Սողունը պարուրաձև իջնում ձախ ձեռքի արմունկամասից, երկլեզուն դողդղացնելով` մոտեցնում կիսաբռունցքի ցցված թմբիկներին, ապա թարմ արյան հոտն առնելով` բնազդաբար հետ է քաշվում բարակող վզամասին Sաձև տեսք տալիս ու եռանկյուն գլուխը ճարպկորեն հարմարեցնում բլրակների արանքում մնացած գոգավորության կենտրոնում: Կինը կարծես թե չի զգում իրեն փաթաթված զեռունի սառեցնող ներկայությունը, նյարդաթելերն ամբողջությամբ կենտրոնացել են մյուս ձեռքի քարացած վերջույթներին, որոնցից երկուսը, օձատամներ դարձած, իրենց արանքով անցկացնում են երկշեղբ դաշյունը`կիսով չափ ներկված փայլփլուն կարմրով: Բիբերը հազիվ են նշմարվում, դարչնամոխրագույն շրջանակների կենտրոններում ասես դեղնախաղողի մեջ կծկված սեմեր լինեն, որոնք շուտով դուրս են թռչելու գինեստեղծման առաջին փուլից: Ծորող դիմագծերը համարյա չեն երևում: Տեսողությունը ոչ մի կետ չի գտնում կառչելու համար ու չորացած ծեփասվաղի պես պոկվում է`ընկնելով ոտքերի տակ, խառնվում մգերանգ վարագույրի փրփրած ծալալիքներ վրա` ջրաշուշանի պես բացված անարյուն դիակների մեռելագույնին, ապա հարություն առնելով` սոսնձվում շառագունած արևագնդին, որը խամրած լուսապսակի էր նմանվում դիցուհու յոթաթև աստղաթագի հետևում:
– Հիասքանչ է, այնպես չէ՞:
-Դե՛, այո՛, տիկի՛ն, «Մեդեան» ուղղակի կլանում է:
-Ա՞ջ, թե՞ ձախ:
-Այսի՞նքն:
-Սկզբից այստե՞ղ եք մտել, թե ՞…
-Միանգամից` այստեղ:
-Ես Պրահայի տուրսիստներին բաժանում եմ երկու մասի. նրանք, ովքեր մտնում են ձախ մուտքով, գալիս են այստեղ, և նրանք, որ մտնում են աջ մուտքով, բարձրանում են Դալիի մոտ:
– Հետաքրքի՜ր է:
– Դուք շատ արտառոց դիմագծեր ունեք, ինձ թվում է` Դուք ասորի եք, հույն կամ ինչ-որ մի հին ազգի ծնունդ:
-Դուք ճիշտ եք:
-Ի՞նչ եք անելու այստեղից դուրս գալուց հետո:
-Ոչի՛նչ, կշրջեմ քաղաքով, կծանոթանամ, շուտով այստեղ եմ սովորելու:
-Կարլովու՞մ:
-Այո՛, տիկի՛ն:
-Հիասքանչ է, ուղղակի հիասքանչ է: Ուզու՞մ եք` ծանոթացնեմ քաղաքին. հինգ մատիս պես գիտեմ, դրան գումարած` ոչինչ չունեմ անելու:
-Իհարկե:
-Դո՛ւրս գանք:
Բաբելոնյան աշտարակաշինությունը ամեն օր ընդhատվում է մեծ քաղաքների հրապարակներում` վաղը նորից վերսկսելու հեռանկարով: Ամենքի քայլափոխին ներդաշն ականջներումդ պայթում են փոքրիկ նռնակներ, որոնց փշրանքները դեռ երկար քարշ կտաս մարմնումդ որպես ապացույց, որ ձայները ևս սպիանում են… Այստեղ` ճաքճքած հատակաքարերի ու ճոխ նախշախաղերnվ կցահարված շինությունների արանքում, լեզուները ոտքերից շատ են շարժվում, ագուցվում իրար` ձևավորելով գորդյան հանգույց, որը մթության մեջ կտրում է մեծ ժամացույցի նիզակաձև սլաքը:
Հնչյունների ալքիմիան իր հարատև փոձարկումներն է շարունակում քարե կաթսաներում: Բոլորը սպասում են ինչ-որ հրաշքի, բայց նա այդպես էլ տեղի չի ունենում. միայն մի ծաղրածու էսպերանտոյով երգեր է երգում մի խումբ հետաքրքրասերների համար, որոնք հերթով լքում են նրա փոքրիկ անկյունը, խառնվում եռացող զանգվածին ու գոլորշիանում անկափարիչ կաթսայի միջից:
Մեծ քաղաքների հրապարակներում բոլորը ծնվում ու մեռնում են` մի ուրիշ տեղ հարություն առնելու համար, ինչպես ձյունն է հալչում բերանում`ուռեցնելով միզապարկը: Լայնժպիտ ուղեկցորդները փորձում են կրկնել երեկվա էքսկուրսիան, իսկ եռացող ամբոխը կլանված լսում է, թե ինչպես սլավոնները հայտնվեցին այս հողերին, ու ինչպես Մորավիայի անտառները եդեմական այգի դարձան նրանց համար: Ձայնի բլթբթլացող խառնարանից դուրս գալով` տեսողությանդ առաջ կենդանանում է ավստրիական Հաբսբուրգների թողած քարաշեն ժառանգությունը, որի միատոն բարոկոն տեղ-տեղ խախտվում է մոդեռն կասկածամտությամբ: Կնոջ շիկակարմիր մազափնջերը երկու կողմից լցնում են ուռած կրծքերի կենտրոնով անցնող լուսնաձև պատռվածքը, հայացքդ սլաքի պես ուղղելով այդ կողմ: Հանկարծ կտրվում ես մեռած քարակույտերից, որոնք սովորական էին դարձել, նույնիսկ միապաղաղ, ու այստեղ ոտք դնելուց հետո առաջին անգամ չես ուզում նայել գեղեցիկ ցուցափեղկերին ու բրոնզաձույլ արձանախմբերին, կարծես գտել ես քաղաքի իսկական բանալին, առանց որի անհնար է բացահայտել նրա գաղտնիքները:
Քաղաքի մասին խոսել պետք է սկսել սրճարանում, մինչև այդ պետք է լռել, պետք է թողնել, որ խմորը հունցվի…Նայի՛ր, այստեղ կաթոլիկները 14-րդ դարnւմ վառել են Յան Գուսին: Դու չգիտե՞ս`ո՞վ է Յան Գուսը: Դե հա՜, որտեղի՞ց պետք է իմանայիր… Ահա տրոլեբուսը, ե՛կ` նստենք: Այստեղ պետք է իջնել: Գեղեցիկ է, այնպես չէ՞: Այս գետի հայելում կարող ես տեսնել քաղաքի բոլոր գույները: Ահա՛, այս խաչմերուկում է, նե՛րս մտնենք: Նստի՛ր, ե՛կ` առաջ գնանք, ահա՛, ասում են այստեղ` հենց այս սրճարանում, միշտ կարող էիր գտնել Կաֆկային Մաքս Բրոդի հետ սրճելիս: Մուտքի սպիտակ արձա՞նը, Վատսլավ Հավելն է, այստեղ Հավելին ուղղակի պաշտում են: Նախագա՞հ, դե հա՜, բայց իրեն այստեղ բոլորը ավելի շատ որպես դիսիդենտ ու գրող գիտեն: «Աբսուրդիստան»- իր սիրած բառն էր, համարյա բոլոր պիեսներում կա` Չեխոսլովակիա կամ Աբսուրդիստան: Դե այն ժամանակ բոլոր հարցերը քաղաքական էին, մարդիկ ուրիշ ոչինչ չէին նկատում երկաթե վարագույրի հետևից… Հիմա լրիվ ուրիշ է դարձել… Հիմա թվում է, թե ամեն ինչ բաց է, թե սահմաններ ու ճնշումներ չկան, թե մարդ ինչ ուզի` կխոսի, կանի…թե… Վարագույրն ընկել է`աբսուրդը չի պակասել… Ամֆիթատրոնում նստած հանդիսատեսը սպասում էր, որ ահա կտեսնի ներկայացումը, բայց տեսավ դատարկ բեմ, որի հետևում նստած էին մարդիկ` ճիշտ ինչպես ինքը: Նույնպես սպասում էին ներկայացման սկսվելուն: Մարդիկ սկսեցին իրար մեջ տեսնել անբացատրելին:
Ո՞վ կմտածեր` Ալֆոնս Մուխայի «Մեդեա՞ն»: Թանգարան մտնելու ոչ մի նպատակ ու ցանկություն չունեի: Երեք տարի է` ացնում էի կողքով ու չէի մտնում: Այսօր չգիտես` ինչո՞ւ: Անբացատրելի բան է: Մի խոսքով` Հավելի, դիսիդենտների, ինտելեկտուալների սիրած տեղն է Սլավիան: Ամենահին սրճարանն է: Ուզո՞ւմ ես գրող դառնալ, ամեն օր արի այստեղ, եթե, իհարկե, պատրաստ ես 200 կռոն տալու մեկ բաժակ աբսենտի համար:
Խնդրում եմ երկու բաժակ կաթով սուրճ:
Ես եմ հյուրասիրում:
Քաղաքի մասին եմ խոսում ու մոռացա մի երկու բան իմ մասին պատմել:
Հայրս լեհ է, մայրս` հրեուհի: Երկուսն էլ դասախոսներ են Բռնոյի համալսարանում:
Ո՛չ, ո՛չ, ես հեռու եմ այդ ամենից, ազատ նկարչուհի եմ: Ազատ քարտա՞շ: Ձե՞ռ ես առնում…Ճիշտ է` մայրս հրեա է, բայց նա էլ է հեռու այդ ամենից…Այստեղ հրեաները մեծ հետք են թողել: … Հետո նրանք անհետացան: Առաջ այստեղ ապրում էին հրեաներ, գերմանացիներ և չեխեր, հետո` միայն գերմանացիներ և չեխեր, իսկ քիչ ավելի ուշ` միայն չեխեր: Քո քաղաքում ապրու՞մ են այլազգիներ: Տխուր է… Այդպիսի քաղաքները դատապարտված են, նրանք հոտ չունեն, սալաթ` միայն ձեթով… Ի՞նչ, ի՞նչ, քո քաղաքը 3000 տարեկան է ու դեռ չի՞ մահացել: Կներես, կատակում էի, Դուք երևի բոլորդ իրար բարեկամ եք: Ձեր արյունը պետք է որ չափազանց խիտ լինի: Երեք հազա~ր… Հավատս չի գալիս, ես ուզում եմ տեսնել քո քաղաքը: Հրավիրո՞ ւմ ես, կգամ, անպայման կգամ: Ես պարզապես թուլություն ունեմ, ցանկացած հին բան ինձ գայթակղում է… Անցած տարի Երուսաղեմում շունչս կտրվում էր, մաշված փոշոտ դեմքեր, գզուզ մազեր… Նրանց մեջ, եթե լավ ման գայիր, Հիսուսին էլ կգտնեիր: Բան եմ ասում` կգտնեիր … Առավոտյան արթնանում էի բարձր ու թավ ձայնից, որն անընդհատ արձագանքում էր Տալիթա կումի ՛. ու ես քայլում էի մինչև քունս տանում էր: Առավոտյան նորից` Տալիթա կումի՛ …
Հրեաներից խոսեցի, ասեմ, որ քաղաքի ամենահայտնի հրեան, քեզ թվում է, ասելու եմ ` Կաֆկա, այնպես չէ՞: Ո՛չ, նա նույնիսկ սիոնիստ չէր. Յեհուդա Լիվա բեն Բացալել, Մախարալ կամ պարզապես Ռաբի Լյով: Սա ապրել է 16- րդ դարում: Ասում են` հայտնի կաբալիստ է եղել: Միանգամ, Պրահայի հրդեհի ժամանակ, չգիտես ոնց, կրակից փրկել է կայսրի անձնական գրադարանը: Հետո ինչ-որ երթի ժամանակ կայսրի ձին խրտնել է: Հասկանում ես, չէ՞, պա՞րզ եմ խոսում: Հա՛, խրտնել է, Լյովը մի բառով հանգստացրել է ձիուն: Հետո կայսրը կանչել է նրան իր մոտ, ընկերացել են, այդ օրվանից նա այստեղի ամենահայտի հրեան է: Այս Լյովը միայն դրանով չէ հայտի: Լսե՞լ ես գոլեմների մասին…. Հրեական գետոններում, գիտես. չէ՞, մինչև 20- րդ դարը հրեաները, փակ համայնքներում են ապրել, ուրշների հետ չեն շփվել, ու գոլեմը իրենց պաշտպանել է, չի թողել. որ վնասեն: Դրանք կավից ստեղծված մարդուկներ են եղել: Հրեաբնակ ցանկացած քաղաքում տեղի գիտուն մովսեսականները ստեղծել են դրանք: Դե՛, սովորական առասպել, լուրջ բան չէ… Իբր թե սրանք պաշտպանել են սիոնիստներին շրջապատի հալածանքներից…, չէ՜ մի, ազգային վախի դրսևորման մի ձև: Բոլոր փոքր ազգերն իրենց վախերը հաղթահարելու համար ինչ-որ առասպելներ են ստեղծում, ոնց որ երեխայի ձեռքը խաղալիք ես տալիս ու դուրս գալիս սենյակից. «Մի’ վախեցի մթությունից: Արջուկը քեզ հետ է: Նա քեզ վախեցնողին թաթով կտա, փաթաթվի’ր, քնի’ր»: Էլ չի վախենում` քնում է: Թույլ ազգերն են միշտ սպասում, որ ինչ-որ մի գերբնական ուժ կգա ու իրենց կփրկի` ումի՞ց, ինչի՞ց, ե՞րբ: Եթե ամեն ինչ հանգիստ լինի, ոչ մի վտանգ չսպառնա, մեկ է` փոքր ազգերը չեն կարող առանց թշնամու: Կհորինեն, կստեղծեն, իրականից չի տարբերվի… Դու ինձ հասկանում ես, դե ավելի լավ`հիմարությու՜ն: Հենց այս Լյովն է ստեղծել ամենամեծ Գոլեմին, ու Պրահայում հրեաները միշտ հանգիստ են ապրել: Հրեաներին հանգիստ թողնենք: Հրեաների մասին մեկ րոպեից ավել խոսող hրեան ատում է նրանց, իմացիր, պետք կգա: Շնորհակալ եմ, դու էլ ես շատ հետաքրքիր: Այնպես որ, մատուցո՛ղ, աբսե՛նտ, մի շիշ աբսե՛նտ բեր: Ա՛յ, սա իսկական խմիչք է, լցրո՛ւ, շաքարը դի՛ր այստեղ ու վառի՛ր: Լավ է, հիմա կարող ես խմել, տե՛ս` չափը չանցնես, Թուլուզ Լոտրեկի օրը կընկնես, Մուխան ու ցածր հասակը Լոտրեկից համպասխանաբար հռչակը ու աղջիկներին խլեցին, սա էլ վերցրեց աբսենտը, կոնյակի հետ խառնեց, ասաց` գնացե՛ք, ձե՛ր մերը: Ասաց ու մեռավ մոր ձեռքերի մեջ 37 տարեկանում: Այնպես որ` զգու՜յշ, վայելի՛ր, սա է իսկական բոհեմական կյանքը: Ի դեպ, գիտե՞ս` որտ՞եղ է Բոհեմիան: Գուշակի՛ր՝ որտե՞ղ ես: Այո՛, այո՛, հենց այստեղ, դու Բոհեմիայի ողնուղեղի մեջ ես: Այստեղից, հենց այստեղից է ամեն ինչ սկսվել: Չեխ բառի լատինականացված ձևը Bohemn է: Ես էլ չեմ հասկանում` ոնց է ստացվել, ախր ոչ մի տառ չի համընկնում: Միգուցե սխալվում եմ… Լա՛վ, կարևոր չէ: Միանգամից ազդում է, ուժեղ խմիչք է… ժամանակին բավականին շատ գնչուներ են ապրել, պարել, խմել, ուրախացել: Չէ՛, ապրելու համար իսկական տեղ է սա: Քաղաքներից կհոգնես, բայց որ ընկնես այստեղի անտառները, էլ դուրս չես գա: Հաճու՜յք, հաճույքների երկիրն է, այստեղ բոլորը դրա հետևից են գալիս:
Ե՞ս, ամեն օր քաղաքը չափչփում եմ հետաքրքիր դեմք գտնելու համար: Իմ միակ հաճույքը նկարելն է: Քե՞զ: Եթե ուզում ես, դե ուրեմն` այսօր, հենց այսօր, այստեղից միանգամից կգնանք արվեստանոց: Ես արդեն գիտեմ, թե դու ով ես լինելու, խոպոպներով, բեղմորուսով… Հենց տեսա քեզ, միանգամից նա անցավ մտքովս: Ո՜նց էիր նայում, ճշմարտությունը պետք է փնտրել հայացքի մեջ: Չէ՛, ճշմարտություն չկա, մենք ստախոս ենք, գիտես` չե՞մ տեսնում, թե ինչպես ես նայում, արյունդ եռում է: Կներես, կատակ է, հարբած կնոջ կատակ, ապուշ, հիմար կատակ, արդեն տվել է գլխիս: Ի՜նչ սիրեւն ես… Կարմրեցի՞ր, չէ՛, արդեն կարմրա՞ծ էիր… չեմ էլ հիշում: Հիմա դուրս կգանք… Ուղիղ, ուղիղ հինգ տարի առաջ, չէ օր, էլի խաբում էի …Ինչի՞ համար… Ես վատն եմ, ասա` վատն եմ, ձա՛յն հանիր: Լա՛վ, ես քեզ հավատում եմ: Կմոռթեմ, մեկը մատով կպնի, արունլվիկ կանեմ: Եղունգներս լա՞վն են, զզվում եմ դրանցից, բոլորից: Չէ՛, դու չես մտնում դրանց մեջ, քո արյունը մաքուր- մաքուր է, կապույտ -կապույտ: Սրանից հետո դո’ւ ինձ կասես` Տալիթա կումի… Մնացածի վրա պետք է թքել, հավաքե՜լ, հավաքե՜լ ու թյու: Սպասի՛ր, մի բաժակն էլ ու վե՛րջ: Դուրս ենք գալիս, վե՛րջ, դու՛րս ենք գալիս: Ասա՛` ի՞ նչ պետք է ասեիր, բա՜րձր, աչքերս փակում եմ, դու ասա՛: Տե՛ս` ո՜նց կենդանացա, նախանձում են: Ձեռքս թո՛ղ, ես չեմ կասկածում: Հավե՛լ, Հավե՛լ, արթնացի՛ր, Հա՛վ, ձե՜ռքս, ասացի` ձե՜ռքս… Ես կարող եմ քայլել… Տաքսի՛, 11-րդ թաղամաս, Մոկռա փողոց: Բարձրանանք, ինչի՞ համար են աստիճանները, սրանք մարդու թշնամիներն են, մեկ, երկու, երեք …37, չեն վերջանում, ինչո՞ւ վերելակ չնստեցինք: Արի՛` իջնենք, ահա՛, հազիվ, նե՛րս արի, տան ամենամաքուր հատվածը գիտե՞ս, չգիտե՞ս, բաղնիքի դռան ներսի բռնակը… Հենց նոր գլխի ընկա, ի՞նչ նկար, ե՞ս` երբե՛ք: Սպասի՛ր, ու՞ր, փակ է… Մենք ամբողջ օրը այստեղ էինք, ի՞ նչ ես խոսում, ո՞ւմ պետք է զանգես, դու ոչ մեկի չես ճանաչում, հանգստացի՛ր, ամեն ինչ նորմալ է: Սրանց հետ ես ոչ մի կապ չունեմ… Ձայնե՛րդ: Իմը չեն: Ձայնե՛րդ, մտե՛ք սենյակ, կսպանեմ, ձայն չլսեմ: Իսկ դու`բաղնի՛ք, հենց հիմա ՛, գալիս եմ …
Սևորակ ամպաբարձի հետևից խլացուցիչ ճիչ է լսվում, ապա մի բեկբեկ արևաշող ծանրանալով` խփվում է պատուհանի երկայնքով իջնող շերտավարագույրին, զուգահեռ գծերով հենվում է նկարի ապակե պատնեշափեղկին` դաստակից մինչև դանակածայը շերտընդմեջ երևցնելով կտրտված կիսադեմ: Կլանված նայում ես դիմախաղին, որը շրթունքի պես թրթռում է աչքերիդ առաջ, մեջքիդ հետևում թույլ սրտխփոցի նմանվող քայլեր են լսվում, ապակու վրա զուգահեռները հատվում են, մի նոր դեմք ստեղծում, մի քանի վայրկյան քարանում, ապա անհետացած ճառագայթի հետ միասին մերկանում մոխրասպիտակ ստվերների մեջ….
Մի շնչով կարդացի…Էսսէ որը մինչև վերջ լարվածության մեջ պահեց … Վերջնամասը ցնցող էր
Սա նոր դարի ո՞ճն է, թե՞ Երվանդն է իր խոսքը բերում՝ հանրամատչելի, անմիջական, անկաշկանդ, պարզ ու նոր խոսքը։ Նրա պատումում մարդուն հավերժահալած հարցերի գորդյան հանգույցը լուծվում է ոչ թե դանակի մի հարվածով, կտրել-շպրտելով, այլ` այդ խճճվածքը արագությամբ ու վարպետությամբ բացելու կարողությամբ։
Հիմնադրվում է նոր գրականություն։ Ողջունել է պետք…