Մարիո Բենեդետտի | Բանաստեղծություններ

Մարիո Բենեդետտի

Մարիո Օրլանդո Հարդի Բրեննո Բենեդետտի Ֆառուգիա (1920 թվ. սեպտեմբերի 14, 2009 մայիսի 17), առավել հայտնի է որպես Մարիո Բենեդետտի` ուրուգվայցի գրող, բանաստեղծ, «45 սերնդի»  ներկայացուցիչ: Նրա գրական գործունեությունը ներառում է առավել քան 80 գիրք, որոնցից շատերը թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով:

 

Երեկ անցյալը դանդաղ անցավ`
իր վերջնական տարակուսանքով,
իմանալով, որ դու դժբախտ ես և անպատակ
ճակատիդ դրոշմած կասկածներով,

երեկ անցյալն անցավ կամրջի վրայով
և իր հետ տարավ քո գերեվարված ազատությունը`
իր լռությունը վերածելով կենդանի զրույցի
քո անմեղ, թեթև տագնապներով,

երեկ անցյալն անցավ իր պատմությամբ
և իր կտրտված անորոշությամբ`
սարսափի և նախատինքի հետքեր թողնելով,
գնաց` սովորույթի վերածելով
հիշողությանդ մեջ տապալումներ սերմանելով
և քեզ գիշերով մենակ թողնելով:

 

***
Արդեն գիտենք`
դժվար է
ասել` «ո՛չ»
ասել «չեմ ուզում»,

տեսնել, որ փողը շրջափակում է
հույսդ,
զգալ, որ ուրիշները`
վատագույններն են տեղավորվում
երազանքիդ պարկի մեջ,

արդեն գիտենք`
դժվար է
ասել` «ո՛չ»
ասել «չեմ ուզում»,

այնուամենայնիվ,
որքա՜ն հուսահատեցնող է
տեսնել քեզ այսպես`
քո երազանքից հեռանալիս,
քեզնից հեռու քեզ ճանաչել,
լսել քեզ`
սկզբում դանդաղ,
ասել` «այո՛»,
ասել` «ուզում եմ»,
հետո աշխարհին հայտնել այդ`
օտարոտի հպարտությամբ,

և մի օր տեսնել,
խե՜ղճ սատանա`
արդեն մեկընդմիշտ մուրացիկ դարձած,
քիչ-քիչ
բացում ես ձեռքդ

և այլևս երբեք
չես կարող փակել այն:

 

***
Դեռ չեմ հավատում`
դու գալիս ես ինձ մոտ,
իսկ գիշերը դաշույն է`
աստղերի և ուրախության,

շոշափում եմ զգայարաններս. լսում, տեսնում եմ
դեմքդ, երկար քայլքդ,
ձեռքերդ, բայց և այնուամենայնիվ
դեռ չեմ հավատում,

վերադարձդ այնքան
պետք է երկուսիս,
որ նույնիսկ գուշակում եմ գալդ
և կասկածներով երգում

ոչ ոք քեզ երբեք չի փոխարինի,
և ամենաչնչին բաները նույնիսկ
դառնում են առաջնային,
որովհետև դու տուն ես դառնում

բայց և այնուամենայնիվ,
կասկածում եմ այս բարի բախտին,
որովհետև քեզ ունենալու սրբությունն
ինձ անհավատալի է թվում

բայց դու գալիս ես. հաստատ է,
և գալիս ես քո հայացքով,
և հենց դրա համար գալդ
կախարդական է դարձնում ապագան

և չնայած ոչ միշտ եմ հասկացել
իմ մեղքերն ու տապալումները,
փոխարենը գիտեմ, որ քո գրկում միայն
աշխարհն այս իմաստ ունի

և եթե հանդգնեմ համբուրել քեզ, և
շուրթերիդ խորհրդավորությունը,
այլևս չեն լինի ո՛չ կասկած, ո՛չ տհաճություն
դեռ ավելին`
քեզ առավել կսիրեմ:

 

***
Երբ սիրահարվում ես,
ժամանակի քառակուսիները շարվում են մոռացության մեջ,
դժբախտությունը լցվում` հրաշքներով
վախը վերածվում ` համարձակության,
իսկ մահը դուրս չի գալիս իր քարայրից.
սիրահարվելը անվճար նախանշան է`
դեպի նոր ծառը բացված պատուհան,
զգացմունքների սխրագործություն,
համարյա անտանելի անխռովություն,
վարժանք` ընդդեմ անհաջողության,
և հակառակը` չսիրահարվելը`
նշանակում է` մարմինը տեսնել այնպիսին, ինչպիսին` կա
և ոչ այն մյուս հայացքով, որ հորինում էր նրան,
այն վերադարձ է` ավելի խեղճ, հին առեղծվածին,
և տխրությամբ հայելու մեջ նայելը:

 

***
Չգիտես, թե որքան եմ կարոտում
ձայնիդ,
հայացքներիդ,
այն խոսքերին, որ միշտ սիրտս լցնում էին,
քո ներքին խաղաղությանը,
շուրթերիդ լույսին:
Այլևս չեմ կարող այսպես:
…Այլևս… չեմ կարող
միտքս չի ուզում մտածել
ուրիշ ոչնչի մասին չի կարող մտածել` բացի քեզնից:
Կարոտում եմ ձեռքիդ ծաղկին,
քո բոլոր արարքների այն համբերությանը,
այն արդարությանը, որով ինձ ներշնչում ես,
որ հետո փուշ դարձավ,
կյանքիս աղբյուրը չորացավ,
մոռացության ուժով…
Հիմա ես վառվում եմ
այն, ինչ պետք է,
արդեն գտել եմ
բայց դեռ….
Շարունակում եմ կարոտել քեզ:

 

***
Քո ձեռքերն իմ քնքշությունն են,
իմ առօրյա ակորդները,
քեզ սիրում եմ, որովհետև քո ձեռքերը
գործում են հանուն արդարության

եթե քեզ սիրում եմ, ապա որովհետև դու
իմ սերն ես, մեղսակիցը և ամեն ինչս,
և փողոցում` իրար շատ մոտ կանգնած,
մենք ավելին ենք, քան պարզապես երկուսը

քո աչքերն իմ հմայական աղոթքն են`
ընդդեմ վատ օրվա,
քեզ սիրում եմ հայացքիդ համար,
որ նայում է և ապագա խոստանում

քո շուրթերը, որ քոնն են և իմը,
քո շուրթերը չեն սխալվում,
քեզ սիրում եմ, որովհետև քո շուրթերը
գիտեն ինչպես ‹‹ըմբոստություն›› գոռալ

եթե քեզ սիրում եմ, ապա որովհետև դու
իմ սերն ես, մեղսակիցը և ամեն ինչս,
և փողոցում` իրար շատ մոտ կանգնած,
մենք ավելին ենք, քան պարզապես երկուսը

սիրում եմ և՛ քո անկեղծ դեմքի համար,
և՛ տարտամ քայլվածքի,
և՛ աշխարհի համար քո լացի,
որովհետև քո մեջ մարդկանց եմ սիրում

սիրում եմ քեզ իմ դրախտում,
այսինքն` իմ երկրում,
որպեսզի մարդիկ ապրեն երջանիկ
թեև դա չի թույլատրվում

եթե քեզ սիրում եմ, ապա որովհետև դու
իմ սերն ես, մեղսակիցը և ամեն ինչս,
և փողոցում` իրար շատ մոտ կանգնած,
մենք ավելին ենք, քան պարզապես երկուսը:

Իսպաներենից թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *