմարիտ է՝ գաղտնիք չէ: Հետևաբար, մեզ տրվող պատկերների աշխարհում գործում է սոսկ տպավորությունների հշողությունը, ու իրերը արթնացնում են սոսկ իրադարձությունների հասանելիությունը՝ մեզանից անկախ ինչ-որ միջոլորտում, որը պահպանում է ևս մեկ շրջադարձ՝ միֆի արձագանքը, որ միաժամանակ ձայնի արտացոլքն է՝

Ես տեսնում եմ լույսը ինձնից առաջ և ինձնից հետո,
Նույնն է Քո խոսքը՝ խղճի լռությունը հոգիների մեջ,
Եվ դու այլևս ճշմարիտ, ճշմարիտ չես ասում, Տե՛ր:
Սա է Քո քաղաքը. հրեշտակի թևերից
փետուրներ են ընկնում տանիքներին,
իսկ ներքևում ժամանակը մանուկների աչքերով է
թաց ու խեղճ.
որտե՞ղ ես երկի՛նք, մոտեցի՛ր,
և մենք Աստծուն կվերադարձնենք քեզ [2]:

Ոգին միակն է, որ կարող է փոխանցել զգայությունների բոլոր ձևերը՝ ճանաչելով ձայնի տիրույթը ու ստեղծելով սեփական արտացոլքը նյութի աշխարհում, հարաբերվելով նրան ձայն – աղոթք – ընդմիջարկում – աղոթք – ձայն փոխակերպումներով՝ ընդհուպ ազատագրում, որն իր ներսում կրում է մահը՝

Մեր խոսքը Քո անունով աղոթք է՝ ուղղված մեզ:
Երբ մեկնում ենք Քեզ՝ մեզ ենք ընդունում,
երբ Քեզ ենք խոնարհվում՝ երկրպագում ենք մեզ,
իսկ երբ նայում ենք Քեզ՝ մեզ ենք տեսնում Քո տեղում:
Մենք Քո մատաղը չենք, Դու ես մեր զոհը,
և Քեզ սպանելը այստեղ՝ երկրում, մեր կեցությունն է [3]:

Հետևաբար մարմինը, որ միաժամանակ ոգու գերեզմանն է, ընկալվում է բացառապես պատկերի տիրույթում, որի փոխակերպումը նյութի միջուկի հետևանքն է, քանզի պատկերը տեսանելի է նյութի մեջ, երբ տեսանելի է ոգին, ու պատկերի սահմանափակումը պայմանավորված է նյութի հնարավորություններով:

Գաղտնիք

Տեքստ – հեղինակ հարաբերությունները դիտարկվում են հեղինակ-ության տիրույթում՝ նախապատվությունը տալով հեղինակի իմացությանը, ինչը ի սկզբանե ընթերցողից առաջ անցնելու հնարավորությունն է: Ստեղծվում է սուբյեկտ – օբյեկտ վտանգավորության (ինվերսիայի), սահմանը, որը միաժամանակ տեքստից գերված լինելն է: Հուսիկ Արան տեղ թողնում է նման մտածության համար՝

– Եկել եմ, որ մոռացվածներին Քո հայացքով հիշես,-
այսպես էր խոսում թշվառը, երբ նորից ծնվում էր Աստված [4]:

Մարդու փորձառությամբ պայմանավորված՝ իրերի բազմազանությունը երևութանում է հարաբերականության տիրույթում, քանզի բացարձակ ու հարաբերական իրականությունները ի հայտ են գալիս սոսկ պարադոքսալության հորիզոնականներում, ինչպես գոյության ու անգոյության տարանցիկ ձևերը: Սույնը առնչվում է առավելապես բուդդայականությանը, որում Ոչինչը ընկալվում է իրեղենության սահմանում, իսկ հետընթաց փորձառությունը՝ ժամանակի ու տարածության պատճառականության՝ երազի կամ երևակայության (մայաների մոտ), երբ տեսանելի է չարթնացած հոգին, որ ձգտում է իմաստնանալ, սակայն մշտապես դառնում է դատարկության ելքին՝

Ահա իմ մարմինը, որ ամեն ընթրիքի իր մասին է տագնապում.
մի ձեռքով այրության մեղրն եմ քամել,
մյուսով՝ քրտինքը իմ էգության,
այդպես մեկնել եմ գաղտնիքը մարդու ու երկնային ժամանակի [5]:

Արտաքին աշխարհը սպառում է իր գոյությունը՝ փոխելով ընթացքի մոդուսը ու տեղափոխվելով փորձի տիրույթ, քանզի մարդը երկնային ու հողեղեն բոլոր երևույթները տարածականության սկզբունքով միմյանց միացնող այն էակն է, ում սուբյեկտիվ իմացությունների ամբողջությունը միասնական է ամենուր: Սա միաժամանակ հնարավորությունն է՝ բացահայտել Ես-ը սոսկ միստիկին հասանելի էկստազի պահին՝ նախանշելով կոնկրետ ուղղության կամ նպատակադրված շարժման փոխակերպման ընթացքը՝ ընթերցողի երևակայությունը սահմանափակող կարեկցանքի, ազնվության ու հանդուրժողականության հատկանիշներից դուրս, որոնք էապես վերաիմաստավորվում են նշանի կամ ենթատեքստի փոփոխությունների տիրույթում:

Գաղտնիք

Անտիկ հույների առաջադրած դելֆյան սկզբունքը՝ ճանաչիր ինքդ քեզ, ու դու կճանաչես Տիեզերքը, ի սկզբանե առկա է միկրո ու մակրո կոսմոսների միասնականությամբ, քանզի մարդ – գոյի տեսանողությունը հայտնաբերվում է մարդ – աշխարհ ամբողջականության՝ հակադրությունների ու հակամարտությունների համադրությամբ՝ արդիական ոչ միայն գրականագիտության փիլիսոփայության, այլև կենսականության գործնականության տեսանկյունից՝ ներառելով տարբեր ոլորտներ: Այս առիթով Հեգելը գրում է՝ «Քանի դեռ կա Ոչինչը, ստեղծվում է Ոչինչը: Սկիզբը մաքուր Ոչինչը չէ, այլ որից ծնվում է ինչ-որ բան. Լինելությունը գոյություն ունի Սկզբի գաղափարում: Հետևաբար՝ Սկիզբը պարունակում է թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ Լինելության ու Ոչնչի միասնությամբ, այլ կերպ՝ անգոյությունը, որը միաժամանակ գոյությունն է, ու գոյությունը, որն ամփոփում է անգոյությունը» [6]:
Այս համատեքստում հեղինաային մտածողության գոյաբանական առանցքը ըմբռնելի է հետևյալ փուլերում՝ ա. ինքնին Ոչնիչ, բ. Ուրիշը կրող անգոյությունը, գ. ինչ-որ այլ Ուրիշ, դ. կազմալուծում (Aufheben):

skizb-mijuk

Ստացվում է, որ Ուրիշը լինելության տիրույթում չէ, այլ մշտապես՝ Այլ-ա-գոյության, ու Ոգին, սկզբնավորվելով սեփական անգոյությունից, ճանաչում է իրեն անգոյության (այլ-ա-ժամանակի) տիրույթում, ապա վերադառնում իր մեջ՝ դառնալով հեղինակային իմացության բարձրակետը: Սույն ենթատեքստում ներառելի չէ հայդեգերյան Dasein-ը, քանի որ Աստ-լինելության գաղափարը համապատասխանում է էկզիստենցիալ գոյաբանության ու մտածողության շերտերին, ու Հայդեգերը հեգելյան Aufheben – ի (ժխտումն ու պահպանումը միաժամանակ, կազմալուծում) փոխարեն օգտագործում է destructio – ն (կազմալուծում)՝ հակադրելով այն Հուսեռլի ֆենոմենոլոգիական ռեդուկցիայի մեթոդին: Հուսիկ Արայի տեքստային անցումները՝ կետ – շրջան – շրջան – կետ, նախապաշարումների կազմալուծման տիրույթում են ու երևութացնում են հասկացման ինքնուրույն գոյությունը՝ հենման կետ – սկիզբ շրջանաձև անցումներով անընդհատ վերադարձ դեպի սկիզբ՝ էկզիստենցիայի տիրույթ, որտեղ Լինելությունը ժամանակավոր է՝ ինքնության հատկանիշով, քանի որ այն ինքը՝ Ժամանակն է՝

Ընդերքի ժամանակը երկնքի ժամանակի հետ
Քո ժամանակն է երկրի վրա.
Քո վերադարձը վերջին գնալն է լինելու՝
ամբողջի մեջ՝ կատարյալից հետո,
երբ Քո խոսքը կբարձրանա ծառի նման
և իր ստվերի տակ կառնի ցամաքը, ծովը,
ու երկիրը կպտտվի Քո բառի շրջանակում [7]:

kazmalutsum

Գաղտնիք

ժամանակակից սպառողական աշխարհի պայմանականություններն ու կանոնները յուրացրած բաց հասարակության տիրույթում մարդ – ֆենոմենը իր տեղը աստիճանաբար զիջում է Ես-ը առանց կերպի կամ Ես-ի ապակենտրոնացում երևույթներին, որոնք ուրվագծում են մարդու միստիկական արտացոլանքը սոսկ՝ բացառապես անավարտության (nonfinito) հատկանիշով՝ ներկա – անցյալ միացումների ու անջատումների անվերջանալի շղթայով ներհյուս՝
Երկի՛ր,
նորից կոտրված խաղալիք,
քո ոչինչն եմ ես [8]:
Սա միաժամանակ ճամփորդություն է՝ ներքին իրականությունից արտաքին աշխարհ, որ ստեղծում է Հուսիկ Արան ներհայեցողության ու մոգականության, գաղտնիքի ու իրականության սահմաններում՝ «Մենք անքնության չավարտվող կանչ ենք» [9]:

Իրականություն

……………………………………………………………………………………………………………………………………………………………

Իրականություն
…………………………………………………………………………………………………………………………………………………………..

Իրականություն
…………………………………………………………………………………………………………………………………………………………..

Հ. Գ.
Ու եթե բանականության երազը ծնում է հրեշներ (Գոյա), ուրեմն իրականության հասանելիությունն էլ երազի ու երևակայության բևեռներում ստեղծում է իր երկվորյակներին՝ կանոնակարգված քաոսի ելքով՝ աշխարհի փոփոխականությունն ու պայմանականությունները անիրական զգայությունների հասցնելու նախապայմանով (Ն. Հ.):

1. Արա Հ., Սևագրություններ, Ե. 2004, էջ 10:
2. Արա Հ, Աստծո հետ խոսելու ժամանակը, Ե., էջ 78:
3. Նույն տեղում, էջ 79:
4. Նույն տեղում, էջ 75:
5. Նույն տեղում, էջ 77:
6. Гегель Г.В.Ф., Наука логики, СПБ: Наука, 1997, ст. 343.
7. Արա Հ, Աստծո հետ խոսելու ժամանակը, Ե., էջ 82:
8. Արա Հ., Լուսանցքի մարդիկ, Ե., 2003, էջ 82:
9. Արա Հ., Սևագրություններ, Ե. 2004, էջ 46:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *